Եվրոպացի պատգամավորներն հետաքրքրված են Արցախով

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին այսօր հանդես են եկել մամլո ասուլիսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ բելգիացի պատգամավորներն, հերթական անգամ այցելելով Արցախ, մեծ տպավորություններ են ստացել:

Անդրե դե Բյուս դե Վարնաֆն իր խոսքում ասել է, որ իրենց համար ուրախալի է Արցախ գալը և անձամբ այստեղ իրականությունը տեսնելն ու բացահայտելը:

«Մենք հետաքրքրված ենք Արցախով: Սա այն երկիրն է, որտեղ կան իրական ժողովրդավարական արժեքներ. մարդիկ պայքարում են այդ արժեքների պահպանման ու զարգացման համար:Այստեղ գործում է մտքի, խոսքի, գաղափարի ազատությունը. դրանք եվրոպական արժեքներ են և շատ կարևոր: Մեր այցի նպատակը նաև այն է, որպեսզի տեսնենք, թե Արցախում մարդիկ ինչպես են ապրում ու պայքարում իրենց ազատության, արդարադատության և ժողովրդավարական արժեքների համար: Ինքս արդեն երրորդ անգամն է, որ Արցախում եմ. ես այստեղ մեծ առաջընթաց եմ տեսնում: Բարձրաստիճան այրերի հետ մեր հանդիպումներից մենք շատ բան իմացանք. այստեղ մեծ տեմպերով զարգանում է մշակութային կյանքը, առողջապահության ոլորտում լուրջ առաջընթացներ է գրանցվել»,- ասել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և հավելել, որ Արցախ գալու իրենց նպատակը ժողովրդավարական այս երկիրը բացահայտելը չէ միայն, այլ նաև արցախցիների հետ համագործակցության և շփման եզրեր գտնելը:

«Մենք պիտի համագործակցենք 3 ոլորտների ուղղությամբ՝ առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության»,-նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Բելգիայի Թագավորության Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էմանուել դե Բոկն էլ նշել է, որ իրենք հասկանում են, թե Արցախում ինչքան դժվար պայմաններում են ժողովրդավարական արժեքները պահպանելն ու զարգացնելը:

«Առաջին անգամ եմ Արցախում. ես այստեղ բացահայտել եմ ամեն ինչ: Որոշ արժեքների իմաստ ես սկսել եմ նորովի հասկանալ. այդ արժեքները մեզ մոտ հասանելի ու հաստատված են, իսկ այստեղ դրանք կարող են վտանգված լինել: Մենք այսօր չենք կարող չհետաքրքրվել Արցախի խնդրով, չէ՞-որ վաղը նույն խնդիրը մենք էլ կարող ենք ունենալ: Ես հասկանում եմ թե, իսկապես, ինչքան դժվար է նման իրավիճակում պահպանել ժողովրդավարությունը: Ժողովրդական արժեքներ հաստատելու, պահպանելու և զարգացնելու գործընթացում մենք միշտ Արցախի կողքին ենք լինելու,- մասնավորապես ասել է Էմանուել դե Բոկն ու հավելել,-մեր այցելությունն ոչ միայն նպատակ ունի Բելգիայի և Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը, այլև կոնկրետ հարցերի շուրջ միմյանց հետ հստակ համագործակցելը»:

Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին էլ ընդգծել է. «Ես այստեղ հասկացա, որ արցախցիներն անջատողականներ չեն. դուք ձեր պայքարն իրականացնում եք հանուն արժեքների: Հանուն ազատությանն և անկախության դուք ստիպված եք եղել շատ մեծ գին վճարել:

Իրական ժողովրդավարությունը դուք վաստակել եք: Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր պայքարում դուք մենակ չեք»:

Եվրոպացի խորհրդարանականներն ասուլիսի վերջում պատասխանել են լրագրողների հարցերին:

Մոսկվայի «Հայորդյաց տան»-ը ռուսալեզու սաները մրցեցին հայերենի իմացությամբ

Մարտի 19-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանի՝ I, II և III դասարանների սաներից բաղկացած «Նոր հայեր» և «Էրեբունի-Երևան» թիմերը մրցեցին հայերենի գիտելիքներով։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, «Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրով մրցույթում թիմերը՝ տրված բառերը ենթարկելով անհրաժեշտ ձևափոխության, կազմեցին նախադասություններ, թարգմանեցին մրցակից թիմի ներկայացրած տեքստը, ավագները պատասխանեցին Հայաստանին առնչվող հարցերին, հանպատրաստից թարգմանեցին ուսուցչուհու կողմից վերափոխված հեքիաթը,կատարեցին հայերեն երգեր, ներկայացան հումորային համարով։

Ժյուրիի կազմում էին՝ «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, ուսուցչուհիներ Սվետլանա Միքայելյանը և Քնարիկ Պապիկյանը։ Չնայած մրցող թիմերում ընդգրկված էին բացառապես ռուսախոս սաներ, այսինքն՝ երիտասարդներ, ովքեր «Հայորդյաց տուն» ընդունվելիս հայերեն մեկ բառ անգամ չեն իմացել, սակայն ժյուրին նրանց գնահատեց ամենայն խստությամբ։ Պատճառը՝ Երանուհի Ղազարյանի ջանքերի և սեփական աշխատասիրության շնորհիվ նրանց ունեցած այնպիսի գիտելիքներն էին, որոնք երբեմն թույլ էին տալիս մոռանալ ռուսախոս դասարաններ լինելու հանգամանքը։

Շուրջ երկու ժամ տևած հետաքրքիր ու հագեցած մրցույթում կես բալի տարբերությամբ հաղթեց «Էրեբունի-Երևան» թիմը։ Միավորի առավելությունը գոյացել էր երաժշտական համարից։

«Արդարության համար պետք է ասեմ, որ «Նոր հայեր» թիմը, որը բաղկացած է 3-րդ դասարանցիներից, շատ ավելի լավ է տիրապետում հայերենին, քան «Էրեբունի-Երևանը»։ Երկու թիմերում էլ ընդգրկված են բանիմաց և խելացի երիտասարդներ, սակայն հաղթեց այն թիմը, որը հայերեն երգն ավելի լավ կատարեց։ Սակայն դրանից մյուս թիմի գիտելիքները չեն պակասում, այլ միայն դաս է լինում, որպեսզի հաջորդ մրցույթներին թիմային մտածելակերպն ավելի բարձր լինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց Երանուհի Ղազարյանը։

«Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրին հավատարիմ՝ մրցույթի ողջ ընթացքում բոլորը խոսեցին բացառապես հայերեն՝ ցույց տալով, որ արդեն իսկ ունեն այն բառապաշարը, որն անհրաժեշտ է հայերենով հաղորդակցվելու և լեզուն ուսումնասիրելու համար։

Իր օրհնությունը փախանցելով սաներին՝ Տեր Առաքել քահանա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ կրթօջախի գոյության համար, ապա, դիմելով ներկաներին, ասաց․ «Մրցույթում էականն այն էր, որ այս երիտասարդներն այսօր անգիր չեն արել խոսքը, այլ տեղում կատարել են թարգմանություններ՝ ցույց տալով իրենց գիտելիքները։ Փառք Աստծո, որ մեր Եկեղեցու հովանու տակ գործող կրթօջախը կատարում է իր առաքելությունը, և մեր սաները խոսում են հայերեն և գնահատում են այդ լեզվի արժեքը։ Մաղթում եմ, որ տիկին Ղազարյանի ջանքերով, եռանդով, հավատքով, աշխատասիրությամբ ոչ թե պատմվածքներ, այլ վեպեր և ամենակարևորը՝ Աստվածաշունչը, «Մատյան Ողբերգությանը» կարդաք հայերեն և աղոթեք հայերեն»։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13

Հովհաննես Այվազովսկուն նվիրված միջոցառում Ագարակի միջնակարգ դպրոցում

Մարտի 17-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը»-ը ծրագրի շրջանակներում տեղի  ունեցավ միջոցառում՝ նվիրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը  սկսվեց  ծովանկարչի  կտավների  ցուցադրմամբ: Այնուհետև  աշակերտները  ներկայացրին նրա  կյանքն ու  գործունեությունը, տոհմի  ծագումը, սիրո պատմությունը, խոսվեց  նաև Բեռլինի ցուցահանդեսում  ներկայացված  նկարների  մասին:

Ըստ մասնագետների՝ Այվազովսկու գեղանկարչության ազդեցության ուժը բացատրվում է գույնի զարմանալի զգացողությամբ, որը  սովորական մարդկանց համար անհասկանալի է…

VIIա դասարանի աշակերտ  Լյովա  Մինասյանը միջոցառման  ընթացքում  նկարեց  Այվազովսկու  «9-րդ  ալիք» կտավը՝ խոստովանելով, որ  երազում  է  նմանվել  ծովանկարչին:

Միջոցառումը  նպաստեց  աշակերտների  գեղագիտական դաստիարակության և ճանաչողական գիտելիքների զարգացմանը:

 Այն կազմակերպել էր  կերպարվեստի  և  տեխնոլոգիայի ուսուցչուհի Ն.Գասպարյանը:

%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af1%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af2 %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af4 %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af5

Հանգիստ` Կովկասյան Շվեյցարիայում. Travelblog-ի անդրադարձն Արցախի զբոսաշրջային գրավչությանը

Մերձբալթյան երկրներում հայտնի ճանապարհորդական բլոգը` travelblog.lv-ն, մեծ հոդված է նվիրել Արցախին` ուշադրություն հրավիրելով դրա զբոսաշրջային գրավչության վրա:

Հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ. «Հանգիստ` գոյություն չունեցող երկրում. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

«Կովկասյան Շվեյցարիա. նման անվանում է ստացել աշխարհի ոչ մի երկրի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անդրկովկասում գտնվող Արցախի (այդպես են հայերն անվանում ԼՂՀ-ն) լեռները 40 տոկոսով պատված են անտառային զանգվածներով»,- գրում է հոդվածի հեղինակը` նշելով, որ թեպետ երկիրը քաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ է և ունի տարածքային խնդիր, սակայն կառավարությունը սկսել է ակտիվորեն զբաղվել զբոսաշրջության զարգացմամբ:

«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:

Կայքը նշում է, որ ԼՂ մուտքը հնարավոր է միայն Հայաստանի ցամաքային տարածքով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ ձեզ կդիմավորեն մի քանի սիրալիր զինվորականներ, կխնդրեն ցույց տալ անձնագրերը և պարտադիր գրանցվել Ստեփանակերտում, ինչը, ինչպես հետո պարզվեց, տևում է ընդամենը 10 րոպե ու անհրաժեշտ է միայն վիճակագրության համար»,- գրում է հեղինակը:

Նա ներկայացնում է 53 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Ստեփանակերտը, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, Գանձասարի վանքը, Տիգրանակերտն ու այնտեղ իրականացվող հնագիտական պեղումները, Շուշին` Ղարաբաղի հայերի ազատագրման ու անկախության խորհրդանիշը, Ջդրդուզը, «Զոնտիկներ» մինի-ջրվեժը, Դադիվանքը և այլն: Հեղինակի ուշադրությունից չի վրիպում նաև «ժենգյալով հացը»:

«Արցախի զբոսաշրջային գրավչությունը հաստատվել է համաշխարհային առաջատար պարբերականների կողմից: Դրանցից կարելի է առանձնացնել The New York Times-ի լրագրողի հոդվածը` «Տաք ընդունելություն Կովկասում», ինչպես նաև բրիտանական The Guardian-ի կողմից ԼՂՀ-ն ամառային արձակուրդներն անցկացնելու լավագույն երկրների մեջ ներառելու փաստը»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ եզրափակել է հեղինակը:

Հայոց այբուբենը՝ 1690 թվականի հոլանդական փորագրանկարում

Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում հայկական այբուբենի մասին, որը տեղ է գտել ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին։

17-րդ դարի վերջին քառորդի՝ 18-րդ դարի սկզբի հոլանդացի տաղանդաշատ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ Յան Լոյկենը (Jan Luyken, Ян Лёйкен) ապրել և ստեղծագործել է Ամստերդամում: Նրա կոթողային գործերից են համարվում 1681 թվականին հրատարակված «Նոր ծովային ջահ» («Nieuwe Lichtende Zee-Fakkel») հինգ հատորանոց քարտեզագրական ատլասի համար արված փորագրանկարները (գրավյուրներ), ինչպես նաև «Մարտիրոսների հայելի» («Martyrs Mirror», 1685) և «Մարդկության արհեստներ» («Het Menselyk Bedryf», 1694) գրքերի նկարազարդումները:

1690 թվականին Յան Լոյկենը ստեղծեց բացառիկ փորագրանկարների շարք, որտեղ պատկերված են աշխարհի հնագույն այբուբենների տառատեսակները, ինչպես նաև տրվում են նրանց լատինատառ անունները: Գեղարվեստական մեծ ճաշակով արված այդ փորագրանկարներից մեկի վրա` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին, տեղ է գտել նաև հայոց Մաշտոցյան այբուբենը ներկայացնող պատկերը՝ «Armenisch Alphabet» նշումով:

Յան Լոյկենի հեղինակած աշխարհի հնագույն այբուբենների փորագրանկարների շարքը մի քանի խմբաքանակներով հրատարակվել է Ամստերդամում՝ հրատարակիչ և գիտնական Վիլհելմուս Գուրեի (Wilhelmus Goeree) կողմից: Այն համարվում է առաջին տպագրություններից, որտեղ տառերի պատկերի հետ արտացոլված է նաև նրանց համապատասխան անվանահամակարգը, հայերենի տարբերակում՝ «Ա-այբ, Բ-բեն, Գ-գիմ, Դ-դա», և այլն: Նշենք, որ փորագրանկարների այդ շարքը ներառում է իր մեջ, բացի վերոնշվածներից, նաև սիրիական, փյունիկյան, եգիպտական, եբրայական և մի քանի այլ այբուբեններ:

%d5%a1%d5%b5%d5%a2%d5%b8%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6

Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրին նվիրված միջոցառում Փոքր Մանթաշում

Մարտի  15-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ միջոցառում՝ նվիրված Մխիթարյան Միաբանության ստեղծմանն ու գործունեությանը և հայ մեծ գործարար ու բարերար Ալ.Մանթաշովին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը կազմակերպվել էր Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի  Սոնա Հակոբյանի կողմից՝ 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%811%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%812 %d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%813%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%814 %d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%815 %d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%816

Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հայտարարությամբ դատապարտել են արտահայտման և տեղաշարժի ազատությունների սահմանափակումները

Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս,

Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը,

Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը,

Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում,

Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝

Համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են,

Դատապարտում ենք արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները և սահմանափակումները,

 Փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատությունների սահմանափակման և ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին,

Հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու Մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև խաղաղության քարոզման գործում:

Ստեփանակերտ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն

20.03.2017 թ.

Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումիում

Մարտի 19-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այնուհետև, դրան հաջորդեց միջոցառում Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում: Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, ընդգծեց, որ 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերը և զանգվածային սպանությունները, չարժանանալով միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի որպես մարդկության դեմ գործած ծանր հանցանքի, հետագա տարիներին Ադրբեջանի կողմից նույն գործելակերպով կրկնվեցին Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ վայրերում: Ներկայացվեցին նաև Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի և սպանությունների մասին ճշմարիտ տեղեկություններ և ադրբեջանական քարոզչության կողմից դրանք կեղծիքների հիման վրա ներկայացնելու փաստեր:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր սումգայիթյան եղեռնագործության և Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի մասին:

%d5%a2%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab1

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահին

Մարտի 20-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:

Արգենտինայի նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղաթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց և բարձր գնահատվեց արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

«Թումո»-ի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը և ողջունել պարոն Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաև միջավայրի փոփոխությանը, երիտասարդ սերնդի զարգացմանը:

Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Նամակ զինվորին. գրում են Հոլիվուդում ապրող հայ փոքրիկները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում ՀՕՄ-ի Ամերիկայի Միացյալ Նահանգների Հոլիվուդ քաղաքի «Մայր» մասնաճյուղի շաբաթօրյա դպրոցի աշակերտների նամակ-բացիկները՝ ուղղված Հայոց բանակի զինվորներին:

%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a41%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a42%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a43 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a44%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a45%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a46 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a47%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a48%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a410 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a411%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a412%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a413 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a414%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a415%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a416 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a417%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a418 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a419%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a420 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a421%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a422%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a423 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a424%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a425%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a426 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a427%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a428%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a430 %d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a431%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab%d5%be%d5%b8%d6%82%d5%a4

Վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ քննարկել է բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին:  Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարոն Սլիմանին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար և կարևորել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, տեսլականի ձևավորման, ՀՀ-ի՝ միջազգային ներկայացվածության բարձրացման ուղղությամբ փոխգործակցությունը: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,– ասել է ՀՀ վարչապետը:
Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,– ընդգծել է կառավարության ղեկավարը:

Միջինք.օրվա խորհուրդն ու բաղադրատոմսեր

Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է  Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 22-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում:

Ընտանիքի անդամներից նրան, ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում: Պահքի խմորեղենը կոչվում է նաև բաղարջ, ծիսական հաց, տապլա և այլն: Նշենք, որ Միջինքի արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:

Օրվա ծիսաբանական նշանակության, ավանդույթների մասին «Հայերն այսօրը» զրուցել է բանաստեղծուհի և հաղորդավուհի Սոնիա Թաշչյանի հետ:

Տիկին Թաշչյանը տեղեկացրեց, որ Պահքի սկզբում մեծ մայրիկը պատրաստել է Ախացել կոչվող տղամարդ-տիկնիկը՝ երեխաներին զգուշացնելու համար, որ պահքը չխախտեն: Ըստ ավանդության, նրա յոթ  փետուրներից երեք սևը խորհրդանշում են ձմռան շաբաթները, երեք  սպիտակը` գարնան ամիսները, իսկ մոխրագույն փետուրը՝ ձմեռ-գարուն անցումային շաբաթը, այսինքն` Միջինքը: Ամենայն հավանականությամբ՝ այն եղել է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին, որը երբեմն որպես Ամանոր է նշվել: Մարտի 21-ը նաև Վահագն աստուծո ծննդյան օրն է. մեր նախնիները այդ առավոտյան միասնաբար դիմավորել են Արև-Վահագնին: Տոնը խորհրդանշում է բնության զարթոնքը և ընդհանուր կյանքի նոր սկիզբ:

1

Մեկ այլ հին սովորության համաձայն՝ տանտիկինը, բացելով տան դռներն ու պատուհանները, ձեռքի շորով դուրս է վտարում ձմեռային ոգիներին և ներս հրավիրում գարունը: Քանի որ երկարատև ձմեռից հետո ժողովուրդը կարոտել է բնությունը, այդ օրն ընտանիքներով գնում են դաշտերը բանջար հավաքելու և տոնախմբություն կազմակերպելու:

Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Վանում, օրինակ, երիտասարդները գնում են իրենց արտը «ողջունելու» և ավետելու գարունը հետևյալ խոսքերով. «Աշխարհըն լույս տալու եկողը` թող քեզ ալ լիություն տա»:

Մուսալեռում հողագործներն անպայման նախ այցելում են իրենց արտերը՝ ստուգելու ծլարձակած բերքի վիճակը: Ուստի հարկ է նշել, որ  տոնն անմիջականորեն առնչվում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տոնածիսական ճաշերը:

«Միջինքի ճաշացանկը բազմազան է, որոնց գլխավոր բաղադրիչը հատիկեղենն է: Մուսալեռցիները պատրաստում են աղցուց (աղուհաց=պահք, քլուր=կոլոլակ), որի միջուկը հատիկեղենով է լինում: Իսկ սկեսուրները հատիկեղենի մատուցարաններով ու նվերներով գնում են խնամիների տուն՝ այցելելու հարսնացուին:

Նոր Ջուղայեցիներն ավանդաբար Միջինքի օրը պատրաստում են թթվեպասը, որը հատիկեղենով ապուր է: Այնթապցիների խոհանոցին յուրահատուկ է սիսեռով ու թահինով կոլոլակը, տիգրանակերտցիների մոտ տարածված է թթապուրն ու թփուկ կոլոլակը, իսկ ամենատարածված ուտեստը սիսեռով պատրաստվող թոփիկն է»:

Սովորություն է եղել նաև պատրաստել միջինքով ծիսական գուշակության հացեր, այսինքն` մեջը պայմանական նշան դրված հաց: Նոր Նախիջևանցիները թխում են «պալից» կոչվող քաղցրահամ հացը, իսկ մշեցիների ընկույզով և չամիչով զարդարված այդ հացը կոչվում է «հարեգիլ»: Այդպիսի յուրահատուկ հաց է տապլան, որը պահքային գաթա է»,-մեջբերեց Սոնիա Թաշչյանը:

Վերջում Սոնիա Թաշչյանը ներկայացրեց Միջինքի տոնածիսական ճաշատեսակներից մի քանի բաղադրատոմսը, որի պատրաստման ձևը ներկայացնում ենք ստորև:

 ՏԱՊԼԱ -3 բաժակ ալյուր 1 – 1 ½ բաժակ ջուր ½ բաժակ շաքարավազ 2 թեյի գդալ  թթխմոր, 3 ճաշի գդալ ձեթ,  ¼ բաժակ մեղր,  ¼ բաժակ չամիչ,  ¼ բաժակ ընկույզ:

Շաղել խմոր՝ խառնելով ալյուրը, շաքարավազն ու թթխմորը, ապա ձեթն ու ջուրը: Թողնել հանգստանա  2 ժամ: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, վրան ջուր քսել, ապա լցնել չամիչն ու ընկույզը և թխել ջեռոցում միջին ջերմաստիճանով՝ 30 – 40 րոպե: Ջեռոցից հանելիս վրան մեղր քսել:

2

ԹՈՓԻԿ Խմորի համար.- 2 բաժակ նախապես թրջած սիսեռ, 2 խաշած կարտոֆիլ, աղ միջուկի համար, 3 սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, ½ բաժակ թահին, ½ բաժակ ընկույզ,  ½ բաժակ չամիչ, քիմիոն կարմիր և սև պղպեղ:

Սիսեռը աղալ, ավելացնել խաշած կարտոֆիլը և շաղել, ապա վերածել ընկույզի մեծությամբ գնդիկների: Միջուկի համար առատ սոխառածի վրա ավելացնել մնացած բաղադրիչները: Պատրաստել 15×15 սմ չթից կտորներ, վերցնել ընկույզի մեծությամբ խմորը, փոսիկ անել, լցոնել միջուկով, փակել, ապա կտավի մեջ դնել,ապա “բոխչա” անել (ծրարի նման կապել):

 Երբ բոլորը պատրաստ են, խաշել առատ աղաջրի մեջ, մինչև որ ծրարները ջրի երես բարձրանան: Մատուցել կիտրոնով, սխտորով,ձեթով և կծու պղպեղ թացանով:

4

ԹԹՎԵՊԱՍ– ½ բաժակ լոբի, ½ բաժակ սիսեռ, ½ բաժակ  ոսպ, ½ բաժակ ռշտա, ½ բաժակ չամիչ, ½ բաժակ սալորաչիր,  ½ բաժակ քացախ, մեկ կապ սպանախ կամ բազկատերև, սև պղպեղ, աղ: Խաշել հատիկեղենը, ավելացնել մնացած բաղադրիչները և մատուցել քացախով:

3

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Սերժ Սարգսյանը կմասնակցի հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: