Իրանահայ բուժքույրը՝ Իրանի 2016 թվականի լավագույն բուժքույր

Սպահանի «Ալ-զահրա» ուսուցման եւ բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում  աշխատող հայ բուժքույր Անահիտ Փիլոսյանը, Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Իրանի 2016 թվականի օրինակելի բուժքույր` մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության եւ աշխատանքում դրսեւորած  պարտաճանաչության ու բծախնդրության համար: Նա նույն այս հատկություններով է ճանաչված իր աշխատանքի վայրում եւ գործընկերների մոտ:

Ինչպես հայտնում է norjugha.ir կայք-էջը՝ Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976 թվականին, Ահվազում, ուր եւ ապրել է մինչեւ իր ամուսնանալը` 2000 թվականը: Նա իր դպրոցական կրթությունն ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական եւ «Րաֆֆի» ուղեցույց եւ պարսկական «Եֆաթ» միջնակարգ դպրոցներում:

Այնուհետեւ մասնակցելով  համալսարանների մուտքի քննությանը` ընդունվել է Ահվազի Ազատ համալսարանի հիվանդապահության ճյուղում եւ ավարտել 2000 թվականին: Նա աշխատանքի է անցել «Ալ-զահրա» հիվանդանոցում` 2001 թվականից եւ մինչեւ օրս անդամակցում է Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպությանը:

taghdir

 

Վերագործարկվում է Երևանի կաշվի գործարանը

«Մենք ծրագրում ենք նաև կաշվե իրերի հայկական արտադրություն՝ կոշիկ և կաշվե իրեր՝ ձեռնոցներ, պայուսակներ, գոտիներ և այլն»: Այսօր Երևանի վերագործարկվող կաշվի գործարան այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին նպատակները ներկայացրել է գործարանի գործադիր տնօրեն Աշոտ Գոմցյանը:

Նա նշել է, որ գործարանը ներկայումս 100-ից ավելի աշխատակիցներ ունի, 3 ամսից, երբ ավարտվի հումքի մշակումը, նրանց թիվը կավելանա։ Իսկ ընթացիկ տարվա ավարտին ներդրողները նախատեսում են ստեղծել 700 աշխատատեղ։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սուրեն Կարայանը շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին։ Նա նշել է, որ պարբերաբար այցելելու է գործարան՝ իրազեկվելու խնդիրներին, ինչպես նաև դիտարկելու պետության աջակցության գործիքակազմի և ծրագրի շրջանակներում տրվելիք օժանդակությունը։ Նախարարի խոսքով՝ հաջորդ այցը կլինի երեք ամիս անց, երբ գործարանը ավարտին կհասցնի կաշվի մշակման ողջ ցիկլը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համատեղ գործողությունների արդյունքում կաշվի արտադրության ողջ շղթան՝ հումքի մշակումից մինչև կաշվե իրերի վերջնական արտադրություն, տեղի ունենա Հայաստանում՝ ստեղծելով ավելացված արժեք»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Սուրեն Կարայանը։

Նախարարի առաջարկով գործարան են այցելել նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի նախարարության և կազմակերպության կողմից քննարկվի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում գործարանին տրվող հնարավոր աջակցությունը։

Արա Գյուլերը կանի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացումը

Թուրքիայի քաղաքացի, աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը ներկա է գտնվելու Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությանը: Նա արժանացել է փառատոնի բացումը կատարելու պատվին:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի` բացման արարողության ժամանակ Գյուլերը, ինչպես նաև գերմանացի կինոօպերատոր Յուրգենը Յուրգեսը պատվո շքանշաններ են ստանալու, գրում է ermenihaber.am-ը:

Կինոֆառատոնն  ընթանալու է  մարտի 4-12: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը:  Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում  է 10 ֆիլմ:

Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:

Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները

Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին հանդես է եկել բացման խոսքով:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից ՝ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում:

«Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը:

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ – դիզայն, արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն:
Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը:

«Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու  համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:

Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները:

Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները:

Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ:

Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը միջազգային հանրությանը կներկայացնի իրականությունը

Առաջիկայում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կներկայացնի նոր ֆիլմ Ստեփանակերտի շրջափակման մասին, որն ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կտեղեկացնի հումանիտար աղետի մասին:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի ընթացքում տեղեկացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման փաստից տասը օր շուտ, քանի որ, կարծում եմ,  այդ տասը օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականներից սկսած»,-շեշտեց նա;

Արա Սաղաթելյանը նշեց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առաջին ֆիլմը ներկայացվել է 2012 թվականին. այն պատմում է Աղդամի գործողության մասին:

«Կարծում եմ, երբ մեր հարևաններն ապագայում փորձ կատարեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, շատ մարդիկ, ում տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, պատկերացում կկազմեն առնվազն այն մասին, որ այլընտրանք գոյություն չուներ, քան Աղդամի ռազմական օպերացիան»,- եզրափակեց Արա Սաղաթելյանը:

 

Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը:

Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում:.

Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը եւ արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը:

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»:

Նախկինում Գարեն զբաղեցրել է պաշտպանության, նաեւ անվտանգության նախարարի պաշտոնները:

Վարչապետն՝ ուսանողներին. «Ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք»

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով», – ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում: Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել», – նշել է կառավարության ղեկավարը:
Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն: «Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և  երբ եք դուք մեզ միանալու», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», – նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր:
Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող և, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով և ձևակերպված անելիքներով: Ե´վ պետությունը, և´ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունեն այդ ընտանիքների նկատմամբ, և մենք պետք է հետևողական լինենք այդ հարցում»:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»:
Ամփոփելով հարցուպատասխանը՝ վարչապետը կոչ է արել ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները և մասնակցել կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ձևավորմանը: «Ես բազմիցս եմ ասել՝ ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք: Ակտիվ մասնակցեք մեր նախաձեռնություններին կամ դուք էլ նախագծեր ներկայացրեք», – ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, Start up լաբորատորիաներում, ինչպես նաև վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին և ծրագրերին:

Մայրենիի օրվան ընդառաջ

Փետրվարի 21-ին Հայաստանում  և Սփյուռքում նշվելու է  ՅՈՒՆԵՍԿՕի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ»  տոնը, որի շրջանակներում  ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներ` Սփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:

 ***

«Հայոց լեզու, իմ հազարագանձ լեզու, դեռ թոթով լեզուով էի փորձում խոսել և արտաանել քո նուրբ և քնքոյշ բառերը և դրանով էի ուժ ստանում: Քո շնորհիւ էր, որ հայ ազգն ինչպես փիւնիկ վերածունվեց մօխիրներից ու մինչև հիմա պահեց իր գոյութիւնը և երեսունութ տառերը, ինչպէս զինւոր և դու ինչպես բերդ պաշտպան կանգնեցիր հայ ազգին ու ինքնութեանը»:

Լալա Դիլանչեան, 10-րդ դասարան

Իրան, Սպահան

***

«Հայոց լեզուի քաղցրութիւնը ակնառու է այն նամակում, որը սահմանին կանգնած զինուորը ձեռքերը դողալով է գրել.նա զգացել է ամէն մի բառը, գրել է սրտի խօրքում զգացածը, գրել է իր մայրիկին, ով ինը ամիս նրան կրել է կրծքի տակ, նրա հետ խօսացել է քաղցր լեզուով, այն լեզուով, որով մե ամբողջ ազգ գոյատևել է, իր շահն է ներկայացրել համաշխարհային ժողովներում, գրել է իր պատմութիւնը և պայքարել գոյութեան համար և տակաւին շարունակում է»:

Մանէ Յովսեփեան, 10-րդ դասարան

Իրան, Սպահան

***

«Ա, Բ, Գ…և այսպէս շարունակ 38 մարտիկներ կողք կողքի դարեր շարունակ պաշտպանել են հայ ազգին և նրա ինքնութիւնը:

Թեև դարերի ընթացքում զանազան բարբարոսներ են ցանկացել այրել և մոխրակույտի վերածել այս խիզախ մարտիկներին, սակայն նրանք, ինչպէս փիւնիկ կրկին կեանք են առել և սլացել դէպի անհաս մի բարձունք»:

Լուսին Մինասեան,10-րդ դասարան

Իրան-Սպահան

***

«Քանի որ հայերենը քաղցրահամ է, այն նաև կարելի է նմանեցնել Սևանա լճին.չէ՞ որ Սևանա լճի ջուրն էլ քաղցրահամ էև դարեր շարունակ բխել ու բխում է հայկական լեռներից: Ես որպէս հայուհի հպարտ եմ, որ գիտեմ և շարունակում եմ սովորել իմ քաղցր ու մայրական լեզուն: Ինչպէս Համո Սահյանն է ասում.«Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի»»:

 Լուսիա Գալստեան, 10-րդ դասարան

Իրան,Սպահան

***

«Իմ լեզուն քաղցր հայերէնն է: Ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն, որը 38 տառ ունի:Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայոց տառերը, ,եր լեզուն ոսկեղենիկ է ու բազմաբարբառ: Ես հպարտ եմ, որ հայ եմ և որ խօսում եմ հայերէն:Մենք պետք է մեր լեզուն լավ սովորենք ու վառ պահենք, որպէսզի չձուլւենք և վառ պահենք՝ այն փոխանցելով սերնդէսերունդ»:

Թէոդիկ Մինասքանեան, 3-րդ դասարան

Իրան, Սպահան 

«Հայ ժողովրդի մշակութային ժառանգութեան գանձարանում ամենամեծ և թանկագին հրաշալիքը լեզունէ, որը դարեր ի վեր ծառայել է հայ ազգի գոյատևմանէ և ծառայումէ մինչ օրս:

Ինչպես նշում է Միքաել Նալբանդեանը . «Մերլեզուն բարձունքների ու խորութիւնների լեզու է»:

Հեղինակի այս խորամիտ և ապշեցուցիչ բառերը բացատրում է հայոց լեզվի ուժի, քաջության և վեհութեան մասին, քանի որ ամէն մի ազգի գոյատևման ամենանշանաւոր զենքը դա լեզուն է:

 Մինելի Ղազարեան, 9-րդ դասարան

Իրան, Սպահան

(շարունակելի)

 

 

         

 

 

 

«Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ». Կարեն Կարապետյան

«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», – ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով. «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2-ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա և 3 նորաստեղծ ուսանողական Start up լաբորատորիա: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական և գիտական լավագույն ներուժը: Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ և հետագա ծրագրերի մասին:

Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի և կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ: Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող և փաստացի արդյունքի, պետություն-բուհ-մասնավոր հատված համագործակցության մասին: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարևորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», – ասել է վարչապետը:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային և ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության և այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառմանը, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրմանը, գիտական արդյունքի ձևավորմանը և հարակից այլ հարցեր: Կարևորելով գիտական ներուժի առևտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից և արձագանք կստանան:

Հայաստանից Սիրիայի ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Լաթաքիա. լուսանկարներ

Փետրվարի 15-ին Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Լաթաքիայի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հարցազրույց է տվել SYRIA TV-ին:

Հավելենք, որ փետրվարի 14-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա ուղևորվեց մարդասիրական օգնություն տեղափոխող հերթական ինքնաթիռը՝ 18.5 տոննա բեռով:

Մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը ուղեկցում էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:

%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a1%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a11 %d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a12%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a13 %d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a15%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a16 %d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a17%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a18 %d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a110%d5%ac%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%ab%d5%a14

Զարմանալի՜  հայ…

Զարմանալի՜ հայ…Որտեղ էլ լինի նա, իր շուրջը ստեղծում է անպատմելի մի յուրօրինակ օազիս, ստեղծում է մի փոքրիկ Հայաստան, ուր ապրում  ու արարում է ինքը, ուր կարողանում է պահպանել իր ազգային ինքնությունն ու դիմագիծը: Իհարկե, արվեստի ու մշակույթի բնագավառներում դա  դրսևորվում է լավագույնս, ավելի ցայտուն, ավելի  տեսանելի: Հենց այդպիսի հայկական մի օազիս է է հեռավոր ֆրանսիայում ստեղծել մեր հայրենակիցը՝ երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Վահագն Ստեփանյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար  ծավալված զրույցիս ընթացքում Վահագն Ստփանյան արվեստագետի կերպարում երևաց նաև պարզ, անկեղծ հայ երիտասարդը: 

-Վահա՛գն, թույլ տվեք Ձեզ այդպես դիմել, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում հայտնվեցիք հեռավոր ֆրանսիայում:

-Ես դուրս եմ եկել Հայաստանից և եկել եմ Ֆրանսիա 2006-ին: Իմ գլխավոր նպատակներից  մեկն է եղել ինչ- որ չափով  ճանաչում ունենալ արտասահմանում և  հայ արվեստը ներկայացնել օտարներին:

-Ես նայում եմ Ձեր նկարները, որոնցից  շատերում տեսնում եմ  Ձեր ՝ հայ մարդու, հայ արվեստագետի հոգու հայրենասիրության արտացոլքը. կարոտի՞ց են ծնվում դրանք:

 –  Ե՛վ կարոտից, և՛ հայրենասիրությունից, նաև՝ հայ լինելու հպարտության զգացումից:

-Նկարելու շնորհը Աստվածատու՞ր է, թե՞  ժառանգաբար է փոխանցվել:

-Մեր գերդաստանում չեն եղել ու չկան նկարիչներ, բայց ունենք լավ մասնագետներ, հաջողակ ուսանողներ: Ամեն մեկը շնորհալի է իր գործի մեջ: Դե, իհարկե, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևել է այս շնորհքը եվ, միանշանակ, նաև՝ իմ ծնողներին, որոնց շնորհիվ ես դարձա նկարիչ. նրանք մինչ օրս ուրախանում են իմ ստեղծագործական հաջողություններով: 

-Կարո՞ղ եք հիշել Ձեր առաջին նկարի թեման, ու՞մ եք այն ցույց տվել և ինչպիսի՞ արձագանք եք ստացել:

-Իմ մեջ տպավորվել է հատկապես այն օրը, երբ ես փոքր էի՝ մոտավորապես 5- 6-րդ դասարանի աշակերտ. մեզ տարան մասնակցելու օպերայի բակի կավճանկարի մրցույթին: Երևի կհիշեք այն ժամանակները, երբ այդպիսի մրցույթներ էին կազմակերպում  հանրապետության որոշ դպրոցների միջև: Ես նկարել էի հեքիաթային պերսոնաժ մոխրոտիկին և հետին պլանում՝ Արարատ լեռը: Դա շատ տարօրինակ թվաց մարդկանց. ինձ մոտենում էին և հարցեր տալիս, ինձ մոտեցան Հենրիկ Իգիթյանի անվան կիրառական արվեստի դպրոցի ուսուցիչները, տվեցին հրավիրատոմս, որ ես գնամ եվ սովորեմ իրենց դպրոցում: Դա շատ լավ տպավորություն թողեց իմ հիշողության մեջ և  առայսօր չեմ մոռացել կյանքիս այդ դրվագը:

-Առաջին ցուցահանդեսը ե՞րբ և որտե՞ղ է կայացել:

Իմ առաջին ցուցահանդեսը կայացել է դեռ դպրոցական տարիներին՝ 1991-92թթ. Երեվանում : 2001-ին արդեն դուրս եկա հայաստանյան շրջանակներից  և ցուցահանդեսներ կազմակերպեցի արտասահմանում: 2004-ին ինձ հրավիրեցին՝ ցուցադրություններ անելու Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր թատրոնում, որից հետո՝  Շվեյցարիայի Լոզան քաղաքի Նեստլե գիտահետազոտական ինստիտուտում: 2006 -ին եկա ֆրանսիա՝ Վալանս: Ծանոթացա շատ արվեստագետների հետ  ու սկսեցինք այդտեղի Հայ մշակույթի կենտրոնի հետ կազմակերպել ցուցահանդեսներ: 2007-ին իմ գործերը ցուցադրվել են Լիոն քաղաքում: Մինչ օրս ցուցադրվում են ֆրանսիայի տարբեր քաղաքներում:

%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b69%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b68 %d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b67

-Ի՞նչ մրցանակների, շքանշանների, պարգևների եք արժանացել. դրանցից ո՞րն է առավել թանկ Ձեզ համար:

– Ունեմ շատ պատվոգրեր, գովասանագրեր: Ինձ համար բոլորն էլ թանկ են, որովհետև դրանք իմ աշխատանքի արդյունքն են:

-Իբրև կայացած, ճանաչված արվեստագետի՝ Հայաստանում Ձեզ ճանաչու՞մ են:

-Չեմ կարծում, որովհետև վաղուց  եմ դուրս եկել Հայաստանից, բայց արվեստի բնագավառում շատ ընկերներ ունեմ:

-Դեպի Հայրենիք  վերադարձի ճամփան մո՞տ է արդյոք:

-Ցանկությունս մեծ է:

-Ո՞ւմ եք արվեստի բնագավառում համարում Ձեր ուսուցիչը և համաշխարհային մակարդակով այն նկարիչը կամ նկարիչները, ում գործերից ազդեցություն եք կրել:

Ես շատ եմ սիրում Վերածննդի դարաշրջանի բոլոր նկարիչներին, բայց ինձ համար  ուսուցիչներ  են Լեոնարդո դա Վինչին,Միքելանջելոն,Ռաֆայելը և Սալվադոր Դալին:

-Գիտեմ, որ հանդիպել, շփվում եք մեր աշխարհաճանաչ հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հետ, ի՞նչ դերակատարում ունի նա Ձեր կյանքում:

%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b613%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b64

– Նա մեծ հայրենասեր  է: Բոլորս գիտենք,  թե ֆրանսիայում և, առհասարակ, ամբողջ աշխարհում, ինչ  տեղ են տալիս մեր հայրենակցին: Ես առիթ ունեցա  մեծ  երգչին, Մեծ մարդուն ու արժանավոր   հային հանդիպել  ու ծանոթանալ նրա հետ Վալանս քաղաքում, Շառլի անվան պուրակի բացման արարողության ժամանակ:  Այդ ժամանակ  նրան նվիրեցի իմ աշխատանքը՝ իր դիմանկարը, շատ ուրախացավ և  անմիջապես ասաց՝ ստորագրի՛ր, այս նկարը պետք է դրվի տուն- թանգարանում: Շատ ուրախ եմ, որ ինչ-որ հիշատակ իմ կողմից  տրվեց  Շառլ Ազնավուրին:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը՝ վերնագրված «100 հասցե», այդպե՞ս  է…որտե՞ղ կայացավ այն և ի՞նչ արձագանքներ ունեցավ:

%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b62%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b63

-Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շատ մեծ ցուցահանդես բացվեց Վալանս քաղաքում, բազմաթիվ այցելուներ կային՝ քաղաքապետեր, պատգամավորներ, սենատորներ. մեծ արձագանք ունեցավ այդ ցուցահանդեսը:Ես  շնորհակալագիր ստացա: Ժողով արեցին, և իմ նկարներից մեկն ընտրվեց, որպեսզի  2000  տպաքանակով տպվեր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով  թողարկվող փոստային ծրարների վրա: Վալանսի հայ մշակույթի տանը մեծ շուքով  տեղի ունեցավ Կոմիտասի նկարի նվիրատվությունը, որը ես նկարել էի ապրիլի 24-ին:

%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b66%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b65

-Ֆրանսիան այն երկիրն է, որի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ քրեականացման օրենքը, սակայն նույն այդ երկրում , տարբեր քաղաքներում մեծ թիվ են կազմում մահմեդականները, հայերին այդ առումով որևէ վտանգ չի՞ սպառնում…

-Ո՛չ: Այստեղ բոլորն ապրում են համերաշխ: Համենայնդեպս, նրանք գիտեն մեր բնավորության գծերը եվ աշխատում են ոչ մի բանով առնչություն չունենալ հայերի հետ:

– Վահագն, այժմ  ի՞նչ նոր ու մեծամասշտաբ  կտավի վրա եք աշխատում:

-Հիմա աշխատում եմ Նապոլեոնի թեմային նվիրված կտավի վրա և պատրաստվում եմ  նոր ցուցահանդեսի. այն շուտով կկայանա:

-Դե ինչ, հաջողություններ մաղթենք մեր տաղանդավոր հայրենակցին և հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք մասնակիցը դառնալ նաև Հայրենիքում կազմակերպվելիք նրա ցուցահանդեսին: 

Կարինե Ավագյան

%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b611%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b61%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b612

        

 

 

«Իմ կյանքն իբրև զինվորագրյալ մարդ եմ ապրել».Երվանդ Փամբուկյան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը անվանի պատմաբան, հայագետ, խմբագիր, ՀՅԴ բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցության արխիվների պատասխանատու Երվանդ Փամբուկյանն է: 

-Պարո՛ն Փամբուկյան, Ձեր բազմաբեղուն գործունեության ընթացքում նաև «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն եք եղել: Ինչպե՞ս կբնութագրեք «Ազդակ »-ում անցկացրած տարիները:

-«Ազդակ»-ում կյանքիս ութ տարիներն եմ անցկացրել: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կողմից հանձնարարություն էի ստացել ընդլայնելու թերթի ծավալը: Մինչ այդ, ինչպես բոլոր թերթերը, այնպես էլ՝ «Ազդակը», 4 էջով էր լույս տեսնում:

Սակայն Բեյրութի հայ համայնքի ազգային, մշակութային և հոգևոր կյանքն այնքան աշխույժ էր, որ անհրաժեշտ դարձավ այդ բոլոր իրադարձությունները լուսաբանելու համար էջեր ավելացնել:

Ինձ հաջողվեց գործընկերներիս հետ համատեղ աշխատելով՝ «Ազդակը» ութ էջով հրատարակել, որի առաջին համարն ընթերցողի սեղանին դրվեց 1978 թվականի դեկտեմբերի 2-ին: Այն տարիների համար մեծ նվաճում էր դա, քանի որ Սփյուռքում և Հայաստաում ութ էջանոց թերթ գոյություն չուներ: Հիմա արդեն 10 էջ է տպագրվում:

 Սակայն «Ազդակն» իմ գործունեության գլխավոր ասպարեզը չէր միայն:

Ծննդավայրս Հալեպն է, ավարտել եմ Հալեպի «Քարեն Եփփե» ազգային ճեմարանը, որից հետո հայագիտական պաշարն ամբողջացնելու համար ուսանել եմ Վենետիկի «Սուրբ Ղազար» հայագիտական վարժարանում, ապա՝ ընդունվել եմ Բելգիայի «Լուվեն» համալսարանը՝ արմատապես ուսումնասիրելով միջազգային դիվանագիտություն, քաղաքագիտություն, Արևելքի հին պատմություն և արևելյան լեզուներ:

Երկար տարիներ դասախոսել եմ Բեյրութի համազգայինի ճեմարանում, Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում և «Սուրեն Խանամիրյան» ազգային վարժարանում, եղել եմ Համազգայինի հայագիտության բաժնի բարձրագույն հիմնարկի տնօրենը:

Բախտ է վիճակվել ութ տարի աշխատելու Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հետ, երբ նա Բեյրութի «Նշան Փալանջյան» վարժարանի տնօրենն էր: Ես շատ երիտասարդ էի այդ տարիներին և նոր էի սկսել մանկավարժական գործունեությունս:

Հիմնովին աշխատանքներ եմ կատարել նաև գրաբարագիտության ուղղությամբ:

-Ձեր կարծիքով՝ արևելահայերենի ու արևմտահայերենի լեզվական պատնեշն այսօր հաղթահարվե՞լ է, Ձեր տարիներին այդ երկու ճյուղերի միջև որևէ՞տարբերություն դրվում էր:

-Մեր ժամանակի սերունդը տարբերություն չէր գտնում լեզվի երկու ճյուղերի միջև: Դպրոցական տարիներին էլ արևելահայ և արևմտահայ գրողներ ընթերցելու ժամանակ երբեք չենք զանազանել դրանք, երկուսն էլ ազատորեն կիրառում էինք, համահավասար արժեք ունեին, երկու լեզուների օգտագործման բառամթերքն էլ գրեթե նույնն էր մեզ համար:

Պետք է այս երկու լեզուների մերձեցումն արագ թափով ընթանար, սակայն, դժբախտաբար, այդ գործընթացը տեղի չունեցավ:

Ի վերջո, բոլորս հայ ենք, և այս լեզվական ճյուղերը հայոց լեզվի մասն են կազմում, մեր երեխաներին պետք չէ  զրկել մայր արմատից:

-Այժմ աշխատանքային ի՞նչ ընթացքի մեջ եք:

-Ինձ նոր պարտականություն տրվեց զբաղվել ՀՅԴ արխիվներն ուսումնասիրելով՝ պատմական նյութերը հրատարակման պատրաստելու համար: Վերջինը՝ «Նյութեր ՀՅԴ պատմության համար» ստվարածավալ 12 հատորներով մատենաշարն է, որի յուրաքանչյուր հատորը մոտ 500-էջանոց ժողովածու է, և ամեն հատորում միջին հաշվով 400 փաստաթուղթ է ներառված:

Մատենաշարի հայաստանյան շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Դաշնակցության պատմության վերաբերյալ արխիվները հիմնականում կենտրոնացած են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայաշատ Ուոթերթաուն քաղաքում գտնվող ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում: Ես տարվա մեջ մեկ անգամ գնում եմ Ուոթերթաուն՝ անհրաժեշտ արխիվներից օգտվելու համար:

Ուսումնասիրություններ կատարելիս՝ օգտվում եմ նաև Բեյրութի ազգային ճեմարանի գրադարանում գտնվող փաստաթղթերից, որոնք հիմնականում պատճեններ և լուսապատճեններ են:

 -Ի՞նչ կարևորություն ուներ այդ արխիվների ուսումնասիրությունը և ինչպե՞ս հանձն առաք այդ պատասխանատու աշխատանքը կատարելու:

-Պետք է ասեմ՝ արդեն 10 տարուց ավելի է, որ այս գործով եմ զբաղվում: Շատ դժվար, տաժանակիր աշխատանք է հին փաստաթղթերն ուսումնասիրելը, վերծանելը, իսկ ամենադժվարը՝ ծանոթագրելն է:

Այդ արխիվներում է ամփոփված մեր ժամանակակից և ազատագրական պայքարի վերջին 125 տարվա պատմությունը:

Դաշնակցության արխիվների մեծ մասը, բարեբախտաբար, պահպանվել է, որոնք վերաբերում են ազգային, քաղաքական և մարտական գործունեությանը: Այդ արխիվները հետաքրքիր նյութ են պարունակում  Պատմական Հայրենիքի Տարոն, Սասուն, Խարբերդ, Վասպուրական և մյուս բնակավայրերի մասին, որոնք մինչև հիմա ուսումնասիրված չեն:

Ճիշտ է, հիմնականում կուսակցության պատմությունն եմ ուսումնասիրել, բայց ուսումնասիրության ամբողջ ընթացքում կարծես՝ ինչ-որ տեղ շփոթում էի մեր ազգի ամբողջ պատմության հետ. ինչպես գիտենք, ՀՅԴ-ն այդ ժամանակաշրջանում գլխավոր դեր է խաղացել Հայոց պատմության հոլովույթում:

-Բոստոնի արխիվներում ուսումնասիրելու նյութեր դեռ շա՞տ կան:

Հրատարակված 12 հատորում, թերևս, արծարծվում են մինչև 1915 թվականի իրադարձությունները:

Այդ փաստաթղթերում ներկայացվում է այն մասին, որ 1915 թվականի ապրիլի 24-ը (հին տոմարով՝ ապրիլի 11-ը) ընդունում ենք իբրև Հայոց ցեղասպանության սկիզբ, որն այնքան էլ  չի համապատասխանում իրականությանը: Խորհրդանշական ամսաթիվ է դա, քանի որ այդ օրը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում սկսվեց հայ մտավորականների ձերբակալությունը: Կարելի է ասել՝ ապրիլի 24-ին թուրքական վայրագությունն իր գագաթնակետին հասավ: Եղերական իրադարձությունների մասին պատմող փաստարկներն արդեն հաջորդ հատորներում տեղ կգտնեն:

-Արխիվային ուսումնասիրությունների ընթացքում ի՞նչ փաստաթղթերի եք առնչվել, որոնք ոչ միայն Դաշնակցությանն են վերաբերում, այլ, առհասարակ, Հայոց պատմությանը:

Ուշագրավ փաստաթղթերի, իհարկե, հանդիպել եմ, որոնցից մեկը վերաբերում էր համշենահայերին:

Համշենահայերը կոտորածներից հետո կազմել են «Տայք» միությունը, ապա գումար հավաքել, ֆոնդ և հանձնախումբ ստեղծել՝աշխարհով մեկ տարագրված իրենց հայրենակիցների հետքերով փնտրտուքի գնալու համար:

Ապա հասել են մինչև Կոստանդնուպոլիս, ֆրանսերենով զեկուցագիր են ներկայացրել` դաշնակից պետությունների զինվորական հրամանատարներից արտոնություն խնդրելով, որ թույլատրեն կոտորածից հետո կենդանի մնացած հայերին փնտրել, ովքեր հասել են մինչև Միջագետքի անապատներ, Բաղդադ , Մոսուլ և այլուր:

Ահավասիկ, սա թանկագին փաստաթղթերից մեկն էր: Դժվար թե Հայաստանում ապրող համշենահայերն այսօր հիշեն, թե այդպիսի կազմակերպություն է գոյություն ունեցել, որի անդամները նմանօրինակ քայլի են գնացել:

Հույժ կարևոր փաստաթղթային ուսումնասիրություններից էր նաև այն, որ  Վանի նահանգի շրջանում (Պատմական Վասպուրական) մոտավորապես 800 հայաբնակ գյուղեր են եղել:

Այնտեղ մանրամասն ներկայացվում է, թե որքան հայ բնակչություն են ունեցել այդ գյուղերը, ինչքան քրդեր են ապրել այնտեղ, և գյուղերն իրարից ինչ հեռավորության վրա են գտնվել:

-Եթե անդրադառնանք անցած ուղուն, ապա Ձեր կյանքի վրա մեծ ազդեցություն ներգործողը ո՞ր տարիներն են եղել:

Իմ կյանքն իբրև զինվորագրյալ մարդ եմ ապրել. առաջին հերթին՝ ՀՅԴ  կուսակցության զինվորն եմ: Որտեղ ինձ պարտականության են կանչել, անտրտունջ գնացել եմ:

Սակայն այն նվիրական գործը, որն իմ կենսագրության մեջ կարմիր թելի պես անցնում է, մատաղ սերնդին հայեցի դաստիարակելն է, նրանց հայրենասիրական ոգի ներշնչելը:

Իսկ Ձեզ հայրենասիրական ոգի  ո՞վ է ներշնչել:

-Դե, իհարկե, ծնողներիս կողմից ստացած ներշնչանքն է: Մեր մանկությունն այնպիսի ժամանակաշրջանում ենք անցկացրել, երբ ծնողներից կամ շրջապատից լսում էինք, թե ինչ տառապանքների ու հալածանքների ենթարկված սերունդ ենք:

Մեզ վրա ծանր պարտականություն էր դրված՝ ապահովելու ազգի վերականգնումը: Դա մեծ ուժ էր տալիս մեզ. չէ՞ որ ազգը մեզանով՝ Ցեղասպանությունը վերապրածների զավակներով, որբանացներում իրենց կյանքը մաշած մարդկանցով պետք է վերականգնվեր:

-Իսկ այսօրվա սերնդի մասին ի՞նչ կասեք: Հայրենասիրական ոգին նրանց մոտ որքանո՞վ է պահպանված:

Խոսքս, անշուշտ, Սփյուռքի երիտասարդներին է վերաբերում: Չեմ կարող ասել, որ այժմ նրանց ազգային ոգին խամրում է: Ճիշտ է, մեր սերունդը համեմատաբար ուրիշ էր, խորությամբ էր ընկալում հայության, հայկականության և հայրենասիրության գաղափարը, բայց դա ինձ իրավունք չի վերապահում ասելու, որ հաջորդ սերունդը նվազ հայ է կամ հայեցի ապրելակերպ ունի: Եվ դա միայն Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայ երիտասարդներին չի վերաբերում, այլ, առհասարակ, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին:

Ամեն տարի ապրիլի 24-ին, լսելով նրանց պահանջատիրական կոչերը, Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման համար կազմակերպվող ջահերթերն ու ոգեկոչման մյուս միջոցառումները, հոգիս հպարտությամբ է լցվում, բերկրում եմ:

Նրանք հավատարիմ եմ իրենց արմատներին և քաջությամբ պաշտպանում են մեր իրավունքները: Մեր իշխանությունը պետք է  նրանց կողքին գտնվի և սատարի նրանց հայրենասիրական նախաձեռնությունները:

-Դուք մեծ ճանապարհ անցած մարդ եք: Զրույցի վերջում ցանկալի է լսել հայ երիտասարդներին ուղղված Ձեր խոսքը:

-Հակիրճ պատասխանեմ հարցին: Մարդը մինչև վերջին շունչը սովորելու բան ունի: Կարծում եմ՝ այս պարագայում սովորելու շատ բան ունենք հայ երիտասարդներից:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Չակերտներ. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող Արթուր Բախտամյանի հեղինակային «Չակերտներ» հաղորդման հյուրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է:

Մայրենիի օրվան ընդառաջ. խոսենք  հայերեն

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն,

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Եկ խոսենք, մի՛շտ խոսենք հայերեն»:

Խաչիկ Դաշտենց

Փետրվարի 21-ին Մայրենիի օրն է, որն ամրագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:  Տոնին ընդառաջ, քայլելով Երևանի փողոցներով ու զրուցելով մեր հայրենակիցներից մի քանիսի հետ, ունկնդիր եղա նրանց կարծիքներին, առաջարկություններին, որոնք ներկայացնում եմ «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանը: 

Գայանե Սիմոնյան, Երևան, տնային տնտեսուհի- Ես չգիտեի, որ այդպիսի տոն կա. բա ինչու՞ հեռուստատեսությունն ու ռադիոն, թերթերն այդ մասին նախօրոք չեն գրում, որ մենք էլ իմանանք, մասնակցենք միջոցառումներին: Կամ էլ՝ այդ օրվան նվիրված շատ հաղորդումներ պատրաստեն և ոչ թե՝ լացացնեն հնդկական սերիալներով ու բրազիլական այլանդակ ֆիլմերով, հայկական  հոգնեցնող սերիալներով…Ես մաթեմատիկոս եմ, ուղղակի աշխատանք չունեմ, ամբողջ օրը տանն եմ, երեխեքի հետ, իրենց դասերով…Որ ասեմ՝ մեր տանը շատ մաքուր հայերենով ենք խոսում, սու՛տ կլինի. դպրոցից, շրջապատից, բակից հեռուստատեսությունից այնքա՜ն բան են սովորում՝ նատուռի, հելնեմ, տենամ, վօբշըմ, օքե՛յ, մամ, սոտըվի, պիսկեմ արա՜, ջեբ,  ավտոյի բանդաժները, սումկա չխոլ, պլյոնկա…Պայքարն էլ դժվար է, տղաներ են: Հարկավոր է ուրիշ բան մտածել, կարծում եմ՝ պետական մակարդակով:

Կարապետ  Հակոբյան, տաքսու վարորդ– Այ, քո՜ւրս, ի՜նչ ես կորցրել, ինչ ես ման գալիս…խոսում ենք էլի, իրար հասկանում ենք, պը՛րծ: Ես մենակ էդ անգլերենով բառերը չեմ սիրում՝ օքե՜յ, վաու՜…խանութների վրա սաղ անգլերեն են գրում, Դուք դրա մասին մտածեք…ես եմ ու անգլերեն չգիտեմ, չիմանա՞մ, թե ինչա գրած, ինչ խանութ ա…հլը մի հատ գան Ամերիկա, Անգլիա, տես դրանք հայերեն մի բան գրած ունե՞ն իրանց խանութների, օբյեկտների վրա…Մերոնք լեզվին դավաճանում են. թո՛ղ պետությունը տուգանք դնի՝ ոնց որ մեր ավտոների  սխալի վրա….

Սերինե Համբարձումյան, ուսանողուհի- Կներեք, բայց ես չեմ ներկայացնի իմ բուհի անունը, որովհետև հե՛նց մեր դասախոսներից մի քանիսը մեզնից ավելի վատ,սխալ հայերենով են խոսում՝ ա-երով, ըստեղ-ընդեղ-ով…էլ սովորական, հասարակ ժողովրդից ի՞նչ պահանջես, դե երեխեքն էլ՝ նայած՝ ով ինչ ընտանիքից, ինչ միջավայրից, ինչ շրջանից է եկել: Ես ապագա տնտեսագետ եմ, երևի շատ մաքուր հայերենով հետագայում միշտ չկարողանամ իմ մասնագիտության բերումով խոսել, կցանկանայի, որ այդ և մյուս  ոլորտներին առնչվող հայերեն համարժեք բառերով բառարաններ գրվեն.օրինակ՝ շինարարական տերմինների, իրավաբանական, մեքենաշինական և այլն: Ինչ վերաբերում է Մայրենիի օրվան, լսել եմ, գիտեմ, բայց կցանկանայի, որ այն շատ մեծ շուքով նշվի մեր երկրում:

Շողիկ Մեսրոպյան, Մալաթիա տոնավաճառի վաճառողուհի-Ես ինստիտուտ եմ ավարտել, բայց էսօր առևտուր եմ անում, դա չի նշանակում, որ մենք  ոնց ուզենք, պետք ա խոսենք, ուղղակի հագուստի, ներքնաշորերի տեսակներ կան, որոնց անունները հայերեն ասես, կսկսեն ծիծաղել, չեն հասկանա, շատ ապրանքների հայերեն անունները ես էլ չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ պետք ա անել, որ Հայաստանում հայերը խոսեն մաքուր հայերենով: Մայրենիի տոնի մասին չգիտեի, շատ ուրախ եմ, որ Մայրենիի տոն կա ու շնորհավորում եմ բոլոր հայերին՝ տոնին ընդառաջ և ցանկանում եմ, որ  աշխատենք պահպանել մեր լեզուն, խոսենք մաքուր, գեղեցիկ մայրենիով:

Ջուլիետ Մարտիրոսյան, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր-Ցավոք, մեր մայրենին անխնա կերպով խոշտանգվում է ամենուր՝ հեռուստատեսությունում,   շատ ընտանիքներում, փողոցում, համացանցում, որտեղ լատինատառերով գրելը ոչ միայն հայերեն տառեր չունենալու պատճառն է, այլև՝ սեփական անգրագիտությունը ծածկելու, և դրանից ծնվում է մյուս սխալը՝ ասենք՝  j, x(kh) տառերն ամեն մեկը գրում է իր ցանակացած ձևով: Հեռուստատեսությունը խորացնում է լեզվի նկատմամբ մեղանչումները: Որախալի է, որ վերջին շրջանում խոսվում է լեզվի մասին, կան մտահոգություններ, սակայն դա քիչ է: Ես կարծում եմ, որ պատկան մարմիններն ավելի շատ պետք է մտահոգվեն այդ խնդրով և օրենքով կասեցնեն  լեզվի աղետալի վիճակը: Մեր պետական լեզուն հայերենն է և դրանով ամեն ինչ ասված է, և ոչ ոք իրավունք չունի ոտնձգություններ անել մեր սուրբ մայրենիի հանդեպ: Օտարատառ ցուցանակները, փողոցներում եղած անգլերենաբառ գովազդային վահանակները ոչ միայն գրված են օտար լեզվով, այլև՝ լի են նույն այդ լեզվով գրված սխալներով: Պատկան մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով: Ես պետք է առանձնացնեմ ՀՀ սփյուռքի նախարարության հետևողական ու շնորհակալ մեծ աշխատանքը մայրենիի անաղարտության, պահպանման գործում: ՀՀ սփյուռքի նախարարը ոչ միայն Մայրենիի օրվա նախաձեռնության հեղինակը դարձավ մեզանում, այլև հետևողականորեն  ամեն տարի նշում է Մայրենիի օրը՝ դրանով  մարդկանց գիտակցության մեջ մշտապես արթուն պահելով հայոց լեզուն անաղարտ պահելու գաղափարը: Գիրք նվիրելու օր նշողն ի՞նչ իրավունքով է Մանկավարժական համալսարանի դիմաց մի ցուցանակ ամրակայել, վրան գրված՝ «Միայն ուղտը գիրք չի կարդում»: Սա  ի՞նչ է նշանակում, որ ոչխարները, այծերը, ավանակները կարդու՞մ են… Այս անհեթեթությունը պետք է հանել, ո՞վ է նման «հանճարեղ» մտքի հեղինակը: Սա ազդում է մարդկանց հոգեբանության վրա, և այդ խաթարված հոգեբանությունից  են ծնվում, սկիզբ առնում շատ  մերժելի արարքներ:

Որպես քաղաքացի՝ առաջին հերթին  շնորհավորում եմ Սփյուռքի նախարարին, որ հետամուտ է այս տոնի հիշատակմանը՝ միջոցառումներով համեմված օրվա խորհուրդը հասանելի ու տեսանելի դարձնելով մեր ժողովրդին, այնուհետև շնորհավորում եմ համայն հայությանը: Անչափ շնորհակալ ենք Հրանուշ Հակոբյանին, որ կարողացավ մեր հայացքը սևեռել այդ կարևոր օրվան, այդ  ազգանպաստ երևույթին, սակայն լեզվի անաղարտության հարցը ամենօրյա աշխատանք է, մշտատև: Աստված տա, որ մյուս նախարարությունները հետևեն Սփյուռքի նախարարության օրինակին. եթե չեն ձեռնարկում, ապա՝ գոնե արձագանքեն:

Պատրաստեց Կարինե Ավագյանը