Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների միջազգային փառատոնը Երեւան է բերել երաժիշտների նաև Սիրիայից

Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին կմասկացեն Ավտրալիայի, Սիրիայի և մի քանի այլ երկրների դաշնակահարներ: Այս մասին հունիսի 11- ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը: «Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 90-ից ավելի պատանի և երիտասարդ դաշնակահարներ աշխարհի յոթ երկրներից` Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանի մարզերից ու Երևանից: Այս տարի մեծացել է մասնակցող երկրների շրջանակը»,- ասաց Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթ-փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 12-ին Կոմիտասի անվան Կամերային երաշտության տանը: Մրցույթն իրականացվելու է երեք տարիքային խմբով` «Ա» պատանեկան` մինչև 10 տարեկան, «Բ» պատանեկան` 11-14 տարիքային խումբը և երիտասարդական` 15-17 տարեկան դաշնակահարները: Պատանիների խմբերը ելույթ կունենան Արամ
Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երիտասարդ դաշնակահարներին կարելի կլինի ունկնդրել Առնո Բաբաջանյանի երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճում: Մրցույթի համար ընտրված է միջազգային ժյուրի, որի կազմում են հեղինակավոր դաշնակահարներ Ղազախստանից, Վրաստանից և Հայաստանից:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ, պատվոգրեր, ինչպես նաև ոսկե մեդալներ: Բայց ինչպես պատանի և երիտասարդ դաշնակահարների մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են նշում, մրցույթի ժամանակ պարտվողներ չեն լինելու. այն լինելու է Բաբաջանյանի արվեստի հետ շփվելու տոն: Այն հարցին, թե ինչ կտա մրցույթը մասնակից
դաշնակահարներին` Արմեն Հարությունյանը նշեց, որ դա յուրաքանչյուր սկսնակ երաժշտի համար ստեղծագործական կյանքի բաղադրիչ է և մեծ փորձ, քանզի նրանց լսելու և բարի խորհուրդներ են տալու հեղինակավոր մասնագետներ: Մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում:

Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների առաջին մրցույթին մասնակցել է 112 դաշնակահար Հայաստանից, ԼՂՀ-ից, Վրաստանից, Ղազախստանից և Իրանից:

Scroll Up