Հերոս Արման Ավետիսյանը ԱՄՆ-ում կմասնակցի Քառօրյա պատերազմի զինվորներին նվիրված ձեռնարկին. տեսանյութ

«Մարդուն միայն կամքի ուժ է պետք և կարող է ամեն ինչի դեմ պայքարել»,- սրանք ապրիլյան քառoրյա մարտական գործողություններին մասնակից զինծառայող Արման Ավետիսյանի խոսքերն են։

Արմանը ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակի վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս կորցրել է ձախ ոտքը։

Լավատեսությունը չկորցրած զինվորը Panorama.am-ի հեզ զրույցում պատմեց, որ պրոթեզն իր կյանքում ոչինչ չի փոխել, ապրում է լիարժեք, սիրում է կյանքը և պատրաստ է իրագործել իր բոլոր նպատակները։

«Ուսումնական պրոթեզն առաջին անգամ հագա 2016 թվականի մայիսին, ութ-ինը ամիս է արդեն պրոթեզով եմ, հարմարվել եմ ու չեմ դժգոհում։ Օրական 15-20 կմ քայլում եմ, կարող եմ նույնիսկ վազել առաջվա պես։ Բուժմանս ընթացքը կարելի է ավարտված համարել»,-ասաց Արմանը։

Ագրարային համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Արման Ավետիսյանի միակ ցանկությունն այսօր ուսման հետ միաժամանակ աշխատելն է. «Վստահ եմ ուժերիս վրա, ես ինձ ստիպեցի, որ կարող եմ շատ բաների հասնել ու հասել եմ արդեն։ Հիմա ուզում եմ աշխատել, անգամ մի քանի տեղից աշխատելու հրավեր եմ ստացել»։

ՌԴ միջին բիզնեսի ղեկավարների մի խումբ կայցելի Հայաստան

Մարտի 23-ին Ռուսաստանից Հայաստան կժամանի միջին բիզնեսի գործարարների խումբը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Մարտի 23-ին գործարարների մեծ խումբ կայցելի Հայաստան, այսպես կոչված բիզնեսի առաջնորդների ակումբը՝ մոտ 30 մարդ: Խումբը գործում է ՌԴ նախագահին կից ռազմավարական հետազոտությունների գործակալության հովանու ներքո: Խումբը գլխավորում է Արտեմ Ավետիսյանը: Նրանք համատեղ լիագումար նիստ կանցկացնեն Հայաստանի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ, նախատեսված են այցելություններ տարբեր ձեռնարկություններ»,-ասել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ելույթ է ունեցել Քրիստոսի վերականգնված գերեզմանի բացման արարողության

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22­-ին բացվել է: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին,
կառավարություններին ու անհատներին, որոնք բարոյական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործում:

Պատրիարքը խնդրել է թույլ տալ Հայ առաքելական եկեղեցուն ամեն տարի մեկ անգամ պատարագ մատուցել Քրիստոսի դամբարանում:

Արարողության ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցիչն ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Սուրբ Հարության տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը:

Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները վստահվել էին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից հույն մասնագետների խմբին, որը վերանորոգումն ավարտել է Սուրբ Զատկի նախաշեմին՝ սրբավայրին վերադարձնելով երբեմնի վեհաշուք տեսքը:

Մասնագետները մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդները ու դրանք կրկին հետ դրել, մաքրվել են որմնանկարներն ու առաստաղը: Մասնագետներն ահազանգել էին, որ չվերանորոգելու պարագայում կար հավանականություն, որ գերեզմանը կփլուզվի: Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը:

Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4­րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ., գրում է 168.am-ը։

Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները կայուն կերպով զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգուն համահունչ, ինչը մեզ հնարավորություն է տվել տարբեր բնագավառներում գրանցել տեսանելի նվաճումներ։ Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ ունենք մեր երկրների միջև ստորագրված նշանակալի քանակով իրավական փաստաթղթեր, որոնք ամուր հիմք են ծառայում մեր հարաբերությունների համար։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ մեր երկկողմ օրակարգն ընդգրկում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ Այն նաև ներառում է խորհրդարանական հարթությունը և միջանձնային կապերը։ Էդվարդ Նալբանդյանը անդրադառնում է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի ընդհանուր հրամանատարության ներքո Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերին՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ որպես մշակութային և պատմական ժառանգությամբ հարուստ երկրներ մենք ունենք հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցության դրական փորձ, և վստահություն հայտնում, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման նոր կենտրոնի բացումը հաջողության ևս մեկ պատմություն կլինի հայ-իտալական համագործակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է Իտալիայի հայ համայնքի դերը, որը դարեր ի վեր նպաստել է Իտալիայի զարգացմանը և այսօր ևս իր նշանակալի ներդրումն ունի մեր երկկողմ կապերի զարգացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը կարևորում է իր ամուր բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ և վստահություն հայտնում, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք մեր գործընկերությունը բարձրացնել առավել բարձր մակարդակի։ Հայաստանի արտգործնախարարը հավելում է, որ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին վերջին պայմանավորվածությունը, որի առաջին նիստը կանցկացվի շուտով, լավագույնս կծառայի այս նպատակին։

Նախարար Նալբանդյանը բարգավաճում և առաջընթաց է մաղթում նախարար Ալֆանոյին և Իտալիայի ժողովրդին:

Անջելինո Ալֆանոն իր ուղերձում, շնորհավորելով պատմական կապերի նշանակությունը հաստատող այս կարևոր առիթով, նշում է, որ դրանք կապեր են, որոնք կենսունակ էին արդեն 18-րդ դարում, երբ կարևոր նշանակություն ունեցող հայ համայնքը հյուրընկալվել էր վենետիկյան Սուրբ Ղազար կղզում:

Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ վերջին քառորդ դարում Իտալիան և Հայաստանը կարողացել են կառուցել առավել եռանդուն և բեղմնավոր հարաբերություններ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական բնագավառներում: Նախարար Ալֆանոն նշում է, որ շուտով Հռոմում հյուրընկալվելու է Իտալիա-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Այն հարուստ և հստակ գործընկերության համադրության առիթ է լինելու և հատկապես նորարար ուղիներ փնտրելու խթան՝ մեր հարաբերություններին առավելագույն դինամիզմ հաղորդելու համար, որպեսզի դրանք զարգանան ամբողջական ներուժով:

Իտալիայի արտգործնախարարն ընդգծում է, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք ապավինել փոխադարձ աջակցությանը մեր քաղաքացիական հասարակությունների միջև շահավետ համագործակցության հարցում: Ամուր և ինտեգրված հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն, որն էլ ավելի է խորացրել մեր ազգերի միջև բարեկամությունը:

Անջելինո Ալֆանոն անդրադառնում է նաև այս տարի Հռոմի պայմանագրերի ստորագրման 60-ամյա տարեդարձին՝ եվրոպական ինտեգրման ուղու առաջին, հիմնարար հանգրվանին: Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ գիտակցելով մայրցամաքում խաղաղությունն ու բարգավաճումը երաշխավորելու հարցում Եվրոպական միության ունեցած դերը, շարունակում ենք վճռականությամբ աջակցել Երևանի և ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը` Հայաստանի առաջնայնություններն ու ընտրությունը և Բրյուսելի հետ գործընկերության հիմնարար սկզբունքները արտացոլող ձևերով և եղանակներով: Նախարար Ալֆանոն համոզմունք է հայտնում, որ ԵՄ հետ կառուցվածքային երկխոսությունը ապահովելու է բարենպաստ շրջանակ նաև երկկողմ հարթակում նոր նախաձեռնությունների համար:

Նախարար Ալֆանոն, վստահություն հայտնելով, որ հաջորդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները լինելու են առավել ամուր և դրական, նախարար Նալաբանդյանին և հայ ժողովրդին մաղթում է բարեկեցություն և բարգավաճում:

Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս»  շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը:

Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո կալանավայրում արված լուսանկարները և տեսանյութերը 2007-ին ու 2016-ին լրատվամիջոների միջոցով տարածելու մեջ: Լուսանկարներում Սամասթը թուրքական դրոշով է, որի վրա գրված են Աթաթուրքի խոսքերը:

Նշվում է, որ այս պահին ձերբակալվել է 6 հոգի՝ լրագրող Մուամմեր Այը, Մուրադ Բայրաքը, Յուքսել Ավան, Բիրոլ Ուսթանօղլուն, Յակուփ Քուրթարանը և Ահմեթ Չեթիները: Մյուս երկուսը որոնվում են. գրում է ermenihaber.am-ը:

Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը և գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։

Հանրապետության Նախագահի գնահատմամբ, խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով իրականացվող միջոցառումները, որոնց թվում է նաև այսօր բարեկամ էմիրություններում անցկացվող Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի բնագավառում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքներն ու դրա շրջանակներում ձեռք բերվելիք գործնական պայմանավորվածությունները կունենան երկկողմ լիակատար աջակցություն և իրենց լուրջ ներդրումը կբերեն հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին Հայաստանին մասնակցության հրավերի համար:
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթյան հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը միմյանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Դուբայի առևտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարության որոշման մասին, որն արդեն ուժի մեջ է մտել: Նախագահը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարևոր քայլ են համարել երկկողմ կապերի առավել ամրապնդման ու զարգացման ճանապարհին:

12 3

Շվեդիայում Հայորդյաց տուն է բացվել

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի Հայորդյաց տան բացումը: Մշակութային այս օջախը գործում է Հայ Առաքելական եկեղեցու անմիջական հովանավորությամբ՝ հանուն հայ ազգի և մշակույթի պահպանման ու տարածման։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Գոթեբորգի հայ եկեղեցական համայնքի ատենապետ Հայկանուշ Հովհաննիսյանը, քաղաքի հայ բնակչությունը, միավորելով իր ուժերը, ապահովեց հայ խմբավարներ հետևյալ դասընթացների համար՝ մայրենիի, կերպարվեստի, հայկական երգ ու պարի, կիթառի:

Դասընթացները կազմակերպելու համար ամբողջ գրականությունը, դասագրքերը և դիդակտիկ նյութերը տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը, որին հայտնում ենք մեր երախտիքը:

%d5%b7%d5%be%d5%a5%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%a4%d5%ab%d5%a12

Միջինքի և Մայրերի տոնի առիթով միջոցառում Զախոյում

Օրերս, կազմակերպությամբ Իրաքի Զախո քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու ընկերային հանձնախմբի, Միջինքի և Մայրերի տոնի առթիվ Շիրակ սրահում տեղի ունեցավ մանկական դիմակահանդես, որին մասնակցեցին 54 երեխաներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Զախոյից Տեր Մամբրե քահանա Հմայակյանը, բոլոր մասնակիցներն արժանացան նվերների, իսկ լավագույնները նաև պատվոգրերի հետևյալ անվանակարգերում` «Լավագույն Ազգային-հայրենասիրական կերպար», «Լավագույն մտահղացում» և «Կատարողական վարպետություն»:

Դիմակահանդեսի ավարտից հետո սկսվեց միջոցառման գրական մասը, որի ընթացքում վերոհիշյալ երեխաներից 33-ն ասմունքեցին մայրերին ձոնված հայ գրողների բանաստեղծություններից: Հանդիսության ավարտին երեխաներին իրենց պարով ու խաղերով ուրախացրին տարբեր մուլտֆիլմերի հերոսներ:

1

4

6   2

397

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կայացավ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությունը

Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Այնուհետև Նուրհան պատրիարքի և նախարար Նալբանդյանի առաջնորդությամբ հայկական թափորն ուղևորվեց Սուրբ Հարության տաճար, ուր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը, Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեֆոիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկանների ուխտի Երուսաղեմի առաջնորդ Ֆրանչեսկո Պատոնը։ Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

jesus-tomb-restored-2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b42%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b41%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b4

Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական ոլորտին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, վարկավորման պայմաններին, պետական սուբսիդավորմանը և այլն: Ներկայացնելով այս ուղղություններով սկսված բարեփոխումները՝ վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին: «Շատ եմ կարևորում յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե մարդն իր առջև նպատակ չի դնում, երբևէ այդ նպատակին հասնելու բանաձև չի ունենա: Իրենց զարգացման հնգամյա ծրագրում համայնքապետը, բնակիչներն և ավագանին պետք է միասին ձևակերպեն, թե համայնքն ինչ խնդիրներ ունի և դրանք լուծելու համար ինչպես է պատկերացնում իր զարգացումը, որովհետև Երևանում ավելի լավ չեն կարող պատկերացնել, թե այս համայնքում ինչն է պակաս, ինչպես կարող է այն զարգանալ և առաջ գնալ», – շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը բնակիչներից հետաքրքրվել է՝ մանրամասն ծանոթացե՞լ են իրենց համայնքների զարգացման ծրագրերին և բացասական պատասխան ստանալով՝ հորդորել անպայման ուսումնասիրել դրանք, բարձրացված հարցերը և լուծման առաջարկությունները ներառել այդ ծրագրերում: «Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքային համաչափ զարգացմանը զուգահեռ բոլոր համայնքներում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն, ինչ նորմալ երկրում պետք է ունենա քաղաքացին՝ կենցաղային պայմաններ, աշխատատեղ, եկամուտ, երեխային կրթելու հնարավորություն, ապահով և անվտանգ կյանք, ինչպես նաև արդարության զգացում, որ եթե ինքը որպես քաղաքացի իր պարտավորությունները ճիշտ է կատարում, պետությունն էլ իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Դա երկարատև և քրտնաջան աշխատանք պահանջող գործընթաց է, բայց պետք է գիտակցենք, որ այլ տարբերակ չունենք: Մեզ ընդամենը պետք է շատ խիստ վերանայել այն ամենն, ինչ արել ենք, վերլուծել, լոզունգներով չշարժվել», – իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ժամանակակից ֆերմերների կայացումը՝ որպես գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խթան: «Այդ նպատակով ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը, բացի բիզնեսին ֆինանսապես աջակցելուց, գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրները լուծելուց, անպայման նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու: Համայնքապետը պետք է շատ ակտիվ աշխատի հիմնադրամի հետ: Նաև գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ներկայացնել հանրապետության մարզերի գոտիավորման ծրագիր՝ հաշվի առնելով կոնկրետ տարածաշրջանների առանձնահատկությունները», – նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին: «Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», – տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:
Կարևորելով կրթության դերը բարեփոխումների գործընթացում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու համար յուրաքանչյուր ղեկավար պետք է անընդհատ կրթվի և զարգանա: «Մենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում 250 համայնքապետ հատուկ ուսուցում է ստանալու, թե ինչպես պետք է համայնքը կառավարել: Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում: Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ: Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», – ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրի, ծանոթացել Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախագիծն արդեն վերջնական տեսքի է բերվել, և մարտի 21-ին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բոլոր կոմունիկացիաները մեկ վայրում կենտրոնացնելու և ֆունդամենտալ վերանորոգում իրականացնելու ուղղությամբ՝ կարևորելով շինարարության պատշաճ կառավարումն ու վերահսկողությունը, սահմանված ժամկետների պահպանումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովում ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Մեծարգո՛ պարոն նախարար,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Անչափ հաճելի, նաև խորհրդանշական է իմ նախորդ պաշտոնական այցից ընդամենը չորս ամիս անց կրկին հյուրընկալվել այս բարեկամական հողում։ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ այս հրաշալի սրահում. նման բացառիկ ներկայացուցչական միջոցառումը հայ-էմիրաթյան տնտեսական կապերին նոր որակ հաղորդելու՝ մեր երկրների բարձր ղեկավարության երկուստեք ցանկության ու հանձնառության վկայությունն է։ Ընդամենը ամիսներ առաջ սա միայն գաղափար էր, իսկ այսօր՝ արդեն իրականություն, որից մեր սպասումները մեծ են: Այս գաղափարը կյանքի կոչելու համար առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին և հատկապես Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Նորին Վսեմություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և, հասնելով մեր օրերը, դարձել Հայաստանի ու բազմաթիվ արաբական երկրների միջպետական հարաբերությունների անսասան հենքը։ Հենց այդ հենքի վրա էր, որ Միացյալ Էմիրությունների լուսահոգի հիմնադիր Նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի օրոք սկիզբ առավ նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջպետական համագործակցությունը: Եվ այսօր մեր ցանկությունն է ու նաև մեր պարտքը՝ ամրապնդել և խորացնել այս թանկ ժառանգությունը, որ ստացել ենք:

Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, ինչը հայ ժողովրդին երկու աշխարհների համար էլ դարձրել է ընկալելի: Միաժամանակ, Արևելքն ու Արևմուտքը միախառնվել են մեր հողում՝ արտացոլվելով հայ ժողովրդի մտածելակերպում և կենսակերպում: Սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրը, գալով Հայաստան, կբացահայտի ոչ միայն գործարարության համար բարենպաստ միջավայր, այլև հոգեհարազատ տարրեր, որոնցից ամենաբնորոշները, թերևս, ավանդական հայկական հյուրընկալությունն ու ջերմությունն են, որոնք հատուկ են նաև եղբայրական արաբ ժողովրդին։

Բնականաբար, ձեզնից շատերը Հայաստանի մասին իրենց պատկերացումն ունեն, շատերն էլ դեռ նոր պիտի բացահայտեն Հայաստանը` հատկապես որպես տնտեսական ներուժ։ Իսկ մինչ այդ ցանկանում եմ մի քանի շեշտադրումներ կատարել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առնչությամբ, որոնք կարևոր նախադրյալներ են մեր փոխշահավետ գործընկերության տեսանկյունից:

Աներկբա է` փոխշահավետ գործընկերության նախադրյալներից թերևս ամենակարևորը վստահության գործոնն է։ Հարափոփոխ մեր աշխարհի մրցակցային պայմաններում կարելի է երկարաժամկետ գործընկերություններ ստեղծել և ներդրումներ կատարել միայն այն դեպքում, երբ առկա է կայուն վստահության մթնոլորտ։ Մի բան, որ մենք, իսկապես, կիսում ենք։ Մեր ժողովուրդները պատմությամբ են ճանաչում միմյանց. պատմական հանգամանքների բերումով ապրելով արաբ ժողովրդի հետ կողք կողքի և հաղորդակից լինելով արաբական քաղաքակրթությանը՝ մենք լավ ենք գիտակցում վստահության արժեքը:

Չնայած պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազում դժվարություններին՝ մենք երբեք չենք ընկրկել, սփռվել ենք աշխարհով մեկ և դարձել նաև հաջողակ գործարարներ: Այսօր էլ մեզ չեն վախեցնում առկա սահմանափակումները, մենք փորձում ենք դրանք վերածել մրցակցային առավելությունների: Չունենալով էներգակիրներ՝ մենք զարգացնում ենք մարդկային ռեսուրսը, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստեղծում ենք ինտեգրացիոն կամուրջներ, չունենալով ելք դեպի ծով՝ մենք բացվում ենք աշխարհին մեր աշխարհասփյուռ հայ համայնքների միջոցով, հաղորդակցվում ենք՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից։

Ասածիս լավագույն վկայությունն այն է, որ Հայաստանն այսօր վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկրի՝ զբաղեցնելով իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր։ Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով՝ 9-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ցուցանիշին՝ այս տարի գրանցվել է աննախադեպ առաջընթաց. մեր երկիրը ներկայումս 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 21 կետով բարելավելով իր դիրքը:

Մեր կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո: Մենք կողջունենք և կաջակցենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Միացյալ Էմիրությունների ներդրողներին:
Համագործակցության մեծ հնարավորություններ կան գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։

Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը, կարծում եմ, մեծ պահանջարկ ունի նաև ձեր երկրում։ Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության, հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղական աղբյուրների քաղցրահամ խմելու ջուրը դարձել է Հայաստանի այցեքարտը: Հայաստանը բնօրրանն է աշխարհի ամենահամեղ մրգերից մեկի՝ արևահամ ծիրանի, որը գիտությանը հայտնի է, որպես «Պրունուս արմենիակա»:

Վերոհիշյալ ոլորտներում համագործակցության արդյունավետ հարթակ կարող են դառնալ Հայաստանի ազատ տնտեսական գոտիները՝ բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ուղղվածություն ունեցող «Ալյանսը» և ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների համար նախատեսված «Մերիդիանը», որոնց գործունեությունը գրեթե ամբողջությամբ ազատված է հարկերից և մաքսատուրքերից։ Նախատեսված է ստեղծել ևս մեկ՝ ավելի լայն ընդգրկմամբ ազատ տնտեսական գոտի, որը արդյունավետ հարթակ կդառնա ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ դուրս գալու համար։ Հայաստանն էմիրաթյան գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող շուկա, քանզի Եվրասիական ինտեգրացիան ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը:

Բացի այդ, վերջերս ավարտվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է նաև Եվրոպական միության հետ տնտեսական կապերի նոր մակարդակ, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ: Հայաստանը մինչ այդ արդեն իսկ օգտվում էր Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված շուրջ 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։

Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջև առևտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, և պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը:

Չեմ կարող չնշել զբոսաշրջության ոլորտը, որը ժողովուրդների բարեկամության, միջմշակութային երկխոսության և փոխճանաչողության լավագույն միջոցն է։ Ուրախալի է, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերընթաց աճում է. միայն 2016-ին այն ավելացել է 44 տոկոսով։ Վստահ եմ՝ սա բնավ էլ սահմանագիծ չէ, մանավանդ, որ հենց այսօրվանից ուժի մեջ մտավ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը։ Հայաստանում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները հետևողականորեն կատարելագործվում են: Առհասարակ, ծառայությունների մատուցման ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից է, և այս առումով մեր երկիրը շահեկան դիրքերում է տարածաշրջանում:
Ի դեպ, ցանկանում եմ ևս մի կարևոր հանգամանքի անդրադառնալ. վերջին տարիներին Հայաստան են ժամանել շուրջ 20 հազար հայեր, որոնք որքան հայկական, նույնքան էլ արաբական ինքնության ու մշակույթի կրողներ են։ Թե՛ արաբախոս, թե՛ հայախոս և թե՛ նշանակալի գործարար ավանդույթներ ունեցող նման ստվար համայնքի ներկայությունը Հայաստանում կարող է ուղղակիորեն և զգալիորեն դյուրացնել էմիրաթցի ներդրողների գործունեությունը մեր երկրում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսպիսով, ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին բացահայտելու Հայաստանը՝ իր լեռնային յուրօրինակ բնաշխարհով, համեղ ուտեստներով, հայկական հյուրընկալությամբ և, անշուշտ, կրթված, աշխատասեր և իրենց գործի գիտակ կադրերով, որոնք մեծ նվիրումով կարող են ներգրավված լինել ցանկացած հեռանկարային ծրագրում:
Շնորհակալ եմ ուշադրության համար և մեկ անգամ ևս իմ երախտագիտությունն եմ հայտնում Էմիրությունների ղեկավարությանն այս հրաշալի միջոցառումը կազմակերպելու համար:

Շնորհակալություն:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b01

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը

Մարտի 23-ին, ժամը 14.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Շնորհանդեսին կմասնակցեն անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ:

Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան»-ի սրտում, կտեղադրվի հայկական մշակույթն ու ազգային արժեքները ներկայացնող հուշարձան

«Փոքրիկ Հայաստան»-ի դարպասները խորհրդանշող մշակութային կոթողի ստեղծման համար Լոս Անջելեսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի եզրափակիչ փուլ է անցել հինգ նախագիծ:

Ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընտրությունը կատարել են նախաձեռնողները` Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օֆարելը, քաղաքապետարանի մշակութային հարցերով հանձնախումբն ու այս առիթով ստեղծված խորհուրդը:

Միթչ Օֆարելի գրասենյակը տարածել է այս մասին հաղորդագրություն եւ ներկայացրել նաեւ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անուններն ու նրանց ներկայացրած աշխատանքները: Նրանք են` «Աթանյան» արվեստի կենտրոնի արվեստագետների խումբը` Վլադիմիր Աթանյան, Գոռ Աթանյան եւ Արմեն Կազանչյան, Յան Ավերբուխ, Քլիֆ Գարթեն, Նարինե Միրզայան եւ Հիթեր Ռոբերջ արվեստագետների երկյակը եւ Հիթ Սաթոու:

Հաղթողը կորոշվի  մասնագիտական խորհրդի վերջնական քվեարկության միջոցով: Մինչ այդ, Լոս Անջելեսի քաղաքապետարանը ցանկանում է եզրափակիչ փուլ անցած աշխատանքները ներկայացնել հանրությանը, եւ ստանալ նաեւ համայնքի կարծիքը: Այս նպատակով մարտի 25-ին, ժամը՝ 10:00-12:00-ն «Հոլիվուդ Բանքետ Հոլ»-ում տեղի կունենա նշված աշխատանքների նախագծերի ցուցադրումը (հասցե` 5214 Սանսեթ Բլվրդ., Հոլիվուդ):

«Մշակութային այս նախագծի շրջանակներում ստեղծվելիք հուշակոթողը  հպարտության տեղիք կտա «Փոքրիկ Հայաստան»-ի համայնքին»-, նշել է Միթչ Օֆարելը:  Ըստ քաղխորհրդի անդամի՝ կոթողը կներկայացնի հայկական մշակութային ժառանգությունն ու ԱՄՆ-ում`  հայերի բազմաթիվ ներդրումների վառ օրինակներից կլինի:

Հուշարձան-կոթողը տեղադրվելու է 101 մայրուղու կողքին՝ կանաչ գոտու տարածքում եւ կնշանավորի «Փոքրիկ Հայաստան»-ի մուտքը: Նախագծի իրականացման համար հատկացվել է 350 հազար դոլար, որը ծախսվելու է դիզայնի, արտադրության եւ տեղադրման համար:

«Մշակութային այս նախագիծը եւս մեկ օրինակ է, թե ինչպես են արվեստագետները զորացնում տարածքի զգացումն ու ստեղծում համայնքի համար հպարտանալու հատվածներ»-, հայտնել է  Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակութային հարցերով բաժնի գլխավոր տնօրեն Դանիել Բրազելը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արվեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնվել է քաղխորհդրի անդամ Օֆերելի եւ գործընկերների կողմից:

Հանրահայտ Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան»-ի սրտում, առաջին անգամ կտեղադրվի հայկական մշակույթն ու ազգային արժեքները ներկայացնող հուշարձան:  Լինելով բացառիկ, այն պետք է հնարավորինս ամբողջական ներկայացնի մեր  ինքնությունը: Այս առումով, չափազանց կարեւոր է հայ համայնքի ընդհանրական կարծիքը, որի նպատակով էլ Լոս Անջելեսի քաղաքապետարանը կազմակերպել է քննարկում: Հորդորում ենք մեր համայնքի անդամներին,  արվեստագետների, ճարտարապետների՝  ներկա լինելու  հանրային քննարկմանն ու հայտնելու կարծիքներ ներկայացված նախագծերի շուրջ:

Տեղեկանք. ներկայացնում ենք նախագծերի պատկերներն ու ընդհանուր բնութագիրը.

%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b65

Վլադիմիր Աթանյան, Գոռ Աթանյան եւ Արմեն Կազանչյան արվեստագետների խումբը ներկայացրել է «Դարպաս եւ Կարաս» (Darpas&Karas) խորագրով հուշարձան` կազմված երկու բաղկացուցիչներից. դարպասից եւ կարասից, որոնք արտացոլում են հայկական մշակույթն ու համայնքը (հիմնական հումք` հայկական կարմիր տուֆ):

%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6

Յան Ավերբուխի աշխատանքը կոչվում է «Արեւմտյան դարապաս դեպի… քաղաք» (The Western Gate to the City of):

%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b64

Քլիֆ Գարթենի արվեստի գործը, որ կոչվում է «Ամեննուր» (Amennurr), հիմնված է հայկական խորհրդանիշ համարվող նուռի վրա, եւ ներկայացնում է համայնքի եւ փորձի փոխանակման գաղափարը:

%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b63

Նարինե Միրզայան եւ Հիթեր Ռոբերջ արվեստագետների երկյակի աշխատանքը կրում է «Լինել, նշանակում է պատկանել. Գոյություն ունի միայն երկրագունդը» (To be is to belong: There is only the Earth…) Հայկական գորգ հիշեցնող պատի երկայնությամբ հայերեն այբուբենի տառեր են փորագրված:

%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61

Հիթ Սաթոուն հանդես է եկել «Ի՛մ սիրտըե (My Heart) անվանումով աշխատանքով: Ներկայացված է համայնքի սիրտը նռան հատիկի միջոցով, որը լուսարձակում է եւ անցքերի միջով կարդացվում են հայկական բառեր, արտահայտություններ հայերենով:

Նանե Ավագյան

Աղբյուրը՝ Ասպարեզ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախաստորագրում

Մարտի 21-ին Երևանում` Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը, Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի և Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հիմքում: ՀԸԳՀ-ն նաև կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների բնագավառում, և դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:

Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: ՀԸԳՀ-ն համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում: ՀԸԳՀ-ն հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: