Տեղի ունեցավ տեսաժողով Բաթումի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ

Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Բաթումիի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ տեղի ունեցավ տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

Բաթումիից տեսաժողովին մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի անվան  կրթամշակութային  և երիտասարդական  կենտրոնի  տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Բաթումիում երիտասարդական թևի ղեկավար Դիանա Եգիազարյանը, մանկավարժներ, լրագրողներ, փաստաբաններ, կազմակերպությունների ղեկավարներ, անդամներ, աշակերտներ:

Տեսաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Վերջին շրջանում Բաթումիի հայ համայնքում նկատվող ակտիվությունը ինձ շատ ուրախացնում և ոգևորում է: Իհարկե, այստեղ կարևոր առաքելություն և դեր ունի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կոնտրոնը, որը համայնքը հայրենիքին կապող գլխավոր օղակն է: Մենք մեր առաջ պիտի խնդիր դնենք այս կենտրոնը ամբողջ ԱՊՀ տարածքի հայ համայնքների համար օրինակելի դարձնել: Իսկ  նպատակը իրագործելու համար համայնքի յուրաքանչյուր հայ, կենտրոնի յուրաքանչյուր անդամ պիտի որդեգրի «Տանը խոսենք հայերեն» կարգախոսը, և պիտի ձևավորվի այն գիտակցությունը, որ տուն է նաև դպրոցը, տուն է եկեղեցին, այսինքն` այնտեղ, որտեղ կա հայկականության շունչը, կա տան գաղափարը: Կարևոր է կենտրոնին կից մասնագիտական խմբերի ստեղծումը, քանզի այս խմբերն են դառնում համայնքի կազմակերպման հիմքերը: Սա նաև կօգնի Բաթումիի հայկական համայնքը դարձնել լավագույններից մեկը»,- նկատեց նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության ծրագրերին Աջարիայի հայ համայնքի մասնակցությունը՝ նշելով, որ այս տարի համայնքի կողմից ակնկալվում է ավելի մեծ ակտիվություն, քանի որ այն սփյուռքահայը, ով գոնե մեկ անգամ լինում է հայրենքում, կապվում է հայրենի հողին մեկընդմիշտ:

Այնուհետ «Ալ. Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ  շնորհիվ Սփյուռքի նախարարության և «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կոնտրոնի միահամուռ ջանքերի` համայնքը գնալով դառնում է հայախոս: «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը նաև համախմբման կենտրոն է դարձել համայնքի համար, որի հիմնումը անգնահատելի ներդրում էր հայապահպանության գործում: Սա Սփյուռքի նախարարության նպատակամետ գործունեության վկայությունն է նաև, քանի որ հնարավորություն տրվեց նոր սերդին վերադառնալ և ամուր կառչել իր արմատներին: Պատկերացրեք` հիմա կենտրոնի տարածքը արդեն փոքր է թվում, որովհետև գնալով ավելանում է աշակերտների և անդամների թիվը»,-նշեց Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

ՀՀ ՍՆ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:

Քննարկվեցին Աջարիայի հայ համայնքում և «Ալ.Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում առկա խնդիրները: Նախարարության աշխատակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ցանկացած հարցում, ինչը կնպաստի կապերի առավել սերտացմանը և համայնքային կյանքի բարելավմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի գրադարանը համալրել մանկապատանեկան գրականությամբ, իսկ երգչախմբին տրամադրել համապատասխան երաժշտական գրականություն:

%d5%af%d5%b8%d5%b6%d6%86%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd1 %d5%af%d5%b8%d5%b6%d6%86%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd11

«Մեր նպատակը հայկական գյուղերի չդատարկվելն է».բրազիլահայ ընտանիք

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Բրազիլիայի հայկական մշակութային ակումբի անդամ Լուիս Ալբերտո Կեդիկյանն է, ով ամեն տարի կնոջ՝ Մարսիա ԿոդջոկլամյանԿեդիկյանի հետ Հայաստան է գալիս ոչ միայն շրջելու հայրենի եզերքում, ծանոթանալու տեսարժան վայրերին, այլև՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու:

Այս ընտանիքը համախոհ մարդկանց հետ միասին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղին:

Պարո՛ն Կեդիկյան, ե՞րբ է ստեղծվել Բրազիլիայի հայկական մշակութային ակումբը:

-Բրազիլիայի հայկական մշակութային ակումբն արդեն 75 տարվա պատմություն ունի: Ակումբում սպորտային և մշակութային խմբակներ են գործում: Ֆուտբոլի, թենիսի, վոլեյբոլի և այլ սպորտաձևերի խմբակներ հաճախող մարզիկներն ակտիվորեն մասնակցում են չորս տարին մեկ Հայաստանում տեղի ունեցող Համահայկական խաղերին:

Ազգային, եկեղեցական և պետական տոներին նվիրված միջոցառումներ ենք կազմակերպում, որոնք  հայ երիտասարդներին ազգային ավանդույթներին ծանոթացնելո հիանալի առիթ են:

-Պարբերաբար Հայաստան եք այցելում.կարո՞տն է Ձեզ Հայրենիք բերում, թե՞ նաև այլ առաքելություն եք կատարում:

-Արդեն երեք անգամ կնոջս հետ եկել եմ Հայաստան: Առաջին այցելությունը 2013 թվականին էր, որի հիմնական նպատակը բարեգործական ծրագրերին զարկ տալն էր: Այնուհետև եկանք 2016 թվականին, իսկ  2017 թվականի կատարած այցելությունը մեզ համար հիշարժան էր, քանի որ ՀՀ քաղաքացիներ դարձանք:

Բարեգործություն կատարելու համար նախապես ընտրել էինք Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը և Հայաստան գալով՝ սկսեցինք աշխատանքների կազմակերպումը: Սկզբում փողոցները լուսավորեցինք, ապա՝ գյուղի ճանապարհը վերանորոգեցինք, որը դժվարանցանելի էր հետիոտնի և մեքենաների համար: Վերանորգեցինք նաև երկրորդական ճանապարհները:Այժմ բոլոր ջանքերը կենտրոնացրել ենք գյուղում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ. ջերմոցներ ենք կառուցելու բնակիչներին շահագործման հանձնելու նպատակով:

Ինչո՞վ էր պայմանավորված Արեգնադեմ գյուղի ընտրությունը:

www.diarioarmenia.org.ar թերթում հոդված էի կարդացել Արեգնադեմ գյուղի և այն ժամանակվա գյուղապետ Աղունիկ Հազրյանի մասին, որը շատ հետաքրքրել  և միաժամանակ մտահոգել էր ինձ: Հոդվածից հասկացա, որ Արեգնադեմը մարզի գյուղերից առանձնանում է ոչ միայն նրանով, որ սահմանային է, աշխատատեղերը քիչ են, այլև նրանով, որ մարզում միակ գյուղն է, որը դպրոց, եկեղեցի չունի, երեխաները ուսում են ստանում սեփական տների կամ տնակների մեջ.ուստի, կնոջս հետ որոշեցինք հենց այս գյուղին օգնություն ցուցաբերել:

2013 թվականին գալով Հայաստան՝կապ հաստատեցինք Աղունիկ Հազրյանի հետ՝ սկիզբ դնելով ջերմ համագործակցության: Ի դեպ, Աղունիկ Հազարյանն այժմ Արեգնադեմ գյուղում իրականացվող  բարեգործական ծրագրերն է համակարգում: Գյուղացիների հետ արդեն բարեկամացել ենք.նրանք մեզ միշտ ժպիտով են դիմավորում՝ չնայած այնտեղ առկա դժվարություններին և հոգսաշատ առօրյային:

Առայժմ միայն Արեգնադեմում ենք այս նախաձեռնությամբ հանդես գալիս: Իհարկե գիտենք, որ Հայաստանի բազում այլ գյուղեր նույնպես օժանդակության կարիք ունեն: Առհասարակ, մեր նպատակն է, որ հայկական գյուղերը չդատարկվեն, բնակիչները մնան և շենացնեն իրենց բնակավայրերը: Հուսանք՝ հետագայում մեր հնարավորությունները թույլ կտան, որ մյուս գյուղերին էլ համապատասխան օգնություն ցուցաբերել:

Գյումրիում հանդիպեցինք Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին՝ նրա հետ խորհրդակցելու գյուղում եկեղեցի կամ մատուռ կառուցելու անհրաժեշտության մասին: Սրբազան Հայրը մեզ ուղղորդեց, թե ինչ կարելի է անել այս ուղղությամբ:  Սան Պաուլո հասնելուն պես՝ առաջին հերթին պետք է գյուղում եկեղեցի և դպրոց կառուցելու միջոցներ փնտրենք:

1312

Բարեգործական ծրագրերը Բրազիլիայի հայկական համայնքի կողմի՞ց եք կազմակերպում, թե՞ ընտանեկան ներդրում է:

Այս ամենը սրտաբուխ, հոգու թելադրանքով ենք իրականացնում: Հայաստանից հեռու ապրելով՝ցանկանում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր երկրին և ժողովրդին: Մեզ միացել են մեր ընկերներն ու բարեկամները, որոնց թիվն արդեն 80-ի է հասել: Նրանք, տեսնելով իրականացվող աշխատանքերն, իրենց հնարավորությունների սահմաններում գումար են փոխանցում: Տարվա ընթացքում կազմակերպում ենք դրամահավաքը, որից հետո միայն գալիս ենք Հայաստան:

Ցանկալի է, որ Բրազիլիայի հայկական համայնքը նույնպես խանդավառվի այս նախաձեռնությամբ և միանա մեզ, որպեսզի կարողանանք ավելի լայնածավալ ծրագրեր իրականացնել: Այդ նպատակով «Facebook» սոցիալական ցանցով «Արեգնադեմի բարեկամներ» անվանումով էջ ենք ստեղծել:

Տեղյակ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումն է իրականացնում, որը Արցախի հիմնախնդիրների լուծմանը աջակցելու համար գովելի գաղափար է: Մենք Արցախին օգնություն ենք ուղարկել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ճիշտ այդ օրն, անցյալ տարի, Հայաստան էինք եկել: Տեսնելով ստեղծված իրավիճակը՝ անմիջապես հագուստ, սնունդ գնեցինք և ուղարկեցինք Արցախ: Որոշել էինք նաև Արցախ մեկնել, սակայն անվտանգության հարցը հաշվի առնելով՝ չգնացինք: Արցախը տեսնելը մեր առաջնահերթ ծրագրերից է:

Պարո՛ն Կեդիկյան, ե՞րբ է ստեղծվել Բրազիլիայի հայկական համայնքը և զարգացման ի՞նչ ընթացք է ունեցել:

-Նախևառաջ ասեմ, որ հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի  2-րդ կեսից: 2016թ. տվյալներով Բրազիլիայում բնակվում է շուրջ 50. 000 հայ, որից 20.000–ը կենտրոնացած է Սան Պաուլոյում: Հայապահպանական աշխատանքներ են իրականացնում Հայ Դատի հանձնախումբը, ՀՅԴ և ՌԱԿ տեղական կազմակերպությունները, ՀՅԴ «Դրօ» կոմիտեն, որի նախաձեռնությամբ ստեղծվել են «Հայաստան» մշակութային ընկերությունը և ներկայումս գործող «Վահագն Մինասյան» երգչախումբը, «Կիլիկիա» պարախումբը, 1932թ. ստեղծված ՀԲԸՄ Բրազիլիայի մասնաճյուղերը, ՀՕՄ-ի, ՀՄՄ-ի Սան Պաուլոյի մասնաճյուղերը, «Հայ Կարմիր Խաչ»-ի մասնաճյուղը: ՀՕՄ-ի հովանավորությամբ այստեղ գործում են հայկական ծերանոցը, ՀՕՄ-ի «Մասիս» (Օզասկո) և «Արփի» (Սան Պաուլո) մասնաճյուղերը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունը: Ներկայումս բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է:

Ունենք հայկական չորս եկեղեցիներ՝ Հայ Առաքելական Սուրբ Գևորգ Մայր եկեղեցին՝ Սան Պաուլոյում և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Օզասկոյում։ Սան Պաուլոյում գործում են նաև Հայ Ավետարանական Եղբայրաց և Հայ Կաթոլիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Համայնքում գործում են Սուրբ Գևորգ եկեղեցուն կից միակ հայ ազգային «Դուրյան» ամենօրյա վարժարանը և «Մավյան» մանկապարտեզը: Դպրոցում շուրջ 80 աշակերտ է սովորում:

Ցավոք, համայնքը ուծացման վտանգի տակ է գտնվում.խառնամուսնություններն են ավելանում, հայերեն խոսողների թիվը գնալով նվազում է: Դժվար է այս պայմաններում պահպանել հայկականությունը և համայնքային կյանք ստեղծել, չենք նահանջում և օտար միջավայրում,  չորրորդ կամ հինգերորդ սերնդի հայեր լինելով, այնուամենայնիվ, կարողանում ենք մեր շուրջը հայկական միջավայր ստեղծել: Իր նոր վարչակազմով ակտիվ աշխատանքներ է կատարում ՀԲԸՄ-ի Բրազիլիայի մասնաճյուղը, հատկապես՝ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Համայնքին Հայոց եկեղեցու շուրջ համախմբելու գործում ժրաջան աշխատանքներ է կատարում Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ  տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:

-Բրազիլիայում հայերը հիմնականում ինչո՞վ են զբաղվում, ո՞ր ոլորտներում են հատկապես ներգրավված:

-Նշեմ, որ հայ առաջին գաղթականները Բրազիլիայում ներգրավվել են հիմնականում կոշիկի արտադրության մեջ: Ժամանակի ընթացքում բրազիլահայերի նոր սերունդը սկսել է աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային համակարգի, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում:

Այժմ էլ ճանաչված բրազիլահայեր կան, ովքեր իրենց ծավալած գործունեությամբ մեծ նպաստ ունեն Բրազիլիայի զարգացման գործում, ինչպես օրինակ՝ ոսկերիչ, դիզայներ Արա Վարդանյանը, հայտնի դերասաններ Ստեփան Ներսեսյանն ու Արասի Բալաբանյանը, Սան Պաուլո նահանգի խորհրդարանի պատգամավոր Կառլոս Խռլակյանը, պատմաբան Հակոբ Քեշիշյանը, տնտեսագետ Ռոբերտո Քուչկուրյանը, ֆուտբոլիստներ Ֆաբիո Մաշերեջյանը,  Մարսելո Կիրեմիթջյանը և շատ ուրիշներ:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 14

 

 

Մահացել է Վլադիմիր Բարխուդարյանը

Մարտի 24-ին 90- տարեկան հասակում ում մահացել է ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին ժամը 18.00-ին` Երեւանի Ս.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):

«Արմենիա»-ն կարոտում է Արմենիային

«Հայերն այսօր»-Ծովից ծով Հայաստան ունեցած ժողովրդի համար բոլոր անծով ժամանակներում երազանք են եղել ջրային ճանապարհները, սահմաններն ու սահմանաբաժանները: Առաջավոր Ասիայի ծովերի երկիր Հայաստանի սահմանները մ.թ.ա. 1-ին դարում ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական, Կովկասի լեռներից մինչև Միջագետքի անապատներ.այդ ժամանակաշրջանը Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի շնորհիվ պատմության մեջ ամրագրվեց՝ որպես մեր պետականության ոսկեդար:

…Անցավ ոսկեդարը, ժամանակի հոլովույթում Հայաստանը քանիցս դարձավ թշնամյաց կռվախնձոր, մասնատվեց ու բաժանվեց, պարտվեց ու հաղթեց, փոքրացավ, սակայն մնաց ադամանդափայլ ու անդամանդի պես թանկ, չմարեց ծով ունենալու դարավոր երազանքն ու անանց կարոտը: Բաց ծով, օվկիանոս դուրս գալու անհաղթահարելի փափագը մեր օրերում իրականություն դարձավ հայտնի գրող, բժիշկ և հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին նավաստի, ինչպես նաև՝ մեր օրերում արդեն նավագնաց Զորի Բալայանի և նրա երազանքի ծիրում գտնվող մի շարք խիզախ հայորդիների շնորհիվ: …Երազանքի առաջին նավի անունը կնքվեց «Կիլիկիա», և նրա 19-ը հոգանոց անձնակազմը 2004-2006թթ. դուրս եկավ ծով՝ պտույտ կատարելով Եվրոպայի շուրջ: Նավի անձնակազմը որդեգրել էր հին փիլիսոփաների սկզբունքը, այն է՝ «Կամ մի՛ ստանձնիր կամ հասցրու ավարտին»: Առագաստանավն ամենուր գտնում էր հայկական հետքերը…Տարիներ անց, 76-ամյա Զորի Բալայանն, այս անգամ արդեն՝ «Արմենիա» առագաստանավով և 7 հոգանոց արհեստավարժ անձնակազմով, կատարեց շուրջերկրյա մի ճամփորդություն՝ բոլոր 5 մայրցամաքներով: Այդ նավագնացությունն ինքնանպատակ չէր, այն  նվիրվում էր Հայկական սփյուռքին և հայ մայրերին:

«Արմենիա»-ն դարձավ հայի դարավոր երազանքի խաիսխը, «Կիլիկիա»-ն, «Արմենիա»-ն կրկին ու կրկին հայի հոգում արթնացրին Պատմական Հայրենիքի վերածնության տեսլականը: «Մեսրոպ Մաշտոց» գիտարշավի շրջանակներում հայ ծովագնացները ոչ միայն շրջեցին աշխարով մեկ՝ ծանոթանալով ու տեսանկարահանելով Հայկական սփյուռքը, նրա պատմամշակութային հուշարձաններն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, այլև Սփյուռքում կարողացան ներկայացնել Հայաստանը, ինչպես նաև՝ օտարներին ծանոթացնել հային ու Հայաստանին՝ Արմենիային: Այդ առիթով Զորի Բալայանն իր՝ «Արմենիա». Ծովից ծով» գրքում գրում է. «Ասել, թե Երկիր մոլորակի հինգ աշխարհամասերում հայեր կան, նշանակում է՝ ոչինչ չասել: Սփյուռքը միայն աշխարհագրություն չէ: Եվ ոչ նույնիսկ կենսագրություն: Դա իր տեսակի մեջ եզակի, համակարգված մի երևույթ է՝ պետականության տարրերով»: Բացահայտելով նավագնացության, ծովարշավի առումով իրենց գիտելիքների, փորձառության, ներուժի պաշարները՝ մեր հերոսները նաև կարողացան այդ ընթացքում ձեռք բերել լրացուցիչ ու անհրաժեշտ գիտելիքներ, ընդլայնված տեղեկատվություն՝ Սփյուռքի և աշխարհի մասին առհասարակ: «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի պետն ու իր թիմակիցները ծովում ու բաց օվկիանոսում անցկացրած ժամանակաընթացքում յուրովի ու նորովի իրենց համար մեկնեցին այս հին աշխարհի սկիզբն ու պատմությունը, այն ստեղծողի առեղծվածային ու գիտական զարմահրաշ էությունը. այդ անծայրածիր ջրային տարածությունները հատելով, ավելի քան՝ իմաստուն դարձան, ասես մի յուրօրինակ կերպար կերտելով իրենց համար: Ամեն ինչից դուրս այդ աշխարհում, երբ շուրջ բոլորդ միայն ջուր է, մարդն ինքնին վերափոխվում է ասես, աշխարհն ու մոլորակը, մարդկանց ընկալում այլ ձևով: «Նոյյան տապան»-ի՝ Աստծո կողմից ընտրյալների նման, մեր հայակերտ նավի անձնակազմն առաջին շուրջերկրյա ճամփորդությամբ կերտում է ասես մեկ այլ աշխարհ, մարդկության մեկ այլ քաղաքակրթության տարրեր, որտեղ մարդկային հոգիների մաքրագործված տեսակով է պայմանավորվելու ամեն բան:

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6%d5%ab%d5%a1

… Չխորանալով ծովարշավի ընթացքում եղած միջադեպերի մեջ, չմանրամասնելով իրողություններն ու հրաշալի մարդկանց հետ ունեցած հանդիպումները, չներկայացնելով աշխարհի բոլոր ծագերում հայկական պատմամշակութային հուշարձաններ կատարած այցելությունները, աշխարհի թանգարանային եզակի նմուշներին ունեցած ծանոթությունները, «Արմենիա»-ն անմիջական ձեռքբերողների, հովանավորների, աջակցողների, արբանյակային կապն ու ռեպորտաժների տեղաբաշխումը զանգվածային լրատվամիջոցներին ապահովողների, երթուղու վեբ կայքը վարողների, «Արմենիա»–ի նավագնացների, նրանց ամենօրյա ճակատագրով, գործունեությամբ հետաքրքրվողների մասին, կարող եմ վստահաբար ասել, որ նրանք՝ «Արմենիա»-ի հերոսները, պեղեցին աշխարհն ու աշխարհի հրաշալիքները և աշխարհի թանկարժեք զարդերից մեկի՝ հայի ու հայկականի ձեռագրիրն աշխարհում: Երեք օվկիանոսներ ու հինգ աշխարհամասեր կտրած-անցած մեր առասպելական նավը՝ Արմենիան, որն այսօր կառանված է Վենետիկում, բոլորիս հայրենաբաղձ, հայրենականչ օգնության կարիքն ունի, այն է՝ հանգրվանել Հայրենիքում՝ կապուտաչյա Սևանում.«Արմենիա»-ն կարոտու՛մ է Արմենիային:

1014

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված գրողի, հրապարակախոսի ու հասարակական-քաղաքական ակտիվ գործչի, նավագնացի գլխավոր երազանքն  «Արմենիա»-ն  Հայաստանում տեսնելն է: Զորի Բալայանի խորին համոզմամբ «Արմենիա»-ի վերադարձը Հայրենիք  հաստատապես կարող է դառնալ մեր երկրի կարևոր ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության զարգացման հզոր ազդակներից:  Աշխարհով մեկ շրջած առագաստանավը մեր երկրի նորօրյա պատմության անքակտելի մասն է. տարիներ անց այն նոր սերունդներին շատ բան կպատմի  ծով ու օվկիանոս չունեցող մեր Հայրենիքում հանգրվանած նավի և նրա անձնակազմի  սխրանքի մասին: «Արմենիա»-ն կարող է դառնալ նաև ինքնատիպ, նախադեպը չունեցող թանգարան, իսկ այն Հայաստանում ունենալու համար  անհրաժեշտ է  Հայրենիքում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական աջակցությունը: Տո՛ւն բերենք մեր մեծ երազանքի փոքրիկ նավը՝«Արմենիա»-ն:

Կարինե Ավագյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

45 81099

Հայաստանում կանցկացվի «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ռոք ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր` «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» համագործակությամբ մարտի 24-26-ն անցկացնում են «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու և փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ և արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով:

Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան և արտերկրի հայտնի խմբերը:

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև տեղի կունենան հանդիպում-զրույցներ:

Փառատոնին մասնակից խմբերն են

Human Element (ԱՄՆ/Supergroup)

Authentic Light Orchestra (Շվեյցարիա)

Dogma (Հայաստան)

Corpo-Mente (Ֆրանսիա)

Vahan Artsruni band (Հայաստան)

Time Report (Հայաստան)

Agent Fresco  (Իսլանդիա)

Anekdoten  (Շվեդիա)

Saturnus     (Դանիա)

Antimatter  (Անգլիա)

The Beautified Project (Հայաստան)

Theodor Bastard (Ռուսաստան)

Empyray (Հայաստան)

Unaesthetic (Հայաստան)

Vostan Hayots (Հայաստան)

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը սկսվում է

Սկսվում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը: 6 տարի է՝ թատրոնը վթարային լինելու պատճառով չի օգտագործում իր բեմը ներկայացումների համար:

jnews.ge կայքը գրում է, որ Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել բարելավելու համար որոշ թատրոնների շենքային պայմանները: Հայկական թատրոնը առաջինն էր այդ ցուցակում:

Նախագծի համաձայն, վերակառուցման առաջին փուլում կլինի շենքի ամրացում և արտաքին պատերի հավասարեցում: Սա ամենակարևոր քայլն է, որ կվերացնի շենքի վթարային վիճակը և հնարավորություն կտա ցուցադրել ներկայացումներ: Երկրորդ փուլը դահլիճի վերականգնումն է և լուսավորման թարմացումը:

«Արդեն փոխանցվել է 65 000 լարի և շուտով պատրաստ կլինի նախագիծը»,- հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Արդեն վեցերորդ տարին է՝ թատրոնի շենքը պաշտոնապես համարվում է վթարային, այստեղ արգելվում է ցուցադրել ներկայացումներ: Բայց սա չի խանգարել թատրոնի գործունեությանը: Մեկ տարվա ընթացքում ներկայացվել է 4-5 նոր բեմադրություն: Դրանք ներկայացվել են տարբեր վայրերում, Թբիլիսիի պետական թատրոններիի բեմերին, կամ Հայաստանում՝ շրջագայությունների ժամանակ:

Վերանորոգման աշխատանքների ընթացքում թատրոնի անձնակազմը փորձեր կատարելու հնարավորություն չի ունենա: Այդ իսկ պատճառով անձնակազմը  պատրաստվում է դիմել Վրաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի  տրամադրվի դահլիճ և հույս ունի աջակցության:

Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն այս տարի դարձավ 160 տարեկան: Միջոցառումները, նվիրված թատրոնի տարեդարձին, հետաձգվել են 1 տարով: Սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս:

%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b61%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b62

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարարողություն կանցկացվի

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերով կոմիտեն ապրիլի 23-ին Բոստոնում հիշատակի արարողություն կանցկացնի:

Այս մասին հայտնում է The Armenian Weekly–ն։

Միջոցառումը կանցկացվի Հայոց ժառանգության պուրակում։ Հյուրերից են լինելու Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը, Միդլէսսեքս օկրուգի շերիֆ Փիթեր Քութուջյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ Նաեւ մասնակցելու ե «Սայաթ Նովա» պարի համույթը ու ջութակահար Սեմմի Անդոնյանը։

 

Հայտնի են Չինաստանի հայկական համայնքի շախմատի առաջին առցանց առաջնության հաղթողները

2017թ մարտի 1224-ը,  Չինաստանի հայկական համայնքում (ՉինաՀայ) տեղի ունեցավ շախմատի առաջին առցանց առաջնությունը։ Այս միջոցառմանը մասնակցեցին Չինաստանի Նանջինգ, Հոնկոնգ, Սիան, Դալիան, Պեկին, Շանհայ քաղաքներում բնակվող շախմատասեր հայերը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Չինաստանի հայկական համայնքից, լարված ու դիտարժան պայքարից հետո առաջնության հաղթող է ճանաչվել Ալբերտ Ոսկանյանը (Հոնկոնգ), երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուբեն Գալստյանը (Դայլան), իսկ երրորդ տեղը՝ Ռոզա Բաբայանը (Պեկին)։
«Շախմատի առաջնությունը կազմակերպվեց նորագույն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, որի արդյունքում ինտելեկտուալ խաղի շուրջ համախմբվեցին հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող հայորդիներ։ Մենք՝ հայերս, առանձնահատուկ վերաբերմունք ունենք շախմատի նկատմամբ, և այս սիրված խաղը պետք է օգտագործել նաև որպես միավորող գործոն»,- նշել է Չինաստանի հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը։
%d5%b7%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%bf2%d5%b7%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%bf2%d5%b7%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%bf

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին

Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվեց «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով:

Այդ մասին որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ «Ազնավուրը» հիմնադրամը ստեղծվել է Երևանում մշակութային և կրթական վայր հիմնելու, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով:

«ՀՀ կառավարության և «Ազնավուրը» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ՀՀ կառավարությունը պարտավորվել է փոխանցել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը հիմնադրամին՝ հիմք ընդունելով նվիրաբերության պայմանագիրը»,- ասաց Մարկոսյանը:

Ադամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս և Կաչչինի

Փարիզի սրտում՝ Ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում, մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) տեղեկացրեցլ է, որ իրադարձության նախաձեռնողներն են Anna Karolina Production-ը, Chahbazian Groupe-ը և Արմեն Ադրիանը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը՝ Արմեն Անդրյանը: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այս կարևոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Ադամ Բարրոն կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:

Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական և կարևոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբիՖրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև հայրենիքից ժամանած արտիստների»,-հավելեց նա:

Տեղեկացնենք, որ Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից:

%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b82%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b83