Հունվարի 28-ը Սվետլանա Խանումյանի ծննդյան օրն է

«Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի…». Պ. Սևակ

«… Եվ հետո մարդկանց զարմանք պատճառում»: Սևակի իմաստուն այս տողերը՝ նվիրված Երանելի Սուրբ Մաշտոցին, թերևս, առանց վերապահումների, կարելի է վերագրել նաև ճանաչված ու սիրված ասմունքող, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պատմաբան Սվետլանա Խանումյանին, ով այս օրերին մեր կողքին չէ, այլ՝ երկնային արքայության անսահմանության ծիրում:

«Ծնվեց, որ ծնի», ծնվեց, որ բարբառի, աղոթի ոսկեղենիկ մայրենիով, որ Նարեկացու «Մատյանի» ողբը լսելի դարձնի բոլորիս, որ մեղքերի մեջ թաղված ողջ մարդկությունն այս անգամ էլ Խանումյանի թավշալուր ձայնով լցնի իր ունկերը և ապաշխարի:

Ծնվեց, որ «մոր շուրթին կարոտ դառնա», որ «ծիածանը մնա երեք գույն», որ հյուսվի՝ «Մի լույս աղջիկ, մի լույս հեքիաթ…»:

…Իջևանի Խաշթառակ գյուղի չքնաղ բնությունը տվեց նրան շունչ, մով երկինքը պարգևեց բանաստեղծական հոգի, մեր նախնյաց արմատների կանչը՝ մարտական, պայքարող ոգի: Մեր մեծերի իմաստուն տողերը շուրթերին՝ շրջեց նա աշխարհով մեկ և պատգամեց՝ «Քո մայր լեզուն չմոռանա՛ս»:

…Փխրուն մարմին, հզոր ձայն, ճառագող աչքեր, հայ և համաշխարհային գրականության քաջիմացություն, անմնացորդ սեր ու նվիրում իր գործին… Այսպիսին է եղել Սվետլանա Խանումյան արվեստագետը՝ «մշտահունչ ու մշտարթուն զանգակատուն»:

…Ո՞վ գիտե, թե երկնային աստղաբույլից պոկված լուսավոր «Սվետլանա» աստղիկը որտե՞ղ, երկնակամարի ո՞ր «մենաստանն» ընտրեց իբրև հանգրվան: Հարդագողի ճանապարհով անցնելիս հանդիպե՞ց արդյոք մեր գրական անդաստանի մեծերին… Թողնենք նրան իր աշխարհում, իր «մենաստանում», ուր և՛ միանձնուհի է, և՛ մայրապետ, և՛ կույս, և սուրբ…

Իսկ մենք՝ երկրային արարածներս, պոեզիայի, գրականության երկրպագուներս, լոկ երջանիկ լինենք մեր տարողունակ հիշողության ծալքերում տեղ գտած Սվետլանա Խանումյան-անհատին, երևույթին ունենալու, ճանաչելու և հիշելու բախտավորությամբ:

Ի՞նչ են անում ախ առանց քեզ

Խաշթառակի   ծաղիկները,

Սարեր, ձորեր ու քարափներ

Սպասում եմ, դո՛ւ ես տերը,

Սպասում են քո մի խոսքին,

Խոսուն գրչիդ նուրբ հարվածին,

Մերթ շատ քնքուշ ու կանացի,

Մերթ էլ՝ կտրուկ քո հայացքին…

Բաժանեցիր    շռայլորեն

Հոգուդ լույսն ու անհուն սերը,

Երկրեերկիր տարածեցիր

Հայոց մտքի գոհարները…

Մեզ թողեցիր ծիածանված քո երգերը…

Թող չթոշնեն երբե՛ք, երբե~ք

Քո պաշտելի Խաշթառակի

Դրախտային ծաղիկները…

 

Կարինե  Ավագյան

Scroll Up