Աշտարակում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։

ՀՀ սփյուռքի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հստակեցնել նշված թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների բնակարանային պահանջարկը, հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատմանը հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրը։

Համապատասխան հանձնարարություններ են ստացել նաև շահագրգիռ մյուս նախարարները և պատկան մարմինները։ Բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Scroll Up