Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի:

Այս մասին հաղորդում են  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու,  որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ կանգնենք Արցախին, արցախցիների ինքնորոշման հարցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է տեղի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու համար` իրականացնելով համապատասխան քարոզչություն:

«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասաց Մուրադ Փափազյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում:

 

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:

Աշտարակում հաստատվել է սիրիահայ գործարարի` 50 000 դոլարի չափով ներդումային ծրագիրը

Արագածոտնի մարզում հաստատված ներդրումային ծրագրերից մեկը սիրիահայ գործարար Կարո Կարապետյանինն է: Երիտասարդ գործարարը նախաձեռնում է Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն հիմնել, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Tert.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանը նշեց, որ Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո Աշտարակում են հաստատվել և այստեղ էլ որոշել են գործ դնել:

Հիշեցնենք, որ 6 մարզերից՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի, հավանության են արժանացել 11 ներդրումային ծրագրեր:
«Հիվանդանոցի մահճակալներ, երկաթյա կահույք, հետազոտման սարքավորումներ, ատամնաբուժարանի սեղաններ և մետաղի հետ կապված նմանատիպ իրար կպատրաստենք: Պահանջը, կարծում ենք, կա, հաստոցներն ու անհրաժեշտ սարքավորումները պատվիրել ենք, արդեն ճանապարհին է»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ գործարանը Աշտարակում կլինի: «Աշտարակը նախընտրեցինք,  քանի որ փոքր քաղաք է, մենք էլ նոր ենք այս երկրում, կսկսենք այստեղից»,-ասաց նա:

Ներդրումների չափը կլինի 50 000 դոլարի չափով, որի մի մասը կստանան Կառավարության աջակցությամբ տրվող ցածր տոկոսադրույքով վարկերի միջոցով:

«Ինչ-որ կակնկալեինք կառավարությունից, վարչապետից, ամեն ինչն էլ հեշտությամբ ստացել ենք, ամեն բան էլ լավ է, հեչ պրոբլեմ չունինք»,-ասաց նա: Իսկ ակնկալիքը եղել է ցածր տոկոսադրույքով վարկերը: «Մենք խնդրել ենք, որ Կառավարության միջնորդությամբ ստանանք վարկ՝ ցածր տոկոսադրույքով: Արդեն գործնական փուլում ենք, հաստատվել է և 10- 15 օրվա մեջ արդեն կփոխանցեն»,-ասաց նա:

Կարո Կարապետյանը նշեց, որ պատվերներ արդեն ունեն. «Հիվանդանոցների հետ խոսել ենք, ապագայում կուզենք Ռուսաստան, Ասիա և այդ կողմերը տարածենք, իհարկե,  Ղարաբաղում նույնպես կփորձենք իրացնել»,-ասաց նա:

 

«Բարեգործությունը աղմուկ չի սիրում».Մուրադ Աքյուզ

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ հայտնի գործարարի նոր ծրագրերին: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում պոլիկլինիկա է բացվել, վերանորոգվել են մանկապարտեզներ Հայաստանում և Արցախում:

Մուրադ Աքյուզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, Հայաստանի տնտեսության մեջ մեր հայրենակիցների ներդրումները խթանելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ: Իր բարեգործության մասին գործարարը չի սիրում բարձրաձայնել: «Բարեգործությունը աղմուկ չի սիրում». ասում է նա:

img_8070

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆինանսավորմամբ կառուցված Նոր Կիլիկիայում բնակարաններ են ստացել ևս 15 ընտանիք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրի ևս 15 բնակարան հանձնվել է իրենց տերերին:

Բնակարանները տրամադրվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքների զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Խաչատրյանն ասել է, որ այն տարածքը, ուր կառուցվել են բնակարանները, բնակիչների համար սուրբ վայր է, որովհետև արցախյան գոյամարտի ժամանակ հայ քաջորդիները հակառակորդի առաջխաղացումը հենց այստեղ են կասեցրել:

«Սկզբնական շրջանում կառուցվել և բնակիչներին է բաժանվել 10 բնակարան: Այնուհետև սկսվել են ևս 22 առանձնատների կառուցումը: Այսօր արդեն 15 բնակարան է շահագործման հանձնվել: Բնակարանները համապատասխանում են քաղաքաշինական ժամանակակից պայմաններին: Կառուցվել են բոլոր ենթակառուցվածքները, բարեկարգվել ճանապարհները»,- ասել է Վ. Խաչատրյանը:

Նոր բնակարան ստացած Արամ Բաբայանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունն է հայտնել նոր պայմաններից և նշել, որ այն շատ սպասված նվեր է իր ընտանիքին:

43 2 1

Հայտնի է «Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանի երգը. տեսանյութ

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Կիպրոսը ներկայացնում է հայ երգիչ Հովիկ Դեմիրճյանը:

Արդեն հայտնի է, թե ինչ երգով է ներկայացնելու Կիպրոսը: «Gravity»` այսպես է կոչվում երգը: Նա եվրատեսիլի երկրպագուներին է ներկայացրել նաև երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Հովիկը, ինչպես Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը, ելույթ են ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակչի երկրորդ մասում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կիևում: Շուտով պարզ կդառնա նաև Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի երգը, գրում է Ankakh.com-ը:

Կառավարությունը Ռուզաննա Հակոբյանին հաստատեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնում

ՀՀ կառավարությունը հաստատեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ընտրությունն անցկացվել է փետրվարի 25-ին:

ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում ԳՊՀ գիտական խորհրդի կողմից առաջադրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով իրավաբանական գիտությունների դոկտոր,դոցենտ Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվել է ԳՊՀ ռեկտոր:

Մխիթարյանը՝ փետրվարի լավագույն 20 ֆուտբոլիստների թվում

Բրիտանական «The Telegraph»-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայում փետրվարի լավագույն ֆուտբոլիստներին:

Լավագույնների քսանյակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը;

Մխիթարյանի խաղի մասին պարբերականը գրում է, որ գուցե վիճակագրության առումով՝ սա Մխիթարյանի լավագույն ամիսը չէր, սակայն հայ ֆուտբոլիստը նոր որակ է հաղորդել մանչեսթերյան գրոհներին, ինչը հատկապես զգացվեց այս ամիս:

Պարբերականը գրում է, որ Մոուրինիոն շատ ունի Մխիթարյանի կարիքը և ամենից շատ սպասում է հենց նրա վերադարձին:

Սիրարփի Աղաբաբյան

168.am

«Հայաստան» հիմնադրամն ախտորոշիչ բուժլաբորատորիա է հիմնել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Շվեյցարիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ բիոքիմիական հետազոտությունների ախտորոշիչ լաբորատորիա է հիմնել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը՝ տրամադրելով անհրաժեշտ կահույք եւ սարքավորումներ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքզերճիէան ընտանիքների եւ Քիրքոր Շիմշիրողլուի միջոցներով էլ լաբորատորիային նվիրաբերվել է ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարք:
Մանկատանն ապրում է մտավոր եւ ֆիզիկական շեղումներով մինչեւ 6 տարեկան շուրջ 130 երեխա: Հաստատության տնօրեն Աննա Գեւորգյանի խոսքով՝ երեխաները հետազոտության նպատակով առ այսօր պարբերաբար տեղափոխվում էին հանրապետության տարբեր բուժհաստատություններ: «Ախտորոշիչ լաբորատորիայի առկայությունը հնարավորություն կտա հետազոտությունների հիմնական մասն իրականացնել տեղում՝ մեր բուժմասնագետների կողմից, ովքեր մասնագիտանում են նոր սարքավորումների վրա: Արագ ախտորոշումը թույլ կտա հիվանդությունների բարդացումները վաղ փուլում հայտնաբերել եւ արդյունավետ բուժում իրականացնել: Բացի այդ, մանուկներն ու անձնակազմը ստիպված չեն լինի ամեն անգամ կրել տեղափոխության հետ կապված դժվարությունները»,-նշում է տնօրենը:

Վերջին վեց տարիներին Հիմնադրամի ջանքերով վերանորոգվել են մանկատան երկու մասնաշենքերը /ընդհանուրը 900 քմ տարածք/` համալրվելով նոր կահույքով, վերակառուցվել եւ կահավորվել է բաց խաղահրապարակը, կառուցվել՝ թերապեւտիկ նշանակության փակ լողավազան:

%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab1 %d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab2

MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում հայ գինեգործներն այս տարի աննախադեպ արդյունքներ են գրանցել

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ` գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:

Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը:

Մեդալների արժանացած գինիների ցանկ

Ոսկե մեդալ

1. «Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak
2. 2015 Areni Reserve
3. 2015 Van Ardi Reserve Syrah
4. «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Karmrahyut Reserve
5. «Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat
6. «Արմենիա Վայն», 2014 Takar Reserve
7. «Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker’s Selection Blend
8. «Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve
9. «Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village
10. «Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir

Արծաթե մեդալ

1. «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Voskehat Reserve
2. «Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat
2014 Tariri
2014 Takar Areni
3. «Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak
2014 Voskevaz Voskepar Voskehat
4. «Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine
2015 Karas Red Wine
5. «Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat
6. «Հայլենդ Սելլարս», 2015 Koor Dry Red Wine
2014 Koor Reserve
7. «Արտաշատ Վինկոն», 2014 Chateau Rind
8. «Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh

%d5%a3%d5%ab%d5%b6%d5%ab %d5%a3%d5%ab%d5%b6%d5%ab1

Ինտերպոլը չի կատարել Ադրբեջանի պահանջը․Արցախում գտնվող գիտաշխատողների նկատմաբ հետախուզում չի իրականացրել

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

 Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:

Կարո Փայլանը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը կապված մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու ու իրեն 3 նիստ չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապված։

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանի ղեկավարությունը Կարո Փայլանին որպեսպատիժ արգելել էին 3 նիստի մասնակցել, ինչպես նաեւ խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության հետ կապված հատվածը։

Կարո Փայլանը ՍԴ–ից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։ «Երանի Թուրքիայի դատարանն այս հարցի լուծումը տար։ Իմ հանդեպ կայացրած որոշումը ժողովրդավարության հարված էր։ Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ»,–news.am-ի հաղորդմամբ՝ ասել է Կարո Փայլանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարտ ամսվա լրատուն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ունկնդրին է ներկայացնում մարտ ամսվա երկար սպասված ծրագիրը: Երկարաշունչ ու ցուրտ ձմռան ամիսներին մեր համերգներով փորձեցինք ջերմացնել հայ երաժշտասերների սրտերը:

Ամենահիշարժան իրադարձությունը թերևս հունվարի 25-ին տեղի ունեցած համերգն էր՝ ի պատիվ Առնո Բաբաջանյանի հոբելյանին: Բազմաթիվ հայ երգիչներ կատարեցին հեղինակի սիրված երգերը` ի մեծ գոհունակություն Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի: Հունվարի 31-ը Ֆիլհարմոնիկի պատմության մեջ մտավ երկու սիմֆոնիաների՝ Բրուքների թիվ 4-ի և Բեթհովենի թիվ 2-ի՝ Թոփչյանի մեկնաբանությամբ: Փետրվարի 3-ին դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը կատարեց Սիբելիուսի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը` Դանիել Ռայսկինի ղեկավարությամբ:

Փետրվարի 20-ին և 24-ին կայացան ՀԱՖՆ-ի Նոր Կամերատայի համերգները: Առաջին համերգը Արամ Խաչատրյան տուն-թանգարանում էր, իսկ երկրորդը՝ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում: Աշտարակի համերգով մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի՝ Ֆիլհարմոնիկի մարզային համերգաշարը:

Ֆիլհարմոնիկի գարնան առաջին համերգը շատ խորհրդանշական է այն առումով, որ մարտի 3-ի համերգին կհնչի Հումմելի Շեփորի կոնցերտը Հայաստանի ամենատաղանդավոր պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանի կատարմամբ: Այդ երեկո սպասվում է նաև Շոստակովիչի թիվ 11 սիմֆոնիան: Երեկոյի սկզբում կհնչի Ռավելի «Պավան»-ը:

Հաջորդ համերգային երեկոն Ֆիլհարմոնիկը նվիրվում է Կանանց տոնին: Մարտի 10-ին մեզ սպասվում է իսպանական թեժ երաժշտության երեկո՝ իսպանացի դիրիժոր և երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ: Մենակատարը կլինի Հայաստանում ճանաչված ֆլեյտահար Սարա Ուրենյա Կաբրերան: Կհնչեն Շաբրիե, Տուրինա, Ռոդրիգո, Ալբենիս, Չապի, Սուտույո և Վերտ, Խերոնիմո Խիմենես, Ամադեո Վիվես և Խոսե Սեռանո: Համերգի նախորդ օրը՝ մարտի 9-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի հյուրերի սրահում ուսանողների և լրագրողների համար կկազմակերպվի դասախոսություն իսպանական երաժշտության և կոմպոզիտորների մասին:

Ռուս հայտնի դիրիժոր Դմիտրի Յուրովսկին Ֆիլհարմոնիկում կլինի մարտի 17-ին՝ ներկայացնելով Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից կազմված ծրագիր: Օպերաներից արիաներ կկատարի անգլիացի սոպրանո Լյուբով Ստուչևսկայան:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում մարտի 26-ին լեգենդար Պինկաս Ցուկերմանը թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի հետ միասին՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Բրամսի Կրկնակի կոնցերտը: Երեկոն կեզրափակվի Բրամսի թիվ 4 սիմֆոնիայով:

Մարտի 31-ին կներկայացնենք մեկ այլ հայտնի կատարողի՝ դաշնակահար Վահագն Պապյանին: Ծրագրում ընդգրկված են Բրամսի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան:

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին և նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, ՀՀ Մշակույթի նախարարությանը, Լույս հիմնադրամին, Երևանի քաղաքապետարանին, Օպերա Սյութ հյուրանոցին, Կոնվերս բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր գաղափարներին և հավատում Հայաստանի երիտասարդ սերնդին զարգացնելու, ինչպես նաև մեր քաղաքացիների և հյուրերի ժամանցին առավել երաժշտական ու դասական ուղղվածություն հաղորդելու մեր ձգտումներին:

Շնորհիվ մեր ինֆորմացիոն գործընկերների` արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրության և հետևողական աշխատանքի (Հ1, Պանարմենիան Մեդիա, Շողակաթ, Ար հեռուստաընկերությունները, Լրատվական և Վէմ ռադիոկայանները, ՏուրԻնֆո ամսագիրը, Ճամփորդ շաբաթաթերթը և այլն)՝ ՀԱՖՆ-ի մասին տեղեկատվությունը կշարունակի հասու լինել հասարակության լայն շրջանակներին:

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր գաղափարակից են մեզ՝ մասնավորապես The Club, Bellavista Italia, Cafe Vergnano և La Boheme սրճարանների տնօրինություններին: Այս հարաբերություններն անգնահատելի արժեք ունեն մեր կատարած աշխատանքում:

Տեղի կունենա «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Մարտի 6-ին և 7-ին, ժամը՝ 10:00-19:00, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի 8-րդ ուսումնական մասնաշենքի (Հայ բանասիրության ֆակուլտետ) նախասրահում (հասցե` Աբովյան 52 ա) կկայանա «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն 60-ից ավելի սիրիահայեր, որոնք կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները (ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլն):