Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը». Անդրե Աղասին միացել է արշավին

Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն:

 Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես այնքան հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորյանի տեսլականը դարձել է իրականություն: Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»,- նշել է թենիսիստը:

Կանադացի կոմպոզիտորը Գրիգոր Լուսավորչին նվիրված օպերա է գրել

Կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահը օպերա է գրել Գրիգոր Լուսավորչի մասին: Հայաստանյան առաջնախաղը կկայանա ապրիլի 3-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Օպերան նվիրված է Սբ Գրիգոր Լուսավորչին և անդրադառնում է Խոր Վիրապում նրա անցկացրած տարիներին: Այս մասին հայտնում է culture.am-ը։

Բեմադրությունն իրականացնելու նպատակով Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և դիրիժոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ,ինչպես նաև պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից և երգչախումբ ՝ կազմված Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից: Օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին: «Լուսավորիչ» օպերան ՀՀ մշակույթի նախարարության և «Աջակցություն մշակութային կրթությանը» հիմնադրամի համատեղ նախագիծն է:

«Իմ քաղցր լեզու». գրում են «Սուրբ Խաչ-Հարպոյան» բարձրագույն վարժարանի սաները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Բեյրութի (Լիբանան) Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» բարձրագույն վարժարանի սաների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» խորագրով:

%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b3%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6-1 %d5%b4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b3%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6-2 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%bd-%d5%a1%d5%a2%d5%a3%d5%a1%d6%80-1 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%bd-%d5%a1%d5%a2%d5%a3%d5%a1%d6%80-2

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված քննարկում Բեյրութում

Մարտի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկազյան համալսարանի կազմակերպմամբ տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Լիբանանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Միջոցառմանը մասնակցում էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանը, Հայաստանում Լիբանանի նախկին դեսպաններ Սաադ Զախիան (1997-1999թթ.) և Գաբրիել Ժեարան (2003-2011թթ.): Ներկա էին նաև ներկայացուցիչներ դիվանագիտական, ակադեմիական, կրոնական շրջանակներից:
Դեսպան Մկրտչյանը, արժևորելով Հայաստանի և Լիբանանի՝ որպես երկու անկախ և ինքնիշխան պետությունների, վերջին քսանհինգ տարիների հարաբերությունները, հղում կատարեց երկու ժողովուրդների դարավոր առնչություններին, Լիբանանի հայ համայնքի ակնառու դերակատարությանը, ինչպես նաև անդրադարձավ վերջին երկու տասնամյակների ընթացքում պետական բարձաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական բնագավառներում փոխշահավետ համագործակցությանը։

Դեսպան Մկրտչյանը, կարևորելով արժեքային մոտեցումների վրա հիմնված երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում, նշեց, որ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջբրան Բասիլը միասին 2015թ. մասնակցել են Միջին և Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված Ժնևի միջազգային համաժողովին։ Դեսպանն ընդգծեց, որ քաղաքական համագործակցության բնագավառում առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկու բարեկամ պետությունները միջազգային կազմակերպություններում մշտապես աջակցում են մեկմեկու։

Հայկազյան համալասարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանն իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 1992-93թթ. ուսումնական տարում Հայկազյան Համալսարանում ուսանած մի խումբ դիվանագետներ այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ պետական կառույցներում:

Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության առաջին դեսպան Սաադ Զախիան նկարագրեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի՝ որպես ՀՀ անկախացումից հետո 10-րդ երկրի դեսպանության հիմնման առաջին քայլերը: Ուշագրավ էր նաև դեսպան Գաբրիել Ժեարայի ելույթը, ով դրվագներ ներկայացրեց ՀՀ-ում իր իննամյա պաշտոնավարության շրջանից, անդրադարձավ լիբանանյան եւ սփյուռքահայ ներդրումներին, վերհիշեց իր շփումները Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ:
Դեսպան Ժեարան շեշտեց, որ երկու երկրների սերտ կապերի շնորհիվ վերջին 25 տարիների ընթացքում լիբանանցի և հայ ժողովուրդները կարողացել են ստեղծել համագործակցության ամուր հիմքեր՝ հիմնված միմյանց հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա:

Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանի ու Լիբանանի փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապերը համատեղ ուժերով կարելի է առավել զարգացնել և զորացնել։

%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b42%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b41

«Իմ քաղցր լեզու». գրում են Բեյրութի Հռիփսիմյանց վարժարանի սաները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Բեյրութի (Լիբանան) Անարատ հղության հայ կաթողիկե քույրերի Սրբոց Հռիփսիմյանց բարձրագույն վարժարանի սաների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» խորագրով:

arin-2kristina-1 kristina-2arin-1

Կկատարվի հոգեհանգիստ Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Նախագահը ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում, ինչպես նաև անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ապրիլի 2-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայանում են համատեղ ուժեղ թիմով, որը ղեկավարում և համակարգում է իր սկզբունքային դիրքորոշումներով հայտնի, փորձառու և հմուտ քաղաքական գործիչ՝ պարոն Իգնասիո Սանչես Ամորը:

Ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին, Նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները հենց այս տեսանկյունից են կարևորում ընտրողների վստահության բարձրացումն ու ամրապնդումը ընտրական գործընթացի նկատմամբ: Այդ նպատակով լայն քաղաքական և հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում ընդունվեցին ու նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմները սահմանող դրույթներ: Նախագահի համոզմամբ, իրականացված մեծածավալ աշխատանքը թույլ է տալիս պնդելու, որ առկա են բոլոր նախադրյալները՝ քաղաքական կամք, օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար, և իշխանություններն իրենց իրավասության շրջանակում անելու են ամեն հնարավորը՝ դա իրականություն դարձնելու:

Նշելով, որ ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, և ինչպես ցանկացած մրցակցային պայքարում, ընտրություններում ևս մրցանակային տեղ գրավելու համար մասնակիցներից շատերը երբեմն կարող են տրվել տարբեր՝ այդ թվում անընդունելի մեթոդների գայթակղությանը, Նախագահը այս համատեքստում չափազանց կարևոր է համարել, որպեսզի բոլոր դիտորդական առաքելությունները ցուցաբերեն հավասարակշռված, անկողմնակալ մոտեցում և իրենց գնահատականը ձևավորեն սեփական դիտարկումների ու հավաստի տեղեկությունների հիման վրա: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերել համակողմանի օժանդակել բոլոր դիտորդական առաքելություններին՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը, այդ թվում նաև ընտրությունների օրը և դրանից հետո:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը վստահեցրել է, որ մասնագիտական որևէ շեղում իրենց աշխատանքում չի լինելու, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որպես ընտրական գործընթացի դիտարկման գործում Եվրոպայի ամենափորձառու կազմակերպությունը, որը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է և իրականացրել է իրավիճակի գնահատման ուղղությամբ փորձագիտական մեծ աշխատանք՝ շարունակելու է նույն բարձր մասնագիտական որակով ու բարեխղճությամբ իրականացնել իր առաքելությունը:

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավել է մեծ թվով՝ շուրջ 30 հազար տեղական հասարակական կազմակերպությունների, որոնց կազմում ընդգրկված են բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Նա միաժամանակ կարևորել է, որ բոլոր առաքելությունները պատասխանատու կերպով մոտենան իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական մոտեցում:

Հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորը նաև ողջունել և քաջալերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Սահմանամերձ Կոթի գյուղում ռոբոտաշինության խմբակներ են գործում

«Արդյոք հնարավո՞ր է, որ մի օր ռոբոտները մտածեն մարդկանց պես»,- հարցին Կոթիի ռոբոտաշինության խմբակի մասնակից Անի Էվինյանն իր պատասխանն ունի. «Այսօր արդեն մարդիկ են մտածում ռոբոտների նման»։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Կոթի գյուղի ՍՄԱՐԹ ապահով սենյակում իրագործում է «Լեգո» ռոբոտիկայի երկու խմբակ՝ 12-ական աշակերտով։ Ընդգրկված են գյուղի դպրոցի 5-9-րդ դասարանցիներ։ Կրտսերները (5-6-րդ դասարաններ) օգտագործում են LEGO WeDo2.0 հավաքածուները, իսկ ավագների (7-9-րդ դասարանցիներ) խումբն աշխատում է LEGO Mindstorms EV3 հավաքածուով։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Հիմնադրամից, դեռ նախորդ տարի ձեռք բերված «Լեգո» սենսորային հավաքածուները գործածելու համար գյուղի ֆիզիկայի ուսուցիչ Արծրուն Սիրադեղյանը վերապատրաստվել է որպես ռոբոտիկայի դասընթացավար։ Մասնակից աշակերտներն ընտրվել են հատուկ հարցաշար լրացնելու միջոցով, որտեղ ստուգվում է երեխայի տրամաբանությունը, մտածելակերպը, հարցը մանրամասն ուսումնասիրելու ու մանրամասնորեն՝ քայլ առ քայլ առաջ շարժվելու կարողությունը։ Ըստ մասնագետների՝ վերջինս անչափ կարևոր է ծրագրավորման համար։

«Ռոբոտիկան ու ծրագրավորումը մեր ժամանակի մաթեմատիկան են։ Այն ոչ միայն իմացական, այլև առօրյա կիրառելի գիտելիք է. սա օրվա պահանջն է։ Ռոբոտիկայի «Լեգո» խմբակը հնարավորություն է տալիս երեխաներին խնդիր դնելու, լուծման ուղիներ գտնելու, մտածողության նոր հորիզոններ բացելու»,- նշում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

ՍՄԱՐԹ ապահով սենյակի ռոբոտիկայի խմբակում երեխաները նախ սահմանում են, թե ինչ է ռոբոտը, ինչ հնարավոր գործառույթներ կարող է կատարել։ Կոթիի երեխաների ռոբոտաշինության նպատակներն ամենատարբեր էին՝ գույն ու հեռավորություն որոշող ռոբոտից մինչև երկրի սահմանները պահողներ, դպրոցում ուսուցչին փոխարինողից մինչև մտքի արագությամբ մարդուն ցանկացած վայր տեղափոխող ռոբոտներ։ Իսկ 9-րդ դասարանցի Նարեկ Կիրակոսյանի խոսքով՝ ինքն անիրագործելի նպատակ ունի. «Ուզում եմ նախագծել լույսի արագությունը գերազանցող ռոբոտ, որ կուսումնասիրի տիեզերքի սև խոռոչները»։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ սենյակները կանոնավոր ուսումնական ծրագրեր են առաջարկում տարբեր տարիքի երեխաների՝ կախված նրանց հետաքրքրություններից ու կարողություններից։ Լոռու և Տավուշի ՍՄԱՐԹ սենյակներում ծրագրային ու բովանդակային սահմանափակումներ չենդրվում՝ արվեստ ու տեխնոլոգիա, լեզուներ և ինքնակրթություն։

Իսպանական Պետրեր քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պետրերը դարձավ Իսպանիայի 25-րդ քաղաքը, որը նախօրեին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Էլդայի հայերի «Արարատ» միությունից, մարտի 30-ին կայացած քաղխորհրդի նիստում 20 կողմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Պետրերը պաշտոնապես ճանաչեց XX դարի առաջին Ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված ծանր հանցանքը և հորդորելով Իսպանիայի կառավարությանը հետևել իր քայլին։

Էլդայի հայերի «Արարատ» միության ներկայացրած միջնորդագրի հիման վրա, ճանաչման համատեղ բանաձևը ներկայացրել էին իշխող սոցիալիստական կուսակցությունը, Ձախ միությունը, Կոմպրոմիսը, Սի Պոդեմոսը։ Կողմ ձայներին միացել են նաև Ժողովրդական կուսակցության հինգ խորհրդականները, իսկ Սիուդադանոսը չնայած ձեռնպահ մնաց, սակայն նույնպես հորդորեց դատապարտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նիստին ներկա էին Էլդայի և Պետրերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջնորդագիրը ներկայացրեց Պետրերի Ձախերի խորհրդական, Խխաղաղության և համերաշխության պատասխանատու Ռաֆայել Մասիա Էսպին։ Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հորդորներով հանդես եկան Սի Պոդեմոս, Սոցիալիստական, Կոմպրոմիս կուսակցությունների խորհրդականներ։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Էլդայի հայերի «Արարատ» միության նախագահ Անահիտ Օհանյանը, որն իր խոսքում ասաց, որ եթե մեկ դար առաջ դատապարտված և ճանաչված լիներ այս մեծ ոճիրը՝ ուղղված մարդկության, քրիստոնեության և մշակույթի դեմ, այսօր գրեթե նույն տարածաշրջանում չէին կրկնվի ահասարսուռ դեպքերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էլդայի հայերի «Արարատ»միության ջանքերով Պետրերում գիտաժողով էր անցկացվել «Խաղաղությունը և համերաշխությունն ընդդեմ բռնության» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որը ուղեկցվել էր նույն խորագիրը կրող հիասքանչ ցուցահանդեսով՝ մասնակցությամբ Երևանի Ք․ Քուշնարյանի անվան 4-14 տարեկան սաների,ի նչպես նաև ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի և Իպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի գեղանկարչական աշխատանքներով։

%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%a5%d6%801%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%a5%d6%802%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%a5%d6%803

«Գյուրջիև» համույթն ապրիլյան շրջագայություններին կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին

2008 թվականին Երևանում հիմնադրված «Գյուրջիև» համույթի համար կարևոր իրադարձություն էր աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի՝ Գերմանական «ECMrecords»-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերին հրատարակված «Կոմիտաս»  ձայնասկավառակը՝ 30  էջանոց  բազմաբովանդակ տեղեկատվությամբ  և  լուսանկարներով: Տեղեկատվությունը գրել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և համույթի հիմնադիր Լևոն Էսկենյանը: Ձայնասկավառակին անդրադարձել են աշխարհի լավագույն, առաջատար լրատվամիջոցները, «Songlines Magazine» հանդեսն այն ընդգրկել է 2015 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են «British Airways» ավիաընկերության ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի թողարկումից հետո համույթն աշխարհի տարբեր երկրների կողմից հեղինակավոր փառատոների մասնակցելու հրավերներ է ստացել: Ապրիլ ամսին «Գյուրջիև»-ը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական երեք երկիր: Մեկնարկը տրվելու է ապրիլի 14-ին՝ Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ հնչեցնելու են հայ հոգևոր երաժշտություն, կատարելու են Կոմիտասի և Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները: Այնուհետև համույթը մեկնելու է Հունաստան՝ Սմուրնիի քաղաքապետարանի հրավերով ելույթ ունենալու «Պառնասոս» համերգասրահում:

«Ապրիլի 19-ին Աթենքում կայանալիք համերգը, որի ընթացքում հնչելու է միայն Կոմիտաս, նվիրված է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Մինչ այդ՝ համերգի նախօրյակին, հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերով շուրջ մեկ ժամ հարցազրույց ենք տալու հայկական երաժշտության, նվագարանների, Կոմիտասի և Գյուրջիևի մասին: Աթենքում համերգն ավարտելուց հետո նորից գնալու ենք Ավստրիա՝ Մոցարտի հայրենիք Զալցբուրգ քաղաք, որտեղ ապրիլի 22-ին դարձյալ Կոմիտաս ենք հնչեցնելու»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լևոն Էսկենյանը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան և «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցությամբ՝ Կոպենհագենում դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի և Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգ է տեղի ունենալու:

2

«Սա հիանալի առիթ է՝ հայկական երաժշտության միջոցով մեր ժողովրդի կողմից երախտագիտության խոսք հղելու բարեսիրտ կնոջ հիշատակին: Մարիա Յակոբսոնն այն եզակի անհատականություններից էր, ով հայ ժողովրդի կողքին է եղել Ցեղասպանության ահասարսուռ օրերին և իր ամբողջ կյանքը նվիրել է հայ որբերին: Այս պատմությանը քաջատեղյակ եմ, քանի որ ծնվել եմ Լիբանանում, որտեղ միսիոներուհին «Թռչնոց բույն» մանկատունն է  հիմնադրել»,-նշեց Լևոն Էսկենյանը:

Զրույցի վերջում երաժիշտը կարևորեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող համերգային շրջագայությունը հենց ապրիլ ամսին է լինելու, քանի որ մեկ անգամ ևս հնարավորություն են ունենալու երաժշտության միջոցով հնչեցնելու Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման պահանջը:

Հավելենք, որ «Գուրջիև» համույթի գործունեության նպատակը, որի կազմում Հայաստանի առաջատար երաժիշտներ են ընդգրկված, հայկական ավանդական երաժշտությունը, հայ աշխարհահռչակ երաժիշտներ Կոմիտասի և  Գ. Ի. Գյուրջիևի ստեղծագործություններն ու գործիքավորումները ներկայացնելն է՝ այդպիսով մոռացության չմատնելով մեր ազգային հին նվագարանները, ինչպես նաև՝ աշխարհին ցույց տալու հայ ժողովրդի մշակութային հարստությունները:

«Գուրջիև» համույթը  համերգներով շրջագայել և ելույթներ է ունեցել մի շարք համերգասրահներում, միջազգային հայտնի փառատոների է մասնակցել Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, ինչպես նաև` Հայաստանում:

Գործում է «Գուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը:

Գևորգ  Չիչյան

Քննարկվել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկությունները

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche /Դելոյթ Թուշ/ ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի առկա միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն:

2

Բրիտանական «BBC Wordwide» կոմերցիոն ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը Սփյուռքի նախարարությունում

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանն ընդունեցին Բրիտանական «BBC Wordwide» կոմերցիոն ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ստանովկինին, ով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով երկօրյա սեմինար էր անցկացրել «Ռազմավարական հաղորդակցություն և զբոսաշրջային բրենդ» թեմայով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, քննարկվեցին Հայաստանում տուրիզմի զարգացման, ներդրումների ներգրավման, երկրի բրենդի ձևավորման գործընթացում Հայկական սփյուռքի դերակատարության և միջազգային գլոբալ տեղեկատվական հարթակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հետ կապված հարցեր:

Սերգեյ Ստանովկինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց տարածաշրջանի տարբեր երկրների հետ աշխատանքի փորձն ու արդյունքները և առաջարկեց համագործակցել՝ Հայաստանի մրցակցային առավելությունները պատշաճ ներկայացնելով BBC հեռուստաընկերության բազմամիլիոն լսարանին:

img_0378

«Ցանկացա, որ Բրազիլիայում ճանաչեն Հայաստանը». Ներսես Յեգիներյան

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բրազիլահայ Ներսես Յեգիներյանին, ով այս անգամ Հայաստան է եկել եղբոր հետ՝ բիզնես ծրագրերով: Բրազիլիայում Ներսեսը հոր և եղբոր՝ Բյուզանդ և Վազգեն Յեգիներյանների հետ զբաղվում է ընտանեկան բիզնեսով: Որոշել են Հայրենիքում էլ ներդրում անել, գործարարությամբ զբաղվել: Հետագայում Հայաստան տեղափոխվելու, ընտանիքով հայրենադարձվելու  մտադրություն ունեն:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ճիշտ դիրքորոշումը, ակտիվ գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ Ներսես Յեգիներյանի նոր ծրագրերին: «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեք Հայաստանի հետ, ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները ներդնեք Հայրենիքում», – հավելեց նախարարը:

Ներսես Յեգիներյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց Հայաստան կատարած իր այցելությունների մասին, նշեց, որ մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 6 ամսյա դասընթացին: Հպարտությամբ հիշեց. «Երբ դիտում էի Globo TV- ի հաղորդումները տարբեր երկրների մասին, մտածում էի, որ լավ կլինի Հայաստանն էլ ներկայացնել բրազիլացի հեռուստադիտողին, և նամակ գրեցի Globo TV-ին: Ի զարմանս ինձ, շատ շուտ պատասխան ստացա, իսկ մի քանի հարցազրույցներից հետո որոշվեց Հայաստանի մասին ֆիլմ պատրաստել: 2014թ. Globo TV-ի նկարահանող խումբն այցելեց Հայաստան: Ես ցանկություն հայտնեցի ուղեկցել նկարահանող խմբին և կրկին 15 օրով եկա Հայաստան: Այն ժամանակ առաջին անգամ այցելեցի Սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարության աջակցությամբ նկարահանող խումբն այցելեց մի շարք թանգարաններ: Հայաստանի մասին այդ ֆիլմը դիտել է 40 մլն մարդ»:

 Ներսեսը սովորում է Սան Պաուլոյի  FMU համալսարանի իրավաբանության ֆակուլտետի վերջին կուրսում:

%d5%a2%d6%80%d5%a1%d5%a6%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a11