Անհերքելի վկայություն

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն չի մոռացվում, այլեւ ունենում է իր հին գաղտնիքների նորանոր բացահայտումներ, որոնք ավելի են ամբողջացնում նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված ոճիրի պատկերը: «Ցեղասպանությունների դար» հորջորջված 20-րդ դարը բնութագրող գրքերում, որ 21-րդ դարասկզբին լույս են տեսել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, մարդկության դեմ գործված մեծագույն հանցանքը` հայերի ցեղասպանությունը, երբեմն չի էլ հիշատակվում, իսկ Թուրքիայի ներկա կառավարությունը ցեղասպանության իրողությունը` իր նախորդների կատարած ոճիրը հերքող իր «Հրաժարելով հրաժարիմք»-ը ամենուր հնչեցնում է այնպիսի անհեթեթ համոզվածությամբ, ինչպես բոլոր իրենց հորինած ստերին լրջորեն հավատացողները, որ հետո, ուշացած զղջումով, իրենք իրենց են դատապարտում: Պայմանական այդ «հետո»-ն էլ, թեեւ ուշացումով, հիմա է եկել, եւ ինչքան շուտ կայանա խոստովանությունը, այնքան թեթեւ կլինի քավության բեռը:

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում հոկտեմբերի 24-ին կայացավ Ռոզմարի Հարությունյան-Քոհենի «Վերապրած խոյեցի Արուսյակը» գրքի շնորհանդեսը` պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների մասնակցությամբ, հեղինակի, թարգմանչի, խմբագրի ներկայությամբ: Գիրքը 2002 թ. անգլերեն թարգմանությամբ լույս էր տեսել ԱՄՆ-ում, 2006 թ.-ին` պարսկերեն լեզվով Թեհրանում եւ ահա 2011 թ.-ին` հայերեն հրատարակությամբ` Երեւանում, որն իրականացրել է «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի, ինչպես նաեւ Հարությունյանների ընտանիքի նյութական աջակցությամբ:

Բացելով շնորհանդեսը` արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Գ. Մելիքյանը համառոտ ներկայացրեց գրքի հրատարակման պատմությունը եւ նրա կարեւորությունը հայոց պատմության ոչ հեռու անցյալի գաղտնիքները բացահայտելու գործում: Վաստակաշատ գրականագետ, պրոֆ. Սամվել Մուրադյանը, ով անգլերենից թարգմանված գիրքը բացառիկ վարպետությամբ վերածել է գրական ոսկեղենիկ արեւելահայերենի եւ գրել բնութագրական առաջաբան, խոսելով գրքի արժանիքների մասին` մասնավորապես ասաց, որ այն միայն 1917-18 թթ. Խոյի հայության ջարդից հազիվ փրկված Արուսյակի կյանքի պատմությունը չէ` գրառված նրա թոռան` գրողի եւ գեղանկարչի ձիրքերով օժտված Ռոզմարի Հարությունյանի ձեռքով: Գիրքն ունի ոչ միայն գեղարվեստական, այլեւ պատմաճանաչողական ու ազգագրական որոշակի արժեք, որովհետեւ նրա էջերում ներկայացված են ոչ միայն գրական կերպարի մակարդակը բարձրացած իրական մարդկային բնավորություններ, այլեւ պատմական այն միջավայրը, բարքերն ու կենցաղը, որով ժամանակին ապրել է իրանահայության մի հատվածը: Հեռավոր ժամանակներից Պարսկահայքում` Խոյում եւ նրա շրջակայքում հաստատված հայերը պարսիկների հարեւանությամբ ապրել են խաղաղ, բարիդրացիական պայմաններում` իրենց ազգային դիմագիծը, հավատքը, սովորույթները պահպանելով:

Գրքում շատ գեղեցիկ էջեր կան պարսկահայերի համայնքային սովորույթներն ու ծիսական արարողությունները պատկերող: Բայց ահա հայության այդ հատվածի խաղաղ ու բարեկեցիկ կյանքին էլ միջամտում է թուրքական յաթաղանը. թուրք ջարդարարները 1917 թ,. օգտվելով պարսկական պետականության թուլությունից, հայերին իսպառ բնաջնջելու մոլուցքով ներխուժում են Իրան եւ իրագործում Խոյի հայության կոտորածը, որի վկայագրողն է Ռոզմարին` իր տատ Արուսյակի եւ ուրիշ ականատեսների պատումներն ի մի բերելով: Արուսյակ Հայրապետյանի պատումները, որ գրառել է նրա թոռ Ռոզմարին, անշուշտ նման են թուրք փաստաբան Ֆեթհիյե Չեթինի գրքում Բալուի հայերի կոտորածների մասին նրա հայուհի տատի` Հերանուշ Կատարյանի` թրքացած Սեհերի վկայագրություններին: Ակնհայտ է, որ պետականորեն մշակված եւ հաստատված ծրագրով գործող թուրքերը թե Արեւմտահայաստանում, թե` Պարսկաստանում հայերին ջարդելիս գործել են նույն դաժան ձեռագրով, անպատժելիության նույն անամոթ հեռանկարով: Դահլիճը սարսռաց, երբ խմբագիրն արտասանեց իր հոգեւոր հոր եւ ավագ ընկերոջ` Մեծն Հովհ. Շիրազի հետեւյալ տողերը.

Թուրքն հայի արնից ձեռքերը հանում
Աստծու արցունքի մեջ է լվանում,
Սրբում սրբիչով ազգերի տված,
Սրբիչ լռությամբ նրանց անաստված…

Ռ. Հարությունյան-Քոհենը հավատարիմ է մնացել պատմական ճշմարտությանը` դեպքերը ներկայացնելով եղածին պես: Խոյի հայության ջարդն էլ ուղեկցվել է թուրքերին բնորոշ բացառիկ վայրագություններով. անխնա սպանել են առանց սեռի եւ տարիքի խտրության, չեն խնայել անգամ հղի կանանց` պատռելով նրանց որովայնը եւ թրատելով դեռ չծնված պտուղներին: Համատարած սպանդից մարդիկ փրկվել են կամ կազմակերպված ինքնապաշտպանության, կամ հարեւան պարսիկների անձնազոհ բարյացակամության շնորհիվ: Իրական անձնավորություններ են եւ Եփրեմի նման հերոսը, եւ պարսիկ բժիշկ Էֆթեխարը, որը ամեն կերպ ջանացել է օգնել ծայրահեղ թշվառ վիճակում հայտնված հայերին: Գիրքը, ասաց պրոֆ. Ս. Մուրադյանը, գրված է ջերմությամբ ու նախանձախնդրությամբ, ընթերցվում է հետաքրքրությամբ: Այն ավելի հավաստի են դարձնում հերոսների, տեղավայրերի լուսանկարներն ու հեղինակի յուղանկար գործերի լուսապատճենները, եղելությունների վավերականությունը հաստատող փաստաթղթերը:

Թարգմանիչ Արա Յ. Ավանեսյանն իր խոսքում ընդգծեց իր թարգմանած գրքի` գրական հայերենի վերածելու ուղղությամբ պրոֆ. Ս. Մուրադյանի կատարած հիրավի մեծ աշխատանքը:

Վերջում հրատարակիչներին, թարգմանչին, խմբագրին եւ իր գրքի տպագրության աջակիցներին իր շնորհակալությունը հայտնեց հեղինակը` Ռոզմարի Հարությունյան-Քոհենը` ներկայացնելով նաեւ գրքի ստեղծման պատմությունը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ազգ» օրաթերթ

 

Scroll Up