«Որտեղ էլ , որ բեմ ելնեմ, շուրթերիս հա՛յ երգն է, հոգումս՝ Հայաստանը». Արսեն Գրիգորյան-Մրո

 ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեր օրերի հայրենադարձածները՝ տուն դարձածները» հավաք- միջոցառման շրջանակներում  հրավիրվածների շարքում էր նաև հայտնի ու սիրված երգիչ Արսենը Գրիգորյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցի ընթացքում անկեղծորեն հիացա Արսենի պատասխաններով, նրա հոգում այրվող հայրենասիրական  անեղծ, հայաշունչ զգացումների  տարափով, որոնք Արսեն Գրիգորյանը  կարողանում է լավագույնս արտահայտել իր  չափազանց  տպավորիչ կատարումներով: Հայրենասիրական  բնույթի  ցանկացած միջոցառման, զանազան  հանդիսությունների ժամանակ Արսենի տարերքը ազգային-ազգագրական, ժողովրդական երգերի փունջն է, որի բույրը երգչի հոգու, ներաշխարհի անդրադարձն է:

 -Արսե՛ն,  չնայած  դու հայրենադարձ ես, սակայն այնքա՜ն վաղուց և այնպես միանգամից դարձար հայաստանցի, որ երբեմն մոռանում ենք այդ մասին: Այնուամենայնիվ, պետք է հարցս տամ հայրենադարձվելու վերաբերյալ. ե՞րբ  եք հայրենադարձվել, ի՞նչ տվեց հայրենադարձությունը:

-Կարծում եմ, որ  Հայրենիքից դուրս ոչ իր կամքով  ծնված յուրաքանչյուր հայի համար կարևորր վերադարձն է: Այն գիտակցումը, որ ինքը հայի դաժան ճակատագրի բերումով ծնվել է այս կամ այն երկրում, դեռևս ավարտ չէ, հակառակը ՝դա մի նոր կյանքի սկիզբ է Հայրենիքում: Ճիշտը վերադարձի ճանապարհն է, որը ես ընտրեցի 1987 թվականին: Ընտանիք եմ կազմել Հայաստանում, կինս Երևանի ծնունդ է, երեխաներս այստեղ են ծնվել, ես այստեղ եմ կայացել. 30 տարի է, ինչ ապրում ու աշխատում  եմ Հայաստանում, երգում եմ Հայաստանում, Հայաստանի մասին, Հայաստանի՛ համար: Որտեղ էլ, որ բեմ ելնեմ, հաջողություններ ունենամ, իմ շուրթերին հայ երգն է, հոգումս՝ Հայաստանը: Ամենամեծ պարգևն ինձ համար այն է, որ ես  ապրում եմ Հայաստանում, արարում  հե՛նց հայի համար:

-Ծնվել ես Սիրիայում՝ Կամըշլիում. կարոտու՞մ ես քո ծննդավայրը. այդ կարոտի թևերով երբեմն լինու՞մ  ես այնտեղ, փորձե՞լ ես  գնալ քո մանկության հետքերով:

-Այո՛, կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին, մեր թաղամասը,  մեր եկեղեցին, մեր ավանդապաշտ, հայկական զորեղ միջավայրը որտեղ ստացել եմ հայեցի դաստիարակություն: Շատ զորեղ միջավայր էր նաև Հասակեում, մենք այնտեղ ապրել ենք: Ընդամենը 60 ընտանիք կար այնտեղ, սակայն շատ զորեղ էին այդ ընտանիքները: Բնական է, որ կարոտի զգացում ունենամ: Երկու-երեք տարին մեկ գնացել եմ ծննդավայր, որին շնորհակալ եմ իմ ստացած դաստիարակությամբ, շնորհակալ եմ այնտեղի հայկական փոքրաթիվ  համայնքին, որովհետև այնքա՜ն  զորեղ էին հայկական արմատները, այնքա՜ն  ազգային  ու հայեցի էր մեր ապրելակերպը, որի դալար շիվերն այսօր իմ ստեղծած ընտանիքում են սաղարթ դառնում. ոչինչ հենց այնպես չի անցնում:

-Արսե՛ն, ընդունու՞մ  ես, որ Սփյուռքի նախարարությունը տուն է՝ Տան՝ Հայրենիքի մեջ:

-Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը: Շնորհավորում եմ նախարարին՝վերընտրվելու առիթով. նա՛ դրեց առաջին հիմնաքարը,  Հրանուշ Հակոբյա՛նը  կյանքի կոչեց այդ նորաստեղծ նախարարությունը: Ես նախարարին էլ եմ ասել այդ մասին, հիմա էլ եմ առաջարկում, որպեսզի վերանվանեք Հայրենադարձության նախարարություն. միայն հայրենադարձությունն է, որ կարող է մեզ ոտքի կանգնեցնել: Նախարարությունը մեր Հայրենիքում՝ մեր տան մեջ, մի մագնիս է, ձգողական ուժ. պետք է այնպես անենք, որ դրսում ապրող  հայերը գա՛ն, ապրեն այստե՛ղ և ներդրումներ կատարեն Հայրենիքում՝ ի նպաստ Հայաստանի, ոչ թե սպասեն, որ  իրենց ոտքին մի քար դիպչի, նոր գան: Միասի՛ն պետք է աշխատենք  հզորացնել մեր Հայրենիքը: Ես  առիթների դեպքում ասել եմ, որ արտագաղթը կարելի է լուծել  նաև հայրենադարձությամբ:

-Ի՞նչ է Հայրենիքը Արսեն Գրիգորյանի համար:

-Հայրենիքը և՛ բարոյական, և՛ ֆիզիկական երևույթ է, ես փորձում եմ , որ իմ երեխաներն այդ պարգևից օգտվեն, զուրկ չմնան, որ ամեն առավոտ արթնանան Հայաստանո՛վ, Հայաստանի՛ համար: Ես բնիկ սասունցի եմ. եթե այսօր իմ տանը թուրքը կամ քուրդն է ապրում, դա դեռ նրա տունը չէ, դա  դեռևս նրանց Հայրենիքը չէ: Ես ցանկանում եմ ապրել ոչ թե միայն ինձ համար, այլ՝ Հայրենիքիս: Հայրենիքն ինձ համար ամբողջական, միացյալ Հայաստանն է:

-Հավատու՞մ եք Հայաստանի ՝  բանաստեղծի բառերով ասած՝ «վարդահեղեղ ապագային»:

-Այո՛, հավատու՛մ եմ: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք, ապագան նրանց ձեռքերում է, իսկ ես հավատում եմ նրանց. դրանք ապրիլյան քառօրյայում խիզախած մեր զինվորներն են, ովքեր, անգամ առանց  զենքերի, ոգո՛վ կարողացան հաղթելԱյսպիսի երիտասարդներ ունեցող  երկրի, ժողովրդի  վարդահեղեղ ապագային անպայմա՛ն հավատում եմ:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

 

75 76

 

«Այժմ Սուրբ հողի վրա կանգնելու երջանկությունն ենք վայելում».Քրիստիան Գելիջի

«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք. մենք բոլորս նույն ճակատագիրն ունենք, երկրի կարոտն է մեր հոգում, քանի որ մեր հողի վրա չենք գտնվել, իսկ այժմ Սուրբ հողի վրա կանգնելու երջանկությունն ենք վայելում: Սա մի անպիսի զգացողություն է, որը չենք ունեցել մանկության տարիներին, փոխարենը Հայաստանի կարոտն ենք միշտ զգացել»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է հայրենադարձված գործարար Քրիստիան Գելիջին՝ փետրվարի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» միջոցառման ընթացքում:

Քրիստիան Գելիջին, մտովի տեղափոխվելով մանկության տարիներ,  հիշեց, որ Հոլանդիայում հեռու էր հայ իրականությունից, հոլանդական  դպրոց էր հաճախում և նրա կյանքը սահմանափակվում էր միայն այդքանով:Արևմտյան Հայաստանից գաղթած և  Հոլանդիայում հաստաված բարեկամներն են իրեն հայրենասիրություն սովորեցրել՝ միշտ պատմելով Հայաստանի մասին և իր հոգում արթուն պահելով հայ լինելու միտքը:

Գործարարը կես կատակ, կես լուրջ՝ ասում է, որ հայրիկից մեկ երեխայով առաջ է ընկել՝ ինը երեխա ունենալով՝ ընդգծելով այն փաստը, որ Հայաստանը կարելի է շենացնել նաև շատ երեխաներ ունենալով:

«Ես սիրում եմ իմ երկիրը, աշխատանքում ձեռք բերած հաջողություններս վերագրում եմ այն բանին, որ երբեք չեմ կենտրոնացել, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան, քանի որ դա բնական եմ համարում ցանկացած երկրի համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը:Խոսքս հատկապես հայրենադարձվածներին է վերաբերում:

Մենք Աստծուց տրված մեծ շնորհ ունենք, այդ շնորհը պետք է լավագույնս ազգային շահերի, Հայաստանի համար օգտագործենք, այն ծառայեցնենք մեր երկրի բարգավաճմանը:

1992 թվականը՝ իմ հայրենադարձության տարեթիվը հոգուս մեջ ունենալով,  շարունակում եմ  իմ «պայքարը» Հայաստանում»,-իր խոսքն ամփոփեց Քրիստիան Գելիջին:

Գևորգ Չիչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համոզված ենք, որ Հայաստա´նն է մեր տունը, և մենք էլ տերն ենք այս երկրի. հայտարարություն

Մենք՝ հայրենադարձներս, Հայաստան ենք եկել, որպեսզի մեր հնարավորությունները, ներուժը, կապերն ու կենսափորձը ներդնենք մեր ազգի ու երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Չվախենալով որևէ դժվարությունից՝ մենք հաստատվեցինք այստեղ, ուր վայելում ենք Հայրենիքին պատկանելու աննկարագրելի բերկրանքը, դադարեցինք պայքարել մեր հայ մնալու համար, մեր երեխաներին փրկեցինք օտարամոլությունից և ձուլումից:

Այսօր Հայաստանում ապրում ենք հոգեկան մեծ բավարարվածությամբ, հպարտանում ենք մեր հաջողություններով, իսկ յուրաքանչյուր թերություն փորձում ենք ուղղել՝ մեր առաջընթացն իրականացնելու համար:

Այստեղ համոզված ենք, որ Հայաստա´նն է մեր տունը, և մենք էլ տերն ենք այս երկրի, որն ուզում ենք տեսնել առավել անվտանգ, առավել պաշտպանված և առավել արդար:

Մեր միասնականությամբ պետք է ավելի ամուր ու անքակտելի դարձնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շղթայի օղակները, և մեր հզոր ու լուսավոր ապագան կերտենք՝ յուրաքանչյուր հնարավորություն ի շահ ներդնելով հայրենիքին:

ՀՀ սփյուռքի նախարարարության

կազմակերպած հայրենադարձների հավաքի մասնակիցներ

 

«Բախտավորությո՛ւն  է Հայրենիքում ապրելը». Ջորջ Բարսեղյան

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայրենադարձների հավաք» միջոցառմանը մասնակցող մեր հայրենակիցներից շատերը, հաստատվելով Հայրենիքում,  կարողացել են աշխատանք գտնել, հարմարվել նոր միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ, լիարժեքորեն մասնակցել Հայրենիքի տնտեսության ու մշակութային կյանքի զարգացման աշխատանքներին: Նրանցից մեկի՝ սրտաբան Ջորջ Բարսեղյանի հետ,  զրույց  ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որի ընթացքում, այս էլ որերոդ անգամ, համոզվեցի, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցներն ապրել ու ապրում են  Հայրենիքով, իսկ Հայրենիքում հաստատվելով՝ դառնում են  նրա սյուներից, կամարներից մեկը:

-Պարո՛ն Բարսեղյան, ե՞րբ եք բռնել տունդարձի ճամփան:

-2012-ին եմ եկել՝ Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով: Ընտանիքիս հետ եմ եկել՝ ես, տիկինս, երկու աղջիկներս. մեծ աղջիկս՝  Նարեն, 17 տարեկան է, դեռևս սովորում է դպրոցում, պատրաստվում է ընդունվել Կինոյի և թատրոնի ինստիտուտ, փոքր աղջիկս՝ Մեղրին, 14 տարեկան է: Հայրենիքում ենք, և դա արդեն մեզ համար մեծ ձեռքբերում է: Ես աշխատանք ունեմ. իմ մասնագիտությամբ  աշխատում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝որպես թերապևտ-կարդիոլոգ:

-Հայաստանու՞մ  եք ստացել բժշկական բարձրագույն կրթություն:

-Այո՛: 1984 թվականին ընդունվել եմ Հերացու անվան բժշկական համալսարան, ավարտել եմ 1991-ին, որից հետո, մինչև 1996 թվականը, մասնագիտացել եմ ՝որպես թերապևտ-կարդիոլոգ: Ուսումս ավարտելուց հետո մեկնեցի Սիրիա, հանձնեցի քննությունները, բացեցի սեփական կլինիկա և աշխատանքի անցա իմ մասնագիտությամբ:

-Պարո՛ն Բարսեղյան, եթե չլիներ սիրիական պատերազմը, օրերից մի օր Հայաստանում  կհաստատվեի՞ք:

-Հայաստան գալու ծրագիր կար, անշո՛ւշտ.  նույնիսկ մի տարածք վերցնելու, տուն  կառուցելու, գնելու մտադրություն ունեի, սակայն սիրիական պատերազմն այս որոշումն  արագացրեց: Եթե Սիրիայի խնդիրը չլիներ էլ, միևնույն է, մենք պետք է տեղափոխվեինք Հայաստան, և ես դարձյալ այստեղ կլինեի՝ ավելի լավ պայմաններով: Ես միշտ տրամադրված եմ եղել՝ բռնելու տունդարձի ճամփան: Շատ գոհ եմ, ուրախ՝ մեր կայացրած որոշման համար: Իմ տունը Դամասկոսում է, այն  նորմալ վիճակում է, միշտ էլ կարող եմ գնալ ու գալ:

-Որպես սիրիացի, աշխարհագրական այդ տարածքը տնօրինողներից, բնակիչներից մեկը, որպես կրթված մարդ՝ ի՞նչ եք կարծում, սիրիական պատերազմն արդյոք վերջնականապես ավարտվե՞լ է, թե՞ պարզապես ժամանակավոր, խաբուսիկ խաղաղություն է:

-Սկզբունքորեն, պատերազմը որքան էլ երկար լինի, այնուամենայնիվ, այն ժամանակավոր է: Խաղաղությունն է, որ հիմնականն է, մնացյալը ժամանակավոր է. հետևաբար, փիլիսոփայական այս մտքերց ելնելով, պատերազմն անպայման  վերջ ունի՝ կամ այսօր, կամ էլ ՝վաղը: Ես կարծում եմ, որ խաղաությունն արդեն ընթացքի մեջ է Սիրիայում և, այն ժամանակավոր բնույթչի կրում: Ուրիշ հարց է, որ սկսված  որևէ պատերազմ կարող է  ավարտվել պահի և ժամի ճշգրտությամբ, մի բան, որը Սիրիային չի վերաբերում. Սիրիայի պատերազմի ավարտը պահի և ժամի ճշգրտություն չի կարող ունենալ. այն մարող ալիքների սկզբունքով  կարող է լինել, աստիճանաբար:

– Եվ իմ ավանդական հարցը՝ պարո՛ն  Ջորջ, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը…

-Հայրենիքն այն է, որտեղ դու քեզ հյուր չես զգում. սփյուռքահայի համար Հայրենիքը միշտ էլ մեծ արժեք է եղել, միշտ՝ եռաձայն, բայց կա երկու տեսակի հայրենասիրություն՝ այն, որ դու ապրում ես Հայրենիքում և այն, որ հեռվից սիրում ես Հայրենիքդ: Իմ տեսակի համար  ապրելու լավագույն վայրն՝ իր լավով ու վատով, իր թերություններով ու արժանիքներով, սա՛ է, Հայաստա՛նն  է: Բախտավորությու՛ն է Հայրենիքում ապրելը:

-Շնորհակալությո՛ւն հարգելի հայրենակից. շնորհակալությո՛ւն  քո նվիրումի, քո ջերմ խոսքերի, քո անկեղծության համար. ծննդավայրը կորցրած,  կամ էլ՝ այն հեռվում թողած  հայ մարդը, նրա սերունդները,  հարյուրավոր տարիներ հոգևոր ու նյութական արժեքներ   ստեղծելով  այլոց  համար, շենացնելով  օտարի հողը,  վերադառնում  ու վերադառնալու են Հայրենիք՝ միացյալ ուժերով հզորացնելու Արարչի նախաստեղծ լեռնաշխարհը:

Կարինե Ավագյան

ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր՝ ամերիկահայ ուսուցիչներին

Փետրվարի 1-ին Գլենդելում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կազմակերպել էր ամենամյա «Գնահատանքի երեկո» միջոցառումը, որին ներկա էին Գլենդելի քաղաքապետ Պաուլա Դևինը, կրթական խորհրդի, Գլենդելի, Բրբանքի և Լոս Անջելեսի քաղաքապետարանների անդամներ, ամերիկյան դպրոցների տնօրեններ, պատասխանատուներ, կրթական հաստատության ուսուցիչներ, ծնողներ, համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, շուրջ ՝ 220 մարդ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը,  միջոցառումը սկսվել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերով: Այնուհետև բացման հանդիսավոր խոսք է ասել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը:

«Գնահատանքի երեկո»-ին պարգևատրվում են նախորդ տարում իրենց կատարած աշխատանքով աչքի ընկած ուսուցիչները: Օֆելյա Ծատուրյանը կարևորելով ուսուցիչներին նման ուշադրության արժանացնելը՝ վստահեցնում է, որ նրանք քաջալերվում են շատ և աշխատանքի հանդեպ առավել պատասխանատու դառնում:

Ուսուցիչներին պարգևատրելու գործում համագործակցում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Այս տարի նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ուսուցչուհիներ Գայանե Ստեփանյանին, Նայրի Քեշմեշյանին, Ալիսա Խաչատրյանին, Աննա Սինանյանին ու Սոնա Մանուկյանին:

«Գնահատանքի երեկոյին» ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը:

«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կողմից երեկոյի ընթացքում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, հայապահպանության, բեղնավոր գործունեության և ձեռքբերումների համար մեծարվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ հաստատության հետ երկար տարիների համագործակցության և նվիրվածության համար գնահատագիր է ստացել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

«Տարվա դաստիարակ» անվանակարգում մրցանակ է ստացել Գլենդելի դպրոցների վերահսկիչ Վայնֆրեդ Ռեբերսոնը, «Տարվա դպրոց» անվանակարգում՝ Գլենդելի «Ջոն Մուր» տարրական դպրոցը, «Տարվա մարդ» է ճանաչվել «AABC» հեռուստաընկերության տնօրեն Վրեժ Աղաջանյանը:

Գավառի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանին շնորհակալագիր է տրվել, ով այժմ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել է ԱՄՆ՝ ուսուցիչների հետ հայոց լեզվի վերապատրաստման դասընթացներ  անցկացնելու:

Գլենդելի դպրոցների վերահսկիչ կառույցի և կրթական խորհրդի կողմից գնահատագիր է ստացել նաև Վահիկ Ծատուրյանը:

Գևորգ Չիչյան

1113 14

12

 

 

Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական  ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:

«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում  արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն  տեխնոլոգիաներին և գլոբալ  շուկանների հիմնական միտումներին:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարը կզեղչվի

Բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ:

Միաժամանակ հավելենք նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ  օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահության մասին գրառում և  համապատախան կնիք) ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

 

Առանց հայոց լեզուն լավ իմանալու, դու չես կարող հայերեն մտածել. ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

2016 թվականին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրների շուրջ կեսը անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող:

Հանրապետության Նախագահը ողջունել է դպրոցի ունկնդիրներին, հակիրճ ներկայացրել իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին, իր ուղերձն ու հորդորները հղել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվող երիտասարդներին, ապա պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները արծարծվող թեմաների վերաբերյալ:

Իր խոսքում Նախագահը ժամանակակից քաղաքական գործչի համար կարևորել է կրթվածությունը, անընդհատ սովորելու ձգտում և ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ունենալը, հորդորել է անկախ մասնագիտությունից՝ առնվազն իրավաբանության և տնտեսագիտության հիմունքներին ծանոթ լինել, իրավաբանական ձևակերպումները լավ հասկանալ, իսկ մասնագիտությամբ իրավաբանների պարագայում՝ կարողանալ այդ ձևակերպումները հանրամատչելի ներկայացնել ու բացատրել հանրությանը:

Քաղաքական գործիչը, Նախագահի պատկերացմամբ, պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն անպայման անցնելու տնտեսագիտական դասընթացներ՝ թեկուզ կարճ, ինչը կօգնի շատ հարցերում արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ կայացնել:

«Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիքների լավ պաշար, առանց որի անհնար է քաղաքական գործունեություն իրականացնել: Այո, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է գիտելիք, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն»,-ընդգծել է Նախագահը:

Հանրապետության Նախագահը հորդորել է նաև տիրապետել օտար լեզուների՝ միաժամանակ փայլուն տիրապետելով հայոց լեզվին ու շատ լավ իմանալ հայ գրականություն: «Մեր ժառանգության իմացությունը ուղղակի կապ է անցյալի, ներկայի և վաղն էլ՝ ապագայի հետ: Առանց այդ ժառանգության իմացության, լիարժեք չես կարող հայերեն մտածել: Առանց հայոց լեզուն լավ իմանալու, դու չես կարող հայերեն մտածել:
Բայց մի բան է հայերեն մտածել, հայերեն արտահայտվել, այլ բան է ՝ ռուսերեն կամ անգլերեն մտածել ու հայերեն արտահայտվել: Շատ պրակտիկ բան եմ ասում, որովհետև քաղաքական գործիչների համար կարևոր է իրենց վարկանիշը: Եվ հավատացեք, որ դեռևս տևական ժամանակ օտարախոսությունը, օտարամոլությունը վարկանիշ չի բերելու. լսարանը դա անմիջապես տեսնում է, զգում է: Ա՛յ սա է կարևորը, որպեսզի կարողանաք հասկանալ, որովհետև դեռևս տևական ժամանակ մեր հասարակության հիմնական կորիզը, մեր հասարակության քաշող ուժը, լոկոմոտիվը լինելու է այն խավը, որը ներառում է ուսուցիչներին, մեր ամբողջ մտավորականությանը: Այնպես որ՝ պետք է շատ լավ տիրապետել հայոց լեզվին ու նաև մեր ժառանգությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահը քաղաքական գործչի համար ոչ պակաս կարևոր է համարել կարևորը երկրորդականից տարբերելու ունակությունը, ինչպես նաև քաղաքացիական արիություն ունենալը, առանց որի, նրա համոզմամբ, անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ:

«Քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից: Որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին: Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում) իրոք, տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին: Եթե տեսնում եք՝ մեր քաղաքական դաշտում երկարակյացներն այդքան էլ շատ չեն, որովհետև նրանք փորձում են պոպուլիզմով զբաղվել: Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել:

Եթե ամեն անգամ փորձում ես տեղափոխվել կշեռքի ծանր հատվածը, դա հետո դառնում է բնավորություն, և կողքիներն էլ են տեսնում: Այսինքն, դու արդեն ճոճանակի պես կգնաս-կգաս, և հետո այդ ճոճանակը որևէ մեկին էլ պետք չի լինի:

Ուզում եմ ամենակարևոր բանի վրա ձեր ուշադրությունը սևեռել՝ քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա: Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ Նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Հանրապետության Նախագահն իր ուղերձն ու հորդորները ներկայացրել է ինչպես սեփական փորձից, այնպես էլ միջազգային պրակտիկայից բերված օրինակների ու համեմատությունների հիման վրա, խոսել ժամանակակից քաղաքական գործչին ներկայացվող վերոնշյալ պահանջներից որևէ մեկը լիարժեք չբավարարելու պարագայում առաջացող դժվարությունների ու խնդիրների մասին:

Նամակ հայ զինվորին. Լոբնյա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներ

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՌԴ Լոբնյա քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի սաների նամակները՝ ուղղված հայ քաջարի զինվորներին:

amamam am1am1 am2am3

Տոնդ շնորհավո՜ ր, քաջերի՛ դարբնոց, դու՝ բանա՛կ Հայոց. Օդեսայի հայ համայնք

Օդեսահայ համայնքը ի խորոց սրտի շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը՝ հայոց փառապանծ բանակի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ ։
Հայոց բանակը, որն անկախության մեծագույն ձեռքբերումն է, վերածնունդ, վերազարթոնք ապրող մեր ժողովրդի իղձերի ու երազանքների իրագործման գլխավոր կռվանն է։
Նրա ծնունդը ազգային մեծ տոն է, քանզի նրա գոյությունը և նրա զորությունը ուժ է տալիս ու հավատ ներշնչում մեր ժողովրդին՝ ապրելու, արարելու, մեր երկիրը պահպանելու։ Մեր բանակը, մեր խրոխտ, սեգ լեռների պես անսասան հսկում է մեր հայրենիքի անդորրը, իսկ հարկ եղած դեպքում արժանի հակահարված հասցնում անարգ ոսոխին։

Նրա շարքերում հպարտ կեցվածքով, աներկյուղ հավատով քայլում և հայրենյաց սահմաններն են քաջաբար պաշտպանում հայկազուն զինվորներ՝ մեր օրերի քաջ Վարդանն ու խիզախ Անդրանիկը, Աղբյուր Սերոբն ու Արաբոն, Գևորգ Չաուշը, Մոնթեն ու Հեթանոս Գագոն… Նրանց երակներում ուժն է մայր հողի, որի համար կյանքն անգամ չեն խնայում։ Վկան՝ արցախյան քառօրյան, որի հերոսները՝ օժտված Դավիթ Սասունցու դյուցազնական ուժով, հայրենասիրության ջերմ զգացումով ու անվեհեր ոգով պաշտպանեցին մեր սուրբ հայրենիքի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշարժան էջեր հավելելով մեր բազմադարյա պատմությանը։

Անմահ է սխրանքը քո, հայրենիքի՛ զինվոր։ Հավե՜րժ փա՛ռք քեզ.
Դու՝ մեր պարծանք ու մեր հարգանք,
Քեզ՝ խորին սեր ու ակնածանք,
Քեզ՝ լուրթ երկինք, պայծառ արև,
Նոյյան աղավնու հավերժական ճախրանք…
Ցավոք, քո ընկերներից ոմանք ընկան մարտերում՝ « ամեն մեկը մի մոր որդի, ամեն մեկը մի տան ճրագ», բայց ընկան գիտակցաբար, որ խաղաղ ապրի մեր նոր երկիրը…

Հայրենիքի՛ զինվոր, ազգովի գլուխ ենք խոնարհում քո և հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած ընկերներիդ՝ մեր հերոս զավակների սուրբ հիշատակի առջև։ Մենք սրբազան պարտք ունենք. այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրության, մեր պետականության ամրապնդումն ու անվտանգության ապահովումը։

Վստահ ենք՝ ի զորու ենք իրագործել այդ ամենը և մի՛շտ պատրաստ՝ հավաստել հայրենասեր քնարերգուի տողերը.

…Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչե՛ք վայրագ…
Կրկին շնորհավո՜ ր տոնդ, հայկազու՛ն զինվոր, հայո՛ց բանակ ։
Երի՜ցս օրհնյալ լինի ծնունդդ…

Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդը կայցելի Բարսելոնա

Հարգելի հայրենակիցներ,

Այս գրությամբ Իսպանիայի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու խորհրդի անունից տեղեկացնում ենք Բարսելոնայում և շրջակայքում ապրող հայորդիներին, որ 2017 թվականի փետրվարի 6-ին տեղի է ունենալու բաց հանդիպում Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ ՏերՎահան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը կքննարկվեն եկեղեցական կյանքի հետ առնչվող հարցեր։

Հանդիպման սկիզբը՝ ժամը՝ 19:30-ին:

Հասցե՝ Հայ Տուն – Casa Armenia – Carrer Enric Granados, 111, 3er 2a, Barcelona

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարի մուտքերի ու ծախսերի հաշվետվություն՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:

2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկհաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալկերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և 62,631,827 ՌԴ ռուբլի:

Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբերնշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ, 6,003,654,100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալընդհանրական տողերում՝

  • Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1,359,862,200 ՀՀ դրամ: Այդ միջոցներըտնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների:
  • Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1,458,724,500 ՀՀ դրամ:Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերիպաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկմանհնարավորությունները՝ թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛գիշերային պայմաններում:
  • Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1,144,556,400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառելեն և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում:
  • ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների ևկապիտալ ծախսերի իրականացում՝ 1,012,035,600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել ենառաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները, և արդիականացվել են կապի միջոցները:
  • Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝1,028,476,400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այնկամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրելկամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էինստանում:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել,որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկականև իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների ևանհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել ենշինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ:

Տեղեկացնենք, որ կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին, որոնք ներառում եննաև հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:

Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձրելներկայացված աշխատանքների իրականացումը: Մենք մեծապես կարևորում ենք մեր գործունեության թափանցիկությունն ուհաշվետվողականությունը՝ պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներկայացնել հանրությանը հատուկ հաշվեհամարիմիջոցների ծախսման մանրամասները:

Հիշեցնենք, որ հանգանակությունը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալբանկային հաշիվներին՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ՝

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Կից ինֆոգրաֆիկաները՝ infographics.am-ի:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

%d5%ac%d5%b2%d5%b01%d5%ac%d5%b2%d5%b0

Նամակ հայ զինվորին. Ամմանի մարզական միության սկաուտներ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Ամմանի մարզական միության սկաուտների նամակները՝ ուղղված հայ զինվորին:

%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b61%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b62%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b63%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b64 %d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b65

Տո´ւն վերադարձիր, հա´յ զինվոր. գրում են Էստոնիայում ապրող հայ փոքրիկները

«Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 25-ամյակի առիթով Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, «Երազանք» երաժշտական խումբը, «Նամակ հայ զինվորին» խորագրի շրջանակներում, իրենց բարեմաղթանքներն ու երաժշտական ողջույնն են  հղել հայ զինվորին:
Խոնարհվում ենք մեր զինվորի առաջ՝ մեր անհոգ առօրյան ապահովելու, մեր Հայրենիքը պաշտպանելու և պահպանելու համար: Խոստանում ենք՝ հայրենիքից հեռու գտնվելով էլ սովորել մեր լեզուն, հաստատուն պահել ու լուսաբանել մեր մշակույթն ու ավանդույթները: ՎԵՐԱԴԱՐՁԻ՜Ր ՏՈՒՆ, ՀԱ’Յ ԶԻՆՎՈՐ»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ գրում է Տալլին քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանը:
%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a11 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a12%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a14 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a15%d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a16 %d5%a7%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a17