Վիլիկ Զաքարյան (նկարիչ). Ինքս ինձ հետ

… նաև դժգոհ օրեր
Յուրաքանչյուր նոր օրից ակնկալում եմ առօրյա ակտիվ աշխատանք: Փորձում եմ օրվա հնարավորինս առավելագույն բաժինը հատկացնել ստեղծագործական գործունեությանս, սակայն երբեմն կենցաղն ու սոցիալական խնդիրները թույլ չեն տալիս: Առհասարակ  ստեղծագործական կյանքն ու կենցաղը համատեղելը դժվար է, առավել ևս, երբ ձգտում ես արդյունք քաղել  յուրաքանչյուր օրից: Պատահում են օրեր, որ  ոչինչ  չեմ կարողանում ստանալ և նվիրել ստեղծագործական մտքին:  Ինչ-որ  խանգարող հանգամանքներ  թույլ չեն տալիս, որ բացված օրը հոգիս հարստացնի,  և հենց  այդ օրերից էլ  դժգոհ եմ լինում:  Օրինակ՝ ինձ կարող է խանգարել կենցաղային խնդիրներով զբաղվելու պրոցեսը, և ուզած-չուզած  մոլբերդի առաջ կանգնելու ու ստեղծագործելու  փոխարեն  օրս նվիրում եմ մեկ այլ բանի:

Ստեղծագործելու ուժը
Ինձ ափերից հանում է կեղծիքը, սուտը, երևույթների նկատմամբ ոչ արդարացի մոտեցումը:  Թեպետ թվարկածս անընդունելի երևույթներից չենք կարող խուսափել, քանի որ դրանք մեր առօրյայի անբաժան մասն են կազմում: Իսկ այս ամենից պաշտպանվելու միակ ուժը ստեղծագործելն է: Առհասարակ ստեղծագործելիս ուղեկցում են  տարբեր հուզական ապրումներ՝ ուրախությունից   մինչև տխրություն: Ստեղծագործական պահերը հարուստ են տարբեր զգացողություններով: Հոգով մինչև չես ապրում որևէ զգացողություն՝ լավ կամ  վատ, չես կարող ստեղծագործել: Ինչպես Պարույր Սևակն է ասում. «Թաթերը մինչև կարգին չգժվեն՝  ձեռք չեն դառնալու»:

Երազած  ազատություն
Առհասարակ ազատության ընկալումը  խիստ հարաբերական է,  մեկի համար երևույթը որակվում է ազատություն, իսկ մյուսի համար՝ ոչ: Ազատությունը նույնպես ունի իր կանոններն ու սահմանները: Ինձ համար ամենացանկալի ազատությունն այն է, որ  ես ազատված լինեմ բոլոր տեսակի սոցիալական ու կենցաղային խնդիրներից և անմնացորդ նվիրվեմ ստեղծագործական կյանքին, ինչը, սակայն, հնարավոր չէ մեր օրերում:  Իսկ իմ երազած ազատությունը կվայելեի այն դեպքում, երբ մի գեղեցիկ բնության գրկում ունենայի իմ առանձնատունն ու արվեստանոցը:  Կերպարվեստն ու երաժշտությունն ինձ համար արքայական  արվեստի տեսակներ են:

Կեղծ փիլիսոփայության  «գլուծգործոցներ»
Արվեստի մեջ չեմ հանդուրժում այն, որ պրոֆեսիոնալ բազա չունենալով՝  փորձում են   <գլուխգործոցներ> ստեղծել: Չեմ ընդունում նաև արվեստի քողի տակ շահարկվող կեղծ փիլիսոփայությունը:  Ինձ համար անընդունելի է, երբ ներկը  որոշակի հեռավորությունից շաղ են տալիս կտավի վրա և ստացված անհասկանալի պատկերը որոկում արվեստ, այնուհետև փորձում փիլիսոփայական մեկնաբանություներ անել:  Դա ինձ համար արվեստ չէ:  Նման  բան կարող է անել փողոցում հանդիպած ցանկացած մարդ: Արվեստը պետք է ունենա իր ողնաշարն ու կառուցվածքը, ներքին հարստությունն ու գունային ներդաշնակությունը:

Վտանգավոր կետ
Երբեմն թեման ինքն է թելադրում գույների հերթականությունն ու ներդաշնակությունը: Առհասարակ ստեղծագործությունը մի օրգանիզմ է, որում յուրաքանչյուրը շաղկապված են միմյանց հետ՝ թեման, միտքը, գույնը, տրամադրությունը: Եթե կտավի մեջ բացակայում է այդ օրգանական կապը, ուրեմն մակերեսային,  կեղծ արվեստ է:  Ստեղծագործական տարբեր շրջաններում իշխում են տարբեր գույներ՝ տաք կամ սառը: Օրինակ՝ իմ կյանքում եղել է շրջան, որ իշխել են միայն սառը գույներ: Առհասարակ նույն կետում  մնալը վտանգավոր է, պետք է անընդհատ փոփոխությունների ու ինքնակատարելագործման մեջ լինել: Ստեղծագործական միտքն ու թեման պետք է զարգացնել:

Ես ու էլի  «Ես»
Ես կարող եմ ծայրահեղությունից  ծայրահեղության մեջ ընկնել և այդ երևույթից երբեմն զարմանում եմ ինձ վրա: Որքան էլ շրջապատի հետ զգուշավոր շփվեմ և համբերատար լինեմ, միևնույնն է,  ինձ միշտ զգացնել է տալիս ներսումս թաքնված ըմբոստ էակը: Ոչ միշտ եմ հաշտ իմ  «Ես»-ի հետ: Շատ հաճախ թույլ տված սխալներիս համար ինքս ինձ հետ վիճում եմ, ինձ փնովում եմ ու միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ «ինչ՞ի  տենց արեցիր»:  Լավ է, որ իմ նկատմամբ խիստ եմ: Ինքնաքննադատությունը հոգու առողջության գրավականն է:

Լավ ու վատ երիտասարդներ
Ներկայիս երիտասարդների մեջ կան և´ լավ որակներ և՝ վատ: Քիչ  չեն այն երիտասարդները, ովքեր  լուրջ են վերաբերվում խնդիրներին, և դրան զուգահեռ՝ կան երիտասարդներ, ովքեր  անտարբեր են  կյանքի երևույթների նկատմամբ և աննպատակ ապրում են: Շատերը դարձել են վատ սովորությունների գերին ու կործանում են սեփական կյանքը:  Նրանց  կողքին ապրում են նաև նպատակասլաց ու առողջ մտածողության տեր երիտասարդներ, ինչը ուրախալի է և հաճելի: Սխալ կլինի ասել, որ շրջապատված ենք միայն լավ կամ միայն վատ երիտասարդներով:

Նորաձևությունը նաև ամոթալի
Մարդու ճաշակը թելադրում է իր բնավորությունը, և այս դեպքում հագուստի մեջ  էությու´նը  պետք է  բարձր լինի,  այլ ոչ թե  հագուստի գինը: Չպետք է շեշտը դնել  հագուստի վրա,  այլ պետք է էության հմայքը գերակայի:   Ծնողներ կան, ովքեր սխալ պատկերացում ունեն երեխաներին գեղեցիկ հագցնելու հարցում:  Նրանք երբեմն իրենց փոքրիկներին հագցնում են այնպիսի զգեստներ, որոնց մեջ երեխայի մանկական հմայքն ու անհատականությունը կորչում է:  Իսկ երևույթը ծիծաղելի է ու ամոթալի:  Իմ նկարներում ֆիգուրներին նայելիս չես նկատում նրանց հագուստը: Հագուստը ընդհամենը լրացուցիչ տարր է: Պետք չէ, որ զգեստը կլանի կերպարին:

Պետք չէ նորաձևությանը զոհ գնալով՝ ունենալ ծիծաղելի տեսք: Ոչ միշտ են  նորաձևության պահանջները համապատասխանում բոլորի անատոմիական կառուցվածքին:  Նորաձևության պահանջները բոլորի համար չեն:  Երբեմն այդ նույն նորաձևությունը  կարող է անձին կործանել: Ոչ թե նորաձևությունն է կարևորը,  այլ հագուստը պետք է համապատասխանի էությանն ու մարմնի կենսաբանական կառուցվածքին:

Խառնված սեռեր
Շրջապատող աշխարհը վտանգավոր գույների մեջ է: Երբեմն բացասականը գերազանցում է դրական երևույթին: Մարդկության մեջ բացակայում է  առողջ կյանքով ապրելու ձգտումը: Այսօր ոչ միայն երևույթներն են խառնվել իրար, այլև սեռերը: Առավել վտանգավոր է, որ սեռերի  խառնվելուն պաշտոնական երանգ են տալիս:  Միշտ իմ մեջ ներքին անհանգստություն ու վախ  ունեմ, որ մարդկութունը չդառնա վատ երևույթների գերին:

Պատրաստեց  Լիանա  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Scroll Up