Գրքի շնորհանդես և լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված սիրիահայերին

Մարտի 29-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Գերմանիայի կառավարության պատվիրմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչն է:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորեց Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝  ծրագրին աջակելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են՝ անվճար բուժօգնության, կրթության իրավունք, դյուրացված կարգով ՀՀ քաղաքացիության իրավունքի ձեռքբերում, բնակվարձերի փոխհատուցում և այլն, հնարավոր է եղել ՀՀ կառավարության և միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ աշխատանքները կլինեն շարունակական և համակարգված:

Սիրիահայերի Միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին:

7576 78img_0294

Նամակ հայ զինվորին. գրում են ֆինլանդահայ փոքրիկները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքի հայկական համայնքի հայոց լեզվի խմբակի սաների նամակ-բացիկները՝ ուղղված հայ զինվորին:

«Երեխաները դեռ վարժ գրել չգիտեն, այդ պատճառով նրանք նկարների և փոքրիկ մաղթանքների միջոցով են իրենց սրտի խոսքը փոխանցել հայ զինվորին»,- «Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասել է Ֆինլանդիա-Հայաստան ընկերակցության փոխնախագահ Մարինա Դանոյանը:

%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_2%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_4%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_5 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_6%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_7 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af_page_8

Վերսկսվում են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիան» նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

Հիշեցնենք, որ «Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:

Արցախում գնդային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Մարտի 22-ից 25-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:

Զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում պաշտպանության բանակն ի վիճակի է կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը:

Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Մալթա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը:

Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել են Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլին, Մալթայի խորհրդարանականներ և հայ համայնքի ներկայացուցիչները:

Նախագահը ծաղկեպսակ է դրել մայրաքաղաք Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Մալթայի հայ համայնքի նախաձեռնությամբ` ի նշան Մալթային երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375 թվականին Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:

Նախագահը քաղաքապետ Դինգլիի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել խաչքարի մոտ:

Ինչու ամեն ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը. The Huffington Post-ում հոդված է հրապարակվել

Որքան շատ մարդիկ լսեն «Խոստումը» ֆիլմի մասին, նրանք կսկսեն բացահայտել ու ծանոթանալ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում հրապարակված հոդվածում գրել են Հայկարամ Նահապետյանն ու Քրիստոֆեր Աթամյանը` փորձելով ներկայացնել, թե ինչու ամեն ամերիկացի պետք է դիտի Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան նոր ֆիլմը: Հեղինակները պատմել են, որ 1915-1923 թվականներին օսմանյան կառավարությունը կոտորեց ավելի քան 3 միլիոն անմեղ քրիստոնյաների, որոնցից շուրջ 1,5 միլիոնը հայեր էին:

Սակայն մինչ օրս թուրքերը շարունակում են հերքել կատարվածը` ասելով, որ դա պարզապես «դավադիր հայերի տեղահանություն է եղել»: Թեպետ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմ նկարելու փորձեր նախկինում նույնպես եղել են, ինչպես օրինակ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հիման վրա ֆիլմը, որը պետք է նկարահաներ MGM ընկերությունը, սակայն թուրքական կողմի միջամտությամբ նման փորձերը կանխվում էին: Միայն 2015 թվականին հաջողվեց նկարահանել 100 միլիոն ԱՄՆ դոլարանոց բլոկբաստերը` «Խոստումը», որի նկարահանման ծախսերը ֆինանսավորել էր ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը: «Թուրքիայում մինչ օրս վիրավորանք է համարվում ինչ-որ մեկին հայ անվանելը: Թուրքիայում աշխատող մի ամերիկացի ասում էր. «Շատ քիչ մարդիկ կան Թուրքիայում, ովքեր իսկապես հոգ են տանում այն մարդկանց համար, ովքեր էթնիկ թուրք չեն: Շատ թուրքեր չեն մտածում ժողովրդավարության մասին: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին, ու դա նրանց պարզապես չի մտահոգում: Դուք պետք է դադարեցնեք Թուրքիան Արևմուտքի երկրների հետ համեմատելը, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունները մարդու իրավունքներն ու հանդուրժողականությունը համարում են կարևոր արժեք: Թուրքիայում այս ամենը հաճախ դիտվում է որպես թուլության նշան»: Ի՞նչ կարող է անել մարդը` պայքարելու պետության կողմից հովանավորություն ստացող ժխտողականության դեմ և ինչպե՞ս կարելի է հանգեցնել փոփոխությունների: Հանուն համերաշխության բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի առջև, այդ թվում և հայերի, և հաջակցություն մարդու հիմնարար իրավունքների ու արժանապատվության, ցանկացած ամերիկացի պետք է գնա և դիտի «Խոստումը», երբ այն կինովարձույթ դուրս գա ապրիլի 21-ից»,- նշում են հեղինակները: Նրանք հորդորում են սոցցանցերի միջոցով կոչ անել ընկերներին ու գործընկերներին ևս դիտելու ֆիլմը` հուսալով, այս անգամ Հայոց ցեղասպանությունը հերքելու թուրքական փորձերը կտապալվեն:

Պատանի դաշնակահարներ Լեոնիդ Ասատրյանն ու Ռիմա Կարապետյանը միջազգային եւ հայկական մրցույթների հաղթող

Սերբիայում անցկացված Միջազգային երաժշտական մրցույթում «Դաշնամուրային անսամբլ» անվանակարգի 4-րդ կարգում հաղթող են ճանաչվել մեր հայրենակից պատանի դաշնակահարներ 12 ամյա Լեոնիդ Ասատրյանը եւ 14 ամյա Ռիմա Կարապետյանը։ Այս մասին Հայերն այսօր-ը տեղեկանում է Օրեր կայքից:

Դաշնամուրային դուետը նախ կատարել է Ալեքսանդր Հարությունյանի «Ռոմանսը՚» ապա Ցֆասմանի «Փաթիլները»։  Ուսուցչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի սաները ներկայացրել են Երեւանի ՄԱԼԱԹԻԱ արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը։

Նշենք, որ 2010 թվականին հիմնադրված մրցույթին արդեն մասնակցել են 6000-ից ավելի  պատանի երաժիշտներ աշխարհի 42 երկրներից, ներկայացնելով 800ից ավելի երաժշտական հաստատություններ։ Միայն համացանցում նրանց ելույթները դիտել է 7 միլիոնից ավելի մարդ։ Այս տարվա մրցույթի բացարձակ հաղթող է ճանաչվել 19-ամյա ջութակահարուհի Մարթա Գիդաժեւսկան Լեհաստանից, ով արդեն բազմաթիվ միազգային եւ լեհական մրցույթների հաղթող էր։

Օրերս Ասատրյան-Կարապետյան շնորհալի զույգը մասնակցեց նաեւ ԱՐՏ Մյուզիք 8-րդ հայաստանյան հանրապետական մրցույթ-փառատոնին եւ «Դաշնամուրային դուետ» անվանակարգում գրավեց առաջին տեղը, կատարելով նույն ստեղծագործությունները։

Նրանց ելույթը կարելի է դիտել հետեւյալ կայքէջում՝ http://musiccompetition.rs/ru/asatryan-leonid-karapetyan-rimma/

Շնորհավորում ենք պատանի դաշնակահարներին եւ մաղթում նոր հաղթանակներ։

Անկարայում քուրդ լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է ազգությամբ քուրդ լրագրող Ռոժին Աքընը, որը պատրաստվում էր գիրք հրատարակել Սիրիայի քրդաբնակ Քոբանի բնակավայրի մասին:

Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Աքընը ձերբակալությունից հետո տեղափոխվել է Անկարայի քրեական դատարան, որտեղ էլ սպասվում է, որ նրա վերաբերյալ կկայացվի կալանավորման որոշում:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:

Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու մասին» 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու մասին» 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու մասին» 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:

Վեհաժողովը նաև պահանջել է Թուրքիայից ուշադրություն դարձնել ՄԱԿ-ի կազմած խոսքի և մտքի ազատության մասին Թուրքիայի վերաբերյալ զեկույցին:

Անվանի գրող Ալբերտ Իսոյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

Մարտի 26-ին Ախալցխայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ անվանի գրող, գրականագետ և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին նվիրված մեծարման հանդիսություն, որին ներկա էին Վրաստանի հայ գրողները, կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչները, ավագ սաները, գրողի հարազատներն ու մերձավորները: Գրողի վաստակը, լավագույս գնահատելով, ՀՀ սփյուռքի նախարարությունը Ալբերտ Իսոյանին պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է կրթամշակութային կենտրոնի մամլո դիվանը:

 Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Հանդիսության ընթացքում անվանի մտավորականին ուղղված գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցին: Իսոյանի գրչի արգասիքը 8 ստվարածավալ գիրք է՝ նվիրված Ջավախքի ազգագրությանը, արտերկիր կատարած այցելությունների մասին գրված ուղեգրություններին, որոնցում ընդգրկված են նաև բանաստեղծություններ, զվարճապատումներ և այլն:

Իրենց ելույթներում գրողներ Նազելի Նաիրին, Հովհաննես Մարիկյանը, Միքայել Եսոյանը, Հմայակ Գրիգորյանը, Մանուկ Կարախանյանը,Արաքսյա Վարդանյանը, Թամար Ծառուկյանը, Կիմիկ Իսոյանը սրտանց շնորհավորեցին օրվա հերոսին: Վերջում ելույթ ունեցավ Ալբերտ Իսոյանը.նա ի սրտե շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իրեն բարձր պարգևի արժանացնելու համար և ՎՀԳ «Վերնատուն» միությանը:

Միջոցառումն իրենց տպավորիչ ելույթներով զարդարեցին «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի երգչախումբը, ասմունքի ստուդիայի սաներ Կարինե Ղարագուլյանը, Աննա Կիրակոսյանը, Դիանա Մարաբյանը, Վարսենիկ Այվազյանը:

Մեծարման ցերեկույթը վերածվեց հայ մշակույթին և գրականությանը նվիրված մի յուրօրինակ, գեղեցիկ փառատոնի:

89

 

Դեսպան Ղազարյանի դասախոսությունը Վարշավայի համալսարանում

Մարտի 27-ին Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ «Universitas Varsoviensis» համալսարանական կազմակերպության նախաձեռնությամբ, «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով ուսանողների և դասախոսների առջև դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը: Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և դրա միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից այդ ոճրագործության ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Դեսպան Ղազարյանը հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` շեշտելով, որ 2017 թվականին նշվում է միանգամից երկու հոբելյան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Ներկաներին ներկայացվեցին տեղեկություններ Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:

Ելույթի ավարտին Էդգար Ղազարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

6

Ուխտագնացություն Կիևի երիտասարդների համար

Մարտի 26-ին Ուկրաինայի հայերի երիտասարդական կազմակերպությունները Խերսոն, Վիննիցա և Կիև քաղաքներից հյուրընկալվեցին Օդեսայի երիտասարդական կազմակերպությանը: Կիևի երիտասարդներին էին միացել նաև Տ.Գ. Շեվչենկոյի համալսարանում մագիստրատուրայի կուրս անցնող Հայաստանից եկած ուսանողները: Այս մասին տեղեկացնում է  armchurch.info կայքը:
Ուկրաինայի Հայոց թեմի կազմակերպած այս ուխտագնացությունը Կիևի երիտասարդների համար համընկավ Ուկրաինայի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների  «Հյուր գնալ» ծրագրի հետ: Եվ Կիևի Սրբոց Նահատակաց մատուռի Հոգևոր հովիվ Տեր Կարապետ քհն. Ղարիբյանը և ՈՒՀԵՄ -ի ղեկավար Հովակիմ Հարությունյանը հույս հայտնեցին, որ այս ուխտագնացությունը կդառնա առաջին քայլը Կիևում Երիտասարդական կազմակերպություն ստեղծելու ճանապարհին:
Երիտասարդները մասնակցեցին կիրակնօրյա Ս. Պատարագին, որը մատուցում էր Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Աբգար քհն. Գլճյանը: Պատարագի ավարտին Տեր Կարապետը քարոզ խոսեց՝ բացատրելով «Դատավորի կիրակիի» խորհուրդը:

Օդեսայի երիտասարդական կազմակերպությունը հյուրերի համար պատրաստել էր նաև խաղային ծրագիր, ըստ որի Երևանից ժամանած հայ երիտասարդները հաղթեցին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղում: Խաղից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան շրջել Օդեսա քաղաքում և ծանոթանալ տեղի հուշարձաններին և մշակութային արժեք ունեցող շենքերին:

Սուրեն Հարությունյանը` Կովկասի կարատեի բաց առաջնության գավաթակիր

Սուրեն Հարությունյանը դարձել է Կովկասի կարատեի բաց առաջնության գավաթակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Կովկասի կարատեի գավաթի բաց առաջնությունը` տարածաշրջանի 12 երկրների մարզական թիմերի և մոտ 450 մարզիկների մասնակցությամբ:

Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Սուրեն Հարությունյանը, ով 12-13 տարեկանների մեջ մինչև 45 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը: Առաջնության մրցավարությունն ընթացել է Աշխարհի կարատեի ֆեդերացիայի (WKF) օրենքներով:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Դինքի սպանության գործով ձերբակալված նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում վերջերս ձերբակալված 7 նախկին պաշտոնյաները կալանավորվել են, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, Դինքի սպանության կազմակերպմանը մասնակցելու, ինչպես նաև Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթի` պաշտոնյաների հետ արված լուսանկարները համացանցում տարածելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ևս 8 անձի ձերբակալման որոշում է կայացրել, որոնց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Գյուլենը, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում և արտահանձնված չէ Թուրքիային:

Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:

Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում:

Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ: