«Արի տուն» ծրագրի մասնակիցների առաջին դասը

2013 թվականը հոբելյանական է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի համար: Հինգ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ պատանիները, որոնցից շատերն առաջին անգամ են լինում իրենց պատմական հայրենիքում, երկշաբաթյա անմոռաց օրեր են անցկացնում Հայաստանում, այցելում պատմամշակութային վայրեր, ծանոթանում մշակութային, հասարակական գործիչների, շփվում իրենց հասակակիցների հետ:

Հունիսի 17-ին մեկնարկեց 2013թ «Արի տուն» ծրագրի  առաջին փուլը:

Բացի ճանաչողական այցելություններից և 4-օրյա ճամբարային ծրագրից, «Արի տուն» ծրագիրն այս տարի հաճելի նորույթ է պատրաստել սփյուռքահայ պատանիների համար. Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ:

Հունիսի 18-ին «Արի տուն» ծրագրի մասնակիցներն անցկացրին իրենց առաջին դասը:

Սփյուռքահայ պատանիներին դպրոցում հաճելի ընդունելություն էր սպասվում:

Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տարրական դասարանների աշակերտները, դասվար Սվետա Սարգսյանի նախաձեռնությամբ, պատրաստել էին «Հայրենի´ք, ես սիրում եմ քեզ» գրական-երաժշտական միջոցառումը, որի ժամանակ հնչեցին ուկրաինահայ գրող Անահիտ Սարգսյանի բանաստեղծությունները:

Գեղեցիկ միջոցառումը յուրատեսակ հայրենասիրական կոչ էր՝ հայրենիք գալու, հայրենիքը սիրելու, մայրենի լեզուն անաղարտ պահելու:

Այնուհետև «աշակերտ» դարձած սփյուռքահայ պատանիները գնացին դասասենյակներ: Ինչպես ընդունված է առաջին դասի ժամանակ, նախ ծանոթացան իրենց «առաջին» ուսուցչուհու հետ, ում օգնությամբ կբացահայտեն մայրենի տառերի կախարդանքն ու հայրենիքի մոգական ուժը, որի «արի տուն» կանչով նրանք այսօր իրենց հայրենիքում են:

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, հուզիչ. միայն աշակերտական սեղաններին «սազական» դպրոցական համազգեստին փոխարինել էին «արի տուն» մակագրությամբ ճերմակ շապիկները: Դասասենյակում լսվում էր տարբեր լեզուների խոսվածքներով համեմված հայերեն խոսքը, ուսուցչից թաքուն խոսում ու միմյանց էին ժպտում սփյուռքահայ պատանիները, որոնք դեռ երեկ անծանոթ էին իրար: Իսկ այսուհետ ծրագրի օգնությամբ նրանք կճանաչեն միմյանց, միասին կծանոթանան իրենց հայրենիքին: Եվ հայրենիքի հյուրընկալությունից ջերմացած ու մի քիչ թխացած հայրենի արևից՝ միասին կարտասվեն հրաժեշտի խարույկի շուրջ ու խոսք կտան, որ էլի են գալու Հայաստան, ով գիտե, գուցե այս անգամ՝ անվերադարձ:

Scroll Up