ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և նախարարության աշխատակիցների այցը Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի

ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենադարձներին նվիրված շաբաթվա միջոցառումների շրջանակներում, փետրվարի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը և նախարարության մի քանի աշխատակիցներ այցելեցին Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ Սիրիայի ճգնաժամից մինչ օրս ապաստան է գտել շուրջ 600 սիրիահայ: Այս պահին եկեղեցու հյուրատանը ապրում է 47 սիրիահայ:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ Եկեղեցին համագործակցությամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ՝ հոգում է սիրիահայ մեր հայրենակիցների ոչ միայն ժամանակավոր կացության հարցը, այլև լուծում է նրանց սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Այցի ընթացքում պարոն Սերժ Սրապիոնյանը, փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքերը, կարևորեց Հայ կաթողիկե եկեղեցու դերակատարությունը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված և դրանով հայրենի պետությանը սատար կանգնելու ջանքերը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի ընդհանուր տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սուլահյանը գոհունակություն հայտնեց անձամբ տիկին Հրանուշ Հակոբյանին` ամենօրյա հոգատարության և ուշադրության, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին հետևելու համար:

Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության մեջ առանձնակի սեր և հոգի կա այն բեկորների հանդեպ, որոնք սփռված են աշխարհով մեկ: Կաթողիկե եկեղեցու սերը մեր հայրենակիցների հանդեպ առավել մեծանում է Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում և գրեթե բոլոր համայնքներում մեծագույն սիրով և հավատով են խոսում Սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի մասին՝ հավելելով, որ իրենք հավատում են, թե ապագայում առավել կսերտանա և կընդլայնվի ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ կաթողիկե եկեղեցու համագործակցությունը:

Պարոն Սերժ Սրապիոնյանը Եկեղեցու նորաստեղծ գրադարանին նվիրեց ՀՀ սփյուռքի նախաձեռնության նախաձեռնությամբ և աջակցությամբ հրատարակված գրքեր:

Այնուհետև Սփյուռքի նախարարության աշխատակիցները լսեցին Եկեղեցու հյուրատանը ապաստանած սիրիահայերին և խոստացան նրանց խնդիրներին ու առաջարկություններին անդրադառնալ սիրիահայերին ուղղված նախարարության հետագա աշխատանքներում:

2

Հայ զինվորին շնորհավորում են լիբանանահայ գործիչները. տեսանյութ

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Լիբանանի «Սահակյան-Լևոն Մկրտիչյան» քոլեջի տնօրեն Նազարեթ Ջերեջյանի և ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանի տեսաշնորհավորանքները՝ ուղղված հայ զինվորին:


Հայ զինվորին շնորհավորում են հեռավոր Եգիպտոսից, տեսանյութ

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի Ազգային Առաջնորդարանի «Արաքս» երկսեռ քառաձայն սիրողական-ինքնագործ երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Միհրան Ղազելյան) շնորհավորանքը և Գալուստյան-Նուբարյան վարժարանի 10-րդ դասարանի սան Ռիտա Չամքերթենյան նամակը՝ ուղղված հայ զինվորին:

img_4533img_4534img_4538 img_4531%d5%a3%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%82%d5%a2%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-10-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd


Միջոցառում Դիժոնում՝ նվիրված հայ զինվորներին

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով Ֆրանսիայի Դիժոն քաղաքի «Հայ պատանի» ակումբի երիտասարդները միջոցառում են կազմակերպել:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Դիժոնի հայկական համայնքի հիմնադիր և «Մաշտոցյան տառեր»հայկական դպրոցի տնօրեն Լիլիթ Բաղրամյանը՝ սփյուռքահայ երիտասարդները շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի տղաներին՝ նշելով, որ Սփյուռքում միշտ հպարտանում և ուրախանում են նրանց հերոսական գործերով:

Որպես շնորհակալության ևս մեկ դրսևորում՝ կազմակերպված երեկոյի ընթացքում հայրենիքի պաշտպաններին նվիրված իրենց բանաստեղծություններն են ասմունքել, որոնք «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ստորև՝

Շնոհավոր տարեդարձդ Հայոց բանակ,
Շնորհավոր տոնդ հայ զինվոր,
Շնորհավոր և ձեզ ով հայոց այրեր,
Եվ կորյուն ծնող սիրասուն մայրեր։

* * *
Ամեն օրդ տոն լինի,
Տոնդ շնորհավոր լինի,
Կյանքտ հարատեվ լինի,
Զինվոր հայոց բանակի։

* * *
Ոտքդ խփի՛ր թող գետինը դղրդա,
Զուռնեն փչի՛ր թող թշնամին խլանա,
Հերոս տղերք դե միացե՛ք ուս-ուսի,
Քոչարին է թույլ օղակը ոսոխի։

* * *
Հայոց այրեր ոտքի ելե՛ք,
Դուք սահմանին զինոր ունեք,
Հայոց մայրեր դե գովք արե՛ք,
Երկիր պահող որդիք ունեք։

* * *
Հոր խրատով, մոր օրհնանքով,
Մի ողջ ազգի աղոթքներով,
Շուտ ծառայե՛ք, վերադարձե՛ք,
Հայոց աշխարհը շենացրեք։

* * *
Թող երկինքը կապույտ լինի,
Արևը անվերջ շողշողա,
Սահմանում միշտ խաղաղ լինի,
Բոլոր մայրերը ժպտան։

* * *
Հայրենիքս խաղաղ լինի,
Օջախներում մանկան ճիչ,
Հեռվից երգը զինվորի,
Ազատ անկախ իմ երկրի։

* * *
Հայոց բանակ կայու՛ն լինես
Հզորանա՛ս, ամրանա՛ս
Սրտիս միակ փափագն է այս
Հայրենիք իմ  կանգուն մնա՛ս։

* * *
Փառք ու պատիվ քեզ զինվոր,
Փառք ու պատիվ քո բազկին,
Քանի դու կաս մեր կողքին,
Մեզ մոտ չի գա թշնամին։

Փառք ու պատիվ տղաներ,
Մարտում ընկած հերոսներ,
Փառք ու պատիվ հայ քաջեր,
Ավոյից մինչ Արամներ։

     Զենք ու դրոշ

Հայրը զենքը որդուն տվեց,
Մայրն աղջկան դրոշ կարեց,
-Իմ քաջ զինվոր.-հայրը ասաց,
Մայրն աղջկան քնքուշ ժպտաց։

Կռիվ գնաս, կպայքարես,
Թշնամուն կոչնչացնես,
Իսկ դու խրոխտ երգեր կասես,
Ու դրոշը կծածանես:

Քույր ու եղբայր ձեռք ձեռք տված,
Պաշտպանեցին հողն հայրենյաց,
Եղբայրը՝ զենքով, քույրը երգով,
Անվախ առաջ շարժվելով:

Ու այդ օրից սուրբ երդումով,
Հայ զինվորը հենց զենք  վերցնի,
Քույրը հպարտ երգ ու պարով,
Հաղթանակը կգովերգի:
* * *
      Զինվորի քույրը

Ձեռքերս ամուր սեղմում եմ կրծքիս
Աղոթում աստծուն քեզ պաշտպան
լինի,
Դու զենքտ գրկած կրծքիտ ես սեղմում
Ինձ պաշտպանելու երդում շուրթերիտ։

Օրհնվի մայրը, ով քեզ կյանք տվեց,
Ում կյանքի համար, պիտ կյանքդ զոհես,
Օրհնվես և դու, որ գիտակցելով
գինը քո կյանքի ինձ պիտ նվիրես։

Ինձ նաիր զինվոր,մենակ չես մարտում,
Քույր ունես կողքիտ,թիկունք է պահում,
Ու թէ պետք լինի քեզ ուղղված գյուլից կյանքն իմ կզոհեմ,
Միայն թէ ապրես, անվերջ պայքարես,
Հայրենի հողը թշնամուց փրկես։

2 3

Հուշ-երեկո Շվեդիայում՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո, որի մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում  մանրամասներ է հաղորդել Շվեդիայի  Հայ դատի  հանձնախմբի և  Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի նախագահ  Արշակ Գավաֆյանը:

Վերջինս ասաց, որ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո՝ 2007–ի հունվարին, Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում համադրող կենտրոնը բողոքի ակցիա նախաձեռնեց, որին ՀԿ-ի հրավերով մասնակցեցին ասորիների, քրդերի և հույների ֆեդերացիաները և այլ շվեդական կազմակերպություններ: Հաջորդող տարիներին Թուրքիայում Մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեն Շվեդիայում հուշ-երեկոներ կազմակերպեց, որին իր գործուն մասնակցոթյուն ունեցավ ՀԿ-ն:

Քանի որ այս տարի լրանում էր Հրանտ Դինքի մահվան տաս տարին, համադրող կենտրոնը որոշեց ներկայանալի կազմով մասնակցել հուշ-երեկոյին. շվեդահայ համայնքից միջոցառմանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի և Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի նախագահ  Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի  խոսնակ և նախկին նախագահ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակության հայրապետական պատվիրակ, համայնքի հոգևոր հովիվ  Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:Այս ներկայացուցչական կազմով մասնակցելը հայերի մասնակցությունն առավել ընդգծելու նպատակ ուներ:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը՝ նշել է, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել Ցեղասպանության հետևանքները։

Ըստ ՀՀ դեսպանի, այսօր՝ Դինքի սպանությունից մեկ տասնամյակ անց, նրա օրինակով ոգեշնչված շատերն են բարձրացնում նրա պայքարի ջահը՝ հանուն ժողովրդավարության, Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հավասարության և մարդու իրավունքների։

Արշակ Գավաֆյանը խոսել է Դինքի սպանության դրդապատճառների մասին՝ շեշտելով, որ լրագրողի սպանությունից 10 տարի հետո Թուրքիայի ներքաղաքական վիճակը առավել քաոսային է դարձել, և որ նմանօրինակ սպանությունների դեպքում վայրագ, բռնատիրական կազմակերպությունների կամ մարդկանց մոտեցումները միշտ այդպիսի պատկեր է ունենում. չկարողանալով հաղթել գաղափարական հակառակորդներին՝ ֆիզիկապես ոչնչացնում են նրանց:

Բանախոսը վերջում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ ազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ հիշեցնելով, որ նրա նկատմամբ ուժեղ քարկոծում և հալածանք է գործադրվում: Արշակ Գավաֆյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն իրողությանը, որ Հրանտ Դինքի դեմ կիրառվող ճնշումներն այժմ նաև Կարո Փայլանի հանդեպ են կատարվում:

Նա խնդրի շուրջ առաջարկել է՝ Շվեդիայում և այլ պետություններում գործող միջազգային կազմակերպություններն ու կուսակցություններն իրենց բողոքի ձայնը հնչեցնեն՝ դադարեցնելու ոտնձգությունները հայազգի պատգամավորի հանդեպ: Արշակ Գավաֆյանը նշել է նաև, որ համացանցով աջակցության ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի:

Համադրող կենտրոնի խոսնակ և նախկին նախագահ Վահագն Ավետյանը նույնպես նշել է Թուրքիայում վերջին տաս տարիների ընթացքում ազատ խոսքի և մամուլի վիճակի վատթարացման մասին՝ կարևորելով Թուրքիայի հետ բանակցային թույլ քաղաքականություն վարելու գործընթացի փոխարեն՝ ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը՝  նշելով, որ դա Եվրամիության, խորհրդարանական պատգամավորների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Ամնեստինի և սահմանազերծ լրագրողների միության պարտականությունն է քննադատություն ուղղել Թուրքիային և ստիպել, որ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի:

«Հրանտ Դինքն իր կյանքով օրինակ ծառայեց շատերին՝ մարդկայնորեն ապրելու և մաքառելու հանուն արդարության, ճշմարիտ խոսքի ազատության` իր անձը որպես ողջակեզ դնելով ազգի զոհասեղանին։

Աղոթք և խունկ նրա արդար հոգու համար, և Աստծո օգնությունը Հրանտ Դինքի արդար գործը որպես ազգային առաքելություն շարունակելու համար»,-ասել է Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը::

Շվեդահայ համայնքի կողմից հուշ-երեկոյին մասնակցելու հրավեր են ստացել նաև Կարո Փայլանն ու Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, որոնք զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա գտնվել: Ռաքել Դինքն իր ողջույնի խոսքն է հղել և երախտագիտություն հայտնել նախաձեռնությունը կազմակերպելու համար, որն էլ փոխանցվել է հավաքվածներին:

Հավելենք նաև, որ հիշատակի միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ելույթ են ունեցել պատգամավոր, Թուրքիայում Մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեի նախագահ Դեսիրե Պետրուսը, փոխնախագահ, հուշ-երեկոյի կազմակերպման պատասխանատու Իսա Թուրանը, շվեդական «PEN» ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննա Լիվիոն Ինգվարսոնը, Շվեդիայի լրագրողների միության նախագահ Յոնաս Նորդլինգը, «Amnesty International» Շվեդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Անդրեա Բոդեկուլը, «SvD» օրաթերթի փոխնախագահ Անդերշ Բյորկմանը, Շվեդիայում քրդական համադրող խորհրդի նախագահ Քեյա Իզոլը, Շվեդիայում հայտնի լրագրող Քուրդո Բակշին։

Գևորգ  Չիչյան

257468

 

 

 

 

 

 

 

 

«Ես ոչինչ չեմ ուզում այս կյանքից, միայն կարողանամ քույրիկիս մեծացնել».Նարեկ Սուլուրյան

Iravunq.com-ի զրուցակիցը 18-ամյա Նարեկ Սուլուրյանն է: Նարեկի ներկայացրած պատմությունը թերեւս ամենադաժանն ու ծանրն է Սիրիայից Հայաստան եկած մեր հայրենակիցների պատմությունների համեմատ, որոնցից ամեն մեկն էլ մեծ մարդկային ողբերգության է վերաբերում:
Նարեկին եւ նրա 14-ամյա քույրիկին այցելեցինք` բազմաթիվ սիրիահայ ընտանիքների կողքին կանգնած, նրանց հոգսերով ապրող, բարերար Նարինե Դավթյանի հետ: Բնակարան մտնելով եւ նրանց սառը, թախծոտ հայացքները տեսնելով` արդեն իսկ անհնար էր զսպել հուզմունքը: Բայց ավելի դաժան էր Նարեկի եւ Սերինեի կյանքի պատմությանը ծանոթանալն ու նրանց բազում խնդիրները հասկանալը:

«Հայրիկիս կորուստը լրիվ կոտրեց մեզ»

Սիրիական պատերազմը Նարեկից եւ իր 14-ամյա քույրիկից խլել է նրանց մորը, իսկ արդեն Հայաստանում, որտեղ ընտանիքը բնակվում է արդեն մեկ տարի, կորցրել են նաեւ հայրիկին, ում հուղարկավորությունը օրերս էր կայացել: Այսօր Նարեկն ու քույրիկը մնացել են միայնակ իրենց բազում խնդիրների հետ: Ճիշտ է, նրանց հետ է բնակվում մեկ ամիս առաջ Հալեպից Հայաստան հասած տատիկը: Սակայն հիվանդ կինն ինքը խնամքի կարիք ունի…
Ընտանիքն ապրում է ցուրտ ու խոնավ տանը, որը վարձակալել էին, երբ հայրիկի հետ 2015 թվականին հայրենիք էին հասել: Այն ժամանակ, ինչպես Նարեկն է հիշում`«Հայրս մեր կողքին էր եւ մեզ ուժեղ ու ապահով էինք զգում` անկախ մեր խնդիրներից ու հոգսերից: Բայց այսօր մենք լրիվ մենակ մնացինք: Իմ խնամքին են ծեր տատիկս եւ քույրս, ով առանց այն էլ մորս զոհվելուց հետո շատ տխուր ու ինքնամփոփ էր դարձել, իսկ հայրիկիս կորուստը լրիվ կոտրեց մեզ: Ես ոչինչ չեմ ուզում այս կյանքից, միայն կարողանամ քույրիկիս մեծացնել, հասցնել իր նպատակներին, ինչպես որ խոստացել եմ ծնողներիս: Ես պատրաստ եմ ցանկացած աշխատանքի. վարժ տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն եւ արաբերեն լեզուներին, համակարգչային որոշ ծրագրերի: Ես մատուցող էի աշխատում, բայց արդեն երկու ամիս է աշխատանք չունեմ: Իսկ այսօր նաեւ բնակարանը փոխելու խնդիր ունենք: Չգիտեմ, ինչպես եմ կարողանալու այս խնդիրները լուծել, բայց քույրիկիս ու տատիկիս դեմքին կրկին ժպիտ բերելու համար պատրաստ եմ ցանկացած աշխատանքի, միայն կարողանամ հոգալ մեր կարիքները»:
Նարեկը, ի տարբերություն այլ օգնության կարիք ունեցողների, հույսը չի դնում կողքի օգնությունների վրա, չնայած, որ նշում է. «Հայրիկիս մահից հետո` նրա մտերիմ ընկերը մեզ աջակցում է ինչքանով որ կարողանում է, նաեւ հասարակական կազմակերպություն կա, որ խոստացել է հոգալ մեր բնակարանային խնդիրը, որպեսզի տան վարձի գումարը որոշ ժամանակով հատկացնեն: Բայց ես չեմ կարող հույսս դնել բարի մարդկանց վրա, ես արդեն հասուն մարդ եմ ու կկարողանամ օգնել ընտանիքիս, եթե ունենամ աշխատանք: Իմ միակ մտածմունքն այսօր աշխատանք գտնելն է: Նորից եմ կրկնում, պատրաստ եմ ցանկացած աշխատանք կատարել, միայն թե քույրիկս ոչնչի կարիք չունենա»:

«Ձեռքերիս մեջ մորս մարմինը սառավ»

– Նարեկ, ի՞նչ ես հիշում Սիրիայից:
Մենք սիրով ու երջանիկ ընտանիք էինք մինչեւ չարաբաստիկ պատերազմի սկսվելը: Հայրս եւ մայրս աշխատանք ունեին, իսկ ես եւ քույրս սովորում էինք դպրոցում: Պատերազմը սկսվեց հանկարծակի. համենայնդեպս, մերª հասարակ քաղաքացիներիս համար: Անընդհատ կրակոցներ, հրթիռակոծություններ էին: Ծնողներս որոշեցին հեռանալ Բեյրութ, իսկ այնտեղից որոշ ժամանակովª Կանադա: Ես, հայրս, մայրս եւ քույրս հավաքեցինք ճամպրուկներս եւ նստեցինք ավտոբուս, որի ուղեւորների քառորդ մասը հայեր էին: Ճանապարհին ավտոբուսի վրա  կրակեցին, այն կանգնեց, ամեն ինչ խառնվեց իրար: Իսկ րոպեներ անց սկսեցին կրակել ավտոբուսի ուղեւորների վրա: Գրոհայինների գնդակից մեկը դիպավ մայրիկիս ծոծրակին, եւ նա մի վայրկյանում արյունլվա եղավ, չհասցրեց ոչինչ ասել: Ես նրան գրկեցի, չէի ուզում հավատալ, որ կորցրի մորս: Գրկեցի արնաքամ եղող մայրիկիս, բայց նա այլես անշնչացած էր: Չէի ուզում հավատալ աչքերիս տեսածին, բայց ձեռքերիս մեջ մորս մարմինը սառավ, իսկ թիկունքից վիրավորված քույրս վախեցած ավտոբուսի նստարանի տակ էր թաքնվել` չհասկանալով ինչ է կատարվում շուրջբոլորը: Այդ կրակոցներից վիրավորվեցինք նաեւ ես եւ հայրս, ում մահամերձ վիճակում ժամեր անց հասցրին հիվանդանոց:

– Այսինքն` բոլորդ, ողջ ընտանիքով վիրավորվեցի՞ք: Ո՞վ Ձեզ օգնության հասավ:

Կրակոցներն այնքան ինտենսիվ էին, որ չէինք հասկանում` ինչ է կատարվում: Հայրս թույլ չէր տալիս գլուխս բարձրացնեի ու տեսնեի, թե ինչպես է մայրս արնաքամ լինում: Իրականում այդ կրակոցները տեւել են ընդամենը երեսուն վայրկյան, բայց ինձ համար այդ վայրկյանները մի  քանի ժամվա նման էին: Երբ կրակոցները դադարեցին, ժամանեց սիրիական բանակը: Մայրիկիս դին ստիպված թողնելով ավտոբուսի մեջ, մեզ վիրավոր վիճակում տեղափոխեցին սիրիական անապատային մի հատված, թողեցին այնտեղ, իսկ իրենք գնացին: Չեք պատկերացնում` ինչ սարսափ էր պատել ինձ. հայրս արյունահոսում էր, քույրս վիրավոր վիճակումª արտասվում: Թեեւ հուլիս ամիսն էր, բայց հայրս դողացնում էր, արդեն վերջին ցանկությունն էր ասում. խնդրում էր ինձ, որ քույրիկիս լավ նայեմ: Մեկ էլ լսեցի մեքենայի ձայներ, վազեցի, սկսեցի օգնություն կանչել: Պարզվեցª սիրիական զորքից են: Տեսնելով ինձ` ամբողջովին արյունոտ, մի պահ շփոթվեցին, հարցուփորձ անելուց հետո, մեքենան մոտեցրեցին եւ մեզ տեղափոխեցին Հալեպի հիվանդանոց: Հիվանդանոց հասնելուն պես` քույրիկիս ու հայրիկիս մտցրին վիրահատարան: Իսկ ես թեեւ վիրավոր էի, մնացի հիվանդանոցի միջանցքում: Չնայած` իմ մասին ընդհանրապես չէի էլ մտածում: Մի կողմից խնդրում էի բժիշկներինª հայրիկիս ու քույրիկիս կյանքը փրկել, մյուս կողմից` ուշքս ու միտքս մորս դին էր, որ մնացել էր ավտոբուսի մեջ: Հանգստացա միայն այն ժամանակ, երբ հետո պարզեցինք, որ մայրիկի դին մեկ այլ ավտոբուսով Հալեպ են բերել: Գտանք: Գրկել էի մամայի անշնչացած դին ու սառել բառիս բուն իմաստով, չէի ուզում հավատալ, որ էլ մայրիկիս ժպիտը չեմ տեսնելու, որ նրա հուսադրող խոսքերը էլ չենք լսելու: Չկարողացանք անգամ ինչպես հարկն է կազմակերպել մայրիկիս հուղարկավորությունը, ընդամենը երկու ժամվա մեջ հողին հանձնեցինք:

– Ասացիր, որ հայրիկիդ Հայաստանում եք կորցրել: Ի՞նչն էր նրա մահվան պատճառը, Սիրիայում ստացած վե՞րքը:

Անկեղծ ասած, մենք էլ չհասկացանք, թե ինչ կատարվեց: Երեկոյան աշխատանքից տուն եկավ, ասաց, որ վատառողջ է, պառկեց: Հայրս աշխատում էր գործատուի մոտ` որպես ոսկերիչ: Շատ էր նեղվում վերջին շրջանում աշխատավայրում, բայց աշխատում էր տանը ցույց չտալ:
Այդ օրը ասաց, որ սրտի շրջանում սուր ծակոցներ է զգում: Մինչեւ փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում եւ շտապօգնություն կանչել, հայրս արդեն չկար: 

«Ներկայիս Հալեպն ինձ միայն ցավ ու անդառնալի կորուստ է պատճառել»

– Եթե ամեն բան հանդարտվի, կցանկանա՞ս քույրիկիդ հետ վերադառնալ Հալեպ:
Ոչ, միանշանակ`ոչ: Ներկայիս Հալեպն ինձ միայն ցավ ու անդառնալի կորուստ է պատճառել: Եթե անգամ մի օր գնամ, ապա միայն նրա համար, որ մեզ պատկանող հողատարածքները վաճառեմ եւ հետ վերադառնամ:

– Ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունես այսօր:

Նպատակներս ու երազանքներս միայն քույրիկիս հետ են կապված, որ կարողանամ նրան հասցնել ինչ-որ բանի: Մեզ հետ է բնակվում նաեւ տատիկս` մայրիկիս մայրը, ով Հալեպից մեկ ամիս առաջ է եկել: Ես ուզում եմ ամեն ինչ անել, որ նրանք ոչնչի կարիք չզգան, որ քույրս էլի ժպտա, որ չմտածի, որ ամեն ինչ սեւ ու սպիտակ է այս կյանքում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.Հավելենք, որ մենք Սուլուրյանների ընտանիքին օգնելու հետ կապված դիմել էինք Սփյուռքի նախարարություն, որտեղից աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ ուշադրության կենտրոնում ենք պահում նման ընտանիքներին, եւ անձամբ խոստացավª ուրբաթ օրը արտահերթ կարգով ընդունել Նարեկին եւ նրա քույրիկին. “Նախարարությունը կփորձի հնարավորության սահմաններում աջակցել այդ ընտանիքին, շնորհակալ ենք, որ տեղյակ եք պահում նմանատիպ ընտանիքների մասին”:
Երբ նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, տեղեկացանք նաեւ, որ Նարեկը` իր քույրիկի եւ տատիկի հետ միասին արդեն նոր տուն է գտել, եւ տան վարձի խնդիրն էլ արդեն հոգացողներ կան:

Նշենք, որ լուսանկարում Նարեկի եւ Սերինեի երջանկահիշատակ ծնողներն են:

Կանադահայությունը քեզ հետ է և հպարտ է քեզնով, հա´յ զինվոր. Զարեհ ավագ քահանա Զարգարյան

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Կանադայի Հայոց թեմի փոխառաջնորդ և Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի տեսաշնորհավորանքը՝ ուղղված հայ զինվորներին:

Հավելենք, որ Հայոց սահմանները անառիկ պահող հայ զինվորն ու նրա ընտանիքի անդամները մշտապես տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի ուշադրության կենտրոնում են:

Անցյալ տարի Տեր Զարեհ քահանան նշել էր իր 50-ամյա հոբելյանը և տարեդարձի առիթով հավաքված գումարը նվիրաբերել էր Հայաստանում և Արցախում ապրող զոհված զինվորների ընտանիքներին:

«Ես եղա Հայաստանի տարբեր մարզերում և առիթ ունեցա հանդիպելու սգավոր, սակայն հերոս զինվորներ, սպաներ ծնած մեր ժողովրդի զավակների և ծնողների հետ: Մենք այսօր եկել ենք միայն ու միայն համբուրելու նրանց հիշատակը և ասելու, որ մեր աղոթքով ձեզ հետ ենք», –նշել է ավագ քահանա Զարգարյանը:

Բանակի օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Հունվարի 29-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայոց բանակի 25 ամյակին։

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես երիտասարդական կենտրոնի տարբեր տարիքի և նախասիրության սաները, այնպես էլ անհատ երգիչ Ալֆոն Կուլաղսզյանը Կարտիկամ գյուղից։

Միջոցառումը կազմակերպվել էր երիտասարդական կենտրոնի մանկավարժների աջակցությամբ և բաղկացած էր երաժշտական ու պարային համարներից, փոքր բեմականացումներից և ասմունքներից։

Մանկահասակ երեխաների շուրթերից մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ հնչում էին քաջալերման, գովասանքի, մխիթարանքի խոսքեր։

Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկավ երիտասարդական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը՝

«Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ։ Հայ ժողովուրդը իր գոյության պատմության ընթացքում բազում անգամ է ունեցել հզոր բանակ, չնայած հաճախ սակավաթիվ զինվորներով, բայց գրեթե միշտ մեծ հաջողություն ունեցող բանակ։ Այլևս կարելի է ասել, որ հայոց բանակը կայացած է և հզոր, որի վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը»,- ասաց Արթուր Գաբրիելյանը։

Միջոցառումը ավարտվեց հանդիսատեսի և մասնակիցների շնորհավորանքներով ու հայրենասիրական երգերի շարանով։

Ջուլիետա Տոնականյան

http://jnews.ge/

Ամեն օր աղոթում եմ, որ առողջ տուն վերադառնաս, իմ զինվո´ր եղբայր. ֆրանսահայ աշակերտներ

Հայոց բանակի 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցի սաների նամակ-բացիկները՝ ուղղված հայ զինվորին:

%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%821%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%822%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%822 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%823%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%823 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a6%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a61%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a62 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a62%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a63 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a64%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a65 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a66%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a67 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a68%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a69 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a611%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a612 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a613%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a614 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a615%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a616 %d5%a9%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%a617

Ես հպարտ եմ և ուժեղ, քանի որ ունեմ քեզ պես քաջ զինվոր. հունահայ աշակերտներ

«Հայերն այսօր»-ը Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով ներկայացնում է Հունաստանի Գավալա և Քսանթի քաղաքների մեկօրյա վարժարանների աշակերտների նամակները՝ ուղղված հայ զինվորին:
%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b62

Կանադայի Հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» շքանշանով

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին առիթով` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» շքանշանով:

 

Տոնդ շնորհավո´ր, հա´յ զինվոր, փառք Հայոց հաղթական բանակին. Վահագն Կարագաշյան. տեսանյութ

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանի տեսաշնորհավորանքը՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով:

«Հայոց բանակի զինվորն այսօր վերահառնումն է Ավարայրի դաշտի վրա խոյացող Հրահատ Կամսարականի, ինչպես նաև՝ Դավիթ Բեկի քաջարի ռազմիկների, Սասնա լեռների վրա մաքառող հայ ֆիդայիներ Գևորգ Չաուշի և Գալեի, Թաթուլ Կրպեյանի և Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ-հերոս Ռոբերտ Աբաջյանի»,-իր խոսքում նշել է Վահագն Կարագաշյանը:

«Արի տուն»-ը նաև մկրտության յուրօրինակ ավազան է». Խաչիկ Հովհաննիսյան

ՀՀ սփյուռքի նախարարության լավագույն նախաձեռնություններից մեկն էլ «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրն է, որի շնորհիվ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայորդիները ծանոթանում, բարեկամանում են միմյանց հետ, սովորում մեկը մյուսից, խորհրդակցում, կիսվում իրենց ունեցած գիտելիքների, ուսման բնագավառում հաջողությունների, ձեռքբերումների շուրջ: «Արի տուն»-ը նաև բարեկամության յուրօրինակ հարթակ է. իր գոյության 8 տարիների ընթացքում այս սիրված ու մեծ մասսայականություն վայելող ծրագրի շրջանակներում հիմք է դրվել նաև սիրո գեղեցիկ պատմությունների՝ ավարտվելով հայկական ավանդական հարսանիքներով: Հուզիչ մի պատմություն է նաև վերջերս Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում տեղի ունեցած մկրտության արարողությունը, որի նախապատմությունը ևս «Արի տուն» ծրագրից է ծնունդ առել: Վրաստանի Ծալկայի շրջանից «Արի տան» մասնակիցներ Նուշիկ և Անուշիկ (մկրտության անուններով՝Գայանե և Հռիփսիմե) քույրիկները մկրտվեցին Հայրենիքում՝ կնքահայր ընտրելով Արարատից Խաչիկ Հովհաննիսյանին, ում տանը ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է քույրիկներից մեկը, այնուհետև իր հայրիկին պատմել այդ հրաշալի ընտանիքի կողմից ստացած ջերմ ու հոգատար վերաբերմունքի մասին և առաջարկել իր ծնողներին իրենց մկրտությունն իրականացնել Հայաստանում՝ կնքահայր ընտրելով Խաչիկ Հովհաննիսյանին, ով սիրով համաձայնել է: «Հայերն այսօր»-ի համար մեր զրույցի ընթացքում Խաչիկ Հովհաննիսյանն ավելի մանրամասնեց այդ պատմությունը:

«Երկու տարի առաջ իմ մանկության ընկերը ՝ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար ֆիրդուս Զաքարյանը, մի խումբ երեխաների բերեց մեր գյուղ՝ Ավշար, բաժանեց հյուրընկալ ընտանիքներին և հարցրեց, թե ես կցանկանա՞մ  որևէ երեխայի հյուրընկալել իմ տանը. սիրով համաձայնեցի և մեր հարկի ներքո հյուրընկալեցի երկու երեխաների: Նրանցից մեկը ցանկացավ, որ դառնամ իր կնքահայրը, ես մեծ սիրով համաձայնեցի, և այսօր իրականանում է այդ երեխաների, նաև ՝իմ բաղձալի երազանքը: Ուրախ եմ, որ կարողանում եմ մի փոքրիկ ներդրում ունենալ այս հայրենանվեր գործում: Մինչ այս մկրտությունը՝ ես էլի՛ եմ եղել կնքահայր, սանիկներ ունեմ, սակայն այս մկրտության խորհուրդն առանձնանում է նրանով, որ իմ սանիկները դրսից են՝Վրաստանից, խորհուրդը մեծ է նաև հե՛նց Էջմիածնում մկրտվելու առումով, նրանք ասես ուխտագնացության են եկել: «Արի տուն» ծրագրի, այս պարմանիների շնորհիվ մեր ընտանիքները բարեկամացան, և Սփյուռք-Հայաստան գեղեցիկ մի կամուրջ գցվեց: Հիրավի՛, ողջունելի է Սփյուռքի նախարարության հայրենաճանաչողական այս ծրագիրը, որի շնորհիվ դրսում ապրող մեր հայորդիները ծանոթանում են իրենց Հայրենիքին, իսկ հյուրընկալ ընտանիքներում՝ինչպես հարազատ օջախում, վայելում են հայկական ավանդական մթնոլորտի բոլոր գույները, բոլոր բարիքներն ու մեր Հայաստանի արևով լիցքավորված ջերմությունը: «Արի տուն»-ը նաև մկրտության յուրօրինակ ավազան է: Սրտանց պատրաստ եմ կրկին ստանձնելու հյուրընկալ ընտանիքի դերը. դրսում ապրող հայորդիները նաև մե՛ր երեխաներն են. Հայրենիքի՛, մեր տան դռները միշտ բաց են նրանց առջև»:

Խաչիկ Հովհաննիսյանի այս սրտառուչ խոսքերից հետո մկրտության ու նոր սկսվող բարեկամության առիթով իրենց երախտագիտությունն արտահայտեցին և՛ մկրտվողները, և՛ նրանց ծնողները:

Կարինե Ավագյան

%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b69%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b68%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b67%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b61 %d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b64

 

Իսպանիայի թագավորը ջանքեր է գործադրել փրկելու Դանիել Վարուժանին 

Վերջերս Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել էր որոշ փաստաթղթեր, ըստ որոնց` Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականության որոշ ներկայացուցիչների: Քանի որ այդ վավերագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին գիտնականների և ընդհանրապես մեր բոլոր ընթերցողների շրջանում, Akunq.net-ը ստորև հրապարակում է նաև 1916 թ. մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին: Ինչպես երևում է նամակից, Իսպանիայի թագավորը 1916 թ. դեռևս տեղյակ չէր, որ Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականներն արդեն սպանված էին օսմանյան իշխանությունների հրամանով, և դեռ հույսեր էր փայփայում նրանց փրկելու ուղղությամբ:

Փաստաթուղթը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել այն օսմանյան արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ Գևորգ Հակոբյանը, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանել կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը:

«10-ը մայիսի, 1916 թ.

Թուրքիայում Իսպանիայի ներկայացուցչություն

Պարո՛ն նախարար,

Ընթացիկ ամսվա 1-ին և 8-ին պատիվ ունեցա հանդիպումներ ունենալ Ձերդ գերազանցության հետ: Այդ հանդիպումներում քննարկված այն մի քանի հայերի թեմայի առումով, հայեր, որոնց ազատ արձակումը խնդրվել էր Նորին մեծություն տիրակալիս կողմից, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ հավելել, որ Դանիել Վարուժան անվամբ հիշատակված անձը կրում է Դանիել Չպուգքյարյան անունը, և որ Վարուժան անունը, որով նա հայտնի է, իրականում նրա գրական կեղծանունն է:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` վերոհիշյալ անձը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 11/24-ին, և մյուս բանտարկյալների հետ միասին ուղարկվել Չանքըրը, որտեղ նա մնացել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսի 7/20-ը, իսկ այնտեղից էլ հավանաբար ուղարկվել է Այաշ:

Շտապում եմ Ձեր գերազանցությանը հայտնել այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ, քանի որ ցանկանում եմ դյուրացնել նրա որոնումը, որը հրահանգվել է օսմանյան կառավարության կողմից, և օգտվելով առիթից` տեղեկացնում եմ, որ քիչ առաջ նոր հրահանգներ եմ ստացել, ըստ որոնց` ակտիվացնելու եմ քայլերս` վերոնշյալ անձանց խնդրի ուղղությամբ:

Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը` վերոհիշյալ որոնումների արդյունքի մասին առաջիկայում ինձ տեղեկացնելու համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ հնարավորինս շտապ պատասխանել Նորին մեծություն Իսպանիայի թագավորին:

Պարոն նախարար, ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:

Ֆրանսերենից թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%a9 %d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%a91