«Թոլիշի Սադո» թերթի թղթակիցը ստիպված է եղել փախչել Ադրբեջանից եւ ապաստան խնդրել Հայաստանից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոեւը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, եւ ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոեւի խնդրանքին։

Ախալցխայում նշեցին Սբ. Սարգիս Զորավարի տոնը

Սույն թվականի փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։
Ամեն տարի Ախալցխայի շրջանի հավատավոր ժողովուրդը, կտրելով մոտ չորս կմ տարածք, այցելում է Սբ. Սարգիս զորավարի մատուռ, որը կանգնեցված է Սազել գյուղի Սբ. Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Տոնը հատկապես ուրախության առիթ է տալիս երիտասարդներին, որոնք շատ հաճախ իրենց դասընկերներով, խմբով շարժվում են դեպի Սբ. Սարգիս զորավարի մատուռ, ինչը վաղուց Ախալցխայում վերածվել է ժողովրդական ծեսի:
Ինչպես տեղեկացնում է Akhaltskha.Net-ը՝ Ախալցխայի շրջանի Սազել գյուղի Սբ. Խաչ Եկեղեցում Սբ. Սարգիս զորավարի տոնի առիթով մատուցվեց պատարագ։ Օրվա պատարագիչն էր Ախալցխայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը։
Հայր Սուրբը եւ տեր Թորգոմ քահանան ուխտավոր հավատացյալներին մեկնեց օրվա խորհուրդը եւ տոնի առիթով շնորհավորեց եկեղեցում հավաքվածներին։
Պատարագի ավարտին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և պատարագիչ տեր հայրը կատարեցին երիտասարդների օրհնության կարգ։

Հայ երաժշտությանը նվիրված երեկո Երուսաղեմում

Հայերն այսօր– Փետրվարի 9-ին Երուսաղեմի «Իսլամական արվեստ» թանգարանում, Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում, տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ներկաներին է մատուցվել հայ ավանդական և ժողովրդական երաժշտություն՝ «Դիլիջան» խմբի կատարմամբ:

Հավելենք, որ «Դիլիջան» խումբը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ հրեաների կողմից: Խումբը մատուցում է հայկական ավանդական երաժշտություն:

%d5%a4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b61

Հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին. ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն:

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ

Սրբազա՛ն հայր,

Հարգելի՛ ծնողներ,

Սիրելի՛ զինվորներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի, ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին:

Սիրելի՛ զինվորներ,

Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամկետային ծառայության զինվորներ եք, որ այս կյանքում ունեք տարբեր նպատակներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ: Ես վստահ եմ, որ այդ երազանքներն իրականանալու են, և այս պահին ձեզ բոլորիդ միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու ձեր վճռականությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը: Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը:

Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինելի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը: Եվ դա դուք անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ: Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է: Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում:

Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում: Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար:

Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան:

Գիտեք, սիրելի՛ զինվորներ, խիզախությունը, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինեն, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա: Այս առումով, դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք:

Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին և նրանք ոչ միայն մեր սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին:

Ես հիշում եմ՝ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդեցի, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: Ես, իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին:
Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ:

Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ հանձնարարել եմ, որպեսզի ձեզ խրախուսեն տասնօրյա արձակուրդով: Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ:

Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից:

Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին:

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը: «Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Իր հերթին, ՌԴ տրնսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների միջև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշումների կատարման ընթացքին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացման հնարավորություններին, որոնք կնպաստեն տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակումների վերացմանն ու միավորմանը: Սոկոլովի խոսքով՝ ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգիացիոն միավորման զարգացմանը, տնտեսական կապերի խորացմանը: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի իրականացումը և խորհրդակցության մասնակիցներին մաղթել հետագա արդյունավետ աշխատանք:

Մադրիդում ցուցադրվել է իսպանացի ռեժիսորի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը

Իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը հասցրել է գրավել իսպանացի հանդիսատեսի համակրանքը:

Հայաստանում ապրում է հայերի միայն 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Աշխարհով մեկ սփռված հայերի շրջանում շատ են հայտնի մարդիկ, որոնց ծագման մասին քչերը գիտեն, գրում է մադրիդյան Madridpress առցանց պարբերականը:

Փաստագրական ֆիլմի հերոսներն են հայկական ծագումով մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչները տարբեր երկրներից, այդ թվում Շառլ Ազնավուրը, երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիկյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, օդաչու Ռուբեն Եսայանը: Ներկայացված են նաև աստղաֆիզիկոս Գարիի Իսրայելյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, գործարարներ Դավիթ Յանը և Ռուբեն Վարդանյանը, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, պատմաբան Հայկ Դեմոյանը, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը, հայտնի խոհարար Արմեն Պետրոսյանը, Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և այլն, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ֆիլմը Հայոց ցեղասպանության կամ ղարաբաղյան հակամարտության մասին չէ, սակայն այն պատմում է հայ ժողովրդի պատմության մեջ տեղ գտած ողբերգական իրադարձությունների հետևանքների մասին: Ֆիլմը նաև Հայաստանի գեղեցիկ բնապատկերների և համեղ խոհանոցի մասին է: Հայաստանի այդ ամբողջ համայնապատկերը ներկայացված է հերոսների միջոցով` աշխարհում հայտնի հայերի:

«Արարատի ստվերը» ֆիլմը պատմում է ժողովրդի պատմության մասին, փոքր քրիստոնեական կղզու, որին չկոտրեցին ոչ ժամանակը, ոչ ողբերգությունը: Հայաստանը միակ երկիրն է, որը կար քարտեզների վրա 5000 տարի առաջ, և գոյություն ունի այժմ, գրում է իսպանական պարբերականը:

«Մենք շատ երկրներ գիտենք, որոնք եղել են Հայաստանի հետ վաղեմի ժամանակներում, օրինակ Միջագետքը, սակայն այսօր, այդպիսի երկիր, ի տարբերություն Հայաստանի, չկա»,-գրում է իսպանական ռեսուրսը:

Նախագծի գաղափարն ի հայտ է եկել 2015-ի գարնանը, Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ ֆիլմի ռեժիսորը ծանոթացել է հայկական ծագումով միլիոնատեր և բարեգործի հետ, որն էլ առաջարկել է նրան ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին: Բարերարը չի ցանկացել հրապարակել իր անունն, ուստի լայն հանրությանը նա հայտնի չէ:

Նկարահանումները սկսվել են 2015-ի աշնանը և կատարվել են Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Իսրայելում:

Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել

Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա  պատմություն ունեցող մի երկաթե դուռ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել:

Այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի պատկերը: Այդ պատճառով ստեղծագործությունը գրավել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայի ուշադրությունը: Քահանան առաջարկել է իրեն վաճառել դուռը կամ Աստվածածնի քանդակը, սակայն Գերմին ոչ մի կերպ չի համաձայնվել: Դուռը ցանկացել են գնել նաև պատմական արժեքներով հետաքրքրվող մի շարք այլ անձիք, սակայն դարբինը հրաժարվել է այն վաճառել:

«Այս դուռը հայերի ժամանակներից է մնացել: Պապս է այն պահպանել: Սա պատրաստող դարբինը այնպիսի վարպետություն է արել, որ ես, որպես արհեստավոր, նախանձում եմ: Բոլոր անկյունները միլիմետրի ճշտությամբ նույնն են: Հայ վարպետը շատ լավ գործ է արել: Իսկ դռան վրա եղած փականի նմանը ողջ Թուրքիայում այլևս չկա: Այսպիսի դռները պատվիրվել են՝ սուլթանների ու արքաների հյուրընկալված վայրերում օգտագործելու համար»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Գերմին:

Վարպետը նշում է, որ 250 կգ կշռող այս դռներից ընդամենը երկու օրինակ գոյություն ունի, երկուսն էլ իր մոտ են: Դրանցից յուրաքանչյուրը 2 մետր 40սմ բարձրություն ունի: Դռների համար տարբեր գնորդներ առաջարկել են մինչև 30.000 լիրա, սակայն նա անդրդվելի է մնացել:

65-ամյա Իբրահիմ Գերմիի խոսքով՝ այս ստեղծագործությունն իր համար ամենաթանկ ընտանեկան ժառանգությունն է և նա չի պատրաստվում այն վաճառել: Ավելին, դարբինը հորդորել է իր որդիներին ու թոռներին՝ նույնպես երբևէ չվաճառել այս յուրահատուկ պատմական ստեղծագործությունը:

Կմեկնարկի Չինաստանի հայկական համայնքի Շախմատի առաջին առցանց առաջնությունը

2017թ․ մարտի 12-ին կմեկնարկի Չինաստանի Հայկական համայնքի Շախմատի առաջին առցանց առաջնությունը։
Միջոցառմանը կարող են մասնակցել Համայնքի անդամները։ Առաջնությանը գրանցվելու վերջնաժամկետն է 2017 մարտի 10-ը։ Ցանկացողները կարող են գրել chinaarmenia@yahoo.com հասցեին։ Մարտի 11-ին բոլոր գրանցվածները կստանան wechat QR կոդը և կտեղեկացվեն ընթացակարգի մասին։

Առաջնությանը կընթանա https://www.chess.com/ կայքում
Մինչև մարտի 10-ը մասնակիցները պետք է գրանցվեն նաև վերոնշյալ կայքում։

Աղբյուրը՝ chinahay.com

Իսպանական հայտնի լրատվամիջոցն անդրադարձել է Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը

Հայերն այսօր– «Վեգա Մեդիա Պրեսսը բողոքում է հայտնի բլոգեր Լապշինի հապճեպ արտահանձման կապակցությամբ». այս հայտարարությամբ է հանդես եկել իսպանական հայտնի լրատվամիջոցը՝ արձագանքելով Բելառուսի որոշմանը:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ալեքսանդր Լապշինը Բաքվի կողմից մեղավոր է ճանաչվում լոկ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղ  է այցելել:
Նշվում է հավելյալ, թե  Ադրբեջանի ներկա իշխանությունների հրահանգով կազմած «սեւ ցուցակը» բավականին երկար է եւ ընգրկում է իր մեջ հայտնի անձնավորոիթյունների, որոնք տարբեր ժամանակահատվածներում այցելել են Արցախ: Այնուհետև՝ որպես օրինակ Իսպանիայից, մեջբերվում է  աշխարհահռչակ Մոնտսերատ Կաբալյեի անունը, ով մեր հարեւան երկրում «պերսոնա նոն գրադա» է հայտարարվել:
Շարունակաբար տարածված հայտարարության մեջ  տեղեկացվում է, որ  Իլհամ Ալիեւի ռեժիմը համարձակորեն քննադատած ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը զինվորական ուժեղ հսկողության ներքո  Ադրբեջան տեղափոխվեց Բելառուսի վճռով:
«Վեգա Մեդիա Պրեսս»-ի բողոքում ասվում է, որ քառասունամյա Լապշինն ունի երեք քաղաքացիություն` ռուսական, ուկրաինական,  իսրաելական եւ արտահանձնման փաստը համապատասխանաբար բողոքի ալիք է բարձրացրել վերոհիշյալ երկրներում, ինչպես նաեւ` Հայաստանում:
Արձանագրվում է, որ դրա հետեւանքով  բլոգերին ալիեւյան ռիժիմի դատարանը կարող է դատապարտել մինչեւ հինգ տարվա ազատազրկմանը:
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ
0

Սուրբ Սարգիս

«Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ,
Յաղթո´ղ սպառազէն եւ քա´ջ նահատակ,արագահաս սու´րբդ Սարգիս,
Շնորհաց օթեւա´ն,բարեխօ´ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»
(շարական)

Քրիստոսի Եկեղեցու համար նահատակված բազում սուրբերի շարքում  իր առանձնաշնորհյալ տեղն ունի սբ. Սարգիս զորավարի անունը, ում հիշատակի տոնը յուրահատուկ ակնածանքով ու սիրով է նշում քրիստոնյա աշխարհը, այդ թվում, ու թերևս առավել մեծ շուքով` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը` նաև Եկեղեցուց դուրս կազմակերպված բազմապիսի հանդիսություններով ու ժողովրդական հնավանդ սովորություններով համեմված տոնախմբությամբ: Սուրբ Սարգիս զորավարի հիշատակումը մեր Եկեղեցու շարժական տոներից է(Սուրբ Զատիկի տոնով պայմանավորված) և այս տարի նշվում է փետրվարի 11-ին:Պատմական ակնարկ

Ս. Սարգիս զորավարը(ազգությամբ հույն) հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Իր անսահման քաջության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս Բարեպաշտ կայսեր կողմից(4-րդ դար) կարգվում է իշխան և սպարապետ Մեծ Հայքին սահմանակից Կապադովկիայում:

Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք, երբ վերստին սկսվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ, Սարգիսը հեռանում է կայսրության սահմաններից և իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում: Որոշ ժամանակ անց, սակայն, Հայաստանից անցնում է Պարսկաստան և Շապուհ արքայի կողմից ընդունվում զինվորական ծառայության: Երբ Շապուհն իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Քաջ զորավարը մերժում է պարսից արքայի պահանջը` ասելով. «Երկրպագության արժանի է միայն մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը աստվածներ չեն և չեն կարող լինել, քանի որ հողեղեն մարդը դրանք կարող է ոչնչացնել»: Այս խոսքերից հետո Սուրբը խորտակելով ջարդուփշուր է անում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը:

Ս. Սարգիսը բանտարկվում է` ենթարկվելով անասելի չարչարանքների, սակայն աներեր է մնում իր հավատքի մեջ, ինչի համար էլ շատ չանցած գլխատվում է: Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ, քրիստոնյա դարձած 14 պարսիկ զինվորները:
Մեկ դար անց Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Հայաստան, որտեղ էլ` Ուշի գյուղում, կառուցվում է Ս. Սարգիս զորավարի անունը կրող առաջին եկեղեցին:

Ավանդություն և ծես

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն` Սարգիսը իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշում են կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատվիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են կայսեր պատվերը: Սակայն 40-րդը, քնած Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվում է նրան և սպանելու փոխարեն համբուրելով` արթնացնում: Տեսնելով կատարվածը` Սարգիսը, իր ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդուփշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից:

Այս գեղեցիկ պատմությունը հիմք է դարձել, որ սիրահարվածներն իրենց երազանքը իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսել են համարել իրենց արագահաս բարեխոսը:

Սուրբ Սարգսի տոնի հետ անուղղակիորեն կապվող` մեր ժողովրդի մեջ տարածված սովորություններից է աղի բլիթ ուտելու սովորույթը: Հայ Եկեղեցու ավանդության հետ այն որևէ առնչություն չունի, սակայն մեր Եկեղեցին հարգում է ժողովրդական ավանդույթները` մերժելով, սակայն, ցանկացած տեսակի գուշակություն:

Ս. Սարգսի տոնի նախընթաց գիշերվա հիշատակելի սովորություններից է փոխինդով սինին(մատուցարանը) դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի: Եվ ում սինիի մեջ լցված փոխինդի կամ ալյուրի վրա որ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարվա ընթացքում կիրականանա սիրահար երիտասարդի երազանքը:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են կատարվում: Այդ օրը երիտասարդները աղոթում են Սրբին, որ իրենց աղերսները հասցնի առ Աստված:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին:

Այդ օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի արդեն ավանդական դարձած` երիտասարդների օրհնության կարգ: