Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Գրանդ Քենդի» ընկերության զարգացման ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ընկերության հիմնական ցուցանիշները և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2016 թվականին իրացումից հասույթը կազմել է 23 մլրդ. դրամ, արտահանվել է 1430 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարի իրականացվել է 9 մլն դոլարի ներդրում: «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ երեք հազար է, իսկ սեզոնային աշխատանքները սկսելու պարագայում աշխատատեղերի թիվն ավելանում է: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ: Ընկերության աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:
Վարչապետին տեղեկացրել են, որ այս տարի «Գրանդ Քենդի»-ն կանխատեսում է ունենալ 100 տոկոսանոց արտահանման աճ և նախատեսում է հիմնել նոր ընկերություն՝ վերազգային մակարդակում գործունեություն ծավալելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման խոշոր ձեռնարկությունների շարունակական զարգացումը, արտադրական ու արտահանման ծավալների հետևողական աճը և հաջողություն մաղթել ընկերությանը` հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:

Հակամարտության առաջին կին մարտիկները. Washington Post-ի անդրադարձը հայ կին զինվորականներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլյան բախումները մոտիվացրեցին մի խումբ երիտասարդ կանանց ու աղջիկների մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերակատարությանն ու զենքը ձեռքը վերցնել:

 Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը, որը հոդված է հրապարակել «Այս լուսանկարները ցույց են տալիս տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության առաջին կին մարտիկներին» խորագրով:

Հոդվածում ներկայացված են լուսանկարիչ Լենա Մուչայի գործերը, ով այցելել է Հայաստան, ռազմական ինստիտուտներում ծանոթացել ու լուսանկարել է ռազմական գործով հետաքրքրված հայուհիների հետ:

«Նրանք կարծրատիպեր կոտրողներ են, առերեսվում են շատ պահպանողականների դիմադրությանը, քանի որ որոշել են անել կարիերա, որտեղ կանայք դեռևս ընդունված չեն»,- պատմում է լուսանկարիչը: Նա նշում է, որ 2014 թվականին 23 կին նորակոչիկներ մուտք են գործել ռազմական ակադեմիա: Արդեն մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում նրանք առաջին անգամ միացել են ռազմական բարձրագույն դպրոցին:

Մուչան այցելել է երկու ինստիտուտներ ու արձանագրել, որ դեռևս կա մեծ դիմադրություն կանանց մասնակցության կապակցությամբ: Երևանի ռազմական ակադեմիայում ֆիզիկական ինստրուկտորներից մեկը լուսանկարչին ասել է. «Կանայք չպետք է լինեն բանակում, սա նրանց տեղը չէ: Նրանք ուղղակի նման չեն տղամարդկանց»:

«Երբ ես լուսանկարում էի այս աղջիկներին և ժամանակ էի անցկացնում նրանց հետ, ես նրանց ճանաչեցի որպես նորմալ երիտասարդ կանայք, ովքեր ունեն այնպիսի զբաղմունքներ, մտքեր, երազանքներ, ինչպես ողջ աշխարհի երիտասարդ կանայք կարող են ունենալ»,- նշում է Մուչան: Լուսանկարիչը փաստում է, որ նրանց փորձառությունը յուրահատուկ կապ է առաջացրել միմյանց միջև: «Նրանք ավելին են, քան պարզապես ուսանողները, նրանք ընտանիք են»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ ընդգծում է նա:

Լուսանկարները դիտելու համար կարող եք այցելել հեղինակի կայք-էջը հետևյալ հասցեով՝ www.lenamucha.com

Սփյուռքահայ երիտասարդները «Արի տան» կանչով նորից Հայաստան կգան. տեսանյութ

Ամռանը կվերսկսվի ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2017 ծրագիրը: «Արի տան» կանչով օտար ափերից կարոտով նորից Հայաստան կայցելեն հայ պատանիներն ու աղջիկները, նորից Հայաստան աշխարհը ծնողական սիրով իր գիրկը կառնի նրանց` պարգևելով Հայրենիքը վայելելու, նոր գույներով բացահայտելու բերկրանքը:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է «Արի տուն» ծրագրի 2009-2016 թվականների մասնակիցների Հայաստան աշխարհում կատարած շրջայցերի մասին պատմող մի տեսանյութ:

Հարյուրավոր աշխարհասփյուռ օրինակելի ուսանողներ աջակցություն են ստանում ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

2016-2017թթ. ուսումնական տարվա համար ՀԲԸՄ-ն տրամադրել է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար

 2016-2017թթ. ուսումնական տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) 28 երկրների ուսանողների պարգևատրել է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ: Գրեթե մեկ դար է, ինչ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի միջոցով աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված խոստումնալից ու ուսումնական նկրտումներով տասնյակ հազարավոր երիտասարդ հայ ուսանողներ աջակցություն են ստանում:

 ՀԲԸՄ-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղի մագիստրոսական կրթաթոշակներ

 2016-2017թթ. ուսումնական տարիներին Միացյալ Նահանգներում մասնագիտական, մագիստրոսական և գիտական աստիճանի ծրագրերում ընդունված 72 ուսանողներ պարգևատրվեցին շուրջ 262.000 ԱՄՆ դոլարով: Կրթաթոշակի շահառուները ներկայացնում էին մի շարք ոլորտներ, այդ թվում` իրավաբանություն, ճարտարապետություն և բժշկություն: Նրանցից շատերը հույս ունեն ներդնել իրենց ստացած գիտելիքները ի օգուտ Հայաստանի և հայերի:

Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավաբանական դպրոցի իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լառա Մարկարյանը 2013թ.-ին ավարտել է Ջորջթաունի համալսարանի Միջազգային Ծառայությունների բաժինը, որտեղ նրան հնարավորություն է ընձեռվել մանրազնին ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կատարելագործել օրենքները բարդ հարցերի կարգավորման համար, ինչպիսին է օրինակ` Հայոց Ցեղասպանությունը:

«Ներկայումս, Բերքլիում իրավաբանի իմ կոչումը ստանալուց հետո մեծ ակնկալիք ունեմ այնպիսի միջոցներ ձեռք առնել, որոնց միջոցով հետագայում կարող եմ հասնել իմ նպատակին` օգնելու հայ համայնքին, ինչպես նաև այլ խմբերի, որոնք, ի դեմս միջազգային հակամարտության, պատերազմի, ցեղասպանության և տեղահանման, նպատակ ունեն հասնել արդարության»,- ասում է Մարկարյանը:

Կոլումբիայի համալսարանի ճարտարապետական նախագծման մագիստրատուրայի ուսանող Կարեն Բերբերյանը արդեն իսկ սկսել է կիրառել իր ստացած կրթությունը` ի բարօրություն Հայաստանի: Նախքան Միացյալ Նահանգներ գալը Բերբերյանը  աշխատել է Երևանում Լոնդոնյան Թիմ Ֆլինի մասնաճյուղի ճարտարապետների գրասենյակում: Այդ ընթացքում նա դարձել է Դիլիջանում և Տաթևում կայուն ճարտարապետության և նախագծի հիմնադրող թիմի անդամ: «Իմ վճռական նպատակն է դառնալ բարձրակարգ մասնագետ իմ ոլորտում, կառավարել կարևոր տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև կատարելագործել Հայաստանում ճարտարապետության մշակույթը` դարձնելով այն ավելի ժամանակակից և առաջադեմ միջավայր: Նպատակ ունեմ նշանակալից ներդրումներ կատարել Հայաստանը ավելի գրավիչ, կայուն, բարեկամական և ժամանակակից դարձնելու համար»,- ասել է Բերբերյանը:

Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Մարդու Գենետիկայի բաժնի գիտությունների թեկնածու Հայկ Բարսեղյանը, անցում կատարելով ճարտարապետությունից բժշկություն, մինչ գիտական կոչում ստանալն ու բժշկական դպրոց գնալը որոշել է աշխատել իր գիտական կոչման ուղղությամբ, քանի որ ականատես է եղել, թե ինչպես հանրությանը հայտնի շատ խանգարումներ ունեցող մարդկանց համար բուժումը գրեթե անհասանելի է եղել, ինչն էլ ոգեշնչել է Հայկին հետագայում ապահովել գենոտիպի վրա հիմնված անհատական բուժում: Մեծ հույսեր ունի հետազոտել մասնավորապես հայերի շրջանում տարածված հիվանդությունը: «Պլանավորում եմ սերտորեն համագործակցել Հայ Մարդկային Գենոտիպի ծրագրին` ուրվագծելու հայ գենոտիպը, ինչպես նաև բացահայտելու և առանձնացնելու հայերի շրջանում առավել տարածում ունեցող հիվանդությունները, ինչպիսին է օրինակ Ընտանեկան Միջեկրածովյան Տենդը (ԸՄՏ)»,- ասել է Բարսեղյանը:

 ՀԲԸՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

ՀԲԸՄ-ն իր միջազգային կրթաթոշակների շրջանակներւմ 380.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Միացյալ Նահանգներից դուրս սովորող 230 ուսանողների:

Գոհար Գրիգորյանը Շվեյցարիայում Ֆրիբուրգի համալսարանի Միջնադարյան արվեստի պատմության բաժնի դոկտորատ է: Այնտեղ նա Կիլիկիայի հայկական արվեստի հետազոտություն է իրականացնում միջնադարյան Միջերկրածովյան արվեստի միջմշակութային փոխանակման կոնտեքստում: «Բակալավրիատում սովորելու տարիներին ես ինձ համար հայտնաբերեցի միջնադարյան հայ մշակույթի խորհրդանշական և աշխարհահռչակ բնույթը, որն էլ իմ դոկտորական աշխատանքի մեջ այս ոլորտում ընդգրկելու ներշնչանքի աղբյուր հանդիսացավ»,- ասել է Գրիգորյանը:

Անտոնիոս Թաշեջյանը նույնպես պատմության ակունքների նկատմամբ մեծ սեր ունի: Փարիզում Սորբոնի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Անտոնիոսը արմատներով Լիբանանից է և ուսումնասիրում է բոլոր ժամանակների, ինչպես նաև Գերմանիայի և Պարսկաստանի/Իրանի պատմությունները: «Բակալավրիատի աստիճան ստանալուց հետո մտադիր եմ ասպիրանտուրան շարունակել քաղաքագիտության և Մերձավոր Արևելքի պատմության բաժնում կամ ցեղասպանագիտության ոլորտում: Ես միշտ մեծ եռանդով եմ զբաղվել նման թեմաների ուսումնասիրությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ՀԲԸՄ-ին իմ` պատմաբան, քաղաքագետ և պոլիգլոտ դառնալու գործում ունեցած մեծ ավանդի համար»,- ասել է Թաշեջյանը:

Եվրոպայում ևս Վիկտոր Թարջյանը սովորում է Նիդեռլանդների Մաստրիխտի համալսարանի Զարգացող Շուկաներում Միջազգային Գործարար Ադմինիստրացիայի բաժնի բակալավրիատում: 2014թ. ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակցելուց հետո Հայաստանի գյուղական համայնքների մանկատներին ներքնակներ և ծածկոցներ է նվիրաբերել, որից հետո միշտ մտածել է, թե ուրիշ ինչ է հնարավոր անել իր երկրի համար:

ՀԲԸՄ-ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

2016-2017թթ. ուսումնական տարիներին ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի կրթաթոշակի շրջանակներում 41 շահառուներ պարգևատրվել են ընդհանուր 113.000 ԱՄՆ դոլարի չափով: Շահառուները Հայաստանի և Սփյուռքի երաժիշտներ ու տարբեր բնագավառների արվեստագետներ են:

Կլառնետահար Նարեկ Հարությունյանը Մանհեթենի երաժշտական դպրոցի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Հորից կլառնետ նվագելու տաղանդով ոգեշնչված` հայկական ժողովրդական կլառնետահար Հարությունյանը ապագայի հետ կապված մեծ ձգտումներ ունի: «Մեծ հույսեր ունեմ դառնալ ճանաչված պրոֆեսոր և դասավանդել հետագա սերունդներին»:

Արմատներով հայ թավջութակահար  Հասմիկ Վարդանյանը, սովորելով Հյուսթոնի համալսարանի Մուրի երաժշտական դպրոցում, աշխատում է արվեստի իր դիպլոմային աշխատանքի վրա: Որպես Միացյալ Նահանգների նորաթուխ ուսանող` նա շնորհակալ է ՀԲԸՄ-ի կողմից իրեն տրամադրված կրթաթոշակից, որի միջոցով կարողացավ մասնագիտանալ իր իսկ ոլորտում: «Ես այս ծրագրում եմ, որպեսզի բացահայտեմ երաժշտությունը նորովի մատուցելու ուղիները, ձեռք բերեմ նոր գաղափարներ ու նոր զգացողություններ: Երաժիշտը պետք է լինի միաժամանակ և՛ արվեստագետ, և՛ գեղանկարիչ, և՛փիլիսոփա, և՛ հոգեբան: Որքան ավելի շատ տեսնեմ,  ապրեմ, ճամփորդեմ, կարդամ, այնքան այն ավելի մեծ ազդեցություն կունենա իմ աշխարհընկալման վրա, և այն որոշակիորեն կազդի իմ` որպես երաժիշտ անհատականության վրա»:

1920-ական թթ.-ից սկսած, ֆինանսավորվելով ՀԲԸՄ-ի դոնոր կազմակերպությունների կողմից հիմնադրված հաստատուն հիմնադրամների կողմից, ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը  իր ներդրումն է ունեցել հայ երիտասարդների կրթական ձեռքբերումների հարցում` ֆինանսական աջակցություն տրամադրելով շուրջ 40 երկրների հայկական ծագում ունեցող ուսանողներին: Ներկայումս լրացուցիչ մասնագիտական նախաձեռնությունների միջոցով ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը ֆինանսական աջակցություն  է առաջարկում բազմաթիվ հայ ուսանողների:

ՀԲԸՄ-ն հայտեր է ընդունում 5 տարբեր ոլորտներում կրթաթոշակներ տրամադրելու համար

  • Դրամաշնորհների ժառանգության կրթաթոշակ Միացյալ Նահանգներում ՀԲԸՄ-ի երեք ավագ դպրոցներում սովորող ավարտական դասարանի աշակերտների համար
  • Միացյալ Նահանգների հետբուհական կրթաթոշակներ բարձր մասնագիտական, մագիստրոսական և դոկտորական ծրագրերի ուսանողների համար
  • Միացյալ նահանգներից դուրս սովորող ուսանողների համար միջազգային կրթաթոշակներ. Ծրագրի շրջանակներ գոյություն ունեն հատուկ հիմնադրամներ.
  • Երաժշտության, դրամայի և կինոյի բնագավառում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար կատարողական արվեստների կրթաթոշակներ
  • Աստվածաբանության շուրջ հետազոտություն իրականացնող մագիստրատուրայի ուսանողների համար կրոնական ուսմունքների կրթաթոշակներ

Այժմ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիրը հայտեր է ընդունում 2017-2018թթ. ուսումնական տարվա համար: Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դիմելու կարգին ծանոթանալու համար  կարող եք այցելել հետևյալ հղումով` www.agbu-scholarship.org:

Դաս-միջոցառում՝ նվիրված Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին

Մայիսի 11- ը Տիգրան Չուխաջյանի ծննդյան օրն է: Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Կ. Մովսիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում,  XII դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր ուսանելի մի դաս`  նվիրված հրաշալի կոմպոզիտորին,  հայ երաժշտական թատրոնի հիմնադրին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է դպրոցի ուսուցչուհի Կ.Մովսիսյանը,  աշակերտները պատմեցին Տ . Չուխաջյանի կյանքն ու ստեղծագործությունը` խորությամբ մեկնաբանելով նրա գլուխգործոցները, այնուհետև ունկնդրեցին հատվածներ օպերաներից և օպերետներից, հետաքրքրությամբ լուծեցին երաժշտական խաչբառեր:

Աշակերտները խնամքով պատրաստել էին և ներկայացրին թեմատիկ տեսանյութ, որը պատմում էր կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին:

Դասի վերջում աշակերտները հնչեցրին «Զեյթունցիների քայլերգը», որով էլ ավարտվեց ճանաչողական ևս մեկ դաս: Այն ուսանելի էր և ամրապնդեց միջառարկայական կապը ուսումնական գործընթացում:

%d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b63

Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնել

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել: «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Միջոցառում` նվիրված Ալեքսանդր Մանթաշյանի 175-ամյակին

Ժամանակակից սերնդի մեջ հայրենասիրություն ձևավորելու ու հայապահպանությանը նպաստելու նպատակով Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում մարտի 17-ին կազմակերպվեց հերթական միջոցառումը` նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, հայոց պատմության ուսուցչուհի Ն. Մուրադյանի պլանավորած դաս-միջոցառման ընթացքում աշակերտները մանրամասն ներկայացրին Ալեքսանդր Մանթաշյանի կյանքն ու գործունեությունը, օգտագործվեցին տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ: Ներկա աշակերտները (7-րդ դասարան ) և ուսուցիչները ստացան բավականաչափ տեղեկություններ մեծ բարերարի գործունեությունից:

%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%b4%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b62

Մարիամ Շահինյան․ առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում. լուսանկարներ

Մարիամ Շահինյանը հայտնի լուսանկարիչ է եղել, որը համարվում է Թուրքիայում առաջին կին լուսանկարիչը։ Նա ծնվել է 1911-ին՝ թուրքական Սիվաս քաղաքում, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Vintage Everyday–ը։

1936-ին Մարիամը ստիպված էր կիսատ թողնել ուսումը ֆրանսիական «Սենթ Պուլհերի» դպրոցում, որպեսզի ֆոտոստուդիայում օգնի հորը։ 1937-ին նա արդեն սկսել էր ինքնուրույն ղեկավարել ստուդիան։ Մարիամը ղեկավարել է ֆոտոստուդիան մինչեւ 1985 թվականը։

Մարիամ Շահինյանը համարվում է առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում։ Նա գլխավորապես զբաղվում էր տարբեր մարդկանց դիմանկարներով։

Ձեզ ենք ներկայացնում նրա զարմանալի աշխատանքներից մի քանիսը․

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80 %d5%b6%d5%af%d5%a1%d6%802

Հալեպի հայկական գրադարանները հանվում են ավերակներից. տեսանյութ

Պատերազմի անցնող հինգ տարիներին Հալեպում գործող տասից ավելի գրադարաններից որոշները, վտանգավոր շրջաններում հայտնվելու պատճառով, փակվել էին:

Մանրամասները՝ 1tv.am-ի տեսանյութում:

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը

Մարտի 23-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց սփյուռքի համայնքների պատմության, մշակույթի, գրականության, լեզվի հիմնախնդիրների գիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը նպաստում է ճիշտ և նպատակային իրակակացնելու համար նախարարության աշխատանքը, հիմնական ծրագրերը: Նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ և պատիվ ունեմ ողջունել ձեզ այս շնորհանդեսին, որտեղ ներկայացվել է գիտական կառույցների հետ մեր համատեղ գործունեության արդյունքը: Գիտական այս հետազոտությունները կօգնեն մեզ՝ ավելի համակողմանիորեն և խորությամբ ճանաչել սփյուռքի պատմությունը, ծանոթանալ համայնքների առանձնահատկություններին, հաշվի առնել առաջարկություններն ու եզրակացությունները: Ամեն տարի սփյուռքի նախարարությունը գիտական հետազոտությունների պատվերներ է տալիս ուսումնասիրությունների չորս ուղղություններով: Առաջինը՝ հայկական համայնքների պատմության, տեղաշարժերի վերաբերյալ ուսումնասիրություններն են, հարցերի երկրորդ խումբը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման իրավական խնդիրներին, երրորդը՝ լեզվի պահպանության, զարգացման, հարցերն են և չորրորդ  ուղղությունը՝ սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղիների հետազոտությունները: Սիրով շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալ եմ համատեղ աշխատանքի արդյունքների համար»:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա շեշտեց, որ կարևոր է առավել արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ՝ սփյուռքի գիտական ներուժի հայտնաբերման, սփյուռքի գիտնականների հետազոտություններին ծանոթանալու և նրանց աշխատանքի արդյունքից օգտվելու առումով:

Իր ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ շնորհանդեսին ներկայացվածները սոսկ գրքեր չեն, այլ հարցադրումներ ունեցող լուրջ հետազոտություններ: Այդ հարցադրումների շուրջ տարիներ շարունակ վիճում են գիտնականները, դրանք հետազոտության, ուսումնասիրության անսպառ աղբյուր են: Եվ դիմելով սփյուռքի նախարարին՝ ասաց. «Այդ առումով շատ եմ կարևորում այս շնորհանդեսը: Ձեր ղեկավարած կառույցի աշխատանքը բարձր եմ գնահատում: Շատ մեծ գործ է արվել»:

Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Պողոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, ՍԴ խորհրդական Վլադիմիր Վարդանյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը:

Ներկայացվեցին «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ.», «Սիրիահայերի արդի իրավա-սոցիալական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Հայ պարբերական մամուլի պատմություն» (1900-1922թթ.), «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն», «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիները», «Գրական Սփյուռք-2016. Տարեգիրք», «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի  հասարակական-քաղաքական դիսկուրսում», «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում», «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները», «Ներքին տեղաշարժերը Հայկական սփյուռքում 1950-1980-ական թթ.» աշխատությունները:

Ամփոփելով՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ համագործակցությունը գիտական կատույցների հետ շարունակական կլինի:

%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd7 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd8%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd9 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd10 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd11

Հանդիպում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսի հետ և դասախոսություն Յոհենսուի համալսարանում

Մարտի 21-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ:

Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետերը համատեղ աղոթքի մասնակցեցին Նոր Վալաամ վանական համալիրում: Լեո արքեպիսկոպոսը, շեշտելով Հայոց Եկեղեցու առաքելական հնագույն ծագումն ու բերած ավանդն ընդհանրական քրիստոնեական ընտանիքից ներս, կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված ջերմ եղբայրական հարաբերությունների հեռանկարների ու զարգացումների միասնական, համատեղ ջանքերով կերտումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հերթին գոհաբանությամբ առ Աստված ուրախություն հայտնեց կրկին` 13 տարի անց, Ֆինլանդիայի օրհնյալ հողում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի և նրա հավատացյալ հոտի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու հնարավորության առիթով:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այս օրերին Քրիստոսի Եկեղեցին, Մեծ Պահքի ընթացքի մեջ, նախապատրաստվում է մեր Տիրոջ հրաշափառ ու հաղթական Հարությանը: Եվ ահա դեպի Ս. Զատիկ այս ճամփորդության ընթացքին մենք ևս մեկ անգամ առիթ ունենք Ֆինլանդիայի աստվածօրհնյալ հողի վրա աղոթքով միասնաբար խորհելու քրիստոնեական միության ու սիրո վկայության մասին…: Փորձություններով ու նահատակություններով լեցուն իր պատմության ողջ ընթացքում Հայ Եկեղեցին մշտապես իրագործել է քրիստոնեական միության և եղբայրսիրության պատգամը` շեշտելով «միութիւն ի կարեւորս եւ սէր յերկբայականս» քրիստոնեական սկզբունքը:

Մենք ամենքս, իբրև քրիստոնյաներ, կոչված ենք մեկ հույսի, որ է Քրիստոսի բերած փրկությունը, և միայն այս միասնական հույսի, հավատի և սիրո մեջ կարող ենք զգալ մեկս մյուսի ցավն ու խնդիրները, միայն այս կերպ կարող ենք հարատևել Հիսուս Քրիստոսի պարգևած հաղթական Հարության մեջ: Մեր օրերում Մերձավոր Արևելքում փոթորկվող կրոնական անհանդուրժողականությունն ու հակամարտությունները մեզ ամենքիս կանգնեցրել են հումանիտար աղետի և հասարակական բազմաթիվ խնդիրների առաջ: Այսօրվա իրողությունները պահանջում են աշխարհի բոլոր կրոնների ու հավատացելոց ջանքերի և աղոթքների համատեղում, միասնական մոտեցում՝ առկա զինված բախումները, կրոնական քողով սքողված ահաբեկչություններն ու  հակամարտությունները և դրանցից ծնվող սոցիալ-տնտեսական ու հասարակական աղետները կանխարգելելու համար»:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պատմության ընթացքում մշտապես իր առաքելության կարևորագույն մասն է համարել ժողովուրդների միջև խաղաղ համակեցության, փոխհանդուրժողականության ու փոխըմբռնման հաստատմանն ուղղված գործընթացներին իր մասնակցությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի միջև սկզբնավորված երկխոսությանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ինչը փաստում են 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձնազերծված ռազմական գործողությունները:

…Իբրև պատերազմի և արհավիրքի ցավը կրող ժողովուրդ՝ Մեր ցանկությունն է, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում, և չլինեն սգացող այրիներ, որբացած զավակներ և որդեկորույս մայրեր, որպեսզի ամենքն ապրեն ապահով, խաղաղ և երջանիկ կյանքով:

            Այս մտածումներով Մեր ջերմեռանդ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված` խնդրելով, որ Տերն օժտի մեզ Իր սիրո շնորհով և զորացնի ճշմարտության Իր Հոգով:    Թող Ամենաբարին Աստված օրհնի Ֆինլանդիայի Հանրապետությունը և այս հյուրընկալ երկրի բարեսիրտ ժողովրդին` շնորհելով հարատև առաջընթաց և բարօրություն», – ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Համատեղ աղոթքից հետո Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, Ֆինն Ուղղափառ եկեղեցու նվիրապետի և նրա պատվիրակության հետ միասին, հյուրընկալվեցին Նոր Վալաամ վանքի վանահայր Սերգիոս վարդապետի կողմից:

Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող շքախումբը ծանոթացան վանքի առօրյային, մշակութային-վանական զանազան ձեռնարկներին ու կառույցներին:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հյուրընկալվեց Յոհենսու քաղաքում գտնվող Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի Ուղղափառ աստվածաբանության դպրոցում, որտեղ Նորին Սրբությունը ներկայացրեց համառոտ դասախոսություն՝ «Կա՞ արդյոք իսլամական աշխարհի վերաբերյալ հայկական մասնավոր ընկալում» թեմայով:

Դասախոսության մեջ Նորին Սրբությունը կենտրոնացավ հիմնականում իսլամական աշխարհի հետ հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու խաղաղ համակեցության և երկխոսության օրինակներին ու պատմական փորձառությանը, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:

Դասախոսությանը ներկա էին նաև Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, նույն աստվածաբանական դպրոցի դասախոսներ և ուսանողներ:

Հավարտ դասախոսության Նորին Սրբությունը, արքեպիսկոպոս Լեոյի և Ֆինն Ուղղափառ եկեղեցու շքախմբի ուղեկցությամբ, ճանապարհվեց Յոհենսու քաղաքի օդակայան, որտեղից Հելսինկիի ու Մոսկվայի ճանապարհով Հայրապետական պատվիրակությունը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Հանդիպում Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիի և խմբի անդամներ Բալոմենակիս Անտոնիսի և Կարասարլիդիս Էֆրոնիսի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Դեսպան Չարչօղլյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և ընդգծեց դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար խարհրդարանականների փոխայցելությունների կարևորությունը: Դեսպանը ներկայացրեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի` Երևան կատարած վերջին այցի մանրամասները և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ողջունելով ՀՀ դեսպանին` Էլենի Ստամատակին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, ընդգծեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական և մշակութային սերտ առնչությունները` այդ համատեքստում կարևորելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ընդունված օրինագիծը: Բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ Հունաստանում ապրող հայերի վստահության շնորհիվ է նաև, որ ինքը պատգամավոր է ընտրվել։

Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ամդամները նաև պատրաստակամություն հայտնեցին այցելել Հայաստան:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման վերաբերյալ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով աջակցել միջոցառումների կազմակերպմանը:

Դեսպան Չարչօղլյանը պատգամավորներին ներկայացրեց նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հոլիվուդի Ս․ՀովհաննուԿարապետ եկեղեցու ամենամյա Միջինքը

Քառասնորդական պահքի ճանապարհորդների համար հոգևոր ուրախության օր է Միջինքը: Այն Հայոց տոնացույցի համաձայն տեղի է ունենում Աղուհացի շրջանի 24-րդ օրը, որով կիսվում էՄեծ պահքը: Այդ առթիվ հատուկ եկեղեցական արարողություններ չկան, բայց Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում այն ավանդաբար նշվում է մեծ շուքով:

Ուշագրավ է, որ անցնող տարվա նոյեմբերի 6-ից եկեղեցում դադարեցվել են հոգևոր արարողությունները և մեկնարկել է երկա՜ր սպասված սրբազան վերաշինությունը։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը, չունենալով եկեղեցական պայմաններ և հավատարիմ ձևավորված սովորույթին՝ 2017թ․-ի մարտի 22-ին, երեկոյան 6․30-ին, ծխական անդամները կարոտով, սիրով և ուրախությամբ հավաքվել էին  եկեղեցու «Տաղլյան» մշակութային կենտրոնում, ուր  յուրահատուկ հոգեպարար մթնոլորտում տեղի ունեցավ Հանգստյան ու Խաղաղական ժամերգություններ։  Մթնշաղին կատարվող հսկման ընթացքում ներկաներն ունեցան ինքնաքննության և խոկալու հրաշալի առիթ։ Շուրջ 250 հավատացյալների շուրթերից սրտաբուխ աղոթք էր բարձրացվում նաև եկեղեցու ապահով ու շուտափույթ վերակառուցման, նվիրատուների, սպասավորների, շինարարների և Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցու Մեծ Ընտանիքի անսասանության համար։

Ժամասացության ավարտին, առաքելական սովորության համաձայն, ներկաները ճաշակեցին սիրո ընթրիք: Եկեղեցու պաշտոնեությունը պատրաստել էր գեղեցիկ անակնակալ՝ երեկոն համեմելով գեղարվեստական հայտագրով:

Հանդիսության սկզբում իր օրհնության խոսքն ասաց եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ․ Մանուկ ավագ քահանա Մարգարյանը, ապա համայնքի տաղանդավոր մտավորականներից Հարություն Ֆոդուլյանը օրը համեմեց չարենցյան շնչով ու ոգով։ Իր ազգային ու աշուղական կատարումներով ներկաներին խանդավառեց «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցներից Սուրեն Ավոյանը:

Նմանօրինակ հոգեմտավոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժեքներով, ուժ են հաղորդում Մեծ պահքի հավատավոր ուխտավորներին՝ դառնալով դեղ ու դարման հայենակարոտ ու ասվածասեր սրտերի համար:

Վերջում հովվի «Պահպանիչ» աղոթքով ու ջերմ բարեմաղթաննքերով ներկաները մեկնեցին՝ իրենց հետ տանելով սեր և օրհնություն։

%d5%b4%d5%ab%d5%bb%d5%ab%d5%b6%d6%84

 

Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն:
Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել ԱՏԳ ձևավորման քայլերի, պետություն-մասնավոր համագործակցության բանաձևի, կազմակերպման առաջին փուլի և ծրագրի իրականացման ռիսկերի կառավարման վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը և կառավարության առաջիկա նիստին ներկայացնել Սյունիքում ԱՏԳ ստեղծելու որոշման նախագիծ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համապատասխան որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը և կազմակերպչին, իսկ արդեն սույն թվականի աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել: