Կայացավ «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացման արարողությունը

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը: «Արի տուն» ծրագրին մասնակցելու առիթով Հայրենիքում հյուրընկալված սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա հույս հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կճանաչեն Հայրենիքը և իրենց բնակության երկրներ կվերադառնան հայրենիքի հետ կապված հաճելի  հիշողություններով ու զգացողություններով, Հայաստանի ու հայ մշակույթի մասին նոր տեղեկություններով ու գիտելիքներով:

 Ծրագիրը երիտասարդներին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ծրագրի այս փուլում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալել են Երևանի վարչական շրջանները, ինչպես նաև երևանամերձ Կոտայքի, Արարատի մարզերի Եղվարդ, Բյուրեղավան, Մասիս համայնքները:

Սփյուռքահայ երիտասարդներին ողջունեցին և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին Լոս Անջելեսի «Նարեկ» կրթամշակութային հաստատության տնօրեն Ռիմա Սարյանը, վարչական շրջանների և հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ:

«Արի տուն» ծրագիրն այս տարի իրականացվելու է հունիսի 16-ից օգոստոսի 31-ը՝ 8 փուլով: Այս տարի ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստ. Շահումյանի անվան դպրոցում: Ինչպես նախորդ տարի,  այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորում: Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, կանցկացվեն հանդիպումներ պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

«Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցում է շուրջ 90 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից:

Scroll Up