Տեսաժողով` տարբեր երկրների հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տեսաժողով ԱՄՆ-ի, Կանադայի,  Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Լիբանանի հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների հետ: Երևանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանը, Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սեմ Զաքարյանը, «Ֆայդեք-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, Սփյուռքի և Առողջապահության նախարարությունների աշխատակիցներ:

Սփյուռքյան համայնքներից տեսաժողովին մասնակցեցին «Ֆայդեք» և «Ստամբուլյան» հիմնադրամների հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը (Արգենտինա), Հայ ամերիկյան բժշկական միության նախագահ Ջերի Մանուկյանը (ԱՄՆ), Օնտարիոյի հայ բժշկական միության ղեկավար Անի Հասրջյան (Կանադա), Գերմանիայի հայ բժիշկների միության ներկայացուցիչ Մարգարիտ Ասոյանը (Գերմանիա), «Մեծ Բրիտանիայի հայ բժիշկների ասոցիացիայի» ղեկավար Արա Նահապետյանը, Լիբանանի հայ բժիշկների միության ատենապետ Գրիգոր Էջիդյանը և ատենադպիր Պետրոս Կարագյոզյանը, «ВИВА. Врачи и Волонтеры-Армении» կազմակերպության ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը (Մոսկվա, ՌԴ), Մոսկվայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբիկ Գասպարյանը, «Armenian medical scientific community»-ի ղեկավար (AMSC) Հասմիկ Ահարոնյանը Մոսկվայում գործող մի խումբ հայ բժիշկներ:

Ողջունելով հայ բժիշկներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց  մասնագիտական կառույցների գործունեությունը, հայ բժիշկների համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությունը և նրանց մասնակցությունը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործընթացին:

Նախարարը ներկայացրեց Արգենտինայում մայիսի 29-ից հունիսի 2-ը «Ֆայդեք» և «Ստամբուլյան» հիմնադրամների հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ Հայ բժիշկների 12-րդ կայանալիք համաժողովը և հորդորեց, որ ավելի մեծ թվով հայ բժիշկներ մասնակցեն` համաժողովն առավել ներկայացուցչական դարձնելու համար: Քննարկվեցին կազմակերպական հարցեր:

Առողջապահության նախարարության աշխատակից Հայկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում բոլոր բժիշկները տեղեկացված են, և շուրջ 40 բժիշկ ցանկություն է հայտնել մասնակցել համաժողովին:

Ամփոփելով տեսաժողովը՝ նախարարը կարևորեց ըստ ոլորտների հայ բժիշկների մասնագիտական ցանցերի կատարելագործումը, տարածումն ու ընդլայնումը, և պարբերաբար Հայաստանում նրանց հավաքների կազմակերպումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի հայ բժիշկներին, ովքեր 25 տարի շարունակ իրենց գիտելիքներն ու փորձն են ներդրել` Հայրենիքում առողջապահական համակարգի կատարելագործման գործընթացն ապահովելու նպատակով, և նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ, առողջապահական տուրիզմի, բժշկական ապրանքներ, սարքավորումներ և դեղամիջոցներ արտահանող երկիր, եթե աշխարհի բոլոր երկրներում ապրող հայ բժիշկները միավորվեն:

12

Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Ֆորումի  գլխավոր թեմաններն  են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Ֆորումը վարում էր  «Արցախակերտում» ՀԿ   համանախագահ  Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը   ֆորումին  ներկայացրել  է արցախյան հակամարտության առաջացման պատճառները:

«Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես  ­ ասել  է Հ.  Արզումանյանը  և   հիշեցրել, որ   Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ  տարի  առաջ  զոհվել  են   ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ:

Հ.  Արզումանյանի  խոսքով՝    նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշել է   խաղալ տարածաշրջանի հետ:

«Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավորվող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,-նշել  է  Հ.  Արզումանյանը

Արցախի   Հանրապետության   էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն  էլ  ներկայացրել  է  Արցախի զբոսաշրջության վիճակը:

«Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, 7 զբոսաշրջային ընկերություններ, լիցենզավորված զբոսավարներ:  Արցախի Հանրապետություն են այցելում    զբոսաշրջիկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-­ից, Իրանից  և եվրոպական երկրներից»,-մասնավորապես  ասել  է  Ս.  Շահվերդյանը:

Ֆուրումին    մասնակիցները   հանդես  են  եկել  իրենց  հուզող   հարցադրումներով,  որոնք  հիմնականում   վերաբերվում  էին   հակամարտությանը և   Արցախի   ճանաչմանը, խոսել  իրենց   տպավորությունների   մասին:

Ֆորումի   վերջում     մասնակիցները  հանդես  են  եկել       հայտարարությամբ:

Տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հայ և պորտուգալացի ներկայացուցիչների հետ:

Օրակարգում էին ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերի ներկայացման, սեպտեմբերի 24-29-ը կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը:

Համայնքի ներկայացուցիչներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Պորտուգալիայի փոքրաթիվ հայությունը համախմբվեց և 2016թ. ստեղծեց «ՊորտուգալիաՀայաստան բարեկամության միություն»-ը, որը փորձում է իր շուրջ համախմբել տեղի հայությանը: Լիսաբոնում գործում է նաև «Գալուստ Գյուլբենկան» հիմնարկության հայկական բաժինը: Հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունն արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ուծացած հայերին իրենց արմատներին վերադարձնելու ուղղությամբ: Առաջին միջոցը հայ մշակույթի տարածումն է և Հայրենիք այցելությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությանը» առաջարկեց համագործակցել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, ինչպես նաև եվրոպական այլ երկրների հայ համայնքների հետ՝ հայապահպան համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Հայաստանում հայ և պորտուգալացի գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավոր ուղիներին:

Երկուստեք կարևորվեց պորտուգալացի գործարարներին Հայաստանը ճանաչելի դարձնելու հանգամանքը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց 2017թ. Սփյուռքի նախարարության ծրագրերը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ղեկավար Վահե Մխիթարյանը խոսեց պորտուգալական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասին և կարևորեց Հայաստանում այն ճանաչելի դարձնելու հարցը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ղեկավարի տեղակալ Նարինե Դելլալյանը նշեց, որ կառույցը և 1995թ. գործող «Դելալյան տրիո» երաժշտական խումբը զբաղվում են հայկական երաժշտության հանրահռչակմամբ:

«Մեր ընկերակցության հովանու ներքո գործում է «Կոնսոնանսիա» պրոֆեսիոնալ նվագախումբը՝ բաղկացած 12 երաժիշտներից, որոնց մեջ կան թե՛ հայեր և թե՛ պորտուգալացիներ: Ուրախ ենք փաստել, որ 2017թ. «Կոնսոնանսիա» նվագախումբը կմասնակցի Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին», – հավելեց Նարինե Դելլալյանը:

 

Հայաստանը մասնակցեց «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին

Մարտի 13-ից 19-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

Կինոփառատոնին երեք տասնյակ երկրների շարքում մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմով:

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ` «Փակուղի» ֆիլմը ցուցադրվեց մարտի 18-ին և 19-ին Բուխարեստի Էֆորիե կինոթատրոնում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո մեկնաբանություններով հանդես եկան մշակութաբան, Բուխարեստի համալսարանի դասախոս դոկտոր Օանա Սուչիուն և ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանը:

Ֆիլմի ցուցադրություններին, ինչպես նաեւ կինոփառատոնի տարբեր միջոցառումներին մասնակցեցին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

«Արգիշտ» հայկական համայնքը Հայաստանը ներկայացրեց «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնին

Մարտի 16-ին Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում մեծ շուքով, տարաբնույթ միջոցառումներով, պարգևների հանձնմամբ ու տոնական համերգով տեղի ունեցավ  «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ազնիվ Պարոնյանը, 10-ամյա պատմություն ունեցող փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ուսանողները, այլև այլ բուհերի և ազգամշակույթային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությաններ:

Բուհի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ազգային խոհանոցի ու ավանդական ճաշատեսկների» ցուցադրություն։ Փառատոնը շարունակվեց տոնական համերգով՝  հյուրերի,  բուհի դասախոսական  անձնակազմի և ուսանողների համար։

Մասնակիցները ներկայացրեցին  համերգային ծրագիր՝ ազգային երաժշտությամբ, երգ ու պարով, պոեզիայով։

Արդեն երեք տարի է՝ փառատոնին Հայաստանը ներկայացնում են «Արգիշտ» հայ համայնքի ժողովրդական գործիքների (ուսուցիչ` Ավետիս Մանուկյան) և «Արգիշտ» պարային խմբերը, ինչպես նաև իրենց վառ կատարումներով աչքի են ընկնում  բուհի հայ ուսանողները։

«Այսպիսի փառատոներում երկիր, հայրենիք ներկայացնելը մեծ ոգևորություն  է առաջացնում,  ներքուստ հպարտություն ես զգում: Մենք մասնակից բոլոր ազգերից տաբերվեցինք նրանով,  որ լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը, 15 րոպեում ներկայացրեցինք մեր ազգի անցյալ և ներկա մշակույթը,-  նշեցին «Աիգիշտ» պարային խմբի ներկայացուցիչները և հավելեցին,- Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»:

%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b6%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b61%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b62  %d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b65%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b62

Հայ դիզայներները նվաճել են Փարիզը

Հայաստանի տեքստիլ ձեռնարկությունները արդիականացնում են աշխատանքը և ընդլայնում սպառման շուկաները։ Երկրում մեկնարկել է թեթև արդյունաբերության մրցունակության բարձրացման ծրագրի երկրորդ փուլը։

Ինչպես նշվում է, զգեստները կարվում են տեքստիլի գործարանում` Վալենտին Յուդաշկինի պատվերով։ Նրան պատկանող Նորաձևության տանը բոլորը տպավորված են հայ դիզայներների զգեստներով։ Այդ հավաքածուն ցուցադրվել է նաև Ֆրանսիայում։

«150 այլ աշխատանքներից Փարիզում ընտրեցին հենց մեր զգեստները։ Ընտրության վրա ազդեց մեր կարի որակը։ Յուրաքանչյուր երկրի համար մենք կարում ենք իրենց ստանդարտներին համապատասխան զգեստներ։ Օրինակ`Ռուսաստան արտահանելու համար կարում ենք կոստյումներ բարձրահասակ տղամարդկանց համար», —  նշել է տեքստիլ արտադրության տնօրեն Լիդա Սարգսյանը։ Ռուսական շուկան հայ արտադրողների համար ամենագրավիչներից է։

Տեքստիլի ձեռնարկություններում վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքների մի մասն ավտոմատացվել է։ Օրինակ` նախկինում լեկալը ձեռքով էին նկարում, հիմա օգնության են եկել համակարգիչները։ Հրաժարվեցին նաև հին պիտակներից։ Հագուստի չափսերն այժմ տպվում են գործվածքի վրա։ «Արդի տեխնոլոգիաները խնայում են մեր ժամանակը, մենք միշտ հետևում ենք համաշխարհային շուկայի տեխնոլոգիական միտումներին։ Դա օգնում է բարձր պահել նշաձողը որակի հարցում և լինել ժամանակին համահունչ», — armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ ՄԻՐ հեռուստաալիքի ռեպորտաժում պատմել է տեքստիլի արտադրության մենեջեր Անի Ավետիսյանը։ Վերջին տարիների ընթացքում երկրում բացվեց թեթև արդյունաբերության հինգ ձեռնարկություն։ Հայաստանում մինչև տարեվերջ կբացվի ևս երկու գործարան` մանածագործարան և կարի։ Արտադրողները խոստանում են ամենաքիչը երկու անգամ մեծացնել պատրաստի արտադրանքի ծավալները։ Նախատեսվում է նաև արտադրանքը Եվրոպա արտահանել։

Տեղի է ունենալու Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացումը

Մարտի 22-ին, ժամը՝ 10:00-ին, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում երեք իրավատեր հարանվանությունների գահակալների, պետական ու ազգային գործիչների ներկայությամբ կատարվելու է Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացումը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից, անցնող 11 ամիսների ընթացքում կատարվել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման, վերականգնման, հնագիտական աշխատանքներ՝ Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր հարանվանությունների անմիջական հսկողության ներքո: Ինչպես և նախատեսված էր, բոլոր աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի Զատկական տոնակատարությունների սկիզբը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի նկարիչների միություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ Նախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա  Հարությունյանի նկարների ցուցահանդես:

Ներկայացված էին հեղինակի «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի համադրությամբ, յուրահատուկ տեխնիկայով:

Նախարարը բարձր գնահատեց հայկական մշակույթն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում պատշաճ և հետաքրքիր մատուցմամբ ներկայացնելու նկարչուհու ջանքերը և նշեց, որ թեև  նա ուսումը շարունակել է Գերմանիայում, 20 տարեկանից դարձել Գերմանիայի նկարիչների միության անդամ, սակայն նրա արվեստի շարժիչ ուժն ու ներշնչանքի ակունքը Հայաստան աշխարհն է՝ հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկը: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և կարևորեց Արենիից պեղած 5.500-ամյա աշխարհի ամենահին հայկական գտածո կոշիկի նկարի ցուցադրությունը Իսպանիայի Էլդա քաղաքի Կոշիկի թանգարանում, և այն ՀՀ սփյուռքի նախարարության անունից թանգարանին նվիրելը:

Աննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իր արվեստը բարձր գնահատելու համար և հավաստիացրեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով:

«Իսպանիայի ձայնը-3» նախագծի մասնակից Հայկ Արսենյանը այցելել է «Հայ տուն»

Մարտի 18-ին «Հայ տուն» են այցելել և Բարսելոնայի հայկական մշակութային միության մեկօրյա դպրոցի ուսուցչական կազմի և սաների հետ ծանոթացել «Իսպանիայի ձայնը-3» (LA VOZ KIDS 3) նախագծի շնորհալի մասնակից, մեր հայրենակից Հայկ Արսենյանը և իր ծնողները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, հանդիպման ընթացում Հայկը պատմել է իր փորձառության մասին ու դպրոցի սաների հետ կատարել «Երևան-Էրեբունի» երգը: Ապա տեղի  է ունեցել մտերմիկ զրույց:

Բարսելոնայի հայկական մշակութային միությունն իր անդամների ու «Հայ տան» մեծ ընտանիքի անունից հաղթանակ և նորանոր հաջողություններ են մաղթում Հայկին:

Մայրենիի և Բարեկենդանի տոները Մինսկի Հայորդյաց մեկօրյա կրթօջախում

Փետրվարի 26-ին Մինսկի Հայորդյաց մեկօրյա կրթօջախի ուսուցիչները պատեհ առիթը բաց չեն թողել մեծարելու մեր լեզուն, մշակույթը, կոմիտասյան երաժշտությունը, հայ եկեղեցու ավանդույթները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կրթօջախից, բացման խոսքով հանդես է եկել տիկին Գայանեն, որը ներկայացրել է Մայրենիի անզուգական գեղեցկությունը, նրա անբավ հարստությունը։

Երեկոն հուզառատ է եղել, երբ ռուսախոս երեխաներն են արտասանել հայերեն: Առավել սրտառուչ էր կրթօջախի փոքրիկների ելույթը. նրանք ցուցադրել են «Մայրենիի դաս» բեմականացումը։

Աննա Հակոբյանն ասմունքել է իր հոր՝գրող Անդրանիկ Հակոբյանի «Որդան կարմիր»բանաստեղծությունը։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Բարեկենդանին: Տոնի խորհուրդը ներկաներին ներկայացրել է տիկին Զարուհին: Այնուհետև երեխաները ցուցադրել են Բարեկենդանին նվիրված խաղեր, երգեր, հանդիսատեսին առաջադրել հանելուկներ։

Ողջ երեկոյի ընթացքում զգացվում էր թումանյանական շունչը։ Տպավորիչ էր երեխաների բեմադրած «Բարեկենդան» հեքիաթը։ Ավարտին վերջիններս պարել են հայկական ավանդական պարեր՝ Քերծի, Փափուռի:

Վերջում բոլորին սպասում էր հայկական ավանդական կերակրատեսակներով հարուստ տոնական սեղանը:

12 3 4

5

Երկօրյա ցուցահանդես-վաճառք «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի մասնաճյուղի նախաձեռնությամբ

Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի մասնաճյուղի նախաձեռնությամբ  մարտի 2-ին եւ 3-ին սույն մասնաճյուղի կենտրոնատեղիի դահլիճում իրականացվեց գարնանային ցուցահանդես-վաճառք` առիթ ընձեռելով Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ձեռներեց կանանց վաճառքի հանելու իրենց պատրաստած թխվածքները, ձեռքի աշխատանքները, տոնական զարդերը, մրգանուշը,  թթվեղենը եւ մի շարք այլ իրեր, գրում է norjugha.ir կայք-էջը:

Վաճառքի բաժնում հատուկ կրպակ էին զբաղեցրել նաեւ կազմակերպիչ միությունն ու Նոր Ջուղայի Հայուհյաց բարեգործական ընկերությունը` ցուցադրելով իրենց շնորհաշատ անդամուհիների ձեռքի պատրաստածը:

Երկօրյա աշխատանքի ընթացքում բազմաթիվ հայ եւ պարսիկ հայրենակիցներ այցելեցին սույն ցուցահանդես-վաճառքի կենտրոն. պարսիկ հայրենակիցները հատկապես առիթ ունեցան մոտիկից ծանոթանալու հայկական ձեռարվեստին ու մշակույթին:

Վաճառքին զուգահեռ նախատեսված էր նաեւ հյուրասիրություն.  այցելուներին մատուցվեց համեղ ուտելիքներ ու ըմպելիքներ:

Ծրագրի կազմակեպման գործում մասնաճյուղի վարչության հետ համագործակցել էին նույն միության Ձեռնարկային հանձնախումբն ու Գրական միավորը:
cvajark_01vajark_02 vajark_03

Իսրայելի քաղաքացին հրապարակել է իր անձնագրում Արցախի վիզայի լուսանկարը

Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որը Արցախում մասնակցում է Բլոգերների միջազգային ֆորումին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր անձնագիրը, որում դրոշմված է Արցախ մուտք գործելու վիզան:

«Արցախի վիզան դրել եմ Իսրայելական անձնագրիս մեջ»,-իր լուսանկարը մակագրել է Անտոն Մերկուրովը: Ֆորումին մասնակցում է նաև ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը, որ հայտնի է «Ռունետի արքա» մականունով:

«Եթե ձեզ ասեն, թե Արցախը նման չէ հարևան մյուս տարածաշրջաններին, հավատացեք, դա այդպես է: Մինչև գալս անկեղծ չէի հավատում»,- Ankakh.com-ի փոխանցմամբ՝ գրել է բլոգերը:

%d5%be%d5%ab%d5%a6%d5%a11%d5%be%d5%ab%d5%a6%d5%a1

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շքանշան է հանձնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին

Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Գյուլերին է շնորհվել «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանը:

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, պատրիարքարանի ներկայացուցիչ Մաղաքիա աբեղա Պեսքիզիյանը և այլք:

Միջոցառմանը Արա Գյուլերի կենսագրությունը ներկայացրել է դերասան Պողոս Չալկջօղլուն: Արվեստագետի կյանքի և գործունեության մասին խոսել է լուսանկարիչ Ջոշքուն Արալը և պատմաբան Իլբեր Օրթայը:

Օրվա ծրագիրն ուներ նաև երաժշտական հայտագիր:

Հանդիպման վերջում ներկաները դիտել են Գյուլերի կյանքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

«Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:

2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս շուրջ 600 նոր աշխատատեղ: