Հակառակորդի արկակոծության հետևանքով Արցախում զինծառայող է զոհվել

Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ. տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի  հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է Կարո Փայլանի պահանջը

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը:

Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ այսպիսով խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների ենթարկվել», – ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում և Ազգայնական շարժում կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:

Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով 3 նիստի մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել էին նիստի արձանագրություններից:

Թուրք ճարտարապետները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են արել փրկել Դիարբեքիրի մշակույթային ժառանգությունը

Թուրքիայի «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղը կոչով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղի կոչի մեջ նշվել է, որ Դիարբեքիրի Սուրի պատմական հատվածը ոչնչացման եզրին է կանգնած։ Կոչի մեջ հիշատակվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակույթային ժառանգություն ճանաչված Սուրում թուրքական իշխանությունները ցանկանում են փոփոխություններ իրականացնել, ինչը վտանգում է պատմական շինությունների ապագան։

«Ճարտարապետների պալատի»-ի տարածած հայտարարության մեջ տարօրինակ է համարվել այս ընթացքում Սուրում տեղի ունեցող մշակույթային ջարդին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը։  Կոչի մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրել են շտապ միջոցներ ձեռնարկել Սուրի պատմական շինությունները վերականգնելու հարցում։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրի շրջանում 2015-ի աշնանից մինչ 2016-ի գարունը թուրքական զինված ուժերի ու քուրդ զինյալների բախումների հետեւանքով մեծ վնասներ են կրել հոգեւոր ու մշակույթային կառույցները, այդ թվում Սուրում գտնվող երկու հայկական եկեղեցիները, գրում է news.am-ը։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքալեզու կայք է գործարկվել

Փետրվարի 27-ին Հայկական ազգային ինստիտուտը (ANI) գործարկեց հանրության կողմից լայնորեն գործածվող՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը և ճանաչումը փաստագրող իր կայքի թուրքերեն տարբերակը, որը հասանելի է www.turkish.armenian-genocide.orgհասցեով: ANI կայքը տարեկան ավելի քան չորս միլիոն այցելություն է ունենում, և Թուրքիայից մուտք գործող մարդկանց թվաքանակը զգալի է: Քանի որ Թուրքիան պարբերաբար գրաքննության է ենթարկում արտասահմանյան ու տեղական կայքերը, և ANI կայքի անգլերեն տարբերակը հաքերային հարձակման էր ենթարկվել ժխտողականների կողմից, ANI-ի նոր կայքի թուրքերեն տարբերակը նախատեսված է թուրքալեզու ավելի լայն լսարաններին մուտքի հնարավորություն տալ, թե° Թուրքիայի Հանրապետությունում, թե° նրա սահմաններից դուրս: Թուրքալեզու կայքը կզուգակցի ANI կայքի առավել լայնորեն կիրառվող գործառույթներից շատերը:

Առաջին փուլի համար թուրքալեզու կայքը ներառում է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների պաշտոնական փաստաթղթերի թարգմանություններ: Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ճանաչած երկրների բանաձևերը, օրենքներն ու հռչակագրերն այժմ կարելի է կարդալ թուրքերեն լեզվով: Դրանք ներառում են 1915թ. մայիսի 24-ին Միացյալ դաշնակիցների հռչակագրից, որ վկայակոչում էր մարդկության դեմ հանցագործություններն այն ժամանակ, երբ ցեղասպանություն էր կատարվում, մինչև առավել արդի խորհրդարանական բանաձևեր, այդ թվում` 2016թ. Գերմանիայի խորհրդարանի բանաձևը, որը ճանաչում էր պատմական իրադարձությունները և ընդունում Գերմանիայի պատասխանատվությունն այդ հարցում: Ավելի վաղ այս ամիս Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը հաստատեց բանաձևի օրինականությունը:

«Ակնկալվում է, որ ANI կայքի թուրքերեն տարբերակը կնպաստի երկխոսությանը՝ ևս մեկ ուղի հարթելով դեպի պատմության ընդհանուր ընկալում, և ևս մեկ քայլ անելով դեպի հաշտեցում՝ անցյալի հետևանքների գիտակցությամբ՝ շարժվելով առաջ դեպի ապագա, որտեղ հարևան ազգերն ապրում են խաղաղությամբ», – հայտարարել է Հայկական ազգային ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանը:

Թուրքիայում ընթերցողները նաև տեղեկացված չեն Հայոց ցեղասպանության փաստը հաստատող թուրքերեն ծավալուն գրառումների մասին: 2004թ. Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) քննարկումները և իրավական վերլուծությունը տպագրվեցին թուրքերեն լեզվով: Դրանից հետո մի քանի գրքեր են տպագրվել, սակայն թուրքախոս անձանց համար ռեսուրսների հսկայական բաց կա: ICTJ-ի իրավական եզրակացությունը թուրքերեն լեզվով հասանելի է նոր կայքում, որը ներառում է նաև Հաճախակի Տրվող Հարցեր (FAQ) բաժին և լուսանկարների հավաքածու: Բացի այդ, Ցեղասպանության հանրագիտարանի՝ Հայոց ցեղասպանության տարբեր բնագավառներին վերաբերող տվյալների բաժինը ներկայումս գործարկման փուլում է:

Կայքը կունենա նոր գործառույթներ, որոնք առանձնակի կհետաքրքրեն թուրքախոս ընթերցողներին: Ինստիտուտն ակնկալում է ընդլայնել կայքը նույն համակարգված ձևով և նույն օբյեկտիվ չափանիշներով, որոնցով ANI կայքն է ստեղծվել: §Շատ խիզախ անհատներ բարձրաձայնել են, և որոշ խիզախ գիտնականներ օսմանական պաշտոնական փաստաթղթերի հիման վրա Հայոց ցեղասպանությունը փաստագրող նորարարական հետազոտություն են ձեռնարկել: Չնայած Հայոց ցեղասպանության պատմական կարևորության և մռայլ նախադեպի մասին համաշխարհային լայնածավալ քննարկման` առավել առաջընթաց է անհրաժեշտ Թուրքիայում, որպեսզի թուրքերը հասկանան և հաշտվեն սեփական իրական պատմության հետ», – Ankakh.com-ի փոխանցմամբ՝ հավելել է Գրիգորյանը: Այս քաղաքականությունը շարունակում է լուրջ ներքին հետևանքներ ունենալ:

Վերջերս հայկական ծագումով թուրք պատգամավոր Գարո Փայլանը պատժվել էր օրենսդիր մարմնում երեք նիստերի մասնակցության կասեցմամբ, որովհետև համարձակվել էր Հայոց ցեղասպանության հետևանքներին հղում կատարել հենց Թուրքիայում: Հունվարին նրա կասեցումը գրեթե համընկավ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տասներորդ տարելիցի օրվա հետ. հանցագործություն, որը տարբեր առումներով մնում է չբացահայտված: Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժառանգության մասին իրազեկությունը բարձրացնելու Դինքի խիզախությունը քաջալերեց թուրքական լրատվամիջոցներից շատերին կրկին քննել հարցը՝ զայրացնելով ուլտրաազգայնականներին, ովքեր օրենքն իրենց ձեռքն առան:

Նոր կայքը նաև ներառում է ANI քարտեզը` թուրքերեն նշագրությամբ, ինչպես նաև այլ հանրահայտ բաժինների հղումներ, օրինակ՝ թվային ցուցանմուշներ և առցանց թանգարան: Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը հայտարարել է. «Թուրքալեզու կայքը ստեղծվել է բազում աջակիցների՝ այդ թվում թարգմանիչների, խորհրդատուների և վեբ դիզայներների օժանդակության ու խրախուսման շնորհիվ, ովքեր օգնեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս տեղեկատվությունն ընթերցողների համար հասանելի դարձնել Թուրքիայում և այլուր: Շատ շուտով նոր թարգմանություններ կավելացվեն, և ակնկալում ենք ընդլայնել կայքն՝ արտացոլելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվությունը, որն արդեն հասանելի է ANI կայքում»:

Տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր պետություն՝ ի դեմս Արցախի. Էդվարդ Նալբանդյան

Ավանդույթի համաձայն՝ երբ կազմակերպում ենք դեսպանահավաքներ, այցելում ենք նաև Արցախ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ հանդիպումն աշխատանքային էր:

«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:

Է. Նալբանդյանի խոսքով, բացառված չէ, որ տարեվերջին կարող ենք ունենալ միջազգայնորեն ճանաչված նոր երկիր՝ ի դեմս Արցախի Հանրապետության:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այն բանակցությունները, որոնք այսօր վարվում են եռանախագահների հետ միասին, ուղղված է, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը լինի բացառապես խաղաղ ճանապարհով և միտված լինի հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով:

«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել և փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաև նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Է. Նալբանդյանը:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը,  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԼՂՀ պետական պարգեւներով:

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Ելույթներով հանդես եկան դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Վերջիններս անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին՝ դատապարտելով 1988-1991 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավերածությունները, ընդգծելով, որ այդ ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեց հայկական դուդուկը, ներկայացվեց հայ դասական երաժշտություն: Միջոցառումը եզրափակվեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի ելույթով:

200 ջավախքցի ուսանողների եռօրյա հանգիստը Ծաղկաձորում

Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների, գրում է mediaanalytic.org-ը։

Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։

Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով ակտիվ մասնակցություն, խաղն ընթացավ մեծ ոգևորությամբ և բուռն մրցակցային քննարկումներով։ Այնուհետև տեղի ունեցան այլ մրցույթներ և ազգային պարերի ուսուցում։ Մրցույթային խաղերում հաղթողները պարգևատրվեցին գավաթներով ու մեդալներով։

Ծաղկաձորում մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն պրն Արմեն Ավետիսյանի, Ջավախք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Արտյուշա Գրիգորյանի, «Ջավախք» ուսանողական միության նախագահ պրն Էդկար Չախոյանի հետ, որի ժամանակ նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին, քննարկեցին նրանց մտահոգող խնդիրները: Հանդիպմանը ներկա էր նաև միջոցառման հովանավոր «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը:

Ծրագրի գլխավոր պատասխանատու Է. Չախոյանը հանդիպման սկզբում ողջունեց բոլորին և ներկայացրեց 200 ջավախքցիների եռօրյա ակտիվ հանգստի կազմակերպման օրակարգն ու մասնակցության սկզբունքները և խոսքը փոխանցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանին:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց. «Այս միջոցառումը աննախադեպ է ջավախահայ ուսանողության պատմության մեջ։ Մեր նպատակն է ավելի միասնական դարձնել ձեզ։ Մենք հենց միասնականությամբ է, որ ուժեղ ենք։ Մենք ապրում ենք այլ պետության տարածքում և կարողացել ենք պահել ազգային նկարագիրը առավել բարձր մակարդակով»։ Նա նշեց նաև, որ միշտ և ցանկացած հարցով պատրաստ է աջակցել ջավախքցի ուսանողներին։ Երիտասարդները բարձրաձայնեցին Ջավախքի հիմնախնդիրների հարցը և փորձեցին միասին լուծումներ գտնել։ Հանդիպման վերջում ուսանողներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին ու ծրագրի հովանավորողներին։

Մասնակիցների թիրախային նպատակը մեկն էր՝ ձեռք բերել նոր ընկերներ և հաճելի ժամանակ անցկացնել մտերմիկ միջավայրում։ Մասնակիցներից Անի Մեհրաբյանը մեր հետ զրույցում նշեց. «Ծաղկաձորի մեր հանգիստը իրականում հենց այնպիսին էր, ինչպիսին պիտի լիներ։ Հանգիստը շատ ակտիվ էր և այն վայելեցինք այս 3 օրերի ընթացքում։ Երբ 200 ջավախաքցի երիտասարդներ հավաքվում են մի վայրում, ուրեմն հաստատ լավ ժամանակն ու հանգիստը ապահովված են։ Հուսամ, որ շուտով էլի այսպիսի միջոցառումներ կլինեն, որ կհամախմբեն ջավախահայ երիտասարդներին»։

Եռօրյա ակտիվ հանգիստը կազմակերպվել է «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի աջակցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

1-7-300x200 s73587654

Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար):

Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշման անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝  գրադարանը համալվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան  բացել:

Գրադարանը կբացվի 2017թ աշնանը, եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:

Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որ  եկեղեցու վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ախալքալաքի շուկայում վաճառվող կոշիկները փողոց են դուրս բերել հայ երիտասարդներին

Այսօր՝ մարտի 1-ին, Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից բողոքի ակցիա է կազմակերպվել:

Ջավախահայ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն կապված էր օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ,  որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական ծաղկավոր խաչ:

«Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով, դիմեցին պատկան մարմիններին, պահանջելով՝ հետաքննել և պարզել, թե որ երկրից է ներմուծվել հիշյալ կոշիկները և այլևս թույլ չտալ նմանատիպ երևույթների կրկնությունը»,-տեղեկացնում է Ա. Ավետիսյանը:

17098283_1365491633525609_2639009089333803048_n

Տոնական հանդիսություն՝ Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ

Ղազախստանի Հանրապետության պետական տոնացույցում մարտի 1-ը նշվում է որպես Երախտագիտության օր, և Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները գարնանամուտը նշում են տոնական  միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությամբ։

«Երախտիքը հասկանալն ու գնահատելը չափազանց կարևոր է՝ աշխարհում լավ գործերը բազմապատկելու, մեր շրջապատը ջերմությամբ ու բարությամբ լցնելու համար»,-երեխաների հետ զրույցում ասում է Հայաստան Մնեյանը։ «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հենց նրա աջակցությամբ էլ երեխաները կազմակերպել էին տոնական հանդիսություն՝ նվիրված գարնանամուտին և Երախտագիտության օրվան։

img_1843-01-03-17-02-13img_1847-01-03-17-02-13img_1844-01-03-17-02-13 img_1846-01-03-17-02-13

Ամեն հայ պետք է գա Հայաստան. կանադահայ Թանիա Շիշմանյան

Մեկ-երկու ամսից Հայաստանը կհյուրընկալի մոտ 75 կամավորների՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում են ոչ միայն սփյուռքահայեր, այլև այլազգիներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանով:

Հայ կամավորների միությունը (Armenian Volunteer Corps ( AVC)), որը գործում է 2002 թվականից, մինչ այժմ ավելի քան 650 կամավորների է ընդունել Հայաստանում, իսկ նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Օրինակ՝ 2015-ին 35 կամավոր է ժամանել Հայաստան, անցյալ տարի՝ 60-ից ավելի: Հետաքրքրությունը չի պակասում՝ անկախ նրանից, որ Հայաստան այցելության գրեթե բոլոր ծախսերն իրենք են հոգում: Այս մասին Noranor.ca-ին պատմել է AVC ընկերության գործադիր տնօրեն կանադահայ Թանիա Շիշմանյանը:

ՆԱԽԿԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ

Շիշմանյանը ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում, ապա տեղափոխվել ու ապրել Մոնրեալում: Ակտիվորեն ներգրավված է եղել հայկական տարբեր կազմակերպություններում՝ մասնավորապես ՀԲԸՄ-ի և Թեքեյան մշակութային կենտրոնի ծրագրերում: Ամուսինը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի պարուսույց և նկարիչ Ռուդոլֆ Խառատյանն է: Վերջինիս աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխում է Վաշինգտոն, որտեղ ապրում են մոտ 18 տարի, որից հետո՝ 2009-ին, դարձյալ ամուսնու նոր աշխատանքը Հայաստան տեղափոխվելու առիթ է հանդիսանում:

«Ուղղակի արագացավ, մի քանի տարի շուտ եկանք, բայց մենք միշտ խոսում էինք ու մտադիր էինք, որ մի օր պիտի գանք Հայաստան՝ ապրելու»,– ասում է Շիշմանյանը, ով 2011 թվականից, որպես ոլորտում կայացած ու փորձառու անձ, ստանձնել է Հայ կամավորների միության գործադիր տնօրենի պաշտոնը: Վաշինգտոնում նա համագործակցել է Հայ կամավորների միության քույր կազմակերպության՝ «Դեպի Հայք»ի հետ:

Մոնրեալի հայկական համայնքում Շիշմանյանն ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը չի կարող ասել Վաշինգտոնի մասին, որտեղ, ըստ նրա, համայնքը լավ կազմակերպված չէր: Բայց Հայաստանի հետ կապը միշտ է եղել: Առաջին անգամ եղել է հայրենիքում 90-ականների սկզբին՝ դժվարին ժամանակաշրջանում, իսկ ԱՄՆ-ում հայկական համագումարում ղեկավարել է հայկական մեծ ծրագիր, որի շնորհիվ ամեն տարի առիթ է ունեցել այցելել Հայաստան: Այսպիսով, նա տարիների ընթացքում տեսել, ճանաչել է Հայաստանը, հետևել է զարգացումներին:

Հայաստանում հաստատվելը դժվար չէր ամուսինների համար, ովքեր տեղափոխվեցին՝ զավակներին թողնելով Վաշինգտոնում: Դուստրը, ով «Վաշինգտոն բալետ» խմբի գլխավոր պարուհին է, այցելում է Հայաստան, պար դասավանդում, բայց նրա կարիերան առայժմ ԱՄՆ-ում է:

ԵՐԿԻՐԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ

Թանիա Շիշմանյանը Հայաստանում էլ զարգացման հեռանկար է տեսնում երիտասարդության համար՝ շեշտելով. «Հատկապես ընտանիքների համար շատ լավ տեղ է երեխաներ մեծացնելու համար, որովհետև մարդկային շփում, վստահություն, ամեն ինչ կա։ Հիմա նաև ապագա կա հաստատ՝ լավ դպրոցներ և համալսարաններ, արագ թափով զարգացող IT ոլորտ։ Բոլոր հայերը պիտի գան Հայաստան»:

Հայաստանը հիմա անցումային փուլում է գտնվում, հետևաբար նա խնդիրները բնական է համարում՝ վստահություն հայտնելով, որ դրանց լուծման համար յուրաքանչյուր հայ իր ջանքերը պետք է ներդնի։ Իսկ որ զարգացում կա, դրանում համոզված է:

«Պետք է ճանաչելի դարձնել Հայաստանը: Մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի Հայաստանի մասին, ու բոլորը սպասում են, որ պետք է գան, օգնեն, բայց դրսում թերի գիտեն Հայաստանը: Հայերի սովորության համաձայն՝ վատ բաներն են տարածվում ու դրանք են տպավորվում մարդկանց մոտ։Սակայն հիմա այնքան լավ բաներ են կատարվում ամեն օր, որոնց մարդիկ տեղյակ չեն։ Հենց դա է պետք քարոզել»,-նշում է Հայ կամավորների միության տնօրենը:

Ճանաչելի դարձնելու դեպքում ոչ միայն մարդկային, նաև ներդրումների հոսք կլինի դեպի Հայաստան, ինչին նա միմիայն կողմ է, ավելին՝ Թանիա Շիշմանյանը կողմ է նաև Հայաստանից այն մարդկանց արտագաղթին, ովքեր հնարավորություն չեն տեսնում։ Իր մոտեցումը բացատրում է հետևյալ կերպ.

«Ես կողմ եմ, որ բաց լինի, մարդիկ գնան-գան, նոր մտքերի, նոր գաղափարների հոսք լինի: Եթե լճացած մարդիկ՝ «քառակուսի մտածողները» պիտի մնան, լավ չէ, ավելի լավ է՝ գնան, ու թարմ, աշխատասեր, ազատ մտածող մարդիկ գան»:

Նա վստահ է, որ Հայաստանում, անկախ փոքր երկիր լինելու հանգամանքից, զարգացման մեծ հնարավորություններ կան, և եթե մարդիկ գնում են, մեղավորը երկիրը չէ: «Դա իրենցից է, Հայաստանից չէ, որոշում են գնալ, որովհետև նոր բան են փնտրում կամ երբեք բավարարված չեն լինում»,– շեշտում է նա:

Իսկ որպեսզի երկիրը զարգանա, աշխարհում ապրող 7 մլն հայերից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պետք է լինի Հայաստանում, այնինչ, նրանցից շատ քչերն են եղել հայրենիքում: «7 մլն-ից ո՞ր %-ն է եղել Հայաստանում։ Շատ փոքրը: Ամեն հայ պետք է գա Հայաստան, եթե հնարավոր է՝ երկար, եթե երկար չի մնում, գոնե այնպիսի կապեր հաստատի, որ վերադառնալիս, արդեն այդ կապերի միջոցով Հայաստանի հետ լինի մտավոր ու հոգեկան շփման մեջ, որ ամեն հայ իրեն իր հայրենիքի մասնիկը զգա»,– ասում է AVC ընկերության տնօրենը, ով վերջին 6 տարիներին անմիջական կերպով ներգրավված է այդ աշխատանքներում:

 ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկահայ մի քանի երիտասարդներ, ովքեր ծառայել են Հայաստանում՝ որպես ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ, որոշեցին, որ Սփյուռքին ևս նման մի ծրագիր է հարկավոր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից մարդիկ երկարաժամկետ այցելեն Հայաստան ու ծանոթանան երկրին: Սկզբում քչերն էին գալիս Հայաստան, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն ավելացան այցելուների թիվն ու այցելության ժամկետները, այլև ծնվեց նաև քույր՝ «Դեպի Հայք» կազմակերպությունը, որի թիրախ են հանդիսանում սփյուռքահայ 20-32 տարեկան երիտասարդները, մինչդեռ AVC-ն նույն տարիքի այլազգի և 21-ից բարձր տարիքի հայ ու օտարազգի քաղաքացիների այցն է ապահովում:

«Մեծամասնությունը սփյուռքահայ պրոֆեսիոնալներ են, որ գալիս են Հայաստանը խորացված ձևով ճանաչելու: Շաբաթական 20-30 ժամ աշխատում են կամավոր, շփվում են այլ աշխատակիցների հետ։ Շատերն ապրում են հյուրընկալ ընտանիքներում և մտնում են առօրյա հայկական իրականության մեջ ու ավելի լավ են ծանոթանում Հայաստանին, քան նրանք, ովքեր գալիս են որպես զբոսաշրջիկ և մակերեսորեն են տեսնում Հայաստանը»,– ներկայացնում է գործադիր տնօրենը:

Մարդկանց Հայաստան են բերում ամենատարբեր հետաքրքրությունները՝ մի դեպքում՝ միջազգային հարաբերությունների, բնապահպանության, մարդու իրավունքների խնդիրները, մյուս դեպքում՝ հետաքրքրությունը Կովկասի և նախկին ԽՍՀՄ երկրների հանդեպ, մեկ այլ պարագայում էլ՝ պարզապես հայրենիքին օգտակար լինելու ցանկությունը:

Կամավորների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում նրանց մասնագիտական ունակությունները, լեզուների իմացությունը կամ շփվելու ցանկությունը: Նրանք կարող են Հայաստանում մնալ 2 շաբաթից մինչև մեկ տարի: Կարճաժամկետ ժամանում են հիմնականում պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր իրենց փորձի փոխանակմամբ կարճ ժամանակում կարող են մեծ օգնություն ցուցաբերել, իսկ նրանք, ովքեր հավանում են Հայաստանը, կարող են երկարացնել ժամկետը: Նման անձինք ևս քիչ չեն, թեև ֆինանսական ծախսերի բեռը մեծ մասամբ հենց իրենց ուսերին է ընկած:

«Մենք իրենց ոչ մի բանով չենք օժանդակում, բացի դիմավորելուց, հյուրընկալ ընտանիք տանելուց։ Առաջին օրը թրեյնինգ ենք անցկացնում, շաբաթը երկու անգամ հայերենի դասընթացներ և այլ ծառայություններ ենք մատուցում՝ ֆորումներ, մատչելի գներով արշավներ և այլն»,– եզրափակում է կառույցի ղեկավարը:

Անցյալ տարի Հայաստան ժամանել են կամավորներ 17 երկրներից, նրանց թվում 3-ն են եղել Կանադայից, այս տարի կլինի միայն մեկը՝ ոչ թե կանադահայ, այլ կանադացի:

Պատգամավոր Նորա Արիսյանը ողջունում է Սիրիայի խորհրդարանի «Ղաումի սուրի» կուսակցության Հայոց ցեղասպանությունը դատապարտող պահանջը

Փետրվարի 23-ին Սիրիայի խորհրդարանի «Ղաումի սուրի» կուսակցության խմբակցության նախագահ Սամիր Հաժժարին խորհրդարանում հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող պահանջով:

Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

-Տիկի´ն Արիսյան, ինչպիսի՞ն են եղել Սիրիայի խորհրդարանի քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

– 2015 թվականին Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամիի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ելույթ ունեցավ: Միաժամանակ խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար հատուկ նիստ գումարեց, որի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին նահատակների հիշատակը: Նիստi ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

– 2016 թվականի նստաշրջանին,  երբ դուք արդեն խորհրդարանի պատգամավոր էիք, ի՞նչ նախաձեռնություններ եղան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով:

– 2016 թվականի հունիսին պատգամավոր Նիդալ Հմեդին պահանջեց, որ Սիրիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ արդեն դեկտեմբերին ես Սիրայի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ ելույթ ունեցա և ներկայացրի ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ին «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա» մասին հրապարակված փաստաթուղթը, ինչպես նաև 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի շուրջ համաձայնագիրը՝ Արտաքին գործերի նախարարից պահանջելով Հայոց ցեղասպանության դատապարտումը:

Հավելեմ, որ նույն նիստին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ալան Պաքըրը, միանալով իմ դիմումին, նոյնպես պահանջեց Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նշեմ նաև, որ 2016 թվականի հոկտեմբերին դիմում եմ ներկայացրել Խորհրդարան՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված դրոշմաթուղթ թողարկելու մասին:

– Տիկի´ն Արիսյան, անդրադառնանք Սիրիայի խորհրդարանի 2017 թվականի փետրվարի 23-ի նիստին:

–  Այդ օրը Սիրիայի խորհրդարանի անդամ, «Ղաումի սուրի» կուսակցության խմբակցության նախագահ Սամիր Հաժժարը ելույթ ունեցավ և պահանջեց դատապարտել Սիրիայի հողերի վրա Օսմանյան թուրանականության կողմից իրականցված կոտորածները: Հաժժարը անդրադարձավ մարդկության դեմ  կատարված ոճիրներին, շեշտելով նման ոճիրները դատապարտելու միջազգային թուլությունը: Միաժամանակ ընդգծեց, որ հանցագործների անպատիժ մնալը պատճառ դարձավ, որ այդ ոճիրները նույն իրականացնողի կողմից կրկնվեն արդեն սիրիացի քաղաքացիներին դեմ: Անպատիժ մնացած հանցագործներն այսօր ֆինանսավորվում են Թուրքիայի ներկա կառավարության կողմից՝ նյութական միջոցներով և զենքով:

Հաժժարը հաստատեց, որ Թուրքիան շարունակում է մնալ բոլոր ժողովուրդներին դեմ ծայրահեղական մտքի և ագրեսիվ միտումների քարոզիչը: «Սիրիական հողերի վրա 1894 թվականից ի վեր 1,5 միլիոն և ավելի հայերի դեմ իրականացված է ցեղասպանություն: 1914-18 թվականներին 750 հազար ասորիներ կոտորվեցին, 1916 թվականին Հալեպում 200 հազար սիրիացիներ սպանվեցին: 2011 թվականին հազարավոր սիրիացիների դեմ կատարվեցին նույն ոճիրները, որոնք վաղեմություն չեն ճանաչում: Մարդկային դիտանկյունից և միջազգային օրենքի տեսանկյունից դիմում ենք և հաստատում, որ պատմականորեն օսմանցիների կողմից իրականացված Ցեղասպանության ծրագիրը շարունակվում է նորօսմանական կառավարության ձեռքով, և առ այսօր ունի թուրանական միտք: Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը ճանաչվել է ավելի քան 24 պետության կողմից և որակվել որպես Ցեղասպանություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նպատակահարմար ենք գտնում, որ Սիրիայի խորհրդարանը ևս դատապարտի այդ ջարդերն ու ցեղասպանությունը, որոնք կատարվել են իր հողերի վրայ»,- իր ելույթի ընթացքում ասել է Հաժժարը:

– Տիկի´ն Արիսյան, այս բոլոր քայլերից հետո, որոնք տեղի են ունենում 2015 թվականից առ այսօր, ի՞նչ կարելի է սպասել:

– Հայոց ցեղասպանության հարցը մշտապես շրջանառության մեջ դնելը և պետական բարձր մակարդակի վրա հնչեցնելը շատ կարևոր հանագամանք է Սիրիայում և Արաբական աշխարհում: Այդ պատճառով հարկավոր է աշխատանք տանել և´ ճանաչման, և´ դատապարտման, և´ հատուցման ուղղություններով:

Լուսինե Աբրահամյան

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a11 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a12

«Շատ եմ կարևորում ու արժևորում «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրը». Սուսաննա Բագրատունյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ սփյուռքահայ բազմաթիվ տղաներ ու աղջիկներ են գալիս Հայաստան, ծանոթանում Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին, սովորում հայերեն, իսկ նրանք, ովքեր գիտեն մայրենին, հարստացնում են հայոց լեզվից ունեցած իրենց գիտելիքների պաշարը: Նրանք հանգստանում են նաև Հայաստանի գեղատեսիլ բնության գողտրիկ անկյուններից որևէ մեկում, մասնակցում զանազան միջոցառումների, քանդակի, մաքրամեի, հայրենագիտության, երգի, պարի դասերի և նախապատրաստվում հրաժեշտի խարույկի թատերականացված միջոցառմանը: Սփյուռքահայ երեխաների համար հայրենաճանաչողական յուրօրինակ և հրաշալի դասեր են նաև հյուրընկալ ընտանիքներում անցկացրած օրերը. այդ ընտանիքների հյուրընկալ միջավայրում նրանք ծանոթանում են հայաստանյան ընտանիքների նիստուկացին, սովորույթներին, հայկական ավանդական ճաշատեսակներին, շփվում և ընկերանում հյուրընկալ ընտանիքի իրենց հասակակիցների հետ:

Այդ հյուրընկալ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ, ընտանիքի մայր Սուսաննա Բագրատունյանի հետ «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի նրանց ընտանեկան հարկի ներքո տարբեր տարիների  հյուրընկալված հայորդիների մասին, և տիկին Սուսաննայի պատմածներից հասկացա, որ նրանց ընտանիքում այդ հյուրընկալությունն արտառոց երևույթ չի համարվել, որովհետև հայ մարդն, առհասարակ, բոլոր ժամանակներում աչքի է ընկել իր հյուրընկալ, հյուրամեծար բնավորությամբ:

-Տիկի՛ն Սուսաննա, մեր զրույցն սկսենք հայի հյուընկալ, հյուրամեծար, հյուրասեր էությունից…

-Այո՛, հայերը միշտ եղել են ու մնացել են այդպիսին. այս դեպքում մեր հյուրերը հարազատներ էին, այսինքն՝ աշխարհի տարբեր երկրներից եկած հայորդիներ: Դժվար չէ լինել հյուրընկալ ու հյուրասեր, եթե հոգումդ ու սրտումդ, անկախ ազգային պատկանելությունից, սեր կա՝ Աստծո պարգևներից ու պատվիրաններից ամենակարևորը:

-Քանի՞ երեխաների եք հյուրընկալել Ձեր հարկի ներքո:

-Տարբեր տարիների՝ երեք երեխաների՝ Ամերիկայից, Ֆրանսիայից և Ջավախքից: Բոլորին շատ սիրեցինք. աշխատել ենք, որ նրանք ազատ, հանգիստ զգան մեր տանը, ճաշակեն մեր ավանդական կերակուրները, մասնակցեն զանազան միջոցառումների, խոսեն մայրենի լեզվով: Երբ վերադառնում էին էքսկուրսիաներից, այնքա՜ն ոգևորված էին պատմում այդ ամենի մասին, որ մենք ակամայից ցանկանում էինք կրկին այցելել մեր Հայրենիքի տեսարժան վայրերը:

– Ձեր ընտանիքի բոլոր անդամները համաձա՞յն էին այդ որոշման հետ:

-Անշու՛շտ. մենք՝ ամուսինս, ես, 2 աղջիկներս ու տղաս միակարծիք ենք եղել այդ հարցում: Հիմնականում ամուսինս էր նրանց առավոտյան տանում նշանակված վայր և էքսկուրսիայից հետո դիմավորում ու տուն բերում, սակայն երբեմն՝ նաև տղաս էր մեր հյուրերին ուղեկցում: Ամեն մի հյուր մեր ընտանիքի անդամների կողմից ընդունվել է ջերմությամբ, հարազատի նման:

-Դուք, եթե չեմ սխալվում, աշխատում եք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնում և, բնականաբար, շատ ծանրաբեռնված եք լինում. ո՞վ է Ձեր հյուրերի համար կերակուրներ պատրաստել, օգնել Ձեզ:

-Ամուսնուս մայրը՝ սկեսուրս՝ մի ժրաջան, շնորհալի կին, ով շատ սիրով, ջերմությամբ օգնել է ինձ, կերակուրներ պատրաստել, հյուրասիրել. մեր ընտանիքում հյուրերի համար բոլորը պատրաստակամ են եղել:

-Կապ ունե՞ք նրանց հետ:

-Հիմնականում երեխաներս են կապը պահում, սոցիալական ցանցով նամակագրական կապի մեջ են, սակայն ավելի շատ կապված ենք Ջավախքից մեր տանը հյուրընկալված երեխայի հետ:

-Տիկի՛ն Սուսաննա, այս ամռանը հյուընկալելու մտադրություն ունե՞ք:

-Սիրով կյուրընկալեի, սակայն աղջիկս նշանվել է և ամուսնության հարցերով շատ զբաղված կլինենք, սակայն ոչինչ չի բացառվում. դեռ պարզ չէ:

– Նրանց հետ կապված ի՞նչ առանձնահատուկ դեպք կարող եք հիշել:

-Ամերիկայից մեր տանը հյուրընկալված երեխայի մայրն էլ այդ տարի մասնակցում էր «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին, անհանգիստ էր, որոշել էր գալ մեր տուն, տեսնել, թե որտեղ, ինչպես է ապրում իր երեխան. իհարկե, շատ լավ տպավորություն ստացավ: Մենք սեփական տուն ունենք, որի պատշգամբից երևում է Մասիսը: Մեր հյուրը, պատշգամբից տեսնելով Մասիսի վեհաշուք տեսարանն, այնքան բարձր բացականչեց՝ եկե՜ք, Մասի՜սը,Մասի՜սը, տիկինն իր հիացմունքն այնքա՜ն արտառոց ձևով արտահայտեց, որ բոլորս վազեցինք պատշգամբ…Նա իր աղջկան անընդհատ ասում էր՝ շու՛տ, շու՛տ, նկարի՛ր այս տեսարանը: Միայն հեռվից Արարատի մասին լսած ու նկարներով այն տեսած մարդու համար, իրո՛ք, դա մի հեքիաթային, աննկարագրելի պահ էր :

-Տիկի՛ն Սուսաննա, ի՞նչ կասեք «Արի տուն» ծրագրի մասին:

-Շատ եմ կարևորում ու արժևորում այդ ծրագիրը՝ հայրենաճանաչողության իմաստով: Շատ հայորդիներ առաջին անգամ են լինում Հայաստանում, ծանոթանում Հայրենիքի պատմամշակութային հուշարձաններին, շփվում Հայաստանում բնակվող և Սփյուռքի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իրենց հասակակիցների հետ: Հիրավի, ողջունելի ծրագիր է:

Զրուցեց Կարինե Ավագյանը