Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում

Փետրվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցեց ավելի քան 40 գործարար:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց  սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Արցախի տնտեսության աշխուժացմանն ու առաջընթացին: Նա մասնավորապես նշեց. «Այսօր հայկական երկու պետությունից զատ՝ ունենք տնտեսական հստակ քաղաքականություն, հարկային ու մաքսային լրամշակված օրենքներ»: Դիմելով գործարարներին՝ նախարարը հավելեց. « Շնորհակալություն, որ եկաք, հաստատվեցիք Հայրենիքում, չվախեցաք դժվարություններից, բերեցիք ձեր փորձը, գիտելիքները, կառավարման հմտությունները, աշխատատեղեր ստեղծեցիք, նպաստեցիք տնտեսության զարգացմանն ու աշխուժացմանը: Մեծագույն հայրենասիրություն է Հայրենիքում ապրելն ու աշխատելը »:

Քննարկման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Տիգրան Խաչատրյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունը՝ պարոն Խաչատրյանը շեշտեց. «Ներդրումները կատարվում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ»:

Հայաստանում հարկային և մաքսային արտոնություններին, բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելություններին, դժվարություններին և խնդիրներին առնչվող հարցերի մասին  ելույթ ունեցան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ոլորտի բաժնի պետ Լիլիթ Մովսիսյանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր  հարկային տեսուչ Գայանե Կիլիմյանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ավագ հարկային տեսուչ Գեղամ Ղուլիջoղլյանը:

Իրենց բիզնես ծրագրերը և հաջողության հասնելու բանաձևը ներկայացրին Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Նաիրյան» բնական կոսմետիկա արտադրող ընկերության հիմնադիր Արա Մարկոսյանը /ԱՄՆ/, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը, տեքստիլի արտադրության «ՎԿՍ Արմենիա»-ի ներկայացուցիչ, գործարար Քրիստիան Գելիջին /Նիդրելանդներ/, «Մեգերյան Կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը /ԱՄՆ/,  շոկոլադի արտադրության «Գուրմե Դուրմե» ընկերության հիմնադիր Դիրան Բաղդադյանը, /Ավստրիա/, «VanArdi wines» հիմնադիր, տնօրեն Վարուժան Մուրադյանը /ԱՄՆ/, «Karas» գինու գործարանի վաճառքի պատասխանատու, «Semina Consulting»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Քեոշքերյանը /Լիբանան/, «ԱրմԱս» գինու գործարանի ներկայացուցիչ Մերի Սահակյանը:

Քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, Գյումրիում և Շիրակի մարզում ներդրումների հեռանկարներին, Սփյուռքի հետ կազմակերպված միջոցառումների փորձին, արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ներկայացուցչական և արդյունավետ քննարկումը, տեղին և արժեքավոր առաջարկություններն ու հարցադրումները: Նա նշեց. «Այնտեղ որտեղ կա սփյուռքահայի ներդրում, ջանք և աշխատանք, կա որակ, գրագետ մենեջմենթ, ձևավորում, մատուցման ձև: Դուք բերում եք լավագույնը, որի կարիքը մենք ունենք: Շնորհակալություն»:

 21 12 13 14

15 16 18 19

20 11

img_5902img_5989

 

«Երբ ես նկարում եմ, շուրջս Աստծո ներկայությունն եմ զգում».Ռուդիկ Պետրոսյան

Մեր հայրենակիցներից շատերն են հանգամանքների բերումով խարիսխ գցել օտար ափերում և իրենց  տաղանդի, Աստվածային անուրանալի շնորհի ոսկեդրոշմը դրել աշխարհի պատմության էջերին, ինչպես մեծ բանաստեղծը՝ Սևակն է գրել՝«« Ուր էլ, որ հասել, որտեղ էլ եղել, ջանացել ենք մենք ամենքի՛ համար, Շինել ենք կամուրջ,Կապել ենք կամար… Ամեն տեղ թողել մեր աչքից ցոլանք…»»: Իր տաղանդի յուրօրինակ դրսևորումներով մեր ժամանակների լավագույն նկարիչներից մեկը՝ Նյու Ջերսիում բնակվող, արցախցի մեր հայրենակից, անվանի նկարիչ Ռուդիկ Պետրոսյանի արվեստի բարձրարժեք գործերը զարդարում են աշխարհի տարբեր ծագերում բնակվող նշանավոր մարդկանց անձնական հավաքածուները, տարբեր քաղաքների արվեստի թանգարանների, պատկերասրահների հպարտությունն են դարձել: Բազմաթիվ մրցանակների, պարգևատրումների ու տիտղոսների արժանացած հայորդին շարունակում է ստեղծագործել, շարունակում է աշխարհին ցույց տալ Հայաստանի, Արցախ աշխարհի բացառիկ բնությունն ու նույնքան բացառիկ գույները: «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում ինձ համար բացահայտվեց նաև արվեստագետի մարդկային գեղեցիկ հոգու նկարագիրը, որով նա ընկալում է աշխարհն ու մարդկանց, մեզ շրջապատող երևույթները:

-Բարի՛ գալուստ Հայրենիք, հարգելի՛ հայրենակից: Սկսենք մեր զրույցը հե՛նց Ձեր արմատներից. որտեղի՞ց են դրանք սկիզբ առնում:

-Ծնվել եմ Արցախում, Ստեփանակերտցի եմ, մայրս Հադրութի շրջանից է, հայրս՝ Շուշիից. սրանք են իմ արմատների ակունքները: Դեռ միջնակարգը չավարտած՝ տեղափոխվել եմ Երևան և ուսումս շարունակել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որից հետո բարձրագույն կրթություն եմ ստացել Երևանի գեղարվեստի ակադեմիայում:

-Ղարաբաղի բնությո՞ւնն է Ձեզ նկարիչ դարձրել, թե՞ նաև ժառանգաբար փոխանցված շնորհ ունեք:

-Իհարկե՛, շնորհապարտ եմ իմ հայրենի բնությանը, որի ակունքներից սնվել է նաև հայրս, ով և՛ նկարում էր, և՛քանդակում: Եթե Ստեփանակերտ գնաք ու հարցնեք, թե որոնք են վարպետ Սիմոնի գործերը, ով է եղել նա, յուրաքանչյուր ստեփանակերտցի կպատմի նրա մասին և ցույց կտա նրա քանդակները, նրա ստեղծած աղբյուրը, մարմարի քարերով կառուցած նրա տունը: Երեք տարեկան էի, հաճախում էի մանկապարտեզ և արդեն իմ նկարները ցուցադրվում էին: Այսինքն՝ ունեմ նաև ժառանգաբար փոխանցված շնորհ, որի համար երախտապարտ եմ արմատներիս և Աստծուն:

-Պարո՛ն Պետրոսյան, կարո՞ղ եք հիշել, թե ո՞րն է եղել Ձեր մանկության տարիների առաջին նկարը, ի՞նչ թեմայով, ու՞մ եք ցույց տվել, ո՞վ է Ձեզ խրախուսել, թևեր տվել:

-Հիշում եմ՝ մանկապարտեզում էի, ընդամենը 4 տարեկան, ու ձմեռ էի նկարում (հետագայում՝ հասուն տարիքում, ես նման մի ձմեռ նկարեցի՝ հիշելով 4 տարեկանում նկարածս ձմեռը. այդ նկարս Բեռլինում հատուկ մրցանակի արժանացավ և 2016 թվականի համաշխարհային լավագույն նկարիչների ալբոմում զետեղվեց ), իմ՝ 4-ամյա փոքրիկի նկարը տարան դպրոց, ժողկրթբաժին: Այդ փոքր նկարս առիթ դարձավ, որ ժողկրթբաժնի թատրոնի նկարիչներին վճարեն, և ես ու եղբայրս՝ Ռոբերտ Պետրոսյանը, ով նույնպես նկարիչ-քանդակագործ է, միասին հաճախենք նկարչության հատուկ դասերի: Իմ հիմքը շատ ամուր է, որովհետև այդ տաիքից սկսած՝ 6 նկարիչների մոտ էի գնում և ամեն մեկից մի հմտություն էի սովորում:

-Հաջողությունները Ձեզ վաղ տարիքից են ուղեկցել, այդպե՞ս է…

-Այո՛, կարելի է այդպես ասել. դեռևս առաջին կուրսի ուսանող էի, երբ ցուցահանդես ունեցա: Դա մեծ իրադարձություն էր, շատերն էին հետաքրքրվում իմ աշխատանքներով. Մինաս Ավետիսյանն ինձ ասաց՝ դու կատարյալ նկարիչ ես, այդ գնահատականն իմ ամբողջ կյանքում միշտ պարտավորեցնող եղավ: Այդ ցուցահանդեսին տարբեր երկրներից ներկա էին շատ երևելի անձինք. Լեհաստանի գլխավոր դատավորն էր ներկա, Չեխոսլովակիայի նախագահը ցանկանում էր գնել իմ նկարներից, դա արդեն ինձ համար մեծ գնահատական էր, ես նկար չէի վաճառում, և նախագահի հավանած նկարը նվիրեցի իրեն: Ինձ հանդիպած բոլոր հայերը ներկեր ու արվեստի գրքեր էին նվիրում, ներկերի պակաս չէի ունենում: Ինստիտուտում սովորելու տարիներին դարձյալ մի ցուցահանդես պետք է լիներ՝ մրցանակային երեք տեղերով, ես իմ գործը մի քիչ ուշացումով եմ ներկայացրեցի, ասացին, որ այլևս ոչ մի տեղ չի մնացել, միայն՝ մեկ առաջին տեղ…Այդ նկարները պետք է Մոսկվա, Լենինգրադ տարվեին, և իմ նկարն առաջին տեղով հասավ այդ քաղաքներ: Ես միակ ուսանողն եմ եղել, ով 18 տարեկանում Նկարիչների միության անդամ է դարձել, այդ տարիքում չէր թույլատրվում միության շարքերում լինել:

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք Ղարաբաղի զմրուխտյա բնության գրկից տեղափոխվել եք ասֆալտապատ Երևան…շենքեր, շենքեր… Կանգ չառա՞վ Ձեր ստեղծագործական ընթացքը բազմահարկերի խեղդուկ մթնոլորտում:

-Երբ Թերլեմեզյանում էի սովորում, վարձով բնակվում էի Կոնդում և շարունակում էի նկարել. ինձ ոչինչ չխանգարեց: 12 տարի ապրել եմ Լիբանանում, ուր կիսապատերազմական վիճակ էր, ճգնաժամ, սակայն ես այդ պայմաններում էլ շարունակում էի ստեղծագործել: Անգամ ռմբակոծությունների ձայների ներքո նկարել եմ: Երբ ես նկարում եմ, իմ շուրջը Աստծո ներկայությունն եմ զգում:

-Գիտեմ, որ շատ մրցանակների, պագևների եք արժանացել. ո՞րն է դրանցից Ձեզ համար ամենաթանկն ու հիշարժանը:

-Շատ մրցանակներ ու շնորհակալագրեր ունեմ. վերջերս Իտալիայում ստացա «Լեոնարդո դա Վինչի մրցանակ», 2015-ին Պալերմոյում «Ժամանակակից ծովից ծովը» նկարի համար ստացա մրցանակ, 2016-ին ունեմ շատ մրցանակներ՝ Հռոմում արժանացա «2016-ի լավագույն նկարիչ» մրցանակին, նույն տարում արժանացել եմ «Գեղարվեստական կարիերայի մրցանակ»-ին, մեծ պատիվ եմ համարում այն, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ինձ շնորհակալություն է հայտնել և դիպլոմի արժանացրել. շատ է այդ մրցանակների թիվը, դժվար է հիշել բոլորը: Ողջ աշխարհի մակարդակով բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, իմ նկարներից շատերը հանգրվանել են աշխարհի ճանաչված թանգարաններում ու պատկերասրահներում, անհատ մարդկանց հավաքածուներում, սակայն ինձ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի կողմից տրվածն է, այդ առումով մի դեպք պատմեմ. ուսանող տարիներիս Ղարաբաղում մի տուն էի նկարում՝ հատ-հատ հաշվելով ու նկարելով քարերը: Տատիկն ինձ հարցրեց, թե սիրուն տները թողած՝ ինչո՞ւ եմ այդ հին, անշուք տունը նկարում…Երբ ավարտել էի նկարը, տատիկն ու շրջապատի մարդիկ զարմացան ու ասացին՝ մի՞թե այդ տունն այդքան գեղեցիկ է եղել, և իրենք չեն էլ նկատել…Ահա սա՛ է լավագույն ու թանկ գնահատականը:

-Բնականաբար, նաև վաճառում եք Ձեր նկարները. հեշտությա՞մբ եք բաժանվում Ձեր նկարներից:

-Իհարկե, վաճառում եմ, սակայն, այո՛, կան նկարներ, որոնցից դժվարանում եմ բաժանվել. շատ մեծահարուստներ կան Նյու Յորքում, ովքեր լավագույն արժեքով պատրաստ են գնել, սակայն ես չեմ վաճառում և ասում եմ՝ հերոսություն է չվաճառելը:

-Պատվերով աշխատանքներ կատարու՞մ եք:

-Կատարել ու կատարում եմ, սակայն վերջերս սկսել եմ խուսափել. վերջին պատվերը, որն ընդունեցի, իմ ընկերներից մեկի՝ Գագիկ Հարությունյանի պատվերն էր «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»:

-Ո՞րն է Ձեզ համար ամենաթանկ նկարը:

-Բոլորն էլ իմ հոգեզավակներն են. շատ եմ կարևորում Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ կտավը:

-Ընտանիքում ունե՞ք Ձեր գործի շարունակողները:

-Այո՛, աղջիկս՝ Մերի Պետրոսյանը, ասում են, որ ինձնից լավ է նկարում, թոռնիկներս էլ ե՛ն նկարում:

-Դուք, լինելով ղարաբաղցի, այսօր ի՞նչ եք անում Ղարաբաղի համար:

-Նոր չէ, որ ես Ղարաբաղի համար ինչ-որ բան եմ անում. նախ ասեմ, որ ես միշտ նկարել եմ իմ ծննդավայրը, բարեգործական շատ ցուցահանդեսներ եմ ունեցել, որոնց հասույթը փոխանցվել է երկրաշարժի գոտուն,Ղարաբաղին: Սովորաբար, չեմ ուզում վաճառել Արցախին նվիրված նկարներս, բայց մի կողմից էլ մտածում եմ, որ այդ նկարները վաճառելով օտարերկրացիներին՝ նրանց պատմում եմ Արցախի մասին: Սա նաև քաղաքականություն է:

-Մի օր կվերադառնա՞ք՝ ապրելու Ձեր ծննդավայր Արցախում:

-Շատ եմ մտածել այդ մասին. աշխարհով մեկ ցրված բոլոր հայերին քայլերը մի օր բերելու են իրենց ծննդավայր, Հայրենիք:

-Պարո՛ն Պետրոսյան, ո՞վ է ըստ Ձեզ նկարիչը…

– Նկարիչն աշխարհը գեղեցկացնողը, փոխողը, աշխարհին, կյանքին ու մարդկանց գույներ տվողն է:

-Դուք աշխարհաճամփորդ մի արվեստագետ եք, մի հայ մարդ, ով ծնվել է Ղարաբաղում, սովորել Երևանում, ապրել Լիբանանում, ապրում է Նյու Ջերսիում…Եվ, այնուամենայնիվ, ամեն ինչի սկզբում, մեջտեղում, վերջում և կենտրոնում եղե՛լ ու մնում է մարդու Հայրենիքը. ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Այո՛, աշխարհաճամփորդ եմ, շրջել եմ աշխարհի շատ երկրներով, ներկայացրել եմ Հայաստանը, հայ մարդուն,Արցախ աշխարհը: Հայրենիքը մնում է մի ուրիշ բարձունքի վրա, մնում է սրտիդ ամենաթանկ անկյունում: Հայրենիքը պարտքի զգացում է, Հայրենիքը խղճիդ ձայնն է:

-Շնորհակալություն, պարո՛ն Պետրոսյան: Ստեղծագործական աննախադեպ հաջողություններ եմ մաղթում. թո՛ղ Ձեր նկարներից ու Ձեր կյանքում չպակասեն Հայաստանի և Ձեր ծննդավայր Արցախ աշխարհի անկրկնելի գույները:

Կարինե Ավագյան

%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc %d5%b6%d5%b8%d6%82%d5%bc

 

 

Մենք քեզ հետ ենք սրտով, մտքով և ոգով, հայ զինվոր. Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի փոքրիկների տեսաշնորհավորանքը՝ ուղղված հայ զինվորին:

Սփյուռքի նախարարության պարգևին է արժանացել Գևորգ Հայասան

Փետրվարի 5-ին հավարտ Սուրբ Պատարագի՝ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի արժանացած Գևորգ Հայասայի պատվոգիրը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից՝ ավարտին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը մեդալը և պատվոգիրը հանձնեց Գևորգ Հայասային:

Ներդրումային քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է և ամրագրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:

Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, և այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը:

Ներդրումային նպատակաուղղված քաղաքականությամբ և նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական և գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը (ընդհանուր և ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ և այլն), նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:

Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման` ՀՀ-ն հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն: ՀՀ-ում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է` 1994 թվականին ընդունված«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթները:

Համաձայն վերոնշյալ օրենքի` օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Ներկայումս ևս նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն նպաստել ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար:

Վիճակագրություն

Ներդրումային ուղեցույց 2016/17(անգլերենով)

Ներդրումային միջավայր 2016 (անգլերենով)

Սննդի վերամշակման ուղեցույց (անգլերենով)

Դեղագործության ուղեցույց (անգլերենով)

Ներդրումային ծրագրեր

Ներդրումային բարեփոխումների քարտեզ

Միջոցառումներ և համագործակցություն արտերկրում

Ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող հումքի և սարքավորումների համար մաքսատուրքի արտոնությունների վերաբերյալ շնորհանդես

Հայաստանի զարգացման տնտեսական ֆորում

Invest in Armenia

Invest in Armenia

«EAE – European and Armenian Experts»

Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ

Միլիոնավոր տարիներ էլ անցնեն, մեր բիբլիական հողի յուրաքանչյուր թիզը հարազատ ու թանկ է լինելու, բոլոր նրանց համար, ում երակներում, թեկուզ մի կաթիլ, հայկական արյուն է հոսում:
Հիրավի, Հայոց բազմահազարյա պատմության ընթացքում, մեր ժողովուրդը ծնել է կորովի զարմեր, որոնց թողած գործն ու հիշատակը երբեք չի խունանում, այն մնում է ապրողների մեջ…
Այդ կորովի զարմերից էր հայրենիքի նվիրյալ մարտիկ ԳԵՂԱՄ ՀԵՆՐԻԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով հող հայրենիի զինվորն էր, ով օժտված էր հայրենիքի համար մարտնչելու մեծ շնորհով:
… Ահավոր էր ու սարսափելի, երբ լսեցինք նրա զոհվելու այդ ծանր լուրը.
«Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը»:
Հայոց բանակում նա ծառայում էր ավելի քան 20 տարի: Իր ծառայության ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եւ իր ամբասիր ծառայության համար արժանացել տարբեր պարգեւների: Նա սիրված եւ հարգված էր իր զինվորների եւ ընկերների կողմից: Բանակի համար փորձառու սպա էր: Քաջազուն հայ մարտիկը քանի-քանի անգամ էր հրաշքով ողջ մնացել, հատկապես ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ:
38-ամյա Գեղամ Մանուկյանը երեխաների համար լավ հայր էր, կնոջ համար լավ ամուսին, քրոջ համար հոգատար եւ սիրելի եղբայր, մոր եւ հոր համար` ընտանիքի միակ որդին, իրենց տան սյունը:
Գեղամ Մանուկյանը հավերժ կմնա մեզ` ապրողներիս հիշողության մեջ:
Փառք քեզ, հերոս քաջորդի: Դու անմահ ես, մենք հպարտանում ենք քեզանով` մեր սիրելի, Մարտակերտի զավակ- փոխգնդապետ Գեղամ Մանուկյան…
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Մարտակերտ. «Ջրաբերդ»

«Արցախի հողից անբացատրելի ուժ եմ ստանում». արգենտինահայ հայրենադարձ

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը երիտասարդ լրագրող Բեատրիս Արսլանյանն է՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքից: 2010 թվականին, «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրին մասնակցելուց հետո, Բեատրիսը հաստատակամորեն որոշել է Հայաստան վերադառնալ, որպեսզի խոր արմատներ գցի Մայր Հայրենիքում և նոր բարձունքներ նվաճի: 

-Բեատրի՛ս, Արգենտինայի հայ համայնքն աչքի է ընկնում կուռ ու համախմբված լինելով, մատաղ սերնդին հայ պահելու առաջնահերթությամբ: Ինչպե՞ս կբնութագրես կորդոբահայ համայնքում անցկացրած տարիներդ:

-Ջերմ ու հիշարժան տարիներ եմ ունեցել, որոնք միշտ ժպիտով եմ հիշում: Փոքր տարիքից ակտիվորեն ներգրավված եմ եղել Կորդոբայի հայկական համայնքի տարբեր նախաձեռնություններում. սկաուտ եմ եղել, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Երիտասարդական միության աշխատանքներին եմ մասնակցել, իսկ վերջին տարիների ընթացքում համայնքի վարչությունում որպես գործավար եմ աշխատել:

Կյանքս առանց կորդոբահայ համայնքի չեմ պատկերացնում: Ծնողներս են նպաստել, որ Հայաստանը միշտ մեր հոգում ունենանք. այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ հայկական շունչը, ազգային ավանդույթներն ու հայ լինելու զգացումը պահպանվել են:

Մեր ընտանիքում հայերեն խոսելուն մեծ կարևորություն է տրվել, նաև հայկական դպրոց եմ գնացել, որտեղ հիմնովին գրել-կարդալ սովորեցի:

Հայաստանում հայերենի իմացությունը շատ օգնեց: Հիմա անկաշկանդ շփվում եմ մարդկանց հետ, միայն արևմտահայերեն-արևելահայերեն լեզվական պատնեշը մի փոքր դժվարությամբ հաղթահարեցի:

Նշեմ նաև, որ ծնողներս Սիրիայում են ծնվել: Մայրս երեք տարեկանում է ընտանիքի հետ Կորդոբայում հաստատվել, իսկ հայրս քսանհինգ տարեկանում` սիրիական բանակում ծառայությունը վերջացնելուց հետո: Նրանք Կորդոբայում են հանդիպել և ամուսնանալուց հետո երեք երեխա ունեցել:

-Յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստան տեղափոխվելու իր ինքնատիպ պատմությունն ունի: Հետաքրիր է իմանալ քո պատմության մանրամասները:

– Ամեն ինչ սկսվեց, երբ վեց տարի առաջ «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրերից մեկի շրջանակում Հայաստան եկա:

Երեք ամիս կամավորական աշխատանք եմ կատարել Երևանի թիվ 76 «Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցում և բնապահպանական կազմակերպությունում:

Հայաստանում ապրելու ամիսներն ինձ համար բախտորոշ դարձան. անբացատրելի սեր արթնացավ Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ, կարծես հայ լինելու իրական արժեքը զգացի:

Սակայն մինչ հայրենադրձվելը, որոշեցի մեկնել Կորդոբա՝ ուսումս ավարտելու համար (ավարտել է Կորդոբայի համալսարանի լրագրության ֆակուլտետը-հեղ.):

Կիսատ թողած գործերս վերջացնելով՝ 2011 թվականին հաջողեցի Հայաստանում հաստատվել:

Հավելեմ նաև, որ առաջին անգամ Հայաստան եմ եկել 2006 թվականին՝ սկաուտական բանակումին էի մասնակցում:

– Որոշման հանդեպ ծնողներդ ինչպիսի՞ դիրքորոշում ցուցաբերեցին:

-Ծնողներիս հոգեբանորեն նախապատրաստում էի՝ ամեն առիթի դեպքում կես կատակ, կես լուրջ՝ ասելով, որ Հայաստան եմ գնալու: Ճիշտ է՝ նրանք արդեն ընտելացել են իմ որոշմանը, սակայն շատ ենք կարոտում միմյանց:

Ամենօրյա կապի մեջ լինելով՝ նրանց պատմում եմ ձեռքբերումներիս մասին, հայաստանյան կյանքի անցուդարձին ծանոթացնում: Կարծում եմ՝ նրանք հոգու խորքում հպարտ են զգում իրենց:

– Երբևէ մտածել ես՝ Հայրենիք վերադառնալու ամենամեծ պարգևը ո՞րն էր քեզ համար:

-Նախ պետք է մտածենք, թե հայրենադարձվելով՝ մենք ինչ օգուտ ենք տալիս Հայաստանին: Հայրենադրձվելուց հետո պետք է տարբեր ծրագրեր մշակենք և նպաստենք մեր երկրի զորեղացմանը: Հայաստան գալով՝ անհրաժեշտ է մեր փորձառությունը, գիտելիքներն ու հմտությունները ներդնել:

Օրինակ՝ ես լրագրող եմ, և այդ ուղղությամբ կարող եմ աշխատանք կատարել: Բուենոս Այրեսում լույս տեսնող «Արմենիա» թերթի համար հոդվածներ եմ գրում, որի միջոցով արգենտինահայերին իրազեկում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Կարելի է ասել, որ լրագրողական գիտելիքներս ինչ-որ չափով օգտագործում եմ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի լուրերն իսպաներեն թարգմանելով:

ՀՀ սփյուռքի նախարարության հետ կապ եմ հաստատել Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանի՝ Արգենտինայում ՀՀ դեսպան լինելու տարիներին, ով օգնել է ինձ այս հարցում: Շատ էի ուզում ՀՀ սփյուռքի նախարարությունում աշխատել: Ուրախ եմ՝ թեկուզ կամավորության սկզբունքով, սակայն համագործակցությունը ստացվեց:

-Հայաստանը, այնուամենայնիվ, անծանոթ երկիր էր. այլ բան է՝ իբրև զբոսաշրջիկ գալը, մեկ այլ բան՝ մշտական բնակություն հաստատելը: Կյանքիդ նոր շրջափուլը հեշտությա՞մբ հաղթահարեցիր:

 -Հայաստանում երբեք ինձ անծանոթ միջավայրում չեմ զգացել: Ամենուր ջերմ ընդունելության եմ արժանացել: Մարդիկ անկեղծորեն ինձ օգնության ձեռք էին մեկնում, որոնց հետ բարեկամական հարաբերություններ եմ հաստատել: Հիմա արդեն աշխատանք էլ ունեմ. «Կարաս» կոնյակի գործարանի հաղորդակցության և մարքետինգի բաժնի պատասխանատու եմ, որի գրասենյակը «Զվարթնոց» օդնավակայաում է:

Սփյուռքում միշտ խոսում են Հայ դատի ուղղությամբ աշխատանքներ կատարելու մասին, հայրենասիրական կոչեր են անում, սակայն արդեն ժամանակն է խոսքից գործի անցնելուն, պետք գործնական քայլեր կիրառել և մտածել Հայաստանի սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար: Պետք չէ դրսից Հայաստանին իբրև երազ նայել, համախմբվենք Հայաստանի շուրջ և լուծենք բոլոր խնդիրները:

  -Հայաստանում սիրելի վայրեր ունե՞ս:

-Բոլոր վայրերն էլ սիրում եմ, սակայն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի Լեռնային Ղարաբաղը: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, անպայման Արցախ եմ գնում. Արցախի հողից անբացատրելի ուժ եմ ստանում և ոգեշնչվում:

Իհարկե, տեսադաշտում պետք է միշտ պահենք Արցախի հիմնահարցի խաղաղ ճանապարհով կարգավորման հարցը:

Գիտեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար»  համահայկական շարժումն է իրականացնում:

Կարծում եմ՝ այս ծրագիրը դռներ կբացի, որ աշխարհը ճշմարտությունն իմանա, թե ինչ է կատարվում Արցախում, ինչու է Ադրբեջանն անընդհատ պատերազմ հրահրում: Այս առումով շատ կարևոր ծրագիր է նախաձեռնել ՀՀ սփյուռքի նախարարությունը:

– Ինչպե՞ս ես տեսնում մեր վաղվա օրը:

Հայաստանը բոլոր հնարավորություններն ու նախադրյալներն ունի, որպեսզի սփյուռքահայերը գան ու հաստատվեն Հայրենիքում:

Խոսքս հատկապես Սփյուռքի երիտասարդներին է վերաբերում, քանի որ նրանք մի փոքր երկմտում են՝ հայրենադարձվել, թե՝ ոչ: Խորհուրդ կտամ, որ համարձակ որոշում կայացնեն, Հայաստան գան այն հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

11

Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը 

Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել ծրագիր սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին կառավարության ղեկավարը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին էլ վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:

ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:

 

Մարտի 3-ը կնշվի որպես Գործարարի օր

Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց որոշում՝ մարտի 3-ը որպես Գործարարների օր նշելու մասին:

Նախարարը նշեց, որ օրը պատահական չի ընտրվել` մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը: Որոշումն ընդունվեց:

116 մլն դոլարի ներդրում` ՀՀ ճանապարհաշինություն, կապի և ՏՏ ոլորտում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2017 թվականի համար նախատեսում է շուրջ 116 մլն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրերը կիրականացվեն առանցքային նշանակություն ունեցող 3 ոլորտներում՝ ճանապարհաշինություն, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: «Կառավարության կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասով ներկայացված հիմնական ներդրումային ծրագրերը ֆինանսավորվելու են 3 ձևաչափով՝ պետական բյուջեից, վարկային և մասնավոր ներդրումային ծրագրերի միջոցներով»,-ասաց նախարարը` հավելելով, որ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման և սպասարկման համար պետական բյուջեից կկատարվի շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի, վարկային միջոցներից՝ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

«Վարկային միջոցներից ներդրումները կարող են տարվա ընթացքում փոփոխվել դեպի ավելացում: Դա կախված է նաև ՀՀ բյուջետային մուտքերից, քանի որ Ֆինանսների նախարարության հետ քննարկվում է վերանայել վարկային ծրագրերի ավելացումը: Իսկ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ օրերս տարածած հայտարարության մեջ ըստ ոլորտների նշված ներդրումային ծրագրերի ցանկում ներառված են նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Այստեղ մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել շուրջ 65 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

Անդրադառնալով կապի և ՏՏ ոլորտում մասնավոր ֆինանսավորմամբ նախատեսվող ծրագրերին` նախարարը նշեց, որ այն ներառում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինում և արդիականացում: «Սա հնարավորություն կընձեռի ՀՀ ամբողջ տարածքում ընդլայնելու, բարելավելու ցանցի, կապի և մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը»,-ասաց նախարարը:

Մասնավոր ներդրումային ծրագրի միջոցով ՏՏ ենթակառուցվածքների ոլորտում նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Տվյալների մշակման» կենտրոն, որտեղ կարող են տեղակայվել պետական և մասնավոր հատվածների էլեկտրոնային բովանդակությունը և տվյալները: Պետական բյուջեի միջոցներով, ըստ նախարարի, ՏՏ ոլորտում իրականացվելու է ներդրումային 2 ծրագիր, որը ներառելու է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունները, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը:

«Ճանապարհաշինության ոլորտում ևս նախատեսվում են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ներառում են պետբյուջեի միջոցներով 2017թ. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում, շուրջ 50 կմ երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհների և դրանց վրա գտնվող կամուրջների, թունելների հիմնանորոգում»,-ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Ճանապարհաշինության ոլորտում՝ վարկային միջոցների ֆինանսավորմամբ, 2017 թվականին կշարունակվեն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» ներդրումային ծրագիրը, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման վարկային ծրագիրը, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ կմեկնարկի ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի կառուցման ծրագիրը»,-հավելեց Վահան Մարտիրոսյանը:

Թուրք պատգամավորը, որպես հզոր սփյուռքի օրինակ, նշել է Հայկական սփյուռքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփյուռք խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է «Dunyabulteni» լրատվական կայքը:

Ըստ Ermenihaber-ի՝ «Էմիգրանտի ընկալումից դեպի Սփյուռք. արտերկրում բնակվող թուրքերի քաղաքականությունը» խորագրով հանդիպման ժամանակ Եներօղլուն խոսել է համայնքների և իրենց հայրենի երկրի վրա նրանց ազդեցության մասին: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ մարդիկ ավելի հեշտությամբ ու հաճախակիությամբ են փոխում իրենց բնակության վայրը, անկասկած ամենակարևոր ուժերից մեկը սփյուռքն է դարձել:

«Սխալ չի լինի, եթե սփյուռքը դիտարկենք որպես երկիրն առաջ մղող, երբեմն էլ երկրի տնտեսությունը փրկող, անգամ հայրենիքն ուղղորդող, քաղաքականությունը որոշող ուժ»:

Ըստ Եներօղլուի՝ այդպիսի սփյուռքի հաջողված օրինակ է հայկական սփյուռքը: Բանախոսի խոսքերով, հայկական սփյուռքն իր պետությունից ավելի հզոր է և այդպիսով՝ Հայաստանի քաղաքականության վրա որոշիչ ազդեցության ունի: Որպես հաջողված սփյուռքի օրինակ` նա նշել է նաև հրեական սփյուռքը:

Անդրադառնալով Թուրքիային և թուրքական սփյուռքին՝ Եներօղլուն դժգոհել է, որ Թուրքիան չի օգտագործում արտերկրում բնակվող թուրքերի ներուժը, ավելին` նրանց անգամ սպառնալիք է ընկալում: Սակայն, ըստ նրա, արդեն սկսել են հասկանալ, թե՛ սփյուռքի դերը և թե՛ կարևորությունը:

Հայաստանն աջակցել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին

Հայաստանն աջակցել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին:

Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում:

Որոշման գրավոր հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը երկու երկրների օդային հաղորդակցության համար պատշաճ իրավական բազա կապահովի: Համաձայնագիրը կազմվել է տիպային նմուշի համաձայն եւ նախատեսում է օդային փոխադրումների երկկողմանի կարգավորում: Երկրներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր ավիաընկերություններին թույլ տալ սպասարկել հաստատված երթուղիները:

Կառլոս Պողոսյան. իրանահայ ներգաղթյալ, որը ԱՄՆ-ի ամենահաջողակ բժիշկներից է. Forbes

Forbes ամերիկյան հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Միացյալ Նահանգներում մեծ հաջողությունների հասած 7 ներգաղթյալների պատմությունը, որոնք ԱՄՆ են տեղափոխվել այն երկրներից, որոնց քաղաքացիների վրա տարածվում է Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքը:

ԱՄՆ-ում մեծ հաջողությունների հասած ներգաղթյալների թվում է նաև հայազգի Կառլոս Պողոսյանը: Պարբերականի փոխանցմամբ՝ Պողոսյանը ծնվել է Իրանում, բայց երբ հայրը կորցրել է բիզնեսը, նրա ընտանիքը 1986թ. մեկնել է Թուրքիա, որտեղից էլ՝ Կանադա: Կառլոսը Միացյալ Նահանգներ է ժամանել բժշկական կրթությունը շարունակելու համար:

Այսօր 44-ամյա Պողոսյանը Կոնեկտիկուտ նահանգի ամենահայտնի և հաջողակ բժիշկներից է, որտեղ նա ստեղծել է մանուալ թերապիայի մասնագիտացված կենտրոններ՝ Արցախպրեսի փոխանցմամբ՝  գրում է պարբերականը:

Նրա կլինիկայի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Բայց Պողոսյանը մտադիր չէ կանգ առնել և նախատեսում է ընդլայնել կլինիկաների ցանցը:

«Արցախ» ազգագրական պարերի համույթը բաց դասեր է կազմակերպում Ստեփանակերտում

«Արցախ» ազգագրական պարերի համույթի նախաձեռնությամբ այսուհետ Ստեփանակերտում իրականացվելու են բաց դասեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ» ազգագրական պարերի համույթի անդամ, պարուսույց Թամար Սարգսյանը նշել է, որ ամեն հինգշաբթի՝ ժամը 19:00-ին, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու պարի բաց դասերին կարող են այցելել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց, որտեղ էլ անց են կացվում պարապմունքները:

«Բաց դասերի առաջնահերթ նպատակներից մեկն այն է, որ պարը բեմից իջնի և իր տեղը վերագտնի հասարակության լայն շրջանակներում: Այս առումով, իմ կարծիքով մենք կարևոր աշխատանք են անում»,- ասել է Թ. Սարգսյանը: