Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» և «Վօլօ» ընկերությունների ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:
Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, այս բնագավառի հետագա զարգացմանը, ոլորտում առկա միտումներին, հայաստանյան շուկայի առանձնահատկություններին, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և առաջարկել կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները: Ակնկալվում է, որ ծրագիրը կառավարությունում կքննարկվի մոտ ժամանակներս:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է նաև ՏՏ ոլորտի մեկ այլ առաջատար՝ նորարարական աութսորսինգ ապահովող հայկական «Վօլօ» ընկերություն, ծանոթացել գործունեության ուղղություններին, ձեռքբերումներին և զարգացման ծրագրերին:
2006թ. հիմնադրված «Վօլօ» ընկերությունը մասնագիտացած է ձեռնարկատիրական (ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա և այլն) մակարդակի նորարարական լուծումների ոլորտում: Ընկերությունում աշխատում է շուրջ 140 մասնագետ, ովքեր արդիական գաղափարներ են մշակում կիբեռանվտանգության, բջջային հավելվածների և մի շարք այլ ուղղություններով: «Վօլօ»-ն ունի ISO 27001 և ISO-9001:2008 հավաստագրեր և հանդիսանում է Մայքրոսոֆթի «Ոսկե» գործընկեր (Microsoft Gold Partner):

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայանա ”Fly with me” երգով. պրեմիերան կկայանա մարտի 18-ին

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը: Ընտրության համար ստացվել էր շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում:

”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանն եւ Դավիթ Ծերունյանը:

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկություններ, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար, միակը՝ բոլորիս համար:

Ընդգծելով անվան խորհրդանշական ստուգաբանությունը եւ զուգահեռելով արծվի ճախրանքի հետ՝ Արծվիկը կփորձի «ճախրել»` իր հետ թռիչքի կանչելով եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին:

Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ մարտի 18-ին՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, գրում է news.1tv.am-ը:

Հունաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մարտի 9-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարարը ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ և հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Այնուհետև, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Նիկոս Կոցիասը շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմությանը, ողբերգական դրվագներին և իրողություններին:
Հրաժեշտից առաջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը, գրում է armradio.am-ը:

Կալիֆորնիայի Սենատում Հայաստանի ու Արցախի հետ առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախումբ է ստեղծվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Սենատի օրենքների հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախումբ:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ նոր հանձնախումբը ձևավորվել է սենատոր Էնթոնի Փորթանթինոյի առաջարկով` Արցախի և Հայաստանի հետ նահանգային առևտրական, մշակութային և կրթական կապերը սերտացնելու համար:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը ողջունել է այդ յուրահատուկ հանձնախմբի ձևավորումը` շեշտելով, որ առաջին անգամ է նման մակարդակով Արցախին առնչվող հանձնախումբ ձևավորվում: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատոր Փորթանթինոյին, ով կարողացել է պաշտոնը ստանձնելուց երեք ամիս անց նման նախաձեռնություն կյանքի կոչել:

Սենատոր Էնթոնի Փորթանթինոն էլ հպարտություն է հայտնել, որ կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել նախաձեռնությունը:

«Մենք միմյանց շատ բան ունենք տալու և վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը Կալիֆորնիայի համար հոյակապ գործընկերներ կլինեն»,- հայտարարել է նա:

Էնթոնի Փորթանթինոն անցյալ տարվա հունիսին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ այցելել էր Հայաստան և Արցախ` մոտիկից ծանոթանալով հայ գործարարների, նորարարական կենտրոնների ղեկավարների հետ` հանդիպումներ ունենալով նաև կառավարության և մամուլի ներկայացուցիչների հետ: Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի  առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հանձնախմբի մյուս անդամներն են Քեվին դե Լեոն, Թոնի Մենտոզան, Ջոշ Նյումանը և Սթոք Ուիլքը:

Ջավախքի հայերը համալրեցին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի շարքերը

Մարտի 3-ին եւ 4-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրեց դոնորագում՝ եւս 76 հայ կամավորներ միացան այս մարդասիրական գործին։

Միջոցառումները տեղի ունեցան Ախալցխա, Ախալքալակի եւ Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադեւոսյանի եւ միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը եւ բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ կարդացին՝ հավաքվածներին ներկայացնելով ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները եւ կարեւորությունը։ 17 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի եւ արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին եւ, ինչու չէ, օտարազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականին՝ ի պատասխան լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Կազմակերպությունը գրանցվել է, որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28 000 դոնոր։

Ազնավուր. Շարունակում ենք շնորհակալ լինել Ցեղասպանությունից հետո մեզ ընդունած երկրներին

Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո: Այս մասին ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հաղորդում է La Tercera չիլիական պարբերականը:

Աղբյուրը հայտնում է, որ շանսոնյեն մարտի 11-ին մենահամերգ է ունենալու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։

«Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը, ներկայացնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին:

Ըստ հայկական «Ակոսի»` մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները:

Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ հայ գրողներ, մտավորականներ ու կանանց իրավունքների պայքարի ակտիվիստներ Էլբիս Գեսարեթյանի, Սրբուհի Դյուշափի, Զաբել Ասատուրի, Զաբել Եսայանի և Հայկանուշ Մարկի կյանքի ու գործունեության մասին, գրում է ermenihaber.am-ը:

Դողանը նշել է, որ այդ գիրքը կարևոր պատմական տեղեկություններ է պարունակում օսմանյան հասարակության շրջանում կանանց իրավունքների համար պայքարի վերաբերյալ: Դողանը թուրքական մեջլիսի անդամներին տեղեկություններ է տվել նշյալ կանանց գործունեության վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոնին ջերմ ընդունելության համար և նշել, որ իրենց հանդիպումները բարի ավանդույթ են դառնում, ինչը անհրաժեշտ է լավագույնս ծառայեցնել երկկողմ կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ դասվելով Ֆրանսիայի լավագույն քաղաքների շարքում, Լիոնը տարեցտարի զարգանում է, ինչը նաև քաղաքապետի անձնական ձեռքբերումն է, քանի որ նա իր կյանքի ու գործունեության պատկառելի մասը նվիրել է այս քաղաքին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որքան հոգածությամբ է քաղաքապետ Կոլոնը վերաբերվում հայությանը հուզող հարցերին և իր երախտագիտությունն է հայտնել դրա համար։ Նախագահը հույս է հայտնել, որ Ժերար Կոլոնը իր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել երկու քաղաքների՝ Երևանի և Լիոնի միջև համագործակցության հետագա խորացմանը: Հանրապետության Նախագահը վստահեցրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քաղաքապետ Կոլոնի ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում տարիներ ի վեր նրա սկզբունքային դիրքորոշումը աննկատ չեն մնում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցությանը, գիտակրթական, տնտեսական և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետարանում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ամեն անգամ մեծ ջերմությամբ եմ վերադառնում հարազատ դարձած այս քաղաքը՝ Լիոն, որ գերում է իր գեղեցկությամբ, ներդաշնակությամբ, հորդող կենսուրախությամբ և ստեղծագործ մթնոլորտով։ Հատկանիշներ, որոնք համապատասխանում են հայ ժողովրդի բնավորությանն ու նկարագրին։ Շնորհակալ եմ Լիոնի իշխանություններին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած սրտաբացության համար, դժվար պահին մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելու համար։ Հպարտ եմ, որ որքան այս քաղաքն է հյուրընկալ եղել հայերի հանդեպ, նույնքան էլ հայերը, որպես վերգտած հայրենիք, սիրում ու շենացնում են Լիոնը։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը մշտապես լինի նույնքան փոխհարստացնող»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b62 %d5%ac%d5%ab%d5%b8%d5%b63%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b64

Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը

Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին  տեղեկացնում է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Շուրջ 450 էջից բաղկացած բացառիկ համարը ներկայացնում է պարբերականի պատմությունը, անցած ուղին: Ամսագրում զետեղված են ՀՀ, Արցախի Հանրապետության նախագահների, ՀՀ սփյուռքի նախարարի, հայ եկեղեցու հոգևոր պետերի և այլ նշանավոր գործիչների ուղերձները:

«Մարտի 8-ի երեկոյան թերթերը տպարանից դուրս բերեցինք, բավական տպավորիչ համար է ստացվել: Կան հարցազրույցներ, ուղերձներ, հուշագրություններ, վերլուծություններ: Ներկայացրել ենք հարցազրույցներ թերթի գլխավոր խմբագիրների հետ, ներկայացրել ենք նաև այն մարդկանց ցանկը, որոնք 90 տարվա ընթացքում եղել են տնօրեններ, գլխավոր խմբագիրներ, զբաղեցրել են այլ պաշտոններ: Շուրջ 500 անուն է ստացվել»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Բացառիկ համարն իր ընթերցողներին է ներկայացնում «Ազդակ»-ի անցած ուղու չերևացող հատվածը: Մասնավորապես, աշխատակիցների մարդկային փոխհարաբերությունները, դժվարին, վտանգավոր ժամանակաշրջանում խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը: Այդ ամենը հաջողվել է ամփոփել և պատրաստի տեսքով ներկայացնել ամիսների ընթացքում: Շահան Գանտահարյանը նշեց, որ այս բացառիկ համարն իր նպաստ կբերի սփյուռքահայ մամուլի պատմությունը գրի առնելու գործին:

«Այս 90 տարվա ընթացքում «Ազդակ»-ի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն կարևոր գործառույթներն են` ուղղված հայապահպանությանը, արևելահայերինի պահպանմանն ու  զարգացմանը, այդ գործում երիտասարդության ներգրավմանը, պրոֆեսիոնալ լրատվություն հաղորդելուն թե Լիբանանի, թե հայկական աշխարհի իրադարձությունների մասին: Այլ կերպ ասած այն հսկայական նյութերի շտեմարան է»,-հավելեց նա:

Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ շուտով վերջնական կավարտի թերթի 90-ամյա ամբողջ արխիվի թվայնացման աշխատանքը, արդի որոնման համակարգերով հնարավոր կլինի գտնել «Ազդակի» հրապարակումները:

Բացառիկ համարը լույս է տեսել 1500 օրինակ, կտրամադրվի հայրենագիտական կենտրոններին, լրատվամիջոցներին, նրանց, ովքեր աշխատակցել են թերթին:

«Վարդանանց ոգին թող ամուր մնա ձեր սրտերում»․ Տեր Առաքել քահանա Ամիրյան

Մարտի 5-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» բեմում միջոցառում էր՝ նվիրված աշխարհում հանուն Քրիստոնեության տեղի ունեցած առաջին ճակատամարտի սուրբ նահատակներին՝ Վարդանանց քաջերին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, պատմության ուսուցչուհի Սիլվա Գյուլիշյանի հեղինակած միջոցառումը կոչված էր վերահաստատելու 5-րդ դարի և մերօրյա հազկերտներին ուղղված նամակը․«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված…»։ Եվ որպես վկայություն ասվածի՝ հանդիսատեսը՝ կրթօջախի սաների ներկայացմամբ, մասնակիցը եղավ Արտաշատի ժողովին, Ղևոնդ երեցի գլխավորությամբ կազմակերպված դիմադրությանը և Ավարայրի ճակատամարտին։ Ապա, ինչպես Եղիշեն է վկայում. «Քաջերը ելան քաջերի դեմ և ոչ մի կողմը չհաղթեց»։ Իսկ «քաջերը քաջերի դեմ ելան» Մարգարիտա Գրիգորյանի՝ հայկական անզուգական պարային բեմադրությամբ՝ իր ղեկավարած «Վարդավառ» համույթի պարողներով։

Պարային համարը ասես դահլիճ բերեց Ավարայրի ճակատամարտի պայքարի ոգին, անձնազոհ ընթացքը և աննկուն ավարտը։ Իսկ Սիլվա Գյուլիշյանի մանրակրկիտ մշակված սցենարը սկզբից մինչև վերջ լարված և կլանված մթնոլորտում պահեց հանդիսատեսին։ Եվ որ առավել խորհրդանշականն է՝ Վարդանը չընկավ։ Չընկավ, քանի որ իր կատարած գործի վեհությունը հենարան դարձավ իրեն, չընկավ, որովհետև զորքի սակավության պատճառով չհաղթելով ճակատարամարտում՝ հաղթեց վերջնական արդյունքում։

«Մենք բոլորս վերապրեցինք Ավարայրի դաշտում տեղի ունեցածը։ Վերապրեցինք մեր մեծերի խոսքն ու քայլը, և ես վստահ եմ, որ այս միջոցառումը ողջ կյանքի դաս էր ձեզ համար։ Դուք վերահաստատեցիք, որ ոչինչ չի կարող ձեզ հեռացնել ձեր հավատքից, որն ամրագրվել է իբրև մաշկի գույն։ Կեցցե´ք դուք և ձեր ուսուցիչները, որ մեզ նման անկրկնելի պահեր նվիրեցիք։ Ձեզ եմ փոխանցում մեր սիրելի Սրբազան Հոր սերը, օրհնությունն ու պատգամը, որ Վարդանանց ոգին ամուր, կայուն մնա ձեր սրտերում»,- դիմելով մասնակիցներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Վարդանանց տոնին նվիրված միջոցառումը մեկնարկեց Լենա Բեգլարյանի ղեկավարած «Նորահրաշ» համույթի վոկալիստների կողմից նույնանուն շարականի կատարմամբ և ապարտվեց Վարդան Մամիկոնյանին և իր քաջերին նվիրված երգերով։ Իսկ բեմի ձևավորման հարցում հեղինակ Սիլվա Գյուլիշյանի մտահղացումը դեկորացիաներով լրացնելը կյանքի էին կոչել Հրաչուհի Մարտիրոսյանը և իր ղեկավարած նկարչական խմբակի սաները։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ տիկին Գյուլիշյանն ինձ վստահեց մեր ազգի հերոսի կերպարը կերտելը: Ես ասես զգում էի մեր քաջ նախնիների զայրույթը, որով նրանք պատասխանել էին Հազկերտին և հպարտություն ու պատասխանատվություն էի զգում նրանց ժառանգը լինելու համար»,- այն հարցին, թե ինչ զգոցողություններով էր մարմնավորում Վարդան Մամիկոնյանի կերպարը՝ ասաց հերոսի դերակատար Էդուարդ Իսկանդարյանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13

Հայ փոքրիկների բարեմաղթանքները՝ ուղղված մայրիկներին

Ֆրանսիայի Մեց քաղաքի հայ համայնքը սիրով  շնորհավորում է  բոլոր  կանանց  եւ  աղջիկներին Մարտի 8-ի առթիվ՝ ցանկանալով անսպառ ժպիտներ, սեր  եւ  ջերմություն:
«Հայերն այսօր»-ը սիրով ներկայացնում է հայ մանուկների բարեմաղթանքները՝ ուղղված իրենց մայրիկներին:
%d5%b4%d5%a5%d6%811%d5%b4%d5%a5%d6%812 %d5%b4%d5%a5%d6%813%d5%b4%d5%a5%d6%814 %d5%b4%d5%a5%d6%815%d5%b4%d5%a5%d6%816 %d5%b4%d5%a5%d6%817

Մայրենիին նվիրված միջոցառում Էստոնիայում

Փետրվարի 19-ին Էստոնիայի Տարտու քաղաքի  ազգային մշակութային կենտրոնում, որտեղ ներկա էին Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, հյուրեր ազգային տարբեր փոքրամասնությունների կիրակնօրյա դպրոցներից, քաղաքապետարանից, «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը՝ «Երազանք» երաժշտական խմբի հետ, բովանդակալից ծրագրով  միջոցառում անցկացրեց՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, արդեն ավանդույթ դարձած հայկական գրերի օրը տոնվում է Տարտու քաղաքի աջակցությամբ և հովանավորությամբ: Աշակերտների կատարմամբ հայոց լեզվով հնչեցին մեր երեխաների կողմից շա՜տ սիրված կոմպոզիտոր Հռիփսիմե Խրիմյանի հեղինակային երգերը, ինչպես նաև յուրաքանչյուր տառի թեմայով ստեղծագործած նոր  երգեր, որոնք կատարվեցին առաջին անգամ: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև բանաստեղծություններ: Հետաքրքիր վիկտորինաներ անցկացվեցին հայկական գրերի ստեղծման պատմության և նշանակության թեմաներով,  մասնակիցների և հյուրերի մեջ  ուրախ իրարանցում առաջացավ, երբ փորձեցին կրկնել առաջադրված շուտասելուկները: Միջոցառումը եզրափակվեց հայկական  ժողովրդական ավանդական պարերի կատարմամբ, որին մասնակցեցին բոլոր մասնակիցները:

%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b64%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b65%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b6 %d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b63%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ac%d5%ab%d5%b61


Տեղի կունենա «Մայր իմ անուշ» խորագրով համերգ 

Մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և սիրիահայ, իրաքահայ երեխաների մասնակցությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (հասցե՝ Աբովյան 2) տեղի կունենա «Մայր իմ անուշ» խորագրով համերգ:

Միջոցառմանը  կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի Զաբել Եսայանի անունով

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Վերջինս իր ելույթում նշել է, որ Փարիզի փողոցներից մեկը վերանվանելու են հայ հայտնի գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զաբել Եսայանի անունով.

«Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանը իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան և իրարից ընդունելու, և հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը:

Կցանկանայի նաև, օգտվելով ֆրանսահայ համայնքին ծառայող հոգևորականության առաջնորդների և Ձեր, տիկին Սփյուռքի նախարար, ներկայությունից, հայտնել, որ Փարիզը համերաշխ է արևելյան քրիստոնյաների, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում հակամարտության բոլոր զոհերի հետ:
Այդ համերաշխությունը հստակ է, այն դրսևորվում է բազմաթիվ փախստականներին ընդունմամբ, կամուրջների ստեղծմամբ, որոնք հաճախ փխրուն են, երբեմն էլ հաջողված կամուրջներ, բայց ես գիտեմ, որ ցանկացած փոքր կամուրջ ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր գոռոզ պատերը: Հենց այդ կամուրջներով է անցել սփյուռքահայությունը։ Փարիզը պարտական է նրանց իր մշակութային, մտավոր և հոգևոր հարստության համար, ինչպես փարիզահայերն են նրան երախտապարտ իրենց վերապրման և հետագա վերածննդի համար:

Որպես այդ կամուրջների վկայություն՝ մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները:
Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաև Երևանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները և նախաձեռնությունները: