Երիտասարդ տաղանդներ. Միհրան և Վանենի Վարդանյաններ Նրանք կյանքի են կոչել հետաքրքիր նախագիծ

amusinner

Երիտասարդությունը մեծ ներուժ է, դրա վկայությունը Հայաստանում և արտերկրում ապրող ու գործող մեր տաղանդավոր հայորդիներն են: Վանենի և Միհրան Վարդանյանները սովորել և միառժամանակ ապրել են արտերկրում: Աշխարհի լավագույն համալսարաններից` Լոնդոնի և Օքսֆորդի փայլուն շրջանավարտները, բարձրարժեք կրթություն ստանալով, վերադարձել են Հայրենիք: Երիտասարդ ու համակրելի զույգը ստեղծել է գեղեցիկ ընտանիք` Վարդենի դստրիկով, գտել ապրելու և արարելու սեփական բանաձևը, մշակել անձնական և անանձնական երջանկության ուրույն մեխանիզմը: Նրանց պրպտուն մտքի և նպատակասլաց էության արգասիքը Hush.am կայքն է, որի առիթով էլ հանդիպեցի երիտասարդ ամուսիններին, և ծավալվեց մի հետաքրքիր զրույց` բացահայտելով նորարարական հարուստ ծրագրերով նրանց հետագա անելիքների շտեմարանը:

– Միհրա՛ն, սկսենք Ձեզնից. որտե՞ղ եք ստացել բարձրագույն կրթություն, ի՞նչ մասնագետ եք, գիտական ի՞նչ կոչում ունեք:

–  Մասնագիտությամբ աստղաֆիզիկոս եմ, սովորել եմ արտերկրում, Օքսֆորդի համալսարանի դոկտոր եմ: Կինս` Վանենին, UCL-ի շրջանավարտ է, մասնագիտությամբ հոգեբան է:

–  Ե՞րբ եք վերադարձել Հայրենիք և ինչո՞ւ… Դուք հնարավորություն ունեիք մնալու արտերկրում, ուր կարող էիք և՛ ավելի լավ վաստակել, և՛ հասնել բարձունքների ու ապրել առավել բարեկեցիկ կյանքով… Իհարկե, ես ողջունում եմ Ձեր վերադարձը, ինչպես նաև հարցնում` պարտադրվա՞ծ եք վերադարձել:

–  Մենք երկու տարի առաջ ենք վերադարձել սեփական կամքով. ոչ մի պարտադրանք չկար: Իհարկե, կունենայինք Ձեր նշած առավելությունները, բայց ամենից կարևորն այն էր մեզ համար, որ մեր երեխան ապրի, մեծանա հայկական միջավայրում, խոսել սկսի հայոց լեզվով, մտածի հայերեն, շրջապատված լինի հարազատներով, հայկական ջերմությամբ, շփվի իր հասակակից հայ երեխաների հետ: Նաև առաքելություն ունեինք կյանքի կոչելու Hush.am մեր նախագիծը, դրա համար պետք է անպայման գտնվեինք Հայաստանում:

–  Հասկանալի է, որ դուք` Վանենի՛ և Միհրա՛ն, միասին եք որոշել կյանքի կոչել այս կայքը, իսկ ո՞ւմ գաղափարն է եղել կայք ստեղծելը:

–  Վանենիի հետ ենք կյանքի կոչել, բայց գաղափարն իմն է եղել: Յոթ տարի առաջ Օքսֆորդի համալսարանում դոկտորականիս թեմայի վրա էի աշխատում, ու դեպքեր եղան, երբ ծանոթներ, բարեկամներ փորձում էին իրար գտնել (ողջ ու մահացած) և չէին կարողանում. անգամ Facebook-ով ու սոցիալական այլ ցանցերով դա հնարավոր չէր լինում: Այսպես ծնվեց գաղափարը, որն էլ հետագայում կյանքի կոչվեց: Շատ անգամ դժվարություններ են առաջանում, քանի որ մարդիկ փոխած են լինում իրենց անունը, ազգանունը կամ մեկ տառի փոփոխություն է լինում անվան մեջ և չեն կարողանում ճշտել, գտնել հարազատի գերեզմանը, բնակատեղին: Մեր նախագծի շնորհիվ լուծվում են բոլոր խնդիրները: Չմոռանամ ասել, որ մեր նախագիծը երկու անգամ արժանացել է մրցանակի:

–  Միհրա՛ն, մինչև ո՞ւր են տարածվում, ձգվում Ձեր նախագծի սահմանները. միայն Հայաստա՞ն, թե՞ հասնում են նաև Արևմտյան Հայաստան, մինչև արմատներ:

–  Աշխարհով մեկ սփռված հայերն ամենուր որոնում են իրենց հարազատներին: Հայաստանում, արտերկրում ապրողները փնտրում են Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստանում և Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, տարբեր երկրներում հանգրվանած իրենց բարեկամներին, ապրած և արդեն մահացած հարազատների գերեզմաններն է փնտրում երրորդ, չորրորդ սերունդը, նրանք փնտրում են նաև իրենց հարազատների ապրող ժառանգներին:

–  Կայք ստեղծելն, անշուշտ, այնքան էլ դյուրին չէ. խոչընդոտներ շա՞տ եղան:

–  Դե, ցանկացած նոր գործ սկսելիս միշտ էլ լինում են դժվարություններ. մեծ ցանկության, աշխատասիրության և նպատակասլացության համադրությամբ հաղթահարում ես նաև դժվարությունները: Վանենին և ես միասնական ջանքերով, խորհրդակցելով, մեկս մյուսին լրացնելով` ստեղծեցինք Hush.am-ը: Ամբողջ աշխարհում սա այսօրինակ ծավալով միակ կայքն է:

–  Ովքե՞ր ձեզ աջակցեցին այդ հարցում:

–  Մենք երեք հիմնադիրներ ենք` ես, Վանենին և Օքսֆորդի համալսարանի համակարգչային տեսողության (computer vision) մասնագետ, դոկտոր, ազգությամբ չեխ մեր ընկերը` Վացլավ Պոտսիլը, ով մեծ սիրով ու ոգևորությամբ աջակցեց մեզ: Հովանավորներ չունենք, փնտրում ենք, իսկ առայժմ ինքներս ենք հոգում ֆինանսական խնդիրները:

–  Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է Hush.am-ը:

–  Երկու տարի, բայց մինչ այդ ներքին կարգով օգտագործել ենք կայքը. այն դեռևս բաց չէր: Այդ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր գտել են իրենց բարեկամների շիրիմները, մահացած հարազատների ժառանգներին: Եթե գտնված հարազատները, նախնիների շիրիմները  Հայաստանում են, դա առիթ է դառնում, որ բացի հարազատներին այցելելուց, նրանք նաև տեսնեն Հայաստանը. ո՞վ գիտե, գուցե Հայաստանը տեսնելով, որոշեն օրերից մի օր վերադառնալ իրենց արմատներին:

–  Ի՞նչ լեզվով են տեղադրվում նյութերը:

–  Առայժմ տեղադրվում են հայերենով, անգլերենով, ռուսերենով, պատրաստում ենք նաև ֆրանսերենը:

–  Պաշտոնապես գործելու երկու տարիների ընթացքում ձեր կայքի այցելուների թիվը շա՞տ է եղել:

–  Առայժմ մեզ ճանաչողների թիվը մեծ չէ, բայց քիչ էլ չէ այցելուների թիվը, և, գնալով, հաստատ կշատանա: Մենք նախատեսել ենք, որ մարդիկ այցելեն մեր կայք, գրեն իրենց հարազատների արմատների, ծագման տեղեկությունները, կենսագրությունները: Տեղադրվում են նաև լուսանկարներ և այդպիսով ստացվում է մի մեծ շտեմարան, որի շնորհիվ մարդիկ հեշտությամբ կարող են գտնել իրենց հարազատի գերեզմանատեղին. այդ աշխատանքին օգնում է նաև համապատասխան քարտեզը:

–  Վանենի՛, ես գիտեմ, որ դուք նաև զբաղվում եք խաչքարերի ուսումնասիրությամբ, առավել ևս, որ հայրիկդ` Վանո Դադոյանը, խաչքարերի ճանաչված վարպետ է, արվեստագետ:

–  Այո՛, մենք զբաղվում ենք նաև խաչքարերի ուսումնասիրությամբ և Facebook սոցիալական ցանցում ունենք 19.200 այցելու, կոչվում է Armenian Khachkars (Հայաստանի խաչքարեր), կան մի քանի լեզվով թարգմանություններ: Հայրս խաչքարի վարպետ է, և ես մանկուց ականատեսն եմ եղել նրա արվեստի. այդ աշխատանքը գիտական մոտեցում է պահանջում: Ցավոք, մարդիկ հաճախ սիրողական մակարդակով խաչքարեր են պատրաստում, և դրանք տեղադրվում են տարբեր երկրներում` որպես հայկական մշակույթ, որն անթույլատրելի է: Իրականում պետք է ունենալ համապատասխան կրթություն. չէ՞ որ խաչքարերը հայի գոյության խոսուն վկաներն են, և դրանք պետք է հայեցի ու ճշտորեն լինեն փորագրված, ստեղված: Մեր նպատակն Արևմտյան Հայաստանի խաչքարերի վերականգնումն է. եթե որևէ մեկն ուզում է խաչքար պատրաստել, մենք առաջարկում ենք լուսանկարի հիման վրա վերականգնել հին, կոտրված մի խաչքար, օրինակ` Մշո Առաքելոց վանքի Դավիթ Անհաղթի խաչքարը: Ուզում ենք վերականգնել և շունչ հաղորդել մեր պատմության զորավոր վկաներին` խաչքարերին: Խաչքարը տուֆի վրա է փորվում, այն ամբողջովին հայկական ծագումնաբանություն ունի. և՛ քարն է հայկական, և՛ խաչը:

–  Վանենի՛, այսօր ինչպե՞ս է գործում Hush.am կայքը. խոսենք աշխատանքային գործելաոճից:

–  Մենք ունենք Հայաստանում և արտերկրում հուղարկավորված հայերի գերեզմանների բազա, ունենք ծննդյան վայրը, տարին, օրը, մահվան տարեթիվը, մահացածի լուսանկարը: Ամենից կարևորն ու առաջնայինն այդ գերեզմանի ճշտագույն տեղն է: Մեր նպատակն է ունենալ մեկ միլիոնից ավելի մարդկանց տվյալներ, ունենք դեռևս կես միլիոնինը: Այս պահին ունենք Լոնդոնի և Մոսկվայի գերեզմազնոցներնում հուղարկավորված հայկական ծագումով ննջեցյալների տվյալները: Պետք է մեկնենք նաև գործուղումների, սակայն մեզ կարող են օգնել հենց իրենք` շահագրգիռ, փնտրող մարդիկ: ԱՄՆ-ից արդեն մի քանի հայեր կարողացել են մեր կայքի միջոցով գտնել իրենց հարազատների գերեզմանները և կապվել նրանց ժառանգների հետ:

–  Նույն գերեզմանոցում, նույն շիրմափոսում հաճախ հուղարկավորում են երկրորդ ննջեցյալին. այսպիսի դեպքերում չունե՞ք դժվարություններ:

–  Մեր կայքի միջոցով հնարավոր է այդ խնդիրը ևս լուծել, որովհետև մենք ունենք գերեզմանի հստակ տեղը և եթե նույն շիրմափոսում հին ննջեցյալի վրա հուղարկավորեն նորին, միևնույն է, մենք կարող ենք ցանկացած հարազատի ցույց տալ այդ գերեզմանի հին ննջեցյալի հստակ տեղը, որովհետև նախկին տեղը ճշգրտորեն ունենք: Կա քարտեզ, ուր մանրամասնությամբ և հստակորեն գծագրված են Հայաստանի, Ղարաբաղի գերեզմանոցները: Անընդհատ թարմացնում ենք տվյալների բազան, շտեմարանը, ուր ստեղծում ենք մահացած մարդկանց պրոֆիլները:

–  Դուք, փաստորեն, երկու հրաշալի աշխատանք եք կատարում` գտնում եք նախնիների գերեզմանները, իրար եք կապում հարազատներին, և հաճախ Հայաստան են գալիս Հայաստանը երբևէ չտեսած հայորդիներ:

–  Այո՛, շատերը գալիս են, գտնում նախնիների շիրիմները, իրենց հարազատներին, որոշ ժամանակ մնում Հայաստանում, ճանաչում իրենց նախնիների Հայրենիքը: Ունենք նաև Եռաբլուրի և Պանթեոնի տարածքի տվյալները, օրինակ` Եռաբլուրում թաղված են Սփյուռքից շատ ազատամարտիկներ: Մարդիկ ինքնուրույն կարող են մեր կայքի միջոցով գտնել գերեզմանները, իսկ եթե դժվարանան, կարող են դիմել մեզ:

–  Միհրա՛ն, հարցս Ձեզ եմ ուղղում. այս հսկայական աշխատանքն ինչպե՞ս եք իրականացնում, ի՞նչ միջոցներով: Տպավորություն է, որ Դուք ասես բարեգործական աշխատանք եք անում:

–  Ինչ-որ չափով ճիշտ եք. փնտրում ենք հովանավորների, որովհետև ուզում ենք ավելի ընդլայնել մեր նախագիծը: Ունենք նաև փոքրիկ ծառայություններ` գերեզմանների խնամք, ծաղկների առաքում… Կարող ենք առաջարկել գերեզմանների վերանորոգում, խաչքարերի տեղադրում. սրանով նաև զարկ կտանք վարպետորեն և ճիշտ հայկական զարդանախշերով քանդակված խաչքարերի տեղադրմանը: Ամբողջ աշխարհում սա այսօրինակ այսպիսի մասշտաբով միակ կայքն է: Օրեցօր շատանում է այցելուների թիվը, կարծում ենք` մոտ ապագայում շատ ավելին կունենանք: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` մենք ուզում ենք հիմնել խաչքարերի պուրակ` տվյալ նահանգին բնորոշ փոքրիկ, տիպիկ միջավայրով և տեղադրել այդտեղ խաչքարը: Սա մի աշխատանք է, որով վեր կհանենք Արևմտյան և Արևելյան Հայաստանի խաչքարերի մշակույթը, ինչպես նաև կխթանենք զբոսաշրջությանը: Չենք ուզում Երևանում իրականացնել այդ նախագիծը, որովհետև Հայաստանը միայն մայրաքաղաքը չէ. ընտրելու ենք այնպիսի տեղ, որը լինի Երևանի և մարզերի միջակայքում:

–  Դե ինչ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար և բարի՛ երթ: Այցելուների մեծ քանակ, աշխատանքային արդյունավետ գործունեություն եմ մաղթում Hush.am-ին և ձեր ծավալած հայրենանվեր, նորարարական գործունեությանը:

Կարինե Ավագյան