«Քո դարերի պատմության մեջ երգ եմ դառնալու, քեզ եմ երգելու». Սիբիլ

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը արժևորեց երգչուհու հայեցի ազնիվ և խիզախ կեցվածքը, նվիրվածությունը հայ մշակույթին ու երգարվեստին: Մասնավորապես, անդրադառնալով Սիբիլի երգերի անթերի հայերենին ու բացառապես հայկական երգերից բաղկացած երգացանկին, նախարարը հետաքրքրությամբ ծանոթացավ երգչուհու նոր ծրագրերին:

Ստամբուլահայ երգչուհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ վերջերս նոր երգ է ձայնագրել սփյուռքահայերի համար, որը պետք է տեսահոլովակ դառնա: «Հեքիաթից էլ ավելի երանելի իմ Հայրենիք: Քո դարերի պատմության մեջ երգ եմ դառնալու, քեզ եմ երգելու». մեջբերեց երգչուհին երգի տողերը:

Սիբիլին մեծ ճանաչում են բերել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Այս գիշեր», «Մեր լեզուն», «Նամակ» և այլ երգեր:

Նամակ հայ զինվորին. գրում են Ալմելո քաղաքի հայ դպրոցականները

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաների շնորհավորական նամակները՝ ուղղված հայ զինվորին:

%d5%a1%d5%ac%d5%b4%d5%a5%d5%ac%d5%b8

Արևմտյան ու Արևելյան Հայաստանը՝ թուրք լուսանկարչի աչքերով. «Ակօս» (լուսանկարներ)

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» զրուցել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի հետ, որը շրջել է Արևմտյան և Արևելյան Հայաստանով ու բացահայտել իր համար հայերից մնացած ժառանգությունն ու հայերին:

Թուրք լուսանկարիչը պատմում է, որ Արևմտյան Հայաստանի տարածքում իր լուսանկարած քանդված կամ որպես ախոռ օգտագործվող եկեղեցիների ու այլ պատմական հուշակոթողների լուսանկարները ցուցահանդեսի տեսքով ներկայացնելուց հետո բազմաթիվ մարդկանց արձագանքը հետևյալն է եղել. «Դե, այո, գիտեինք, որ նման բան կա, բայց այս աստիճան չէինք պատկերացնում»:

Ըստ Վեդաթի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ամենամեծ արգելքը Թուրքիայից ու այդ երկրի հասարակությունից եկող «էգո»-ի զգացումն է։ «Պետք է մի կողմ թողնել այդ «Ես գիտեմ»-ը: Այս պահին բավականին ներփակ վիճակի ենք հասել», – ասում է լուսանկարիչը:
Վեդաթն այժմ ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ակտիվ շփումներ է հաստատել նաև Վրաստանի հայ համայնքի հետ, որոնց հիման վրա նոր ֆիլմ է պատրաստել:

«Ժամանակին հայերը կազմում էին Թբիլիսիի բնակչության 70 տոկոսը, հիմա այդ տոկոսը հազիվ 5-ի է հասնում: Սա թեմա է, որի մասին ոչ ոք չի խոսում: Իհարկե, այստեղի ձուլման քաղաքականությունն այդքան էլ ինտենսիվ չէ, որքան Թուրքիայում: Ֆիլմս ավելի շուտ ոչ թե դրա, այլ հայերի՝ Թբիլիսիի վրա ունեցած մշակութային հզոր ազդեցության մասին է»,- tert.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Վեդաթը:

Խոսելով Հայաստան իր այցի մասին՝ թուրք լուսանկարիչը պատմում է, որ Հայաստանում անցկացրած ժամանակն օգնել է լցնել կյանքում ունեցած մի շարք բացթողումներից առաջացած դատարկությունն ու հասկանալ, որ ցեղասպանության մասին մինչ այդ իրենց սովորածն ու լսածը բոլորովին այլ է: Ու չնայած իր շրջապատից եկող ոչ այնքան դրական արձագանքներին՝ Վեդաթը մի քանի ամիս էլ Հայաստանում է ապրել՝ ինչպես վճռել էր:

21346

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով Սումգայիթի վայրագություններին. Արցախի ԱԺ կոչը միջազգային հանրությանը

1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում  ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել են նախապես ծրագրված և կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած ավելի քան 20 000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:

Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից և փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաև Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին` Բաքվում:

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներև հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:

Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:

Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը և դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին և իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,

կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:

Լևոն Յոլյանն ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ

ԱԺ նիստն այսօր մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Այսօր ԱԺ-ում նաեւ ընտրությունների օր է: Մեծ ընդմիջման մեկ ժամվա ընթացքում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու են ՎՊ նախագահին: 15 օր առաջ այդ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Իշխան Զաքարյանը, երեկ պատգամավորները քննարկել են այդ պաշտոնի համար միակ՝ Լեւոն Յոլյանի թեկնածությունը: 2016-ի փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Յոլյանը նշանակվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, մինչ այդ նա 12 տարի զբաղեցրել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը:

Պատգամավորները նաեւ քվեարկել են եւ ընդունել երեկ քննարկված նախագծերը՝ թվով 11 հատ: Դրանց շարքում է, օրինակ՝ կառավարության առաջարկը՝ վերացնել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 եւ 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը:

Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Այս պարգևին են արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամներ Յացեկ Սարիուս-Վոլսկին, Կնուտ Ֆլեկենշտեյնը, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է նաև Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, ով Հայաստանի պետական այդ բարձր պարգևին արժանացել է Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլզ Թաննոքը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան»  դպրոցում նշվեց Բուն Բարեկենդանի տոնը

Փետրվարի 26-ին Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան»  իգական ավագ  դպրոցի պատասխանատուների  նախաձեռնությամբ եւ Ծնողական խորհրդի համագործակցությամբ կրթահամալիրի  կենտրոնական դահլիճում դիմակահանդես–մրցույթի տեսքով նշվեց   Բուն Բարեկենդանի տոնը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ներկաներին ողջունեց դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը եւ բացատրելով մրցույթի կանոնները՝ ներկայացրեց իրավարար կազմին, որից հետո օրվա հանդիսավարուհի Շաղիկ Մատթեոսյանը անդրադարձավ Բարեկենդան տոնի ծագումնաբանությանը եւ նրան կապվող ծեսերին ու ավանդույթներին: Հաջորդիվ աշակերտությունը    ներկայացրեց տարբեր ազգերի ազգային  տարազներ եւ ստեղծած հետաքրքիր  կերպարներ, որոնք իրավարար կազմը գնահատեց  ըստ ճաշակի, մտահղացման, ներկայացման եղանակի եւ տարած աշխատանքի: Ավարտին ամփոփելով միավորները`  լավագույնները  պարգեւատրվեցին:

Նշելի է, որ հանդիսությանը ներկա էին դպրոցի տեսչությունը, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը եւ աշակերտությունը:

Լուսանկարները` հեղինակի

%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b61%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b62 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b63%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b64%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b65 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b66%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b67%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b68 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b69%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b610 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b611%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b613 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b614%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b615 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b616%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b617 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b618%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b619 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b620%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b621 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b622%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b623 %d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b624

«Ամեն հայ պետք է ինչ-որ բան անի իր Հայրենիքի՛, իր զինվորի՛, Արցախի՛ համար». Սիրան Միսակյան-Բասմաջյան

Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 17 տարի առաջ Մարսելից հայրենադարձված 80-ամյա Սիրան Միսակյան-Բասմաջյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում սպասված, ցանկալի հյուր է. նրան սիրով ու ջերմությամբ ենք ընդունում «Հայերն այսօր»-ի խմբագրությունում և ամեն անգամ շարունակում զարմանալ ու հիանալ նրա՝ մարդկանց հանդեպ ունեցած այդչափ  բարեգթությամբ: Բարեգթություն, նվիրում, սեր, հոգատարություն, սրտացավություն…Չգիտես՝ ինչպես կոչել այն բոլոր  դրական  հատկանիշների փունջը, որով զարդարված է այդ նշխար հայոց մամիկի էությունը, սակայն մի բան կա, որն անվերապահորեն կարող ենք ասել, այն է՝ մեծատառով հայուհու, հայ մոր էությունը,  որով պայմանավորված է մեր սերունդների հայեցի  նկարագիրը, մեր քաջ զինվորների հայրենասիրությունն ու մարտական  աննկուն ոգին:

…Դեռևս 8-ամյա աղջիկ՝ սկսել է իր Տիրուհի հորաքրոջ օրինակով փոքրիկ բարեգործություններ անել. որքան էլ ջանացի հարցուփորձ անել այդ մասին, Սիրան մայրիկը խուսափեց՝ ասելով, թե կարևորն այն է, որ Աստծու՛ն  են հայտնի իր գործերը:

«Ես չեմ ուզում խոսել իմ արած գործերի մասին, միայն ուզում եմ, որ մեր զինվորներին, զորամասեր ուղարկած իմ կապոցների ներքնաշորերը, գուլպաները նրանց տաք պահեն ու անփորձանք. դրանց հետ նաև պահպանիչ աղոթքներ եմ դնում և իմ մայրական սերն ու օրհնությունն եմ ուղարկում մեր տղաներին, մեր Հայրենիքի պաշտպաններին: Ինձ ոչ մեկը չի ստիպում, չի ուղղորդում, չի խնդրում. ես ինքս եմ նախաձեռնել այս օգնությունները, իմ սի՛րտն է ինձ  թելադրում, իմ խիղճը, իմ մայրական բնազդը: Ամեն հայ իր հնարավորության սահմաններում պետք է ինչ-որ բան անի իր Հայրենիքի՛, իր զինվորի՛, Արցախի՛ համար: Թո՛ղ մեր զինվորներն ու մեր հայրենակիցները միշտ հաղթանակներ տոնեն, թո՛ղ սուրը մխրճվի նենգ ու ագահ թշնամու սիրտը: Կցանկանամ, որ ծառայության մեկնելուց առաջ մեր երիտասարդներն անպայման մկրտվեն»,- ասում է Սիրան մայրիկը: Նրան ուղեկցող դստերը՝ Անի Բասմաջյան-Քեշիշյանին հարցում անելիս, չէի էլ կասկածում, որ թե՛ նա, թե՛ Սիրան մայրիկի մյուս զավակներն անպայման իրենց ծնողի շարունակությունն են նաև բարեգործության հարցում: Անին ևս չկամեցավ  մանրամասնել իր բարեգործության մասին, միայն ասաց, որ Մարսելում Համազգայինի երկու դասասենյակներն իր եղբայրների աջակցությամբ են վերանորոգվել ու կահավորվել, և իր երեխաները նույնպես  բարեգործական աշխատանքներ են անում:

Սիրան մայրիկն այս անգամ էլ ձեռնունայն չէր եկել նախարարություն. նա իր հետ բերել էր երեք պատկերաքանդակներ՝ ուղարկելու  զորամասեր: «Ես պատվիրեցի այս գրանիտե քարերի վրա պատկերելու Աստվածամորը՝ մանուկ Հիսուսին գրկած, որպեսզի իրենց տանից հեռու ծառայող զինվորները զորամասերում  աղոթատեղի ունենան, որպեսզի նրանք փարվեն Աստվածամորը և իրենց մայրերի կարոտն առնեն»,-ասում է Սիրան մայրիկն ու կրկնում՝ Աստծո՛ համար եմ անում, ազգի՛ս համար:

…Հիրավի՛, երանելի են բոլոր նրանք, ովքեր գիտեն կարեկցել, օգնել, բարի գործեր անել և չաղաղակել իրենց բարեգործությունների մասին. նրա՛նցն է Երկնքի արքայությունը:

Կարինե Ավագյան

%d5%bd%d5%ab%d6%80%d5%a1%d5%b63%d5%bd%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6

Սփյուռքի նախարարն ընդունեց Պայքար Սվազլյանին և Սարո Խոդավերդիին

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստան» հիմնադրամի Իտալիայի տեղական մարմնի նախագահ Պայքար Սվազլյանին և Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խոդավերդիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց նրանց կողմից իրականացվող ազգանպաստ գործունեության, Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության վերաբերյալ և հույս հայտնեց, որ առաջիկայում առավել ակտիվ ու արդյունավետ կլինեն Իտալիայի հայ համայնքի ներուժը Հայաստանի զարդացման գործում ներգրավելու նրանց ջանքերը:

Կարևորվեց հայապահպանությանն ուղղված Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին, մասնավորապես՝ «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների, մայրենի լեզվի արագացված ուսուցման դասընթացներին  համայնքի երիտասարդների մասնակցության հարցը:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությանը, որի կազմում էին փոխատենապետ Սարգիս Չոլաքյանը, ատենադպիր Սարգիս Գոթունյանը, վարչության անդամ Գևորգ Գաթոյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության հայանպաստ, ազգանվեր գործունեությունը և նշեց, որ Իրաքի պատերազմական իրավիճակի պայմաններում կազմակերպության վրա է դրվում նաև համայնք-պետություն փոխհարաբերությունների կարգավորման առաքելությունը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին կազմակերպության, եկեղեցու, համայնքային այլ կառույցների իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ավելի ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: Իրաքի Ազգային կենտրոնական վարչության փոխատենապետը նախարարին ներկայացրեց հայկական համայնքի խնդիրները, ցավով նշելով հայոց լեզվի նահանջի և համայնքի նոսրացման մասին: Անդրադարձ կատարվեց Հայաստան տեղափոխվել ցանկացող իրաքահայերին աջակցելու, նրանց կեցության, աշխատանքի տեղավորման, ուսման  խնդիրները կարգավորելու հարցում:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:

21

Կիեւում ներկայացվելու են հայկական միջնադարյան Ավետարաններ

Մարտի 1-ին Կիեւի Վ.Ի.Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի մասնաշենքում կայանալու է «Հայ գիրքն Ուկրաինայում. 400-ամյա պատմություն» խորագրով բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, առաջին անգամ լայն հասարակայնությանը կներկայացվեն եզակի փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերի վրա: Խոսքը վերաբերում է 14-րդ, 16-րդ եւ 17-րդ դարերի ձեռագրերի, Հայաստանին վերաբերող 19-րդ դարի-20-րդ դարասկզբի հրատարակությունների, հայկական երաժշտության պատմությանը նվիրված գրքերի, 2015 թվականին հիմնադրված «Հայկական գրադարան» ժամանակակից կոլեկցիոն հիմնադրամի մասին: Շնորհանդեսը կանցկացնի հայտնի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Ինչպես նշում են կազմակերպիչները, հայ համայնքը նկատելի տեղ Է գրավում Ուկրաինայի պատմության մեջ: «Ուկրաինայի հայերի բազմադարյան պատմությունը եւ մշակույթը բացառիկ երեւույթ Է, ստեղծագործական տքնանքի զուգորդումը ինքնատիպ մշակույթի պահպանման հետ»:

Հայ ժողովրդի գրավոր ժառանգության մեջ, որը պահվում Է Ուկրաինայի գրապահոցներում, պատվավոր տեղ են գրավում ձեռագրերը: Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի ձեռագրերի ինստիտուտի ֆոնդերում, որոնք իրենց բովանդակությամբ ու ծավալով ամենամեծն են Ուկրաինայում, պահվում են հայերեն երեք  Ավետարաններ, որոնք հայկական գրավոր ու գեղարվեստական մշակույթի հիանալի նմուշներ են: Հայկական ձեռագրերի թվում Է նաեւ 17-րդ դարի հայ-լատիներեն բառարանը:

Ընդգրկուն ցուցահանդեսն այն նշանակալի ավանդի ցայտուն վկայությունն Է, որ հայերը ներդրել են Ուկրաինայի մշակույթի մեջ եւ միաժամանակ ուկրաինացի ժողովրդի հարգանքի դրսեւորումը Ուկրաինայի հայերի բազմադարյան գրավոր ու տպագիր եզակի ժառանգության նկատմամբ, որը պահվում ու պահպանվում Է ուկրաինական պետության կողմից:

Ինչպես հայտնի Է, Ուկրաինայի հայ համայնքն ամենախոշորներից ու կազմակերպվածներից մեկն Է: Հայերը նկատելի տեղ են գրավում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում Է 11-12-րդ դարերով: Ուկրաինական հողերում գտնվելու բազմադարյան պատմության ընթացքում հայերն ստեղծել են նյութական ու հոգեւոր հսկայական ժառանգություն:

Հայ համայնքն ինտեգրվել Է ուկրաինական հասարակությանը՝ ընդսմին պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Ներկայում Ուկրաինայում ապրում Է բազմահազարանոց հայ համայնքը, ազգային համայնքներ են գործում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպություններ: Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը:

Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, դարձել Է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում Է երկրում գործող հայկական բոլոր կազմակերպությունները:

 

1992 թվականի Խոջալուի դեպքերը իրական փաստերով

1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն (այժմ՝ Իվանյան):

Արդեն քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել։ Ադրբեջանում եւ Թուրքիայում նույնիսկ անմեղ զոհերի հիշատակման հատուկ օր են սահմանել՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ, գրում է Հայ Զինվոր շաբաթաթերթը։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու ավանում։

Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի եւ ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքն ու մոտակա հայկական գյուղերը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։ Մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին մինչեւ ատամները զինված օմոնականների կենտրոնատեղիի։ Այդ օրերի մասին ռուս լրագրողուհի Անժելիկա Չեչինան գրում է. «Հունվարի 21-ից 25-ը ես Ստեփանակերտում էի: Քաղաքում ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ էր ձեռք բերվում, որ ամաչում էիր թեյ խմել: Սննդի կտրոններն իրացնել անհնար էր, խանութները դատարկ էին: Քաղաքում արդեն սովից ուռչելու, մահանալու դեպքեր էին արձանագրվել… Ստեփանակերտը հիշեցնում էր բլոկադային Լենինգրադի կինոկադրերը…»:

Խոջալուի կրակակետերի ոչնչացումը Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչեւ գրոհն սկսելը, հայերը, գործելով Ժնեւի պայմանադրույթներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել էին բնակիչներին հեռանալ քաղաքից եւ շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Իրենց` խոջալվեցիների խոսքով՝ նրանք օգտվել են այդ միջանցքից, եւ, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել:

Այդ օրերի մասին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը գրում է. «…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումները անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված եւ արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջապատումից: Սակայն Կարկառ գետից այն կողմ փախստականների շարանը բաժանվեց, եւ, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց կամ ավելի ստույգ` ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջեւանիկի ուղղությամբ: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե խոջալվեցիների ազատագրմանն էին ձգտում, այլ՝ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: …Տարօրինակն ու զայրացնողը այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները հապշտապ տեղափոխում էին անասուններին եւ ոչ թե մի կերպ փրկված ու այստեղ հասած բնակիչներին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

Հոդվածի հեղինակին ձերբակալել եւ դատապարտել են «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, եւ 2007թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլլաեւին դատապարտել են ութ ու կես տարվա ազատազրկման: Հետագայում այդ ցուցմունքները պաշտոնապես համարվեցին «ստահոդ» եւ «դավաճան»:

Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ` ժողճակատը, (Էլչիբեյի գլխավորությամբ), հետագայում էլ՝ հայր եւ որդի Ալիեւները, երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար վարկաբեկեցին եւ իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, ապա Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե, իբր, նրանք էլ Խոջալու ավանում են սպանդ սարքել:

Իրականում, տեղի է ունեցել հետեւյալը: Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Աղդամում տեղակայված ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին եւ նահանջող զինվորական խմբավորումներին` նրանց Աղդամի փոխարեն ուղղորդելով իբրեւ թե ադրբեջանցիների կողմից ազատագրված հայկական Նախիջեւանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ եւ տալով մի քանի տասնյակ զոհ` խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների ձեռքով։ Այս տարածքը Աղդամից 3,5, իսկ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա է, մինչեւ 1993 թվականի հուլիսի վերջը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների առկայությունն այդ տարածքում անհնար էր։ Ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող յուրային զինվորներին ու Խոջալուի բնակիչներին շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել կրակի տակ: Հետո արդեն ժողճակատայինները դիակները ազատորեն «հարմարեցրել» են իրենց նպատակներին:

«Մոնիտոր» ամսագրի հիմնադիր խմբագիր, վերլուծաբան, 2005 թվականի մարտի 2-ին Բաքվում իր տան մոտ մինչ օրս չբացահայտված չարագործի ձեռքով գնդակահարված Էլմար Հուսեյնովը իր հոդվածներից մեկում գրում է.

«Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիեւի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են` մեռյալների հետեւից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիեւի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, թեպետ լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք նրա «երկակի» ծնունդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողացրեց ճողոպրել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում էին ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կազմակերպած Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին: Ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտացիորեն լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաեւը, որը մի քանի ամիս անց մահացել է խորհրդավոր հանգամանքներում, իսկ ճշմարտությունն ասող մյուս լրագրողը՝ Էյնուլլա Ֆաթուլլաեւը, քանի տարի ճաղերի ետեւում է շինծու մեղադրանքով»:

Վերջերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը նոր լույս է սփռում Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում ադրբեջանական կեղծիքը: Տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել։ Հեղինակը նշում է, որ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի մեղադրանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն:

Չինգիզ Մուսթաֆաեւ – «Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը հասնի ժողովրդին, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին: Հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ ոմանց պնդումներին, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ եւ կվնասի ադրբեջանցի զինվորականներին»:

Մուսթաֆաեւը հիշատակում է իր կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քարշ տալիս դիակները, եւ երբ տեսել են, որ իրենց նկարահանում են, փախել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ: Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էին հայկական կողմից կրակոցներ լինել: Երկրորդ նկարահանման ժամանակ էլ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ «ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին…»:

Ֆիլմի հեղինակը նշում է՝ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին, այսպես կոչված, հայերի վայրագությունները ցույց տալն էր: Այդ ամենից հետո ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը զոհվում է 1992-ի հունիսի 15-ին անհայտ հանգամանքներում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ հայկական կողմի արձակած արկի բեկորից:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Վարչապետն ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր:
Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:

Ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Փետրվարի 27-ին Հոլանդահայ համագործակցող հազմակերպությունները հերթական անգամ հզոր ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և այլ քաղաքների զոհերին։ Արդեն ավանդույթ դարձած այս ցույցը, հակառակ անբարենպաստ եղանակային պայմանների, նորից բազում հայորդիներ հավաքեց Հաագայում՝ բողոքի հզոր ձայն բարձրացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հանդեպ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հատնում են Նիդերլանդական օրագրից, նախ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունում Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությանը ընդունեց նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան հանձնեց Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների նամակը՝ ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։ Այնուհետև բովանդակալից զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր քննարկվեցին և փոխանցվեցին  Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին հոլանդահայության մտահոգությունները։
Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու գործում և պետք է ջանք չխնայի սեփական կամ ԵՄ մակարդկով հասնելու հակամարտության քաղաքական և խաղաղ լուծմանը: Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի պահպանմամբ, որն այսօր խախտվում է Ադրբեջանի կողմից, բայց որի գնահատականը չի տրվում միջազգային հասարակայնության կողմից։
Նամակում շեշտված է նաև, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսեց այս հարցում իր երկրի քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։
Պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։ Նշվեց նաև, որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձումը։ Ինչպիսին է լինելու Նիդերլանդների դիրքորոշումը, եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։
Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարները անցնելով Հաագայի փողոցներով՝ հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի հզորացան։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չխանգարեցին, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։ Եղան տարբեր լեզուներով ելույթներ և կատարումներ նույնիսկ տարիքով ամենակրտսեր մասնակցի կողմից։
Այսպիսով, մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու նա այդուհանդերձ կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։