ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված հայրենադարձների հետ

Փետրվարի 2-ին «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» շաբաթվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված բազմաթիվ հայրենադարձների հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Դահլիճում ներկա են Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցները աշխարհի բազմաթիվ երկրներից: Հայրենիքում ապրելու որոշմամբ դուք աշխարհին ու Հայաստանին ցույց եք տվել ձեր մարդկային բնութագիրը: Եվ մեր այս հավաքը գալիս է փաստելու, որ Հայաստան նաև վերադառնում են: Մեր երկրում մենք պարտավոր ենք պահպանել լավը, իսկ վատը՝ շտկել՝ մշտապես առաջ մղելով «Հայաստա՛նն է իմ տունը» կարգախոսը: Հայաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում հաստատվեցին նաև հազարավոր սիրիահայեր, և ես ուրախ եմ, որ իրենց հետ մեր հայրենակիցները բերեցին ապրելու, ստեղծագործելու նոր մշակույթ, նոր մոտեցումներ»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ քիչ չեն նաև այն հայորդիները, ովքեր կյանքի բերումով գտնվում են մշտական շարժման մեջ, բայց իրենց մեծ ներդրումն են բերում և շարունակում են բերել Հայրենիքի զարգացման գործին:

«Քըրք Քրքորյանի, Էդուարդո Էռնեկյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Վաչե Մանուկյանի, Սեմ Սիմոնյանի, Ջերալդ Գաֆեսճյանի, Վահագն Հովնանյանի, Սերգեյ Համբարձումյանի, Լևոն Հայրապետյանի, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրների, Րաֆֆի Մեգերյանի և մյուսների անունները, նրանց կատարած գործերը բոլորիս են հայտնի: Այսօր էլ բոլորիս հայտնի Գաբրիել Ջեմբերջյանը ամենուր բազում խնդիրների լուծմանն է փորձում աջակցել», – նշեց նախարարը:

Միջոցառմանը լուսապատկերներով ներկայացվեցին աշխարհի այն նշանավոր հայերի պատմությունները, որոնց ներդրումները անկախության տարիներին էական դեր են խաղացել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ներկաները դիտեցին հայրենադարձների մասին տեսանյութեր:

Իրաքից վերադարձած երկրաբան-ոսկերիչ Վարանդ Պետրոսյանը նշեց, որ ինքը վերադարձել է իր երազած երկիրը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանը, հայրենադարձությանը խթանող ծրագրեր իրականացնելու համար:

Սիրիահայ հայրենադարձ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն առանձնահատուկ հպարտությամբ շեշտեց, որ այս տարի լրանում է իր՝ Հայաստանում հաստատվելու 30 տարին: «Մենք մեր կամքով չէ, որ ծնվել ենք օտար հողում, բայց մեր կամքով կարող ենք հայրենադարձվել», – ասաց նա:

Իրանից վերադարձած Դիանա Հովսեփյանը իր օրինակով հավաստիացրեց, որ յուրաքանչյուր հայ պետք է գա Հայաստան և այստեղ որոշի՝ ինչ անել Հայրենիքի համար:

Գործարար Քրիստիան Գելիջին (Նիդերլանդներ), ով Հայաստանում ավելի քան 1200 աշխատատեղ է ստեղծել, նշեց. «Ես ուրախ եմ, որ իմ ինը երեխաները ծնվել են այս սուրբ հողի վրա: Մենք օտարության մեջ ապրել ենք Հայրենիքը տեսնելու կարոտով, ուստի  իմ զավակներին տվել եմ այն, ինչից ինքս զրկված եմ եղել»:

Գործարար Ստեփան Սարգսյանը (ԱՄՆ) համոզմունք հայտնեց, որ դրսում ապրող հայերը պարտավոր են իրենց ձեռքբերած փորձն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանը շենացնելու գործին:

Քուվեյթից բանասեր Ֆրիդա Գզլյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանում՝ իր ընտանիքի հաստատվելու գործում աջակցելու համար:

Սիրիայից սրտաբան Ջորջ Բարսեղյանը նույնպես, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը սիրիական պատերազմի սկզբից սիրիահայերի կողքին կանգնելու և աջակցելու համար՝ նշեց. «Մենք մշտապես զգացել ենք տիկին Հակոբյանի հոգատարությունը և անպայման ուզում եմ շեշտել, որ Հայաստանում ապրելը զոհաբերություն չէ, այն մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»:

Լյուսի-Վանա Կարապետյանը, ասմունքելով Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, նշեց. «Հայաստանն իմ ուժն է, իմ երազանքը, որ իրականություն դարձավ այստեղ հաստատվելով»:

Կանադայից հայրենադարձված, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նույնպես ընդգծեց, որ Հայաստանում ապրելը զոհողություն չէ: «Հայաստանը միակ վայրն է, որտեղ ինձ տեր եմ զգում», – նշեց նա:

Իրաքահայ  պատմաբան Սեդա Օհանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է կրում Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Նա ՀՀ սփյուռքի նախարարին նվիրեց Իրաքի հայ համայնքի մասին պատմող իր աշխատությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ սիրիահայ հայրենադարձ, Սփյուռքի նախարարության աշխատակից Նայրի Մուրադյանը և առաջարկեց ստեղծել հայրենադարձների խորհուրդ:

Միջոցառման ընթացքում սկիզբ առավ «Հայաստա՛նն է իմ տունը» շարժումը:

Համերգային կատարումներով հանդես եկան հայրենադարձ երաժիշտներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Գևորգ Հաջյանը, ուդահար Ջորջ Վանեսյանը, Արարատյան հայրապետական թեմի  «Ծաղկազարդ» համույթը, Դավիթ և  Շահե Իսպիրյանները և Արաքս Քալիջյանը:

Կառավարությունը հավանություն տվեց «Արի տուն» 2017թ. ծրագրին

Փետրվարի 2-ին, կառավարությունը հերթական նիստի ընթացքում ընդունվեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացրած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախագիծը:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում` մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը:

2016 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 900 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 38 երկրից: Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի, ճանաչողական հանդիպում-այցելություններ` հանդիպումներ ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ, որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ: Ակնկալվում է, որ «Արի տուն» ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ձևավորվելու է սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:

«Արի տուն» ամառային ճամբարի, ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի հաշվին:

Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Պլովդիվում. տեսանյութ

Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով Պլովդիվում տեղի է ունեցել միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Պլովդիվի սկաուտները: Ներկա էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Հրաչ Մուրադյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Սկաուտները միջոցառման ընթացքում իրենց կատարումներով ողջունել են հայ զինվորներին, միաժամանակ՝ ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը:

Միջոցառմանը ելույթ ունեցողները ընդգծել են Հայոց բանակի նշանակությունն ու հայ զինվորի նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ, իրենց աջակցությունը հայտնել հայոց սահմանները հսկող խիզախ զինվորներին:

«Հունվարի 28-ը հայոց պատմության մեջ և ամեն հայի սրտում մեծ ու կարևոր տոն է. տոնն է Հայկական հզոր բանակի: Մեր զինվորներն այսօր կանգնած են մեր սահմանին և պաշտպանն են մեր անկախ, ազատ Հայաստանի: Եթե մենք այդ հզոր բանակին, նվիրյալ զինվոր-երիտասարդներին թիկունք չլինենք, մենք Հայաստան չենք ունենա, չենք ունենա ազատ Արցախ և մենք որպես հայ չենք լինի: Մեկ անգամ ևս ողջունում ենք մեր զինվորներին ու մաղթում առողջություն, անվտանգություն: Աղոթում ենթ, որ այլևս արցունք չլինի հայ մայրերի աչքերում, որ բոլոր այն զինվորերը, որոնք պաշտպանն են մեր հայրենիքի սահմանների՝ անվտանգ, երջանիկ և առողջ վերադառնան իրենց տներըը», –«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը:

%d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be1%d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be2 %d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be3%d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be4 %d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be5%d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be6 %d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be7 %d5%ba%d5%ac%d5%b8%d5%be%d5%a4%d5%ab%d5%be8

Թեհրանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Առավոտյան ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելե է «Ալիք օրաթերթի խմբագրություն եւ հաստատություն:

 «Ալիք» հաստատության «Հրայր Մարուխյան» սրահում, հյուրերին ողջունել է «Ալիք»-ի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, որից հետո թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ ՊՆ նախարարը մանրամասնել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:

Վերջում այցի առիթով արտահայտվել է նաև «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, Իսլ. խորհրդարանում իրանահայության զույգ պատգամավորներ դոկտ. Կարեն Խանլարյանի և Ժորժիկ Աբրահամյանի, Թեմական խորհրդի, Պատգամավորական ժողովի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հոգեւոր դասի հետ:

Հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ Սփյուռքի կառույցների դերակատարությունը հայապահպանության, ինչպես նաեւ՝ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:

Ելույթ են ունեցել նաեւ Սրբազան հայրը, դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը: Սրբազան հայրը ներկայացրել թեհրանահայ համայնքը, Ժորժիկ Աբրահամյանը` Նոր Ջուղայի հայ համայնքը, իսկ. Դոկտ. Կարեն Խանլարյանն էլ անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցի քաղաքական նշանակությանն ու կարեւորությանը` հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:

Վիգեն Սարգսյանն այցելել է նաեւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի եւ ծաղեպսակ է դրել եկեղեցում տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին` հարգելով նրանց հիշատակը:

Երեկոյան «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում ՀՀ պաշտպանության նախարարն ու նրան ընկերակցող պատվիրակության անդամները հանդիպել են թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ Զու-ում կատարված աշխատանքների, «Ազգ-բանակ» գաղափարի դրույթների եւ ՀՀ անվտանգության գործոմ Սփյուռքի ունեցած դերի եւ նշանակության մասին: Վերջում, անկաշկանդ մթնոլորտ նա սպառիչ պատասխաններ է տվել ներկաներին հուզող հարցերին:

%d5%be%d5%ab%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b65%d5%be%d5%ab%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b64 %d5%be%d5%ab%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b62%d5%be%d5%ab%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%be%d5%ab%d5%a3%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6

 

Մակեդոնացու կտակը`հին հայերենով. լոնդոնաբնակ պատմաբանի հայտնագործությունը

Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը: The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը, որը գրված է հին հայերենով:

Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ապագա ծրագրերը կայսրության վերաբերյալ, ինչպես նաև հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը ոչ մեկ չի թաքցրել, այն հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վեպը) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Նշվում է, որ պատմությունները գրի են առնվել նրա մահից շուրջ 100 տարի անց, գրում է armradio.am-ը:

Ադրբեջանական հատուկջոկատայինները Թալիշի ուղղությամբ դիվերսիոն փորձ են ձեռնարկել

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն: