Քերոլ Ասլանյան.«Մայրս միայն մահանալուց առաջ ինձ պատմեց Հայոց ցեղասպանության մասին»

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը ՀԲԸՄ վարչության անդամ Քերոլ Ասլանյանն է: Նա իր հոգում չմարող  ցավ, կսկիծ ու անդադար պայքար ունի. ծնողները 1915թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայ ժովովրդի հանդեպ իրականացված ոճրագործության ականատեսներից են, ովքեր բախտի բերմամբ են կարողացել  փրկվել թուրք ասկյարի յաթաղանից…

 -Տիկի՛ն  Քարոլ,  զրույցը սկսենք Ձեր մասին տեղեկություններ իմանալով

-Սիրով,  ծնվել եմ  Նյու Հեմփշայրաում (Մանչեսթր), որտեղ կյանքիս 15 տարիներն եմ անցկացրել:

Ուսումը ստացել եմ Նյու Յորքի “Syracuse” համալսարանում: Հետագայում շարունակել եմ սովորել “Cornell” համալսարանում, իսկ մագիստրոսի կոչումը ստացել եմ Հարվարդի համալսարանում:

Այսպես ուսումն ավարտելուց հետո սկսեցի աշխատել որպես տարրական դասարանների  ուսուցչուհի, ապա վերադարձա Հարվարդի համալսարան, որտեղ էլ 7 տարի հետազոտական աշխատանքներ եմ իրականացրել, թե ինչպես են երեխաները ուսում ստանում, ինչպիսի ազդեցություն են ունենում ծնողները այդ գործընթացի  վրա և այլն:  Շատ էի սիրում աշխատանքս:

Այնուհետև տեղափոխվեցի Նյու Յորք, որտեղ էլ հանդիպեցի ապագա ամուսնուս. նա այնտեղ էր աշխատում: Նյու Յորքում գործունեություն ծավալեցի Կրթության ազգային ինստիտուտում: Ինստիտուտում աշխատակիցներով փորձում էինք հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ երեխաները որակյալ կրթություն ստանան: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը ստանալու համար սկսեցինք համագործակցել տարածքում գտնվող դպրոցների հետ՝ դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:

Հետո գործունեությունս շարունակել եմ “College Board”-ում՝ աշխատելով մի ծրագրի վրա, որը  երկարատև կրթություն էր կոչվում (life long education) այն պատճառով, որ 1980-ականներին երիտասարդների ճնշող մեծամասնությունը 25 տարեկանից հետո էին շարունակում իրենց կրթությունը կամ էլ նոր-նոր էին սկսում մտածել այդ ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց բացեցի իմ սեփական ընկերությունը, որը շուկայական հետազոտություն էր իրականացնում կրթության համար:

Իսկ 1996 թվականից ՀԲԸՄ-ի վարչության  անդամ եմ: Այստեղ ևս զանազան ծրագրերի միջոցով փորձում ենք Հայաստանի երիտասարդների գիտակցության մեջ բարձրացնել որակյալ կրթություն ստանալու գաղափարը:

 -Գիտեմ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եք, պատմե՛ք Ձեր՝ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

-Նախ ներկայացնեմ ծնողներիս. հայրս՝ Սամսոն Բաղդասարյանը, մայրս՝ Արմենուհի Աբլահարյանը, ծնվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում: Մայրիկիցս ավելի շատ են հիշողություններ պահպանվել, քանի որ փոքր էի՝ ընդամենը հինգ տարեկան, երբ հայրս մահացավ:

Այո՛, դուք ճիշտ եք, ծնողներս այդ սարսափելի ոճրագործության ականատեսներից են եղել: Ուզում եմ պատմել մորս ընտանիքի պատմությունը:

Երբ Ցեղասպանությունը սկսվել է, մայրս ութ տարեկան է եղել: Նա պատմում էր, որ թուրքերն անակնկալ ներխուժել են իրենց տուն և բռնի ուժով դուրս  հանել հորը,  քեռիներին և հորեղբայրներին՝ տանելով անհայտ ուղղությամբ, իսկ մի քանի օր հետո էլ եկել են կանանց հետևից:

Տատիկս տագնապած վերցրել է չորս երեխաներին՝ փորձելով  փախնել, սակայն չի հաջողվել: Նա դրսում հանդիպել է մի թուրք զինվորի և աղերսել, որ աղջկան՝ Արմենուհուն, տանի հանձնելու մոտակայքում գտնվող միսիոներների տուն՝ խոսք  տալով, որ եթե աղջկան հանձնի միսիոներներին, նրան կհայտնի տանը պահվող ոսկիների և գումարի տեղը: Այդպես մայրիկս բախտի բերմամբ փրկվել է, իսկ տատիկս մյուս երեխաների հետ շարունակել է գաղթի ճանապարհը:

 Մայրս մանկատանը մնացել է 20 այլ երեխաների հետ միասին: Պատկերացրեք՝  միսիոներները չէին թողել, որ թուրքերը մոտենային այդ տանը. երեխաների անվտանգությունը ռուսական զորքերն էին հսկում: Այդպես մայրս 7 տարի ապրում է այդ միսիոներական մանկատանը, որն Ալեքսանդրապոլում էր:

Ճիշտ է,  միսիոներներն ամեն ինչ արել են երեխաների բարեկեցության համար,  բայց եղել են օրեր, որ նրանք քաղցած են մնացել, ցուրտ պայմաններում են ապրել ու հիվանդ վիճակում գտնվել:

Մորս համար Աստված կարծես  այդ քաոսի մեջ լույսի, հույսի և փրկության նշաններ է ցույց տալիս. նա 15 տարեկանում գտնում է հորեղբորը, ով տեղափոխում է միայնակ աղջնակին Ստամբուլում ապրելու:

Տատիկս նույնպես երկու երեխաների հետ փրկվում է հայոց կոտորածից, իսկ ամենափոքր երեխան, ցավոք, մահանում է դաժան պայմաններից:

 Այնուհետև մայրս ծանոթանում է հայրիկիս և 17 տարեկանում  ամուսնանում են:

Ամուսնանալուց հետո նրանք ապրելու նպատակով գալիս են Մանչեսթր և  զբաղվում առևտրով:  Ծնողներիս միությունից  չորս երեխա է  ծնվում՝ երեք աղջիկ և մեկ տղա:

 -Տիկի՛ն  Քարոլ,  չէի՞ք  ասի,  թե երբ իմացաք  Հայոց  ցեղասպանության մասին

-Մայրս երբեք չի խոսել Եղեռնի մասին, միշտ լռել է այս հարցում:

Երևի պատճառնն այն էր, որ մեր բնակավայրում ընդամենը չորս հայ ընտանիք էր ապրում, իսկ հայկական եկեղեցիներ և այլ հաստատություններ չկային, մի խոսքով՝ կտրված էինք հայկական միջավայրից:

Մայրս միայն մահանալուց առաջ ինձ պատմեց  Հայոց ցեղասպանության մասին: Իմանալով զարհուրելի ոճիրի  մասին՝ քարացել էի պարզապես, խոսքեր չէի գտնում արտահայտելու:

Նա  շատ ուժեղ կին էր, միայնակ առանց տրտնջալու  իր ուսերի վրա էր վերցրել երեխաներին մեծացնելու, ընտանիքը պահելու  հոգսը: Անսահման շնորհակալ ենք մեր մայրիկին, որ դժվարին պայմաններում չի անտեսել մեր՝ կրթություն ստանալու հարցը, և մեզ իբրև գրագետ մարդիկ մեծացրել:

Եվ նրա դաստիարակության արդյունքն էր, որ ես օտար միջավայրում, որտեղ գրեթե հայ համայնք չկար, ամուսնացա հայ տղամարդու հետ:

 -Հետաքրքիր է՝ ի՞նչ  կասեք հայ ժողովրդի մասին, ինչպիսի՞ ժողովուրդ ենք  մենք:

-Շատ բարի, անկեղծ և սրտաբաց ժողովուրդ ենք: Հիացած եմ հայերի տաղանդով և խելացիությամբ: Առհասարակ շատ եմ սիրում գտնվել Հայաստանում, եղել եմ գրեթե բոլոր տեսարժան վայրերում: Իսկ հայկական ուտելիքները պարզապես չտեսնված համ ունեն, որոնցից առավել շատ տոլման եմ սիրում:

Տանն էլ ամուսինս է հիմնականում հայկական ուտելիքներ պատրաստում մեզ համար. ես օրվա մեծ մասն աշխատանքի մեջ եմ լինում: Աղջիկներիս և թոռներիս նույնպես փորձում եմ հնարավորինս հայեցի դաստիարակել. միշտ նրանց պատմում եմ հայ ժովովրդի մասին, թե ինչպիսի ազգ ենք մենք, ինչ դժվարությունների միջով ենք  անցել և արհավիրքներ տեսել:

 -Տիկի՛ն Քարոլին, մասնակցեցիք նաև ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովին, ի՞նչ տպավորություններ ունեք  կազմակերպված  ժողովից

-Նախ ասեմ՝ կարևորում եմ նման հանդիպումները. նոր ծանոթությունների, մտքերի փոխանակման հնարավորություն է ընձեռնվում մեզ: Ամեն ինչ բարձր մակարդակի էր կազմակերպված, եղան կառուցողական, իմաստալից ելույթներ: Շոշափվեց մարդկային ռեսուրսների թեման, որը դրական գնահատվեց իմ կողմից: Այս ժողովից հետո մեկ անգամ ևս համոզվեցի, թե  որքան խելացի ժողովուրդ ենք, պարզապես պետք է ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսները:

 Մենք էլ մեր աշխատանքի շնորհիվ պետք է ամեն ինչ անենք՝ ի շահ  Հայաստանի: Ինձ հատկապես մտահոգում է Հայաստանի երիտասարդների կրթական մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև արտագաղթի,  ծնելիության ցածր մակարդակի հարցը:

Պետք է տարբեր ծրագրեր մշակենք և կյանքի կոչենք, որոնցով կրթության որակը հայ երիտասարդների մոտ կբարելավի: Այժմ փորձարկում ենք կրթություն-տնտեսություն փոխհամագործակցությունը.ուզում ենք հասկանալ, թե կրթական համակարգը բարձրացնելու շնորհիվ տնտեսական ինչ  նվաճումներ կգրանցվեն:

Ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց կրթական համակարգում նոր տեխնոլոգիաների կիրառման հարցը,  որը նույնպես  հավանությանս արժանացավ:

 -Ըստ  Ձեզ ապրիլի  24-ից հետո, երբ լրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ի՞նչ հանգրվանի կհասնի  Հայ Դատը

-Անշուշտ կարևորում եմ համահայկական տարբեր նախաձեռնությունների, միջոցառումների, ոգեկոչումների մեծ ալիքի բարձրացումը: Եթե նույնիսկ դեռևս բաղձալի արդյունքին չհասնենք, միևնույն է սա աննախադեպ հնարավորություն է մեկ անգամ ևս  ի լուր  աշխարհի  պահանջատիրական կոչ հնչեցնելու:

Իսկ ապրիլի 24-ին ես, ցավոք, Հայաստանում չեմ լինի: Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 lives ծրագրի շրջանակում Փարիզում համերգ է տեղի ունենալու, այնտեղ կլինեմ: Ինչպես նաև կմասնակցեմ ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող այլ միջոցառումներին:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Անգլերենից հայերենի թարգմանությունը

Նունե Կիրակոսյանի

 

Scroll Up