Հաղորդագրություն

Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է  46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից: Ըստ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքի:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքերի շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երվանդ Փամբուկյանին և Շահան Գանտահարյանին

Փետրվարի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց անվանի պատմաբան, հայագետ, ՀՅԴ կուսակցության արխիվների պատասխանատու, խմբագիր Երվանդ Փամբուկյանին և «Ազդակ» օրաթերթի  գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Երվանդ Փամբուկյանի կատարած ազգանվեր գործունեությունը, արխիվային ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր նյութեր են սերունդների համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնախնդիրներին, Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է այդ ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները:  Շոշափվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումների հետևանքով հայկական համայնքների իրավիճակին ևՍփյուռքում հայապահպանությանն առնչվող հարցեր:

«Միայն սեփական հողի վրա ենք մեզ լիարժեք հայ զգում».Սալբի Բոշկեզենյան

Սալբի Բոշկեզենյանը Հալեպից առաջին անգամ Հայաստան է եկել բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: 1984-1989թթ. սովորել է ԵՊՀ  «Պատմություն» ֆակուլտետում, ապա ամուսնացել է և տեղափոխվել  Հոլանդիա:

«Երեք երեխա ունեմ: Երբ առաջնեկս չորս տարեկանում դպրոց գնաց, մեկ օր նեղսրտված տուն եկավ և բողոքեց, թե ինչու է բոլորի մազերը դեղին, իսկ իր մազերը՝ սև: Այդ ժամանակ հասկացա, որ երեխան ինքնության փնտրտուքի մեջ էր, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու էր նրան. ինքնության տագնապը օտար հողի վրա միշտ զգում ենք»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց հայրենադարձ Սալբի Բոշկեզենյանը, ով մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» հավաք-հանդիպմանը:

Սալբի Բոշկեզենյանը նշում է, որ Սփյուռքում ապրող մարդը երեք ճանապարհ ունի: Առաջին՝ օտար միջավայրում այլընտրանք չունենալով՝ ընտելանում է այնտեղի կյանքին և խառնամուսնության գնում, երկրորդ՝ ապրելով օտարության մեջ՝ հոգեբանական տագնապի է ենթարկվում և առողջական խնդիրներ ունենում, իսկ երրորդ ճանապարհը՝ հայրենադարձությունն է:

«Եթե ուզում ես զավակդ այդ տագնապը չունենա, պետք է նրա հետ Հայրենիք վերադառնաս. միայն մեր երկրում, սեփական հողի վրա ենք մեզ լիարժեք հայ զգում: Հայաստան եկա, որովհետև Սփյուռքը ժամանակավոր երևույթ է, իսկ ես ուզում եմ՝ թոռներս հայ ծնվեն և մեծանան: Այդ պատճառով էլ 2014 թվականին հայրենադարձվեցինք: Բնավ չէի մտածում, որ դրախտային մի երկիր էի գալիս. Հայաստանն ընդունում եմ իր դրական և բացասական կողմերով հանդերձ:

Քանի որ փոքր աղջիկս տեղափոխվելուց հետո մի փոքր դժվարություններ ունեցավ, հիմա զբաղված եմ նրան ուծացման վտանգից կանխելու և հայաստանյան կյանքին ինտեգրելու խնդրով»,-նշեց Սալբի Բոշկեզենյանը՝ հավելելով, որ շատ է ցանկանում Հոլանդիայում ձեռք բերած մանկավարժական փորձն ու գիտելիքները Հայաստանի  կրթական ոլորտում ներդնել:

Գևորգ Չիչյան 

 

ԵՊՀ-ում կնշվի Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 90-ամյակը

Փետրվարի 7-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էին Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախկին խմբագիր, անվանի պատմաբան և կուսակցական գործիչ Երվանդ Փամբուկյանը և «Ազդակ»-ի ներկայիս գլխավոր խմբագիր, անվանի լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Գանտահարյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի journalist.am կայք-էջից:

Մինչ ուսանողների հետ հանդիպումը` հյուրերը ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ քննարկել են մի քանի առաջնահերթություններ, մասնավորաբար պայմանավորվելով աշնանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում նշել «Ազդակ»-ի 90-ամյակը: Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարության հետ կկազմակերպվի հոբելյանական գիտաժողով, որին կմասնակցեն Հայրենիքի և Սփյուռքի անվանի խմբագիրներ, գիտնականներ և հրապարակախոսներ:

Դեկանի աշխատասենյակում քննարկումն ավարտելուց հետո խմբագիրները հանդիպում են ունեցել ֆակուլտետի ուսանողներին հետ:

%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b43 %d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b46

 2 3 45 6 7 89%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b412%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b419

ՌԱԿ-ի հրավիրած ասուլիսը Թեքեյան կենտրոնում

Փետրվարի 7-ին Թեքեյան կենտրոնում կայացել է Ռամկավար ազատական կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսը: «Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին» թեմայով ասուլիսին մասնակցել են ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Կարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը: Ներկա է եղել նաև ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ով հրավիրված չի եղել նախապես:

«Այսօրվա մեր ասուլիսի նպատակն է հանրությանը լուսաբանել, որ կա մեկ և միակ Ռամկավար ազատական կուսակցություն, որն ունի մեկ կենտրոնական վարչություն։ Մեր ասուլիսն ուղղված չէ որևէ անձի կամ դաշինիքի դեմ։ Մենք ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանն արդեն անդրադարձել է կատարվածին՝ մերժելով դաշինիքի մեջ ընդգրկել աշխարհասփյուռ ՌԱԿ-ը չներկայացնող խմբին։ Ջատագովելով հայրենիքի մեջ տեղի ունեցող ամեն միջոցառում, շեշտում ենք, որ ՌԱԿ-ը առայժմ քաղաքական կառույց չունի հայրենիքի մեջ և չպիտի մասնակցի 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին»,- ասուլիսին ասել է Լևոն Բլխյանը։

Հակոբ Ավետիքյանը, արձագանքելով Լևոն Բլխյանին, նշել է, որ ՀՀ օրենքի համաձայն իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը, և ոչ ոք չի կարող դա իրենց արգելել. «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը գրանցված է ՀՀ-ում, հետևաբար, ունի իրավական բոլոր հիմքերն ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն դաշինքին միանալու հարցում։ Դա մեր իրավասությունն է, դրսի կառույցները կարող են իրենց խոսքն ասել, սակայն որևէ բան արգելել չեն կարող»։

Ավետիքյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի կառույցներին ոտքի է հանել Հայաստանի իշխանությունը, որպեսզի դրանք դեմ դուրս գան ՀՀ ռամկավարներին և թույլ չտան միանալ ընդդիմադիր որևէ ուժի, այս կերպ ցանկանալով մոնոպոլիզացնել Սփյուռքը։

«Մենք Հայաստանի ներքին քաղաքական խաղերին չենք մասնակցում: Մենք Հայաստանում որևէ կառույցի հետ դաշինքներ չենք կազմում, ոչ էլ կցանկանանք ունենալ: Մենք Հայաստանի ներքին խնդիրներին չենք միջամտում: Տեղական ՌԱԿ-ի որոշելիքն է՝ մասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ, ում հետ գործակցեն: Մենք պարզապես պահանջում ենք, որ Հայաստանի մեջ ստեղծված կուսակցությունը մեր անունից հանդես չգա, թող հանդես գան որպես ՌԱԿ հայաստանյան կառույց, ոչ թե որպես կենտրոնական վարչություն կամ Սփյուռք,- մանրամասնել է Լևոն Բլխյանը և իր խոսքը եզրափակել հետևյալ հայտարարությամբ,- Մենք գործել ենք «Հավետ հայրենիքի հետ» նշանաբանով։ Մենք համոզված ենք, որ օգտակար լինելու համար ժողովրդին պետք է վարչաձևի հետ աշխատենք։ Սա չի նշանակում մեղսակից լինել, ամենևին։ Աշխատենք, գործակցենք, որպեսզի ժողովուրդը օգտվի։ Եթե մենք այդ ուղղության մեջ ենք և տեսնում ենք, որ այստեղի կուսակցությունը դեպի ընդդիմությունն է շարժվում և փորձում է Սփյուռքի հայությանն էլ դեպի ընդդիմություն տանել, մենք այստեղ մեծ վտանգ ենք տեսնում, որովհետև բևեռացումը, որը ստեղծում է Սփյուռքի և հայրենիքի ժողովրդի միջև, ո´չ Սփյուռքին է շահ բերում, ո´չ էլ հայրենիքին»:

 

Հայոց լեզուն հայի ինքնության անքակտելի մասն է, որի կորուստը հային կտրում է իր արմատներից

«Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է, որը գործնական հայրենասիրության մի տեսակ է: Աստվածատուր մեսրոպատառ հայոց լեզուն հայի ինքնության անքակտելի մասն է, որի կորուստը կամ չիմացությունը մեծավ մասամբ հային կտրում է իր արմատներից: Համացանցում հայերեն գրելն ամեն մեկի սրբազան պարտքը պետք է լինի, սկզբունքը և հստակ դիրքորոշումը: Անընդունելի են հայերեն չգրելու բոլոր պատճառաբանությունները, քանզի այսօր հեշտությամբ կարելի է այդ խնդիրը լուծել: Սա հարգանք է մեր լեզվի, ազգի, նախնիների և հենց մեր հանդեպ:

Ես բախտ եմ ունեցել որոշ ժամանակ ուսանել Դանիայում և մոտիկից ուսումնասիրել վիկինգների ժառանգներին: Ինձ ցայսօր էլ զարմացնում է նրանց նախանձախնդրությունն իրենց լեզվի, պետականության, թագուհու և պետական խորհրդանիշերի հանդեպ: Փորձի´ր դանիացուն օտար լեզվով ինչ-որ բան հարցնել, չի պատասխանի, քանզի պարտավոր ես իրենց երկրում դաներեն իմանալ: Սա ամեն դանիացու մտածողությունն է և սկզբունքը, որը նաև մեզ եմ մաղթում:

Տեսեք` ինչքան գումարներ ենք ծախսում, ջիգ ու ջանք ներդնում որևէ օտար լեզու սովորելու համար, բայց այս ամենը չպետք է լինի մեր մայրենի լեզվի հաշվին: Սիրե´նք և փայփայենք մեր լեզուն, քաջ տիրապետե´նք մայրենիին և այսուհետ միայն հայատառ գրենք համացանցում»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հավելենք, որ 2012 թվականից փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակն է Զոհրապ Եգանյանը: Առ այսօր շարժմանը միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, ովքեր հայատառ գրելու կոչեր են անում:

Հայ զինվորին շնորհավորում են բոստոնահայ աշակերտները

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային ամենօրյա վարժարանում դաս-ցերեկույթ է անցկացվել:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հայ զինվորին շնորհավորում են Երուսաղեմում ապրող փոքրիկները

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանի սաների նկարներն ու նամակները՝ ուղղված հայ զինվորին:

1-22-23 567 810-110-2 202122 23-124 2530 3335 4044 45

Փետրվարի 7-ը` համացանցում հայատառ գրելու օր

Փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվա նախաձեռնող Զոհրապ Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ նախաձեռնությունը մեկնարկել է 2012 թվականից, իսկ փետրվարի 7-ը պատահական է ընտրվել, որևէ հիմք չի եղել:

«Ընդամենն այդ օրը հրապարակեցի մի փոքրիկ տեքստ, որ այդ օրը սկիզբ դնենք վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի տարածմանը: Այն ժամանակ բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, թե չկան դրան նպաստող միջոցներ, սակայն այսօր կարող ենք ասել, որ լուծված է մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը»,-Panorama.am-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց նա:

Նախաձեռնության հեղինակը նշեց, որ այս ընթացքում իրենց միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, ովքեր հայատառ գրելու կոչեր են անում, անգամ Ազգային ժողովում նման կոչ է արել Թևան Պողոսյանը, իսկ բջջային օպերատորներից մեկն էլ իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ:

Այնուամենայնիվ, Եգանյանն ասաց, որ անցման տեմպերից այդքան էլ գոհ չէ. «Եվս մեկ անգամ խնդրում ենք բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ»։

Հանդիպմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս հարցին միայն ռազմահայրենասիրական մոտեցումներով լուծում տալ չի կարելի:

«Շատերը գրում են լատինատառ, զուտ գրագիտության պակասից ելնելով, քանի որ հայերենի դեպքում ուղղագրական հարցեր են առաջանում, գրում են լատինատառ՝ շատ սխալներից խուսափելու համար: Հարցերին պետք է կոմպլեքս նայել, Հայաստանում գիրք կարդում են շատ քիչ, ինչը ևս իր ազդեցությունն է ունենում: Այստեղ մեծ խնդիր ունի դպրոցը: Պետք է երեխաներին դպրոցում ստեղնաշարի վրա հայերենով տպել սովորեցնել: Մեր տառերը կրկնակի շատ են լատինատառից, ինչը ստեղնաշարի հետ աշխատելը դժվարեցնում է շատերի համար: Ընդհանրապես «Ինֆորմատիկա» առարկան ավելի պրակտիկ պետք է դարձնել»,-նշեց մասնագետը:

Զոհրապ Եգանյանը հավելեց, որ այստեղ մեծ դեր ունեն և շարունակելու են ունենալ լրատվամիջոցները. «Կայքերը բավական լուրջ կարող են ազդել հայատառը ընդլայնելու վրա, օրինակ թույլ տալ մեկնաբանություններ թողնել միայն հայատառով»:

40-thumb

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված համերգ Իսպանիայում

Փետրվարի 4-ին «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայի երաժշտական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված երիտասարդ ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանի մենահամերգըԵրևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողին նվագակցում էին վալենսաբնակ տաղանդավոր երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը: Հնչեցին ԿոմիտասիԷդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Դոլուխանյանի, Պյոտր ՉայկովսկուՊագանինիի և Բրամսի գլուխգործոցները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից՝ համերգին ներկա էր քաղաքապետարանի ներկայացուցչությունը՝ մշակույթի խորհրդական Պեպի Լուխանի (Pepi Lujan) գլխավորությամբ: Ավելի քան 200 հոգիանոց հանդիսատեսը բարձր ծափողջույններով ընդունեց Էդմոնդ Հովհաննիսյանին և նրան նվագակցող երաժիշտներին:

Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ համերգը նվիրվում է Հայոց բանակի հիմնադրման 25-ամյակին: «Մենք կողմնակից ենք, որ աշխարհի ոչ մի երկրում բանակի կարիք չլինի, սակայն մեզ պարտադրված պատերազմը Հայաստանին ստիպեց բանակ ստեղծել՝ պաշտպանելու համար մեր երկիրը, մեր մայրերին ու քույրերին, մեր հազարամյա օջախները: Այս բեմից հնչեց սեր և խաղաղություն, որը նվիրվում է մեր բանակին: Եվ նույնիսկ մեր բանակի հիմն է խաղաղորեն հնչում»,-նշեց միության նախագահը: Նրա խոսքին հետևեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Էդգար Աբրամյանի կատարմամբ և Միկոլա Դորոշի նվագակցմամբ:

Միջոցառումը եզրափակեց մշակույթի խորհրդական Պեպի Լուխանը, ով իր խորին երախտիքի խոսքն ուղղեց «Արարատ» հայկական միությանը: «Միությունը ևս մեկ անգամ մեզ զարմացնում է իր նորարար նախաձեռնություններով, որը մեր քաղաքն ու երկիրը դարձնում է ավելի բազմամշակույթ: Մենք մշտապես կանգնած ենք հայ ազգաբնակչության կողքին»,- հավելեց Լուխանը:

Հիշեցնենք, որ Միսլատայի կիրակնօրյա դպրոցի աշակերներն օրեր առաջ արդեն իսկ նամակներ էին հղել հայ զինվորին՝ դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Կարապետյանի գլխավորությամբ՝ իրենց սերն ու հարգանքը հայտնելով օրվա հերոսին՝ հայ զինվորին:

«Արարատ» հայկական միության հաջորդ միջոցառումը հանդիսատեսին կներկայացվի շուտով, որը կապված կլինի Մայրենիի օրվա հետ:

 

%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a11 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a12%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a14 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a15 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a16

Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետին

Փետրվարի 6-ին, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանն այցելել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերին: Այս մասին նշվում է Կանադայի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջում:

Համաձայն գրառման՝ այսօր առավոտյան քաղաքապետ Կոդերն ու արքեպիսկոպոս Չարյանը հանդիպել են և նախևառաջ քննարկել Քվեբեկ քաղաքի մզկիթում վերջերս իրականացված հարձակումը: Չարյանն իր ցավակցությունն է հայտնել Կոդերին և դատապարտել է այդ արարքը՝ ընդգծելով Կանադայում ու ամբողջ աշխարհում համերաշխության և խաղաղության կարևորությունը:

Արքեպիսկոպոսը պաշտոնապես իր շնորհակալությունն է հայտնել քաղաքապետին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր աջակցության ու համագործակցության համար՝ Մոնրեալ քաղաքին է նվիրելով հայ համայնքի երախտագիտությունը խորհրդանշող քանդակ: Քանդակը կանադահայ նկարիչ Կարեն Պետրոսյանի ձեռքի աշխատանքն է: Վերջինս բնակվում է Մոնրեալում: Քաղաքապետի ընտրությամբ՝ կորոշվի քանդակի տեղադրման վայրը:

Մոնրեալի 375-ամյակի կապակցությամբ արքեպիսկոպոս Չարյանը հայ համայնքի աջակցությունն է հայտնել տարվա ընթացքում կազմակերպվող նախագծերին և միջոցառումներին:

Այցի ընթացքում Բաբկեն արքեպիսկոպոսին ուղեկցել են Առաջնորդարանի գործադիր խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը, Մոնրեալի Սբ. Հակոբ Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռուբեն Աքարյանը, Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Կազանչյանը:

Աղբյուրը՝ http://noranor.ca

Բուխարեստում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում

Այս տարի լրացավ հայկական Ակօս թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10-րդ տարելիցը: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով ու հայրենասիրությամբ։ Այս օրերին ու շաբաթներին աշխարհի մի շարք երկրներում ու հայաշատ քաղաքներում տեղի ունեցան և դեռ շարունակվում են տեղի ունենալ հիշատակի միջոցառումներ ու բողոքի ակցիաներ, քանզի անցնող տասը տարիների ընթացքում Հրանտ Դինքի սպանությունը այդպես էլ չի բացահայտվել: Այս իրադարձություններին անմասն չէր նաև ռումինահայ համայնքը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից՝ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ փետրվարի 5-ին Բուխարեստում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում: Օրը սկսվեց Ս. Պատարագի մատուցմամբ: Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի, Ս. Պատարագ մատուցեց Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը: Ներկա էին նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ և ուրիշներ: Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս ընդգծեց Հրանտ Դինք մտավորականի, լրագրողի և մարդու մեծությունն ու կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը: Սրբազանը մասնավորապես նշեց. «Ժամանակը ի զորու չէր ամոքելու կամ մոռացության մատնելու այն խորը վերքը, որը պատճառվել էր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը: Այս օրերին ու անցնող շաբաթների ընթացքում աշխարհի մի շարք երկրներում ու հայաշատ քաղաքներում տեղի ունեցան և դեռ շարունակվում են տեղի ունենալ հիշատակի միջոցառումներ ու բողոքի ակցիաներ, քանզի անցնող տասը տարիների ընթացքում Հրանտ Դինքի սպանությունը այդպես էլ չի բացահայտվել: Ցավալի է, բայց միևնույն ժամանակ իրողություն է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն այդպես էլ ի հայտ չի բերել սպանության իրական կազմակերպիչներին՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով Թուրքիայում լրագրողների և առհասարակ մտավորականների նկատմամբ այլ բռնությունների և սպանությունների, ինչպես նաև խոչընդոտ հանդիսանալով դրանց բացահայտման համար: Այսօր Հրանտ Դինք անունը ոչ միայն չի մոռացվել, այլ շարունակում է ուժ տալ իր գաղափարակիցներին ու հետևորդներին»:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Հրանտ Դինքի հոգու հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Հոգեհանգստյան արարողությունից հետո ներկաները հավաքվեցին Դուդյան մշակութային տանը, ուր տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: Ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, գրող, քաղաքական մեկնաբան Պետրոս Հորասանջյանը, պատմաբան Սորին Անտոքին, Գաբրիել Արդրեեսկուն, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվեց Սրբազան Հոր օրհնությամբ ու բացման խոսքով: Սրբազանը մասնավորապես նշեց. «Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը: Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Լինելով հայ, Հրանտ Դինքը չէր պայքարում միայն հայ ժողովրդի պահանջատիրության համար, այլ ընդհանրապես պայքարում էր ամեն տեսակ անարդարության ու ապօրինությունների դեմ, մարդու իրավունքների ոտնահարման ու զանազան բռնությունների դեմ:

Սակայն, ինչպես շուրջ 100 տարիներ առաջ, այնպես էլ այսօր, ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար»:

Այնուհետև ելույթներ ունեցան դեսպան Համլետ Գասպարյանը, Սորին Անտոքին, Վարուժան Ոսկանյանը և Պետրոս Հորասանջյանը: Վարուժան Ոսկանյանը մասնավորապես շեշտեց այն հանգամանքը, որ Թուրքիան երբևէ չի կարող դառնալ դեմոկրատ երկիր, քանի դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, երբևէ չի կարող դառնալ Եվրոմիության անդամ, քանի դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Մեկ անգամ ևս փաստվեց այն հանգամանքը, որ քանի դեռ ոճրագործները չեն պատժվել, բռնություններն ու ապօրինություները շարունակելու են խաթարել մարդկության խաղաղ ընթացքը: Միևնույն ժամանակ հույս և վստահություն հայտնվեց, որ ի վերջո արդարությունը հաղթանակելու է, ինչպես վաղուց արդեն հաղթանակել է մեծ լրագրողի ու մտավորականի գաղափարախոսությունը:

Միջոցառումն ավարտվեց Առաջնորդի աղոթքով՝ հայցելով հանգստություն ու խաղաղություն Հրանտ Դինքի անմահ հոգու համար, հայցելով նաև Բարձրյալի օգնականությունն ու պահպանությունը Հրանտ Դինքի ընտանիքի, հարազատների ու գաղափարակիցների անվտանգության ու խաղաղ ընթացքի համար:

%d5%a2%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%bd%d5%bf5%d5%a2%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d6%80%d5%a5%d5%bd%d5%bf6

 

«Արցախի ձայներ»-ը հյուրախաղերով հանդես կգա Իրանում

«Արցախի ձայներ» երաժշտական համույթը փետրվարի 8-ից համերգային ծրագրով հանդես կգա Իրանի Իսլամական հանրապետությունում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը և նշել, որ համույթի հիմնական կազմում ընդգրկված է 13 հոգի:

Լ. Քոչարյանի խոսքով, անցած տարին համույթի համար եղել է ձեռքբերումների տարի: ««Մանկական Նոր ալիք-2016» մրցույթում համույթի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշան) մասնակցել և գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը: Խմբի անդամ 10 տարեկան Լևոն Գալստյանն էլ հանդես է եկել «Ռուսաստանի ձայն» նախագծում և բարեհաջող անցել առաջին փուլը: Ներկայացվել է նաև «Հորովել» տեսահոլովակը: Մասնակցել ենք նաև հանրապետությունում կազմակերպված մի շարք միջոցառումների»,- ասել է  Լ. Քոչարյանը:

Խոսելով այս տարվա անելիքների ու ծրագրերի մասին Լ. Քոչարյանը նշել է, որ հյուրախաղերի հրավերներ ունեն Մոսկվայից, Արգենտինայից, Բրազիլիայից:

««Նոր ալիք 2017» մանկական մրցույթին ենք նախապատրաստվում: Ծրագրեր ունենք խմբային և անհատական, հիմնականում հայկական, նոր երգերի տեսահոլովակների նկարահանումներ իրականացնելու: Պատրաստվում ենք նաև մայիսի 9-ի համերգային ծրագրերին»,- մանրամասնել է Լ. Քոչարյանը և ընդգծել, որ նախագծի հիմնական նպատակն է Արցախում հայտնաբերել ու զարգացնել շնորհալի երիտասարդներին՝ այդպես ներկայացնելով Արցախը, Արցախի մշակույթը և արցախցուն:

Լ. Քոչարյանը  նշել է  նաև, որ համույթը կարող է ավելին անել, սակայան  համապատասխան մշտական շենքային պայմաններ, ինչպես նաև մի շարք չլուծված խնդիրներ  ունեն: