Ես եղել եմ Ղարաբաղում. Կոմանդոսը մերժել է բելառուսցի գործընկերոջ առաջարկը

Գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որը Հայաստանի Պաշտպանական ռազմա-տեխնիկական ընկերության (ԴՕՍԱԱՖ) կենտրոնական խորհրդի նախագահն է, ֆեյսբուքում հրապարակել է իր և բելառուսցի գործընկեր Իվան Դիրմանի պաշտոնական նամակագրությունը, որով մերժել է Մինսկ մեկնելու առաջարկը:

Արկադի Տեր-Թադևոսյանը Բելառուսի կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի նախագահին պատասխանել է. «Հարգելի Իվան Վասիլևիչ, երախտապարտ եմ հրավերի համար, սակայն, ելնելով այն բանից, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին»:

16602903_10212244941304103_6343986667629877761_n-432x600

Գառնիում ճոպանուղի կկառուցվի

Բնապահպանության նախարարությունը նախատեսում է Գառնիում ճոպանուղի կառուցել: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք մոտ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնելու:

«Մենք մեր ներկա քաղաքականությունը որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղությամբ»- ասել է Արծվիկ Մինասյանը:

Մանրամասնելով Գառնիի ճոպանուղու ծրագիրը, նախարարը նշել է, որ այն ներառում է Քարերի սիմֆոնիայի հուշարձանն ու Խոսրովի անտառ արգելոցը:

«Ուզում ենք իրականացնել ծրագիր, որն ուղիղ կապ կունենա նաև Խոսրովի անտառ արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կապահովի: Ընդհանուր նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի Քարերի սիմֆոնիայի մոտ»,- panarmenian.net-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատմամբ ծրագիրը կարժենա մոտ 5 մլն դոլար:

Նա նշել է, որ այժմ աշխատում են նախագծումների վրա: Նախատեսվում է կառուցել նաև կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ:

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը

Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական ՓիԱր ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:

Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի լրագրողների ամենօրյա համակարգված աշխատանքը, միմյանց հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարության նախաձեռնություններին: Նախարարը հատկապես շեշտեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը և համազգային արձագանքը: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն, որ Սփյուռքին ուղղված իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարյուրից ավելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ հայտնի անհատներն իրենց խոսքն էին հղում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ: Այս ամենը մեզ ուժ ու ոգևորություն հաղորդեց, որ 2017 թվականը հռչակենք Արցախի տարի»:

Նախարարն անդրադարձավ նաև Լապշինի արտահանձնման փաստին, առաջարկեց  ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցնորում աշխատող հայազգի լրագրողների հետ համակարգված աշխատաելու անհրաժեշտությունը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նույնպես ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ համակարծիք է նախարարի հետ և պետք է երկրորդի նրան, կարևորեց Լրագրողների ութերորդ համաժողովին հնչած կարծիքների և առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը:

Օրակարգի երկրորդ՝  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման և «2017 թվականը Արցախի տարի» հռչակվելու թեմայի լուսաբանումը սփյուռքյան լրատվամիջոցներում» հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

l8ag8wx1

Պետք է կարողանանք Հայաստանի լավագույն հատվածները ճիշտ քարոզել այնպես, ինչպես Արցախում են անում. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում. սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը, ըստ նախարարի,  կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ վերջին 25 տարվա ընթացքում  տուրօպերատորներն իրենց  հնարավորությունների սահմաններում փորձել են նպաստել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: «Պետք է շեշտել, որ առաջին տուրօպերատորները սփոյուռքահայերն էին, որոնք բերեցին նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր կապեր: Նրանք ոչ միայն  Հայաստանը ճանաչելի դարձրեցին աշխարհին, այլև մեր հայրենակիցներին կապեցին հայրենիքի հետ»,-  ասաց նախարարը:

Այդուհանդերձ, ըստ Հրանուշ Հակոբյանի, այս ամենը բավարար չէ, համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում հնարավոր է շատ ավելի լավ արդյունքերի հասնել տուրիզմի բնագավառում:

Նա նշեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հետ քննարկել են, որ առաջնահերթ պետք է աշխատանքներ տարվեն օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝  անկախության տարիներին Հայաստանի համար դժվար էր զարգացնել զբոսաշրջության ոլորտը, այսօր արդեն կարող ենք ասել, որ 25 տարիների ընթացքում հյուրանոցաշինության, ճանապարհաշինության, սպասարկման ոլորտներում մեծ հաջողություններ են գրանցվել: Մինչդեռ, ըստ նրա, ամենամեծ բացթողումն այն է, որ չենք կարողանում՝ ըստ արժանվույն ներկայացնել  մեր երկիրը:

«Մենք ներկայացման խնդիր ունենք, այդ ներկայանալի դառնալու խնդիրը մեզ մոտ բաց է: Մարդիկ ընդամենը 200 տարվա պատմություն ունեն, բայց կարողանում են շատ գեղեցիկ իրենց մատուցել: Մենք այստեղ խնդիր ունենք, դրա համար պետք է աշխատենք: Անելիքներ շատ կան»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ հայկական ավանդույթները, սովորույթներն այնքան գեղեցիկ են, որ ճիշտ ներկայացնելու դեպքում մեծ հաջողություններ կգրանցենք:
Նախարարը  մատնանշեց Արցախի զբոսաշրջության  վարչության օրինակը, որը, նրա գնահատմամբ,  փայլուն է աշխատում:

Հ. Հակոբյանի խոսքերով՝ Արցախում  տուրիստական երթուղիները մշակված են աննկարագրելի ճիշտ: «Եթե մենք կարողանանք այդպիսի երթուղիներ մշակել, ապա լուրջ հաջողություններ կարող ենք գրանցել: Պետք է կարողանանք Հայաստանի լավագույն հատվածները ճիշտ քարոզել այնպես, ինչպես Արցախում են անում»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նույնպես փաստեց, որ Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, սակայն պետք է կարողանալ ճիշտ և գրավիչ ներկայացնել երկիրը: Ըստ նրա՝ Զբոսաշրջության զարգացման 2017-2020 թթ-ի հայեցակարգում ընտրել են այն թիրախները, որոնց վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնեն:

Զարմինե Զեյթունցյանի խոսքերով՝ հայեցակարգի հիմնական կետերից է լինելու սփյուռքի բոլոր հարթակներում Հայաստանի մասին գրավիչ տեղեկատվության տարածումը: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը՝ 50 տոկոսը սփյուռքից է: Նրանք հիմնականում գալիս են ծանոթանալու իրենց արմատներին, պատմությանը, սակայն Սփյուռքում  Հայաստանի մասին տեղեկատվությունն ավելի շատ քաղաքականացված է և չի ներկայացվում Հայաստանն իր բազմազանությամբ: Ուստի մեր ռազմավարության հիմնաքարը Սփյուռքի բոլոր հարթակներում Հայաստանի մասին գրավիչ տեղեկատվության տարածումն է»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Տեղի ունեցավ «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» գրքի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնում տեղի ունեցավ պատմաբան Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչներ,  պատմաբաններ, մշակույթի գործիչներ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը նշեց, որ շատ կարևոր է, երբ պատմաբանն իր աշխատության առաջնամասում չի պարտադրում ընթերցողին իր անձնական տեսակետը, այլ շարադրում է իր ասելիքը և թողնում մնացածը ընթերցողների մոտեցմանը և հայեցակարգին: «Սա մեծ պատմաբանին վայել մոտեցում է»,- ասաց նա:

Պատմաբան Գևորգ Խուդինյանն էլ նշեց, որ այդ արխիվները դժվար է եղել պահպանել, և որ Փամբուկյանը հսկայական գործ է արել` դրանք հավաքագրելով և ընթերցողին ներկայացնելով: «Այս գիրքը  «Նյութեր դաշնակցության պատմության» է կոչվում, բայց իրականում սա 1890-1915 թթ. հայոց պատմության առաջնային սկզբնաղբյուրների ժողովածուն է»,- շեշտեց նա:

Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՅԴ-ն մեր ազգային արժեքն է և 1 դարից ավելի գործում է իր գաղափարական, քաղաքական և հզոր հիմնավոր տեսակետներով: «ՀՅԴ-ն թողել է  արխիվներ,  նյութեր, ժառանգություն: Փառք ու պատիվ այն բոլոր մեծերին, որ կարողացել են ժամանակին հավաքագրել ու պահպանել դրանք: Արխիվային նյութերը այն կարևոր սկզբնաղբյուրներն են, որոնց վրա կերտվում է հայոց պատմությունը: Այսօր Հայոց պատմության կարևոր հատվածը նաև Դաշնակցության պատմությունն է»,- ասաց նախարարը:

Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց աշխատության հեղինակ Երվանդ Փամբուկյանին:

554444

Իրանում մեկնարկել են «Արարատ» մարզական միության 41-րդ համադպրոցական խաղերը

Փետրվարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի,  567 աշակերտ-աշակերտուհիների եւ 100 ից ավելի  մանկապարտեզների  բալիկների ներկայությամբ եւ մասնակցությամբ բացված հայտարարվեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) 41-րդ Համադպրոցական խաղերը:

Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց  Տերունական աղոթքը, այնուհետեւ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետության հիմնը՝ ղեկավարությամբ Մեղեդի Նազարյանի: Երգչախումբը նաեւ կատարեց այլ երգեր:

Օրվա խոսքով հանդես եկավ Մարզական միության վարչության նախագահ ` Արա Ջահանյանը:

Տեղի ունեցավ Թունյան դպրոցի աշակերտների մարզական ցույցերը, որից հետո բեմ բարձրացավ Մարիամ հաստատության երկսեռ երգչախումբը՝ Գիտա Յասերիի ղեկավարությամբ:

Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ  է նշել, որ բացման հանդիսությունը զուգադիպում էր Թունյան դպրոցի հիմնադրման 60-ամյակի եւ նվարդ Գուլբենգյան դպրոցի 50-ամյակի բարեբաստիկ առիթներին:

Աշակերտական երդումը կատարեց Սերվին Խոսրովյանը, իրավարարի երդումը կատարեց Էմելին Ղազարյանը:

«Միասնական շուրջպար» մեներգով հանդես եկավ Մխիթար Վարդինը: Օրվա խոսքով հանդես եկավ Կենտրոնական վարչության նախագահ Գեւորգ Վարդանը:

Ծրագրի ավարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խոսքը ուղղեց Սրբազան հայրը:

Օրվա հաղորդավարներն էին Արվեստի դպրոցի աշակերտներ` Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշյանը, Ալե Խալոյանը եւ Անի Հովհաննիսյանը

Ձեռնարկին ներկա էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամավորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ  եւ փոխտեսուչները, Հայ Կաթողիկե եկեղեցու սուրբ  քույրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միությունների վարչությունները եւ Արարատի կենտոնական վարչության ընկերները:

Ներկաները մեծ խանդավառությամբ թողեցին Մարզավանը:

Մրցումները սկսվեցին հինգշաբթի, ժամը՝ 16:00-ից:

Նյութը ստացել ենք Արարատի Հանրության հետ կապից:

araratorg.org

11

 

 

«Օճառ՝ հանուն հույսի». Արցախի Գողթանիկ գյուղում օրգանական ծագման օճառներ են պատրաստվում

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի Լիլիթ Տոնոյանը, բացառապես բնական հումքից՝ բուսական տարատեսակ յուղերից, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ է պատրաստում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Տոնոյանը  պատմել է, որ 2016թ-ին մասնակցել է «ԷկոԼաբ» կարողությունների զարգացման ծրագրին, որի նպատակն է ձևավորել կամավորական ծրագրերի տնօրինման հմտություններ և սոցիալական առաջընթաց բերող համայնքային ծրագրերի իրականացում։

Լիլիթի խոսքով, օճառներ պատրաստելու իր ծրագիրը նա  անվանել է «Soap for Hope» («Օճառ՝ հանուն հույսի»): Այս թեմայով Խորվաթիայում նա նաև կոնֆերանսի է մասնակցել:

«Որպես իմ համայնքի զարգացման ծրագիր՝ ես առաջարկել եմ «Soap for Hope»-ը, որն իրենից ներկայացնում է Էկո ձեռնարկատիրություն՝ հանուն սոցիալական բարեփոխումների: Օճառների պատրաստման համար օգտագործում եմ բացառապես բնակական հումք՝  բուսական ծագմամբ յուղեր (ձիթապտղի, արմավի և այլն), դեղաբույսեր, որոնք մեծամասամբ աճում են հենց գյուղի տարածքում: Օճառները պատրաստվում են հատուկ մշակված բաղադրատոմսերով, որոնք նորարարություն են. դրանք ունեն ոչ միայն մաքրող հատկություն, այլև օգտակար են մաշկի տարատեսակ խնդիրներ ունեցողներին։ Այժմ պատրաստում ենք մաշկի տարբեր տեսակների խնամքի  համար նախատեսված այլ օճառներ ևս»,- ասել է Լ. Տոնոյանը:

Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Լիլիթ Տոնոյանը 1997 թ-ից բնակվում է Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղում: Բակալավրային և մագիստրոսական կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանում և դասավանդում է գյուղի դպրոցում։

«Դպրոցի աշխատանքներին զուգահեռ (դասավանդում է ֆիզիկա առարկան)՝ Երևանի պետական համալսարանում կենսաֆիզիկայի բնագավառում կատարում եմ գիտահետազոտական աշխատանք. հետազոտում եմ սինթետիկ լվացող մակերևույթային ակտիվ նյութերի ազդեցությունը բջջային պրոցեսների վրա»,- մանրամասնել է Լ. Տոնոյանը  և նշել, որ «Soap for Hope» անվանումը կրող  այս  նախագիծն իր նորարական  ծրագրի մի մասն է միայն:

Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ Լ. Տոնոյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում է ընդլայնել օճառների տեսականին և ստեղծել  արցախյան ապրանքանիշ ու ներկայանալ Հայաստանում և արտերկրում։

Օճառի վաճառքից գոյացած հասույթը նա տրամադրում է Գողթանիկի դպրոցի աշակերտների համար բացվող «Ստեղծագործարան»-ին, որը հնարավորություն է ստեղծում զարգացնելու համայնքի երեխաների  ստեղծագործական միտքն և ունակությունները:

«Աշխատանքները սկսել ենք անցած տարվա սեպտեմբերից:  Կարծում եմ՝ գյուղի և բնակիչների խնդիրները մոտիկից ճանաչելն է հանգեցրել «Ստեղծագործարան» հիմնելու գաղափարին։ Այն կարևոր գործառույթ է իրականացնում, քանի որ Գողթանիկում դեռևս չկան պատանիների և երիտասարդների ժամանցին ու նրանց բազմակողմանի զարգացմանը նպաստող կազմակերպություններ, չեն գործում աշակերտների ու երիտասարդության  ստեղծագործական կարողությունները զարգացնող խմբակներ, ակումբներ»,- մանրամասնել է Լ. Տոնոյանը և հավելել, որ սկսել են նաև բնապահպանական հետաքրքիր միջոցառումների շարք, որը կրում է «Պատերազմական աղբի վերամշակում-վերաօգտագործում» խորագիրը։

«Այս գաղափարի էությունն այն է, որ երեխաները, օգտագործելով պատերազմի ժամանակ գյուղի վրա արձակված արկերը, պետք է պատրաստեն կրեատիվ գեղեցիկ իրեր, որպեսզի մոռացության տան պատերազմի մասին տխուր ու մռայլ հիշուղությունները. այդ աշխատանքները զարգացնելու են նաև նրանց ազատ ու ստեղծարար միտքը»,- ասել է Լ. Տոնոյանը և նշել, որ ինքը ծրագրի իրականացման ընթացքում պետական որևէ աջակցություն չի ստացել, բայց աշխատանքների այս փուլում դրա կարիքն արդեն զգում է։

«Այս ծրագիրը երեխաների հետ իրականացնում ենք #IamtheChange կարգախոսով. ինքդ կատարիր այն փոփոխությունները, որոնք կուզենայիր տեսնել քո շրջապատում»,-եզրափակել է խոսքը Լիլիթ Տոնոյանը:

12 35 6

Գիրքը նպաստում է ճիշտ կերպարաընկալում ունենալուն. Հրանուշ Հակոբյան

Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:

Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

– Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:

– Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը և «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

– Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:

– Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»: Գիրքը մարդկանց հետ հարաբերվելու կանոնների մասին է:

– Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են, ըստ Ձեզ, հետաքրքիր:

– Առավելապես դրական, բայց բացասական հերոսներն էլ ունեն ճանաչողական նշանակություն:

– Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Հայ գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպը, որ լույս է տեսել ԱՄՆ-ում:

– Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:

– Հայ գրականության դասականների ժողովածուները, իրավագիտությանը վերաբերող գրքերը և պատկերագրքերը:

– Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:

– Տպագիր:

Ըստ Ձեզ՝ ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեք:

-Կարծում եմ՝ պատճառը տեղեկատվական տարափը և էլեկտրոնային միջոցների առատությունն ու մատչելիությունն է, ժամանակ քիչ է մնում գիրք կարդալու համար: Բայց գիրքը չի կորցնում իր կարևորությունը և արժեքը, քանի որ գիտելիքների փոխանցման, ճանաչողության ընդլայնման լավագույն և միակ միջոցն է:

– Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:

– «Ժպիտը դժվար չէ, բայց շատ թանկ է»:

– Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:

– Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ» գրքերը:

-Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն՝ քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:

– Լայն մտահորիզոն, գիտելիքի պաշար, վերլուծական կարողություններ ունենալու, կյանքում ժամանակային կապը՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև զգալու, ճիշտ կերպարաընկալում ունենալու համար:

«Քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանը մեծ զարգացում է ապրել». Րաֆֆի Մեգերյան

«Մեծ հույսով սկսեցինք ընտանիքով մեր գործը, իհարկե, ճանապարհին դժվարությունների հանդիպել ենք, բայց չենք հուսահատվել. ոչինչ հեշտ չի տրվում, պետք է նպատակասլաց լինել: Եթե ուզում ենք, որ Հայաստանը զարգանա ու ճանաչված պետություն դառնա, ապա անհրաժեշտ է մեզանից սկսել և մտահոգվել   այս հարցով»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «Մեգերյան Կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը:

Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ընդգծելով, որ 25 տարվա ընթացքում Հայաստանն այնպիսի զարգացում է ապրել, որը կարելի է նույնիսկ եվրոպական երկրների հետ համեմատել:

«Մենք Ամերիկայում օրուգիշեր աշխատում էինք, միշտ պայքարի մեջ էինք: Կոչս է, որ Հայաստան վերադարձողները նույնպես շարունակեն այդ պայքարը, բայց այս անգամ՝ ի շահ Հայրենիքի շենացման: Ես հպարտ եմ Հայաստանով»,-նշեց Րաֆֆի Մեգերյանը:

Հավելենք, որ 1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև՝ առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է ընտանիքի չորրորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները:

Բացի Հայաստանից, ընկերությունը արտադրություններ ունի նաև Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Ռումինիայում, իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ՝ ԱՄՆ–ում, Երևանում, Շվեյցարիայում, ինչպես նաև՝ բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:
«Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուր-շրջագայություններ ինչպես Հայաստանում ապրողների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար:

Գևորգ Չիչյան

«Սա Հայաստանն է ու…վե՛րջ». Արթուր Զաքարյան

ՀՀ սփյուռքի նախարարությության ուշադրության կենտրոնում է նաև զբոսաշրջության զարգացումը Հայաստանում և Սփյուռքի մասնակցությունն այդ կարևոր գործընթացին: Այդ առիթով նախարարությունում կազմակերպված քննարկման մասնակիցները՝ զբոսաշրջային գործակալությունների, կազմակերպությունների տնօրենները ներկայացրեցին իրենց աշխատանմքները, քննարկվեցին եղած խնդիրներն ու առաջ քաշված նոր առաջարկություններն ու հետաքրքիր գաղափարները: «Հայերն այսօր»-ի համար ունեցած զրույցի ընթացքում զբոսաշրջային ոլորտում կայացած, հեղինակավոր  ECO VILLAGE RESORT  HAYLANDZ «ԷԿՈ ՎԻԼԻՋ ՌԵԶՈՐԹ ՀԱՅԼԱՆԴԶ» ընկերության ղեկավար Արթուր Զաքարյանը բացահայտեց հե՛նց Գեղադիր գյուղում զբոսաշրջային կենտրոն բացելու «գաղտնիքը»:

-Պարո՛ն Զաքարյան, ե՞րբ և ինչու՞ ընտրեցիք հենց Գեղադիրը:

Ե՛ս եմ ընտրել ՀԱՅԼԱՆԴԶ անվանումը, որովհետև հայ արմատը կա, իսկ վերջին Զ տառն էլ իմ ազգանվան սկզբի տառն է: 1994 թվականին ես օգնություն էի տարել Գեղադիր գյուղ, տեսա տարածքը, շատ հավանեցի, այդտեղ երկու տուն գնեցի: Միջավայրը փոքր էր, աշխատատեղեր չկային, և մենք նպատակահարմար գտանք հենց այդտեղ հիմնել մեր բիզնեսը, բացել մեր զբոսաշրջային, այսպես կոչված՝ էկո տուրիզմի կազմակերպությունը: Էկո ենք անվանել, որովհետև ընտրել ենք էկոլոգիապես մաքուր տարածք: Տնօրենը տիկինս է՝ Քերոլայն Զաքարյանը, ով այս պահին Հայաստանում չէ: Ես Նոր Ջուղայից եմ, կինս՝ Լիբանանից: Մենք արևմտահայերի սերունդ ենք, հա՛յ ենք, սիրում ենք մեր Հայրենիքը և ցանկանում ենք, որ Հայաստանում մեծ զարգացում ապրի զբոսաշրջությունը: Հայաստանում շատ գեղատեսիլ վայրեր կան, մեր Հայրենիքը կարող է դառնալ տուրիզմի գծով լավագույն երկրներից մեկը: Այդ կազմակերպությունը հիմնելիս մենք շատ լուրջ ուսումնասիրություն չենք արել, բայց արդյունքները վկայում են, որ ճիշտ որոշում ենք կայացրել:

-Ինչո՞վ է ապահովված Ձեր զբոսաշրջային կենտրոնը:

-20 սենյակներով համալրված հյուրանոց ունենք, ռեստորաններ, երեխաների համար խաղահրապարակ. լողավազան չունենք, որովհետև գյուղը ջրի պակաս ունի, կարծում եմ՝ այդ հարցն էլ կլուծվի: Մատուցվում է էկոլոգիապես մաքուր, թարմ, համեղ սնունդ: Նպատակ ունենք ավելացնել սենյակների թիվը և երեխաների համար հայկական արհեստների (գորգագործություն, գոբելենագործություն, նկարչություն, անգլերեն լեզվի ուսուցում) ուսումնական մի փոքրիկ կենտրոն բացել:

-Պարո՛ն Զաքարյան, ո՞ր ամիսն է ամենից ծանրաբեռնվածը, զբոսաշրջիկների ամենից մեծ հաճախելիությունը ե՞րբ է լինում:

-Ամենից շատ զբաղված ենք լինում ապրիլ ամսից հետո, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, նաև՝ դեկտեմբերի 20-ից հետո՝ մինչև հունվարի վերջերը: Ավելի շատ դրսից են այցելուները, տեղացիները մի քանի օրով են գալիս: Ունենք հաճախորդներ, ովքեր, մեկ անգամ լինելով այստեղ, կրկին այցելում են:

-Ձեր զբոսաշրջային փաթեթներն արդյոք ներառու՞մ են նաև մուտքի և մեկնումի ավիատոմսեր:

-Ո՛չ: Այդ հարցը մենք չենք լուծում: Մենք ապահովում ենք միայն հրաշալի հանգիստ Հայաստանում, համագործակցում ենք Հայաստանում գործող զբոսաշրջային այլ ընկերությունների հետ:

-Ձեր ընտանիքում միայն Դուք և Ձեր տիկի՞նն եք զբաղված այս գործով:

-Այո՛: Զավակներս ապրում են ու աշխատում Ամերիկայում, 4 թոռնիկներ ունեմ:

-Վերջին հարցս՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, ի՞նչ եք հասկանում Հայաստան ասելով:

-Ամեն ինչ՝օ՛դ, ջո՛ւր, ա՛րև. Ինչ եմ հասկանում Հայաստան ասելի՞ս…Սա Հայաստա՛նն է ու… վե՛րջ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

2255888 8833

 

Կայացավ «Զբոսաշրջության զարգացումը հայրենիքում և սփյուռքահայերի մասնակցությունը» կլոր-սեղան քննարկումը

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Զբոսաշրջության զարգացումը հայրենիքում և սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանցի և սփյուռքահայ տուր-օպերատորներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ զարգացման տեմպերով և արդյունքներով զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: «Այս առումով թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում», -նշեց նա:

Զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման նպատակով նախարարը կարևորեց ավանդական դարձած և միջազգային ճանաչում ունեցող փառատոնները, որոնց մասնակցում են նաև սփյուռքահայեր աշխարհի տարբեր երկրներից:

Նախարարն ընդգծեց, որ այսօր Սփյուռքից եկած տասնյակ տուր-օպերատորներ փորձում են զարգացնել ներգնա տուրիզմը Հայաստանում և Արցախում («Տաթև» «ԱրմՀորիզոն», «Armenina world», «ՍաբերատուրՍևան», «Լևոն թրեվըլ» ընկերությունները և այլն): Վերջիններս օգնեցին Հայաստանում և Արցախում տեղայնացնել միջազգային լավագույն փորձը: Սփյուռքի միջոցով հիմնված տասնյակ բարձրաճաշակ հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, ժամանցի վայրերը նոր շունչ հաղորդեցին այս ոլորտին և  նոր մշակույթ ներմուծեցին Հայաստան:

Նախարարը հավելեց, որ տուրիզմի ոլորտը զարգացնելու համար պետք են նոր գաղափարներ: «Նոր գաղափարները թույլ կտան ավելի շատ հայերի և օտարների ներգրավել ներգնա տուրիզմին: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել դասական Սփյուռքի չորրորդ, հինգերորդ սերունդներին: Առաջարկում եմ բոլորիդ սկսել զբոսաշրջության զարգացման համար շարժումներ, օրինակ՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», «Աստվածաշնչյան երկիր», «Նոյի երկիր» խորագրերով և փորձել դրանք տարբեր միջոցներով տարածել նաև Ձեր ընկերությունների գովազդների միջոցով», – նշեց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին հայաստանցի և սփյուռքահայ տուր-օպերատորների հետ նման հանդիպում կազմակերպելու համար:  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը կարևորեց Հայաստանն առավել գրավիչ ներկայացնելու հանգամանքը, ինչն արդյունավետ կարող է իրականացվել Սփյուռքի հայկական համայնքների հետ համագործակցելով:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը խոսեց 2016թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճի մասին:

ԼՂՀ ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Արցախում տուրիզմի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և զբոսաշրջիկների թվի աճը՝ ամրակայելով առաջընթացի փաստը:

«Հայաստանի ներգնա տուր օպերատորների միություն» իրավաբանական անձանց միության ղեկավար Կարինե Դավոյանն անդրադարձավ իրենց միության աշխատանքներին և հավելեց. «Սփյուռքի նախարարության շնորհիվ մեր հայկական համայնքները կարող են իրենց երկրներում ներկայացնել Հայաստանն ու Արցախը»:

Իրենց կազմակերպությունների աշխատանքն ու դրանցում առկա խնդիրները ներկայացրին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Ջամբո» Էկզոտարիումի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը («Սերենգետի» ՍՊԸ, Նիդրելանդներ), «Սիդոն թրավել ընդ տուրիզմ» դուստր ՍՊԸ-ի (“Middle East Airlines – Lebanon”-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն) համասեփականատեր Սեմ Սամուելյանը (Լիբանան), «Տաթև» տուրիստական գործակալության սեփականատեր Առլեն Դավուդյանը (Իրան), «Յան Վոյաժ» տուրիստական ընկերության սեփականատեր Հրաչյա Ասլանյանը (Ֆրանսիա) և «Հայլանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» ընկերության հիմնադիր Արթուր Զաքարյանը (ԱՄՆ):

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Աննա Չոբանյանը նշեց, որ տուր-օպերատորների հետ նման շփումները հնարավորություն են տալիս առավել մոտիկից և լիարժեք ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և փնտրել անհրաժեշտ լուծումեր:

Սփյուռքի նախարարը հայտնեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Զբոսաշրջություն» պատուհան, ուր տեղադրվում են Հայաստանի և Արցախի տուրիզմի վերաբերյալ կարևոր տեղեկություններ: Նա կարևորվեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ տուրիզմի բնագավառում գործող ընկերությունների միջև համագործակցությունը:

Կլոր-սեղանի մասնակիցները հավաստիացրին, որ Հայաստան և Արցախ այցելող զբոսաշրջիկը հնարավորություն ունի մասնակիցը դառնալու մշակութային, պատմական, հնագիտական, արկածային, ագրո, ռազմապատմական, որսորդական և այլ տուրիզմներին: Քննարկվեցին Հայաստանում զբոսաշրջության քաղաքականությանը և միջազգային փորձին, հյուրանոցային բիզնեսին, Հայաստանի հյուրանոցային բիզնեսում Սփյուռքի դերակատարությանը առնչվող հարցեր:

12 34 58 %d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%a6%d5%b4

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանին

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանին:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սիրիայում շտապ օգնության մարմինների՝ հայապահպանությանը, համայնքը պահելուն, առկա սոցիալական, կրթական, առողջապահական և այլ խնդիրները լուծելուն, մարդկանց ապահովությունն ու անվտանգությունն ապահովելուն  ուղղված  ամենօրյա ջանքերը:

Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող իրավիճակը և դրա հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ համայնքի վրա: Հարություն Սելիմյանը հանգամանորեն ներկայացրեց համայնքում կազմակերպված միջոցառումները, մասնավորապես Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված հանդիսությունները, նշեց, որ դրանք երիտասարդ սերնդի ազգային դաստիարակության, հայրենասիրական ոգին արթնացնելու, հայացքը դեպի Հայրենիք ուղղելու հզոր ազդակ են: Նա նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորումը անհրաժեշտ է դարձնում Սփյուռքի բոլոր կառույցների և հայկական ներուժի հետագա համախմբումը, որում մեծ դեր է վերապահված սփյուռքի նախարարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Սիրիայի իրավիճակից բխող հնարավոր զարգացումներին, հայ համայնքի անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրներին: Քննարկվեցին հետագա համագործակցությանը և կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, նախանշվեցին անելիքները:

Սահմանագծին հրադադարի խախտումների աճ է գրանցվել

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին:

Տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 13-ին ժ.14:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում, նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կքննարկվեն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների, 2016թ. ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին հարցերը: