«Ես Գյումրին շատ կնմանեցնեմ Հալեպին. այստեղ ջերմություն կա».Պետիկ Դավուդյան

Խոհարարի հմուտ ձեռքերը խմորի շերտի վրա արագ ու վարժ շարժումով տարածում են 12 համեմունքից ու բուսայուղից կազմված խառնուրդը, վրան ավելացնում քերած պանիրն ու սիրիական խոհանոցին բնորոշ ուտեստներից հերթականն «ուղեւորվում է» տաք ջեռոց: «Զախտար»՝ այսպես է կոչվում «կանաչ կախարդությունը»՝ ծածկված պանրի սպիտակ շերտով: Ընդամենը մի քանի րոպե ու ջեռոցից դուրս է բերվում արեւլյան խոհանոցին բնորոշ համեմունքային բույրով հագեցած ուտելիքը: Երիտասարդ խոհարարը գոհ ժպտում է:

29-ամյա Պետիկ Դավուդյանը Հալեպից Երեւան է եկել 2012թ-ի հոկտեմբերին՝ ընկերների հետ: Երեք տարուց մի փոքր ավելի աշխատել է մայրաքաղաքում, այնուհետեւ տեղափոխվել Գյումրի:

«Պատերազմը նոր սկսած ժամանակներն էր, որ ընկերներիս հետ եկանք հայրենիք,- պատմում է Պետիկը,- նախքան գալը մեզնից առաջ Հայաստան ապրած հալեպցիներին կհարցնեինք, թե նման գործ որ բացենք (նկատի ունի սիրիական խոհանոցին բնորոշ ուտեստների պատրաստումը-հեղ.), կաշխատի՞: Ասում էին չէ՛, էնտեղ մենակ քյաբաբ է, խորոված ու շաուրմա: Բայց ամեն դեպքում որոշեցինք գալ: Երբ եկա, 25 տարեկան էի ու առաջին դեպքն էր, որ այդքան երկար ժամանակով պիտի լքեի ծնողներիս: Ամենաշատ բացակայությունը, որ եղել է տնից՝ 10 օր էր, որ ճամբար էինք գնում»:

Հալեպում Պետիկի ընտանիքը արագ սննդի կետ ուներ, որ հիմնել էր հայրը 25 տարի առաջ: Դավուդյաններին պատկանող խորտկարանը կոչվում էր «Պետիկ»: «Հայրս իմ անունով էր կոչել ու շատ մարդիկ, որ գալիս էին մեր մոտ, հորս Պետիկ կկանչեին, բայց իր անունը Րաֆֆի է, չգիտեին, որ տղայի անունը դրած է:-Պետիկը ծիծաղում է,- Մենք լավ անուն, ճանաչում ունեինք Հալեպին մեջ, բայց պատերազմը շատ բան փոխեց»: Խոստովանում է՝ Հալեպում եղած ժամանակ երբեք խոհանոց մտած, որեւէ ուտեստ պատարաստած չկար: Խորտկարանում եղած ժամանակ հիմնականում դրամարկղի մոտ է կանգնել՝ փոխարինելով հորը:

«Ամեն բան սովորեցի հոս՝ Երեւանին մեջ աշխատելիս,- ասում է Պետիկը,- երեք տարի սիրիահայի մոտ եմ աշխատել, որ քաղաքի կենտրոնում սննդի օբյեկտ ուներ: Հետո որոշեցի ինքս առանձին իմ բիստրոն ունենամ, բայց ափսոս երկար չկարողացա աշխատացնել՝ փողս չբավեց: Դրանից հետո առաջարկ եղավ Գյումրի գալու ու նորաբաց արեւելյան խոհանոցին մեջ աշխատելու»:

Անցած տարի նոյեմբերի 8-ից Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գործող փոքրիկ խորտկարանը բավական հնչեղ անվանում ունի՝ «Իմպերիալ»: Պետիկն ասում է՝ որոշել են քաղաքում արեւելյան խոհանոցի կայսրության հիմքը դնել: Սրճարանի տարածքը փոքր է՝ ընդամենը երեք սեղան է դրված: Պետիկն ասում է՝ խորհրդակցել են սեփականատիրոջ հետ եւ որոշել բացառել ալկոհոլային խմիչքների, անգամ թեյի եւ սուրճի վաճառքը:

«Մեր նպատակն էն է, որ եկողը սնվի, ոչ թե մեկ գավաթ սուրճը վերցնի եւ ժամերով նստի:-Պետիկը ժպտում է,- Ալկոհոլ նույնպես չենք վաճառում, որ կանայք էլ կարողանան գալ, նստել, եթե ուզեն, ու վատ չզգան, որ հարեւան սեղանին նստածները խմում են: Մի քանի ամիս է, որ գործում ենք, բայց շատ պատվերներ ունենք, հիմնականում առաքում ենք»:

Պետիկը Գյումրին շատ է հավանել, ասում է՝ նման է Հալեպին: «Բոլոր մեծ քաղաքներն իրարու նման են՝ լինի Երեւան, թե Դամասկոս, փոքրերն էլ իրար են նման: Ես Գյումրին շատ կնմանեցնեմ Հալեպին. այստեղ ջերմություն կա,- նկատում է զրուցակիցս,- մարդիկ շատոնց իրար կճանչնան: Գյումրի հեշտ է անուն հանելը՝ լավ կամ վատ: Պիտի աշխատիս, որ քեզի լավ կողմով ճանչնան»: Շատ է հավանում գյումրվա խոհանոցը, զարմացած է, որ գյումրեցի տանտիկինները՝ երիտասարդ թե տարեց, շատ համեղ պատրաստում են:

«Եթե բաղդատեմ Գյումրին, ապա շատ լավ խոհանոց ունեն ու կարծում եմ, որ շատ բաղադրատոմսեր անցյալ դարում հոս եկած հայրենադարձներից վերցրած ու պահպանած են: Որտեղ որ Գյումրիում առիթ եմ ունեցել հյուրընկալվելու ու համտեսելու, մնացել եմ զարմացած՝ շատ համեղ կպատրաստեն»,- գյումրեցի կանանց գովում է Պետիկ Դավուդյանն ու առանձնացնում հայրաքաղաքում ընդունված մի քանի ուտելիքներ, որոնք շատ հավանել է՝ քյալլա, խաշ:

«Խաշն առաջին անգամ Գյումրու մեջ կերած եմ: Երեւանում երեք տարի ապրեցի, բայց խաշն առաջին անգամ այստեղ փորձեցի,- ասում է Պետիկը,- քյալլան էլ շատ համով է: Հալեպում էլ քյալլա կսարքեն, բայց ոչխարի գլխով: Սուրիայում տավարի միս չեն ուտե, դրա համար էլ խաշ կամ կովի քյալլա կերած չկայի»: Պետիկի համոզմամբ` ոչխարի գլխից պատրաստված ճաշատեսակը արեւելյան խոհանոցին է բնորոշ, իսկ կովինը՝ արեւմտյան:

«Կկարծեմ, որ կովի քյալլա ուտելն արեւմուտքից եկած է,- կարծիք է հայտնում զրուցակիցս,-Նապոլեոն Բոնապարտի կերակուրը կհամարվի: Մի պատմություն կա, որ Բոնապարտին բռնելուց հետո կուզեն սպանել, բայց կերակուրի միջոցով: Կառաջարկեն մեկ տեսակ կերակուր ընտրե, որ ամեն օր պիտի ուտե: Բոնապարտը կըսե՝ ինձի կովի գլուխ բերեք: Կըսեն, թե կովի գլխի վրա 7 տարբեր համեր կան ու Բոնապարտն ամեն օր մեկ բան է ճաշակել»:

Պետիկն ամուսնացած չէ: Ասում է, որ սիրիահայերը սովորաբար ամուսնանում են արհեստ, աշխատանք ու փող ունենալուց հետո: «Կզարմանամ, երբ հոս կտեսնեմ, թե ինչպես կամուսնանան ու էլի ծնողները կխնամեն իրենց: Եթե աշխատանք չունիս, ինչպես պիտի ընտանիքը պահե՞ս,- հարցնում է տեղի սովորույթներից զարմացած Պետիկը,-Սուրիայում այդպես չէ՝ պիտի կայացած լինես, որ ամուսնանաս: Մեր մոտ կանայք հիմնականում չեն աշխատի ու տան տղամարդը պիտի հոգ տանի բոլորին»:

Պետիկն առայժմ ընտրյալ չունի, ասում է՝ դեռ պիտի կայանամ: Գյումրիում բնակարան է վարձել եւ սպասում է ծնողներին, ովքեր դեռ Հալեպում են, սակայն ճամպրուկներն են հավաքում Հայաստան գալու համար: «Համոզված եմ, վստահ եմ, որ Հայաստանում եմ ապրելու եւ ընտանիքս էլ այստեղ եմ կազմելու»,- ասում է Պետիկը:

Երանուհի Սողոյան

Աղբյուրը՝ hetq.am

23 45

Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ը փետրվարի 14-ին կներկայացվի «Արթբրիջ»-ում

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը երեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, ժամը 13-ին, Երևանի «Արթբրիջ» սրճարան-գրախանութում (Աբովյան, 20) կներկայացնի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը:

Փետրվարի 14-ը Քաջազնունու ծննդյան օրն է: 1868-ի այդ օրը նա ծնվել է Ախալքալաքում:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում՝ 1923-1924 թվականներին:

Թեև այն մի քանի անգամ վերահրատարակվել է Սփյուռքում և Հայաստանում, այդ թվում՝ 2008-ին Երևանում, Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ը շարունակվում է մնալ պահանջված գրքերի ցանկում։

ԱՆԻ կենտրոնի կողմից վերահրատարակվելուց հետո «Ազգ և Հայրենիք»-ի առաջին շնորհանդեսը կայացել է Անթիլիասում՝ 2016թ. հոկտեմբերի 28-ին՝ Հայ գրքի 37-րդ տոնավաճառում, և 2016թ. նոյեմբերի 1-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում:

Փետրվարի 14-ին, ժամը 13․00-ից 13․45-ը, Երևանի «Արթբրիջ» սրճարան-գրախանութում  կկայանա գրքի երրորդ շնորհանդես-վաճառքը:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող ու մտածող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»,- ասել է Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով «Արթբրիջ» սրճարան-գրախանութում կներկայացնի «Ազգ և Հայրենիք» հատորը։

Հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև համագործակցությունը և նշել, որ բիզնեսին դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ: «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք,որ ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր: 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր: Այս պահին կառավարությունում քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր ՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների և գործընկերների առումով դրանք բաց են»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար և նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը: Դեսպանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը և բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավելմանն ուղղված աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին և արագ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները: Այդ հարցը քննարկվելու է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում: «Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության և հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առևտրային ակտիվության պակասի պարագայում: «Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են և պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի: Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ:

«Մեր նպատակը Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնել  է».Արա Մարկոսյան

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկման մասնակից Արա Մարկոսյանը շուրջ 20 տարի Ամերիկայում բնակվելուց հետո ընտանիքի հետ վերադառնալով Հայաստան՝ հիմնել է բնական նյութերով պատրաստված հայկական առաջին «Նաիրյան կոսմետիկս» ապրանքանիշը:

«Մեր մտքում ձեր գեղեցկությունն է, մեր սրտում՝ ձեր առողջությունը» կարգախոսով առաջնորդվելով՝ կարծում են, որ իրենց գործունեությամբ Հայաստանը ճանաչելի կդարձնեն ևս մեկ բնագավառում:

«Մեր նպատակը Հայաստանի բացառիկ բնությունն ու բնակլիմայական պայմաններն օգտագործելով և դրանք մարդկային հզոր ներուժի հետ համադրելով՝ եթերային յուղերի և կոսմետիկայի արտադրություն ստեղծելն էր, որի պահանջը տարեցտարի աշխարհում շատանում է»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում ասաց Արա Մարկոսյանը՝ հավելելով, որ ցանկանում են աշխարհի քարտեզի վրա ցույց տալ՝ Հայաստանում հնարավոր է նմանատիպ ապրանքներ արտադրել և աշխարհին նորովի ներկայացնել Հայաստանը:

Հավալենք նաև, որ Արա Մարկոսյանը Սիլիկոնյան հովտում աշխատանք ստանալուց հետո հասկացել է, որ դա նաև լավ հնարավորություն է Հայաստանին աջակցելու գործում: Փոքր խմբով Հայաստանում հիմնել են «Արսեթը», որը հետագայում գնեց «Սինոփսիս»-ը և մուտք գործեց Հայաստան: Ապա մասնակից է  եղել նաև «Հայթեքի» հիմնադրմանը:

Գևորգ Չիչյան

 

Հալեպի հայերը Սուրբ Սարգսից խնդրում են նախ խաղաղություն, հետո միայն՝ սեր

Աղի բլիթ ուտելու ու պատշգամբին ալյուրով սկուտեղ դնելու ավանդույթները պահպանվում են նաև հայկական գաղթօջախներում: Հալեպի հայերը վերջին 5 տարում Սուրբ զորավարից խնդրում էին՝ նախ խաղաղություն, հետո միայն սեր:

Մանրամասները՝ 1tv.am-ի տեսանյութում.

Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա 40 տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխվի: Այս մասին փետրվարի 13-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններից աշխատակիցներ կմեկնեն Սիրիա` երկու ինքնաթիռով առաքվելիք բեռը տեղ հասցնելու համար: «Մենք այդ օգնությունը չենք ուղարկում միայն այնտեղ բնակվող հայերին: Մենք դա ուղարկում ենք այն բնակավայրերը, որտեղ մեր հայրենակիցների հետ միասին բնակվում են նաև սիրիացիներ»,- ասաց նախարարը: Հայաստանի Հանրապետության կողմից որպես մարդասիրական օգնություն Սիրիա կուղարկվեն առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սնունդ:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»-, գրում է 168.am-ը:

Տաշքենդում վառվել է Տյառնընդառաջի կրակը

Փետրվարի 13-ին Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի բակում Մարտին Սեթյանի նախաձեռնությամբ մեր հայրենակիցները կազմակերպել էին մեծ տոնախմբություն։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ Ուզբեկստանի մայրաքաղաքում արդեն վառվել է Տյառնընդառաջի կրակը։ Համայնքի անդամների ամենասիրված միջոցառումներից մեկն է սա, որին Պավել Իվանյանի հավաստմամբ, անհամբերությամբ են սպասում բոլորը՝ մեծից փոքր։

%d5%bf%d5%a1%d5%b7%d6%84%d5%a5%d5%b6%d5%a4%d5%bf%d5%a1%d5%b7%d6%84%d5%a5%d5%b6%d5%a42 %d5%bf%d5%a1%d5%b7%d6%84%d5%a5%d5%b6%d5%a43

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցի՝ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց քաղաքական իրավիճակը Միջին Արևելքում, նշեց, որ Սիրիայում խաղաղությունը դեռ փխրուն է, և մեր հայրենակիցների համար դեռ վաղ է մտածել վերադառնալու մասին:

ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը զեկուցեց 2016 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը: Պարոն Բիերվիրթը նշեց. «Դեռ վաղ է Սիրիա վերադառնալու կոչեր անել և ամեն ընտանիք ինքը պետք է հավասարակշռված որոշում կայացնի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Թողնենք, որ իրենք որոշեն»:

Անդրադառնալով սիրիահայերի՝ Սիրիա վերադառնալու հարցին՝ նախարարը շեշտեց. «Մեր պետական քաղաքականության մեջ չկա նրանց վերադարձի խնդիր: Ընդհակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, հաստատվեն Հայրենիքում: Սիրիահայերը արժեք են Հայաստանի համար»:

Կատարված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԽՄ ԲՎԵԿ) մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցողն անդրադարձավ բարեգործական ճաշարաններին և մանկական սննդի կետերին: Նա նշեց, որ այսօր Երևանում գործում է տաք սննդի երեք կետ: Մանկական սննդի կետեր են բացվել սահմանամերձ Կոթի և Ոսկևան գյուղերում: Շուտով այդպիսի կետեր պատրաստվում են բացել Ջուջևան և Բաղանիս գյուղերում:

Գրասենյակի տնօրենը ներկայացրեց նաև «Սյունիք – Զարգացում» ՀԿ-ի ծրագրի համակարգող Թիլո Քրոսեին, ով 2017թ.-ին սիրիահայերի համար աջակցության ծրագիր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր: Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում: Ամփոփելով նախորդ ամիսներին արված աշխատանքը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր կառույներին և նշեց. «Անցած տարվա վերջում Հայ բարեգործական ընդհանուր միության ջանքերով սիրիահայերի համար բացվեց պոլիկլինիկա, որտեղ վեց սիրիահայ բժիշկ է աշխատում: Սիրիահայ երեխաների համար ամանորի հանդեսներ են կազմակերպվել: 2016թ. 2189 սիրիահայ է դիմել Սփյուռքի նախարարություն: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել  155 սիրիահայ, որից՝ 29-ը՝ դեկտեմբերին, 50-ը՝ նոյեմբերին, 76-ը՝ հոկտեմբերին:

 Հայաստան է տեղափոխվել 129 հոգի, իսկ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ 10 սիրիահայ ընտանիք: Այսօր Սիրիայում իրավիճակը խաղաղ է, բայց կա ջրի խնդիր: Գործում են դպրոցները, եկեղեցիները, մանկատունը, ծերանոցը: Հոգևոր առաջնորդները համայնքի կողքին են»:

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b51%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b52 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b53%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b54 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b55%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b56 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b57

Վահե Կարապետյան կենտրոնում ՀԲԸՄ-ն իրականացնելու է սիրիահայերի աջակցության ևս մեկ ձեռնարկ

Փետրվարի 14-ին ժամը 11:10-ին Վահե Կարապետյան կենտրոնում (հասցե՝ Քանաքեռ 1) Հայ բարեգործական ընդհանուր միությունը իրականացնելու է Հայաստանում հաստատված սիրիահայերի աջակցության ևս մեկ ձեռնարկ՝ կարիքավոր 250 ընտանիքի միանվագ տրամադրվելու է 100-ական ԱՄՆ դոլար՝ ձմեռային կոմունալ ծախսերի բեռը թեթևացնելու համար:

«Հայաստանում միջազգային որակի գինիներ արտադրելու համար բոլոր հնարավորությունները կան».Վարուժան Մուրադյան

Վարուժան Մուրադյանը 1990-ականներին ընտանիքով տեղափոխվելով ԱՄՆ` 20 տարի ապրել է այնտեղ և հաշվապահությամբ զբաղվել:ԱՄՆ-ում թողնելով հաշվապահի աշխատանքը՝ Վարուժանը Հայաստան է վերադարձել: Սկզբում զբաղվել է այգեգործությամբ, հետո գինեգործությամբ՝  հիմնելով «VanArdi wines» գինու գործարանը:

«Սփյուռքահայը Հայաստան գալով՝ պետք է աշխատի ու արարի: Ամերիկայում շուրջ 20 տարի ուսումնասիրել եմ հարկային օրենսդրությունը և հասկացել, որ, Հայաստանում հարկային դաշտի առումով շատ ավելի բարվոք միջավայր է, քան՝ Ամերիկայում:

Մեր աշխատանքով փորձում ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները, բայց որպեսզի Հայաստանը գինի արտահանող առաջատար երկիր դառնա, պետք է շատ աշխատել, որի համար բոլոր պայմանները՝ արգասաբեր հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատասեր մարդիկ, առկա են»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «VanArdi wines»  ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը՝ հավելելով, որ Եվրոպան այսօր հայկական գինիների հանդեպ մեծ հետաքրքրություն ունի , քանի որ  Հայաստանում միջազգային որակի գինիներ արտադրելու համար բոլոր հնարավորությունները կան:

«Իմ ոգեշնչումը ստացել եմ Հայաստանի չքնաղ բնությունից: Եվ դիմելով արտերկրում ապրող հայերին մի բան միայն կարող եմ ասել՝ եկե՛ք լավատեսությամբ, ձեռք ձեռքի տված՝ առաջ ընթանանք և Հայաստանի հողի վրա բարիքներ ստեղծենք, քանի որ դրանք ամուր հիմքերի վրա  կլինեն»,- իր խոսքն ամփոփեց Վարուժան Մուրադյանը:

Գևորգ Չիչյան

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների, մասնավորապես  «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում–սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» և սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ կազմակերպած կլոր-սեղան քննարկումների և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Տրվեցին առաջիկա շաբաթվա՝ հանդիպումների ու միջոցառումների կազմակերպման ու լուսաբանման վերաբերյալ հանձնարարականներ: Քննարկվեցին այլ հարցեր, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

06-02-17

Արգելվել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը խոչընդոտելու համար հիմնադրված կուսակցության գործունեությունը

Գերմանիայի Քյոլն քաղաքում արգելվել է թուրքերի հիմնած կուսակցության գործունեությունը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ կուսակցություն հիմնվել էր գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուի կողմից։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կուսակցություն հիմնել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը խոչընդոտելու համար։

Գերմանական դատարանը արգելել է թուրք գործարարի հիմնած «Գերմանացի դեմոկրատների միություն» անվանումը կրող կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ վերջինիս լոգոն նման է գերմանական ծայրահեղ աջակողմյան «AfD» կուսակցության լոգոյին, գրում ՝ ermenihaber.am-ը։

Մայրենիի օրվան ընդառաջ

Փետրվարի 21-ին Հայաստանում  և Սփյուռքում նշվելու է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ»  տոնը, որի շրջանակներում  ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներ` Սփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:

***

«….Հազա՜ր փառք հայոց մայրերին, որ Դեր-Զորի տոթակեզ անապատում իրենց հյուծված ու սովալլուկ մանուկներին ավազների վրա հայոց այբուբենն էին սովորեցնում։ Մեր երանելի մայրերը մահվան դժոխքում շարունակում էին պահպանել հայոց լեզուն, որովհետև նրանում էր մեր ու՛ժը, կա՛մքը, հավա՛տը։

Իմ մա՛յր Հայաստան, քո սիրտն Էջմիածինն է՝ ամբողջ Հայության հոգևոր կենտրոնը, մեր հավատի ու հուսո տաճարը։ Բայց ինձ համար ոչ պակաս սրբավայր է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ մեր բազմադարյա դպրության կենտրոնը, որտեղ ամփոփված են հայոց պատմության վկայագրերը։ Ինչպես մայր տաճար մտնելիս աղոթքի խոսքեր ենք մրմնջում՝ այնպես էլ, Մատենադարան մտնելիս, պիտի փառաբանենք Մեսրոպ Մաշտոցին, որ իր ստեղծած անմահ գրերով լուսավորեց մեր դարավոր ուղին՝ դեպի հավերժություն»։

Անդրանիկ Չիլինգարյան, 20 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Մայրիկս ասում է, որ հայերենն աստվածային լեզու է, ամեն մի բառն աղոթք է, ամեն հնչյունն արտասանելիս՝ թեթևանում ես, դառնում մաքուր մարդ։ Ու ես խոսու՛մ եմ հայերեն, խոսու՛մ եմ սրտի թրթիռով ու հպարտությամբ»։

Սիփան Մխիթարյան, 11 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Ճակատագրի բերումով շատերս դարձել ենք սփյուռքահայ, բայց չենք մոոացել մեր ակունքները և օտար ափերում շարունակել ենք պահել ու պահպանել և՛ մեր լեզուն, և՛ մեր ավանդույթները։

Պարույր Սևակն ասել է, որ մոր նման են պահել և մոր նման են նայել իրենց մայրենի լեզվին մեր մայրասեր ու մայրախնամ հայ զավակները՝ Մաշտոցից սկսած մինչև Վարուժանը։

Ես երդվու՛մ եմ հետևել մեր մեծերի օրինակին , որովհետև իմ մայրենի լեզուն ինձ ուժ տվող զորությունն է»։

Ալբերտ Ստեփանյան, 11 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

 «….Երբ ուսուցչուհին ասաց, որ պետք է գրեմ քո մասին, ես սկսեցի փնտրել ու կարդալ մեր մեծերի մտքերն ու խոսքերը։ Մի միտք ցնցեց ինձ. «Լեզվի մահն արագացնում է ժողովրդի հոգևոր մահը»: Ես չե՛մ ցանկանում հոգեպես մեռնել: Այստեղ՝ օտար հողում, քեզ մի՛շտ վառ կպահեմ, որ ապրե՛մ, ապրեմ հարու՛ստ, ապրեմ իմաստալի՛ց կյանքով»:

Մերի Մխիթարյան, 11 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Ես ուզում եմ, որ ու՛ր էլ լինենք, ի՛նչ էլ որ անենք, պահե՛նք ու պահպանենք մեր հայոց լեզուն, և հիշե՛նք, որ ազգը պահողը, մեզ միասնական դարձնողը լեզուն ու հավատն են, եթե մոռանանք լեզուն ու կորցնենք հավատը, էլ ինչպե՞ս ենք ներկայանալու աշխարհին և ասելու, որ հայ ենք:

Ուրե՛մն, եկե՛ք խոսենք ու խորհենք հայերեն…»:

Նելի Մխիթարյան, 13 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Այո՛, մենք հայ ենք, մերն է հայոց լեզուն, մերն են Մաշտոցն ու Խորենացին, Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, Սարյանն ու Թումանյանը։ Մերն է մեր ոսկեղենիկ հայերենը, և մենք հատված-հատված, բայց միասնաբար ու հայավարի կպայքարենք, որ մեր զավակները հայ համայքներում հայ մնան և հայեցի դաստիարակություն ստանան։

Սա երդում է, խոստովանանք, որն ամենասուրբն է, որ մեր հոգու մեջ մտնում է մեր մայրենի լեզվով՝ մայրական կաթի հետ»։

Սաթենիկ Պապյան, 35 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Ես ծնվել եմ հայոց բնաշխարհի ամենագեղեցիկ մասում՝ հեքիաթային Արցախում: Առաջին քայլերն արել իմ հարազատ ծննդավայրում՝ մեր թթենու տակ: Այստեղ եմ արտասանել իմ առաջին բառը։ Հետո, երբ դեռ փոքրիկ էի, հանգամանքների բերումով ընտանիքիս հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ու… դարձել սփյուռքահայ, բայց երբեք չեմ մոռացել իմ բարբառը։ Ես այժմ էլ խոսում եմ ու սիրում եմ խոսել Արցախի կոշտ ու կոպիտ բարբառով։ Այն ժայռերի պես անկոտրում է, լեռների պես վեհ ու հպարտ: Այդ լեզվով դարեր ի վեր Գանձասարն է խոսում, Քիրսն ու Թարթառն են ձայնում այդ լեզվով։ Իսկ «Հորովե՜լը», Ղարաբաղի քաղցր ու անուշ «Հորովե՜լը»… Այն իր սիրո, տառապանքի ու մաքառումի ելևէջներով հուզում է բոլորի սրտերը։ Ես չեմ կարող ապրել առանց այդ բարբառի ու ելևէջների։ Նրանցով եմ ես հայ մնում։ Թեև վաղուց արդեն հասուն մարդ եմ, ունեմ երկու զավակ, շարունակում եմ յուրացնել իմ մայրենի լեզուն, Սամվելիկիս հետ հաճախում եմ կիրակնօրյա դպրոց ու նրա հետ միասին ջանում եմ տիրապետել գրական հայերենին, օգնում եմ որդուս գրել ու կարդալ»։

Նարինե Քոչարյան, 32 տարեկան, ծնող,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Մայրենի լեզուն օգնում է պահպանել ժողովրդի հիշողությունը, որովհետև ամբարում է իր մեջ նրա պատմութույնը, փորձն ու ավանդույթները: Ես աշխատում եմ հաճախ խոսել հայերեն, խոսել ո՛չ միայն տանը, այլ նաև դրսում՝ իմ շրջապատում, որպեսզի չմոռանամ այն, մոտ մնամ մեր հինավուրց մշակույթին, իսկ հետագայում՝ փոխանցեմ այն իմ երեխաներին»։

Աննա Ավթանդիլյան, 19 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք 

***

«….ՀայերենԼեզու, որը կարող է բացատրել անբացատրելի զգացմունքները, կարող է պատմել անպատմելի երջանկությունը: Լեզու, որը լի է հուզառատ աշխարհներ բացող նրբերանգներով, բաց աչքերով, բայց գոց սրտերով, մարդկանց համար անտեսանելի կապտաշող հորիզոններով: Լեզու, որը երազների ու իրականության ճանապարհների խաչմերուկն է, նրանց շփման միակ ընդհանուր եզրը: Լեզու, որով ցնորքների լուրթ երկնքում թևածող ոգիներն են երկնում իրենց հրաշագեղ ու հոգեզմայլ երգերը»:

Անի Սարգսյան, 16 տարեկան,

Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

***

«….Բարև՛, հայրենի երկիր։ Ես այսօր երջանիկ եմ որ կարողանում եմ գրել մայրենի լեզվով։ Թեև ծնվել եմ Ռուսաստանում, բայց միևնույն է, ինձ համար հարազատ է մորս լեզուն՝ իմ մայրենին։

 Սիրում եմ քեզ, իմ քա՛ղցր լեզու, իմ առաջին թոթովանք։ Ես փոքր էի և միշտ մտածում էի, որ ի՞նչ գեղեցիկ է խոսում մայրս, ինչո՞ւ բոլորը չեն խոսում այդ լեզվով։ Երբ մեծացա, հասկացա, որ յուրօրինակ մարտի դաշտ է օտարությունը, և այդ մարտում կարող ես անպարտ մնալ միայն հոգևոր զենքով՝ լեզվով»։

Մերի Բեգլարյան, 15 տարեկան,

Հայկական կիրակնօրյա դպրոցի

3-րդ դասարանի աշակերտուհի

Կազմեց Կարինե Ավագյանը

«Հայաստան» հիմնադրամը վերականգնում է Մատաղիս համայնքը

Համաձայն Հեռուստամարաթոն 2016-ին ստանձնած Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման ծրագրի՝ Հիմնադրամը Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում վերանորոգում է 34 բնակարան: Ծրագիրն իրականացվում է Հեռախոսամարաթոն 2016-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հավաքագրած հանգանակություններով եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից:
Համայնքի վերականգնման աշխատանքները Մատաղիսում մեկնարկել են գյուղի դպրոցի վերանորոգմամբ, որը վնասվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Պատահական չէ, որ դպրոցը վերանորոգվեց Տորոնտոյի մեր հայրենակիցների միջոցներով, քանի որ 2005-2006թթ.-ին այն կառուցվել էր հենց այդ համայնքի ֆինանսավորմամբ: Տորոնտոբնակ անհատ բարերարն էլ մեկ շտապօգնության մեքենա է նվիրաբերել համայնքին:
Զուգահեռաբար Հիմնադրամը շարունակում է իր ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցումը եւ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումն ու կահավորումը: