Կորսված հայկական հիշողության ցուցահանդես Ստամբուլում. Հարցազրույց իռլանդացի լուսանկարչի հետ

Կորսված հայկական հիշողության ցուցահանդես. Իռլանդացի լուսանկարչի աշխատանքները կցուցադրվեն Ստամբուլում

Հունվարի 14-ին Ստամբուլում բացվում է իռլանդացի լուսանկարիչ Հելեն Շիհանի «Հայ ընտանիքների պատմություններ ու կորսված տեսարաններ» խորագրով ցուցահանդեսը: Շիհանի՝ լուսանկարներ և ձայնագրություններ ներառող ցուցահանդեսը նախորդ տարվա մայիսին ներկայացվել էր նաև Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցում:

Լուսանկարչի հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության հանդեպ ծագել է դեռևս 1990-ական թվականներին, երբ աշխատել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում:

Իռլանդացի լուսանկարչի հետաքրքրությունը հայոց թեմայի նկատմամբ մեծանում է հատկապես 2009-ին, երբ Լոնդոնում և Փարիզում ծանոթանում է հայ ընտանիքների հետ, իմանում, որ նրանց արմատները սերում են Տիգրանակերտից, Վանից, Մարաշից, Զեյթունից: Այդժամ լուսանկարիչը որոշում է հայ ընտանիքների պատմությունները տեղափոխել լուսանկարի վրա:

Շիհանը 3 տարաբախտ հայ ընտանիքի պատմությունը ներկայացնելու համար մեկնել է նրանց նախնիների ապրած վայրերը ու փորձել վերագտնել կորսված տեսարանները:

Ցուցահանդեսի բացումից առաջ Հելեն Շեհանը Ermenihaber.am-ի ստամբուլյան թղթակցի հետ զրույցում կիսվեց նախացուցահանդեսյան իր ոգևորությամբ և հուզմունքով:

– Հելեն, ի ՞նչը կարող է ստիպել իռալանդացի լուսանկարչին հետաքրքրվել հայերի պատմությամբ:

– Ես աշխատել եմ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ուսումնասիրել եմ Լոնդոնում, Փարիզում ապրող սփյուռքահայ ընտանքիների պատմությունները: Այդ ամենը սկսել եմ 4 տարի առաջ : Ուսումնասիրություններս ինձ տարան դեպի Արևելյան Անատոլիա՝ Արևմտյան Հայաստան: Վայրեր, որտեղ մի ժամանակ հայեր են ապրել և, բնականաբար, նրանց արմատներն են: Հայերն այնտեղ դարավոր պատմություն ունեն ու իրենք այդ մշակույթի մի մասն են կազմում:

– Ո ՞րն է ցուցահանդեսի ուղերձը:

– Ես փորձել եմ ընտանեկան, անձնական պատմությունները ցույց տալ կորսված տեսարանների միջոցով: Կորուսյալ տեսարան ասելով` ես նկատի ունեմ եկեղեցին, տունը, տեղը, որտեղ ապրել են հայերը: Հիշողությունն ապրում է մարդկանց մեջ, եթե նույնիսկ այդ մարդիկ այլևս այնտեղ չեն: Սա մարդկային ողբերգության պատմություն է, որը պատկանում է ողջ մարդկությանը: Այս ցուցահանդեսը ցեղասպանության մասին չէ, այն հիշողության մասին է: Հիշողությունները կորսված տեսարանների, տեղանքների հետ կապելու մասին է: Սա փաստագրական աշխատանք է:

– Ներկայացնելով ցուցահանդեսը Ստամբուլում ՝ ի ՞նչ սպասումներ ունեք:

– Ստամբուլը համաշխարհային մայրաքաղաք է: Ճիշտ է Թուրքիայի մայրաքաղաքը չէ, բայց համաշխարհային մայրաքաղաք է: Ազգային բազմազանություն ունեցող մշակությաին քաղաք է: Ու կարծում եմ՝ սա մի վայր է, որտեղ մարդիկ գալիս են նոր բան գտնելու ու բացահայտելու համար: Հույս ունեմ՝ այդ մարդիկ կայցելեն ցուցահանդես, քանի որ սա և հայերի, և Թուրքիայի պատմության տեսակետից կարևոր ցուցահանդես է:

– Նկարահանումները հիմնականում Տիգրանակերտու՞մ (Դիարբեքիրում ) են արվել:

– Ընտանիքները, որոնց պատմությունները ներկայացրել եմ արմատներով Տիգրանակերտից էին: Երբ Տիգրանակերտում նկարահանումներ էի անում, հասակացա, որ հայերի ներկայությունն այնտեղ դեռևս պահվանված է: Կա հայկական եկեղեցի, որը վերջերս վերականգնվել է ու մեծամասամբ քրդական քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Թուրքիայում հայկական ներկայության կորուստը կորուստ է բոլորի համար, կորուստ է համաշխարհային մշակույթի համար:

– Ինչպե՞ս էին արձագանքում տեղացիները Ձեր այս նախաձեռնությանը:

– Ես աշխատել եմ քրդերի հետ կատարյալ համագործակցության մեջ: Նրանք գիտեն պատմությունը ու չեն հերքում: Հերքումը պաշտոնական, կառավարական մակարդակում է, բայց ոչ ժողովրդի մեջ: Եվ սա շատ կարևոր է: Երբ հիշողությունն ապրում է մարդկանց մեջ, այն հնարավոր չէ հերքել:

Վերջում շրջում ենք ցուցասրահում, որտեղ տարվում են նախապատրաստական աշխատանքները: Նկարներից որոշները կախված են, որոշները՝ դեռ ոչ: Լուսանկարիչը մոտենում է հատակին դրված մի քանի լուսանկարի ու պատմում.

«Տես, այս նկարում, օրինակ, Տիգրանակերտի հայկական եկեղեցու բակն է, և այս ծառը ձեր պատմության վկան է: Այս նկարում տիգրանակերտցի Աննա Թուֆենկյանի պատռված քողն է: Այն պահպանվում իր թոռնիկի մոտ, որը ներկայումս ապրում է Փարիզում: Իսկ ահա այս լուսանկարում ժամացույցը Սիմոն Քալաբյանի պատմությունն է: Նա 1915թ-ին սպանված իր ընտանիքից որևէ հուշ չի ունեցել, սակայն օրերից մի օր Ստամբուլում տեսել է այս ժամացույցը, որը հայ վարպետի աշխատանք է եղել և գնել է այն: Այդ մարդու համար ժամացույցն իր ընտանիքի հիշողությունը հետ բերելու ճանապարհն է»:

Հելեն Շիհանի ցուցահանդեսը տարաբախտ հայ ժողովրդի հիշողության ցուցահանդեսն է: Ոչնչացված ու ոչնչացվող հայկական ներկայության ցուցահանդեսն է: Ցուցահանդես է՝ դժբախտ ճակատագրերի, որտեղ ծառը պատմության վկա է, տատիկից որպես հուշ մնացած պատռված քողը՝ սրբություն, իսկ հայ վարպետի ձեռքով պատրաստված ժամացույցը՝ սեփական ընտանիքի մասին կորուսյալ հիշողությունն ապրեցնելու ջանք:
Հելեն Շիհանի աշխատանքները կցուցադրվեն Ստամբուլի «Depo» մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 8-ը:

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Scroll Up