Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց սիրիահայ դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես անդրադարձավ սիրիակսն կրթական ծրագրով գործող Կիլիկյան վարժարանում ուսուցման գործընթացի անցկացման և հաջորդ ուսումնական տարվա կրթական ծրագրի կազմակերպման հարցերին: Քննարկման ընթացքում առաջարկություններ եղան վարժարանում առանձին առարկաների դասավանդումը կազմակերպել արևելահայերեն դասագրքերով՝ միաժամանակ հստակեցնելով Կիլիկյան վարժարանի կարգավիճակը, հաջորդ ուսումնական տարում ուսուցումը կազմակերպել երկու թեքումով՝ արևմտահայերենի և արաբերենի խորացված ուսուցմամբ: ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց ավագ դպրոցի սիրիահայ շրջանավարտների համար ԲՈՒՀ ընդունվելու համար սահմանված կարգը, որի համաձայն դիմորդներն օգտվում են այն բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են սփյուռքահայ ուսանողների համար:

Օրակարգի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրեց սիրիահայերին բուժօգնության տրամադրման, ինչպես նաև մասնագիտությամբ բժիշկ սիրիահայերին աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարած աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ շուրջ 500 սիրիահայ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն: 1000-ից ավելին անվճար օգտվել են պոլիկլինիկական ծառայություններից: Աշխատանք փնտրող 73 սիրիահայ բժիշկներից 45-ը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանք է գտել, որոնցից մի քանիսը՝ համակարգի կառավարման ոլորտում: Քննարկվեցին նաև մարզերում աշխատող սիրիահայ բժիշկների կեցության և ոլորտում լուծում պահանջող այլ խնդիրներ:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ հետագա անելիքները:

Scroll Up