Անանց արժեքներ. այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Իբրև արծիվ…

«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»:

Անդրանիկ

Անանց արժեքները չեն ճանաչում սահման ու սահմանաչափ, առավել ևս, եթե այդ արժեքներն իրենց գիտակցական ողջ կյանքն անմնացորդ նվիրել են Հայրենիքին՝ դառնալով հարազատ ժողովրդի ազատության պայքարի շեփորահարն ու մարտիկը, այդ պայքարի գաղափարախոսն ու երդվյալ նվիրյալը:

Այդպիսին էր հայոց կյանքում առասպել դարձած անկրկնելի Անդրանիկ զորավարը, ում ծննդյան հոբելյանական՝ 150-րդ տարեդարձն ենք նշում այսօր ու ողջ տարին:

Հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդն ու ռազմական գործիչն իր ողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդի պաշտպանության, ազատության, փրկության գործին և օրհասական բոլոր պահերին եղել ժողովրդի կողքին:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865-ին, Շապինգարահիսար գյուղաքաղաքում, արհեստավորի ընտանիքում: Երիտասարդ հասակում զինվորագրվել է Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին: 1894-96թթ. հայկական ջարդերի ժամանակ Անդրանիկը Աղբյուր Սերոբի ջոկատի հետ մասնակցել է Տարոնում և Սասունում թուրքական զորքերի դեմ մղվող կռիվներին՝ հետագայում դառնալով Արևմտյան Հայաստանի հայդուկային ջոկատների ղեկավար: Նա արևմտահայությանը միշտ կոչ էր անում տիրապետել զենքին և թուրքական կառավարության բռնություններին պատասխանել զինված պայքարով: Աչքի ընկնելով Մշո Առաքելոց վանքի պաշտպանական մարտերում՝ Անդրանիկը ձեռք է բերում առավել մեծ համբավ և դառնում թուրքերի ահն ու սարսափը: Մշո Առաքելոց վանքի կռիվներին հաջորդում է ոչ պակաս նշանավոր՝ Գոմեր գյուղի մոտ տարած հաղթանակը: Տարոնում, Սասունում, Վասպուրականում 1902-1904-ին մղած կռիվներում Անդրանիկն ու իր համախոհները, զինակիր ընկերները ոխերիմ թշնամուն ստիպեցին վախենալ ու հասկանալ, որ հայ ժողովուրդը քնած առյուծ է և ոչ միայն ազնիվ ու աշխատասեր շինական:

1904-ից Անդրանիկը գնում է Թիֆլիս, հանդիպումներ ունենում հայ նշանավոր մտավորականների, ազգային գործիչների հետ: 1905-ից նա ապրել է Բուլղարիայում, եղել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում՝ զենք ու զինամթերք հայթայթելով Արևմտյան Հայաստանում գործող հայդուկների համար: 1905-ին Անդրանիկը գրում է իր «Մարտահրահանգներ»-ը, որը պարտիզանական կռիվների կանոնագիրք ստեղծելու մի ինքնատիպ փորձ էր: 1907-ին դաշնակցական կուսակցության 5-րդ համագումարում հայտարարելով, որ չի հանդուրժում նրանց գործելակերպը՝ հեռանում է կուսակցությունից: 1912-13-ին բուլղարական հայկական կամավորական զորամասի կազմում, որպես վաշտի վոեվոդա (հրամանատար), Անդրանիկը մասնակցել է Բալկանյան պատերազմին և թուրքերի դեմ մղած կռիվներում աչքի է ընկել իր մարտական ռազմավարական հմտությամբ՝ արժանանալով սպայի աստիճանի: Առաջին համաշխարհայինի տարիներին մեկնում է Թիֆլիս և նշանակվում Կովկասյան բանակի կազմում գործող հայկական կամավորական առաջին ջոկատի հրամանատար: 1918-ին դառնալով Կովկասյան ռազմաճակատի հրամանատար՝ ստանում է գեներալ-մայորի կոչում: Հիասթափվելով Անտանտի տերությունների վարած քաղաքականությունից, ինչպես նաև չհաշտվելով դաշնակցական կուսակցության հետ՝ թողնում է Զանգեզուրը և հասնում Էջմիածին: Անդրանիկը ցրում է իր զորամասը, ունեցվածքը հանձնում Կաթողիկոսին և ճանապարհվում Թիֆլիս: Թիֆլիսում մի քանի օր հյուրընկալվում է Թումանյանի մոտ, իր զայրույթը հայտնում մենշևիկների դեմ, ովքեր երկու հարևան՝ վրաց և հայ ժողովուրդներին հանում էին իրար դեմ: Այնուհետև մեկնում է արտասահման, ուր բազմաթիվ հանգանակություններ է անում հայ որբերի, գաղթականների համար: Մինչև մահը մեծ զորավարն ապրում է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, մահից հետո մեծ զորավարի աճյունը տեղափոխվում է Ֆրանսիա՝ Պեր Լաշեզի գերեզմանատուն, որից հետո այն վերջապես հանգիստ է գտնում մայր հողում:

Այսքանը՝ փաստագրական, հանրագիտարանային տեղեկություններ, որոնք ամբողջացնում են Անդրանիկ զորավարի, ազգային մեծ գործչի ծավալած հայրենանվեր գործունեության սահմանները: Իսկ այդ սահմաններից դո՜ւրս… այդ սահմաներից դուրս և այդ սահմաններից ներս մի անսահման ջերմ սիրտ ու հոգի, մի իմաստուն ու հզոր այր, հայորդի ու պարզապես մա՛րդ էր Անդրանիկը, ում կյանքն անանձնական եղավ: Ո±վ գիտե՝ ինչ խոհեր և սեփական մտահոգություններ, ապրումներ է ունեցել մեծ զորավարը: Արծվի կյանքով ապրեց և արծվի ճախրով վերթևեց Անդրանիկը: Իր կենդանության օրոք նա արդենիսկ առասպել էր. համարժեք էին դարձել Անդրանիկ և ազատություն բառերը: Իրենց երջանիկ են համարել մեր պապերը, ում բախտ էր վիճակվել լինել նրա զինվորը, տեսնել Սասունի արծվին՝ իր նշանավոր Տիլիբոս ձիուն հեծած, Թուր Կեծակին վեր պարզած: Անպարտելի էր Անդրանիկը. գնդակը չէր դիպչում նրան: Օրհնված էր նրա ծնունդն ի վերուստ: Իր ժողովրդի համար փրկություն էր, իսկ թշնամու համար՝ ահ ու սարսափ: Թուրքերը, «Անդրանիկ գյալդի» (Անդրանիկն է գալիս) կանչելով, խուճապահար ճողոպրում էին մարտի դաշտից: Եվ որքան էլ թշնամին երազում էր օր առաջ հաշվեհարդար տեսնել Անդրանիկի հետ, այնուամենայնիվ, հոգու խորքում ատելության հետ մի ներքին ակնածանք ուներ մեծ զորավարի հանդեպ և նրան անվանում էր Անդրանիկ փաշա:

Ոչ ոք չէր հարցնում՝ որտեղից էր նա, ովքեր էին նրա ծնողները, որտեղ էր նրա տունը: Նա պարզապես Անդրանիկ էր, անպարտելի առաջնորդ, իսկ նրա տունը ողջ Հայաստանն էր, նրա ընտանիքը հայ ժողովուրդն էր: Ապրում էր համեստ, քնում էր… Արդյո±ք քնում էր… Միշտ արթուն էր լեռների սրատես Արծիվը և զինված:

«Ես իմ ժողովուրդը չեմ ձգեր շներաց, գելերաց, ես իմ ժողովուրդը կառնեմ ու կերթամ», – ասում էր Անդրանիկը: Նրա հավատո հանգանակը այս էր՝ «Որտեղ պայքար կա բռնության դեմ, այնտեղ է իմ սուրը»:

Վկայում են, որ Անդրանիկը չէր սիրում ցուցադրել իր հայրենապաշտությունը: Նա անզուգական պատմող էր, խոսելիս իր խոսքը համեմում էր ժողովրդական բառուբանով, բացախոսությամբ: Անգիր գիտեր իր հայրենիքի ամեն մի թուփ ու քարը, ժողովրդական բանահյուսությունը, բոլոր սովորույթները, ավանդույթները: Նա չուներ շքեղ առանձնատուն, չուներ պաշտոն, կարիք չուներ ոչ մի կոչման ու մեդալների, ուսադիրների, փառքի… Փառքն ինքն էր գնում նրա հետևից: Ժողովուրդը նրան սրբացրել է Մեծն Անդրանիկ, Արծիվ և այլ պատվավոր անուններով՝ զորավարին նվիրելով բազում երգեր, խաղիկներ ու ոտանավորներ:

Ազգային հերոսի կոչումը, որին արժանացել է քաջարի հայորդին, վեր է ամեն ինչից: Ահա մի կյանքի պատմություն, որ իրական առասպել էր զորավարի կենդանության օրոք և առասպել է մինչ այսօր:

Կարինե Ավագյան

Scroll Up