Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի բանաստեղծությունները կապրեն սերունդների համար

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի երազանքը կյանքի է կոչվում. 2017 թվականին կհրատարակվի նրա բանաստեղծությունների ժողովածուն:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:

«Արդեն հաստատված է, որ պետական աջակցությամբ լույս է տեսնելու ժողովածուն: Այն, հավանաբար, արդեն ամռանը, միգուցե ավելի շուտ պատրաստ կլինի: Հրատարակվելու է 200 օրինակով»,-ասաց Շանթ Մկրտչյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում հերոսի ծնողները պատմել էին, որ Բագրատը շատ էր սիրում ստեղծագործել, ուներ մի շարք բանաստեղծություններ: Գրում էր ամեն ինչի մասին՝ «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ», «Ափսոսանք» եւ բազում նման վերնագրերով: Ծնողները դիմել էին եւ՛ Մշակույթի նախարարություն, եւ՛ Գրողների միություն այն հույսով, որ որդու բանաստեղծությունները կհրատարակվեն եւ հասանելի կլինեն ընթերցողներին: Դա Բագրատի միակ երազանքն էր:

Բագրատ Ալեքսանյանը  հերոսական պայքար էր մղել  Ջրականում (Ջաբրայիլ) եւ նահատակվել հերոս ընկերների հետ միասին:

Սյուզի Մուրադյան

 

ՀՀ սահմանամերձ զորամասերում դասական երաժշտություն կհնչի

Օպերային թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները փետրվարի 9-ին ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում։ Միջոցառումներն իրականացվում են «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի՝ «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ելույթները կղեկավարի նախագծի հեղինակ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Նախաձեռնողները ծրագրի միջոցով ցանկանում են հայ զինվորին մոտեցնել դասական արվեստն ու վստահեցնել նրան, որ մշակույթի այս ոլորտի գործիչները ևս զինվորի կողքին են:

«Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցում զինվորի ոգին բարձր պահելուն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը»,-վստահեցնում են նախագծի հեղինակները:

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են՝ «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն:

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Փետրվարի 6-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:

Դեսպանը կարևորեց այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվեց բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը:

Նշվեց վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը:

Վարչապետ Հարիրին ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:

Կողմերը քննարկեցին 2017թ. hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները:

ՊՆ-ն լույս է ընծայել Արցախյան ազատամարտի «Եռաբլուր»-ում հանգչող զոհերի կենսագրությունն ամփոփող ժողովածու

Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր:

Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։

Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գիրքը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական  հանձնախմբի երկամյա ջանքերի ու  պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները: Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել են ու ամբողջացրել գիրքը։

«Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:

Ներկա և ապագա սերունդների համար գրքում ներկայացված կենսապատումները ամփոփ և յուրահատուկ դասագիրք է` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:

«Հուշամատյան ոգեկոչման» գրքի ստեղծման գործում անգնահատելի աջակցության են ցույց տվել սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ղեկավարները, «Երկրապահ կամավորականների միությունը», կամավորական ջոկատների հրամանատարները, զոհվածների ընտանիքները և մարտական ընկերները:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեկոչման» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 29-ին` Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ընդունելության ժամանակ Ընդունելության հրավիրվածների թվում էր նաև գրքի հովանավոր, սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը: Արժեքավոր հրատարակության գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը բարերարին պարգևատրել է գերատեսչական «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Արգենտինահայ ճանաչված լրագրողը միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Ղարաբաղի» համար համահայկական շարժմանը:

Լրագրողը «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ իր կատարած աշխատանքները, ինչպես նաև խոսել է համահայկական շարժման մասին.

«Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:

Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:

Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:

Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը»:

 

 

 

 

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-12 տարեկան աշակերտների ընդունելություն՝ հարցազրույցի ձևաչափով:

Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

– Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ),

– Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ),

– Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,

– Ծնողի/խնամակալի կողմից լիազորագիր՝ վավերացված նոտարի կողմից,

– Լուսանկար 4 հատ, որից 2-ը՝ (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի  վրա),  իսկ մյուս 2-ը՝ (3 x 4)

– Մկրտության վկայական,

– Փոստային հասցե:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2017 թ. փետրվարի 6-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Տեղեկությունների համար

  1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
  2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլ.հասցեին

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկութ-յունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in/

https://web.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy/  կայքէջերում:

Սփյուռքահայ երիտասարդն Արցախում գտավ իր սերը

Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր հայրենադարձ իր պատմությունն ունի: Դրանք տարբեր են ու ինքնատիպ, ինչպես աշխարհի տարբեր երկրներում ծնված ու մեծացած հայերը, որոնց Հայաստան է բերել նման, միևնույն ժամանակ այնքան տարբեր ճանապարհները:

«Հայերն այսօր»-ի ստորև ներկայացված պատմության հերոսը հորդանանահայ Կարո Սերպեկյանն է:

Հայաստան վերադառնալը միշտ մտքումս է եղել…

Կարո Սերպեկյանը Հորդանանում տաս տարի հաշվապահ է աշխատել, նաև՝ երաժշտությամբ զբաղվել (ջազ խմբում  է նվագել), ձայնագրության ստուդիայում տարբեր աշխատանքներ կատարել:

Ծնվել ու ապրել է հայրենիքից հեռու, սակայն Հայաստան վերադառնալը միշտը Կարոյի մտքում է եղել՝ դառնալով երազանք, որն ամեն կերպ ձգտել է իրականություն դարձնել:

Որպես զբոսաշրջիկ՝ Հայաստան առաջին անգամ երկու շաբաթով եկել է 2007 թվականին: 2014 թվականին բախտ է վիճակվել այս անգամ բարեկամի հարսանիքին ներկա գտնվել:

Մինչ հայրենադարձվելը՝ համացանցի միջոցով աշխատանքային փնտրտուքների մեջ է եղել, քանի որ որոշել էր անձնական բիզնես դնել և ներդրումներ կատարել Հայաստանում:

Իհարկե, նրա ճանապարհին դժվարություններ հայտնվել են. չէ՞ որ իր համար Հայաստանը, այնուամենայնիվ, անծանոթ երկիր էր: Նա ծանոթ չէր մարդկանց մտածելակերպին, գործող օրենքներն ու բիզնես դաշտը չգիտեր, բայց , այդուհանդերձ, չի ընկրկել…

«Դեպի Հայք» հիմնադրամի ծրագիրն է եղել վառվող այն ջահը, որի հետքերով Հայաստան է եկել:

«Դեպի Հայք» ծրագրին մասնակցել է այն հույսով, որ կկարողանա կապվել Հայաստանին, աշխատանքային, մասնագիտական փորձ կունենա, նոր ընկերական շրջապատ ձևավորի՝ ոտքի վրա ամուր կանգնելով Մայր հողին: «Դեպի Հայք»-ի կամավորական ծրագիրը վեց ամիս է տևել, որի ընթացքում աշխատել է Երևանում և Արցախում:

Զգում էի, որ ամեն ինչ լավ է լինելու…

Հայրենադարձվելու միտքը Կարոյի հարազատներն ու ընկերները «խենթ» ու համարձակ քայլ են համարել: Հիմնականում երկու քույրերն են քաջալերել: Մայրն Աստծո կամքին է թողել որդու որոշումը, իսկ հայրն ասել է, որ չնայած համաձայն չէ, բայց միշտ պատրաստ է աջակցել նրան:

«Ծնողներիս անհանգստությունն ինչ-որ տեղ հասկանալի էր ինձ համար. Հորդանանում կայացել էի, աշխատանք ունեի և հանկարծ այդ ամենը թողնելով՝ անհայտության ուղիով որոշում եմ Հայաստան գալ՝ նոր էջից կյանքս սկսելու»,-անկեղծանում է Կարոն՝ հավելելով, որ հոգու ձայնին է հետևել և Աստված է Հայաստան գալու ճանապահը բացել իր առջև. զգում էր, որ ամեն ինչ լավ է լինելու:

6

Միանգամից սիրահարվեցի Արցախին…

Կարոն նպատակ ուներ ապրել Երևանում կամ Դիլիջանում: Սակայն մտադրությունը հիմնովին փոխվել է, երբ «Դեպի Հայք» հիմնադրամի 4 շաբաթվա կամավորական ծրագրով Արցախ է գնացել:

Սփյուռքահայ  երիտասարդը  երբեք չէր եղել         Արցախում, ուստի միանգամից համաձայնել է գնալ, սակայն մտքով չէր էլ անցնում, որ Արցախում երբևէ խոր արմատներ կգցեր:

Կարոն շատ է հավանել Ղարաբաղը. յուրատեսակ հարազատ և հոգևոր միջավայր է ստեղծվել շուրջն այն աստիճանի, որ մտածել է Արցախում որևէ գործ նախաձեռնել:

Երևան գալով՝ գինետներից մեկում հանդիպել է իր ընկերներից մեկին՝ գիտ-էքսկուրսավար Նաիրա Իսրայելյանին, և երկուստեք քննարկման արդյունքում՝ որոշել են Արցախում սրճարան  բացել:

«Մուկլիմանդիլ» սրճարանի բացումը շառաչուն ապտակ էր ազերիներին…

«Մուկլիմանդիլ» ղարաբաղյան բարբառով սարդոստայն է նշանակում: Այսինքն՝ ցանկանում ենք յուրատեսակ ցանց ստեղծել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերի միջև, որպեսզի մարդիկ գան և իրենց հանգիստն անցկացնեն գեղատեսիլ Ստեփանակերտի մի գողտրիկ անկյունում: Սրճարանը նաև իր դռներն է բացում օտարերկրացիների առջև, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում աշխարհի մակարդակով Արցախն ավելի ճանաչելի դարձնել:

Սրճարանում մտերմիկ մթնոլորտում տեղի են ունենում բազմապիսի միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, պարի դասընթացներ, քննարկումներ, դասախոսություններ, կինոդիտումներ և այլն:

Սրճարանի բացումը նախատեսված էր 2016 թվականի ապրիլին, սակայն հայտնի դեպքերից հետո այն բացվեց մայիսի 16-ին: Ինչպես վստահեցնում է Կարոն, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակառակ Արցախում տիրող ճնշող իրավիճակին՝ ժողովրդի կողմից զարմանալիորեն ջերմ ընդունելության են արժանացել, որից շատ են հուզվել:

«Սրճարանի բացումը նաև շառաչուն ապտակ էր՝ ուղղված ազերիներին: Ուզում էինք ցույց տալ, որ թշնամին մեզ ծնկի չի կարող բերել. որքան էլ փորձի սահմանին սադրիչ գործողություններ իրականացնել, մենք ավելի կհամախմբենք՝ հզորացնելու Հայաստանն ու Արցախը»,-նշեց Կարոն:

52

Հայրենադարձությունն ամենամեծ պարգևը տվեց՝ իմ բախտը գտա Մայր հայրենիքում…

Կարոն անհուն ուրախությամբ է խոսում այն մասին, որ հայրենադարձությունն իրեն ամենամեծ պարգևն է տվել, իր բախտն է գտել Մայր հայրենիքում:

Սովորական մի օր էր, նույնիսկ հստակ հիշում է՝ չորեքշաբթի, երբ գիտ-էքսկուրսավար Սյուզաննա Շահնազարյանը Երևանից զբոսաշրջիկների խումբ էր բերել սրճարան:

Միմյանց հետ ծանոթանալուց հետո, կողքի սեղանների մոտ նստած երիտասարդների հետ ուրախ ընկերախումբ կազմելով՝սկսել են զրուցել, նվագել և ուրախ ժամանակ անցկացնել: Այդ հանդիպումն էլ պատճառ է դարձել, որը նրանց միջև զգացմունք ծնվի:

«Սյուզաննան մասնագիտությամբ սրտաբան է, և նրան հաջողվեց «սիրտս գողանալ»,-ժպիտով պատմեց  Կարոն:

Կարոն ու Սյուզաննան արմատներով Ղարաբաղից են, և գուցե հենց արյան կանչն է նրանց, նախախնամության շնորհիվ, Ղարաբաղ հասցրել, որպեսզի այնտեղ նրանք սիրահարվեն միմյանց, ամուսնան ու հայկական գեղեցիկ ընտանիք կազմեն:

 Նշենք, որ երիտասարդ զույգը վերջերս նշանվել է և ամռանը պատրաստվում է ամուսնանալ:

1

Կարոյին հանդիպելով՝ հրաժարվեցի լքել Հայաստանը…

«Կարոն պարզապես երկրորդ ընտրության հնարավորություն չտվեց, նա սեր խոստովանեց ինձ և ասաց՝ որքան անհրաժեշտ է, կսպասի պատասխանիս: Իհարկե, մարդկային այլ հատկանիշներով և քայլերով էլ գրավեց ուշադրությունս. շատ գեղեցիկ ռոմանտիկ առաջարկություն է արել (միմյանց նայելով՝ ծիծաղում են-հեղ):

Աշխատանքի բերումով պարբերաբար շփվելով սփյուռքահայերի հետ՝ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել նրանց նկատմամբ: Միշտ հիացել եմ սփյուռքահայերի հայրենասիրությամբ ու ազգային պատկանելիության վառ դրսևորումից:

Ի վերջո, Կարոյին հանդիպելով՝ հրաժարվեցի լքել Հայաստանը. արտերկրից աշխատանքային տարբեր առաջարկներ ունեի, բայց Կարոն աչքերս բացեց՝ ասելով.«Մի գնա՛, մնա՛ Հայաստանում և գնահատի՛ր ունեցածդ»,-ասաց Սյուզաննան:

7

Հայաստանն ինձ համար միլիոն Ամերիկա արժի…

Կարոն Հայաստանը լքող մարդկանց խորհուրդ է տալիս սթափ ուղեղով մտածել՝ արդյո՞ք ճիշտ են վարվում, թե՞ ոչ, նոր միայն այդ քայլին գնան:

Հայաստանում, իհարկե, դժվարություններ կան, բայց, ինչպես Կարոն է խորհուրդ տալիս, պետք է հասկանալ, որտեղ էլ գնան՝ այդ դժվարություններին բախվելու են:

Նա «Green card» ունի շահած, մի քանի անգամ եղել է Ամերիկայում, տեսել է ամերիկյան շքեղ կյանքն ու հիմա առանց մեկ րոպե տատանվելու՝ ասում է, որ Հայաստանն իր համար միլիոն Ամերիկա արժի՝ իր առավելություններով ու թերություններով: Մաքուր օդը, համեղ ուտելիքներն ու քաղցրահամ մրգերը երբեք չես գտնի Ամերիկայում:

 «Հայ նոր սերունդը շատ խելացի ու կազմակերպված է: Միանշանակ կարող ենք հույսը նրանց վրա դնել. մեր երիտասարդների շնորհիվ՝ Հայաստանի ապագան լուսավոր է լինելու: Մնանք ու շենացնենք Հայաստան աշխարհը»,-լավատեսական տրամադրությամբ զրույցն ամփոփեց Կարո Սերպեկյանը:

Գևորգ Չիչյան

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

Արդ, Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալեաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական կերպով մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում: Իսկ երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` տրված Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, ով որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվերի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում սույն փաստաթղթերն օսմանյան արխիվում գտած, արևմտահայերեն թարգմանած և Akunq.net-ին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանին:

Akunq.net

1-2 3

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Փետրվարի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց առաջիկա շաբաթվա՝ հաջողակ բիզնեսմենների և տուրօպերատորների հետ հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը: Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

30-01-17

Ես ի՞նչ եմ անում Արցախի համար

«Ես  ինչ եմ անում Արցախի համար» վերնագիրն անսովոր  թվաց  7-րդ ա  դասարանում սովորող  աշակերտներին, ովքեր մտածում են, թե  իրենք այդ տարիքում ինչ կարող են անել  հայրենիքի համար: Բայց որոշ  բացատրական աշխատանք տանելուց հետո հասկացա, որ   նրանք կկարողանան շարադրել  իրենց մտքերը:  Եվ շուտով Նարեկ Բաղրյանի շարադրանքն  ուշադրությանս  արժանացավ,   մտասևեռ  նայեցի նրան ու մտորում, թե որքանով են տողերը  համահունչ  արձագանում նրա հոգու  ձայնին: Կարծես  հենց դրա՛ն էլ սպասում էր, անմիջապես հակադարձեց  ինձ`  երևի հասկանալով  իմ տարակուսանքն ու  ոչ  հաստատուն կեցվածքը,  թե արդյո՞ք  ինքն է  շարադրել այս մտքերը.  «Արցա՛խ աշխարհ,  ադամանդե լեռների վրա վեր խոյացած երկնասու՛յզ երկիր, աշխարհների մեջ անպարտելի կանգնած  իմ դրա՛խտ  լեռնաշխարհ, դու լույսի՛, ազնիվի՛  և մաքրությա՛ն ջրաբաշխ, այդ  քո լեռներից   են  սահանքում գետերդ`   տանելով  ու   սփռելով բարբարոսների  հողերի  վրա   բարություն  և օրհնություն»:

Այս տարիների  ընթացքում, առայսօր  էլ,  աշխատասեր  ու  նպատակասլաց է նա,  ջանքեր  չի խնայում`  արդարացնելու  իրեն՝ նույնիսկ արտադասարանական միջոցառումներում, որտեղ,  հայրենյաց պաշտպանի  իր կերպարին  հավատարիմ, ամեն անգամ խրոխտ    տողերով  ազդարարում է  այս հողին ու  ջրին   հաստատուն  կանգնած  նոր սերնդի  ոգեշունչ  խոսքը. «Ես սիրում եմ քեզ, իմ եդեմակա՛ն Արցախ: Ամիսներ առաջ կարծում էի, թե հայրենասիրությունը հատուկ է միայն ընտրյալներին:  Սակայն ապրիլյան սև օրերը մեկ անգամ էլ ապացուցեցին, որ բոլորս ենք սիրում այս մի բուռ երկիրը,  որովհետև  ուրիշ երկրներն այսքան ցավատանջ  ու քարաշատ չեն,  և  ոչ  էլ`  այսքան  վտանգված:  Կա՞ արդյոք  ավելի դժբախտ, ավելի արյունոտված  մի   երկիր, քան դու ես,  իմ սու՛րբ Արցախ: Անթիվ ու անհամար թշնամիներ  եկան հարավից և հյուսիսիսց, արևելքից և արևմուտքից, թունավոր օձերի պես խրվեցին քո մարմնի մեջ՝ դարեր շարունակ ծծելով քո ազնիվ արյունը:  Թշնամին եկավ քո տունը, սպանեց  եղբորդ  և տեր  դառնալով  քո  հողին ու տանը`   իր մահաբեր նիզակը ցցեց քո սրտում:  Սակայն, իմ հրաշագե՛ղ երկիր, չաղավաղվեց քո   հոյակապ  լեզուն,  չնվաստացավ  քո  արվեստը  և  քո  ստեղծագործ  հոգին  չշղթայվեց»:

Այս շարադրության տողերը  դաջվեցին իմ հոգում, բայց չէի համարձակվում  այն տեսանելի դարձնել:  Դպրոցում  օրեր  առաջ  հող հայրենիին նվիրված  մի  բեմադրությունից հետո  Նարեկի մայրիկը համեստորեն արձագանքեց  որդու  շարադրության մասին, թե որքան է   նա  «չարչարվել»,  որ ուսուցչուհու մոտ արդարացնի իրեն՝ իր ստեղծագործական  մտքերով. «Այսօր ես ինձ եմ հարցնում, թե հայապահպանության գործում ի՞նչ կարող եմ անել, որ իմ մի բուռ դարձած  երկիրը չկործանվի: Ես ապրում եմ քո գրկում ու խոստանում եմ, որ  երբեք չեմ լքի իմ երկիրը: Մենք կհարատևենք դարեր շարունակ, և մեր լեզուն, մեր  հավատը կապրեն  հավերժ,  ու միշտ կծածանվի մեր եռագույնը: Ես ապրում եմ այստեղ, որովհետև հայրենասիրական ոգով եմ դաստիարակված:  Դա  ինձ համար սահմանին կանգնած և երկրիս խաղաղ գիշերն ու անխռով առավոտը հսկող քաջ եղբայրներիս սիրելն է, նրանց  գնահատելն ու իմ ազգի անունը ամեն տեղ բարձր պահելն է, և նույնիսկ  հարկ եղած դեպքում`  կյանքս չեմ  խնայի   հանուն հայրենիքի:   Ես  էլ ունեմ երազանքներ, որոնք անպայման ի կատար կածվեն: Ուզում եմ դառնալ ծրագրավորող, բայց  ինչ էլ դառնալու լինեմ,  ես կվերադառնամ իմ Հայրենիք:  Վստահ եմ՝ ոչ մի թուրք չի կանգնեցնի  մեզ, քանի որ մենք վաղվա հերոսներն ենք և կանենք ամեն ինչ` մեր Արցախը  շենացնելու համար»:

Վերջերս Մարտակերտի կենտրոնական գրադարանում  կազմակերպված  հայրենասիրական  միջոցառմանը նա  ակտիվ մասնակցություն ունեցավ, հետո ես  Նարեկին առաջարկեցի  առանձին նկարվել: Նրա  հարցական հայացքն ուղղվեց ինձ, բայց նկատեցի  նաև  իմ աշակերտի անսահման մեծ  ուրախությունը… Ամենևին չզարմացա, երբ ասաց, որ  եռագույնի մոտ  է նկարվել… Հուսամ, իրեն տեսնելով  այստեղ,  հրաշալի անակնկալ կլինեմ մատուցած  ապագա  հայրենյաց պաշտպանին:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  

%d5%b6%d5%a1%d6%80%d5%a5%d5%af2%d5%b6%d5%a1%d6%80%d5%a5%d5%af3

 

 

ՀԱՀ մագիստրատութայի ուսանողները առաջարկում են անգլերենի դասընթաց «Մեր տունը» ՀԿ-ին

 Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների մագիստրոսական ծրագիրը`

Ուսուցանել Անգլերենը, որպես Օտար Լեզու

  Էջմիածին, Հայաստան- Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մագիստրատուրայի երկու ուսանողներ անցկացնում են` Ուսուցանել Անգլերենը, որպես Օտար Լեզու, իրենց մագիստրոսական թեզի ավարտական ծրագիրը «Մեր տունը» ՀԿ-ում: Ալվարդ Կարապետյանը և Տաթևիկ Հարությունյանը ներկայացնում են անգլերեն լզվի նոր դասընթաց, որը հատուկ կազմված է «Մեր տունը» ՀԿ-ի բնակիչների կարողությունների և հետաքրքրություններ հիման վրա:

Այս համագործակցության նպատակն է Մեր տունը ՀԿ-ին տրամադրել անգլերեն լեզվի ծրագիր, որը կարող է դասավանվել կանոնավոր կերպով, համապատասխանում է աղջիկների նպատակներին, և նախատեսված է բարելավելու անգլերենի իմացությունը: ՀԱՀ մագիստրատուրայի ֆակուլտետի խորհրդականներն են պրոֆեսոր` Իրշատ Մադյարովը և Գալուստ Մարտիրոսյանը:

 Ուսուցումը ընգրկելու է թեմաներ և իրավիճակներ, որոնք ուղղված են ընդլայնելու հնարավորություններն ու ձեռներեցությունը: Մասնավորապես, «Մեր տունը» ՀԿ-ի բնակիչները կսովորեն լեզուն, որը կօգնի նրանց պրակտիկայում և աշխատանքում, ինչպես նաև համագործակցել հյուրերի հետ, որոնք այցելում են «Մեր տունը» ՀԿ ողջ տարվա ընթացքում:

Ալվարդը և Տաթևիկը դասավանդում են անգլերենի կուրս, որըն իրենք են կազմել և զարգացրել: Նրանցից յուրաքանչյուրը կդասավանդի կուրսը 20 ժամվա ընթացքում: Պիլոտային ծրագրի վերջում Ալվարդն ու Տաթևիկը կներկայացնեն իրենց ծրագրի վերջնական արդյունքները:

  Թեզի ծրագիրը, որոնք տարբեր է են համալսարաններում, սովորաբար ավելի “փորձարարական” ծրագրեր են, որտեղ ուսանողները օգտագործում են այն ամենը ինչ սովորել են իրենց մագիստրոսական ծրագրի ընթացքում և կիրառում են այն ուսումնասիրելու մի կոնկրետ գաղափար:

«Մեր տունը» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ասել է,-  « Մենք շատ ուրախ ենք, որ Ալվարդն ու Տաթևիկը որոշել են  աշխատել   «Մեր տունը» ՀԿ-ի աղջիկների հետ: Մենք ուրախ ենք ՀԱՀ-ի հետ այս նոր համագործակցության համար, և հուսով ենք, որ սա բազմաթիվ համագործակցություններից  է ապագայում»:

  Դոկտոր Մադյարովը ասել է, -« Մեր  մագիստրոսական ծրագրում, մենք կոչ ենք անում մեր ուսանողներին հանձն առնել այն ծրագրերը , որոնք անդրադառնում են իրական կյանքի խնդիրներին և դրական ազդեցություն կունենան համայնքի վրա: Մենք ոգևորված  ենք Ալվարդի և Տաթևիկի նախագծի համար և շնորհակալ ենք «Մեր տունը» ՀԿ-ին մեզ դիմելու համար»:

«Մեր տունը» ՀԿ-ի առաքելությանը իրենց աջակցությունն են ցուցաբերում շատ կորպորատիվներ, կազմակերպություններ և անհատներ: «Մեր տունը» ՀԿ-ի գործընկերներն են՝ ԱՄՆ-ի դեսպանատան Կանանց Մենթորական Ծրագիրը, , Լիտվայի դեսպանատունը, «Մայքրոսոֆթ» Հայսատանը, ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏԸ, Հայ Օգնության Ֆոնդը (FAR), Ծնողազուրկ Հայ երեխաների Օգնության Միություն(SOAR),  Էջմիածնի քաղաքապետարանը, Գավառի մանկատուը, Վանաձորի մանկատունը, Հայաստանի Ծառատունկ Ծրագիրը, Հայաստանի Ակնաբուժական Ծրագիրը (AECP),ՍՕՍ մանկական գյուղը և Սբ. Հովհաննես հայկական եկեղեցին – Դեթրոյիթի Կանանց Միությունը:

  «Մեր Տունը» ՀԿ-ն հանդիսանում է ջերմ օջախ 18-ից 24 տարեկան ծնողազուրկ և անապահով երիտասարդ  աղջիկների համար: Մեր առաքելությունն է կրթել և զինել նրանց հմտություններով, որպեսզի կարողանան ինքնուրույն ապրել հասարակության մեջ: Կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը ղեկավարում է ծրագրի ամենօրյա գործունեությունները:

  «Մեր Տունը» ՀԿ-ն գտնվում է Էջմիածնում: Այն գրանցված,շահույթ չհետապնդող կազմակերպություն է ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգում և հասարակական կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում: Այն չունի քաղաքական կամ կրոնական պատկանելիություն:

 Նվիրատվությունների համար խնդրում ենք այցելել www.mer-doon.com  սեղմել “Donate” կոճակը։ Տեղեկությունների համար կապվեք www.mer-doon.com ։ Շնորհակալ ենք։

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը. ԱԳ նախարար

Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:

Թաիլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Թաիլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:

Քննարկվեց երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ արվեց միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերի՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խրախուսման շուրջ։ Երկուստեք շեշտվեց զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը և այն բացահայտելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վարշավայում

Փետրվարի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում Հայկական հիմնադրամի հետ համատեղ Վարշավայում կազմակերպեցին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց Վարշավայի կենտրոնում` մարշալ Պիլսուդսկու անվան հրապարակում, որտեղ ԼՀ կառավարության, ԼՀ Ազգային պաշտպանության նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, մի շարք տեղական իշխանությունների և կազմակերպությունների անունից զինվորական կարգով և հանդիսավորությամբ ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատոր, ԼՀ կառավարության աշխատակազմի պետական քարտուղար Աննա Մարիա Անդերսը, ԼՀ Ազգային պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:

Միջոցառման հանդիսավոր մասը տեղի ունեցավ Վարշավայի կայազորի սպայի տանը, որտեղ կազմակերպվել էր տոնական ընդունելություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ Լեհաստանում հայկական բանակի 25-ամյա հոբելյանը նշվում է` արժևորելով և գնահատելով նաև այն հայ սպաներին և զինվորականներին, ովքեր յոթ տասնամյակ առաջ բացեցին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի դռները:

Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, որից հետո ցուցադրվեց հայազգի Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

Միջոցառմանը զուգահեռ սպայի տան ցուցասրահում կազմակերպվել էր «Հայերի ծառայությունը Լեհաստանին» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում Լեհաստանի պաշտպանության կազմակերպման գործին իրենց մասնակցությունը ցուցաբերած հայազգի գործիչների և զինվորականների մասին տեղեկություններ:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Լեհաստանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: