Մեծագույն հայերից մեկը` Արամ Խաչատրյան

Ծննդյան 110-ամյակը

«Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը…Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ: Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»,- ասել է հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին: Էդվարդ Միրզոյանը միակը չէր, ով բարձր էր գնահատում ազգային սիմֆոնիզմի ականավոր ներկայացուցչին, այն կոմպոզիտորին, ով շարունակելով Ալեքսանդր Սպենդիարյանի հիմնավորած ավանդույթները՝ իր ստեղծագործությամբ մերձեցավ համաշխարհային մեծություններին: Եվ Խաչատրյանի անունն այսօր հնչում է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Չայկովսկին, Գլինկան, Ստրավինսկին, Պրոկոֆևը, ուրիշներ…

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում ծնվեց մեծ կոմպոզիտորը: Արմատները գալիս էին հեռավոր ու վաղուց հայաթափ եղած Գողթն գավառից: Երևի Գողթնի աշուղների ու երգասացների ժառանգական նշանի կրողն էր նա, մանավանդ որ իր ստեղծագործությամբ միշտ հավատարիմ մնաց ազգայինին: Իսկ Թիֆլիսը նրա համար ինքնահատուկ ներշնչանք դարձավ, ու երբ գրում էր «Պեպո» ֆիլմի երաժշտությունը, հրաշալիորեն վերականգնեց թիֆլիսյան երաժշտական միջավայրը` ստեղծելով համաշխարհային կինոերաժշտության գլուխգործոցներից մեկը: Տասը  տարեկանում ընդունվել  է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը, որն այդ ժամանակ Մոսկվայի հռչակավոր Գեղարվեստական թատրոնում բեմադրիչ էր, Ստանիսլավսկու լավագույն բարեկամը,  կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու: Ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ, թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվում է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք, Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: Այս ստեղծագործությունը, որը կառուցված է իբրև վալս, դարձավ համաշխարհային վալսային երաժշտության ամենանշանավոր երկերից մեկը, ուր ողբերգական շիկացումը հասցված էր բարձրակետի: Հետագայում կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, օգտագործելով Արամ Խաչատրյանի վալսը, Ջութակի կոնցերտը, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը, Երկրորդ սիմֆոնիան, որոնց համար նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: Երկրորդ սիմֆոնիայի հիմքում ժողովրդական «Որսկան ախպեր» երգն էր` իր ողբերգականությամբ: Արախ Խաչատրյանի այս սիմֆոնիան ազգայինի և համաշխարհայինի ինքնատիպ ներդաշնակումն է, ուր բարձր սինմֆոնիզմը համադրվում է ուշագրավ պոլիֆոնիզմին` Խաչատրյանին հռչակելով պոլիֆոնիայի մեծագույն վարպետներից մեկը ողջ աշխարհում: Երկրորդ սիմֆոնիայում (1943թ.) Խաչատրյանը ճշմարիտ ու պատկերավոր կերպով գովերգում է Հայրենական մեծ պատերազմի օրերին խորհրդային ժողովրդի ցուցաբերած հերոսությունը, պայքարը, մտքերն ու ապրումները:
«Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, – գրում է կոմպոզիտորը, – ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումները, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»:
Երկրորդ սիմֆոնիան հերոսական-հայրենասիրական ժանրի վառ օրինակ է: Համամարդկային աղետի մասին ազդարարող տագնապալի հնչյուններից, լարված պայքարի դրամատիզմից, խորը վշտից ու մարտական կանչից դեպի ֆինալի հաղթական հիմն. այսպես է զարգանում այս սիմֆոնիայի երաժշտությունը, այսպիսին է նրա երաժշտա-դրամատիկ կոնցեպցիան: Եթե պատերազմի տարիներին այն պայքարի էր կանչում հանուն վերջնական հաղթանակի, ապա մեր օրերում սիմֆոնիայի ողբերգականությունը, հիշեցնելով անցած պատերազմի մասին, խաղաղության պահպանման կոչ է անում: Երկրորդ սիմֆոնիան սկսվում է համամարդկային աղետի սկիզբն ազդարարող նախաբանով:
«Նախաբանի զանգերի հարվածներն ընգծում են կատարվածի կարևորությունը, ստիպում են կենտրոնանալ», – գրում է Խաչատրյանը:

Ի պատասխան ահազանգի՝ հնչում են ժողովրդի հառաչանքի թախծոտ ինտոնացիաները: Վերջիններս թափանցում են ողջ ստեղծագործության մեջ՝ առաջ բերելով մոնոթեմատիզմ, որը հսկայական դրամատուրգիական նշանակություն ունի թե՛ Երկրորդ սիմֆոնիայում, թե՛ շատ այլ սիմֆոնիկ ստեղծագործություններում: Նախաբանի թախծոտ ինտոնացիաները նորովի են հնչում ֆինալում՝ միաձուլվելով հանդիսավոր հաղթական հիմնին:
«Ես չէի ցանկանա, որ ունկնդիրները ֆաշիստ չարագործների պատճառած ոչ մարդկային տառապանքների կոնկրետ տեսարաններ փնտրեին այստեղ: Բայց և չեմ կարող չխոստովանել, որ Andante-ն (III մասը) գրելիս աչքիս առջև գերմանական վայրագության ողբերգության տեսարաններն էին»:

Երկրորդ սիմֆոնիայի մասին հիցմունքով է գրում ռումինացի հայտնի դիրիժոր Ջորջե Ջորջեսկուն.
«Արամ Խաչատրյանի արվեստին ես ծանոթացել եմ մեր հանդիպումից շատ առաջ: Մի անգամ ամռանը, մեկնելով Սև ծովի առողջարան, ես հետս վերցրի Երկրորդ սիմֆոնիայի պարտիտուրը: Առաջին իսկ ծանոթությունից ինձ արտասովոր կերպով զարմացրեց նրա բովանդակության շքեղությունը, մեղեդիների հարստությունը, անկեղծությունը: Շուտով ես ցանկացա ինչպես հարկն է ուսումնասիրել սիմֆոնիան և կատարել այն: Անհամբերությամբ սպասեցի համերգաշրջանի սկզբին: Աշնանը՝ Բուխարեստ վերադառնալուն պես, նվագախմբի հետ սկսեցի աշխատել Երկրորդ սիմֆոնիայի վրա, և շատ չանցած այն ներգրավվեց մեր 4 համերգների մեջ, որոնք հսկայական հաջողություն ունեցան: Այլ կերպ չէր էլ կարող լինել այդպիսի վեհասքանչ ստեղծագործության հետ, որում հաջող կերպով զուգակցվում են ազգային արվեստից բխող կոլորիտն ու պոեզիան և ձևի դասական հստակությունը: Համակցումն ինքնօրինակ է, թարմ: Այս ստեղծագործությունը լի է խորը դրամատիզմով և բազմազան հնչողությամբ: Սիմֆոնիայում կարծեք տրվում են մարդկանց սրտերում մոլեգնող բոլոր զգացմունքները: Նրա հնչյունների մեջ ցասումն է և վրդովմունքը, թախիծն ու լիրիկան՝ մտերմիկ և միևնույն ժամանակ՝ վսեմ: Եվ զգացմունքների այդ ողջ բույլքին փոխարինում է տոնական տրամադրությունը՝ ավետելով կյանքի ուրախության բերկրանքը:
Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ամուր կերպով մտավ Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագացանկի մեջ: Այն նաև զգալի չափով նպաստեց մեր հյուրախաղերի հաջողությանը արտասահմանում՝ Մոսկվայում, Կիևում, Լենինգրադում, Վարշավայում, Պրագայում: Ես բախտ եմ ունեցել ղեկավարելու այն Հռոմում, Բելգրադում, Լայպցիգում, ինչպես նաև Բուխարեստում Ջորջե Էնեսկուի անվան առաջին միջազգային փառատոնին (1958թ.)»:
Երաժշտաքննադատ Գ.Խուբովը այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա»: 1946թ.-ին Երկրորդ սիմֆոնիայի համար կոմպոզիտորն արժանացել է Ստալինյան մրցանակի:
Հոկտեմբերյան հեղափոխության 30-ամյակի առթիվ Խաչատրյանը ստեղծեց իր մոնումենտալ «Սիմֆոնիա-պոեմը»՝ գրված փողային գործիքների եռակի կազմով մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար։ Նվագախմբի մեծացված կազմն առաջ բերեց գերհզոր հնչողություն։ Սիմֆոնիա-պոեմը միամաս ստեղծագործություն է, որի հիմքում ընկած է 2 թեմա. վերջիններս էլ հենց խթան են հանդիսանում սիմֆոնիայի հետագա զարգացման համար:

Սիմֆոնիա-պոեմի ուղին փոքր-ինչ փշոտ էր։ 1948թ.-ի հունվարին խորհրդային երաժշտության գործիչների խորհրդակցության ժամանակ կառավարության կողմից այն խիստ քննադատության ենթարկվեց. պատճառներից մեկը պարտիտուրում 15 շեփորների և երգեհոնի օգտագործումն էր։ Արդյունքում Մյասկովսկու, Պրոկոֆևի, Շոստակովիչի նման, Խաչատրյանը «ֆորմալիստ» համարվեց։ Թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես մարդ նա պատրաստ չէր նման կշտամբանքի: «Ինչպե՜ս էինք բոլորս սպասում մեր սահմանադիր համագումարին։ Եվ հենց այստեղ, հենց այս ժամանակ անիրավացիորեն ու անարդարացիորեն հարվածեցին իմ գլխին… Ես ճնշված էի, ոչնչացված։ Լրջորեն մտածում էի մասնագիտությունս փոխելու մասին…», – տարիներ անց ասում էր Խաչատրյանը:
Հետագայում կոմպոզիտորը Սիմֆոնիա-պոեմն անվանեց Երրորդ սիմֆոնիա։ Այն առաջին անգամ կատարվեց 1947թ.-ին Լենինգրադում, Ե.Մրավինսկու ղեկավարությամբ, իսկ ժամանակի ընթացքում իր արժանվույն տեղը զբաղեցրեց համաշխարհային երաժշտական մշակույթի լավագույն նմուշների շարքում:

1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի առաջնախաղը: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:  «Սպարտակ» բալետի ստեղծման գաղափարը Ա. Խաչատրյանի մոտ եղել է դեռ  Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սակայն մի շարք պատճառներով կոմպոզիտորը ստեղծագործությունը ավարտին է հասցրել միայն   1954 թվականին: Բալետի սցենարը, որի համար որպես հիմք ծառայել է Ռ. Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը, գրել է անվանի խորհրդային դրամատուրգ Ն. Վոլկովը: «Սպարտակ» բալետի պրեմիերան կայացել է 1956թ. Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում (ներկայումս` Մարիինյան թատրոն): Բալետի առաջին բեմադրությունն  իրականացրել է հայտնի բալետմայստեր Լ. Յակոբսոնը (դիրիժոր` Պ. Ֆելդման, նկարիչ` Վ. Խոդասևիչ):

Լենինգրադյան առաջնախաղին հաջորդել են բազմաթիվ բեմադրություններ ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանում: Մեծ թատրոնի բեմում «Սպարտակը»  ներկայացվել է տարբեր բեմական խմբագրություններով` 1958թ. Ի. Մոիսեևի բեմականացմամբ, 1962թ.` Լ. Յակոբսոնի, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել և թատրոնի խաղացանկում երկար չեն մնացել: Պետք եղավ ավելի քան տասը տարի բալետի գրվելուց հետո, մինչև որ ստեղծվեց այդ փառահեղ երաժշտությանն արժանի բեմականացում: 1968թ. տաղանդավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի կողմից իրականացվեց բալետի երրորդ բեմադրությունը, որն իսկական հաղթանակ էր: Բալետային երաժշտական վառ կերպարներն ամբողջացան Գրիգորովիչի պարարվեստի և պարողների վարպետությամբ ստեղծված դերասանական կերպարների շնորհիվ: Ինքը` կոմպոզիտորը, երբեք չի թաքցրել թատերական արվեստի հանդեպ ունեցած իր սերը և մեկ անգամ չէ, որ ասել է, թե` եթե կոմպոզիտոր չդառնար, անպայման կզբաղվեր թատրոնով: Թատրոնում դրամատիկ կերպարներ ստեղծելու հանդեպ ունեցած այդ կիրքը մարմնավորվել է «Սպարտակ»  բալետի երաժշտության մեջ, որն էլ հրաշալի կերպով բեմականացվել է Գրիգորովիչի կողմից: Արդյունքում` բալետը հաջողվել է, և այն շահեկանորեն տարբերվում է բալետային այլ ներկայացումներից: Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Յու.Գրիգորովիչի ղեկավարությամբ (դիրիժոր` Գ. Ռոժդեստվենսկի, նկարիչ` Ս. Վիրսալաձե) իրականացված այս բեմականացումը մինչ այսօր, հիրավի, համարվում է ամենահաջողվածը:

«Սպարտակ» բալետի բեմականացման պատմության ընթացքում նրանում փայլել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ա. Մակարովը, Ի. Զուբկովսկայան, Ա. Շելեստը, Ի. Լենտովսկայան, Ի. Յակոբսոնը, Օ. Զաբոտկինան, Ի. Բելսկին, Յու. Գրիգորովիչը, Յու. Մալցևը, Ն. Պետրովան, Վ. Ռյազանովը, Օ. Մոիսեևան, Կ. Շատիլովը, Ի. Կոլպակովան, Ա. Գրիբովը, Ս. Կուզնեցովը,Բ. Բրեգվաձեն, Վ. Վասիլևը, Ե. Մաքսիմովան, Մ. Պլիսեցկայան, Ի. Մուհամեդովը, Մ. Լավրովսկին, Ն. Բեսսմերտնովան, Ն. Տիմոֆեևան, Մ. Լիեպան, Յու. Տրոյանը, Լ. Բրժոզովսկայան, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Վ. Սարգսյանը և շատ ուրիշներ:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1962թ. Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, բեմականացումն իրականացրել է անվանի բալետմայստեր Եվգենի Չանգան (դիրիժոր` Հակոբ Ոսկանյան, նկարիչ` Մինաս Ավետիսյան, դեկորները` Ռոբերտ Էլիբեկյանի):
Բալետի երկրորդ և երրորդ բեմականացումներն իրականացվել են 1977 և 1982 թթ.: Դրանց հեղինակը բալետի հայ անվանի պարող և բալետմայստեր Վ. Գալստյանն էր (դիրիժոր` Հակոբ Ոսկանյան):
Հարկ է առանձնակի նշել այդ տարիների բեմադրություններում հանդես եկած այնպիսի վարպետների անուններ, ինչպիսիք են Ս. Բարանովը, Ռ. Խառատյանը, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Ս. Ավնիկյանը (Սպարտակ), Գ. Գևորգյանը, Հ. Դիվանյանը, Խ. Մարգարյանը (Կրասոս), Է. Մնացականյանը, Ս. Մինասյանը, Տ. Գրիգորյանը, Ա. Մարիկյանը, Բ. Հովնանյանը (Ֆրիգիա), Ն. Դավթյանը, Ե. Դիվանյանը (Էգինա):

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին: Արդեն ավանդույթ է դարձել՝ ամեն տարի նրա ծննդյան օրը արվեստագետները, մտավորականները, արվեստասեր հասարակությունը այցելում են նրա շիրիմին: Այսօր էլ այդ ավանդույթը պահպանվելու է. ժամը 11-ին նրա շիրիմի մոտ հավաքված կլինեն շատերը` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

«Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող, սակայն օժտված տիպիկ արևելյան մարդամոտությամբ` սիրող աղմկոտ հավաքույթներ, ուրախ ու մեծահոգի մարդկանց»,- Արամ Խաչատրյանին այսպես է բնութագրել բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը:

Պատրաստեց` Լևոն Մութաֆյանը

 

Scroll Up