Նախագահը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաև հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ:

«Լույսի» կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման սկզբում համառոտ խոսել է հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումների, այդ թվում՝ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակների մասին, որից հետո մրցույթի ժյուրիի անդամները ներկայացրել են հաղթողներին, ովքեր լսարանին պատմել են իրենց ծրագրերի մասին, պատասխանել Հանրապետության Նախագահի և հանդիպման մասնակիցների հարցերին:

Հանրապետության Նախագահը 2016-2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները, շնորհավորել և մաղթել նորանոր հաջողություններ:

«Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաստատենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն օգտակար են և պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը: Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, և արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր: Իրոք, ուրախ եմ այս հաջողությունների համար, որ ունենք և կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետև ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել միայն երիտասարդները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ «Լույս»-ը հավերժ շարունակելու է իր գործունեությունը և մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը: «Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն: Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,-ընդգծել է Նախագահը և նշել, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը:

Հայաստանը մասնակցեց Հռոմում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի փառատոնին

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Հռոմում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի 8-րդ փառատոնին՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» գեղարվեստական ֆիլմով:

Ֆիլմի ցուցադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքներին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Մարտի 16-ին Հռոմի «Ֆրանսիական ինստիտուտ-Սեն Լուիզ կենտրոնի» սրահում ունեցած միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ինստիտուտի տնօրեն Օլիվիե Ժակոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Օլիվիե Ժակոն, ողջունելով ներկաներին, իր ուրախությունը հայտնեց փառատոնին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար՝ մաղթելով շարունակականություն:

Դեսպան Բաղդասարյանն էլ իր հերթին բարձր գնահատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը միջմշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում:

Հայաստանի դեսպանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու մասին:

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նաև խոսեց Հայաստանից ներկայացված ֆիլմի մաիսն՝ այն բնութագրելով որպես մարդկային երազանքների ու իրականության, անցյալի ու ներկայի բախում:

Կանանց մեկամսյակը Միսլատայում մեկնարկեց աննախադեպ համերգով

«Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունը վերաբերում էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, որի կապակցությամբ Միսլատայի երաժշտական կենտրոնի դահլիճում ներկայացվեց աննխադեպ համերգային ծրագիր:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են«Արարատ» հայկական միությունից, աշխարհահռչակ կոմպոզիտորներ և երգահաններ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ռևուտսկու, Դեբյուսիի և այլոց հանրահայտ գլուխգործոցները ավելի քան 200 հոգանոց դահլիճին հրամցրեցին վալենսաբնակ հայ և ուկրաինացի տաղանդավոր երաժիշտները՝ բարիտոն Էդգար Աբրամյանը, սոպրանո Աննա Ասոյանը, ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանը, դաշնակահարներ Միկոլա դորոշն ու Ալինա Սախնենկոն, ինչպես նաև հրավիրվածներ Ալեքսեյ և Սվետլանա Կրիսանովները:

Համերգին իրենց համագործակցությունը ցուցաբերեցին Միսլատայի մշակութային շարժում (MAM) միության անդամները, ովքեր ասմունքեցին իրենց իսկ ստեղծագործությունները: Ողջ համերգը նվիրված էր կնոջը, գարնանը, սիրուն և կյանքի զարթոնքին:

Հայազգի տաղանդավոր երգիչներ Աննա Ասոյանն ու Էդգար Աբրամյանը սովորում են Վալենսիայի կոնսերվատորիայում: Բացի վոկալից, Աննա Ասոյանը նաև դաշնակահար է, և համերգին հանդիսատեսին ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Անդանտինո» ստեղծագործությունը:

Ներկաները մեծագույն հաճույքով էին լսում Էդգար Աբրամյանի բարձրակարգ կատարումները, որոնք ուղեկցվում էին ոգևորիչ ծափողջույններով:

Իսկ ահա Վալենսիայի Արվեստի պալատի ջութակահարոհի Տաթևիկ Խաչատրյանի ներկայացրած մեղմահունչ մեղեդիները հուզմունք և կարոտ փոխանցեցին բոլորին: Եվ այս ամենը ուկրաինացի տաղանդավոր դաշնակահարներ Միկոլա Դորոշի և Ալինա Սախնենկոյի հիանալի կատարումների ուղեկցությամբ: Նրանք իրենց աննկարագրելի, բարձրակարգ ելույթներով պարզապես գերեցին հանդիսատեսին:

Ընթացիկ տարվա արդեն երկրորդ նմանատիպ համերգը կարծես թե աստիճանաբար վերածվում է լավագույն ավանդույթի հայաշատ Միսլատայում և Վալենսիայում, և խոստանում վառ ապագա և աշխարհագրության ընդլայնում:

%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a310%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a32%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a3%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a31 %d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a34%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a39 %d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a38%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a37 %d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a36 %d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a35

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների և պատասխանատուների հետ:

Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, համագործակցության ծրագրերը՝ համեմատություններ անցկացնելով նախորդ տարիների հետ: Նրանք խոսել են նաև հետագա անելիքների ու ակնկալիքների մասին: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետվությունը ներառել է ութ հիմնական ուղղություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների, գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական մրցույթի կազմակերպում և հայազգի գիտնականների դասախոսությունների կազմակերպում:

Նախագահը ներկայացված զեկույցը լսելուց հետո, գիտնականներից հետաքրքրվել է, թե տրամադրվող աջակցությունը որքանո՞վ է օգտակար նրանց համար և ինչպե՞ս են երիտասարդները գնահատում իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին երիտասարդ գիտնականներին հետևողական աջակցության և խրախուսման համար՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերի շնորհիվ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար տարեցտարի ավելի գրավիչ է դառնում, ինչի մասին է վկայում նաև հայտարարվող մրցույթներին մասնակցողների թվի զգալի աճը:

Նախագահն ընդգծել է, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նպատակը գիտության առաջընթացին նպաստելն ու ոլորտը կադրային ներուժով համալրելն է, ինչպես նաև աջակցելը հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով շփվելու արտերկրի իրենց գործընկերների հետ, ծանոթանալու համաշխարհային գիտության զարգացումներին, նորություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև այն ձեռքբերումների խրախուսումը, որոնք կարող են օգտակար լինել երկրի ներսում որոշակի առաջընթաց ապահովելուն՝ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ նպաստելով գիտական մշակումների կիրառելիությանը:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը շնորհակալագրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին:

«Մի պնակ տաք ճաշ». նոր նախաձեռնություն

2017 թվականի մարտին մեկնարկեց «Մի պնակ տաք ճաշ» նախաձեռնությունը, որի շրջանակներում Արարատի մարզի Նորամարգ գյուղի շուրջ 400 բնակիչ, որպես օգնություն, ստացավ սնունդ: Ծրագրի մասին «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նախաձեռնող Գաբրիել Փանոսյանի հետ: 

– Պարո´ն Գաբրիել, ինչպե՞ս ծագեց ծրագիրը նախաձեռնելու միտքը, և ո՞րն է նպատակը:

–  «Մի պնակ տաք ճաշ» նախագծի մասին սկսեցի մտածել ձմռանը, երբ այցելեցի Նորամարգ ու տեսա մարդկանց, որոնք մնացել էին առանց աշխատանքի և ապրուստի: Երբ հարցրի՝ ինչի՞ն եք սպասում, պատասխանեցին՝ Աստծո ողորմությանը: Տուն վերադարձա ու որոշեցի, որ ինչ-որ բան պետք է ձեռնարկել այդ մարդկանց օգնելու համար: Մտածեցի, որ այդ մարդիկ տաք ճաշի կարիք ունեն: Դիմեցի երեք ծանոթներիս, ովքեր համաձայնեցին նվիրատվություն կատարել: Ապա ծրագրի մասին հայտնեցի գյուղապետին, ով ողջունեց նախաձեռնությունը և տվեց գյուղի ամենակարիքավոր մարդկանց ցուցակը: Քանի որ գյուղում հողատարածք ունեմ, որոշեցի այնտեղ ճաշարան բացել և ամեն օր գյուղի հարյուր բնակիչների տաք ճաշ բաժանել: Սակայն հասկացա, որ դժվար ու ժամանակատար աշխատանք է, ուստի որոշեցի ճաշը պատրաստել ու ասել գյուղացիներին, որ գան-տանեն: Պտտվելով գյուղում՝ նկատեցի, որ գյուղացուն հարմար չի լինի ամեն օր մոտ երեք կիլոմետր ճանապարհ կտրել և անբարեկարգ ճանապարհներով ճաշը տանել իրենց տուն: Հասկացա, որ ամենաճիշտ տարբերակը սնունդը գյուղացիներին բաժանելն է: Անցած շաբաթ սնունդ բաժանեցինք խիստ կարիքավորներին, իսկ մարտի 15-ին՝  մոտ 65 ընտանիքի:

– Ովքե՞ր են ներգրավված աշխատանքներում, և ի՞նչ միջոցներով եք իրաականացնում աշխատանքները:

– Աշխատանքն իրականացվել է իմ և բարեկամներիս միջոցներով: Որպես օգնություն՝ տվեցինք բրինձ, ալյուր, մակարոնեղեն, ձեթ և կարտոֆիլ: Փաթեթավորման ու օգնությունը բաժանելու հարցում մեզ օգնեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները, ովքեր սիրահոժար եկան  և մոտ հինգ օր միասին պատրաստեցինք ու բաժանեցինք օգնությունը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ ուրախությամբ եկան, և օգնեցին ինձ իրականացնելու այս ծրագիրը:

– Պարոն Գաբրիե´լ, արդյո՞ք շարունակական բնույթ է ունենալու այս նախաձեռնությունը: Հետագա ի՞նչ նմանատիպ ծրագրեր ունեք:

– Այս ծրագրի տևողությունը երկու ամիս է, և եթե նվիրատուներ գտնենք, ապա այն միանշանակ շարունակական բնույթ կկրի: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, նշեմ, որ երբ օգնություն էինք բաժանում, մտածեցի, որ գյուղացիներին կարել է կարտոֆիլի սերմ տրամադրել, որպեսզի ցանեն իրենց հողատարածքներում ու ողջ տարվա համար կարտոֆիլ ունենան: Կարտոֆիլի սերմ ցանկացող գյուղացիներին հերթագրեուց հետո՝ նաև դա կբաժանենք:

Զրուցեց Արփի Թիլիքյանը

%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b7%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b71 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b72%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b73 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b74%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b75 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b76%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b77 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b78%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b79 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b710%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b711 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b712%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b714 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b715 %d5%b4%d5%ab-%d5%ba%d5%b6%d5%a1%d5%af-%d5%bf%d5%a1%d6%84-%d5%b3%d5%a1%d5%b716

 

Նիդերլանդների դատարանը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակի համար խիստ պատիժ է սահմանել  

Մարտի 17-ին հրապարակվեց Հոլանդիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած և «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակ, Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավճիռը:

Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, դատարանը Իլհամ Աշկինին դատապարտել է 120 ժամ հարկադիր աշխատանքի և մեկ ամիս բանտարկության՝ երկու տարի պայմանական ժամկետով, ինչը նշանակում է, որ եթե վերջինս այդ ուղղությամբ կրկին սխալ թույլ տա, ապա անպայման պատիժը կկրի:

«Դատարանը ավելի խիստ պատիժ սահմանեց, քան պահանջում էր դատախազությունը՝ հարկադիր աշխատանքային 80 ժամ և պայմանական երկու շաբաթ բանտարկություն: Սա ավելին է, քան մենք կարող էինք սպասել: Դատարանը հաշվի է առել, հավանաբար, նաև այն հանգամանքը, որ դատավարության ընթացքում Աշկինը մի քանի անգամ հայտարարեց, որ չի զղջում իր արարքի համար»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մասիս Աբրահամյանը և հավելեց, որ Նիդերլանդներում դատարանի վճիռը օրենքի ուժ է ստանում, և այսուհետ եթե որևէ մեկը նմանօրինակ արտահայտություն անի՝ կարող է բանտարկվել:

«Այս դատավճիռը կարող է օրինակ ծառայել բոլոր այն երկրներում ապրող հայերի համար, որտեղ օրենքի գերակայություն կա: Նրանք կարող են հետամուտ լինել, որպեսզի նմանօրինակ կոչերի ու արտահայտությունների հեղինակներն անպատիժ չմնան ու անպայման կանգնեն դատարանի առաջ: Նմանօրինակ հաղթանակներով մենք  կարող ենք հասնել մեր մեծ նպատակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի Հանրապետության ճանաչում: Այս ամենը փաստում են, որ Հայ դատի պայքարը առօրյա, ամենօրյա աշխատանք է»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Նշենք նաև, որ դատավճռի հրապարակմանը ներկա են եղել Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբից Մասիս Պողոսյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը:

Հավելենք, որ  2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ ուղղված հանրահավաք, որին հիմնականում մասնակցել են թուրքեր։ Հանրահավաքի ժամանակ Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը հայտարարել էր, որ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:

Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, բողոք էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ:

Մարտի 3-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80

Ձախից՝ Մաթո Հախվերդյան, աջից՝ հայկական կողմի փաստաբան Ռիչարդ Կորվեր, աջից երկրորդը՝ Մասիս Աբրահամյան

dacjd-abrahamian-1024x678

 

Տեղի ունեցավ երգչուհի, երգահան Լիլիթ Յանի համերգը

Մարտի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, «Ստեղծիր քո տունը» հ/կ-ի նախաձեռնությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հովանավորութամբ տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը:

Մենահամերգը սկսվեց Տեր Նշան քահանայի օրհնությամբ: Ծրագրում հնչեցին Կոմիտասյան և այլ հայ երգահանների ստեղծագործություններ («Չինար ես», «Քելե քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել է», «Ցոլեր»):

Լիլիթ Յանը՝ որպես խմբավար և երգչուհի աշխատել է բազմաթիվ եկեղեցիներում:
Որպես մենակատար-երգչուհի մասնակցել է  հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթների և փառատոնների:

Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը

Մարտի 17-ին Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի և Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:

Ծրագրի գործընկեր կառույցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով սիրիահայերի համար հերթական ծրագրի մեկնարկը՝ նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի գործընկեր կազմակերպություններին, հատկապես Իզմիրլյան հիմնադրամի մարդասիրական կենտրոնին, որը Վեհափառի օրհնությամբ պատրաստակամ է օգնել լուծելու սիրիահայերի բժշկական խնդիրները, նրանց համապատասխան բժշկական խորհրդատվություն և օգնություն տրամադրել: Մեր շատ սիրելի սիրիահայերի համար ստեղծված են բոլոր պայմանները: Մինչև օրս տարբեր բուժհիմնարկներում ավելի քան 5000 սիրիահայ անվճար պոլիկլինիկական ծառայություններ և բժշկական օգնություն է ստացել: Հատուկ շնորհակալություն բժիշկներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, հոգատարության համար»:

Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունեց և գործընկեր կառույցներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը:

Իր ողջույնի խոսքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ կյանքի կոչելու մի ծրագիր, որի իրականացումը մեր սրբազան պարտքն է՝ որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու: Որպես բժիշկ՝ խոր երախտագիտություն եմ հայտնում բոլոր գործընկեր կառույցներին, որոնք նախաձեռնեցին, կազմակերպեցին և կարողացան կյանքի կոչել այս ծրագիրը»:

Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Արմեն Չարչյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, հիմնադիր անդամ Ծովիկ Պայթարյանը:

«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Այն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:

34 56

Շվեդահայ համայնքը Հայաստանում շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել

Շվեդիայում 2016 թվականից գործող «Շտապ օգնություն, Հայաստա՛ն» բարեգործական կազմակերպության ատենապետ Լորանս Շառոյանն ու փոխատենապետ Կարեն Հարությունյանը կրկին Հայաստանում են՝ Շվեդիայի հայ համայնքի կողմից հավաքված գումարով տարատեսակ օգնություն ցուցաբերելու Հայաստանի և Արցախի գյուղերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Նրանց է միացել նաև կազմակերպության խորհրդի անդամ Ջուել Հովհաննիսյանը:

Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա գարնանը: Լորանս Շառոյանն ու Կարեն Հարությունյանը գնացել են Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի մարզեր և սննդամթերք, հագուստ, առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, մանկական խաղալիքներ, դեղորայք, կով գնել նախապես ընտրված 24 ընտանիքների համար: Մեկ անգամ էլ նույն նախաձեռնությամբ 2016 թվականի ձմռանն են Հայաստան եկել:

Դրանից հետո կազմակերպությունը շահել է շվեդահայերի, և ո´չ միայն, վստահությունը, քանի որ նրանք հասկացել են՝ փոխանցված գումարները չեն կորչում, այլև՝ մինչև վերջին լուման նպատակին են ծառայում:

Քաջալերելով Լորանս Շառոյանի և Կարեն Հարությունյանի ազգանվեր գործունեությունը՝ համայնքը 2017 թվականի ծրագրերի իրականացման համար զգալիորեն ավելի մեծ գումար է հանգանակել՝ շատ ընտանիքների աջակցելու և համապարփակ աշխատանքներ կատարելու համար:

Հարկ է նշել, որ հանձնախմբի կատարած աշխատանքների կողքով անտարբեր չեն անցնում շվեդները և Շվեդիայում գործող ոչ հայկական կազմակերպությունները.համացանցով տարածված տեղեկատվական հոլովակներից իրազեկվելով նախաձեռնության մասին՝ ոգևորվում են և իբրև մարդասիրական քայլ՝ պարբերաբար գումար փոխանցում:

Հանձնախումբը, հետագա անելիքները դյուրացնելու համար, տարվա ընթացքում ազգային, եկեղեցական և պետական տոներին նվիրված միջոցառումներ է կազմակերպում, որն էլ գումար ձեռք բերելու լավ միջոց է հանդիսանում: Վերջին միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

«Այս տարի որոշել ենք առարկայական օգնություն ցուցաբերել, որպեսզի տվյալ ընտանիքը կարողանա տևական ժամանակով օգտվել այդ ամենից.ինչպես օրինակ՝ ընտանիքներից մեկին կարի մեքենա, մյուսին՝ հորթ, իսկ մի խուլ երեխայի համար՝ բժշկական հետազոտություն անցնելուց հետո լսողական սարք գնեցինք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Կարեն Հարությունյանը:

Հանձնախումբն այս տարի նաև Արցախի հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու համար Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ է գնացել: Ինչպես նշում է Լորանս Շառոյանը, այցելության նպատակը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամբողջությամբ դատարկված Թալիշ գյուղում առկա իրավիճակը տեսնելն էր, որպեսզի կողմնորոշվեին, թե հետագայում  ինչ տեսակի օգնություն կազմակերպել:

«Հանդիպելով Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանին՝ քննարկման արդյունքում հասկացանք, որ Թալիշում անհրաժեշտ է աջակցել շինարարական աշխատանքներին, այս հարցով այնտեղ աշխատող շինարարները նույնպես դիմեցին մեզ: Բոլոր առաջարկները գրանցել ենք, որպեսզի Շվեդիա հասնելուց հետո հայ համայնքին ներկայացնենք ու փորձենք համախմբված օժանդակություն կազմակերպել»,-նշեց Լորանս Շառոյանը՝ հավելելով, որ առհասարակ, Հայաստանն ու Արցախը երբեք չեն առանձնացնում. իրենք այնտեղ ենք, որտեղ իրենց հայրենակիցները օգնության կարիք ունեն:

Լորանս Շառոյանն ու Կարեն Հարությունյանը զրույցի վերջում տեղեկացրեցին, որ հանձնախումբն արդեն գործունեությունն օրինականացրել է և բարեգործական կազմակերպություն ճանաչվել: Նրանք նպատակադրվել են աշխատանքային գործունեությունը չսահամանափակել միայն Ստոկհոլմ և Սյոդերթելյե քաղաքներում.շատ հնարավոր է «Շտապ օգնություն, Հայաստա՛ն» բարեգործական կազմակերպության մասնաճյուղեր բացեն ինչպես Շվեդիայի մյուս հայկական, այնպես էլ՝ Վիեննայի, Դանիայի համայնքներում:

Կատարված աշխատանքները լայնորեն լուսաբանելու, հանրությանն իրազեկելու նպատակով՝ անգլերեն և շվեդերեն լեզուներով պաշտոնական՝ www.akuthjalp.nu («Շտապ օգնություն») կայքն են բացել: Նախատեսվում է կայքում շուտով հայերեն լեզվով նյութեր ևս զետեղել:

Գևորգ Չիչյան

 

1 122

12412311

 

«Հայաստանն ինձ համար մի երկիր է, որի հետ հոգու յուրահատուկ, անբացատրելի կապ ունեմ» գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինց

ՀՀ սփյուռքի նախարարությունում Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքից հյուրընկալված, մասնագիտությամբ ճարտարապետ Ալբերտ Սևինցի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Բարո՛վ եք եկել Հայաստան, հարգելի՛ հայրենակից. ինձ հետաքրքրեց Ձեր ազգանվան ծագումը. զանգեզուրցի՞ եք:

-Շնորհակալ եմ բարեմաղթանքի համար. ազգանվանս ծագումը ոչ մի կապ չունի այդ գեղեցիկ լեռնաշխարհի հետ, դա 18 տարի առաջ տրվել է թուրքական կառավարության կողմից: Ես ծնվել եմ Ստամբուլում, հորս արմատները Մարդինից են, մայրիկինս՝ Կայզերիից:

-Պարո՛ն Սևինց, ե՞րբ և ինչու՞ հայտնվեցիք Գերմանիայում:

-18 տարեկանում, 1978 թվականին դուրս եմ եկել Ստամբուլից, որովհետև իրավիճակը Թուրքիայում շատ ծանր էր, բացի դրանից՝ այդ տարիքում ուզում ես ճանաչել աշխարհը: Ես ընտրեցի Ռուրի՝ հին արդյունաբերական տարածքի Հերմե քաղաքը:

-18-ամյա պատանի էիք, լի՝ երազանքներով, ապագայի ծրագրերով…ի՞նչ տվեց Ձեզ Գերմանիա տեղափոխվելը, կարողացա՞ք բարձրագույն կրթություն ստանալ, ձեռք բերել մասնագիտություն և մասնագիտական հմտություններ:

-Դեռևս Ստամբուլում հորիցս սովորել եմ մեր ընտանեկան արհեստ-արվեստը՝ ոսկերչությունը, իսկ Գերմանիայում ուսանել եմ ճարտարապետություն, հմտություններ ձեռք բերել և աշխատել իմ մասնագիտությամբ:

-Պարո՛ն Սևինց, լինելով ազգությամբ հայ ճարտարապետ՝ ուսումնասիրե՞լ եք հայկական ճարտարապետության պատմությունը և արդյոք Ձեր նախագծերում օգտագործու՞մ եք մեր ճարտարապետությանը բնորոշ տարրեր:

-Ես ծանոթ եմ հայկական ճարտարապետությանը, սակայն ոչ շատ մանրամասնությամբ ու մասնագիտացված ձևով: Սովորաբար իմ նախագծերում օգտագործում եմ հայկական քարերը՝ տուֆը, գրանիտը, բազալտը…

-Ձեր բնակության երկրում, քաղաքում քաջատեղյա՞կ են հայկական ճարտարապետությանը:

-Ճանաչում են, բայց ոչ՝ շատերը: Նրանց հիմնականում դուր է գալիս հին հայկական եկեղեցաշեն ճարտարապետությունը:

-Հաճախակի՞ եք լինում Հայաստանում և, եթե գաղտնիք չէ, ասացեք, խնդրեմ՝ ո՞րն է Ձեր այցի գերնպատակը:

-Տարվա մեջ ես 4-5 անգամ եմ լինում Հայաստանում. 3 ամիս առաջ էլ այստեղ էի, իսկ Սփյուռքի նախարարությունում առաջին անգամ եղա, ուր հրավիրված էի: Առաջին անգամվա համար նախնական ծանոթություն ունեցա նախարարի հետ և նախարարության ծրագրերին: Հետագայում երևի կունենանք նաև համագործակցություն: Ես Հայաստանում կառուցապատման աշխատանքներով եմ լինում:

-Պարո՛ն Սևինց, այսօրվա հայկական ճարտարապետության արտաքին կառուցվածքն արդյոք դու՞ր է գալիս Ձեզ. նորաոճ շենքե՞րն եք հավանում, հնե՞րը…

-Իրականում ես դրանց միջև շատ տարբերություն չեմ տեսնում, որովհետև այսօրվա կառուցված շինությունները հին շինություններից ունեցած ազդեցություններով են կառուցվում, ուստի ես դրանց միջև շատ մեծ անջրպետ չեմ տեսնում:

-Իսկ, ընդհանրապես, ի՞նչ մտադրություն ունի պարոն Սևինցը՝ մշտապես ապրել Գերմանիայու՞մ թե՞ մի օր վերադառնալ ու մշտապես հաստատվել Հայաստանում:

-Ես Հայաստանի հյուսիսում, Գյումրիում ինչ-որ գործեր եմ անում՝ կառուցապատման հետ կապված, և այդ գործերի թիվը կշատանա. դրանք օգնության, օժանդակության սկզբունքներով են արվում:

-Պարո՛ն Սևինց, Դուք հայերեն չեք խոսում, իսկ Ձեր ընտանիքը ՝Ձեր տիկինը, երեխաները հայախո՞ս են …

-Նրանք բոլորը խոսում են հայերեն, կինս հայուհի է և արևելահայերենով է խոսում:

-ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը ծանո՞թ է Ձեզ:

-Նախարարից տեղեկացա այդ մասին, շատ բան չգիտեմ ծրագրի մասին, սակայն լավ տպավորություն ունեմ և ողջունում եմ:

-Հնարավո՞ր է, որ Ձեր կառուցապատման աշխատանքներով օժանդակեք նաև Արցախին:

-Միանգամայն հնարավո՛ր է, հավանակա՛ն է:

-Վերադառնանաք Ձեր մանկության ու պատանության տարիներ, որոնք անցել են Ստամբուլում. ի՞նչ և ու՞մ եք հիշում Ձեր մանկությունից, որն ամենից շատ է տպավորվել Ձեր հիշողության մեջ, ո՞վ է այն մարդը, ով մեծ դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:

-Գուցե զարմանալի թվա Ձեզ, բայց ասեմ, որ իմ հոգում ու սրտում շատ է տպավորվել իմ մեծ պապը՝ Որդիք Գյուլբենկյանը, ում չեմ ճանաչել, ուղղակի շատ լավ բաներ եմ լսել նրա մասին. երևի դա՛ է մանկությունից ունեցած ամենավառ ու հաճելի հիշողությունը:

-Անշուշտ, հուզի՛չ է, պարո՛ն Սևինց…Կա՞ հայկական որևէ երգ, որը շատ եք սիրում ու երբեմն երգում եք, այսինքն՝ Ձեր հոգու երգը…

– Գերմանիայում երկար տարիներ ես երգել եմ հայկական երգչախմբում, սիրում եմ երգել, իսկ հոգուս երգը «Տեր ողորմյա»-ն է:

-Դուք ապրում եք մի երկրում, որտեղ ճշտապահությունն ու խստապահանջությունն ազգային ցայտուն ընդգծված հատկանիշ են համարվում. մենք էլ հաճախ կրկնում ենք «գերմանական ճշտապահություն» արտահայտությունը, դժվար չէ՞ր «դառնալ գերմանացի»:

-Այդ հարցերում շատ գերմանացիներից շատ ավելի գերմանացի եմ, այսինքն՝ ճշտապահ:

-Ձեզ Գերմանիայում ավելի շատ ճանաչում են որպես լավ մարդ թե՞ լավ մասնագետ:

-Կարող է այս հարցին այնքան էլ ճիշտ չպատասխանեմ. երևի ամեն մեկից՝ մի քիչ:

-Գերմանիայում մոտավորապես 3 միլիոն թուրք է ապրում. երբևէ առիթ ունեցե՞լ եք նրանց հետ հետ առնչվելու և ինչպիսի՞ հարաբերություններ են:

-Իմ շինարարությունում շատ թուրքեր են աշխատում, մաքուր, պարզ հարաբերություններ են ձևավորված, նրանք գիտեն, որ ես հայ եմ, և իմ տեսակետը Թուրքիայի պետության հանդեպ նույնպես նրանց համար պարզ է:

-Ստամբուլը Ձեր ծննդավայրն է, Գերմանիան՝ բնակության երկիրը, իսկ ի՞նչ է Հայաստանը, Հայրենիքը Ձեզ համար:

-Հայաստանը մի երկիր է, որի հետ հոգու յուրահատուկ, անբացատրելի կապ ունեմ:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

img_9088

 

 

Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսությունը

Մարտի 16-ին Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում կայացավ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգը, որին ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ դիմել Ձեզ՝ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկականում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այս միջոցառումը իր ներկայությամբ պատվելու համար։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համերգի կազմակերպման գործում, և, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այս տոնական առիթը մեզ հետ միասին այսօր նշելու համար:

Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում։

Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարևորության մասին չէ, այլ խաղաղ և բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է Միավորված ազգերի կազմակերպության հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ և հետո, միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը հենց այս ձգտումներով և նպատակներով:

Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում:

Այս պարտավորություններն են ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին:

Հարկ է շեշտել, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մեր ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։

Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը»։

Երաժշտական կատարումներով հանդես եկան անվանի հայ երաժիշտներ՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, Արմեն Հյուսնունցը, Արտյոմ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Կարեն Քոչարյանը, ինչպես նաև՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը:

Հանրապետության Նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից և պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ՝ այդ նշանակալի հոբելյանի առթիվ մաղթել նրան առողջություն և ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով:

Աշխարհահռչակ երաժիշտ Եվգենի Կիսինն ամուսնացել է հայուհու հետ

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն ամուսնացել է հայուհի Կարինե Արզումանովայի հետ: Այս մասին գրում է «Новости классической музыки»-ն: Հարսանիքը տեղի է ունեցել մարտի 10-ին Պրահայում, որտեղ Արզումանովան ապրում է: Ըստ լրատվամիջոցի՝ Կիսինը և Արզումանովան ծանոթ են մանուկ հասակից:

Կիսինը ժամանակակից ամենաթանկ վարձատրվող երաժիշտներից է: Նա հյուրախաղերով շրջագայում է ամբողջ աշխարհում, ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի հետ:

Կիսինը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշմամբ: Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի՝ 1915 թվականի գործողությունները: 2015 թվականին New York Times-ին տված իր հարցազրույցում ընդգծել է, որ ելույթ չի ունենա Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ընդունել իր հանցագործությունը, գրում է armtimes.com-ը:

ARMTAB համակարգիչներ ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից

ՀՀ բնապահպանության նախարարությունում շարունակվում են նախարարության նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները: Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին զուգահեռ նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ շարունակվում է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում համակարգչային տեխնիկայով վերազինման գործընթացը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Մարտի 16-ին հերթական նվիրատվությունն է կատարվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից: ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք վարչություններ ստացել են Հայկական արտադրության ARMTAB համակարգիչներ, որոնք թե նախարարության գործակարգավարական խորհրդակցություններին, թե արտագնա հանդիպումներում առավել դյուրին կդարձնեն աշխատանքը: Հիշեցնենք, որ մինչ այս Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը համակարգիչներ և շինարարական վերանորոգումներ էր իրականացրել Բնապահպանության նախարարությունում:

Ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես նախաձեռնել նմանատիպ նվիրատվություններ` նախարարության աշխատանքային պայմանների բարելավման և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարի բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով:

882943