Քրդական հարցի ձախողումը կարող է աղետ դառնալ Թուրքիայի համար. Աճեմօղլու

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն թուրքական «Անադոլու» գործակալության ասել է, որ քրդական հարցի լուծման գործընթացի ձախողումն ու կանգ առնելը Թուրքիայի համար կարող է դառնալ քաղաքական և տնտեսական աղետ, հաղորդում է Մարմարան-ը:

Աճեմօղլուն ասել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի ամեն գնով։ Նա նշել է, որ Թուրքիայի համար նոր վտանգ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Ադրբեջանցիները փորձել են հրդեհել Խաչիկի արոտավայրերը, բայց իրենց իսկ ծուղակն են ընկել (Լուսանկարներ)

Yrkir.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդը Նախիջևանի սահմանագոտում կրակ է բացել Խաչիկ գյուղի արոտավայրերի ուղղությամբ՝ հավանաբար հրդեհ առաջացնելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ գյուղացիներին հաջողվել է հենց սահմանագոտում կրակը մարել, փոխարենը հրդեհը տարածվել է ադրբեջանական կողմի խոտածածկ տարածքներում՝ դառնալով մոտ 200 Հա խոտածածկի այրման պատճառ:

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը պատմեց , որ 30-35 գյուղացիներով անմիջապես հանգցրել են կրակը: «Չթողեցինք իջնի մեր սահման, իրենք էլ են փորձել հանգցնլ, բայց չհասցրեցին՝ տարծվեց իրանց կողմը: Սահմանի բերանին կանգնած՝ մեզ էին նայում»,-պատմեց գյուղապետը և հավելեց, որ , եթե կրակը տարածվեր գյուղի ուղղությամբ՝ կվնասեր խաղողի այգիներն ու ցանքատարածությունները:

Փաստորեն ադրբեջանցիներն իրենց իսկ մոգոնած ծուղակն են ընկել:

image (1) image (2) image

Հակոբ Պալյան. « Եթե խայծը տաս, մարդիկ կհակազդեն»

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  ՀՀ սփյուռքի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը: Հայերենի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող քայլերի շուրջ էր Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազգային գործիչ Հակոբ Պալյանի զեկույցը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրը»:

– Պարո´ն Պալյան, գաղտնիք չէ, որ մայրենին Սփյուռքում նահանջ է ապրում: Ձեր կարծիքով, ո՞րն է գլխավոր պատճառը:

– Լեզվի պաշտպանությունը ղեկավարման հարց է, բայց ո´չ անհատ ղեկավարի: Պետք է  ռազմավարություն մշակել՝ նկատի ունենալով, որ լեզուն ազգի գոյատևման հիմնական ազդակն է: Եթե լեզուն կորցնենք, հավաքականությունը ևս կկորչի: Պատմական փաստեր կան, օրինակ՝ Լեհաստանի հայությունը, որը շուրջ 200 հազար էր, անհետ կորած է: Ասում են, որ Ֆրանսիայում Կիլիկիայի շրջանից եկած հայեր կան, բայց… լեզուն կորսված է, իրենք էլ կորսված են:

Լեզվով ժառանգվում են գաղափարներ, լեզուն բառերի միջոցով իմաստ է փոխանցում: Մի օրինակ բերեմ. Ֆրանսիայում դասախոսություն պետք է կարդայի, ուսանողներին հարցրի՝ ֆրանսերե՞ն պիտի խոսենք, թե՞ հայերեն: Ասացին՝ երկու երիտասարդ հայերեն չեն հասկանում, ֆրանսերեն խոսեք: Լավ՝ ասացի ու հարցրի՝ ֆրանսիացիները թռչուն ունեն, որ կոչվում է «գռուե» (grue), գիտե՞ք որն է: Բոլորն իրար երես նայեցին: Հետևի շարքից մեկն ասաց՝ կռունկ: Ամբողջ սրահը բացականչեց՝ ահ, կռունկը: Այդ «ահ»-ն է լեզի ուժը:

Ինչպես ֆրասիացի իմաստասերն է ասում՝ բառերի ժառանգությունը, գաղափարների ժառանգություն է: Մենք ի՞նչ պետք է ժառանգենք առանց լեզվի: Եվ ինչպես Ռաֆայել Իշխանյանը կասեր՝ առանց լեզվի, ի՞նչ ազգ:

Լեզուն լեզվամտածողություն է, ապրում: Շատերին եմ ասում՝ վերցրեք Նարեկացու գիրքն ու բարձրաձայն կարդացեք, ոչի´նչ եթե իմաստը չկարողանաք ըմբռնել, դա տաք գինի խմելու պես մի բան է: Ու մենք այսօր, այդ լեզվի ուժը կորցնելու վտանգի առաջ ենք.Սփյուռքի ամենամեծ խնդիրն է սա:

 1915 թվականից հետո Ցեղասպանության ճանաչման հարցը, Հայ դատը հետապնդելով մենք հիմնականը մոռացանք:

– Ի՞նչ է պետք անել:

– Դպրոցում լեզուն սովորեցնելու համար հատուկ մանկավարժություն է պետք: Իսկ երբ այդ լեզուն սեփական հողիդ վրա չես սովորեցնում, երբ փոքրիկդ Էջմիածնի գմբեթը տեսնելով չէ, որ լեզու է սովորում, հատուկ մանկավարժություն է պետք՝ երկլեզվանի մանկավարժություն: Երկլեզվանի մանկավարժության ամենամեծ մասնագետներից մեկն էլ հայ է՝ Ժիլբերտ Բարգարյանը, ով ճանաչված մասնագետ է:

Լեզուն հեռագիր է, աշխարհաճանաչողության միջոց: Այդ աշխարհաճանաչողությունն է, որ այսօր Սփյուռքը չունի: Սփյուռքյան դպրոցներում լեզու չէ, որ սովորում են, հաղորդակցվելու միջոցներ են սովորում:

Սփյուռքում այսօր լեզվի ուսուցումը հիմնականում պատահականությանն է թողնված:

1974 թվականին նոր էի Ֆրանսիա գնացել: Այցելեցի Վիեն անունով քաղաք, որտեղ մեկօրյա դպրոց էր գործում: Ասացին, որ նախկինում 42 աշակերտ ունեցող դպրոցում, հիմա միայն 12 է ուսանում: Հարցրին, թե իմ կարծիքով՝ ո՞րն է պատճառը: Ասացի՝ ո՞վ է դասավանդում: Պատասխանեցին, թե Ամմանից եկած մի աղջիկ, ով նախակրթարանի 5-րդ դասարանն է ավարտել:

Ահա և գլխավոր պատճառներից մեկը, որը շատ հաճախ մենք անտեսում ենք: Ուսուցիչը պետք է պատրաստված լինի: Եթե ոչ՝ գործը չի հաջողի: Գաղտնիք չէ, որ աշակերտները 5 վայրկանում կարող են մարդուն «կշռել»: Մի՞թե նա կարող է հարգել միջնակարգ կրթությամբ իր ուսուցչին այն դեպքում, երբ ֆրանսիական դպրոցում իր ուսուցիչը համալսարանական կրթություն ունի, ավելի զարգացած է:

Ուսուցիչների ընտրության հարցում պետք է շատ բծախնդիր լինել: Հայերենի ուսուցիչներին պետք է շատ բարձր վարձատրել, ինչը և վերջերս Բեյրութի ճեմարանը սկսեց անել: Հայերենի ուսուցչին ավելի շատ է վճարում, որ շատերը ցանկանան հայերենի ուսուցիչ դառնալ:

Ժողովրդին պետք է հպարտություն ներշնչել, նրան ասել, որ հայերենն այնքան հարուստ լեզու է, որ ամեն բան հայերենով կարելի է ասել: Բոլոր բառերի հայերենը կա, ինչու գործածել օտար բառեր:

– Պարո´ն Պալյան, անդրադառնանք համաժողովին: Ձեր կարծիքով, որո՞նք են արևելահայերենի և արևմտահայերնի մեձեցման ուղիները:

– Հեռանկար պետք է ունենալ, բայց նախևառաջ միասին աշխատելուն պետք է վարժվենք: Պետք է մասնագիտական խումբ ստեղծել, որը և պետք է առանձնացնի այն հարցերը, որոնց ուղղությամբ և պետք է աշխատել:

Պետք է պայքարել ո´չ միայն արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ուղղությամբ, այլև օտարաբանությունների:

Իսկ սա նախևառաջ հպարտության հարց է, քաջության, ինչը և մեզ պակասում է:

Իսկ օտարամոլությունը անցյալից է գալիս: Ռուսաստանում ինչքան արագ ենք կորցնում (կորցրել) մեր լեզուն, Պոլսում ժամանակին շատերը ֆրանսերեն էին խոսում իրենց ընտանիքներում:

20-րդ դարի ամենամեծ հայերից մեկը՝ Շնորհք պատրիարքը, որի մայրենին թուրքերենն էր, որի ընտանիքում իսլամացածներ էլ կային, թուրքական հեռուստատեսությունում խոսում էր հայերեն, նախագահի հետ խոսում էր միայն հայերեն:

Այս է ազգային կեցվածքը, հպարտությունը, որը կորցրել ենք և պետք ունենք վերականգնելու:

– Պարո´ն Պալյան, լրատվամիջոցներն ի՞նչ կարող են անել:

– Մամուլն այս հարցերի մասին անդադար պետք է խոսի: Մեր ազգային գաղափարախոսությունը մշակման պետք ունի: Եվ այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը:

Մեզ հոգեկան, մտայնության հեղափոխություն է պետք և´ լեզվի հարցում և´ մարդկային փոխհարաբերություններում:

Կրթական հարցերն ավելի բարդ են, քան կարծում ենք: Մեկ շենք ավելի կառուցելու փոխարեն, պետք է այդ հարցերով զբաղվել: Ինչպես Օշականն է ասել՝ Մագաղաթն ավելի երկար է ապրում, քան մարմարը:

Հայրենադարձության քաղաքականություն պետք է մշակել, որ մարդիկ ընտանիքներով վերադառնան, ո´չ թե արտագաղթեն:

Լրատվամիջոցները հաճախ այս թեմաների մասին պետք  է խոսեն և ժողովրդին մասնակից անեն այդ խոսակցություններին: Այլապես շատ հաճախ այդ խոսակցությունները մենախոսության են վերածվում: Իսկ երբ ժողովուրդն էլ է մասնակից դառնում, նա տեսնում է իր թերություններն ու փորձում է շտկել դրանք, վերականգնել: Պետք է խոսել ժողովրդի հետ: Եթե խայծը տաս, մարդիկ կհակազդեն:

– Պարո´ն Պալյան, միշտ էլ լավագույն օրինակը սեփական փորձառությունն է: Ազգային հպարտության Ձեր ակունքը ո՞րն է:

– Ընտանիքիցս, հասկանալի պատճառներով, շատ քիչ բան է փոխանցվել: Մայրս Ջարդի սերնդից էր, միայն մանկապարտեզ է գնացել, հայրս…

Մայրս ամառներն ինձ աշխատելու էր ուղարկում: Մի ամառ էլ ուղարկեց կոշկակարների մոտ: Մի օր նրանք ինձ ասացին՝ գիրք բերենք, մեզ համար կարդա. ռադիո չկար այն ժամանակ: Մեկ շնչով կարդում էի նրանց բերած գրքերը: Օր էլ լինում՝ մոտ 10 ժամ կարդում էի, իրենք էլ աշխատում էին:

Ասածս ինչ է՝ հաղորդակցության հարց է: Հայ գրին, գրականությանը, հայ մթնոլորտին պիտի հաղորդակցվես: Մարդիկ այսօր չեն կարդում, ինչպե՞ս պետք է հաղորդակից լինեն այդ ամենին…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Օֆելյա Ծատուրյան.«Հայաստան գալն ինձ համար ամենալավ ճամփորդությունն է»

«Հայերն այսօրի»  զրուցակիցը ԱՄՆ Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան»  կրթական հաստատության տնօրեն  Օֆելյա Ծատուրյանն է:

Տիկին Օֆելյան միայն Հայաստան աշխարհում է կարողանում լիարժեք հանգստանալ և կտրվել առօրյա հոգսերից: Իսկ այս տարվա ճամփորդությունը դեռևս երկար կմնա Ծատուրյանների հիշողության մեջ:

 -Տիկի՛ն Օֆելյա, որքան նկատել եմ, ամռանը միշտ  Հայաստան եք գալիս:

-Այո՛, շատ ճիշտ եք: Ամառային արձակուրդս ընտանիքիս  հետ Հայաստանում եմ կազմակերպում. Բազմիցս հնարավորություն եմ ունեցել գեղեցիկ երկրներում ճամփորդել, սակայն հրաժարվել եմ և որոշել Հայրենիքում օրերս անցկացնել:

Հայաստան գալն ինձ համար ամենալավ ճամփորդությունն է: Օտար որևէ երկիր գնալիս այդպես չեմ հագենում և հաճույք ստանում,  ինչպես Հայաստանում. այստեղ ես վայելքի մեջ եմ: Սոսկ ճամփորդելու նպատակով չեմ գալիս. Հայաստանում ինձ իմ տանն եմ զգում՝ հարազատներիս շրջապատում: Հայրենի հողից ուժ եմ ստանում, լիցքավորվում եմ ամեն մի քար ու թփից, բնությունից, նույնիսկ քաղցրանուշ մրգերի ու բանջարեղենների բույրից, ժողովրդիս բարի ժպիտներից:

Իսկ երբ վերադառնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ միանգամից սկսում եմ կարոտել Հայրենիքս և կարոտախտի մեջ ընկնել:

Այս  տարվա  այցելությունն առավել արդյունավետ դարձավ. փոքր տղաս՝ Քրիստոֆերը, մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն»  ծրագրին: Հպարտությունս մեծ է, որ վերջապես որդիս ծրագրի մասը կազմեց, դա մեր ընտանիքի համար կարևոր ձեռքբերում էր, խանդավառված ենք բոլորս:

Պետք է ասեմ, որ Քրիստոֆերը շատ գոհ է մնացել ծրագրից: Ես նույնպես իբրև ծնող մասնակցությունից հետո դրական տեղաշարժեր եմ նկատել նրա մոտ:

 -Ըստ Ձեզ՝ «Արի տուն»  ծրագիրն ի՞նչ է տալիս սփյուռքահայ երիտասարդին:

-Նախ ասեմ, որ ես և ամուսինս՝ Վահիկ Ծատուրյանը, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության միջոցով ամեն առիթի դեպքում Գլենդելի հայությանն իրազեկում ենք «Արի տուն» ծրագրի մասին և աշակերտների ծնողներին հորդորում, որ երեխաներին ուղարկեն այս կարևոր ծրագրին մասնակցելու:

Շատ գոհ եմ «Արի տուն»  ծրագրից: ՀՀ սփյուռքի նախարարությունն իսկապես Հայաստանը Սփյուռքին կապելու գործում մեծ աշխատանք է կատարում: Անուրանալի են իմ սիրելի Հրանուշ Հակոբյանի անսպառ ջանքերն ու անմնացորդ նվիրումն առհասարակ Սփյուռքի նկատմամաբ, նա մեծ գովասանքի է արժանի: Տիկին Հակոբյանն իսկապես ինձ համար շատ հարգված մարդկանցից մեկն է, ում գործունեությունն ու մարդկային որակները բարձր եմ գնահատում:

Անդրադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ «Արի տուն» ծրագիրն աշխարհասփյուռ հայորդիներին աննախադեպ հնարավորություն է տալիս Հայրենի երկրի եզերքները տեսնելու, ավելի մոտիկից Հայաստանը զգալու հարցում:

Խոսքերը քիչ են արտահայտելու հիացումս Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարի մասին, որտեղ «Հրաժեշտի խարույկին»  ներկա գտնվեցի: Հուզվում էի անընդհատ, երբ տեսնում էի  երեխաների ջերմ ու անկեղծ շփումը, իսկ ոգևորությունս այնքա՜ն շատ էր, որ նրանց պարելու միացա: Կարծես՝ երիտասարդացա նրանց շարքերում:

Պետք է փաստեմ, որ «Արի տուն» ծրագիրը հայապահպանության, ազգային խնդիրների լուծմանն ուղղված հայրենասիրական գլխավոր ծրագիրն է:

 -Տիկի՛ն Օֆելյա, իսկ Դուք մասնակցեցիք «Սփյուռք» ամառային դպրոցի  «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին: Ի՞նչ տպավորություններ ունեք  դասընթացից:

-Ծրագրի շրջանակներում արդյունավետ դասընթացներ ունեցանք: Մանրակրկիտ ծանոթացանք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում նախարարության ռազմավարությանն  ու մոտեցումներին:

Նախարարության աշխատակիցները համայնքային գործի կազմակերպիչների համար համայնքային խնդիրների լայն քննարկում կազմակերպեցին, ինչն, անշուշտ, հրատապ հարց էր:

Ապա մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել համայնքային կառույցների, կազմակերպությունների խնդիրները և հայապահպանության ուղղությամբ կատարվող քայլերը: Ինչպես նաև քննարկեցինք հետագա  համագործակցության ծրագրերը:

Ուրախությունս անչափ էր, որ  ծանոթացա տարբեր երկրներից ժամանած գործընկերներիս հետ: Խոսելով հայապահպանությանն ուղղված տարաբնույթ խնդիրների շուրջ՝ հասկացանք, որ բոլորիս դժվարություններն ու ցավը Սփյուռքում մեկն է ՝ օգտակար լինել Հայաստանին: Օտար ափերում ապրողներս վստահաբար կարող եմ ասել, որ փորձում ենք հնարավորության սահմաններում ձեռք մեկնել Հայրենիքին:

Ակամայից հիշեցի Զորավար Անդրանիկի խոսքերը՝ «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածի՛ր, թե ինչ ես արել  քո ազգի համար»:

Այս անգին խոսքերը պետք է ուղենիշ լինեն բոլորիս համար:

  -Ձեր ընտանիքի այցը Հայաստան կարևորվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության և «ԴավթյանՄարիամյան» կրթական հաստատության միջև համագործակցության հուշագրի կնքումով: Կխնդրեի մի փոքր մանրամասնել այս կարևոր իրադարձությունը:

-Նախ ասեմ, որ Սփյուռքի նախարարության ստեղծման առաջին տարիներից հասցրել ենք բարեկամական հարաբերություններ ձևավորել նախարարության հետ և երկուստեք սերտ համագործակցել: Միշտ զգացել ենք ՀՀ սփյուռքի նախարարության սրտացավ, հոգատար վերաբերմունքը մեր նկատմամբ:

Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ «ԴավթյանՄարիամյան» կրթական հաստատության և ՀՀ սփյուռքի նախարարության կապերն այս հուշագրի կնքումով  ավելի կամրապնդեն և համագործակցության նոր ուղիներ կնշմարվեն: Անխոս, շարունակելու ենք հետամուտ լինել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, մշակութային, կրթական, դաստիարակչական և քարոզչական ծրագրերի իրականացման, Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը և հայապահպանության խնդիրների լուծմանն ուղղված ազգանպաստ գործունեությունը:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

a2a3 a4a1a5a6a7a8

Goodreads­-ը Քրիս Բոհջալյանի գրքերը դասել է ամերիկյան լավագույն 100 գրքերի ցանկում

Հանրահայտ Goodreads­ը կազմել է ամերիկյան գրականության այն 100 գրքերի ցանկը, որոնք առավել պահանջված են ընթերցողների կողմից եւ ամենաշատն են պատվիրվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ինտերնետային հարթակի կազմած ցանկում են ընդգրկվել նաև ամերիկահայ Քրիս Բոհջալյանի The light in the ruins, Midwives եւ «The double bind գրքերը: Քրիս Բոհջալյանն ամերիկահայ վիպասան է 15 վեպերի հեղինակ: Առաջին՝ «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ։

Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել: «Մանկաբարձուհիներ» վեպի հիմքում Վերմոնտի գյուղական մանկաբարձ Սիբիլ Դենֆորդի հետ կատարվածն է։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ եւ դարձավ New York Times –ի և USA Today­-ի բեսթսելեր։ 2012 թ. հրատարակվեց Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը Հայոց ցեղասպանության մասին է։

Հայաստանի 9 ներկայացուցիչներ հունահռոմեական ըմբշամարտի լավագույնների վարկանշում

Ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է հունահռոմեական ոճի աշխարհի լավագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը: 6 քաշային կարգերի լավագույն 20-յակներում հայտնվել են Հայաստանի միանգամից 9 ներկայացուցիչներ:

Ներկյացնում ենք հայ ըմբիշների զբաղեցրած տեղերը.

66 կգ. Միհրան Հարությունյան  –  6-րդ տեղ

71 կգ  Ռաֆայել Ալեքսանյան – 13
Վարշամ Բորանյան – 14

75 կգ Արսեն Ջուլֆալակյան – 2
Կարապետ Չալյան – 12

80 կգ  Էդուարդ Սարգսյան – 10

85 կգ  Մաքսիմ Մանուկյան – 8
Արթուր Շահինյան – 16

98 կգ Արթուր Ալեքսանյան – 1

Նշվեց ԱՍԱԼԱ-ի ստեղծման 40-րդ տարեդարձը. լուսանկարներ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 40-րդ եւ  «Կարին» գործողության 33-րդ տարեդարձներին այսօր՝ օգոստոսի 7-ին,  ԱՍԱԼԱ-ի նախկին ազատամարտիկները, երիտասարդները եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:

Նրանք ծաղիկներ դրեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին կառուցված հուշարձանին, հայտնում է News.am-ը:

«Քանի Արեւմտյան Հայաստանը դեռ գրավված է, 40, 50, 60 տարին ոչ մի բան չի փոխում մեր մեջ, պայքարը շարունակվում է նույն հոգով: Ինչպես 30 տարի առաջ, երբ ես կատարեցի «Վան» գործողությունը ու հավատում էի այդ պայքարին, հիմա էլ նույն մտքին եմ»,- լրագրողներին ասաց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Վազգեն Սիսլյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդությունը մի օր կվեադարձնի իր հայրենիքը:

Նշենք, որ 1975թ. հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գործողության արդյունքում ոչ ոք չտուժեց:

Ընդհանուր առմամբ՝ մինչեւ 1997 թվականը ASALA-ի կողմից աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել է ավելի քան 200 հարձակում, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությանը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել եւ զիջել պատմական Հայաստանի տարածքները:

ԱՍԱԼԱ-ի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, եւս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին եւ դատապարտվել:

02 03 04 05 06 Asala

(Արևմտահայերեն) Արամ Ա. կաթողիկոսին այցելեցին Ե.Հ.Խ-ի և Մ.Ա.Ե.Խ.-ի ներկայացուցիչները

 

«Կամպ Արմենը» կառուցվել է 8-ից 12 տարեկան ավելի քան 1500 երեխայի ջանքերով

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ գործիչների հայտարարությունները «Կամպ Արմեն» որբանոցը հայ համայնքին վերադարձնելու մասին ընդամենը մարդկանց մոլորեցնելու նպատակ էին հետապնդում։ Դրա մասին ըստ News.am-ի՝  օգոստոսի 7-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Նոր Զարթոնք» կազմակերպության համանախագահ Անուշ Կազան Ասատրյանը։

Նա պատմել է, որ «Կամպ Արմեն» որբանոցի տարածքը գնվել է Հայ բողոքական եկեղեցու «Գեդիկփաշա» հիմնադրամի կողմից 1962 թվի  նոյեմբերի 15-ին։ «Որբանոցի շենքը կառուցվել է երեք ամսվա ընթացքում՝ 8-ից 12 տարեկան երեխաների ջանքերով։ Ինչպես ասում էր Հրանտ Դինքը, որբ եւ աղքատ երեխաները նախ իրենց համար տուն կառուցեցին, իսկ հետո՝ մի ամբողջ քաղաքակրթություն։ Որբանոցի քանդման աշխատանքները, որոնք սկսվել էին մայիսի 6-ին, դադարեցվեցին Տուզլայի ժողովրդավար բնակիչների, մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով,- նշել է Անուշ Կազան Ասատրյանը։ Ներկայումս,-շարունակել է նա,- ավելի քան 1500 երեխայի ջանքերով կառուցված որբանոցը, որի ամեն քարը, ամեն ծառը հայ մանուկների հմուտ ձեռքերի արդյունքն է, կանգնած է քանդող մեքենաներին դեմ-հանդիման»։

Ամուսնության առաջարկ՝ Արարատի գագաթին

Օգոստոսի 6-ին Արարատ լեռան գագաթին ամուսնության առաջարկ է արվել:

Այդ մասին սոցցանցում տեղեկացրել է առաջարկի երջանիկ հասցեատերը՝ Պերճուհի Կաժոյանը: Նա լեռան գագաթ է բարձրացել իր ապագա ամուսնու՝ Աարոն Քամինգսի հետ:

Պերճուհին տեղեկացրել է, որ «այո» է ասել իր ապագա ամուսնու հետ սիրով եւ արկածներով լի կյանքին:

Սիրիայի նախարարները խոստացել են Հալեպում էլեկտրականություն հայթայթող 2 կենտրոն և տասնյակ ջրհորներ ստեղծել

Սիրիայի էներգետիկայի և ջրի նախարարներն այցելել են Հալեպ և հանդիպումներ ունեցել պետական մարմինների հետ՝ շտապ և երկրարաժամկետ լուծումներ որոնելու Հալեպի ջրի և էլեկտրականության հետ կապված հարցերի և բնակիչների համար կենսական պայմաններ ապահովելու համար: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը:

Էներգետիկայի նախարարը հայտնել է, որ տվյալ մարզի ծառայողական գործունեության զոհողությունների շնորհիվ Սիրիայի զանազան տարածքներում էլեկտրակությունը դեռ հասանելի է, հակառակ որ զինված խմբավորումները խափանող աշխատանքներ են տանում: Ինչ վերաբերում է Հալեպ քաղաքին, խնդիրը զինված խմբավորումների կողմից Զերբեյի կայանի գրավումն է: Հակառակ այս դժվարություններին՝ նախարարությունն այս տարի էլեկտրականություն հայթայթող 2 կենտրոն պետք է հաստատի Հալեպում, որոնք պետք է բավարարեն քաղաքի էլեկտրականության կարիքը:

Ջրի հարցերով նախարարը հայտնել է, որ ներկայումս Հալեպ քաղաքը կարիք ունի հավելյալ 150 ջրհորների, նախարարությունն ամսական 20 ջրհոր կփորի, ինչպես նաև նյութական օժանդակություն կցուցաբերի Հալեպին՝ բավարարելու բնակչության պահանջը: Քուեյք գետում շուրջ 20 ջրազտման գործիքներ կտեղադրվեն:

Համահայկական խաղերի մասնակիցների համար վաղը մշակութային միջոցառումների ու էքսկուրսիաների օր է

ՀԽՀԿ գործկոմի որոշմամբ՝ օգոստոսի 8-ը բոլոր մասնակիցների համար հանգստի օր է լինելու: Առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ` Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության պատասխանատուների կողմից: Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի  որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում:

Հունահայ համայնքի ներկայացուցիչները կրթության պատասխանատուի հետ քննարկել են հայկական դպրոցների խնդիրը

Հունահայ համայնքի ներկայացուցիչները երկրի կրթության եւ կրոնի հարցերով նախարարի տեղակալ Թասուս Գուրագիսի հետ քննարկել են հայկական դպրոցներում հայ ուսուցիչներին պետական բյուջեից աշխատավարձ տրամադրելու եւ դպրոցների առջեւ ծառացած այլ կենսական խնդիրները:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում համայնքից ասացին, որ Գուրագիսը շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է հոգալու հայկական դպրոցների կարիքները, սակայն երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ դպրոցներում կրճատվել է ուսուցիչների թիվն, ու այժմ նախարարությունը դժվար կացության մեջ է: Փոխնախարարը շեշտել է, որ Հունաստանի եւ ԵՄ­ի միջեւ ընթացող բանակցությունների հետեւանքով մինչև օրս հազարավոր ուսուցիչների աշխատավարձը վճարված չէ, եւ հարցն օդի մեջ է:

Կողմերը որոշել են անընդհատ կապի մեջ լինել, որպեսզի խնդրին տրվի լուծում մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը: «Արմենպրես»­ը դեռեւս հուլիսի 4-­ին ներկայացրել էր հունահայ համայնքի մտահոգությունն առ այն, որ տնտեսական խնդիրների պատճառով հնարավոր է կրճատվեն նաեւ հայկական դպրոցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումները: Տասնամյակներ շարունակ դպրոցներում հայերենի ուսուցիչներն իրենց աշխատավարձը ստացել են Հունաստանի կառավարությունից, ինչի շնորհիվ հունահայ դպրոցները կարողացել են գոյատեւել, իսկ հունահայ երեխաները սովորել են հայերեն: Այժմ երկրում համատարած կրճատումների հետեւանքով համայնքում մտավախություն ունեն, որ հայ ուսուցիչների տրամադրվելիք գումարն էլ կկրճատվի:

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. տեսանյութ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է ավստրիական «Վոլֆսբերգերին» եւ հաղթում է 3:0 հաշվով, գրում է NEWS.am Sport-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով դարձել է դաշտի տերերի երրորդ գոլի հեղինակը: Հայ ֆուտբոլիստը նաեւ կատարել է գոլային փոխանցում Մարկո Ռոյսին, որը բացել էր հաշիվը: Երկրորդն աչքի է ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Scroll Up