Ամերիկահայությունը հորդորել է ԱՄՆ Պետդեպարտամենտին բարելավել սիրիահայերին հատկացվող օգնությունը

Ամերիկահայությունը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին` խնդրելով հորդորել Պետդեպարտամենտին բարելավել Սիրիայի հայերին և այլ  քրիստոնյաներին հատկացվող օգնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն առցանց ստորագրահավաք է կազմակերպել, որով պահանջում է ԱՄՆ Պետդեպարտամենտից հրապարակայնորեն վերահաստատել ԱՄՆ- ի հանձնառությունը` պաշտպանելու կրոնական հանդուրժողականությունը և ներդնելու իր
դիվանագիտական ողջ ներուժը` հակամարտող կողմերին ստիպելով ձեռնպահ մնալ կրոնական
փոքրամասնությունների դեմ ահաբեկչական գործողություններից: Պահանջվում է նաեւ գործնական
միջոցներ ձեռնարկել նշանակալիորեն բարելավելու Սիրիայի կրոնական փոքրամասնություններին օգնության ջանքերը: «Մենք` ամերիկահայերս, շնորհակալ ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեին, որ իր 2013-ի Ֆինանսական տարվա պետական արտաքին գործառնությունների օրինագծում կոչ է արել Պետդեպարտամենտին առաջնահերթ մարդասիրական և վերաբնակեցման օգնություն ցուցաբերել Սիրիայի և Մերձավոր Արևելքի ազգային փոքրամասնությունների համայնքներին, այդ թվում` հայերին և այլ քրիստոնյաներին: Մենք անհամբեր սպասում ենք, որ այդ դրույթները ներգրավվեն օրինագծի վերջնական նախագծի մեջ և կոչ ենք անում Վարչակազմին գործել անհապաղ` նշանակալիորեն բարելավելու այդ հատվածներին հատկացվելիք օգնության ջանքերը»,- նշվում է նամակում:

Սիրիայում երկու տարուց ավելի է շարունակվում է բախումը կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Հարեւան երկրներում գաղթյալ սիրիացիների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Երկրի ներսում մնացածներն ապրում են քայքայված տնտեսության ու խորը ճգնաժամի պայմաններում:

Scroll Up