Հեդվիգ Բյուլ. «Իմ սիրտը հայ է…»

Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնած միսիոներուհիների թվում Հեդվիգ Բյուլն էր: Հիշեցնենք, որ այս  միսիոներուհիները ընդգրկված են ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում:

Էստոնացի Հեդվիգ Բյուլը ևս ցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնած միսիոներների թվում էր: Նա ծնվել է 1887թ. Էստոնիայի Հաապսալու փոքրիկ քաղաքում: Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն: Տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաև թուրքերենին և հայերենեին: 1909թ. երիտասարդ Հեդվիգը եվրոպական մամուլի էջերից տեղեկանում է Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերի մասին և կայացնում իր համար ճակատագրական որոշում. մեկնել հեռավոր երկիր` կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար: 1911թ. նա ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի: Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915թ.-ին, նա ականատես եղավ երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին: 1916-19թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում: 1918թ. երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողացավ թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից: 1919թ. հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Հ. Բյուլը հարկադրված էր մեկնել Էստոնիա: Սակայն նրա բաժանումը իր սիրելի հայ ժողովրդից երկար չտևեց: 1922թ. սկսվում է Հ. Բյուլի հայասիրական գործունեության երկրորդ փուլը: Նա անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը: Հալեպում Հ. Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները: Հ. Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց և ձեռագործի արհեստանոց: Այստեղ աշխատանք գտան մոտ 500 հայ կանայք և աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր հայ կանանց` իրբև աշխատավարձ: Հեդվիգ Բյուլի նախաձեռությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ: Իր կատարած բազմաթիվ հայանպաստ աշխատանքների համար Բյուլն անչափ սիրված էր Հալեպի հայ համայնքի կողմից, որի համար արժանացել է «Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչմանը: Գրեթե 40 տարի իր կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին` Հ. Բյուլը 1951թ. 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից` այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը: Հ. Բյուլը հաստատվում է Եվրոպայում: Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ` չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին: Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է…»: 1965թ. 78-ամյա Բյուլը կրկին ժամանեց Սիրիա, ապա Լիբանան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում և Բեյրութում: Կյանքի վերջին տարիները Հ. Բյուլն անցկացրեց գերմանական ծերանոցներից մեկում: 90-անց զառամյալ կինը` մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն իրեն հարազատ դարձած հայերենով: Բյուլ Մայրիկը մահացավ 1981թ. հոկտեմբերի 3-ին` 94 տարեկան հասակում: 2003թ. նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ:

Scroll Up