Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի Հանրապետությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձել է անկախությունից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, սիրիահայերին աջակցելու գործում իրականացված և շարունակվող ծրագրերին, Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններին և կոչ արել` առավել միաբանվել ու ջանքերն ուղղել համազգային նպատակների իրականացմանը, այդ թվում նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր Հայաստան կերտելու գործին: «Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն:

Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավիգ կանգնելու սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին:

Մենք որևէ ձևով չենք թերագնահատում մինչև օրս կատարված հսկայածավալ աշխատանքը և կյանքի կոչված բազմաբնույթ ծրագրերը: Ավելին, մեր երախտագիտության անկեղծ խոսքն ենք հայտնում դրանք իրականություն դարձրած մեր քույրերին և եղբայրներին: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին:
Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ: Որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից: Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները, և պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը։

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք պետք է փորձենք ակտիվորեն օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում նաև երիտասարդ ու արհեստավարժ շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ Հայը, անկախ բնակության վայրից, մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և շնորհքով։ Մեր ժողովուրդը ծնել է աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գյուտարարներ, գործարարներ։ Դա է մեր մեծ նվաճումը՝ մեր մարդկային խոշոր կապիտալը:

Դուք՝ սփյուռքի մեր հայրենակիցներդ, հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը: Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ:

Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնե՛նք մեր բոլորի հայրենիքը։ Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է:

Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը: Սիրիայի ողբերգությունը և, մասնավորապես, սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են: Բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում: Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն: Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին: Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին: Այո՛, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը:
Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը: Դա պետք է լինի նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվոլորտներում: Միաժամանակ, սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում:

Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը:

Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային բնույթ կրեն՝ միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար։

Մենք, սիրելի՛ բարեկամներ, քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր և ո՛չ որպես հակառակորդ: Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա թերևս անխուսափելի իրողություն է: Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք:

Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները պետք է լինեն անշրջելի: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը: Այստեղ կարևոր են նաև սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի և հմտությունների ներդրումը կրթության ոլորտում՝ խորհրդատվությունից մինչև դասավանդում:

Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ՝ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակոխելու է նոր ժամանակաշրջան՝ անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ։ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ և բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ և անհրաժեշտությամբ։

Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները ենթադրում են նաև սփյուռքի հետ գործակցության նորացված օրակարգ։ Այդ օրակարգը կարող է ամփոփվել հետևյալ կարգախոսով. «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարմանալիորեն միաբանվել է օրհասական իրավիճակներում։ Ի՞նչն է խանգարում մեզ դա անել խաղաղ պայմաններում, և ի՞նչն է խանգարում մեզ առաջ տանելմեր երկիրը՝ շենացնելու ու զորացնելու այն։ Ես այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեմ տեսնում:

Համոզված եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալներն ու նախապայմանները՝ նոր թափ հաղորդելու մեր գործակցությանը։ Սա է մեր տեսլականը, սա է մեր պատկերացումը, սա է մեր վաղվա հաջողության անժխտելի գրավականը։

Սիրելի՛ բարեկամներ,

Եզրափակելով խոսքս՝ ևս մեկ անգամ խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ այստեղ լինելու համար։ Հավատացած եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարելու մերօրյա մարտահրավերները, սեփական թերահավատությունը և այդպիսով հավաքական ջանքերով պայքարելու հանուն մեր լուսավոր ապագայի:

Միմյանց սատարելով՝ մենք կարող ենք զինվորագրվել պետականաշինության գործին և դրա անմիջական մասնակիցը դարձնել մեր փայլուն երիտասարդությանը։ Մենք պետք է լինենք առավել խիզախ ու նպատակասլաց, փոխադարձ հարգանքով լեցուն: Մենք պետք է տեր կանգնենք մեր վերանվաճած հայրենիքին:

Մենք պետք է զորանանք, որ զորացնենք դարերով փայփայած մեր դրախտավայր հայրենիքը՝ Հայաստանը:

Ուրեմն, եկեք բոլորս միասին գործենք:

Շնորհակալություն»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում երեկոյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «Վեոլիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի հետ, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղթելով 2016 թվականին հայտարարված միջազգային բաց մրցույթում` ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթները Հանրապետության 45 քաղաքային համայնքներում, այդ թվում՝ Երևանում, ինչպես նաև շուրջ 360 գյուղական համայնքներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության պայմանագրային պարտավորությունների շրջանակներում ջրային տնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին` մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

handipum3handipum1handipum2

Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրով նախատեսված տարածքի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արտավազդ Թարխանյանը։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում և այլն) ներկայացնող ցուցասրահներով, հայտնում է Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ծրագրին նախորդել են Կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ:

Նախատեսվող տարածքի կառուցապատման էսքիզային լուծումները մշակվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից՝ ուսանողների մասնակցությամբ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները նույնպես իրականացվելու են համալսարանի ուժերով: Ներդրումային ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Բելառուսական «Բելավիան» վերսկսում է թռիչքները դեպի Երևան

Բելառուսական «Բելավիա» ընկերությունը մայիսին վերսկսելու է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթով թռիչքները: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Բելավիան» դադարեցրել էր թռիչքները դեպի Հյաաստան մոտ մեկ տարի առաջ:

«Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, կարևոր տրանսպորտային հանգույց է, մշակութային և գիտական կենտրոն: Առաջին հերթին այն գրավում է Արարատի հիասքանչ տեսարանով, որը կարելի է տեսնել արդեն օդանավակայանում: Հայաստանում կարելի է ճաշակել նաև Ասիայի հնագույն խոհանոցներից մեկի ուտեստները: Հայաստանի զբոսաշրջիկների համար դա հիանալի հնարավորություն կլինի Մինսկ հասնել ուղիղ չվերթով և ծանոթանալ մեր երկրի տեսարժան վայրերին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը, հայտնում է Sputnik-ը:

Թռիչքները կվերսկսվեն մայիսի 24-ից, դրանք կատարվելու են շաբաթական 2 անգամ: Ինքնաթիռը Մինսկից կուղևորվի չորեքշաբթի և կիրակի 22:40-ին: Ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 02:45-ին:

Երևանից թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամանումը Մինսկ կլինի 05:45-ին:

Թռիչքի տևողությունը 3 ժամ 10 րոպե է: Թռիչքները նախատեսվում է իրականացնել Embraer 175 օդանավերով, տարողությունը 76 աթոռ է:

Հայաստանում գորգեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են

Հայաստանում 2017 թվականի հունվարին գորգերի և գորգեղենի արտադրությունը կազմել է 0,4 տոննա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվարին արտադրության ծավալները կազմել էին 0,1 տոննա, ինչը նշանակում է, որ այն 4 անգամ ավելացել է:

2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 167,9 հազար հատ տրիկոտաժեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ այն ավելացել է 48,6 տոկոսով: 2016-ի հունվարին արտադրության ծավալը կազմել էր 113 հազար հատ:

Միևնույն ժամանակ զգալի նվազել է գուլպեղենի արտադրությունը: Այս տարվա հունվարին նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ անկումը կազմել է 85,8 տոկոս: 2017 թվականին դրանց արտադրությունը կազմել է 77,2 հազար զույգ, իսկ 2016-ի հունվարին` 542,5 հազար զույգ:

Ցեղասպանություններ, որոնք երբևէ տեղի չեն ունեցել. Timesofisrael-ի անդրադարձը Խոջալուին

Իսրայելական blogTimesofisrael-ն անդրադարձել է հորինված «ցեղասպանություններին», այդ թվում՝ Խոջալուի դեպքերին, որոնք օգտագործվում են տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար:

Հրապարկման մեջ ընդգծվում է, որ սույն հոդվածը ռազմական արդարացումներ գտնելու կամ կոնֆլիկտների նախապատմությունը ներկայացնելու նպատակ չունի, այլ, պարզապես, փորձելու է մերկացնել սուտը:

«1992 թվականի փետրվարին Խոջալուում, իսկապես, մեծաթիվ զոհեր են եղել: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մոտ 30 հազար կյանք է խլել: Խոջալուն Բաքվի կողմից շարունակաբար օգտագործվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու համար: Ցանկացած պատերազմի տրամաբանություն ենթադրում է կրակակետերի չեզոքացում: Խոջալուի կրակակետի չեզոքացումը դարձավ համախմբման կոչ ամբողջովին բարոյալքված ադրբեջանական բանակի համար: Դրան հետևեց նախագահ Մութալիբովի տապալումը, և ամենակարևորը Ադրբեջանը սկսեց շահարկել, թե իբր հայկական կողմը զանգվածային դաժանություններ է արել: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունների կողմից ցեղասպանության ենթարկված և 1988-90թթ.. Ադրբեջանի տարածքում ջարդերի զոհ դարձած հայ ժողովուրդը ստիպված էր  արդարանալ:

…Ադրբեջանական մամուլը այդ օրերին չշոշափեց այս թեման: 1992թ. սեպտեմբերի «պաշտոնական Բաքուն» Human Rights Watch-ին հայտնել էր 159 զոհերի մասին: Այսօր զոհերի պաշտոնական թիվը 613 է: Այստեղ հստակեցումներ մտցնելը դժվար է, քանզի Ադրբեջանը չունի հստակ վիճակագրություն ղարաբաղյան պատերազմում կրած կորուստների մասին: …Խոջալուի զոհերի մեծ թիվը կապված է այն փաստի հետ, որ ադրբեջանցի մարտիկները ցրված են եղել էվակուացվող բնակչության շարքերում, որոնց մարդասիրական միջանցք էր տրամադրել հայկական կողմը:

Ադրբեջանը կիրառում է վշտահար մոր նկարը՝ իր 5 երեխաների դիակների հետ:

Այս նկարը իրականում 1983 թվականի Էրզրումի երկրաշարժի ժամանակ է լուսանկարվել և տպվել է «Հուրիեթ» թերթում 1983 թվականի հոկտեմբերի 30-ին:

Խոջալուի դեպքերից մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունը պատկերող այս նկարը տարիներ շարունակ եղել է Բաքվի հիմնական փաստաթուղթը՝ մինչ իրականության պարզվելը:

Անակնկալ չէր, որ ստի մերկացումից հետո, ադրբեջանամետ լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից սկսեցին հեռացնել այս նկարը:

Անախրոնիկ նկարների օգտագործումը ներառում է նաև մեկ այլ անգույն լուսանկար, որը ներկայացվում է որպես «հայկական բարբարոսության» արդյունք, սակայն այն վերցված է 1999թ. հունվարի Կոսովոյում լուսանկարված գունավոր լուսանկարից:

Իսկ ադրբեջանական լուսանկարներում, որտեղ կան այլանդակված մարմիններ, չկա արնահոսում: Սա հակասում է մարդու անատոմիային: Եթե մարմինները հաշմված լինեին կենդանության օրոք, ապա կլիներ ուժեղ արնահոսություն: Կենդանի մարդու մարմինը հաշմվելուց հետո արնահոսում է 6-12 ժամ: Նկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինվորները տեղափոխել են ավելի վաղ մահացածների դիակները մի քանի կիլոմետր, դրել ինչ-որ դաշտում, այլանդակել, ապա հրավիրել լրատվամիջոցներին»:

Հոդվածում մեջբերվում է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցից մի հատված, որտեղ նա պնդում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպվել են իրեն պաշտոնանկ անելու համար: Նա նաև խոսել էր հայկական կողմի տրամադրած մարդասիրական միջանցքի մասին:

«Այսպիսով, 25 տարվա ընթացքում Ադրբեջանը փորձում է իր շինծու ապացույցներով մարդկության դեմ կատարված հանցագործության զոհի կարգավիճակ ստանալ»,-նշում է հոդվածագիրը:

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ծրագիրը:

Հավելենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b01 %d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b02

Հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված միջոցառում Բելգիայում

Մարտի 3-ին Բելգիայի Օստենդ  քաղաքի «Արագած» հայկական մշակութային միությունը մասնակցել է «FMDO»-ի կողմից կազմակերպված «Պատրաստե´նք միասին, ապրե´նք միասին» խորագրով ծրագրին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, միջոցառման գլխավոր նպատակն էր՝ մասնակից հյուրերին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին ու խոհանոցին, ասել է թե` ներքաշել պատրաստման ամբողջ գործընթացի մեջ:
Ծրագրի հյուրերը մեծ սիրով ու ոգևորվածությամբ են մասնակցել ծրագրին: Երեկոն անցել է հայկական համեղ ու ջերմ մթնոլորտում:

%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%811 %d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%812%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%813 %d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%814%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%816 %d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%817 %d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%818

Ստամբուլում իսլամացված հայերի համար կազմակերպված հայերենի դասընթացը մեծ հաջողություն է ունեցել

Ստամբուլում արդեն մի քանի ամիս է, ինչ հաջողությամբ շարունակվում է իսլամացված հայերի մայրենի լեզվի դասընթացը, որն, ինչպես նշել ենք ավելի վաղ, նախաձեռնել էր ծնունդով Բեյրութից Օքսֆորդի շրջանավարտ Հրակ Փափազյանը:

Ամիսներ առաջ Հրակին հաջողվեց կազմավորել իսլամացված հայերից բաղկացած մեկ առանձին խումբ, որտեղ կան նաև Մուշում, Սասունում, Ադափազարըում, Բինգյոլում մեծացած հայեր, որոնք տարիներ շարունակ հեռու են գտնվել Ստամբուլի հայկական համայնքից, եկեղեցուց և դպրոցներից կամ ինչ-ինչ պատճառներով ավելի ուշ են տեղեկացել իրենց ծագման մասին, գրում է tert.am-ը:

Նշենք, որ Թուրքիայում իսլամացված հայերի` հայկական դպրոցներում մայրենին սովորելու հնարավորությունը փաստացի անհնար է՝ առաջին հերթին հենց երկրի օրենքների համաձայն: Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն:

Ըստ Լոզանի պայմանագրի երրորդ բաժնի 37-45 կետերի` կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզները, լազերը և առհասարակ ոչ թուրք բոլոր մահմեդականները:

Այսպիսով` Ստամբուլում գործող համայնքային հայկական դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ:

Փաստացի այս գործընթացից դուրս են մղվում նաև ալևիացած և մահմեդականացված բոլոր հայերը, որոնց շրջանում հայերեն սովորելու ձգտում դրսևորողների առաջ միակ բաց «պատուհանը» մնում են վերջին տարիներին որոշ միությունների կամ անհատների կողմից նախաձեռնվող բաց դասընթացները, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Տիգրանակերտում, Դերսիմում և Մուշում:
Շատ հաճախ այս դասընթացները շարունակական բնույթ չեն կրում՝ ֆինանսական աջակցության բացակայության պատճառով:

????????????????????????????????????

Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը:

Ըստ թուրքական «Karar.com» լրատվական կայքի` Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին:

Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարըելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:

Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը:

Աղբյուրը`    Ermenihaber.am

Հայ կանայք էական դեր են կատարել Թուրքիայում ձախակողմյան շարժման զարգացման գործում. թուրքական պարբերական

Թուրքիայում լույս է տեսել «Կանայք միշտ կային. կին կերպարներ Թուրքիայի ձախակողմյան շարժումներում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել նաև հայ կանանց նվիրված հոդվածներ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական Bianet.org կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, ժողովածուն սկսվում է 1877 թ. ծնված և 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ կին սոցիալիստ, ֆեմինիստ և ակտիվիստ Մարի Բեյլերյանին նվիրված հոդվածով:

Ժողովածուում ընդգրկվել է նաև Թուրքիայի ֆեմինիստներից ամենահայտնի պոլսահայ արձակագիր Զապել Եսայանի վերաբերյալ հոդվածը:

Մարի Բեյլերյանի մասին հոդվածը հեղինակել է Քայուշ Չալըքման Գավրիլոֆը, իսկ Զապել Եսայանինը` Մելիքե Քոչաքը:

Ոսկեձեռիկ սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես- տոնավաճառը

ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ- ն Կանանց միջազգային օրվան նվիրված՝ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի նախասրահում կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 6-ին: Ցուցահանդեսին մասնակցող շնորհաշատ սիրիահայերի ձեռքի աշխատանքները, կերակրատեսակները, համեմունքները տեղացիներիս համար դարձել են շատ սիրված ու ցանկալի: Որքան էլ այդ ամենը տարիների ընթացքում մեզ համար արդեն սովորական է դարձել, այնուամենայնիվ, սիրիահայ մեր հայրենակիցների ձեռքի շնորհքը միշտ էլ հիացնում ու զարմացնում է մեզ: Արդեն որերորդ ցուցահանդեսն է, որի առիթով հանդիպում եմ մեր հայրենակիցներին և, իսկապես, վայելում սիրիահայ մշակույթի շունչը, որը սիրով կիսում եմ «Հայերն այսօր»-ի ընթերցողների հետ:

Նազարեթ Արոյան- Գոհ ենք, փա՛ռք Աստծո. առաջին օրն ավելի շատ գնորդներ ունեինք: Այստեղ հիմնականում ուսանողներն են առևտուր անում, ավելի շատ՝ աղջիկները: Մատանիներին են ավելի շատ ուշադրություն դարձնում, ապարանջաններին: Քանի որ Երևանի պետական համալսարանի ներսում է կազմակերպված, շատ մարդիկ չգիտեն, լավ կլիներ, որ զանգվածային լրատվամիջոցները շատ տարածեին այս ցուցահանդեսի լուրը:

Զոհրաբ Տերտերյան- Ես Հալեպում զբոսաշրջային գործով էի զբաղված, իսկ Հայաստանում գործս սա՛ է. իմ սեղանից ավելի շատ տերողորմյաներ են գնում, բնականաբար, տղաներն են ավելի շատ մոտենում: Մենք էլ՝ մեկս մյուսից ապրանք ենք գնում, հիմնականում՝ ուտելիք: Փառք տանք Աստծուն: Բաներ կան, որ ես իմ ձեռքով եմ պատրաստել, որոշ բաներ էլ Հալեպից եմ բերել:

Ռաֆֆի և Իոլանդ Ռշտունիներ-Ավելի շատ առևտուր են անում աղջիկները. տղաների համար լավ նվերներ են գնում: Երևում է, որ տղաներին շատ են սիրում և սրտանց են նվիրում: Մենք 30 ցուցահանդեսի ենք մասնակցել, իսկ այստեղ՝ համալսարանում, թվով 3-րդ ցուցահանդեսին ենք մասնակցում:

Վանի Արաբյան– Այս սեղանի վրա ցուցադրված բոլոր ուտեստները՝ աղի, քաղցր, ես իմ ձեռքով եմ պատրաստել: Գաղտնիք չէ, որ բոլոր սիրիահայերը ձեռքի շնորհք ունեն. դա գալիս է Արևմտյան Հայաստանից, մեր արմատներից: Ուսանողներն ամենից շատ հավանում են աղի, սիրիական համեմունքներով պատրաստած կարկանդակները, քադաեֆ են շատ գնում: Ցուցահանդեսին մասնակցող սիրիահայերը ևս գնումներ են անում, երբ քաղցած են լինում: Մերոնց քիմքին այս ամենը հաճելի ու ծանոթ է, ուստի սիրով են օգտվում: Այսօր ավելի լավ է ընթանում առևտուրս, փա՛ռք Աստծո:

Նուբար և Էմանուել Դոլմաջյաններ– Մեր սեղանից ավելի շատ սպառվում են աղի կարկանդակները. ուսանողների մեծ մասը դրանցից է գնում: Այսօր սա՛ է մեր ունեցած աշխատանքը: Ես Հալեպում դպրոցի տնօրեն էի, անգլերենի մասնագետ, նախակրթարանում է դասավանդում, կինս՝ Նուբարը, տան գործերով էր զբաղված: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում ենք: Երկու տղա ունենք, երկուսն էլ համակարգչային գրաֆիկայի դիզայներներ են: Փոքր տղաս 6 տարի է, ինչ Հայաստանում է, եկել էր ձայնը մշակելու, «Ժողովրդկան երգիչ» ծրագրին մասնակցեց: Մեծ տղաս ամուսնացած է, թոռնիկ ունենք, անունը Բալիկ ենք դրել և մեր արտադրանքը նրա անունով ենք կոչել:

Վանյա Քադեհչյան- Իմ սեղանին դրված արտադրանքն իմ ձեռքով եմ պատրաստել: Ձեռքի շնորհքը միշտ էլ հարկավոր է. եթե մարդը, ինչ-ինչ հանգամանքների պատճառով իր մասնագիտությամբ չկարողանա աշխատել, ապա ձեռքի շնորհքով կարող է ապրել:

Զարմինե Թոքաթլյան-Մինասյան- Դուք արդեն մի անգամ մեզ հետ զրուցել եք. ասեմ, որ մեր գործը Աստծով առաջ է գնում: Այս ուտեստները մենք ամուսնուս հետ ենք պատրաստում: Գիտեք, որ Հալեպի հավի ճաշատեսակների խանութ ունենք, այսինքն՝ տարածք ենք վերցրել և առևտուր ենք անում, մեզ արդեն ճանաչում են: Մասնակցում ենք նաև ցուցահանդեսների: Փա՛ռք Աստծո:

Անի Շամլյան– Իմ և քրոջս՝ Լենայի հետ, Դուք վաղուց հարցազրույց եք ունեցել, տեսել եք մեր ձեռքի աշխատանքները. այսօր ես քաղցր ուտեստներ եմ ներկայացնում, որոնք ինքս եմ պատրաստել, շատ մատչելի են գները: Ուսանողները սիրով են օգտվում:

Աիդա Սանթուրյան-Այս ձեռքի աշխատանքներն ամիսներ շարունակ պատրաստել եմ, շատ ժամանակ է խլում: Ավելի շատ վաճառվում են պստիկ պայուսակները: Ես երեք տարի է, ինչ Հայաստանում եմ, երեք տարի շարունակ բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել: Ցուցահանդեսների ընթացքում շատ մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր դարձել են իմ մշտական հաճախորդները և պատվերներ են տալիս:

Լենա Ջենանյան– Այս ասեղնագործ աշխատանքները շատ ջանք ու եռանդ են պահանջում, որովհետև դրանք ասես մանրանկարներ լինեն, աչքի լույս են տանում, ուստի դրանց գներն էլ թանկ են: Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում, եթե անգամ 100 տոկոսանոց հարատև խաղաղություն էլ լինի Սիրիայում, մենք ետ չենք գնա: Ամուսինս էլ է աշխատում, նա լազերային աշխատանքով է զբաղվում: Երկու երեխաներս հաճախում են թիվ 71 դպրոց, մեկն էլ մեկուկես տարեկան է:

Նազան Մանուկյան-Երկու տարի է, ինչ տեղափոխվել եմ Սիրիայից: Երրորդ ցուցահանդեսին եմ մասնակցում: Այնքան էլ ակտիվ չէ իմ առևտուրը: Ավելի շատ համուս, հալվա և համեմունքներ են գնում: Հույս ունենք, որ օրվա երկրորդ հատվածում առևտուրը կաշխուժանա:

Հուրի Իջյան- Առաջին անգամ եմ մասնակցում Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսին: Սրանք իմ ձեռքի աշխատանքներն են: Իմ տատիկները, ծնողս նույնպես զբաղվել են ասեղնագործությամբ: Մերոնք Այնթապից են. ես սովորել եմ Այնթապի, Ուրֆայի, Վանի, Սվազի ասեղնագործություն և այդ աշխատանքներս եմ բերել ցուցահանդեսի:

Իմ հարցազրույցների վերջին հերոսուհին Նաիրի Մկրտիչյանն է, ով շատ տարիներ առաջ՝ մինչև սիրիական պատերազմի սկսվելն է Կամըշլիից տեղափոխվել Հայրենիք և այսօր աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Նա ցուցահանդես էր եկել՝ գնումներ կատարելու: Այդ առիթով էլ զրուցեցի Նաիրիի հետ:

-Նաիրի՛, այս բոլոր աշխատանքներն, անշուշտ, հոգեհարազատ են քեզ: Ծանոթ ուտեստներից ո՞րն ես գերադասում ամենից շատ և ի՞նչ ես պատրաստվում գնել:

-Մանթի եմ ուզում գնել, աղջիկս շատ է սիրում այդ ուտեստը: Այնքա՜ն համեղ է, որ ամբողջը սպառվել է, ու ես սպասում եմ ՝մինչև տիկին Զարմինեի ամուսինն ինձ հանար էլ բերի:

-Դու կարողանու՞մ ես մանթի պատրաստել :

-Ո՜չ, դա ուլունքի սարքելու պես մի բան է, որը հալեպցիներն են պատրաստում:

-Իսկ Կամըշլիում հայտնի ի՞նչ ուտեստ կհիշես, որը նաև կարող ես ինքդ պատրաստել:

-Սմբուկով քեբաբը, որը պատրաստելը տանջանք է. Կամըշլիի սմբուկն ուրիշ է, այն կորիզներ, սերմնահատիկներ չունի, շատ համեղ է: Առհասարակ, սիրիահայերի բոլոր ուտեստներն ու քաղցրավենիքը, թխվածքները յուրօրինակ համուհոտ ունեն. դա Արևմտյան Հայաստանի հայուհիներից ժառանգած ամենամեծ հարստությունն է:

 Ցուցահանդես-վաճառքի բոլոր մասնակիցներին հրաժեշտ եմ տալիս՝ բարի օր ու ճոխ առևտուր մաղթելով, ցանկանալով, որ մեր սիրիահայ մշակույթը, սիրիահայերի՝ ասես անձեռակերտ աշխատանքները տեղ գտնեն նաև միջազգային ցուցահանդեսներում:

Կարինե Ավագյան

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6

Հանդիպում Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հետ

Մարտի 5-ին Բելգիայի Օստենդ քաղաքի «Արագած» մշակութային միությունում կայացել է հանդիպում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, Օստենդի հայ կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ են դիմավորել Արմանին, ում համար նաև պատրաստել էին գեղեցիկ բանաստեղծություններ: Հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում: Արմանը համբերատար պատասխանել է ներկաների հարցերին, փոքրիկների ցանկությամբ խոսել բանակային կյանքի, առօրյայի մասին:
%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b41%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b42 %d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b43

«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների, ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025 թ․ թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկի վերաբերյալ։
Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ», – նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում:
Նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր:
Այնուհետև Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ի պատիվ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակների՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Նիժնի Նովգորոդի «Նաիրի» պարախումբը 10 տարեկան է. լուսանկարներ

Գարնան առաջին օրը Նիժնի Նովգորոդի ամենամեծ համերգասրահներից մեկում նշվեց «Նաիրի» ժողովրդական պարախմբի 10-ամյա հոբելյանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է Ռեգինա Սաֆարյանը, հոբելյանական երեկոն սկսվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունից ստացված տեղեկատվության ընթերցումով. «Նաիրի»  պարախմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Քոչարյանը Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով, իսկ պարախմբի պարուսույց Անահիտ Սարիբեկյանը՝ պատվոգրով։

Համերգասրահում տիրեց տոնական տրամադրություն։ Հայրենիքի կողմից տրված բարձր գնահատականը, անկասկած, պարախմբի ղեկավարների  տասնամյա  տքնաջան ու ստեղծագործ աշխատանքի և ազգային արվեստին  անմնացորդ նվիրվելու արդյունքն է ։ Բեմադրիչ- պարուսույց Անահիտ Սարիբեկյանն իր  բեմադրած պարերում ձգտում է անաղարտ պահել ազգային պարարվեստի ավանդույթները՝ միաժամանակ ցուցաբերելով իր հեղինակային մոտեցումը։ «Նաիրի» պարախմբի յուրաքանչյուր պար մի առանձին բեմադրություն է՝ անկրկնելի իր յուրահատուկ ոճով ու գեղեցկությամբ։ Գեղարվեստական ղեկավար Կարինե Քոչարյանն իր տաղանդի, կազմակերպչական արտասովոր ունակության շնորհիվ իր շուրջն է համախմբել 150 երեխա, որոնց համար պարախումբը դարձել է իրենց երկրորդ ընտանիքը։ Այդ երեխաների բացարձակ մեծամասնությունը ծնվել ու մեծացել է  Ռուսաստանի Դաշնությունում։  Շատերը դժվարությամբ են խոսում հայերեն, սակայն պարի լեզուն վերածնում է նրանց հոգում ազգայինը։ Յուրաքանչյուր պարի ուսուցումը դա նաև հայ ժողովրդի պատմության  դասավանդում է, ազգային ոգու դաստիարակություն։

Պարախումբը հաճախ է համերգներով ու ելույթներով հանդես եկել ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև արտասահմանում՝ տարբեր բեմերից ներկայացնելով հայկական ժողովրդական պարն ու մշակույթը, և միշտ վերադարձել է հաղթանակներով։ Մասնակցել է նաև Հայաստանում կայացած փառատոներին։ «Նաիրի» պարախումբը համագործակցում է «Հայաստանի պարողների և պարագետների միության»,  «CID UNESCO ( International Dance Council)», «EUROGRADE» կազմակերպությունների հետ։

Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, որոնք ջերմորեն շնորհավորեցին «Նաիրի» պարախմբին։ Նիժեգորոդի մարզի մշակույթի նախարար Ա.Ս.Գորինը, շնորհավորելով պարախմբին 10-ամյա հոբելյանի առթիվ, ասաց, որ «Նաիրի»-ն իր ելույթներով զարդարում է Նիժնի Նովգորոդի բոլոր տոնական միջոցառումները։ Նիժեգորոդի մարզի վարչակազմի անունից հուզիչ ելույթ ունեցավ Օ.Ն.Շումակովան՝ նշելով, որ «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» կազմակերպությունը մարզում գործող ազգային հասարակական կազմակերպություններից ամենաակտիվն է, և «Նաիրի» պարախումբն իր անփոխարինելի ներդրումն ունի հայ համայնքի գործունեության մեջ։

Նիժնի Նովգորոդի Կանավինսկի շրջանի ղեկավարության անունից Ի.Ա.Ստեպանովը հավաստագիր նվիրեց պարախմբին՝ ազգային տարազներ կարելու համար։ Քաղաքային դումայի պատգամավոր Ն.Ի.Ինգլիկովը,  Երիտասարդական պալատի նախագահի տեղակալ Ա.Ա.Ուրֆալյանը երախտագիտության ու շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին խմբին։ «Նաիրի» պարախմբին ջերմորեն ողջունեցին նաև «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» կազմակերպության խորհրդի անդամները, հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, պարող երեխաների ծնողները, որոնց երախտագիտության արցունքները «Նաիրի» պարախմբի հայրենանվեր գործունեության վկայությունն են։

Ընդամենը 10 տարվա տարեգրություն ունի «Նաիրի» պարախումբը, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել մեծ ժողովրդականություն, վստահություն ու սեր, իսկ դա բեմադրիչ–պարուսույցի ու  գեղարվեստական ղեկավարի, երեխաների ու ծնողների համատեղ աշխատանքի արդյունքն է: Պարախմբի պատմությունը օր-օրի հարստանում է՝  ձեռք բերելով  նորանոր երանգներ։  Մարտի 1-ի տոնական համերգը 10 տարիների մի յուրատեսակ հաշվետվություն էր, նվիրումով ու սիրով կատարված աշխատանքի ցուցադրություն:

Գարնան առաջին օրը Նիժնի Նովգորոդում թևածում էր հայոց պարը, հնչում էր հայկական երաժշտությունը…

%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab16%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab17%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab2%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab3 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab4%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab5 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab6%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab7 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab8%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab9 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab10%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab11 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab12%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab13 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab14 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab15