«Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել. մեր հայրենակիցները Ձեզ հավատում են». Ալբերտ Սևինց

Մարտի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին, ով Գերմանիայի Րուրի ավազանում զբաղվում է ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառուցապատմամբ: Հայաստան է եկել բարեգործական նպատակներով, իր «Ալբերտ Սևինց» հիմնադրամի միջոցով այստեղ նույնպես իրականացնում է կառուցապատման աշխատանքներ:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նա նշեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գումարվել է ճարտարապետների համահայկական 3 համաժողով, ստեղծվել է Ճարտարապետների համահայկական ասոցացիա, որը իրար է կապել տարբեր երկրների հայ ճարտարապետներին: Նախարարն առաջարկեց ճարտարապետների ընկերակցություն ստեղծել նաև Գերմանիյում, կապվել համահայկական ցանցի հետ: «Շատ լավ կլիներ, որ դուք ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները փոխանցեիք հայաստանցի ձեր գործընկերներին: Ձեր առաջարկները, խորհուրդները կարևոր են մեզ համար», – հավելեց նախարարը:

Ալբերտ Սևինցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց նախարարության գործունեությամբ, կառուցվածքով, առաջիկա ծրագրերով: Ոգևորությամբ տեղեկացավ «Դու ինչ ես արել Արցախի համար» շարժման մասին, պատրաստակամություն հայտնեց միանալ շարժմանը: Նա նշեց, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, ով տեսնում է, ոգևորության զգացում է ունենում: Եվ վերջում անդրադառնալով նախարարության գործունեությանը՝ պարոն Սևինցը հավելեց. «Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել: Մեր հայրենակիցները Ձեզ հավատում են»:

1

«Արմենիա» նավը պետք է տուն վերադառնա». Զորի Բալայան

Մարտի 16–ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Արմենիա» նավի անձնակազմի անդամներին՝ Զորի Բալայանի գլխավորությամբ:

Նախարարը ողջունեց հյուրերին, հետաքրքրվեց նրանց առաջիկա ծրագրերով:

Քննարկվեց հայոց պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» հայկական նավը Սուրբ Ղազար կղզուց Հայաստան տեղափոխելու հարցը: Զորի Բալայանը  նախարարին նվիրեց իր հեղինակած գիրքը, նավի պատկերը և ճանապարհորդության վերաբերյալ ֆիլմերի սկավառակներ՝ Սփյուռքի տարբեր համայնքներում ունեցած հանդիպումների մասին:

img_9198

ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով թույլ կտրվի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց:

Տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Նման որոշման ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:

«Պետերբուրգյան գարուն-2017»-ում հաղթել է հայաստանյան մասնակիցը

Սանկտ Պետերբուրգում կայացել է «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթը: Մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս հեղինակավոր մրցույթին մասնակցել են ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից և այլն:

Հայաստանյան մասնակից Ալեքսանդրա Կուզմինան, ով  ներկայացնում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (լարային բաժնի X դասարան, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան) «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի:

ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում:

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», – շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

«ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին  Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղավորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում եք բոլոր երկրների կառույցներին ու կազմակերպություններին, հրավիրում եք նրանց ուշադրությունը: Ուրախ եմ, որ կա հստակ մոտեցում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է գտնենք կառույցներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ խնդիրների լուծմանը, հիմնադրամ ստեղծել, որին կմասնակցի նաև Սփյուռքը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնես մշակույթ: Նրանք հարյուրից ավելի բիզնես ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչել»:

Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները, անդրադարձավ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:

Մոնիկա Կարկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրային առաջարկը, պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

%d5%b4%d5%a1%d5%af2%d5%b4%d5%a1%d5%af3

Չինաստանի հայկական համայնքի Շախմատի առաջին առցանց առաջնությունը

2017թ․ մարտի 12-ին, Պեկինի ժամանակով՝ 20:30-ին, մեկնարկել է Չինաստանի հայկական հա­մայնքի Շախմատի առաջին առցանց առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցել են համայն­քի անդամները։ Առաջնությանը գրանցվելու վերջնաժամկետ էր սահմանվել 2017 մար­տի 10-ը։ Ցանկացողները պետք է գրեին chinaarmenia@yahoo.com հասցեին։

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ին բոլոր գրանցվածները ստացան wechat QR կոդը և տեղեկացվեցին ընթացակարգի մա­սին։ Առաջնությունն ընթանում էր https://www.chess.com/ կայքում, ինչի համար և պար­տադիր պայ­ման էր, որ մինչև մարտի 10-ը մասնակիցները գրանցվեին նաև վերոնշյալ կայքում։

Երեք օր տևած թեժ պայքարից հետո ավարտվեցին խմբային խաղերը։ Արեն Գրիգորյանը, Ալբերտ Ոսկանյանը, Ռոզ Բաբայանը, Ռուբեն Գալստյանը, Արամ

Գալստյանը, Ռոբերտ Ծատուրյանը շարունակում են պայքարը չեմպիոնի տիտղոսի համար։

%d5%b7%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%bf2%d5%b7%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%bf

 

«Ուզում եմ՝ երեխաներս հոգու պոռթկումով հայրենասեր լինեն». հայրենադարձ ընտանիք

Ղազախստանում բնակվող գործարար Վահան Ավետիսյանը յոթ երեխաներին և ազգությամբ ռուս կնոջը հայրենադարձելն իր կյանքում կայացրած կարևոր որոշումներից է համարում: Երկար տարիներ ապրելով օտար միջավայրում՝ միշտ մտահոգ է եղել երեխաների ինքնության պահպանման խնդրով և ուղիներ է որոնել նրանց Հայաստան տեղափոխել՝այդպիսով պայքարելով ուծացման վտանգի դեմ:

Վահան Ավետիսյանը «Հայերն այսօր»-ի խմբագրություն էր հյուրընկալվել ավագ դստեր՝ տասնհինգամյա Նաիրայի հետ, ով զրույցի ընթացքում հիացրեց հայրենասիրական անկեղծ կեցվածքով ու հավասարակշռված,խելացի մտքերով:

-Պարո՛ն Ավետիսյան, փոքր-ինչ ակունքներ գնանք: Ե՞րբ եք հաստատվել Ղազախստանում և ի՞նչը շարժառիթ դարձավ, որ Հայաստան բերող ճանապարհը բռնեք:

-1987 թվականին Երևանից գնալով Ղազախստան՝ տարբեր աշխատանքներ եմ կատարել. համայնքային կյանքում եմ ներգրավված եղել, ճանապարհաշինությամբ եմ զբաղվել: Իսկ հիմա Դոմինիկյան Հանրապետությունում կակաո աճեցնելով եմ զբաղվում:

Կինս` Եկատերինան, ազգությամբ ռուս է, բայց իրեն հոգով հայ է զգում: Յոթ երեխա ունենք՝ 5 աղջիկ, 2 տղա: Չնայած մայրական կողմից հրեական ծագմանը՝ ինձ լիարժեք հայ եմ համարում և երեխաներիս էլ ուզում եմ իբրև հայ մեծացնել:

Ցանկանալով երեխաներիս և կնոջս ծանոթացնել հայկական ավանդույթներին, տեսարժան վայրերին՝ նրանց 2016 թվականին Հայաստան բերեցի: Կարճ ժամանակով էինք եկել, որը ճակատագրական դարձավ մեզ համար. երեխաներս այնքա՜ն սիրեցին իրենց Հայրենիքը, որ վճռականորեն որոշեցին այստեղ մնալ: Նրանք, բացի մեծ աղջկանիցս, ցավոք, հայերեն չեն խոսում, ինչն ինձ համար մտահոգիչ է: Ամեն կերպ հետամուտ եմ լինելու, որ սովորեն Մայրենին: Այժմ ռուսական թեքումով դպրոց են գնում՝ մինչև հայերեն գրել-կարդալուն վարժ կտիրապետեն:

Մեծ աղջիկս` Նաիրան, սովորելու մեծ ունակությունների շնորհիվ՝ մեկ տարվա ընթացքում սկսեց հայերեն խոսել: Նաիրան նաև անգլերեն, ռուսերեն և ղազախերեն լեզուներին է տիրապետում և ուրախ եմ, որ դրանց շարքում հայոց լեզուն սերտեց: Նա հիմա Բժշկական ուսումնարանում է սովորում:

Տեղափոխվելուց հետո մտադրվել ենք ՀՀ քաղաքացի դառնալ, որի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Ես ուզում եմ, որ երեխաներս հոգու պոռթկումով հայրենասեր լինեն:

11

-Նաիրա՛, մինչև հայրենադարձվելը Ղազախստանում կարողացե՞լ ես շուրջդ հայկական միջավայր ստեղծել:

-Հայաստանը միշտ իմ Հայրենիքն եմ համարել: Դպրոցում սովորելու տարիներին միջազգային հարաբերություններին նվիրված միջոցառումների ժամանակ հպարտորեն խոսել եմ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:

Այդ է պատճառը, որ հոգուս կանչին հետևելով՝ որոշեցի մնալ Հայաստանում. ուզում եմ ամբողջ կյանքս այստեղ ապրել:

Այս հարցում մեծ նշանակություն ունի հայրիկիս աջակցությունը: Նա մեզ դեռ փոքր հասակից պատմում էր հայերի՝ բարի, հյուրասեր ու տաղանդավոր մարդիկ լինելու մասին:

Գալուց հետո հույսերս, իրոք, արդարացան. Հայաստանն ինձ համար աշխարհի ամենալավ երկիրը դարձավ, ամեն ինչ հոգեհարազատ է: Առաջինը տպավորվեցի հայկական լեռնաշխարհի բնությամբ, ապա՝ սկսեցի Հայոց պատմությունը ուսումնասիրել, քանի որ կարևոր էր իմանալ հայ ժողովրդի անցյալը: Տարբեր գրքեր եմ կարդացել Հայոց ցեղասպանության մասին և խոր ցավ ապրել:

-Վարժ ու գեղեցիկ հայերենով ես խոսում: Մի՞թե սովորելու ընթացքն այդքան հեշտ է ստացվել:

-Հայաստանի հանդեպ իմ սիրուց էր, որ շատ հեշտությամբ կարողացա սովորել հայերենը: Սովորելու ամբողջ ընթացքում զգացողություններս անբացատրելի են եղել, հոգեհարազատ դարձած բառեր էլ ունեմ՝ Հայրենիք, հայ:

Հիմա արդեն օգնում եմ քույրերիս ու եղբայրներիս, որ դասերը պատրաստեն: Մայրիկս նույնպես ցանկանում է հիմնովին հայերեն սովորել. ազատ ժամանակ ունենալու դեպքում՝ ռուսերեն թարգմանությամբ հայկական պատմավեպեր է կարդում: Նա նաև հայկական խոհանոցին հրաշալի ծանոթ լինելով՝ թփով տոլմա, գաթա և այլ ուտեստներ է մեզ համար պատրաստում:

1512

Նաիրա´, արդեն ինտեգրվե՞լ ես հայաստանյան կյանքին: Ինչպե՞ս հաղթահարեցիր հոգեբանական այդ անցումը:

-Դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ դասարանում արտերկրից եկած այլ աշակերտներ էլ կային, իսկ ուսուցիչների ու դասընկերների կողմից մարդկային անկեղծ վերաբերմունքի արժանացա:

Ուսանողական կյանքն էլ լավ է անցնում, հասակակիցներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ: Զրույցների ընթացքում նրանք հետաքրքրվում են, թե Ղազախստանում ինչ առօրյա եմ ունեցել և ինչպես եմ կարողացել Հայաստանից հեռու գտնվելով՝ պահպանել հայի իմ տեսակը:

Որոշել եմ երկու քույրերիս հետ այս տարի մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին`վստահ լինելով, որ կկարողանամ նոր ընկերներ ձեռք բերել և նորովի բացահայտել Հայաստանը:

Ծրագրի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար նախապես համացանցի միջոցով ուսումնասիրել եմ բոլոր պայմանները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերով շրջելուն:

-Նաիրա´, հանրօգուտ կարևոր նախաձեռնությամբ ես հանդես գալիս՝ իրականացնելով «Մաքուր Հայաստան՝ հայրենադարձների նախաձեռնությամբ» արշավը: Մանրամասնի՛ր, խնդրեմ, շարժման նշանակության մասին:

-Երբ Երևանի փողոցներով քայլելիս աղբակույտեր էի տեսնում, նեղսրտում էի: Այդ ժամանակ մտածում էի, որ մենք պարտավոր ենք մաքուր պահել այն հողը, որը քաջաբար պաշտպանում են մեր հերոս զինվորները: Ուստի որոշեցի իմ ներդրումն ունենալ այս ուղղությամբ՝ սկիզբ դնելով «Մաքուր Հայաստան՝ հայրենադարձների նախաձեռնությամբ» արշավին:

Առայժմ քույրերիս ու եղբայրներիս հետ եմ իրականացնում այս նախաձեռնությունը: Սկզբից ընտրում ենք այն վայրը, որը պետք է մաքրենք կեղտից, հետո միայն՝ սկսում մաքրման աշխատանքները: Հուսամ՝ ժամանակի ընթացքում շարժումը լայն տարածում կգտնի մարդկանց մոտ, մասնակիցների թիվը  կավելանա, որի արդյունքում կկարողանանք ավելի շատ տարածք մաքրել: Այդ նպատակով «ВКонта́кте» և «Facebook» սոցիալական ցանցերով արշավին նվիրված էջեր եմ բացել:

 131416

-Երբևէ՞ մտածել ես, թե բժշկի մասնագիտությամբ ինչքանո՞վ կարող ես նպաստել Հայաստանի զարգացմանը:

-Առաջին հերթին ուզում եմ մարդկանց օգտակար լինել: Սակայն ընտրության հարցում հաշվի եմ առել այն կարևոր պայմանը, որ մասնագիտական բարձր որակներ ունենալուց հետո Հայոց բանակ, մասնավորապես՝ սահմանային գոտի աշխատելու կարող եմ գնալ՝ մեր զինվորների կողքին գտնվելու և նրանց անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

-Նաիրա´, զրույցն ավարտենք քեզ պես լուսավոր ու լավատեսական նոտայով.ո՞րն է քո երազանքների Հայաստանը:

-Ես ուզում եմ իսկապես անկախ Հայաստան տեսնել, ուզում եմ, որ հայերը բարեկեցիկ ապրեն ու հույսը միայն իրենց ուժերի վրա դնեն: Հայաստանի նոր սերունդը պետք է նոր ու հզոր Հայրենիք կերտի և հպարտանա, որ հայ է:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

 

 

 

Հայ ճարտարապետների կառուցած շինությունները ներառվել են Բաքվի 10 եզակի շինությունների ցանկում

«Մոսկվա-Բաքու» համացանցային հրատարակչությունը կազմել է Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող 10 եզակի շինությունների ցանկը: Լավագույնների մեջ ընդգրկվել են կառույցներ, որոնք հայ բարերարների միջոցներով կառուցել են հայ ճարտարապետները:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ շարքում ներառված են Ադրբեջանի հասարակական հավաքույթի ամառային ակումբը (այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա), որը նախագծել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, թիֆլիսահայ Գաբրիել Տեր-Միքելյանը, Օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը, որը 20-րդ դարասկզբին նախագծել է հայ ճարտարապետ Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաևը՝ հայազգի եղբայր-բարերարներ Մայիլովների պատվերով:

Ադրբեջանական աղբյուրը Բաևի հայկական ծագումը թաքցնելու համար նրան անվանում է ռուս ճարտարապետ:

Հավելենք, որ Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաևը Երևանում նախագծել է Բանկի շենքը ( ներկայումս՝ Կենտրոնական բանկ), Գերագույն դատարանի շենքը (ներկայումս՝ ՀՀ դատախազություն), Պիոներ-դպրոցականների պալատը (ներկայումս՝ Պատանի հանդիսատեսի թատրոն) և այլ կառուցներ ու բնակելի շենքեր:

Մարիամ Սիմոնյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

 

Պաշտպանության բանակի դիպուկահարները շարքից հանել են հակառակորդի երկու տեսախցիկ. տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակի դիպուկահարները շարքից հանել են հակառակորդի երկու տեսախցիկներ։

Ինչպես գրում է Hetq.am-ը դրանք տեղադրված էին հակառակորդի տարբեր ուղղությունների դիրքերի թիկունքում։ Տեսանյութում երեւում է դրանցից մեկի խոցելու պահը։

Տալլին քաղաքի «Մաշտոց» դպրոցի սաները մասնակցել են «Բալթյան նոտաներ» մրցույթ-փառատոնին

Մարտի 12-ին Էստոնիայի Տալլին քաղաքի Լինդակիվի մշակութային կենտրոնում «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց աշխատանքներով մասնակցեցին «Բալթյան նոտաներ» ծովային թեմատիկայով մրցույթ-փառատոնին, որտեղ Նարեն և Հակոբը, քվեարկության արդյունքում, ստացան առավելագույն ձայներ, և նրանց նկարներն ընդգրկվեցին ցուցահանդեսի լավագույն տասնյակում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են դպրոցից, փառատոնին մասնակցել են նաև «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի մենակատար Արեն Ազարումյանը» «Իմ փոքրիկ Նավակ» երգով,  ինչպես նաև «Երազանք» մանկական երաժշտական անսամբլը՝ «Սիրուն թռչուն» պարային բեմադրությամբ:

%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a12 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a14

 

Բարսելոնայի հայ տաղանդավոր պատանին

Վերրջին շրջանում հաճախ ենք տեսնում հայ երեխաների և մեծահասակների տարբեր երկրերի «Ձայնը» նախագծի շրջանակներում:

Այս անգամ Իսպանիայում ենք: «Իսպանիայի ձայնը 3» (LA VOZ KIDS 3) նախագծին մասնակցել է նաև մեր հայրենակիցը՝ 13-ամյա Հայկ Արսենյանը:

Հայկը ծնվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2004 թվականին: 2016-ից հաճախում է Սանտ Լուիսի միջնակարգ դպրոց:

Դեռ մանկուց նրա մեջ նկատել են սեր երաժշտության հանդեպ: 6 տարեկանից սկսել է սովորել Բարսելոնայի «ՄյուզիքԱրտ 102» երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, իսկ երկու տարի անց հաճախել է նույն դպրոցի վոկալի դասերին:

Հայկի երաժշտական տաղանդը դրսևորվել է փոքր հասակից: Նա, որպես մենակատար, մասնակցել է Ջոն Ջեքոբս և Մակ Հուֆֆի «Այսօր շաբաթ է» համանուն մյուզիքլի կատալոներեն թարգմանությամբ պրեմիերային:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Բարսելոնայի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, որտեղ ուսանում է մինչ օրս:

Հայկն իր տաղանդը չի կորցնում և անընդհատ աշխատում է ձայնային տվյալների հզորացման և պահպանման վրա: Նրա հետ աշխատում են հայտնի մասնագետներ Լայա Պորատը և Հայաստանի ջազի պետական դպրոցի վոկալիստ Լիլիթ Պապոյանը: Հանդես է եկել անհատական կատարումներով Բարսելոնայի «Բարց» թատրունում կայացած «ՖԵՄ ՋԱԶ» համերգի ժամանակ:

Ժամանակն էր նվաճել նոր բարձունքներ: Եվ մեր հայրենակիցն իր ելույթներով փայլում է նաև «Իսպանիայի ձայնը 3» նախագծում, որտեղ Հայկի տաղանդը տեսնում ու հիանում են նախագծի կազմակերպիչները: Նրա հետ համագործակցում են աշխարհահռչակ վոկալիստ Խոսե Մարիա Սեպուլվեդիան և հանրահայտ երգիչ, բազմաթիվ պլատինե և ադամանդե սկավառակի դափնեկիր, «World Music Awards»-ի և «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում Գրեմմի մրցանակակիր Դավիդ Բիսբալը:

Մենք, իսկապես, հպարտանում ենք Հայկի հաջողություններով և համոզված ենք, որ նրա անունը դեռ կլսենք մեծ բեմերից, գրում է yerkir.am-ը:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Վլադիմիր Վլադիմիրին մանրամասն ներկայացրեց մեր հանդիպման արդյունքները: Իմ կողմից ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցերին.

Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական և բավականին հագեցած բանակցություններ: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն: Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է՝ վերլուծելու և քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, նախանշելու մեր պետությունների փոխգործակցության նոր ուղղությունները:

Այս տարին մեր հարաբերությունների համար հոբելյանական է. մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այսօր մենք անցկացրինք մեր պետությունների անցած քառորդդարյա ճանապարհի բավականին հանգամանալից դիտարկում:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, ավելի խոր բովանդակություն: Մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ արձանագրեցինք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից: Երկկողմ հարցերի ընդհանուր համալիրի քննարկման արդյունքներով մեր կողմից հաստատվեց պատրաստակամություն` առաջիկայում ևս ջանքեր ներդնել և խորացնել համագործակցությունն անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան:

Այս համատեքստում կուզեի ընդգծել մեր պետությունների զինված ուժերի միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Անկասկած, այս փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Մենք անդրադարձել ենք առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին: Հատուկ ուշադրություն ենք դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների և քաղաքացիների:

Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների համախառն հոսքերը գերազանցում են 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000:

Ատոմային էներգետիկան, գիտությունը և նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը:

Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան և Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում:

Մեր փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու և աջակցելու մեր երկրների շրջաններին՝ ուղիղ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ:

Մենք քննարկեցինք արտաքին քաղաքական համակարգման հարցերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերը: Անդրադարձանք Եվրասիական տնտեսական միության գործուներության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացման հեռանկարներին: Նշել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքի, Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի նորմերի և սկզբունքների ու մեր կողմից ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկեցինք նաև առանցքային միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ հակազդեցություն ահաբեկչությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին սիրիական ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության փոխադրման գործում աջակցության համար:

Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման և կատարման կարևորությունը: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջիկայում ևս զարգացնենք դաշնակցային գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի, հօգուտ մեր ժողովուրդների բարեկամության:

Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն ռուսաստանցի բարեկամներին հյուրընկալության, արդյունավետ և կառուցողական բանակցությունների համար:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռևս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ:

***
Նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Հարգելի՛ Սերժ Ազատի,

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Հայաստանի Նախագահի հետ բանակցությունները, ըստ ավանդույթի, անցան գործնական և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ:

Նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեցինք բանակցություններ, որոնց ընթացքում հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական բազմակողմ փոխգործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները:

Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր մի շրջանում՝ ավարտին են հասնում խորհրդարանական հանրապետության ստեղծմանն ուղղված սահմանադրական բարեփոխումները, առաջիկայում նախատեսվում են Ազգային ժողովի ընտրություններ: Գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները և Դուք, Սերժ Ազատի, անձամբ մեծ ջանքեր եք ներդնում, որպեսզի նախընտրական քարոզարշավը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումն անցնեն ազատ և ժողովրդավարական հիմքի վրա: Ցանկանում եմ այդ գործում մաղթել Ձեզ հաջողություններ:

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով:

Մեր երկրների հարաբերությունները կրում են իսկապես բարեկամական և դաշնակցային բնույթ: Շուտով՝ ապրիլի 3-ին, նշելու ենք կարևոր հոբելյան՝ դիվանագիտական կապերի հաստատման 25- ամյակը: Ռուսաստանը և Հայաստանը անկեղծորեն ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը և բազմակողմ ռազմավարական գործընկերությունը:

Առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն՝ ակտիվ փոխգործակցում են կառավարությունները, հաճախակի կապեր են հաստատվում արտաքին քաղաքական գերատեսչությունների,անվտանգության խորհուրդների միջև, գործուն հիմքերի վրա է դրված ճյուղային նախարարությունների համատեղ խորացված աշխատանքը, ընդլայնվում են միջխորհրդարանական շփումները:

Նշեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Անցած տարվա արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է վեց տոկոսով: Համարում ենք նման արդյունքը մեծ առաջընթաց, որը ձեռք է բերվել անկայուն գլոբալ իրավիճակում: Առևտրի հետագա ընդլայնման և բազմազանեցման նպատակով այժմ մշակվում է ազգային արժույթներով փոխվճարումների հնարավորությունը:

Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ դոլարը: Հանրապետությունում գործում են շուրջ երկու հազար ռուսական կապիտալով ընկերություններ: Ակտիվ զարգանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում :

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստան բնական գազի ամենախոշոր մատակարարը՝ Հայաստանում սպառվող գազի 100 տոկոսը ռուսական է: «Գազպրոմ»-ի աջակցությամբ վերակառուցվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը, հզորությունը հասցված է չորս հարյուր ութսուն մեգավատի: «Ռոսատոմը» իրականացնում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ:

Հաջողությամբ ընթանում է համագործակցությունը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ոսկու հանքավայրերի ուսումնասիրությամբ: «Ռուսալ»-ը 120 միլիոն դոլարի ներդրում է կատարել ալյումինե արտադրանքի համատեղ ձեռնարկությունում: Ռուսաստանն աջակցում է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը իրականացնում է երկաթուղային ցանցի տեխնոլոգիական վերազինման լայնամասշտաբ ծրագիր. ներդրումները կազմում են հինգ հարյուր միլիոն դոլար:

Հաստատված են ամուր գործընկերային կապեր Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթանասուն շրջանների միջև: Անցած տարվա հոկտեմբերին Երևանում անցկացվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը: Հույս ունենք, որ երկկողմ փոխանակումների հետագա ամրապնդմանը կնպաստի 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացումը, որը ստորագրվել է ս.թ. հունվարի 24-ին: Մեր երկրների համար հատուկ նշանակություն ունեն մարդկանց միջև սերտ շփումները՝ մշակութային, գիտական, կրթական կապերը: Ռուսական բուհերում ուսանում են շուրջ հինգ հազար հինգ հարյուր Հայաստանի քաղաքացի այդ թվում՝ ավելի քան հազար հինգ հարյուրը՝ ռուսական դաշնային բյուջեի հաշվին: Անցած տարի կրթական-հումանիտար համագործակցության ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին համապատասխանաբար Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի օրերը:

Միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը:
Մեր երկրները ձգտում են համակարգել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակներում: Մենք հաջող համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում, երախտապարտ ենք հայ բարեկամներին այս կարևոր ուղղությամբ համագործակցության, Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար. 2016 թվականի հոկտեմբերին և այս տարվա փետրվարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով Հայաստանից Սիրիայի Հանրապետություն է տեղափոխվել հումանիտար բեռ:

Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Ռուսաստանը շարունակում է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հակամարտության երկուստեք ընդունելի լուծումների որոնման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում:

Ամփոփելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և անձամբ Սերժ Ազատի Սարգսյանին այսօր տեղի ունեցած բովանդակալից և արգասաբեր երկխոսության համար:

Համոզված եմ, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար: