«Նվիրատվություն, օգնություն մը ընելու համար ունևոր ըլլալ պետք չէ…».ՍԻՊԻԼ

«Տարիներ առաջ թերթերից մեկում կարդացի, որ մի ընտանիք, ով ցանկացել էր անհայտ մնալ, իր երեխաների կնունքի ամբողջ նվերները հանձնել էր Zibeg վերականգնողական կենտրոնին, որը գործում է Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին կից: Շատ ազդվեցի այդ նյութից, հոդվածը ցույց տվեցի մայրիկիս ու ասացի, որ այսուհետ ես էլ եմ փորձելու իմ հնարավորությունների սահմանում օգնել մարդկանց»,- պատմում է պոլսահայ երգչուհի Սիպիլը, ով այս օրերին Հայաստանում է՝  գեղեցիկ ձեռնարկի մասնակցելու համար:

Հունիսի 13-ին պոլսահայ երգչուհին հյուրընկալվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող թիվ 101 մանկապարտեզում: Երգչուհին մանկապարտեզին նվիրաբերեց իր անդրանիկ՝ «Սիպիլ» ձայնասկավառակի վաճառքից ստացված հասույթը:

Մանկապարտեզում Սիպիլին ընդունեցին մեծ ջերմությամբ, իսկ մանկապարտեզի սաները փոքրիկ միջոցառում էին կազմակերպել: Մանուկների շուրթերից հպարտությամբ, ոգևորությամբ հնչած խոսքը, երգն ու պարը անչափ հուզեց Սիպիլին:

 «Գեղեցիկ ու անմոռանալի պահեր ապրեցի այս մանկապարտեզում, և ոչ միայն: Ալբոմիս թողարկումից հետո մեծ երջանկություններ ունեցա, երազներես էլ ավելի մեծ զգացողություններ ապրեցա, ժողովրդի սերը առի: Այս ձեռնարկը իբրև շնորհակալություն է Աստծուն, ժողովրդին,-իր ձեռնարկի մասին է պատմում Սիպիլն ու շարունակում, թե ինչու հատկապես փոքրիկներին է ցանկացել օգնել:-Մանուկներին շատ եմ սիրում, որքան կը սիրեմ երաժշտությունը, այդքան էլ մանուկներին կը սիրեմ: Անոնց համար բան մը անել ուզեցի: Ես հայաստանյան իրականությանը այնքան էլ ծանոթ չեմ: Ինձ աջակցելու և ցանկությունս իրականացնելու համար դիմեցի Երևանի քաղաքապետարանին՝ ճշտելու, թե հատկապես որ մանկապարտեզը կարիք ունի օգնության: Նրանց խորհրդով որոշեցինք գումարը փոխանցել թիվ 101 մանկապարտեզին՝ իրենց պետքերը հոգալու համար:

Արածս մեծ բան մը չէ, պզտիկ նվեր է իմ ապրած ուրախության կողքին: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կարող է մի քանիսի համար օրինակ դառնալ, և իրենք էլ կփորձեն օգնել: Ամեն մարդ ձեռքեն եկածը պետք է անի օգնելու այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն»:

Սիպիլը խոստովանեց, որ սա առաջին բարեսիրական ձեռնարկը չէ իր կողմից, բայց այդ ամենի մասին մանրամասնել չկամեցավ. «Պոլիս էլ եմ անում, ձեռքիս եկածի չափ փորձում եմ օգտակար լինել: Այս ամենը կամենալու հարց է, և նվիրատվության գումարը բնավ էլ կարևոր չէ: Ես իմ քսակս ունեմ, քիչ թե շատ կաշխատիմ, նվիրատվություն, օգնություն մը ընելու համար շատ ունևոր ըլլալդ պետք չէ: Ես ձեռքես եկածը պիտի ընեմ: Տա Աստված՝ ավելի շատ ունենամ, որ ավելի շատ բան կարողանամ անել»:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ երգչուհին պատմեց, որ աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա, նախապատրաստական փուլում է մի գեղեցիկ նախաձեռնություն, որի մասին սակայն չուզեց ավելին ասել. «Միայն ըսեմ, որ Սիպիլին սիրողները ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, իսկապես շատ պետք է ուրախանան: Ես միայն պոլսահայ Սիպիլը չեմ, միայն պոլսահայությանը չեմ պատկաներ: Ես աշխարհի հայերուն կը պատկանիմ, որովհետև իրե՛նք ինձ ընդունեցին ու կըսեն, որ դուն մեր Սիպիլն ես: Աշխարհի ամեն կողմեն նամակներ կը ստանամ: Չեմ գիտեր՝ ինչպես սիրվեցի, ինչպես այս ամենը հաջողեցավ, բայց այսպես ստացվեց: Ես ուրախ ու շնորհակալ եմ Աստծուն, իմ երգը սիրողներին, աշխարհի տարբեր կողմերում ապրող բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ դարձրին իրենց Սիպիլը: Գիտեմ, վստահ եմ, որ ինձ հետ ուրախացողներ կան, իմ երջանկությունս, հաջողությունս ուզող մարդիկ շատ կան»,-իրեն բնորոշ անկեղծությամբ ու պարզությամբ նշեց պոլսահայ երգչուհին:

Հայաստանյան այցի ընթացքում Սիպիլը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում, նրան ընդունեց նախարար Հրանուշ Հակոբյանը, ում երգչուհին պատմեց իր ձեռնարկի, անելիքների ու հետագա ծրագրերի մասին: Պոլսահայ երգչուհուն ջերմորեն հյուրընկալեցին նաև «Հայերն այսօր»-ի խմբագրատանը:

Իսկ մեզ մնում է, ինչպես երգչուհին ասաց, սպասել այն գեղեցիկ ձեռնարկին, որը ուրախացնելու է բոլոր այն մարդկանց, ում սիրելի է Սիպիլ երգչուհին:

Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

IMG_7189 - Copy

IMG_7194 - Copy

 

Scroll Up