Նախագահը Մոսկվայում հանդիպում է ունեցել մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ

Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է տալիս սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներին, քանի որ նրանք այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ամուր հիմքն են` Նախագահը ասվածն առավել քան տեղին է համարել Ռուսաստանի դեպքում, որտեղ հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է:

Սերժ Սարգսյանը նշել է, թե հպարտ է, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանն ու շարունակում են մեծ ներդրում ունենալ առողջապահության զարգացման գործում և անկախ գտնվելու վայրից՝ դժվարին պահին միշտ պատրաստ են համախմբվել ի նպաստ Հայրենիքի: Նախագահը այդ համատեքստում հիշել է, թե ինչպես անցած տարի ապրիլին` Հայաստանի և Արցախի համար դժվարին պահին, մոսկվայաբնակ հայ բժիշկները օգնության եկան, կանգնեցին երիտասարդ զինվորների կողքին` ցուցաբերելով բժշկական օգնություն և այդպիսով նաև անհրաժեշտ բարոյական աջակցություն:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում ձևավորված և հաջողությամբ զարգացող հայ-ռուսական փոխգործակցությանը: Ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկներն են ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահի առաջարկով տեսակետներ են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

ՀՀ դեսպանությունում Հանրապետության Նախագահը երեկոյան հանդիպում է ունեցել ռուսաստանյան պետական, քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինի հետ: Նախագահը Սերգեյ Ստեպաշինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնային համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b41 %d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b42

Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:
Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչով և առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Արտադրական հզորության ծավալը կազմում է օրական մինչև 40 տոննա, արտադրատեսականին՝ շուրջ 160, աշխատատեղերի թիվը՝ 180: Առաջիկայում ընկերությունը շուկային ներկայանալու է նոր ապրանքանիշով:
Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարևորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը և ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ ինստիտուտի նախասրահում դիտել է Լազարյաններից ժառանգություն մնացած արժեքավոր մի շարք հրատարակությունների ցուցադրությունը, որը պահվում է բուհի գրադարանում և այսօր ցուցադրության է ներկայացվել ՀՀ Նախագահի այցի կապակցությամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ, որից հետո կայացել է ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ռեկտոր Տորկունովը ողջունել է ՀՀ Նախագահին Ռուսաստանի հեղինակավոր բուհերից մեկում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, լսարանին հակիրճ ներկայացրել Նախագահ Սարգսյանին, որից հետո հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու մասին: Ռեկտոր Տորկունովը Նախագահին հանձնել է «Պատվավոր դոկտորի» վկայականը և շնորհավորել այդ կապակցությամբ: Կոչումը շնորհելու արարողությունից հետո Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո` անցած շուրջ երեք տարիներին առևտրատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վրա այդ փոփոխության հնարավոր ազդեցությանը, ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ներկայումս գործադրվող ջանքերին ու մի շարք այլ թեմաների:

Ուսանողներից մեկը հետաքրքրվել է նաև ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանից, թե նրա կարծիքով դեպի ուր է շարժվում համաշխարհային շախմատը:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել բուհին:

•••
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում

Հարգելի՛ Անատոլի Վասիլիի,

Հարգելի՛ գիտխորհրդի անդամներ,

Հարգելի՛ պրոֆեսորներ, դասախոսներ,

Հարգելի՛ ուսանողներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու բարձր պատվի համար:

Մեծ հետաքրքրությամբ ընդունեցի Ձեր համալսարան այցելելու հրավերը, որը, հիրավի, դասվում է միջազգայնագետների պատրաստման՝ աշխարհի լավագույն կենտրոնների շարքին:

Անցած տասնամյակների ընթացքում ՄՄՀՊԻ-ն տվել է հայտնի դիվանագետների, քաղաքագետների, պետական գործիչների, գիտնականների, գործարարների, լրագրողների մի մեծ աստղաբույլ:
Գոհունակությամբ պետք է նշեմ ՄՄՀՊԻ-ի կարևոր ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, որոնք այս պատկառելի հաստատությունում ձեռք բերած գիտելիքները կիրառել և կիրառում են միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում նաև մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար:

Ջերմությամբ եմ հիշում Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանից սկիզբ առնող ՄՄՀՊԻ-ի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը Երևանում:

Հարգելի՛ ուսանողներ,

Շուտով դուք ներգրավվելու եք արտաքին քաղաքական, միջազգային, տնտեսական և այլ բնագավառներում տարաբնույթ խնդիրների լուծման գործընթացներում: Ձեր վաղվա հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու նրանով, թե որքան հստակ եք պատկերացնում աշխարհում տեղի ունեցող գործընթացները, այս կամ այն երկրի քաղաքականությունը, տնտեսությունն ու անցած պատմական ուղին:

Ինչպես գիտեք, նախորդ տարի մենք տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Մենք անցել ենք դժվարին, բայց արժանապատիվ ուղի: Մեկնարկել ենք ծանր պայմաններում: Թերևս, Խորհրդային Միության նախկին հանրապետություններից ոչ մեկը չուներ նման անբարենպաստ մեկնարկային դիրք: Չնայած նրան, որ անհրաժեշտ էր հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի, պարտադրված պատերազմի և դրան հաջորդած փախստականների մեծ ներհոսքի հետևանքները, շրջափակումը, արտաքին աշխարհի հետ խարխլված տնտեսական կապերը, էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, Հայաստանը ձեռնարկեց համարձակ քայլեր իր անկախ պետականության վերականգման ուղղությամբ: Եվ այսօր համապետական բարեփոխումների նոր փուլ թևակոխած մեր երկրի համար պատասխանատվությունն աստիճանաբար ստանձնում է անկախության սերունդը:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ապրիլի 2-ին առաջին անգամ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրորեն պաշտպանված դերակատարման, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանը:
Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հաշվի առնելով լսարանի ակնհայտ հետաքրքրությունները` կցանկանայի կենտրոնանալ արտաքին քաղաքական որոշ հարցերի վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը:

Վերջին տարիներին մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը:

Բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին և Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով:

Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:

Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:
Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:

Հենց այս մտայնությամբ մենք մեզ համար սահմանեցինք հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ:

Սիրելի՛ բարեկամներ,

Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Բնականաբար, չեմ կարող չանդրադառնալ միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արևելքի իրադրությանը: Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները: Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաև սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները:

Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում: Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների: Հայաստանի կառավարությունը զգալի միջոցներ է ձեռնարկել փախստականներին օգնություն և ինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ավելի ընդարձակ միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի և միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների լիարժեք լուծման համար:

Ցանկանում եմ ընդգծել զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարևորությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով:

Նախորդ տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքվեց Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությունը: Մենք երախտապարտ ենք ռուսական կողմին՝ տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայտնի է, որ կայուն զարգացումն անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:

Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ բերեմ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:

Մեր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):

Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում զբոսաշրջության զարգացմանը: Փետրվարի 23-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարևոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը:

Հայաստանի տնտեսական զարգացումը մենք տեսնում ենք տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք:

Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի հնարավորությունների ընդլայմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով խոսքս՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, իսկ ուսանողներին՝ ապագա միջազգայնագետներին, հաջողություններ ուսման մեջ:
Ֆեոդոր Դոստոևսկին ասում էր. «Սովորեք և կարդացեք: Կյանքը կանի մնացածը»:

Հարգելի՛ Անատոլի Վասիլիի,

Շնորհակալություն ջերմ խոսքերի և ընդունելության համար:

Մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b02%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b03%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b01

Թալեաթի հրահանգը Հալեպի նահանգապետարանին. տեղահանված հայերը պետք է մնան աքսորավայրերում

Akunq.net-ը գիտական շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի` 1916 թ. հուլիսի 15-ին Հալեպի նահանգապետարան հղած հեռագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը:
Հեռագրում հրահանգվում է բոլոր հայերին` կանանց ներառյալ, պահել աքսորավայրերում և ոչ մի արտոնագիր չտալ, որով հնարավոր կլինի նրանց` այլ վայրեր տեղափոխվելը: Հրահանգը վերաբերում է նույնիսկ մուսուլմանների ընտանիքներում ապրող հայերին:Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում սույն փաստաթուղթը օսմանյան արխիվում գտած, թարգմանած և կենտրոնին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանին:
h8ahang1

Տեղի ունեցավ Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը

Մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ հրատարակված Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարարի տեղակալ  Ներսես Տեր-Վարդանյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, գիտնականներ, հյուրեր:

Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Կանանց մեկամսյակի շրջանակներում մենք որոշեցինք կազմակերպել և հայ հասարակությանը նվիրել Էդիկ հայ կանանց մասին Մինասյանի հեղինակած այս երկու հիմնարար աշխատությունները: Հայ ժողովրդի դժվարին ու ճակատագրական պահերին հայ կինը անմասն չի մնացել  մեր գոյապայքարից, ինչն էլ վկայում է  հայուհու խիզախության, քաջության, հերոսության և նպատակասլացության մասին: Նա միշտ մեծարվել է իբրև սրբություն, եղել է առաքինի, ազնիվ ու համբերատար: Շատ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են անարգ թշնամու դեմ: Կռիվների, արհավիրքների ժամերին դարձել են քաջ զինվոր և կյանքի գնով պաշտպանել են իրենց տունն ու զավակներին: Զույգ գրքերում Էդիկ Մինասյանը փորձել է բացահայտել և համապարփակ ներկայացնել այս հայ կանանց տիպական կերպարները»:

 Նախարարն ընդգծեց, որ գիրքն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես գիտական, այնպես էլ լայն հասարակայնության շրջանակներում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս գրքում նշված հայ կանայք առավել լայն ճանաչում ձեռք բերեն և հատկապես ճանաչելի դառնան նոր սերունդների համար», – ասաց նա:

 Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորեց հեղինակին և նրան հանձնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը:

Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի՝ գրքերի բովանդակությունը  հանրությանը հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ:

Կարևորելով հայ կնոջ անփոխարինելի և անգնահատելի դերը հայոց պատմության հոլովույթում՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց. «19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործություններն ամբողջացնելով մեկ գրքում՝ Մինասյանը նոր խոսք է ասել հայ պատմագրության մեջ»:

Աշխատությունների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Կարինե Եղիազարյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, գրքի խմբագիր Արտակ Մովսիսյանը, պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը, գրքի խմբագիր Մերի Հովհաննիսյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը, սփյուռքահայ բանաստեղծ Անուշ Նագգաշյանը և գրող Վրեժ Սարուխանյանը: Բանախոսները նշեցին, որ ծանոթանալով անցյալի հայ հերոսուհիների, նշանավոր հայուհիների գործելակերպին, ցուցաբերած սխրանքներին,  նրանց հայրենաշեն, հայապահպան գործունեությանը՝ այսօրվա հայուհիները կաշխատեն և կփորձեն նմանվել նրանց, ինչը կնպաստի, որ հայ կանայք մշտապես պահպանեն ազգի ոգին:

Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքերի հեղինակ Էդիկ Մինասյանը: Նա նշեց. «Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ առիթ և հնարավորություն տվեց ինձ նման աշխատանք իրականացնելու: Հայ կինը իսկապես հերոսուհի է: Այդ կապակցությամբ երիցս ճիշտ են մեծ հայի՝ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Հետևապես, հայուհիների դաստիարակությունից է կախված նրանց զավակների հայ լինելը»:

Էդիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԿԳ և ՀՀ Մշակույթի նախարարություններին, ԵՊՀ–ին գրքերի ստեղծման գործում աջակցելու համար:

Գրքերը նախատեսված են ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համար: Միջոցառմանը մասնակիցներն առաջարկեցին լրամշակել, արևմտահայերեն թարգմանել  և  վերահրատարակել աշխատությունները, իսկ գրքերի հերոսուհի կանանց կերպարները առավել ճանաչելի դարձնելու նպատակով  նկարահանել ֆիլմեր, հաղորդումներ, տպագրել գրքույկներ:

%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd7%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd8 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd9%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd10 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd11%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd12 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd13

«Վենետիկի Մխիթարյան միաբանություն » թեմայի լուսաբանումը Երևանի Մ.Գալշոյանի անվան դպրոցում

Օրերս Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի X դասարանների համար կազմակերպվեց վավերագրական ֆիլմի դիտում՝ նվիրված Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են դպրոցից, աշակերտները դիտման ընթացքում կատարեցին նշումներ, իսկ վերջում գրեցին շարադրություն`«Հայ ազգի երախտավորները» վերնագրով:

Լավագույն աշխատանքներ ընտրվեցին Լիլի Ղարիբյանի ( X Ա դասարան), էլեն Կարապետյանի ( X Ա դասարան), էլեն Տիգրանյանի ( X Բ դասարան), Նարե Շմավոնյանի ( X Բ դասարան), Անահիտ Ավագյանի ( X Գ դասարան) աշխատանքները:

Հայերը աշխարհի 500 միլիարդատերերի ցուցակում

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է 2017թ. աշխարհի 500 ամենահարուստների ցուցակը։

The Bloomberg Billionaires Index-ները ներկայացնում են ամենահարուստ մարդկանց օրական վարկանիշը և թարմացվում են ամեն օր: Ցուցակում հայտնվել են 3.61 մլրդ և ավելի կարողություն ունեցող անձիք։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը մարտի 14-ի կտրվածքով հաշվարկվել է 85.7 մլրդ ԱՄՆ դոլար, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 տոկոսով կամ 3,27 մլրդ դոլարով: Երկրորդ հորիզոնականում ֆինանսիստ ևներդրող Ուորեն Բաֆեթն է. այս պահին նրա կարողությունը գնահատվում է 78.7 մլրդ` ավելանալով 7,7 տոկոսով կամ 5,61 մլրդ-ով: Եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 73.9 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նրա կարողությունն ավելացել է 12.5 տոկոսով կամ 8,54 մլրդ դոլարով: Չորրորդ հորիզոնականում է ZARA-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 70,6 մլրդ դոլար, սակայն նրա հարստությունը նախորդ տարվա համեմատ պակասել է 2,2 տոկոսով կամ 1,57 մլրդ դոլարով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է՝ 60.1 մլրդ դոլար: Նա այս տարի հարստացել է 10,1 մլրդ-ով կամ 20,3 տոկոսով: Վեցերորդ հորիզոնականում մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմն է՝ 51,6 մլրդ դոլար` իր եկամուտն ավելացնելով 1,74 մլրդ-ով կամ 3,5 տոկոսով:  Յոթերորդ և ութերորդ հորիզոնականները կիսում են Չարլզ Կոքն ու Դեյվիդ Կոքը` համապատսախանաբար 48 մլրդ դոլարով: Իններորդը Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 45.2 մլրդ դոլար (+8,9 տոկոս կամ 3,71 մլրդ): Google-ի մայր կազմակերպության՝ Alphabet-ի գործադիր տնօրենԼարի Փեյջը եզրափակում է տասնյակը: Նրա կարողությունը հաշվվում է 43.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 8.7 տոկոսով կամ 3.48 մլրդով:

 Ամենահարուստների ցուցակում են հայտնվել նաև երկու հայ գործարար: Մարտի 14-ին 196-րդ հորիզոնականում է հայտնվել «Մագնիտ» առևտրային ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին՝ 6.93 մլրդ դոլարով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գալիցկու կարողությունը նվազել է 9.1 տոկոսով կամ 692 մլն դոլարով։

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ցուցակի 401-րդ հորիզանականում է` 4.28 մլրդ դոլար։ Կարապետյանի կարողությունը 2016 թ. մարտի 14-ի համեմատ աճել է 6 տոկոսով կամ 241 մլն դոլարով, գրում է Արցախպրեսը:

 

Ստեփանակերտում հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվում

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում՝ Կրկժանի հարևանությամբ՝ պատերազմի տարիներից հայտնի «Կոբրա» անունով բլրի վրա, հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին նոր ու ժամանակակից հուշահամալիր է կառուցվում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանն ասել է, որ այն  կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ  և   օժանդակությամբ:

«Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն     ընթանում  են  2007 թվականից: Ընդհանուր առմամբ,  համալիրն՝  իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քառ./մ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերը իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում  էլ   վեր  է  խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից    հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը  մոտ 20 մ բարձրություն ունեցող   զարդաքանդակներով 2  կոթողներ  ունի: Նախատեսվում է դրանց  արանքում կառուցել պատյանի մեջ պահված  թուր, ինչը խորհրդանշում է, որ  հայ ժողովուրդը հաղթանակած  թուրը  դրել  է  պատյան, բայց պատրաստ է    վտանգի  պահին  այն  նորից   հանելու: Հուշահամալիրի  տարածքում նաև զբոսայգի  է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:

Ուրախալին  այն  է, որ  ամեն  բան    հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը  ապահովելուն: Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն   սկսվել են   ներքին հարդարման    աշխատանքները: Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական  կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում,-մանրամասնել  է   Ա.  Առստամյանը՝  հավելելով,-  հիրավի,   այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ   խորհրդանիշ է  դառնալու»:

Արցախի ներկայացուցիչն առաջին անգամ կմասնակցի գեղեցկության և նորաձեւության մրցույթին

Արցախի Հանրապետությունն առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World գեղեցկության և նորաձեւության մրցույթում կներկայացնի մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը:

«Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Արցախի Հանրապետությունը: Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շուշան Երիցյանը:

Լիբանանահայ Վիգեն Էսկիջյանը գլխավորել է Հայաստանի բասկետբոլի հավաքականը

Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ աս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 12-ին Լիբանանում: Աշխատել է լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես» , «Հոմենթմեն» «Գազիր» և այլն:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:

Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը:

Թալիշցիների համար ժամանակավոր կացարաններ են տեղադրվում Ալաշան համայնքում

Ապրիլյան քառօրյա պատերազﬕ հետեւանքով տարհանված թալիշցիները ժամանակավորապես կհաստատվեն Ալաշան համայնքում: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Հունան Թադեւոսյանը նշեց, որ նրանց համար հարմարավետ կեցության պայմաններ կստեղծվեն:

«Արագ հավաքովի երկսենյականոց բնակարանները Արցախ են հասցվել Չինաստանից, պետական բյուջեի ﬕջոցների հաշվին: Ունեն հարմարավետ պայմաններ, ձայնա և ջերմաﬔկուսացնող հատկություն, սանհանգույց, խոհանոց»,-ասաց նա:

Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանն էլ ﬔզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավոր կացարաններից 14-ն արդեն հավաքվել են, 6-ը դեռ հավաքման փուլում են: «Երբ տնակներն ամբողջովին պատրաստ լինեն, կանցկացնեն ջրամատակարարուﬓ ու էլեկտրամատակարարումը, և նոր արդեն դրանք կբնակեցվեն»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով` Ալաշանում պետք է վերաբնակեցվեր թալիշցի 27 ընտանիք, բայց հանգամանքների բերումով այնտեղ բնակեցվել է 37-ը:

«Կան ընտանիքներ, որոնց տեղավորել ենք պահակակետերում, բնակարաններ կան, որտեղ տեղավորել ենք 2 ընտանիքի: Այս տնակները, նախ եւ առաջ, տրամադրվելու են այն ընտանիքներին, որոնց կեցության պայմանները լավ չեն»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ համայնքում մասամբ լուծված կարելի է համարել թալիշցիների զբաղվածության հարցը:

«Նրանցից շատերը ծառայության են անցել սահմանագծում, շատերն աշխատում են գյուղի փայտածուխի գործարանում, դպրոցում, բուժկետում եւ այլն»,-հավելեց համայնքապետը:

Թեեւ Թալիշում տեւական ժամանակ է, կրակոցներ չեն հնչում, բայց բնակիչներից շատերը վախենում են վերադառնալ իրենց տները: «Գյուղում 8 հոգի հերթապահում են: Շարունակվում է գյուղապետարանի եւ հանդիսությունների սրահի շինարարությունը»,-ասաց Վիլեն Պետրոսյանը:

Լոս Անջելեսի Little Armenia թաղամասը՝ Forbes-ի «ամենահամեղների» շարքում

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է թոփ 9 լավագույն գաստրոնոմիկ տուրերը։ Լավագույն խոհարարական ուղղությունների շարքում է հայտնվել նաև Լոս Անջելեսի «Փոքրիկ Հայաստան» (Little Armenia) թաղամասը:
«Լոս Անջելեսում հայտնվելիս, անպայման, այցելեք էթնիկ թաղամասեր, հանդիպեք տեղաբնակների հետ, փորձեք նրանց ազգային կերակուրները, որպեսզի առնչվեք քաղաքի խոհարարական մշակույթի բազմազանությանը։ Տարաբնույթ քաղցրավենիքներ ու համեղ ազգային ուտեստներ են առաջարկում «Փոքրիկ Հայաստան» թաղամասի հայկական խանութներն ու սննդի կետերը», – Sputnik-Արմենիա-ի փոխանցմամբ՝ նշել է պարբերականը։

Թոփ 9 լավագույն գաստրոնոմիկ տուրերի թվին են պատկանում նաև Նոր Օռլեանի, Թել Ավիվի, Տորոնտոյի և Լիսաբոնի էթնիկ թաղամասերը։

Հալեպում ապրող հայերը Ռուսաստանի «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում. տեսանյութ

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Ռուսաստանի «Ռոսիա 1» (Россия 1) հեռուստաալիքն իր «Շաբաթվա լուրերը» (“Вести недели”) ծրագրի ընթացքում ռեպորտաժ է ներկայացրել Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական համայնքի մասին:

Մանրամասները՝ «Շաբաթվա լուրերը» ծրագրի տեսանյութում.

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: