Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին:

Համանախագահները ՀՀ Նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ  Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Քուվեյթը մեր հզոր, կուռ և համախմբված հայկական համայնքներից է: Այս տարի ակնկալում ենք մեր ծրագրերին Քուվեյթի հայ համայնքի ամենաակտիվ մասնակցությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական ցանցերի ստեղծմանը: Դուք պետք է դառնաք համահայկական կառույցների մի մասը»:

Նախարարը կարևորեց Հայաստանում ներդրումային քաղաքականության ակտիվացումը: «Մենք ելք չունենք դեպի ծով, մեր ելքը հայկական Սփյուռքն է: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է աշխատատեղեր ստեղծեն Հայաստանում՝ նպաստելով Հայրենիքի շենացմանը», – նշեց նա:

Քննարկվեց Քուվեյթի հայ համայնքում «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը ակտիվացնելու հետ կապված հարցը:  Մասնակիցները կարևորեցին համահայկական ցանցերի ընդլայնումը և մասնագիտական ներուժի օգտագործումը Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման գործում: Այնուհետև անդրադարձան ՀՀ ներդրումային ծրագրերին մասնակցության հնարավորություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացին, ինչպես նաև երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Շնորհակալություն հայտնելով նման առցանց քննարկում կազմակերպելու համար՝  Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը նշեց, որ Քուվեյթի հայ համայնքը ակտիվ է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում:

«Մենք պետք է օգտագործենք այստեղի հայության նաև մտավոր ներուժը: Քուվեյթում շատ լավ են վերաբերվում Հայաստանին և հայությանը: Քուվեյթում շուտով կգործի նորակառույց հայկական եկեղեցին: Մեծահարգ տիկին Հակոբյան, սիրով հրավիրում ենք Ձեզ եկեղեցու բացման արարողությանը», – նշեց Մանվել Բադեյանը:

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մասիս ծ. վրդ.Զոպույանը նշեց. «Քուվեյթահայության համար Հայաստանի ու Արցախի հզորացումը առաջնային խնդիր է: Մենք մեր կապերը պետք է ի սպաս դնենք Հայաստանի զարգացմանը: Իսկ Արցախում պետք է վստահ լինեն, որ Սփյուռքն իրենց կողքին է»:

Քուվեյթի Հայ դատի պատասխանատու Դր. Ժան Բեբեջյանը հավելեց. «Մենք ողջունում ենք ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ ուղղված Սփյուռքին և խանդավառված ենք նոր սկիզբով»:

Ելույթ ունեցան Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոս Լևոն Պետրոսյանը, Քուվեյթի ազգային վարժարանի հոգաբարձու Ֆիլիպ Փաթաթանյանը, ՀՕՄ ատենապետ Անժելա Բեբեջյանը,  Քուվեյթի Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանը, Քուվեյթի Ազգային վարչության ատենապետՄունիր Դարբինյանը,  Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմական ժողովի ատենապետ Հարություն Բեդիրյանը,  Համազգային հայ կրթական միության տեղապահ Ալվարդ Բաբլանյանը, ՀՄԸՄ Քուվեյթի մասնաճյուղի ատենադպիր Հովհաննես Սերոբյանը:

Նրանք կարևորեցին ՀՀ սփյուռքի նախարարության հատկապես «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» և մյուս համահայկական փառատոններին համայնքի ակտիվ մասակցությունը:

2

Մեկնարկում է ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համերգարշավը

«Հայերն այսօր»-ը տեղեկացրել էր, որ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը միացել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը: Եվ արդեն մայիսի 4-ին Բուենոս Այրեսում մեկնարկելու է Արցախի հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու համերգարշավը, որն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ 2017 թվականը Արցախի տարի հռչակելու կոչին հետևելով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ համերգին երաժշտական կատարումներով հանդես են գալու «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը և արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:

ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի կողմից համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը:

Հավելենք, որ նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակն է նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելը, տեղի են ունենալու Արգենտինայի մի շարք քաղաքներում, նաև՝ Բրազիլիայում:

Հարավային Ամերիկայում կազմակերպվող միջոցառումները կամփոփվեն Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

 11

12

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Կարևորվեց նախարարության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին Սփյուռքի մասնակցության ակտիվացումը, առաջիկա շաբաթվա միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Անդրադարձ կատարվեց նախարարության նոր նախաձեռնության՝ «Կանաչ Հայաստան» շարժման կազմակերպական հարցերին:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

27-03-2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում հաստատված սիրիահայերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

2017 թ. փետրվարի 27-ին վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնվելով մեր ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա»,-ողջունելով սիրիահայերին՝ ասել է վարչապետը: Անդրադառնալով սփյուռքահայությանն ուղղված կոչին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ամենամեծ ներուժը և ամենաուժեղ կապիտալը մարդն է, և զարգացման ծրագրերի հիմքում հենց այդ գաղափարն է դրված: «Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, հաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակույթի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետև այսօրվա արագ փոփոխվող և զարգացող աշխարհում դա չափազանց կարևոր է», – ընդգծել է կառավարության ղեկավարը:
Իրենց ելույթներում սիրիահայերը ողջունել են Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքահայությանը՝ իրենց աջակցությունն ու մասնակցության պատրաստակամությունը հայտնելով Հայաստանի զարգացման ծրագրերին:
Կառավարության ղեկավարը սիրիահայերի հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին փոքր և միջին ձեռնարկատիրության խթանմանը, բիզնես ծրագրերին, գյուղատնտեսության ոլորտին, տնտեսության զարգացմանը և այլն: Ներկայացնելով կառավարության բարեփոխումներն այս ուղղություններով՝ վարչապետը կարևորել է սփյուռքահայության ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի առաջընթացին ուղղված ծրագրերում: «Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Երևանում, Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել և իրեն ապահով զգալ», – նշել է Կարեն Կարապետյանը:

2 3

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց գործարար Թոմաս Իպեկյանին և մշակութային գործիչ Նարեկ Ղազարյանին

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Թոմաս Իպեկյանին և նրա զարմիկին՝ կանադահայ մշակութային գործիչ Նարեկ Ղազարյանին, ովքեր Հայաստանում են գտնվում Հայրենիքում դպրոց կառուցելու առաքելությամբ: Նախարարը կարևորեց հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշեց, որ Հայրենիքում դպրոց կառուցելը, վերանորոգելը մեծ հայրենասիրություն է:

Թոմաս Իպեկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես նշեց. «Իբրև հայ՝ մի ցանկություն ունեմ, կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Ծնողներս արմատներով Տիգրանակերտից են, հաստատվել են Հալեպում, և մենք՝ նրանց հինգ զավակները, հաճախել ենք Հալեպի Ուսումնասիրաց դպրոցը: Ես և փոքր քույս Մարին այդ դպրոցի վերջին շրջանավարտներից ենք եղել: Դպրոցը շատ բան է տվել ինձ, մեր ընտանիքին: Այդ պարտքը ես միշտ զգացել եմ, ուզում եմ վերադարձնել, Հայրենիքում դպրոց կառուցել: Միայն մի պայման ունեմ, ուզում եմ, որ այն կոչվի Ուսումնասիրաց դպրոց՝ ի հիշատակ Հալեպի մեր դպրոցի»:

Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

The Culture Trip-ը Հայաստանը ներառել է աշխարհի 10 հնագույն երկրների շարքում

The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել աշխարհի հնագույն երկրների ու ազգերի շարքում:

The Culture Trip-ը գրում է, որ Հայաստանը հայտնի է իր մեծ սփյուռքով:

Կայքը նշում է, որ հայերը այդ տարածքում են բնակվում արդեն շուրջ 2600 տարի, իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Ք.ա. 6-րդ դարում: «Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին: Հայերը նաև առաջինն էին, որ 301 թվականին ընդունեցի քրիստոնեությունը որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հավատարիմ է մնում Հայկական առաքելական եկեղեցուն»,- գրում է The Culture Trip-ը: Կայքը նշում է նաև, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:

Հայաստանից բացի աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:

The Culture Trip կայքը գրասենյակներ ունի Լոնդոնում, Նյու Յորքում ու Թել Ավիվում: Այն ունի ավելի քան հինգ միլիոն ամսական հաճախորդ, սոցցանցերում շուրջ 1.5 միլիոն հետևորդ, գրում է Արցախպրեսը:

Կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է հատուկ կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ թե´ պետական բուհերում, և թե´ քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողները, որոնց վճարի 70% հոգում է պետությունը և համահայկական կառույցները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2017թ. մարտի 15-ից մինչև մայիսի 8-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին:

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպելու է Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի, մարտի 27-ին, ժամը՝ 14:00-ին, հանդիպում է ունենեալու Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի հետ:

Հանդիպումը տեղի կունենա Մելիք Ադամյան 1 հասցեում։ Բոլոր սիրիահայերը հրավիրվում են մասնակցելու այս հանդիպմանը:

Հայաստան-Ղազախստան.երկու գոլ երկու րոպեում

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մարտի 26-ին տեղի ունեցած տնային խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով  հաղթեց Ղազախստանին: 73-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է ազգային ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը ֆուտբոլիստի համար 20-րդն էր հավաքականի կազմում:

Մեկ րոպե անց՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0:

Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Լուսանկարները՝Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի:

2 3 45