Տեղի ունեցավ «Մայր իմ անուշ» խորագրով համերգ

 Մարտի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Մայր իմ անուշ» խորագրով համերգ, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան և բաբաջանյանական կատարումներ: Պարային և երաժշտական համարներով հանդես եկան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ավանդական երգ ու պարի «Գորանի» համույթը, իրաքահայ երաժիշտներ Ռուբեն Օսկանյանը, Մարալ, Մարինե, Մասիս Տանիել Մանուկյանները, Մարիանա Սարգսյանը, Կարին Օսկանյանը, երգչուհիներ Արփի Սինանյանը, Սոնա Տեր-Ասատրյանը, Արմինե Սիմոնյանը, սիրիահայ կատարողներ  Մանե Եազջյանը, Սերլի Թեքեյանը, Անի Մոմջյանը, Սոնա Կարադանայանը, Ռազմիկ Քելխաչերյանը, Էոժենի Դալար Պոսդայանը:

Երեկոյի ընթացքում մայրերին նվիրված բանաստեղծություններով հանդես եկան Կալի Մարգարյանը և Լույս Մատլեն Պոսդայանը:

Համերգի ընթացքում ցուցադրվեց սիրիահայ և իրաքահայ երեխաների հետաքրքրությունների, Հայաստանի մասին առաջին տպավորությունների, նրանց երազանքների ու նպատակների մասին պատմող տեսանյութ:

Միջոցառման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր:

2-1 3-1 4-1 6-1 5-1 7

 

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են` սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զար­գացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համա­գործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը  սա­տարելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնա­բեր­մանն ու համախմբմանը նպաստելը, Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը, ազգային մշակույթի պահպանության գործին Սփյուռքի ստեղծագործող երի­տա­սարդությանը  ներգրավելը, համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրակա­նաց­ման մեխանիզմներ ստեղծելը, Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպություննե­րի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաս­տելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մա­կար­դակի բարձրացմանը:

Փառատոնին կարող են մասնակցել սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ:

ՀՀ սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (հնարավոր է, որ գիշերակացը ապահովվի 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային, հոսթելային սենյակներում՝ 3 օր), տրամադրելու համապատասխան դահլիճներ, ապահովելու փոխադրամիջոցներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնելու միջոցառումնե­րի կազմա­կերպչա­կան աշխատանքները:

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել նաև ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 1 ամիս առաջ:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել imhayastan.paraton@yahoo.com էլեկտրոնային հասցեին:

Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (2-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների տեսագրություն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ և այլն: Ծրագրում կարող են ընգրկված լինել ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Արմեն Տիգրանյան, Տիգրան Չուխաջյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ստեփան Շաքարյան, Ռոբերտ Ամիրխանյան և այլն):

Տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ստացվել է մինչև 2017 թ.մայիսի 1-ը:

Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքային բոլոր երգչա­խմբե­րին, երաժշտախմբերին և անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ մշակութային այս շարժ­մանը և դառնալ հայրենիքում կազմակերպվող համահայկական փառա­տոնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցու­թյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, էլ. փոստի հասցե՝ imhayastan.paraton@yahoo.com, հեռ.՝ (+374) 11730721 կամ այցելելimhayastan.am ­ կայքէջը:

«Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը

համակարգող աշխատակազմ

2-2-anhat-arm 2-3-xmberqayin-arm

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

 

Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:

Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնական, թեմական ու համայնքային բազմաբնույթ հարցեր:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններին։ Նորին Սրբությունը ԳՀԽ անդամներին տեղեկացրեց փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած հանդիպումների մասին և անհրաժեշտ լուսաբանություններ տվեց ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծմանն ուղղված երկօրյա քննարկումների ընթացքում առնված որոշումների վերաբերյալ։

Առաջին օրը ԳՀԽ անդամներին Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Տեղեկացվեց, որ առաջիկա ամիսներին «ՄըքՔինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսեն անցկացվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցազրույցները, ներկայացվեց նաև հարցազրույցների համար եկեղեցական ու աշխարհական թեկնածուների ընտրության կարգը և հարցաշարի բովանդակությունը։

Ներկայացված արդյունքների քննարկումից հետո Վեհափառ Հայրապետը  Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց տիար Ասո Դավիդյանին և ծրագրի Գործադիր ու խորհրդատվական մարմինների անդամներին կատարված աշխատանքի համար։

Նիստին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը՝ պատրաստված Կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից։ Նախագծի հետ առնչված անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին հանձնախմբի անդամներ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Փաստաթղթերի քննությունից հետո ԳՀԽ անդամները  գոհունակությամբ ողջունեցին իրականացված աշխատանքը և թելադրեցին ավարտին հասցնել գործընթացը՝ հունիս ամսին գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին նախագիծը քննարկման դնելու համար։

Հանձնախմբի կողմից ժողովին ներկայացվեց նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության նախագիծը, որն անհրաժեշտ դիտողություններից և առաջարկներից հետո վերադարձվեց լրամշակման։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի գործունեության մասին զեկույց ներկայացրեց գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Քննարկելով արձանագրված արդյունքները՝ ժողովականները, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, իրենց դիտարկումները ներկայացրեցին գրասենյակի հետագա գործունեության առնչությամբ։

Ժողովի վերջին նիստին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման գործունեության վերաբերյալ հանգամանալի զեկույց ներկայացրեց միավորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Առանձին քննության առնվեցին Բելգիայի, Հոլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի համայնքային կյանքին առնչվող հարցեր։ Այս առնչությամբ հաշվետվություններ ներկայացրեցին նաև Բելգիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Հոլանդիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Արեն վարդապետ Շահինյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ծխական համայնքների հաստատման ուղղությամբ տարված աշխատանքների համար և թելադրեց շարունակել ջանքեր գործադրել եկեղեցական համայնքների կանոնական հիմերի զորացման ուղղությամբ։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2016 թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ըստ այդմ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 753 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 51-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 35-ը՝ աբեղա, 480-ը՝ քահանա, 138-ը՝ սարկավագ:

2016 թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել են 930 անձեր, Հայաստանի թեմերում և Արցախում՝ 1193, Սփյուռքի թեմերում և Հայրապետական պատվիրակություններում՝ 4005:

Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 283 սան, որից` 100-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 79-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 34-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 25-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 45-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 25 դասարաններում ուսանել է 383 սան, Գևորգ Էմինի անվան դպրոցում՝ 270 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:

Անցյալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունեություն իրականացնել ազգային կյանքի տարբեր ոլորտներում՝ հանրակրթության ոլորտում, երիտասարդության շրջանում, հայորդյաց տներում, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում։

ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերել թվով 51 հոգևոր սպասավորներ: ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերել 11 եկեղեցականներ:

2016 թ. շարունակել են գործել 8 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա, Արաբկիր և Մանրանկարչության արվեստի կենտրոն), որտեղ հաճախել են 3067 երեխաներ: Տարվա ընթացքում հայորդյաց տների կողմից իրականացվել է 266 բազմաբնույթ միջոցառում:

Հաշվետու տարում արդյունավոր են եղել նաև եկեղեցաշինական աշխատանքները: Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 22 եկեղեցիներ: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժնի կողմից անցնող տարում ավարտին են հասցվել ավարտվել են 7-ը, իսկ ընթացքի մեջ են 18 շինարարական աշխատանքներ:

2016 թ. Մայր Աթոռի կողմից մեծ ծավալի հոգևոր-սոցիալական խնամատարություն է իրականացվել:

2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Ամենյան Հայոց Կաթողիկոսի հրավերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ և թեմերի մասնակցությամբ կազմակերպված հանգանակությունների արդյունքում մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին` ի զորակցություն արցախահայության:

Ընդառաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության համար իր ընթացիկ բյուջեից կատարել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը Պատրիարքարանին։

2016 թվականին իրենց գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ:

«Նագգաշյան Մանուկների Տուն» երեխաների աջակցության կենտրոնում  խնամվում են 17 դեռահաս և 4 մանկահասակ աղջիկներ:

2016 թվականին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել հիվանդներին, բժշկախորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվել է բուժկենտրոնի մասնագետներից կազմված արտագնա բժշկական խումբ, որ այցելել է ՀՀ մարզեր և Արցախ:

Հաշվետու տարում նյութական և դրամական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի անապահով ընտանիքների, նաև` ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների, սահմանապահ զինվորների ընտանիքների, ծնողազուրկ երեխաների և Հայաստանում հաստատված սիրիահայերի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տարբեր ծրագրերի միջոցով աջակցություն է ցուցաբերել ութ հարյուր քսան միլիոն ՀՀ դրամ գումարի չափով։

Թեմերի կողմից ևս 2016 թվականին իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։

Ժողովն ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում Հռոմում

Մարտի 9-ին Հռոմի Վալիչելիանա գրադարանում կայացավ Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Վալիչելիանա գրադարանի, «Ալբատրոս» մշակութային ընկերակցության ու «Կոլումբիա» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ: Միջոցառումը կազմված էր երկու բաժնից՝ համաժողով և գեղարվեստական մաս: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի մշակույթի նախարարի տեղակալ Անտիմո Չեզարոն և Վալիչելիանա գրադարանի տնօրեն և համաժողովի մոդերատոր Պաոլա Պաեզանոն:

Դեսպան Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը և ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի անկախության տարիների ձեռքբերումները, Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը և Իտալիայի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում նրանց ունեցած ավանդը:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ մարտի 17-ին կլրանա Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ միաժամանակ նշելով, որ երկու ժողովուրդների կապերն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Հռոմում կանցկացվի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Իտալիայի մշակույթի փոխնախարարն իր հերթին բարձր գնահատեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության մակարդակը: Նա անդրադարձավ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և Հայաստանում Իտալիայի կառավարության աջակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրին՝ դրանք գնահատելով որպես երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստող կարևոր գործոններ: Անտիմո Չեզարոն խոսեց նաև հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների, ազգերի պատմական հիշողության պահպանման հարցում մշակույթի դերի և կարևորության մասին:

Կոնֆերանսի բանախոսներն էին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի սոցիոլոգ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանը, լրագրող Կլաուդիա Սուգլիանոն, գրող և գրականագետ Մագդա Վիջիլանտեն, Սանտա Չեչիլիա ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Կառլա Կոնտին, «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոն և լրագրող Սոնյա Օրֆալյանը:

Բանախոսներն իրենց զեկույցներում խոսեցին հայկական հարուստ մշակույթի տարբեր ուղղությունների՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության, ձեռագիր մատյանների, հայոց լեզվի ու այբուբենի, հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Անդրադարձան հայկական խոհանոցի առանձնահատկություններին, 20-րդ դարասկզբին Իտալիայում ապաստանած հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանի գործունեությանը, հայկական ժամանակակից մշակույթին:

Համաժողովին ընթերցվեց Մատենադարանի գիտաշխատող Արա Խզմալյանի զեկույցը՝ Մատենադարանի ստեղծման ու գործունեության, այնտեղ պահվող ձեռագրերի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոյի նկարահանած «Հայաստանը մեր մեջ» փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու բնապատկերները:

Ցուցահանդեսից հետո հայ և իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ, ընթերցվեցին Հրանտ Նազարյանի բանաստեղծությունները:

Հայկական մշակույթին նվիրված օրը եզրափակվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով։

Հարիսայի փառատոն Վիրահայոց թեմի աջակցությամբ

Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Սուրբ Պատարագով և տոնական հանդեսով նշվեց նաև թբիլիսահայ համայնքում: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում օրվան նվիրված Սուրբ և Անմահ Պատարագից հետո հավատացյալները տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված «Հարիսա-2017» փառատոնին: Փառատոնը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և թեմի «Հայարտուն» կենտրոնը:

Հարիսայի փառատոնը, որն արդեն հինգ տարվա պատմություն ունի, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվել ժողովրդական տոնահանդեսի, երբ տեղի է ունենում թբիլիսահայ կանանց հյուրասիրությունը ներկաներին ազգային այս ճաշատեսակով:

Փառատոնին մասնակցում էին Թբիլիսիի հայ համայնքի գրեթե բոլոր կառույցները. Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով շարվել էին շուրջ երեսուն կաթսաներ ու կավե կճուճներ՝ յուղալի և համեղ հարիսայով: Իրենց կաթսաներով ներկայացել էին Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միությունը, «Վանք» և «Անի» պարային համույթները, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակից՝ Բելլա Օսիպովան, Թբիլիսիի ժողովրդական ժողովից՝ Մարգարիտա Խիդիրբեգաշվիլին, Վրաստանի կանանց խորհրդից Քեթևան Գաբրուաշվիլին, քրդական համայնքից՝ Լիլի Սաֆարովան և ուրիշներ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Իրար կողքի շարված կաթսաները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ Բուն Բարեկենդանի տոնը ավանդույթի ուժ ստացած հարիսայով նշելու համար:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպսկոպոս Միրզախանյանը, անդրադարձ կատարելով Սուրբ Զատիկին նախորդող Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին, կարևորեց Բուն Բարեկենդանի օրը միմյանց ներելու, հաշտության ձեռք մեկնելու և քրիսոնեական սիրով ապրելու անհրաժեշտությունը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կանանց և համայնքային կառույցների մասնակցությունը հարիսայի փառատոնին և մաղթեց ներկաներին Բարեկենդանի շնորհով մարմնապես ամրացած, հոգով և հավատքով հզորացած պատրաստվել դիմավորելու Փրկչի հրաշափառ Հարության տոնը:

Թեմակալ առաջնորդը հարիսայի կաթսաները օրհնելուց և Տերունական աղոթքից հետո ներկաներին հրավիրեց հյուրասիրվելու համեղ ճաշատեսակից: Շուրջ հազար մարդ օգտվեց այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին, ովքեր ի վիճակի չէին ներկա գտնվել տոնահանդեսին:

Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը կենտրոնում: Ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը: Մինչև ուշ Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն իր շնորհակալությունն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդարանին,Թեմի «Հայարտուն» կենտրոնին, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Կարեն Սարգսյանին, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանին, համայնքային գործիչներ Ժաննա Դավթյանին, Ալեքսանդր Ութմազյանին և մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Աղբյուրը՝ armenian-community.ge

Արցախի բարբառով գրություն Հորդանան գետի ափին

Մարտի 9-ին, Հորդանան գետի ափին՝ քրիստոնյաների մկրտության վայրում, 110 տարբեր լեզուների կողքին Արցախի բարբառով ավելացել է Մարկոսի Ավետարանի Մկրտության հատվածը՝ նվիրատվությամբ նախկին սաղիմացի, փարիզաբնակ Խաչիկ Ալաջաջյանի»: Այս մասին  «Հայերն այսօր»-ին հայտնում է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հակոբ Անդրեասյանը:

Հավելենք, որ Հորդանան գետի ափին կառուցված համալիրի պատերը Մարկոսի Ավետարանում ներկայացվող Քրիստոսի մկրտության հատվածն աշխարհի տարբեր լեզուներով զարդանախշելու համար՝ 1999 թվականին մրցույթ էր հայտարարվել:

Մրցույթին մասնակցել են 40 արվեստագետներ՝ հիմնականում հրեա: Միակ հայ արվեստագետը Հակոբ Անդրեասյանն է եղել, որը և շահել է մրցույթը: Այսօր աշխարհի 110 լեզուներով գրություններ զարդարում են համալիրի պատերը:

Սուրբ երկիր այցելող զբոսաշրջիկները գրաբար, արևելահայերեն և արևմտահայերեն լեզուներով արված գրությունների միջոցով, այսօր նաև՝ Արցախի բարբառով, հնարավարություն ունեն ծանոթանալու նաև հայկական զարդարվեստին:

%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad1

​«Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին». նոր գիրք և նոր խոսք հայ կնոջ մասին

Այն, որ հայ կինը կարևոր դերակատարում է ունեցել ազգային, հասարակական կյանքի բոլոր առանցքային անցուդարձերում, անհերքելի է: Հայ կանայք ոչ միայն տան, օջախի սյունն են, այլև ազգի ու պետության, և դա պատմականորեն ձևավորված իրողություն է:

Կանայք նաև ազգային-ազատագրական շարժումների ակտիվ դերակատարներ են եղել դեռևս հին ժամանակներից, և շատերը գուցե զարմանքով ընթերցեն այն փաստերը, որոնք արտացոլված են 2016 թվականին լույս տեսած 2 անչափ կարևոր ու հետաքրքիր գրքերում՝ «Հայ հերոսուհի կանայք» և «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին»: Առաջին գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է, երկրորդը լույս է տեսել Էդիկ Մինասյանի և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս Տաթևիկ Մինասյանի համահեղինակությամբ:

Գրքերը ստեղծվել են Էդիկ Մինասյանի մեծ տատի՝ հայտնի Ռպեի (Հռիփսիմե Հակոբյան) հերոսական կենսագրության ոգեշնչմամբ: «Երբ Սիմոն պապս պատմում էր իր Հռիփսիմե մոր մասին, հոգիս լցվում էր հպարտությամբ, բայց միաժամանակ մտածում էի, թե պապս գովաբանում է իր մորը՝ պատմելով նրա սխրագործությունների մասին, ինչպես կարող է անել յուրաքանչյուր մեկը՝ իր հարազատին ներկայացնելիս: Սակայն երբ կարդացի Ռուբենի (Տեր-Մինասյան) «Հայ յեղափոխականի մը յիշատակները» աշխատության հատորները և ընթերցեցի Շենիկի Մեծ եղեռնը վերապրածների հուշերը, համոզվեցի, որ պապս մի բան էլ դեռ համեստությամբ քիչ է պատմել հերոսուհի մոր մասին»,- ասում է Մինասյանը:
Ահա թե ինչ է գրում Սասունցի Մուշեղն իր հուշերում. «Ռպեն իշխանական ընտանիքից էր, Գրքեի Վարդանի հեղինակավոր ծանոթ տնից, Շաքեի քույրը: Այս տունը տարիների ընթացքում հեղափոխական իսկական օջախ էր, ուր Մ. Տամատյանը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չաուշը և Ռուբենը ապաստանում էին տարիներ ի վեր»:

1915 թվականին, չնայած ամուսնացած էր, զավակների տեր, միջին տարիքի կին էր, իր ուժն ու կորովը պահելով՝ Ռպեն կանանց խմբեր էր կազմակերպում և մասնակցում Ռուբենի գլխավորությամբ Սասունի մոտակա քրդական գյուղերի վրա կազմակերպված արշավանքներին՝ մեծ մասամբ ուտելիք ճարելու համար, մանավանդ որ փախստականների թիվը գնալով աճում էր: Ռպեն վիրավորների համար դեղեր էր պատրաստում մեղրով, անանուխով ու աղով, հոգատար մոր պես խնամում վիրավորներին ու հիվանդներին, քաջալերում ու հույս ներշնչում բոլորին: Անդոքի կռիվների ժամանակ դիրքից դիրք էր անցնում և իր հանդուգն ու խիզախ կռիվներով հետ մղում թշնամու գրոհները, հաճախ ինքն էլ կանանց խմբով գրոհում էր և ստիպում թշնամուն փախչել: Ցավոք, Սասունի վերջին ծանր կռիվների ընթացքում նա նահատակվում է:

«Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» գրքում լուսաբանվում են այդ ժամանակաշրջանում հայ ազգային-ազատագրական պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործությունները: Առանձին գլուխներով ներկայացված են 1850-1880-ական թվականներին հայ ազատագրական շարժման նվիրյալ հայուհիները, ապա հայ հերոսուհիները 1890-ական թվականների ինքնապաշտպանական մարտերում, հայուհիների հերոսական գործունեությունը 20-րդ դարասկզբի հայոց ազատամարտի տարիներին, հայդուկային (ֆիդայական) պայքարի և 1915-23 թթ. ինքնապաշտպանական հերոսամարտերի մասնակից հայուհիների սխրանքները:
«Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել»,- գրված է գրքի առաջաբանում:
Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի: Հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Այնուամենայնիվ օրհասական պահերին հայ կինը երբեք կրավորական համբերություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ գիտակցելով մարտնչել է: Նշված իրողության ակնառու ապացույցներից է Ռուբինյանց Հեթում սպարապետի կնոջ՝ Զարմանուհու օրինակը: 1363 թ., երբ Սիս մայրաքաղաքը պաշարվեց, նա իր ամուսնու կողքին Ադանայի դաշտում կռվելու ժամանակ իր ձեռքով սպանեց մամլուք զորավար Էոմերին: Ռուբինյանների անկումից հետո, երբ ամուսինը դավադրաբար սպանվեց, Զարմանուհի տիկինը իր զավակի՝ Գևորգի հետ ապաստանեց Կոկիսոնի և Ուլնիայի լեռներում: Հինգ տարի աստանդական կյանք վարելուց հետո ի վերջո հա-ջողվեց 300 քաջ լեռնականների հավաքել իր դրոշի ներքո: Ապա գլխավորելով նրանց՝ հերոս հայուհին հարձակվեց թուրքերի վրա, խլելով Կապանը` ամրացավ այնտեղ՝ ցույց տալով, որ ազատատենչ հայ կնոջ ոգին երբեք չի կարող ընկճվել»:

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարում աչքի է ընկել կին զինատար հայդուկ Ծաղիկը (Սաթենիկ Արղությանը): Նա զինակցել է Դերիկի վանքի հայդուկների հետ, մասնակցել է նաև Դերիկի 1894 թ. ինքնապաշտպանական կռիվներին և զենքի փոխադրմանը: Զենքի փոխադրման գործում մեծ դեր է խաղացել նաև Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը: 1890-1908 թթ. Գոհարիկն ամենատարբեր միջոցներով և մեթոդներով զենք ու զինամթերք է տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ անգամ ջահերի մեջ թաքցնելով դրանք: Այդ ջահ-թաքստոցներից մեկը պահպանվել է և այժմ Երևանի Զորավար Անդրանիկի անունը կրող ֆիդայական շարժման թանգարանում է: Կին հայդուկներից հայտնի են եղել նաև Հայո-Հայաստանը, Սաթո Օհանջանյանը, Սատան Սիմեյանը, Գայլ Շահենը, Խազալը, Մավին, Աղավնի Վարպետյանը, Սրբոն, Սևոն, Իսմոն և ուրիշներ, որոնց գործունեության մասին, ցավոք, դարձյալ քիչ բան է մեզ հասել:

Փոքր Հայքի ֆիդայիներից և Արամի մտերիմ գործընկերներից էր Սեբաստիայի Թոտորակ գյուղից Էլմաս Դարբինյանը (Մալեմզյան), որին կոչել են «Հորքուր». «Հնչակյան բոլոր խմբապետները գիտեին, թե ով է Հորքուրը, և ինչ է անոր դերը»,-փաստագրել է ժամանակակիցը:

«Դեռևս 19-րդ դարի 70-80-ական թվականներին Թիֆլիսում մի շարք հայ օրիորդներ հանդես են եկել իրենց զորեղ անհատականությամբ և քաջություն ունեցել ոչ միայն արհամարհելու այն ժամանակվա հայ հասարակական նեղմիտ հայացքները, այլև մի կողմից կարողացել են պայքարել կնոջ իրավունքների համար, մյուս կողմից հայ տղամարդու կողքին և նրա հետ համահավասար մասնակցել մշակութային աշխատանքներին, նաև հայ հասարակական-հեղափոխական գործերին, ազգային ազատագրական պայքարին»,- գրքի առաջաբանում գրում են հեղինակները:

Այդ հայրենասեր օրիորդների մեջ հեղափոխական, հայոց ազատագրական շարժման աշխատանքների կազմակերպման ասպարեզում առաջնության պատիվը պատկանում էր Թամարա Ադամյանին (1862-1889): Նրա որդեգրած գաղափարները ունեցան իրենց հետևորդները, որոնց թիվը աստիճանաբար ավելի ու ավելի շատացավ: Թ. Ադամյանը և նրա հեղափոխական ընկերները ևս համոզված էին, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումը միայն զենքի ուժով է հնարավոր ձեռք բերել: Եվ քանի որ բոլորն էլ պետք է հայրենիք վերադառնային՝ էապես նվիրվելու ազատագրական պայքարին, ուստի անհրաժեշտ էր, որ զինավարժությամբ զբաղվեին: Թամարան առաջնակարգ զինավարժ էր և մեծ եռանդով էր մասնակցում խմբային զինավարժության փորձերին, որոնք ընթանում էին Թիֆլիս քաղաքից դուրս` Ստացմինդա կոչված լեռան մոտակայքում:
19-րդ դարի 2-րդ կեսի ազատագրական շարժման նշանավոր հայուհիներից էին Նատալյա Ամիրխանյան-Մուրադյանը, Սրբուհի Գալֆայանը, Սրբուհի Երիցյանը և ուրիշներ:

«Ինքնապաշտպանական դյուցազնամարտերում հայուհիները ոչ միայն հայտնվել են առաջապահ կռվողների դիրքերում, այլև զենք, զինամթերք, սննդամթերք ու ջուր են մատակարարել կռվողներին: Նրանք օգնել են և աջակից եղել հայ անվեհեր ու քաջակորով տղամարդկանց, պաշտպանել նրանց թիկունքը: Նրանք ակտիվորեն մասնակցել են հայդուկային կռիվներին, զինատար խմբերի աշխատանքներին, ստանձնել են հետախույզի վտանգավոր և պատասխանատու գործը, անցնելով թշնամու թիկունքը` անհրաժեշտ ու կարևոր տեղեկություններ են բերել կռվողներին: Շատ դեպքերում հայ կինը թշնամու ձեռքը չընկնելու համար գերադասել է ինքնասպանություն գործել: Նման դեպքերը հայոց հերոսամարտերի պատմության մեջ բազմաթիվ են»,- ասում է Մինասյանը:

Սույն աշխատությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարում հայ կնոջ հերոսական գործունեության ուսումնասիրության առաջին փորձերից է: Բազմաթիվ արխիվային նյութերի և հրապարակում առկա գրականության հիման վրա հանգամանորեն ներկայացված է 19-րդ դարի երկրորդ կեսին ազատագրական պայքարի շրջանում հայուհիների հասարակական-քաղաքական, կրթական-մշակութային կյանքի ոլորտներում կատարած ակտիվ աշխատանքը: Ցույց է տրված ազատագրական շարժումը կրող սերնդի գաղափարական դաստիարակության գործում հայ կանանց խաղացած դերը: Բացահայտված է համիդյան ջարդերի և դրան հաջորդող շրջանում հայ կնոջ` հայկական ինքնապաշտպանական մարտերում մինչև վերջ կռվելու և հայրենիքի ազատության համար զոհաբերվելու պատրաստակամությունը:

Աղբյուրը՝ ankakh.com

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:

Մարտի 10-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները շարունակում են քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի պայմաններ ստեղծել բանակցություններն առաջ տանելու համար: Հենց այդ նպատակին էին միտված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները: Ակնհայտ է, որ Հայաստանը և եռանախագահները խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը՝ մեկ այլ: Հենց Ադրբեջանն է հրաժարվում կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,­- ընդգծեց Նալբանդյանը:

Նախարարը հավելեց՝ երբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սակայն հետո Ադրբեջանը հրաժարվում է դրանք կյանքի կոչելուց, հարց է առաջանում՝ արդյոք այդ երկիրը պատրաստ է խաղաղ կարգավորման, արդյոք ցանկանում է բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, հակամարտության խաղաղ կարգավորմանն ու բանակցություններին այլընտրանք չկա:

«Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Հենց դրան է միտված Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան: Մարտի 27­-ին եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում»,­-168.am-ի փոխանցմամբ՝ հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, բանակցությունները վերսկսելու համար պետք է բացառվեն այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին:

Թեհրանում պարսկերենով հրատարակվել է Իսակ Յունանեսյանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐՄԱՏՆԵՐ ԵՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ (1915-1923 թթ.)» գիրքը

Թեհրանում լույս է տեսել «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐՄԱՏՆԵՐ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ (1915-1293 թթ.)» պարսկերեն հատորը՝ Կովկասի եւ Թուրքիայի հարցերի փորձագետ Իսակ Յունանեսյանի աշխատասիրությամբ: Գիրքը հրատարակվել է 1000 օրինակով,  «Սալես» հրատարակչության կողմից:

Սույն աշխատասիրությունը բաղկացած է տասը մասերից: Առաջին գլխում հեղինակն ամփոփ կերպով ներկայացրել է փոթորկալի ելեւէջերով հարուստ հայոց պատմությունը, անդրադարձել Օսմանյան կայսրության կազմաւորման, պանթուրքիստական եւ պանթուրանիստական տեսությունների արմատներին, ապա` Արեւմտյան Հայաստանում բնակվող հայ ժողովրդի եւ Օսմանյան պետության դիմակայումներին:

Երկրորդ գլխում լուսաբանվել են հայության հանդեպ օսմանցիների կողմից թշնամանքի սկզբնավորման պատճառները, հայկական դատի ծագումը եւ այն պայմանագրերը, որոնք ապացուցում են օտար պետությունների ուղղակի դերակատարությունը հայ ժողովրդի ցավալի ճակատագրի որոշման մեջ:

Երրորդ գլխում վերլուծվել է Արեւմտյան Հայաստանում տիրող իրավիճակը 20-րդ դարասկզբին, կոտորածների սկսումը, Ցեղասպանության դրդապատճառներն ու մեխանիզմը եւ դրանց զուգահեռ՝ Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրացի դիվանագետների եւ ականատեսների վկայությունները:

Չորրորդ գլուխը հատկացված է Հայոց ցեղասպանության ոչ այնքան հայտնի ծալքերից մեկին, այսինքն՝ Ա. Աշխարհամարտի ընթացքին Թուրքիայի ռազմավարական դաշնակից Գերմանիայի դերակատարությանը եւ միաժամանակ այդ դեպքերի վերաբերյալ  գերմանացի դիվանագետների արձանագրած զեկույցներին: Այդ զեկույցները կարեւորվում են այն առումով, որ գերմանացի դիվանագետները իրենց զեկույցներում կտրականապես մերժել են Օսմանյան կայսրության հանդեպ հայերի ցուցաբերած դավաճանության մասին հրապարակված թուրքական կեղծիքները եւ երեւան են հանել Միություն եւ առաջադիմություն կուսակցության պարագլուխների հետապնդած պանթուրքիստական նպատակները՝ հայ ժողովրդի կոտորածների միջոցով:

Հինգերորդ գլուխը սույն աշխատասիրության ամենակարեւոր բաժիններից է, որտեղ ներկայացված են այն փաստաթղթերը, որոնք մեծ մասամբ երեւան են եկել թուրքական արխիվներից եւ պարունակում են այդ երկրի քաղաքական այրերի արտահայտությունները: Այդ փաստագրված ապացույցերի ուսումնասիրումը կարող են փարատել Ցեղասպանության վերաբերյալ առկա ամեն կասկածանք ու երկբայություն, եւ ի դերեւ հանել թուրք քաղաքական գործիչների ու պատմաբանների հավակնած վարկածները՝ պատերազմական իրավիճակի հրամայական պատճառներով հայ ժողովրդի բռնագաղթեցման եւ կոտորման մասին, որոնք իբրեւ թե համաճարակ հիվանդությունների եւ սովի հետեւանքներ են եղել:

Վեցերորդ գլուխը հատկացված է ականատեսների վկայություններին, եւրոպացի եւ ամերիկացի փորձագետների արտահայտություններից հատընտիր մեջբերումներին եւ համաշխարհային հեղինակություն վայելող մամուլում հրապարակված զեկույցներին:

Յոթերորդ գլխում խոսվելով Ցեղասպանության մասին` քննարկվել է այդ ողբերգության առաջացրած բարոյական եւ նյութական վնասները:

Ութերորդ եւ իններորդ գլուխները հատկացված են միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի քննարկմանը եւ թուրք մտավորականության տեսակետներին ու գաղափարներին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ավարտական բաժնում հեղինակը իրանահայ փորձագետի դիտանկյունից վերլուծել է Իրանի Իսլամական Հանրապետության որդեգրած քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ եւ այդ բաժնի շարունակության մեջ ներկայացրել որոշ  իրանցի ականատեսների նկարագրությունները եւ Իրանի Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո գործած մի շարք քաղաքական գործիչների արտահայտությունները այդ թեմայի վերաբերյալ:

Akunq.net

Ուժի մեջ են մտել Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության որոշ գլուխներ

Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին «ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության տեքստը:

Այս մասին տեցեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ  փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացել հանրապետության քաղաքացիների կողմից:

Համաձայն Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապա­րակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

2017թ. մարտի 10-ից Արցախի Հանրապետության տարածքում գործում են նոր Սահմանադրության վերոնշյալ գլուխների դրույթները:

Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացված մեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերությունների, սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը, ինչը մեր երկրի հետ համագործակցելու հիմնական շարժառիթներից է։ «Փարիզում, Մարսելում և Լիոնում գործարարների հետ մեր հանդիպումներն ու նախագծերի շուրջ ակտիվ քննարկումները վկայում են, որ Հայաստանը հետաքրքիր է ֆրանսիացի գործարարների համար։ Մասնավորապես, պոտենցիալ ներդրողները դիտարկում են դեպի ԵԱՏՄ և Իրանի խոշոր շուկաներ մուտքը Հայաստանի միջոցով»,-ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը։

Հանդիպումների ընթացքում պոտենցիալ գործընկերները առավել հետաքրքրվել են հայաստանյան ներդրումային հնարավորություններով ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև գաղափար առաջարկել թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին  տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Ֆրանսիացի գործարարները Հայաստանում փնտրում են գործընկներներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի, բնական յուղերի, էքստրակտների, միրգ-բանջարեղենի խտանյութերի արտադրությամբ: Նման համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերություններին առաջարկում ենք կապ հաստատել ՀԶՀ նեդրումների գծով տնօրինության հետ։ Համագործակցությունը կնպաստի արտահանման աճին, ուստի Հիմնադրամը պատրաստ է ներդրողներին աջակցել գործընթացի բոլոր փուլերում»,- նշել է Կարէն Մկրտիչեանը:

՛՛Business France՛՛-ի օժանդակությամբ Փարիզում տեղի ունեցած համաժողովին ներդրումային նախագծեր են ներկայացրել նաև ֆրանսիացի գործարարները։ Համաժողովին քննարկվել է Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը՝ շուրջ 115 միլիոն դոլար արժողությամբ։ Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները ներկայացրել են իրենց խնդիրները և ընդլայնման ծրագրերը։ Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անել Հայաստանում, փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։

Հայաստան վերադառնալուց հետո ՀԶՀ ներդրումների խթանման և աջակցման թիմն աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ընկերություններին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների տրամադրման ուղղությամբ։ Կողմերը եկել են համաձայնության, որ Հիմնադրամի օժանդակությամբ կկայանա Ֆրանսիայի առաջատար տեքստիլագործ ընկերությունների այցը Հայաստան՝ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Սեպտեմբերին նախատեսվում է ֆրանսիական ՓՄՁ պատվիրակությունների այցը Հայաստան։ Մեկ այլ պայմանավորվածությամբ՝ այսուհետև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրենց մեկամսյա պրատիկան նաև ՛՛Business France՛՛-ում անցնելու հնարավորություն կունենան։

Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնում արտագնա քարոզարշավի իրականացումը ՀԶՀ 2017 թ. Ներդրումների գծով տնօրինության ծրագրերից մեկն էր, որը կայացավ Թվինինգ ծրագրի շրջանակում՝  ՛՛Business France՛՛-ի հետ համագործակցությամբ։

Տասից ավելի ֆրանսիացի գործարարներ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու Հայաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում հանդես է եկել զեկույցով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականության մասին: Նախարար Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարներին է ներկայացրել տնտեսության հեռանկարային օղանկները, դրանց զարգացումն ու առկա ներուժը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, դեղագործություն և այլն: Նախարար Սուրեն Կարայանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչությունները, ազատ տնտեսական գոտիները, արտոնյալ առևտրային ռեժիմները, մուտքը մեծ շուկաներ և այլն:

«Վերոնշյալ բոլոր ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ, որոնք կյանքի կոչելու համար Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու համար եվրոպականին չզիջող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի առաջադեմ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ անընդհատ ընլայնվող շուկա, ինչպես նաև մի շարք արտոնություններ ներդրողների համար։ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում վերոնշյալ հնարավորությունների իրականացման համար, և ես կուզեի, որ այս ուղերձը հասնի մեր բոլոր գործընկերներին, այն է՝ ներդրողին ամբողջական աջակցություն։ Կուզեի ևս մեկ անգամ շեշետադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմ»,- նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարն ընդգծել է, որ կա հայ-ֆրանսիական լայն տնտեսական համագործակցություն, սակայն հարկավոր է իրացնել առկա ողջ ներուժը էլ ավելի խորացնելու այն՝ փոխգործակցելով ներդրումային ծրագրերի շուրջ, բազմազանեցնելով և ընդլայնելով ֆրանսիական կապիտալը Հայաստանում:

Զեկույցի ավարտին գործարարները մի շարք հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանում ներդրումային նախագծեր իրականացնելու պայմաններին, ԵԱՏՄ, իրանական, եվրոպական շուկա մուտք գործելուն և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Փարիզում անհատական հանդիպումներ է ունեցել տասից ավելի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու Հայաստանում (գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն): Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ ՝ Airbus Group, Oberthur Technologies, Artelia ,Bureau Veritas, Inotech International, Farmex Technoligies, MDP Consulting, Sodiaal Web.ISI, Jamaris, Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ:

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում

Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, պամանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․

• հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,

• զբոսաշրջիկների ընդունելության պայմանների և անվտանգության բարելավում երկու երկրներում,

• զբոսաշրջային ուղղությունների փոխադարձ խթանում զանգվածային լրատվամիջոցներով, զբոսաշրջային գործակալությունների ներգրավմամբ և զբոսաշրջային երթուղիների ներկայացման միջոցով,

• թեմատիկ համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես գաստրոնոմիայի, մշակույթի, էկոտուրիզմի, մասնագիտական կրթության, լեռնային տուրիզմի և գյուղական տուրիզմի՝ հատկապես երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության շրջանակներում ընդգրկված ոլորտներում,

• երկու երկրների զբոսաշրջության մասնավոր հատվածների միջև փոխադարձ ներդրումների և համագործակցության խրախուսում,

• երկու երկրների արհեստագործական, գաստրոնոմիական, մշակութային և գեղարվեստական արտադրանքի փոխադարձ խրախուսում բարձր զբոսաշրջային ներուժ ունեցող տեղական և ազգային միջոցառումների շրջանակում,

• երկու երկրների միջև, զբոսաշրջության հարցերով համագործակցությունն ամրապնդող ցանկացած գործունեություն, ինչպես մասնագիտական կրթությունը, թվային տեխնոլոգիաները կամ օդային հաղորդակցությունը:

Կանադայի կառավարությանը Երևանում դեսպանություն հիմնելու առաջարկ է արվել

Կանադայի կառավարությանը կոչ է արվել Երևանում հիմնել Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն: Հայտարարությունն ընդունվել է Օտտավայում մարտի 8-ին տեղի ունեցած Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստի ընթացքում:

Բարեկամության խմբի համանախագահ Արնոլդ Չանի գլխավորությամբ կայացած նիստին ներկա են եղել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները, հաղորդում է Artsakhpress.am-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք համապետական ընտրություններին, երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և փոխադարձ կարևորություն ունեցող այլ թեմաների:

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, Կանադայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Շահեն Միրաքյանը հնարավորություն են ունեցել կանադական կողմին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք վերաբերել են նաև Կանադայի հայ համայնքին:

Հայ-կանադական բարեկամության խումբը վերահաստատել է երկու երկրի միջև կապերի հետագա խորացման կարևորությունը և քննարկել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: