Դեսպան Գասպարյանն արժանացավ Բուխարեստ քաղաքի պատվոգրի

Սեպտեմբերի 18-ին Բուխարեստի գլխավոր քաղաքապետ Սորին Միրչա Օպրեսկուն, քաղաքի հիմնադրման 555-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում, պատվոգիր հանձնեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին` Բուխարեստի համայնքային կյանքի և միջազգային կապերի զարգացմանը նպաստելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Պատվոգրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, կառավարության անդամներ, արտասահմանյան պատվիրակություններ, մտավորականության և հանրային ոլորտի ներկայացուցիչներ:

Բուխարեստի հիմնադրման 555-ամյակի տոնակատարություններին արտասահմանյան ութ այլ պատվիրակությունների շարքում մասնակցում էր նաև Երևան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:

Եթե Թուրքիան կանգնած չէ այս ահաբեկչության թիկունքին,ապա պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ. Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ISIS գրոհայինների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Նա մասնավորապես նշել է.

«Այսօր՝  սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, պայթեցվել է ISIS գրոհայինների կողմից: Սա ևս մեկ վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ մինչև ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված և պատժված չէ, այն շարունակվում է: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ` քաղաքականության: Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմէական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին,ապա  այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, արաբական almayadeen կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում գտնվող հայկական եկեղեցին հայտնվել է ՏԱՀԵՇ-ի թիրախում:

Ահաբեկիչները պայթեցրել են Սուրբ Նահատակաց հուշահամալիրի մեջ գտնվող հայկական պատմական եկեղեցին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարօրություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

***

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

«Հարգելի պարոն Նախագահ,

Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող: Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

***

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին խաղաղության և բարգավաճման իմ անկեղծ բարեմաղթանքները:

Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության և բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը` միտված մեր երկու երկրների միջև կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում:

Այս տարվա մայիսին Երևան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաև իրազեկ լինելու այն կարևոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը` ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում:

Ի վերջո ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

***

Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:

«Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ պատիվ ունեմ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: 22 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից, առաջընթաց կերպով զարգանում է բարեկամական համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի միջև: Երկկողմ քաղաքական փոխվստահությունն անընդհատորեն ամրապնդվում է, գործնական համագործակցությունը որոշակի արդյունքներ է տվել, հումանիտար կապերն օր-օրի դառնում են ավելի սերտ: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և մտադիր եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որպեսզի չին-հայկական հարաբերությունները, բարեկամական համագործակցությունը հաստատակամորեն հասցնենք նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:

Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, Ձեր ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սիրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ և ազգային ինքնության պահպանման ու գոյատևման միակ ուղին:

Եվ արդեն 23 տարի է, ինչ մենք ընթանում ենք այդ ճանապարհով՝ ազգովի հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր հաղթանակներ: Այդ հաղթանակները մենք ձեռք ենք բերել անասելի զրկանքների ու կորուստների գնով, ինչն էլ պարտավորեցնում է մեզ միշտ լինել զգոն ու աչալուրջ, համատեղ ու միասնական ջանքերով օր օրի ամրապնդել ու զորացնել հայոց անկախ պետականությունը: Հայաստանը և Արցախը հանդիսանում են համայն հայության հայրենիքը, և նրանց զարգացումն ու բարգավաճումը պատվի ու արժանապատվության խնդիր է յուրաքանչյուր հայի համար:

Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք այսուհետ էլ կկարողանանք հաջողությամբ լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները և արձանագրել նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը, Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն:

Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հանդիպել հայ և հրեական համայնքների ղեկավարների հետ Նյու Յորքում՝ կլիմայի փոփոխությանը նվիրված Գլխավոր վեհաժողովի 69-րդ գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք PanARMENIAN.Net -ից:

Ըստ Sabah-ի` Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի հետ:

Այդ կապակցությամբ թերթը գրում է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը քննարկում է Թուրքիայում հայկական կազմակերպությունների գույքը վերադարձնելու հարցը:

Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նաև Հրեաների համաշխարհային կոնգրեսի պատվիրակության հետ, որը գլխավորում է Սթիվեն Լաուդերը:

Գագաթնաժողովը կտևի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը:

Մեզ համար շատ կարևոր էր մասնակցել Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին…

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովն ավարտվեց: Մասնակիցները լիահույս են, որ բարձրացված խնդիրները, հնչեցրած առաջարկներն անպայման կյանքի են կոչվելու:

«Հայերն Այսօր»-ի ընթերցողներին ենք ներկայացնում համաժողովի մասնակիցների կարծիքները:

Վիկի Մարաշլյան, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի- Նախ շատ հաճելի էր ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և շփվել Հայաստանի, սփյուռքի ժողովրդի հետ: Կարծում եմ, որ արդյունավետ համաժողով ստացվեց և երկու օրերի նիստերի ժամանակ արծածված բոլոր առաջարկները հաստատ գործի կդրվեն՝ հանուն սփյուռքի և Հայաստանի բարօրության: Հնչեցին տարբեր տեսակետներ, ընդունեցին բանաձևեր, որոնք հետագայում կծառայեն սփյուռքի մեր աշխատանքներին: Իսկ մենք ձեռք ձեռքի տված, միասնաբար կապահովենք Հայաստան-Սփյուռք կամրջի ամրապնդումը: Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանին, այս հրատապ համաժողովը կազմակերպելու համար, մեզ համար մասնակցելը կարևոր էր:

Սուրեն Բայրամյան, Կահիրեյի Թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Հուսաբեր» մշակութային ընկերայցության ատենապետ– ՀՀսփյուռքի նախարարության արդեն երրորդ համաժողովին եմ մասնակցում: Մեծ գոհունակությամբ եմ ողջունում Հայաստան-Սփյուռք 5-րդ  համաժողովի կազմակերպումը: Ամեն բան գրագետ էր մտածված, տպավորությունս, իրոք, մեծ է: Տիկին Հակոբյանի կողմից կազմակերպվող այս համաժողովներն, անխոս, իրենց հետքը կթողնեն Հայաստան-Սփյուռք գործակցության ճանապարհին: Հավատում ենք, որ համատեղ քննարկումների, առաջարկությունների իրականացմամբ հաջողության ենք հասնելու:

Առհասարակ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համաժողովներին մասնակցելով խանդավառվում ենք և աշխատանքի հանդեպ հույսով, հավատով, սիրով լցվում:

Կարինե Քոչարյան, «Սփյուռքի Ձայն» հեռուստաընկերության տնօրեն, Նյու Յորք- Խոնարհումս եմ բերում ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայաստան-Սփյուռք 5-րդ  համաժողովի կազմակերպման և առհասարակ  բոլոր ձեռնարկների համար: Այն բոլոր առաջարկները, բարձրացված խնդիրները, որոնք ամփոփվեցին նիստերի ժամանակ, պետք է դառնա մեր անելիքների ուղենիշը: Եվ մեզանից յուրաքանչյուրը, որ ուզում է որևէ բան կատարել՝ այս համաժողովից ստացված առաջարկներից, նախ պետք է սկսի ինքն իրենից, մտածելով թե ինչ է արել կամ պետք է  անի տվյալ խնդրին լուծում տալու համար, քննադատելը հեշտ է, գործելն է դժվար: Այս պահին Աբրահամ Լինկոլնի խոսքերը հիշեցի. «Մի՛ նայիր, թե հայրենիքդ ինչ է անելու քեզ համար, այլ նայի՛ր, թե դու ինչ ես անելու հայրենիքիդ համար»:

Այլ կերպ ասած՝ մասնակցելով համաժողովներին՝ վերանայում ենք մեր պարտավորությունները: Եթե մեր այս հավաքները չլինեն, ապա սփյուռքում բոլորս կզբաղվենք մեր գործերով և կմոռանանք մեր հայրենիքը:

Լևոն Բլխկյան, Ռամկավար ազատական կուսակցության շրջանային վարչության ատենապետ. Հալեպի Շտապ օգնության անդամ, Հալեպ – Հալեպից եկել ենք մասնակցելու Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին այն  ակնկալիքով, որ ներկայացնենք Սիրիայում տիրող իրավիճակը, սիրիահայերիս կարիքները, և միասին մեր դժվարություններին լուծում գտնենք: Հավատով ենք լցված, որ մեր առաջադրած հարցերը պատասխան կստանան, իսկ համաժողովից շատ գոհ ենք, ամեն բան գեղեցիկ էր կազմակերպված: Անշուշտ, շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Անժել Մանուկյան, ՀՕՄՙ ՀՅԴ անդամ,ԱՄՆ-Երրորդ անգամն է, որ մասնակցում եմ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համաժողովին, բայց այս մեկը բացառիկ էր ինձ համար՝ թե՛ մասնակիցների թվի, թե՛ կազմակերպչական բարձր մակարդակի համար: Ամեն ինչ մշակված էր՝ ի սեր Հայաստանի հզորացման և ի սեր սփյուռքի համախմբման: Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մասնակցեցի Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին: Սա նաև մեծ առիթ է հանդիպելու, ճանաչելու սփյուռքի մյուս գործընկերներիս, որոնց հետ շփվում ենք, մտքեր փոխանակում, համագործակցության առաջարկներ ստանում: Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ  ջանք ու եռանդ չի խնայում մեզ համար նման կարևոր հանդիպումներ կազմակերպելու համար:

Ռաֆայել Գրիգորյան, Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիայի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ– Շատ մեծ գործ է արել ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ կազմակերպելով այս համաժողովը: Այն շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի վեր հանենք մեր խնդիրները, մեզ հուզող հարցերը ներկայացնենք: Ծանոթանում ենք տարբեր մարդկանց հետ, համագործակցության մեջ մտնում, ինչն էլ հեշտացնում է մեր աշխատանքները սփյուռքում:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ մի շարք սփյուռքահայ գործիչների պարգևատրեց

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք սփյուռքահայ գործիչների պարգևատրեց մեդալներով:

«Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվեցին՝ Քեսաբի  քաղաքապետ, ՀԲԸՄ Քեսաբի շրջանային վարչության ատենապետ Վազգեն Չափարյանը (Սիրիա),  Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում 35-րդ ընտրատարածքի  ներկայացուցիչ Խաչո Աչաջյանը (ԱՄՆ), Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում 46-րդ ընտրատարածքի  ներկայացուցիչ Ադրին Նազարյանը (ԱՄՆ), Ամերիկայի հայկական խորհրդի Լուիզիանայի նահանգային մարմնի նախագահ Վազգեն Կալթակճեանը (ԱՄՆ), Լիբանանի ԶՈՒ գեներալ-մայոր, Լիբանանի Հանրապետության  նախկին պետական նախարար Փանոս Մանճյանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ, Գասպար Կարապետյանը (Բելգիա):

Բոստոնի համալսարանի նախագահ, բժիշկ Արամ  Չոբանյանը պարգևատրվեց  «Մխիթար Հերացի» մեդալով:

«Մովսես Խորենացի»  Մեդալով պարգևատրվեցին՝  ԱՄՆ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հոգաբարձության խորհրդի անդամ  Էդվարդ  Ավետիսյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սվազլյանը, Կիպրոսի Հայ Դատի գրասենյակի ղեկավար, «Կիպրահայեր» թերթի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայկական եկեղեցու խորհրդի վարչության նախագահ,  բարերար Քրիստիան  Վարդան-Ֆերմանի Գելիջին, Փարիզի Ֆրանսահայ կազմակերպություն-ների համակարգող խորհրդի համանախագահ, «Նուվել Դ’Արմենի» էլեկտրոնային օրաթերթի և տպագիր  պարբերականի հինադիր,գլխավոր խմբագիր Արա Թորանյանը (Ֆրանսիա ), Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, Համազգային հայ կրթական մշակութային միության  «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազգային գործիչ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի Համազգային ամենօրյա հայկական վարժարանի հիմնադիր Հակոբ Պալյանը, «Ռուս-Հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ  Յուրի Նավոյանը (ՌԴ),  Սանկտ Պետերբուրգի «ՌոսՎոենՍտրոյ» ԲԲԸ- ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն, հասարակական գործիչ, բարերար ՀրաչյաՊողոսյանը, Սան-Մարինոյի գիտությունների և արվեստի միջազգային ակադեմիայի դոկտոր-պրոֆեսոր Օֆելյա Առաքելյանը (ՌԴ), Ստամբուլի Ազգային Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանը (Թուրքիա), Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական  ժողովի ատենապետ Գևորգ Վարդանը (Իրան), Սպահանի Հայոց Թեմի թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը (Իրան), Հայ մարզական-մշակութային «Արարատ» միության կենտրոնական վարչության ատենապետ,  Իրան-Հայաստան մշակութային և մարզական կապերի հանձնախմբի նախագահ Համլետ Խալոյանը (Իրան), Իրաքի Ազգային կենտրոնական վարչության  նախկին ատենապետ Պարույր Հակոբյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ  Հայոց Պատրիարքության  «Մասիս» քաղաքական ամսաթերթի խմբագիր և պատասխանատու տնօրեն Սարգիս Նաջարյանը (Լիբանան):

Պարգևատրվածները շնորհկալություն հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իրենց աշխատանքը բարձր գնահատելու և արժևորելու համար և հավաստիացրին, որ առաջիկայում ևս կշարունակեն առավելագույնն անել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը ու հայրենիքի բարօրությանը նպաստելու համար:

Air Armenia-ի թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի. Ռոսավիացիայի հետ ունեցած խնդիրը կարգավորվել է

Ռուսաստանում Air Armenia-ի ներկայացուցչությունը կատարել է համապատասխան վճարումները և ավիաընկերության բոլոր թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը` հավելելով, որ վճարումների արդյունքում ռուսական կողմից ստացվել է հեռագիր առ այն, որ ավիաընկերության բոլոր չվերթները կսպասարկվեն առանց սահմանափակումների:

Սեպտեմբերի 11-ին «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» ձեռնարկությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 21-ից պետք է դադարեցներ Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում:

«Տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Սակայն Սիրական Համբարձումյանը պարզաբանել էր, որ Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները»,- նշել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը:

«Երեւան» թիմը դարձել է Համահայկական խաղերի կանանց բասկետբոլի մրցաշարի հաղթող

Հայաստանի «Երեւան» կանանց բասկետբոլի թիմը հաղթանակ Է տոնել Թեհրանում ընթացող Համահայկական 46-րդ խաղերի կանանց բասկետբոլի մրցաշարում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Տղամարդկանց բասկետբոլի մրցաշարում Հայաստանը ներկայացրած «Արթիկ» թիմը զբաղեցրել Է 5-րդ տեղը:

Հայկական մամուլի իրական առաքելությունը

Օրերս Երեւանում կայացած Հայաստան- Սփյուռք 5-րդ համաժողովի ընդհանուր մթնոլորտը իր դրական ազդեցությունն է ունենալու ողջ հայության վրայ: Ելույթներից, հնչող կարծիքներից եւ առաջարկներից բացի այս ժողովը եւս մեկ անգամ  ցույց տվեց հայության ունեցած ներուժը: Հայաստանի համար կենսական եւ հիմնարար ազդակ համարվող սփյուռքահայությունը պիտի շարունակի մնալ պահանջատեր եւ բոլոր տեսակի տագնապների դեմ պայքարող: Ու պայքարի ճակատում ամենահիմնարար դերը վստահվել է հայկական մամուլին: Առաքելության եւ ազատ խոսքի հիմունքներով կերտված հայ մամուլը պետք է դառնա մեր հայելին ու ջանքեր գործադրի Սփյուռքը կապել Հայրենիքին եւ Հայրենիքը Սփյուռքին: Պիտի փորձենք գտնել այն իմաստները, որոնք առավել կմիավորեն մեզ: Մեր ժողովրդի հավաքական ձգտումների երկար ճանապարհի վրա կան բազում օազիսներ, կան լույսի փոքր կանթեղներ, որոնք պետք է լուսավորեն մեր ընթացքը: Հարյուր մղոնի ճանապարհը սկիզբ պետք է առնի առաջին քայլով,  եւ վստահ եմ, որ մեր երթը պիտի չկաշկանդվի Ցեղասպանության 100-ամեակի համալրումով: Կապրենք նոր հանգրվան,  եւ այդ հանգրվանին ընդառաջ՝  բոլորիս պահանջը հայրենիքի կողքին լինելու հրամայականն է: Կառչել այն արժեքներին, որոնք տարանջատում են մեր ժողովրդի հավիտենական արժեքները: Ահա մեր առաքելությունը՝ հայկական մամուլի իրական առաքելությունը:

Անի Եփրեմյան,

Լիբանանի «Արարատ» օրաթերթի տնօրեն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և հայրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ: Այս  մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Մայր աթոռի լրատվական ծառայությունից:

Արարողությանը Հայկազուն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին և Սրբալույս Մյուռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց նոր հոգևոր անուններ: Գևորգ սրկ. Ալավերդյանը վերակոչվեց Տ. Նշան քահանա, Սամվել սրկ. Հարությունյանը` Տ. Խաչեր քահանա, Գառնիկ սրկ. Շահինյանը` Տ. Շնորհք քահանա, Վարդան սրկ. Հունանյանը` Տ. Տարոն քահանա, Վրեժ սրկ. Միքայելյանը` Տ. Պողոս քահանա, Հարություն սրկ. Մաթևոսյանը` Տ. Կորյուն քահանա, Դավիթ սրկ. Հմայակյանը` Տ. Մամբրե քահանա, Արտակ սրկ. Թորոսյանը` Տ. Ղազար քահանա, Տիգրան սրկ. Ինջիղուլյանը` Տ. Տաճատ քահանա, Արթուր սրկ. Արշակյանը` Տ. Ներսես քահանա, Գեղամ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Սարգիս քահանա, Գրիգոր սրկ. Թոփաշյանը` Տ. Ղևոնդ քահանա, Դավիթ սրկ. Աբրահամյանը` Տ. Սմբատ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարավորություն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրությունը: Սրբազանն իր շնորհավորանքներն ու պատգամը ուղղեց նաև իր հոգևոր զավակներին` նորընծա քահանա հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունեիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տվել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամենքիդ վրա, դուք նոր մարդ և նոր արարած եք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհվում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինեք ճեմարաններում, այսօր ձեր  իմացական կարողության վրա ավելանում է Ս. Հոգու ազդեցությունը, և ձեր նվիրումը կատարյալ և բացարձակ է դառնում Աստծո Ս. Խորանի և մեր Ս. Եկեղեցու հանդեպ: Հետևաբար, դուք եք այս կառույցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջությունը…», – ասաց Սրբազան Հայրը:

Հայկազուն Սրբազանը խոսեց նաև քահանայության աստվածատուր խորհրդի մասին. «Քահանայական կյանքը, սիրելիներ, սովորական պաշտոն չէ, սովորական գործի տեսակ չէ, որ մեկը մյուսով փոխարինեք, քահանայական կյանքն անմնացորդ նվիրումն է:  Մեր ժողովուրդը կարիք ունի նվիրյալ, համեստ եկեղեցականների, որոնք իրենց պիտի արթնացնեն հոգևոր խավարից և քնի թմբիրից: Երբ մարդիկ թմրում են և ծուլանում, սատանան ու չարը գալիս է և հափշտակում նրանց: Դուք վերջին  պատնեշն եք, այն վերջին զինվորը, որ արթուն և պահապան է մնում, իսկ պահապանի պարտականությունը, ո՞րն է, եթե ոչ հայտարարել թշնամու գալուստը և արթնացնել քնած զինվորներին, որպեսզի կարողանան դիմագրավել և վանել թշնամուն:

Մեր Հայաստանյայց Եկեղեցին սուրբերի, նահատակների, ճգնավորների, նվիրյալների ամբողջ վերջնականություն է, որի ծայրը երևում է, սակայն վերջը չի նկատվում: Դուք գալիս եք միանալու այդ գեղեցիկ փաղանգին»:

Սրբազանը հորդորեց տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանվեր ծառայությամբ հագեցնել հավատավոր ժողովրդի հոգևոր քաղցը և իրենց հայացքը սևեռելով մեր ժողովրդի հերոսական անցյալին, պատմության լավագույն օրինակներին` իրենց օծված սուրբ աջերով բարի սերմեր սերմանել:

Քարոզի ավարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան և համբուրելով նորաօծների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացան առաջին «Ողջույն»-ը:

Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հունաստան

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հունաստանի թեմի առաջնորդ գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեանի եւ տեղի ազգային իշխանության հրավերով մեկնել է Հունաստան:

Վեհափառ հայրապետի հովվապետական այցը կտևի տասը օր: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Հունաստանի հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ թեմի եկեղեցիներ և հանդիպում հունահայ համայնքի հետ:

Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի վերջին հյուրընկալելու է ՀՀ Նախագահին Փարիզում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է առաջիկայում հաջողությամբ պսակված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Այս մասին նա նշել է ՀՀ անկախության տոնի առիթով ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում` ընդգծելով, որ ուրախ է այդ առիթով հյուընկալելու Նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզում հոկտեմբերի վերջին: «Ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Փարիզ` շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահնող երկրների նախաձեռնությամբ` օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի նախաձեռնությամբ:

Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում գտնվող հայկական եկեղեցին հայտնվել է ՏԱՀԵՇ-ի թիրախում: Այս մասին հաղորդում է արաբական almayadeen կայքը:

Ահաբեկիչները պայթեցրել են Սուրբ Նահատակաց հուշահամալիրի մեջ գտնվող հայկական պատմական եկեղեցին:

Այս առիթով հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

Scroll Up