Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանխատեսում է սիրիահայերի համար աշխատատեղերի կրկնապատկում

Սփյուռքի նախարարությունը հետևողական է Հայաստան տեղափոխված սիրիահայերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ամեն օր 30-ից ավելի սիրիահայ գալիս է Հայաստան: Մենք նրանց ուղղորդում ենք տարբեր կազմակերպություններ և պետական կառույցներ. եթե խնդիրը կապված է լինում առողջապահական ոլորտի հետ, ապա՝ ՀՀ առողջապահության նախարարություն, գործարարության ոլորտին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարություն և այլն: Հետևում ենք, որպեսզի անպայման տվյալ կազմակերպությունը, տվյալ պետական մարﬕնը օգտակար լինի սիրիահայերի խնդիրների լուծմանը»,- ընդգծեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սիրիահայերի համար աշխատատեղերը կրկնապատկվելու է: «Մենք ամեն ամիս միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ենք գումարում և այդ նիստում քննարկում ենք, թե տվյալ ամսվա ընթացքում քանի խնդիր է լուծվել` առողջապահական, աշխատանքի, կրթական, բնակարանային հարցերի հետ կապված: Այս ամենը անընդհատ համակարգվում է և գտնվում է հսկողության տակ»,-նշեց նախարարը:

Սփյուռքի նախարարի խոսքով` գլխավոր մարտահրավերն այն է, որ սիրիահայերը հոգեբանորեն դեռևս անհանգիստ են: «Սիրիայում խաղաղություն չի հաստատվել, և իրենց հարազատների մի մասը գտնվում են այնտեղ: Ուստի այստեղի սիրիահայերը աﬔն օր գտնվում են լարված վիճակում: Մինչև խաղաղություն չհաստատվի, այդ մարդիկ չեն կարող հայրենիքում իրենց լիարժեք լավ զգալ: Այդ պատճառով, գլխավոր խնդիրն է, որպեսզի գերտերությունները միավորվեն և Սիրիայում խաղաղություն հաստատեն»,- եզրափակեց Հակոբյանը:

Սիրիահայ գործարարների հիմնած դեղագործական արտադրությունը թույլ կտա 30-40 տոկոսով նվազեցնել դեղորայքի գներըն

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 1-ին բացվեց «Թուֆենքչի գրուպ» դեղագործական արտադրանքի գործարանը, որը հիմնադրվել է սիրիահայ գործարարների կողմց: «Արմնպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողության ներկա գտնվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, գործարանում արտադրվելու են ցանկացած դեղաﬕջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում:

«Արտադրության սպառման դեպքում այն հնարավորություն կտա մինչև 30-40 տոկոսով շուկայում դեղորայքի գները նվազեցնել»,- ասաց Ալթունյանը: Նրա խոսքով` նման տեսակի գործարան դեռևս չի եղել Հայաստանում: «Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը:

«Թուֆենքչի» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես` ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելուﬓեր, վիտաﬕններ, հակադիաբետիկ դեղեր և այլն: Տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանի կարևորեց այն հանգամանքը, որ գործարանը ստեղծվել է սիրիահայերի կողմց: «Նման նախաձեռնությունները նախարարության համար շատ ողջունելի են և ուրախալի: Մենք պատրաստ ենք սփյուռքի ﬔր բոլոր հայրենակիցների կողքին լինել, որպեսզի նման նախաձեռնությունները ավելի հաճախակի լինեն և նրանց համար Հայաստանում գործունեություն ծավալելը լինի ավելի գրավիչ և ուրախալի»,- ընդգծեց Կարայանը: Նախարարի կարծիքով` նման գործարանների բացումը կընդլայնի դեղագործական ոլորտում արտադրությունը:

«Այս նախաձեռնությունը կարևոր է դեղագործական ոլորտի զարգացման համար, որն ունի բավականին ﬔծ ներուժ և հեռանկար, որը դեռ իրացված չէ: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստացել է լայն հնարավորություններ, որպեսզի կարողանա երկրում արտադրվածը արտահանել ԵԱՏՄ մեծ շուկա»,- նշեց Կարայանը:

«Թուֆենքչի գրուպ» գործարանի գործադիր տնօրենը Կառլո Գասպարը նշեց, որ 2017 թվականին «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 25-30 աշխատատեղ:

«Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարի հետ սերտ համագործակցություն ենք ծավալել: Նախարարությունը ցույց է տվել մեզ ամենակարճ և դյուրին ճանապարհը, որպեսզի կարողանանք արագացնել գործարանի շահագործման գործընթացը»,-ընդգծեց գործադիր տնօրենը:

Ըստ նրա` ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` նման նախաձեռնությունները կխթանեն մյուս սիրիահայերին Հայաստանում գործունեություն ծավալելու: «Շատ հաճելի է, որ սիրիահայերը կան բոլոր ոլորտներում, և այսօր նման ձեռնարկություն է մեկնարկում: Սա նաև հույս և վստահություն է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր դեռևս տատանվում են` մնալ հայրենիքում, թե ոչ: Սիրիահայերի ներուժը շատ մեծ է, նրանք բոլորն էլ ստեղծագործ, արարող և աշխատող նվիրյալ մարդիկ են»,- եզրափակեց նախարարը:

1 3

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կերտած ժամանակը

«Վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում եմ` հենց մոտենան, ինձ հետ միասին պայթեցնելու եմ: Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա …»: Այս խոսքերն ու հաջորդող սխրանքը, որի մեծությունը հնարավոր չէ ոչնչով չափել, 19-ամյա տարիքում Հայոց բանակի զինվոր Ռոբերտ Աբաջյանի նոր ու հավերժական կյանքի սկիզբը դարձան:

Կյանք, որը սկսվել էր Երևանի Մոնումենտ կոչվող (ինչպես ժողովուրդն է ասում) թաղամասի տներից մեկում, որտեղ 2016 թվականի ապրիլի 2-ից ժամանակը կանգ է առել: Այդ տանն այլևս մի նոր ժամանակով են ապրում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ժամանակով, որի զարկերը՝ ցավի ու հպարտության, այսօր իր մեջ կրում է յուրաքանչյուր հայ:

Այդ տունն էլի առաջվանն է՝ նույն փողոցը, բակը, նույն հասցեն, միայն Նա չկա՝ իր կենսախինդ խառնվածքով, ծիծաղով ու իր ֆիզիկական ներկայությամբ: Նա հիմա հերոս է՝ Արցախի հերոս, լեգենդ ու պատմություն ու «ապրում» է, որպեսզի մենք շարունակենք ապրել:

«Այս տանն է ծնվել, մեծացել, այս տանից է դպրոց գնացել, ուսումնարան, բանակ ու… Հիմա նա չկա: Ամեն ինչում առաջինը պիտի լիներ, պետք է աչքի ընկներ իր գործողություններով, խառնվածքն էր այդպիսին, այլ կերպ չէր կարող: Նրա մասին բոլոր հիշողություններն ուրախ են, միակ տխուր հիշողությունն այն է, որ այլևս չկա»,- արցունքները մի կերպ խեղդելով՝ պատմում է Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, որը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է:

Կնոջը «օգնության» է գալիս ամուսինը՝ Ռոբերտի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը. «Զարմանալի բնավորություն ուներ, ամեն ինչ պետք է համով աներ, հումորով: Ծնված օրից էր այդպիսին: Միշտ ասում եմ՝ նրա վերջին արարքն իր խառնվածքի թելադրանքն էր, չցանկացավ ընկերներին մենակ թողնել, իրեն հանձնարարված գործը կիսատ թողնել, լքել դիրքը: Անգամ վերջին պահին էլ «աչքի ընկավ»: Առաջ էլ շատ մեծ շրջապատ ուներ, շատերն էին նրան ճանաչում, իսկ հիմա նրան բոլորը գիտեն»:

«Եթե այդպիսին չլիներ, առանց վարանելու կփորձեր իրեն փրկել, այլ ոչ թե կսպասեր ու միայնակ մինչև առավոտյան ժամը 7-ը կկռվեր: Վերջին երկու ժամը մենակ է մնացել,  վիրավոր վիճակում անգամ կարողացել է իր ընկերոջը՝ Անդրանիկ Զոհրաբյանին, որը նույնպես վիրավոր էր, մոտակա խրամատից բերել, որ իր կողքին լինի, ու երբ թիկունքից հասնեն օգնության, թշնամուն գերի չմնա: Ոչ միայն կռվել է, կապի մեջ եղել հրամանատարների հետ ու տեղեկություններ փոխանցել, այլև վիրավոր ընկերոջ մասին է մտածել, որը, սակայն, արյունաքամ է եղել: Միշտ էր այդպիսին, երբեք ընկերոջը մենակ չէր թողնի: Դպրոցում գալիս էր՝ տատի´, խնդիր կա, պիտի գնամ: Ստիպված թողնում էի, որովհետև գիտեի, որ միևնույնն է՝ գնալու է, գոնե այս կերպ տեղյակ կլինենք, թե ուր է գնում: Զանգում էի տուն, մորն ասում՝ Աննա´, ուշադիր կլինես, Ռոբերտն այսինչ տեղն է գնացել: Հարսս թե՝ մամ, թողնում ես, որ գնա, հետո էլ ասում ես՝ ուշադիր կլինես»,-պատմում է տատիկը՝ կարծես ցանկանալով մոռանալ այն ցավը, որը Ռոբերտն է զգացել վերջին պահին:

«Անդրանիկի հայրն ասում է՝ Ռոբերտն ինձ համար հերոս է միայն նրա համար, որ իմ տղային չի թողել, որ թշնամուն գերի ընկնի: Ասում է՝ գոնե Ռոբերտը կենդանի մնար և ասեր, թե որոնք են եղել որդուս վերջին բառերը: Մահացած վիճակում ադրբեջանցիները Ռոբերտին ու Անդրանիկին փորձել են գերի տանել, սակայն ճանապարհի կեսին թողել են: Այդ պատճառով է, որ միայն ապրիլի 8-ին են նրանց մարմինները Կարմիր խաչի օգնությամբ հայկական կողմին հանձնել…»,-կիսատ է թողնում խոսքը պապիկն ու մոտենում պատուհանին՝ ծխախոտի հերթական գլանակը վառելու: Տատիկը շարունակում է. «Երբ պատերազմի առաջին օրերին հեռուստատեսությամբ ասում էին, որ Արմենակ Ուրֆայանն իրեն նռնակով պայթեցրել է, ինքս ինձ ասում էի՝ էն սիրուն տղան, ոնց է նման բան արել, 24-25 տարեկան տղան ինչպես է ինքն իրեն նռնակով պայթեցրել: Ինչ իմանայի, որ իրականում դա Ռոբերտս է եղել, որ հիմա մտածում եմ… Մենք նրա մասին լուր չունեինք և հույս ունեինք, որ կենդանի է»:

Ռոբերտի մահվան մասին հարազատները իմացել են առաջին իսկ օրերին, սակայն ծնողներին, տատիկին ու պապիկին ոչինչ չեն ասել: Հայտնել են միայն մարմինը գտնելուց հետո:

«Իմացանք միայն ապրիլի 8-ին. մարդիկ էին եկել, բերել էին Հայաստանի դրոշն ու մեդալը… Տխուր, տխուր կյանք: Ապրիլի 1-ին զանգել էր հայրիկի ծնունդն էր շնորհավորել: Հոր հետ շատ կապված էր, հայրն իր աշխարհն էր, իր կյանքը, ձգտում էր նրա նման լինել՝ ուժեղ, բոլորին հասնող: Ասում էր՝ պապայի նման պիտի վառվեմ: Տղաս փոքր տարիքում վառվել էր և խորը այրվածքներ ուներ: Անգամ մանկապարտեզում էր այդ մասին պատմել: Դաստիարակչուհին մորն ասել էր, որ զգույշ կլինեք, հանկարծ իրեն չվնասի: Բոլորին հասնող, օգնող երեխա էր: Շատ ժամանակ չէր սպասում, որ դիմեին, ինքն էր իր օգնությունն առաջարկում»,- պատմում է տատիկը:

«Ամբողջ օրը վազքի մեջ էր՝ հեռախոսը ականջին: Զանգում էի՝ Ռոբերտ ո՞ւր ես, թե՝ գործեր կան, պապի´, հիմա կգամ: Անընդհատ շտապում էր, կարծես ժամանակը նրան չէր բավականացնում, ամեն ինչ վազքով էր անում: Ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չէր, պետք է խառնվեր անգամ իրեն չվերաբերող գործերին: Ում ինչ հեռախոսահամար պետք լիներ, Ռոբերտից էին ճշտում: Նրա մասին պատմություններն անվերջ են, ամեն օր մի նոր բան ենք իմանում նրա մասին: Զարմանում ենք, որ 19 տարեկան տղան ոնց այդքան բան հասցրեց, այդքան հետք թողեց»,-հիշում է պապիկը:

Այդ պահին սենյակ է մտնում մի կապուտաչյա փոքրիկ ու փորձում իր լուսավոր ներկայությամբ ցրել սենյակում թևածող ծանր ու լուսավոր տխրությունը: «Լավ է, որ Աստված մեզ երկու տարի առաջ մի նոր թոռնիկ պարգևեց, որն այդ ծանր օրերին մեզ զբաղեցրեց, այլապես խելագարվել կարելի էր: Ռոբերտի հորեղբոր տղան է, պապիկի անունն ենք դրել՝ Գևորգ: Ռոբերտին այնքան է նման, որ մեզ հաճախ թվում է, որ մի Ռոբերտիկ էլ՝ անվախ, չարաճճի, սա է մեծանում: Ոչ մի բանից վախ չունի, մթության մեջ անգամ կիջնի բակ»,-թոռնիկին գրկելով ասում է տատիկն ու հավելում, որ Ռոբերտը երեխաներ շատ էր սիրում:

«Տղաս մի ընկեր ունի, կինը երիտասարդ տարիքում մահացավ: Փոքր որդին շատ ծանր էր տանում մոր մահը, դադարել էր խոսել: Ռոբերտը երբ իմացավ, ասաց՝ մի քանի օր ինձ մոտ թողեք, ամեն ինչ կկարգավորեմ: Ռոբերտի հետ մի քանի օր շփվելուց հետո, այդ փոքրիկը նորից կյանքի վերադարձավ: Հայրը տղայիս ասել էր՝ տղադ արեց մի բան, որը մենք չկարողացաք»,-հիշում է արդեն Ռոբերտի պապիկն, իսկ Արտակ անունով ընտանիքի բարեկամը, որը նույնպես միացել էր զրույցին, շարունակում է. «5 տարեկան տղաս Ռոբերտի հետ շատ էր կապված: Ռոբերտը բանակից միշտ զանգում էր, խոսում հետը: Թեև չի հասկանում, թե ինչ է կատարվել, հաճախ ինձ ասում է՝ պապ, Կյաժին կարոտել եմ, գնանք իրենց տուն: Զարմանում ենք, թե համակարգչին մոտենալիս՝ ոնց է կարողանում Ռոբերտի նկարները գտնել ու նայել: Հեռախոսիս մեջ նրանց նկարները, վիդեոներն ունեմ պահած, անգիր ասում է, թե որտեղ են եղել, ինչ են արել: Ռոբերտը նաև ինձ համար էր իսկական եղբայր: Նա ընկույզի մուրաբա շատ էր սիրում: Վերջին արձակուրդի ժամանակ եկավ մեր տուն: Մի բանկա ընկույզի մուրաբա բացեցինք, կերավ, ասաց՝ պահեք, մնացածը հաջորդ անգամ կգամ կուտեմ: Այդ բանկան այդպես էլ դեռ մեր սառնարանում է»:

Եթե նախկինում Ռոբերտ Աբաջյանին գիտեին նրան ծանոթ բոլոր փոքրիկները, հիմա արդեն ճանաչում են բոլորը: Ո´չ միայն ճանաչում են, այլև իրենց հերոսն են համարում. «Ռոբերտի եղբայրը՝ Ռուբենը, մի օր ասաց. «Տատի´, գիտես, փոքր երեխաները հաճախ ինձ տեսնելով՝ շշնջում են իրար ականջի, թե՝ գիտես ով է, Աբաջյան Ռոբերտի եղբայրն է»: Վերջերս Ռուբենի ընկերոջ քույրը տղա էր ունեցել, որին Ռոբերտի անունով են կոչել»,-պատմում է տատիկը:

Ռոբերտին սիրում էին նաև նրան ճանաչող գրեթե բոլոր աղջիկները, իսկ նա. «Արդյոք որևէ մեկին սիրե՞լ է, դժվարանում եմ ասել, բայց անընդհատ սիրահարված էր: 9-րդ դասարում իրենց զուգահեռ դասարան Ռուսաստանից մի աղջիկ էր եկել, հավանել էր ու ձեռքը բռնած ման էր գալիս: Հետո դա էլ անցավ: Անընդհատ ուշադրության կենտրոնում էր, մի օր թխվածք էր բերել, ասաց՝ տատ, տես համով է, աղջիկներն են պատրաստել: Կամ՝ տատ գիտես, ուսումնարանի բոլոր աղջիկներն ինձ են սիրահարված: Խոսել գիտեր, գրավել, համով բալա էր, ասող-խոսող, ժպտերես, ինչպես կարող էին նրա համար չխենթանալ», -հպարտությամբ պատմում է տատիկը:

«Բանակից այստեղ հարցեր էր լուծում: Մի օր զանգեց՝ պապի, երկու թութակ կառնես, վանդակի մեջ կդնես, կգան կտանեն: Բանակից էր ասել, ո՞նց չանես: Երբ ընկերը եկավ տանելու, հարցրի՝ ո՞ւմ համար է, ասաց՝ չգիտեմ: Այդպես էլ չիմացանք՝ ուր է տանում»,-հիշում է պապիկը:

Ռոբերտ Աբաջյանի մասին պատմում են նաև նրա լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված փոքրիկ պատմությունները տատկիկն անգիր է հիշում. «Շատ էր սիրում նկարվել, կարծես ամեն պահը փորձում էր հավերժացնել: Նրա ատամնահատիկն է, բժշկական գործիք էր բռնել: Սա Մոսկվայում է նկարվել, տեսեք ոնց է քայլում: Իրենց կնունքի նկարն է, տեսնում եք նրա դժգոհ դեմքը: Քահանան ասաց, որ քավորի ձեռք պետք է համբուրես: Ռոբերտը թե՝ ես համբուրեմ, չեմ համբուրի: Փորձեցինք բացատրել, որ դա ընդունված կարգ է, օրենք է, մի քիչ խաղաղվեց, բայց միայն շուրթերը հպեց ձեռքին: Այս նկարում էլ հարսանիքի ժամանակ դաշույնով դուռ է պահել: Այդ օրը ուրախ-ուրախ եկավ տուն ու՝ տա´տ, 200 դոլար փող եմ աշխատել, կարգին քավոր էր: Հաջորդ հարսանիքին տրամադրությունը բարձր չէր, 5 հազար դրամ էին տվել, ասաց՝ ահ, ժլատ քավոր էր: Սրանք բանակի նկարներն են: Տեսնում եք այս նկարում ավտոմատն ինչ դիրքով է պահել: Ասում էր՝ տատ, գիտես, ամեն մարդ չի կարող այսպես պահել: Էհ, ամեն մարդ էլ, երևի, չէր անի այն, ինչ նա արեց՝ մեզ թողնելով այս նկարներն ու անվերջ հիշողություններն իր մասին: Գնար-գար՝ կպաչեր, ջիգյար էր, զանգում էր, թե՝ տատ ջան, ո՞նց ես, ծառերը ծաղկե՞լ են, բակում ի՞նչ կա, պապին ի՞նչ ա անում, հո քեզ չեն նեղացնում, քույրիկներին դրսում բան ասող կա՞. ամեն բան պիտի իմանար»:

«Եթե նպատակ էր դնում, անում էր: Ուսումնարանից հետո ասաց՝ պիտի բարձրագույն սովորեմ: Գնաց ինստիտուտ ընդունվեց, որ լավ մասնագետ դառնա, բայց…

Շատ արագ անծանոթ մարդկանց հետ ընդհանուր լեզու էր գտնում: Մեկ էլ տեսնեիր, անծանոթ մեկին բերում էր և ասում՝ պապի, բարեկամիդ եմ գտել, ծանոթացիր:

Ես Մարալիկից եմ, մեծ քույրս, եղբորս տղաներն այսօր էլ այնտեղ են ապրում: Միասին շատ էինք գնում Մարալիկ: Զարմանում էի, թե ինչքան մարդ է նրան ճանաչում: Ասում էի՝ այ տղա, քեզ ավելի շատ մարդ է ճանաչում, քան ինձ, որ այնտեղ եմ ծնվել, մեծացել»,-պատմում է պապիկն, իսկ տատիկը շարունակում է. «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երբ Օլիմպիադայից վերադարձավ, մարալիկցիները ճանապարհը ուշ գիշերով փակել էին ու նրան դիմավորել, քեֆ-ուրախություն կազմակերպել՝ շնորհակալություն հայտնելու, որ Ռոբերտիս նկարով շապիկ էր հագել: Արթուրի արարքը մեծ քայլ էր, կարծես բոլորին նորից հիշեցրեց Ռոբերտի մասին: Համարձակություն էր պետք, ամեն մեկը չէր անի: Չէ՞ որ, կարող էին որակազրկել, մեդալից զրկել, բայց նա արեց այդ քայլը, ու մարալիկցիները ցանկացել էին շնորհակալություն հայտնել Արթուրին: Մարալիկում նաև Ռոբերտի հուշարձանն են ուզում տեղադրել, վերջերս էլ ֆուտբոլի մրցաշար էին կազմակերպել»:

Մրցաշարի գավաթը Ռոբերտենց տանն է, սենյակի ամեն մի անկյունից նայող լուսանկարների ու պարգևների կողքին, որոնք փոքրիկ սփոփանք են միայն այն մեծ վշտի, որի ցավն այդ տանը զգալու են այնպես, ինչպես Ռոբերտի միշտ ներկա բացակայությունը:

«Մինչև պատերազմն էի հպարտ, որ հրաշք ընտանիք, որդիներ ու 5 թոռնիկ ունեմ: Մենք, երկու տղաներս՝ իրենց ընտանիքներով, հաշտ ու համերաշխ մի տան մեջ ենք ապրում: ժամանակին 15-20 հոգով սեղան էինք նստում: Այսօր էլ եմ հպարտ, որ Ռոբերտի տատիկն եմ, բայց իմ տխրությունն իմ գլուխը կախել է, հասկանում եք: Կուզեի, որ հերոսի տատիկ լինելու հպարտության փոխարեն երեխաս կողքիս լիներ, դա կլիներ ամենամեծ հպարտությունն ու ուրախությունը: Ամեն օր Ռոբերտի հետ կռվում եմ, նստում եմ նկարի առաջ ու կռվում… Ու մի բան ցանկանում, որ նրանք վերջին զոհերը լինեն, որ ոչ մեկի տատը, մայրը լաց չլինեն այլևս: Ռոբերտս ինչքան երազանքներ ուներ: Պիտի գար, ուսումը շարունակեր, լավ մասնագետ դառնար: Մինչ բանակ գնալը մի քանի անգամ փողով գործ է արել, ես էլ հպարտանում էի, ասելով՝ չմեռա, թոռիս փողն էլ ծախսեցի: Հիմա ես եմ ու իմ տխրությունը: Ընտանիքում մեկս մյուսին մխիթարելով, ուժ տալով՝ ապրում ենք: Երբ մենակ եմ լինում, լաց եմ լինում, գիտեմ, որ լացը լավ բան չի, բայց չեմ կարողանում: Ինչքան անցնում է, ավելի է դժվարանում: Հիմա «տաք» ենք, հետո նրա բացակայությունը, ցավն ավելի անտանելի կլինի»,- արցունքները սրբելով՝ ասում է տատիկը:

«Մի ինչ-որ տեղ հիմա Ռոբերտը դարձյալ հպարտ է, երևի ասում է՝ այսքան մարդ իմ մասին են խոսում, ինձ ճանաչում են: Աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից՝ Կանադայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Բաթումիից, մարդիկ են զանգում, իրենց ցավակցությունները հայտնում, շնորհակալություն հայտնում, որ նման թոռնիկ ենք մեծացրել: Շատերն անգամ մեր տուն են գալիս, ասում են՝ եկել ենք խոնարհվելու: Ժողովուրդը Ռոբերտին ուրիշ ձև է հիշում ու միշտ է հիշելու»,-ասում է պապիկը:

Վերջաբանի փոխարեն

Ռոբերտ Աբաջյանին միշտ են հիշելու: Նրա սխրանքն այսօր իսկ արդեն լեգենդ է դարձել ու ապրեցնում է շատերիս: Իսկ ամեն ինչ սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատել գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդել դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Գիտակցված մահը ընտրելով՝ Ռոբերտ Աբաջյանն իր կյանքով նաև փրկում է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին են հանձնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. նա այլևս ապրում է հավերժական կյանքով…

Մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ  N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվում է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ռոբերտ Աբաջյանը դառնում է 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև՝ այդ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը. նա ընդամենը 19 տարեկան էր ու այլևս հավերժ…

Լուսինե Աբրահամյան

Աղբյուրը՝ Կանադայի «Հորիզոն» պարբերական

«Գյուլիզարի սև հարսանիքը». Թուրքիայում հայ աղջկա դիմադրության պատմության մասին գիրք է լույս տեսել

Թուրքական Taraf պարբերականի հոդվածագիր Օզլեմ Էրթանը ներկայացնում է վերջերս լույս տեսած «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքն ու իր տպավորությունները:

Անդրադարձը tert.am-ը ներկայացնում է մասնակի կրճատումներով.
«Անցնող օրերի ընթացքում «Արաս» հրատարակչության կողմից հրատարակված «Գյուլիզարի սև հարսանիքը» գիրքը կարդալով՝ իրականությունը ևս մեկ անգամ ըմբռնեցի:

Թուրքիայում քուրդ բեյի կողմից առևանգված հայ աղջկա իրական պատմության մասին այս գիրքը ներկայացնում է 1800-ականների վերջերին մի գիշերվա ընթացքում ընտանիքից պոկված Գյուլիզարի պատմությունը, որում նաև ժամանակաշրջանի նկարագրությունը կա:

Այդ շրջանում շատ հայ աղջիկներ էին առևանգվել և բռնի իսլամացվել, սակայն Գյուլիզարի պատմությունն այլ էր, և դրա համար էլ հասել է մինչև մեր օրերը:

Անկասկած, դրան նպաստող գործոնը եղել է 14-ամյա Գյուլիզարի՝ անխիղճ Մուսա բեյի քայլերի առաջ գլուխ չխոնարհելն ու իր մեջ նրան դիմադրելու ուժ գտնելը:

Հենց այդ պատճառով էլ Գյուլիզարի հետ պատահածն այդ ժամանակ Անատոլիայում գտնվող օտար պետությունների ներկայացուցիչներին է լսելի դառնում, և Ստամբուլի իշխանությունը ստիպված է լինում դատել Մուսա  բեյին:

Արդյունքում՝ Մուշի և Բիթլիսի մոտակայքում բնակվող հայկական գյուղերում նրա իրականացրած կողոպուտների, իրեն դիմադրողներին անխղճորեն սպանելու պատմությունները լսելի դարձան և հիշվեցին:

Մուշի հայտնի ընտանիքներից մեկի դուստրն էր Գյուլիզարը: Խելացի էր և գեղեցիկ: Մի հարսանիքի ընթացքում Մուսա բեյի հետ ծանոթությունը փոխեց նրա կյանքը: Մուսա բեյի մարդիկ առևանգեցին Գյուլիզարին:

Քուրդ հոգևորականներն արդեն իսկ չորս կին ունեցող Մուսա բեյին թույլ չտվեցին ամուսնանալ, և նա Գյուլիզարին ամուսնացրեց իր եղբոր՝ Ջեզահիրի հետ: Անունը Ֆաթմա դարձավ, նրան ստիպեցին հրաժարվել հայ լինելուց և մուսուլման դառնալ, սակայն նա չխոնարհվեց: Այդ պատճառով ստորացվեց, տանջանքներ տեսավ, մեկ աչքը կորցրեց:

Երբ այդ դեպքի մասին ողջ Անատոլիան լսեց և դեմ դուրս եկավ, Մուսա բեյը դատարանի առաջ կանգնեց: Չնայած իրեն ու իր ընտանիքին ուղղված սպառնալիքներին՝ Գյուլիզարը դատարանի դահլիճում պատմեց ողջ ճշմարտությունը, ասաց, որ բռնությամբ են իրեն փախցրել և որ ցանկանում է ընտանիքի մոտ վերադառնալ: Սակայն ժամանակաշրջանի ղեկավարների հովանավորությունը վայելող Մուսա բեյը փոքր պատիժ ստացավ: Ավելի ուշ գլխավորեց Անատոլիայի հայերին կոտորած Համիդյան խմբերը:

Գյուլիզարի պատմությունը Հայոց ցեղասպանությունից առաջ Անատոլիայի հայերի վերապրած ցավերն է ներկայացնում: Մուսա բեյի և ժամանակի իշխանության կողմից աջակցություն ստացող նրա նմանների դաժանություններին դեմ դուրս գալու համարձակություն ունեցած փոքրիկ աղջկա միջոցով պատմության ցավերն է ի ցույց դնում»:

Ապրիլյան պատերազմից հետո բացված հաշվեհամարին ուղղված միջոցները լիովին ծառայել են իրենց նպատակին

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի միջոցով բոլոր ցանկացողները ֆինանսապես աջակցում էին պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Պատերազմից մեկ տարի անց, հաշվեհամարին ուղղված միջոցներն արդեն իսկ ծառայել են նպատակին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դոլար է կազմելˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք:

«Որոշակի գումար ծախսվել է նաեւ կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլեւ կառավարութան եւ ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարեավման ուղղությամբ»,-ասաց նա:

Բեգլարյանի խոսքով` հատուկ հաշվեհամարին ուղղված գումարը հիմնականում ավարտվել է, սակայն այն դեռ շարունակում է գործել եւ բոլոր ցանկացողները կարող են նույնիսկ առցանց փոխանցում կատարել: «Եթե գումար հավաքվի, այն եւս կուղղվի պաշտպանության համակարգին: Այն լրացուցիչ հնարավորութուն է տալիս ավելի մեծ ծավալի եւ ավելի արագ աշխատանքներ կատարելու համար»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:

Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարների և դրանց նվիրատուների վերաբերյալ որոշ տեղեկություններ: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է, ընդհանուր առմամբ, 5,537,648,714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի: Նա անկախ փոխանցած գումարի չափից, շնորհակալություն է հայտնել, ներկայացնելով ամենախոշոր նվիրատուների անունները, ովքեր փոխանցել են ոչ պակաս, քան 100,000 դոլար կամ դրան համարժեք դրամ:

Գազպրոմ Արմենիա ՓԲԸ՝ 550,000,000 դրամ, 2. ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ՝ 102,100,000 դրամ, 3. Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ՝ 100,000,000 դրամ, 4. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ՝ 57,500,000 դրամ, 5. ՔԱՐԱՎԱՆ ՍՊԸ՝ 50,000,000 դրամ, 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀ՝ 48,050,000 դրամ:

Դոլարով ամենախոշոր նվիրատուները եղել են հետևյալները՝ 1. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» ԲՀ՝ $1,000,000, 2. «Տաշիր» ԲՀ՝ $500,000, 3. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ $500,000, 4. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կաթողիկոս ամենայն հայոց՝ $500,000, 5. Թեհրանի հայ համայնք՝ $303,500, 6. Ալբերտ Ավդոլյան՝ $300,000, 7. Ադիբեկյան Գագիկ Վլադիմիրի, Մոսկվա)՝ $250,000, 8. Սերգեյ Համբարձումյան՝ $250,000, 9. Տոնոյան Գ.Ս., Ստեփանյան Ս.Ֆ., Գևորգյան Ա.Ռ., Միրիբյան Ս.Մ., Մուսայելյան Է.Վ., Կետցյան Գ.Վ., Ջավադյան Ա.Ա., Ծատուրյան Գ.Գ.՝ $102,900, 10. Պետրոսյան Նորիկ Թորգոմի՝ $100,000, 11. Կարապետյան Կարեն Վիլհելմի՝ $100,000, 12. Գրիգորյան Ռուբեն Ցոլակի՝ $100,000, 13. «Հով-Խաչ» ՍՊԸ՝ $100,000, Եվրոյով և ռուբլիով նվիրատվությունների չափը ավելի քիչ է:

Ուզբեկստանի հայկական համայնքի նվերը երկրի Նախագահից

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Ուզբեկստանի հայկական համայնքը գարնանային տոների նախօրեին մեծ նվեր ստացավ։ Դեռևս հունվարի 24-ին երկրի նախագահ Շ. Միրզիևի հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ Տաշքենդում կառուցվող բարեկամության տան երկու ընդարձակ սենյակներ անվարձահատույց կտրամադրվեն հայկական ազգային  մշակութային  կենտրոնին։

Եվ ահա մարտի 20-ին, Ուզբեկստանի հայկական համայնքը երկրի համար կարևոր տոնը՝ Նովրուզը, նշում է կրկնակի ուրախությամբ՝ Բարեկամության պալատի նորակառույց շենքում պատրաստվելով բնակարանամուտի հանդիսության։ Այդ առիթով հայկական համայնքը իսկական տոնահանդես էր կազմակերպել, որին Մարտին Սեթյանի գլխավորությամբ մասնակցում էին համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։

2%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-2%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-3%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-4%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-5 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-6 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-7 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-8 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-9 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-11

Սուրգուտի հայկական դպրոցում բացվել է «Գարնանային էտյուդներ» խորագրով ցուցահանդես

Մարտի 5-ին ՌԴ  Սուրգուտի Գ. Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցում  բացվել է  Լ. Գորդայի անվան գեղարվեստի դպրոցի սաների «Գարնանային էտյուդներ» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը, նույն օրը դպրոցում գարնան և Մայրերի տոնին նվիրված վարպետության դաս են անցկացրել Լ. Գորդայի անվան գեղարվեստի դպրոցի մասնագետները՝ Մ. Ֆ. Լուկմանովան և Լ. Գ. Գաֆարովան:

Միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես են եկել երաժշտական համարներով:

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf7 %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf8

 

Մայրենիին նվիրված միջոցառում Սուրգուտում

Օրերս ՌԴ  Սուրգուտի  Գ. Նարեկացու անվան հայկական կիրակնօրյա դպրոցում  կազմակերպվել էր ցերեկույթ նվիրված՝ Մայրենին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիզա Իլբեկյանցը, բոլոր մասնակիցները ներքին մեծ հպարտությամբ մեկ անգամ ևս հաստատեցին մայրենի լեզվին իրենց նվիրվածությունն ու  մեր ինքնության ոգու պահպանման անհրաժեշտությունը:

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf3 %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf4 %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf5 %d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf6

Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականը Նիդերլանդներում է

Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց   դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է «Նիդերլանդական օրագիր»-ը, մեր հավաքականի 4 անդամները՝   Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը, ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են  JKA կարատեի Եվրոպայի 2017 թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ՝ Սևակ Հակոբյան, մարզիչ՝ Ռաֆայել Մկրտչյան) լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, հատկապես, որ առկա են լինելու մեր հայրենակիցների  բարոյական աջակցություն ու օժանդակությունը:

Ի դեպ՝ այս առաջնությանը մասնակցող Նիդերլանդների JKA կարատեի ազգային հավաքականը մարզում է մեր հայրենակից Վազգեն Սարգիսը՝ «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի որդին (նկարում ձախից առաջինը):

212741_600
Կիրակի օրը Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի պատվիրակությունը կմասնակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու  Պատարագի արարողակարգին, կհյուրընկալվի Անի հայ համայնքի անդամներին, կծանոթանա քաղաքի տեսարժան վայրերին:

Նախագահը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, որոնցից ոմանք, Նախագահի խոսքով, նախկինում եղել են Հայաստանում, ծանոթ են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումների ընթացքին:

Նախագահն ընդգծել է վաղը կայանալիք ընտրությունների կարևորությունը Հայաստանի և նրա քաղաքացիների համար` նշելով, որ այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է խորհրդարան, որը գործելու է պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի պայմաններում:

Սերժ Սարգսյանը և ԵԽ պատգամավորներն անդրադարձել են ընտրությունների նախապատրաստական փուլում իրականացված ծավալուն աշխատանքին, այդ թվում՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ ընտրական գործընթացների կատարելագործմանը, օրինականության վերահսկման հստակ մեխանիզմներ սահմանող դրույթների ամրագրմանը, որով զրուցակիցների համոզմամբ, լավ հիմքեր են ստեղծվել ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն այդ աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած զգալի աջակցության համար:

Կողմերը երկուստեք կարևորել են դիտորդական առաքելությունների կողմից մասնագիտական բարձր որակով իրականացվելիք աշխատանքը՝ հավասարակշռված, բացառապես փաստերի վրա հիմնված և անկողմնակալ մոտեցումը ընտրությունների դիտարկման ամբողջ գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը: Հյուրերի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնայնությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ գործընթացում հայկական կողմի մոտեցումները:

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990­ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին` հետ մղելով Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ և իրենց կյանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:

Մինչ միջազգային հանրությունը դատապարտում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին։ Ադրբեջանի արկածախնդրությունը ծանր հարված հասցրեց խաղաղության գործընթացին։ Իրավիճակի կայունացման, նոր լարվածության կանխարգելման և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16­ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, իսկ հունիսի 20­ին Սանկտ­Պետերբուրգում` ՌԴ նախագահի հրավերով, կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում շեշտվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի 1994­1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց իրականացնել ձեռք բերված համաձայնությունները և հայտնվեց մեկուսացման մեջ՝ հակադրվելով միջազգային հանրությանը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ ստում է, թե իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս՝ ձևացնելով, թե իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Նույն մոտեցումն ունի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքվի այդ կեղծիքը ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողվելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը և կրկին տապալվեց։

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է։

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի։ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը»։

Ապրիլյան պատերազմի հերոսները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին` ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին` ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների:

 Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանի հետ պուրակում ծառ տնկեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով  լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, նշեց, որ ծառատունկն իր մեջ կյանքի շարունակականության, կյանքը կանաչ ծառով հաստատելու խորհուրդն ունի: «Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը և շուտով գնում ենք դեպի ապրիլի 24` հիշելու ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև մեր զոհված քաջորդիներին»,-հավելել է Մանսուրյանը:

Ծառատունկին մասնակից, մարտական դիրքերում վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը հասկացավ, որ 18-20 տարեկան տղաները ավելին կարող են անել: «Դասեր չքաղեցինք, դասեր տվեցինք, թեև մենք էլ ունեցանք զոհեր»,-Արցախպրեսի փոխանցմամբ, ասել է նա:

Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության խմբի անդամ Հայկուհի Մինասյանը կարեւորեց  վերականգնողական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը: «Վերականգնողական բուժման բացակայությունը բազմաթիվ տղաների մոտ առաջացնում է ավելի մեծ հաշմանդամություն: Այսինքն տղաները, ովքեր կարող էին քայլել, շարժել ձեռքը, խոսել, տարիներ շարունակ մնացել են անուշադրության մեջ և, փաստորեն հաշմանդամությունը խորացել էր»,-ասել է նա:

Նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:

Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս:

Շնորհավոր Հաբ-Նիսան:

Արցախի Նախագահի տեսաուղերձը Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ:
Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր Ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ:
Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց, եւ նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից եւ ոչ մեկը:
Հակառակորդն առերեսվեց Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեր քաջարի զինվորների, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ եւ ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
Ցավոք, հակառակորդի ստոր եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաեւ խաղաղ բնակիչներ:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:
Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռեւանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսեւորում:
Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը եւ կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար:
Սիրելի՛ ժողովուրդ,
Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի»: