Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական երկխոսությունը շարունակելու է հատուկ դերակատարում ունենալ երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների, այդ թվում` Ֆրանսիայի Սենատի հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, որն անհրաժեշտ է պահպանել և զարգացնել:

Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ոգուն համահունչ` խորհրդարանական համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանում ֆրանսիական պատվիրակության անդամների պատրաստակամությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու Հայաստանին հուզող հարցերը։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

ՀՀ Նախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի անուրանալի դերի մասին և շնորհակալություն հայտնել խորհրդարանականներին անհանդուրժողականության և ատելության դեմ հետևողական պայքարի համար:

Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում:

«Մեծագույն հաճույք է հյուրընկալվել պատմությամբ լեցուն այս վայրում` բարեկամ Ֆրանսիայի Սենատում։ Ամփոփելով ֆրանսիական հարուստ մշակութային բացառիկ ժառանգությունը՝ այն հիրավի հնի ու նորի գերազանց համակեցության վայր է։ Հպարտության և միևնույն ժամանակ հուզմունքի զգացողություն եմ ապրում՝ գտնվելով այստեղ, ուր 17 տարի առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որը ևս մեկ անգամ ընդգծեց Ֆրանսիայի առաջատար դերը համամարդկային արժեքների պաշտպանության գործում և, իհարկե, անվերապահ համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,-գրել է Նախագահ Սարգսյանը։

Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես շատ շնորհակալ եմ Նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների համար այս կարևոր, հանգրվանային՝ 25-րդ տարում Ֆրանսիա այցելելու հրավերի և այն ջերմ ընդունելության համար, որ մշտապես վայելում եմ հարազատ դարձած այս հողի վրա։ Սա լավագույն պահն է՝ համատեղ ամփոփելու քառորդդարյա մեր ձեռքբերումները և քննարկելու ապագայի անելիքները։

Հետաքրքիր մի փաստ. անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով կայացել է շուրջ 25 այցելություն։ Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության և համագործակցության կենտրոնում են։

Հենց նոր ավարտեցինք մեր բանակցությունները և քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին։

Անշուշտ, Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:

Գոհունակությամբ փաստեցինք մեր ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

Մենք այսօր ևս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում։

Անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն Նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում: Նախագահ Օլանդին ես շնորհակալություն հայտնեցի 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է, և մենք անպայման կարողանալու ենք 2018 թվականին լավ մակարդակով կազմակերպել ու անցկացնել այդ միջոցառումը: Բացի դրանից, նախապատրաստական այդ ժամանակահատվածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի և ֆրանսիականի տարածումը` լայն տարածումը մեր երկրում: Մենք միայն այս տարի նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ, և դրանց իրականացումը, անշուշտ, կամրապնդի մեր բարեկամությունը, որովհետև մեզ կապող օղակներից երկու շատ հայտնի հանգամանքներ կան` երկու շատ կարևոր փաստեր, գործոններ կան: Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ և աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս ամենը մշտապես պետք է փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, ջերմ ընդունելության համար և համոզված եմ, որ Դուք մշտապես լինելու եք մեր ժողովրդի կողքին: Մենք սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Դուք Հայաստանում ցանկալի հյուր եք, և մենք մեծ հաճույքով կցանկանայինք Հայաստանում ևս վայելել Ձեր բարեկամությունը:

Շնորհակալություն:


***
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

Ինձ համար հաճույք է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա բազմիցս արդեն այցելել է այստեղ՝ Ելիսեյան պալատ։ Բայց այսօրվա այցը կրում է առանձնահատուկ խորհրդանշական բնույթ, քանի որ լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բացի այդ այսօր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և ես գիտեմ, որ այն Հայաստանում տոնական օր է: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է կանանց իրավունքների պաշտպանությանը:

Այս այցը առիթ է հիշեցնելու Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ուժը և փոխադարձ բարեկամությունը։

Բարեկամություն, որը մի կողմից ամրապնդված է այստեղ՝ Ֆրանսիայում հայկական ծագումով մեր հայրենակիցների ներկայությամբ: Բայց միևնույն ժամանակ փոխադարձ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ է, ինչ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը, և դա մեր կողմից հաստատումն էր առ այն, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել մի ժողովրդի ոչնչացումը, որը մի պետության կամ մեկ այլ ժողովրդի վրեժխնդրության թիրախ է դարձել։

Հայոց ցեղասպանության այդ ճանաչումը մենք դիտարկել ենք որպես խաղաղության հաստատման միջոց. խաղաղություն հիշողության հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև։ Մենք մշտապես ցանկացել ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդգրկել ավելի գլոբալ գործընթացի մեջ, որով մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր հանցագործություններին, որ, ցավոք, հնարավոր է իրականացվեն՝ մարդկության դեմ և ռազմական հանցագործություններին։ Ահա թե ինչու մենք ցանկացանք ունենալ նաև օրինագիծ, որը կընդունվեր և կկարողանար պատժել նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության գոյությունը:

Մեր բարեկամությունը նաև ունի փոխադարձ բնույթ, քանզի կան հարաբերություններ, որոնք Հայաստանի անկախությամբ կարևոր զարգացում ապրեցին, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում․ բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ ներդրումներ են կատարել Հայաստանում այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցությունը, ծառայությունների ոլորտը և այլն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կարող ենք անել ավելին և այդ նպատակով է, որ Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԵԴԵՖ-ի հետ, և նաև այս երեկո՝ պետական ճաշի ժամանակ, կհաստատվեն նոր շփումներ՝ հետագա ներդրումներ խրախուսելու նպատակով։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը կարևոր հարաբերություններ ունի իր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Հատկապես, Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստիև կարող է ունենալ սերտ առևտրային հարաբերություններ այդ միության անդամ հանդիսացող պետությունների հետ: Նույն կերպ, ինչպես Հայաստանը կապված է Եվրոպայի հետ և այսօր բանակցում է ասոցիացման համաձայնագրի շուրջ:

Մենք նաև անդրադարձել ենք համալսարանական և մշակութային կապերին, կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարան, որը համաձայնագրեր ունի ֆրանսիական գիտական և համալսարանական հեղինակավոր հաստատությունների հետ, իսկ այսօր էլ ավելացվել է նորը։ Այդ համաձայնագրերը կարող են Հայաստանի տրամադրության տակ դնել մեր տաղանդը, ինչպես և մենք ենք ցանկանում ընդունել ավելի ու ավելի հայ ուսանողներ։ Առկա է նաև լինգվիստիկ կապ․ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ է և պատրաստվում է 2018 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր պատասխանատվություն է, որն այս շրջանում Հայաստանը հանձն է առել:

Մենք նաև անդրադարձել ենք քաղաքական հարաբերություններին, հատկապես Ֆրանսիայի հնարավորինս օգտակար լինելու առումով:

Հիշատակել ենք, որ Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը:

Եվ, այնուհետև, մենք ցանկանում ենք գտնել քաղաքական լուծում, և Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ անհրաժեշտ տևական լուծում գտնելու հարցում:

Ցանկանում եմ նշել, որ Նախագահ Սարգսյանի այցն առանձնահատուկ սպասված է, նա լավագույնս հյուրընկալվելու է ոչ միայն Փարիզում, այլ նաև Լիոնում, որտեղ առկա են բազմաթիվ կապեր այդ ռեգիոնի և Հայաստանի միջև։ Պետք է ընդգծել, որ շատ սերտ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացվում Ֆրանսիայի բոլոր շրջանների կողմից՝ վերջիններիս հայկական գործընկերների հետ:

Ցանկանում եմ ավարտել խոսքս՝ անդրադառնալով մի իրադարձությանը, որն ինձ համար շատ կարևոր էր ու հուզիչ․ Հայոց ցեղասպանության՝ այդ ահավոր ողբերգության 100-րդ տարելիցի միջոցառումները, որի ժամանակ ես Երևանում էի և իմ ներկայությամբ հաստատեցի, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:

Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում:

Սիրելի՛ կանայք,

Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ:

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ:

Քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և համարում է, որ Երևանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երևանի և Փարիզի միջև զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի Նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա:

Փարիզի քաղաքապետարանում այնուհետև, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը

Հարգարժա՛ն քաղաքապետ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով:

Շնորհակալ եմ Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս տիկին Իդալգոյի, այս հնարավորության համար: Ձեր շնորհիվ է նաև, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը և, իհարկե, հատկապես՝ Փարիզի հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին. խոսքս Երևան կատարած Ձեր այցերի մասին է՝ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798–ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մենք նշելու ենք մեր մայրաքաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը:

Տիկի՛ն քաղաքապետ,

Փարիզի փողոցներով անցնելիս անհնարին է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և վերջապես՝ այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է:

Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում:

Առանձնահատուկ կուզեի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ:

Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը:

Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին:

Վստահաբար կարելի է ասել, որ դուք Ձեր ներդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը՝ դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով:

Այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մենք այդ կոլորիտն ավելի մոտիկից ենք զգում և գնահատում: Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին՝ դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը:

Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի ճանաչելի և ավելի լսելի: Հավատացա՛ծ եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք Ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունը կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն քաղաքապետ, Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում Ձեր անձնական ներգրավվածության համար: Ձեր որոշմամբ էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման:

Շնորհակալություն:

%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf1 %d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf2%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf3 %d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf4 %d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf5

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:

Նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, Նախագահ Սարգսյանը այն լավ առիթ և հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները և քննարկելու ապագա անելիքները։

Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման, փոխգործակցության օրակարգի ընդլայնման, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում և գոհունակությամբ են խոսել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին:

Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը ընդգծել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը նաև միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և քրեականացման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և անձամբ նախագահ Կլոդ Բարտոլոնի դիրքորոշումը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում Ֆրանսիայի` որպես ՄԽ համանախագահող երկրի ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ, ընդգծելով, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների այցերը Արցախ միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու և ճիշտ ըմբռնելու ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ինքնորոշման համար Արցախի ժողովրդի արդար պայքարի ողջ էությունը, ինչը ցանկացած ժողովրդի անհերքելի իրավունքն է:

Այդ համատեքստում կարևորվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի գործունեությունը, որը Հանրապետության Նախագահի համոզմամբ, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը:

ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայ-ֆրանսիական երկկողմ կապերից բացի անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին ու զարգացման հեռանկարին:

Նախագահը հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև:

Միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է ֆրանսիական ձեռնարկությունների գործունեությանը` նման հանդիպումների միջոցով ձեռնարկությունների համար հնարավորություններ ստեղծում ծանոթանալու և պայմաններ ապահովելու իրենց ծրագրերի իրականացման համար, իսկ այլ երկրներում գործող ֆրանսիական ձեռնարկություններին` հյուրերի առջև բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները` լուծումներ գտնելու ակնկալիքով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով:

Հանդիպման ավարտին ՄԵԴԵՖ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Տաշիր ընկերությունների խմբի», «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդույթ դարձած, մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված այս միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին:

Հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ընկած են ոչ միայն մեր քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարաբերությունների հիմքում: Սա մեզ վստահություն է ներշնչում, որ կողմերը կարող են ապահովել բավականաչափ խոշոր ու հավակնոտ տնտեսական ծրագրերի իրականացում:

Հարգելի՛ գործարարներ,

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կայուն զարգացող, համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին արդյունավետ դիմակայող Հայաստան: Տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք ուղեկցվեցին տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ և ազգային արժույթների կտրուկ արժեզրկմամբ, ապացուցեցին Հայաստանի վարած հարկաբյուջետային և ֆինանսավարկային քաղաքականության կենսունակությունը: Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, և դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր:

Երկրում հաջողությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր վարկանիշները, որոնցում Հայաստանը տարեցտարի կայուն առաջընթաց է գրանցում: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ այս տարի ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Հասկանալի է, որ լինում են դեպքեր, երբ տարբեր վարկանիշներում երկրների զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում ներդրումների համար:

Մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարևան երկրի՝ Ադրբեջանի պարագայում գերշահույթներ ստանալու ակնկալիքը, կարծես, երկրորդական պլան է մղում երկրի տնտեսության իրական վիճակն արտացոլող գնահատականները:

Իհարկե, կայուն տնտեսական աճի համար միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ: Երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից մեզ համար առաջնահերթ են երկրում գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը, մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ինստիտուտների կատարելագործումը:

Այս տեսլականով առաջնորդվեցինք նաև, երբ ձեռնարկեցինք Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որ ընդունվեցին 2015 թվականիդեկտեմբերին: Նոր Սահմանադրությամբ մենք ո՛չ միայն առանցքային փոփոխություններ կատարեցինք մեր պետական կառավարման համակարգում՝ անցում կիսանախագահականից լիարժեք խորհրդարանական համակարգի: Մեր խորին համոզմամբ՝ այդ փոփոխությունները նաև իրենց դրական ազդեցությունը կունենան երկրի տնտեսական կյանքի աշխուժության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ հատուկ շեշտադրվում են ազատ տնտեսական մրցակցությանը, գործարար միջավայրի բարելավմանը և ձեռնարկատիրությանը խթանելու ուղղված դրույթները:
Չունենալով ելք դեպի ծով և էներգետիկ պաշարներ, գտնվելով շրջափակման մեջ երկու հարևան երկրների կողմից՝ մենք երբեք չընկրկեցինք դժվարությունների առջև: Հակառակը` դրանք դարձան մեր ժողովրդի ստեղծագործ միտքն ու հնարամտությունը զարգացնելու շարժիչ ուժը:

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը: Այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25% աճ, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է շուրջ 4%:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվ որքան էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները ամենևին գոհացուցիչ չեն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական օրակարգի ընդգրկումը, մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ:

Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից։

Ստեղծվում են իրավական հիմքեր պետություն-մասնավոր հատված գործընկերության հնարավորությունների ընդլայնման համար։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ շարունակաբար կրճատվում և պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտներում։

Լուրջ քայլեր են արվում արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման ուղղությամբ: Մեր կողմից մշակված ռազմավարությունը շեշտադրում է արտահանման ավելացումը, քանզի այն կարող է լինել հետագա կայուն տնտեսական աճի շարժիչ ուժը:

Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողունակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների։

Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարեցինք Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։

Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին:

Հարգելի՛ գործարարներ,

Համաժողովին ներկա այս ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն գործնականում կնպաստի մեր երկրների նոր հնարավորությունների բացահայտմանը և առկա համագործակցության ձևաչափերի օգտագործման լավագույն բանաձևի դուրսբերմանը։

Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները:

Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ավելի հանգամանալից կներկայացնի համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները, նա կառաջարկի նաև կոնկրետ ծրագրեր:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն:

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:
Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախևառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները` նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը երբևէ չի դադարել ջանքեր գործադրել՝ խրախուսելու կազմակերպության արժեքների և ֆրանսերենի տարածմանը: Նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

Կազմակերպության հետ համագործակցությունը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլև հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ և դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով, ըստ Նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը Հայաստանում:

ՀՀ Նախագահը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում նշվել է Ֆրանկոֆոնիայի քաղաքապետերի միջազգային ասոցացիայի հետ ծավալված փոխգործակցությունը, որի արդյունքում մայրաքաղաք Երևանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, վերանորոգվել են երաժշտության և արվեստի դպրոցներ, գրադարաններ:

Անդրադարձ է եղել նաև ֆրանկոֆոն ընտանիքին վերաբերող արդի խնդիրներին, զրուցակիները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ հանդիսացող երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության շուրջ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպության և անձամբ տիկին Ժանի հավասարակշռված դիրքորոշման համար: Աջակցությունը խնդրով զբաղվող միակ մասնագիտացված ձևաչաձի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ըստ Սերժ Սարգսյանի, աջակցություն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված աշխատանքներին: Նման հեղինակավոր գագաթնաժողովը մեր երկրում անցկացնելու որոշումը, Նախագահի խոսքով, ոչ միայն վկայում է կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի հանձնառության, այլև մեր երկրի հանդեպ բարձր վստահության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա շատ պարտավորեցնող է, և Հայաստանը հաստատակամ է ապահովելու այդ կարևոր իրադարձության հաջողությունը:

Հանրապետության Նախագահը կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀՀ արտգործնախարարը կազմակերպության հետ համատեղ արդեն իսկ զբաղված է նախապատրաստական միջոցառումների ծրագրի մշակմամբ: Նախագահն առաջարկել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել կայուն զարգացման, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երիտասարդության հետ կապված հարցերի վրա:

Նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ առաջին անգամ գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` բազմազանության, համերաշխության, երկխոսության և համագործակցության մեծ ընտանիքի կենտրոնակայանում: Հայաստանը, որ կազմակերպությանն իր ներգրավվածության տասը տարիների ընթացքում վաստակել է ակտիվ անդամպետություն կոչվելու իրավունքը, հանձնառու է առաջ մղել ֆրանկոֆոն արժեքները, որ համամարդկային են: Ասվածի վկայությունն է այն վստահությունը, որ Կազմակերպության անդամ-երկրներն ու ղեկավարությունը ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ՝ որոշելով Հայաստանում անցկացնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Անկասկած, մենք պատվով կիրականացնենք վստահված առաքելությունը»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման ու ջերմ ընդունելության համար և տիկին Միկայել Ժանին գագաթնաժողովից առաջ ևս հրավիրել է Հայաստան:

Գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ և այն ժառանգությամբ, որ կրում են իր անդամները, ինչպես նաև այն ուղերձով ու ապագայի տեսլականով, որ կազմակերպությունը կարողանում է փոխանցել Ֆրանկոֆոնիայի մյուս անդամներին: Նա վստահեցրել է, որ կազմակերպությունում ոգևորությամբ են սպասում հայաստանյան գագաթնաժողովին, որը, իր համոզմամբ, լավ հնարավորություն է հայ ժողովրդի համար ցույց տալու վերապրելու, արարելու իր կամքի մեծ ուժը և հաստատակամությունը:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b01