Բեռլինում թուրք մտավորականը կբեմադրի «Մուսա Լեռան 40 օրը» ներկայացումը

Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում «Ձյուն է տեղում ապրիլին» թեմայով 40 օր շարունակ միջոցառումներ կընթանան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ գրում է Neue Zürcher Zeitung պարբերականը:

Միջոցառումները վեր են հանում հիշողություններ այն հրեշավոր արարքների մասին, որոնք 100 տարի առաջ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, հիշողություններ, եւ որոնց մասին մինչեւ օրս այնտեղ լռում են։ Թուրքական կառավարությունը իր պետությունը հայերից մաքրելու քաղաքականության միջոցով 100 տարի առաջ բնաջնջեց 1.5 մլն հայ։ Կանայք, երեխաներ, տղամարդիկ սպանվեցին իրենց սեփական հայրենիքում կամ աքսորվեցին երկրի սահմաններից դուրս։ Պաշտոնական Թուրքիան միչեւ օրս հրաժարվում է  այս մանրակրկիտ պլանավորած գործողությունը կոչել իր անունով, այն է՝ ցեղասպանություն, ցեղասպանություն, որը դարձավ  հարյուրամյակի առաջին ոճիրը համայն մարդկության դեմ, գրում է պարբերականը։

«Ցեղասպանության թեման մանկուց հետապնդում էր ինձ՝ որպես մարդկության պատմության մեծ վերք։ Միջոցառումների նպատակը ներկայացումների, ֆիլմերի եւ գեղարվեստական միջոցառումների միջոցով մարդկանց 1915թ. կատարվածը հիշեցնելն է եւ դրա հետեւանքները վերաիմաստավորելը»,- հայտարարել է թատրոնի տնօրեն,  ծագումով թուրք Շերմին Լանգհոֆը, որը ներկայացման պրեմիերային  մասնակցելու հրավեր է ուղարկել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականներին եւ պատգամավորներին։ Ժամանակն է վերջապես ձերբազատվել այս տաբուից, կարծում է նա։

Բեռլինում ընթացող միջոցառումները անդրադառնում են նաեւ Ցեղասպանության մեջ մյուս երկրների, հատկապես Գերմանիայի ունեցած մեղքի բաժնին, որի համառ լռությունը շարունակվում է մինչ օրս։ «Թուրքիայում հալածանքների են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր վաղուց ապացուցված այս ճշմարտության մասին խոսք են բացում, բայց Գերմանիան  նույնպես մինչեւ հիմա պաշտոնապես այդ հրեշավոր իրադարձությունները չի որակել «ցեղասպանություն» եզրով՝ նշելով, թե չի ցանկանում միջամտել Թուրքիայի ներքին գործերին»,- գրում է պարբերականը։

«Ձյուն է տեղում ապրիլին» միջոցառումների շրջանակում Բեռլինի Գորկու անվան թատրոնում բեմադրիչ ռեժիսոր Հանս Վերներ Կրոյսինգերի ղեկավարությամբ կցուցադրվի «Մուսա լեռ. Դիմակայության օրեր» ներկայացումը, որը ցույց է տալիս փոքրաքանակ հայկական խմբի հուսահատ, սակայն հաջողակ պայքարը։  Ներկայացման  մեջ ռեժիսորը  թողնում է, որպեսզի փաստերը խոսեն իրենք իրենց անունից։ Ներկայացման դերասանները ականատեսների շուրթերով Գերմանիայի Բունդեսթագի արձանագրություններից եւ հայցերից մեջբերումներ են կատարում՝ տալով կոնկրետ անուններ եւ նշելով կոնկրետ թվեր։

Ներկայացման ավարտին, Մուսա լեռան հայերին փրկած նավը Նոյան տապանի տեսքով հանգրվան է գտնում հայերի համար սրբազան Արարատ լեռան ստորոտին։ Եզրափակիչ ակտն ուղեկցվում է  արեւելյան երաժշտությամբ, որը կատարող դերասանուհին հույս է փայփայում, թե սրանով ավարտվում են հայերի դժբախտությունները, եւ չարիքը մնում է  անցյալում։

Scroll Up