Շվեդիայի Սոդերթելիա քաղաքի հայ համայնքը եկեղեցի է կառուցում

2014 թվականի հոկտեմբերի սկզբին Շվեդիայի Սոդերթելիա քաղաքի հայ եկեղեցական վարչությունը և հայ հավատացյալները ձեռնամուխ եղան եկեղեցի ձեռք բերելու աշխատանքներին: Եկեղեցին արդեն գնված է`15 տարվա ընթացքում պարտքը մարելու պայմանով։ Համայնքի մտահոգությունը, սակայն, եկեղեցու գնման պարտքը մարելն է:

Եկեղեցին կոչվում է Սուրբ Միքայել և կառուցված է շվեդական ճարտարապետության կանոնների համաձայն: Արդեն սկսվել են ներքին նորոգման և հարդարման աշխատանքները։

Տեղի հայ հավատացյալների խնդրանքով եկեղեցին վերանվանվելու է Սուրբ Մարիամ Աստվածածին և ամբողջովին բավարարելու է տեղի հայ համայնքի հոգևոր կարիքները։ Եկեղեցու նորոգությունը կավարտվի 2015 թվականի փետրվարին: Եկեղեցական արարողությունները կկատարեն Տ. Նորայր քահանա Գյանջումյանը և Բարեշնորհ Օհան սարկավագ Պետրոսյանը:

Սոդերթելիայի հայ համայնքը ստեղծվել է 1980–ական թվականներին, իսկ որպես եկեղեցական համայնք` 1990 թվականին: Համայնքում հայկական եկեղեցի չլինելու պատճառով եկեղեցական արարողությունները կատարվում են շվեդական և ասորական եկեղեցիներում:

Շվեդիայի հայ համայնքը Ավստրիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքների հետ միասին մտնում է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության մեջ, որի առաջնորդը 2013 թվականից Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանն է:

2013 թվականի նոյեմբերի 13-ին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ սկանդինավյան երկրների հայ համայնքների հոգևոր պատասխանատու է նշանակվել Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը:

Շվեդիայի հայ համայնքի կենտրոնը Ստոկհոլմն է:

Հայ հոգևորականները ժամանակ առ ժամանակ այցելել են Շվեդիայի համայնք, պատարագ մատուցել և եկեղեցական արարողություններ կատարել: 1977 թվականին Ստոկհոլմ է այցելել Տ. Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանը:

1978 թվականին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի և տեղի հայորդիների գործուն ջանքերով հինադրվել է Շվեդիայի հայ եկեղեցական համայնքը:

1991 թվականին կայացած երկրորդ համագումարի որոշմամբ Ուփսալա քաղաքում հիմնադրվել է «Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոն»:

2011 թվականի տվյալներով Շվեդիայում բնակվում է շուրջ 7-8 հազար հայ, որի մեկ երրորդը հայաստանցիներ են: Մոտ 4000 հայ բնակվում է Ստոկհոլմում (արվարձաններում), շուրջ 1000–ը՝ Ուփսալայում, 600-700–ը` Վեսթերոսում, 700-800-ը՝ Սոդերթելյեում, մնացածը` Գոթեբորգ, Մալմյո, Լինշոփինգ, Յոնշոփինգ, Օրեբրո և այլ քաղաքներում:

Շվեդիայի Խորհրդարանում ծագումով հայ 2 պատգամավորներ կան՝ Մուրադ Արթինը և Իզաբել Դինգիզյանը:

Շվեդիա3Շվեդիա2Շվեդիա1

Scroll Up