Ղուկաս Արզուման. «Հայ լինելը ենթադրում է որոշակի գիտակցություն…»

Երգ և ոսկերչություն. պարզվում է` հնարավոր է համատեղել: Եվ որպես օրինակ` «Հայերն այսօրը» ներկայացնում է հարցազրույց պոլսահայ ոսկերիչ, Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի ատենապետ Ղուկաս Արզումանի հետ.

– Դեռ փոքր տարիքից ամեն ամառ ընկերներով գնում էինք վարպետ Հովսեփի մոտ, ով այսօր արդեն Ամերիկայում է ապրում, և հետևելով նրա աշխատանքին` որոշ բաներ էինք սովորում: Իրականում ոսկերչությունն այդպես են սովորում` տարիներ շարունակ տեսնելով և փորձելով:  Աստիճանաբար յուրաքանչյուրս սկսեցինք մեր ճամփան:

Ես հիմնականում ադամանդյա զարդերի ոսկյա կաղապարներն եմ պատրաստում: Իմ գործը պրոֆեսիոնալ ոսկերիչների հետ է, վերջին հաճախորդի` գնորդի հետ չէ, որ աշխատում եմ:

Մեր ընտանիքում բոլորս էլ մետաղների հետ ենք աշխատում: Հայրս, օրինակ, պղնձագործ էր: Իմ կարծիքով, այս ամենի գաղտնիքը հայկական գենի մեջ է, որն ամեն հայ կրում է իր մեջ:

Ստամբուլում ոսկերիչների համար շատ մեծ շուկա կա: Եթե ճիշտ աշխատես, կարող ես հաջողել, բայց իմ ապրանքները հիմնականում արտասահմանում եմ վաճառում, հատկապես` Դուբայում, որտեղ բավականին հաջողություններ ունենք:

– Դուք նաև երգում եք:

– Այո, Պոլսի Սուրբ Գևորգ եկեղեցու հովանու ներքո գործում է Սահակյան Դպրաց դաս երգչախումբը, որը բաղկացած է մոտ 70 երգիչներից: Երչախումբն ունի նաև մանուկների խումբ: Իմ անձնական, ազգային գործերին զուգահեռ` ես նաև երգչախմբի ատենապետն եմ: 2013 թվականին ՀՀ  սփյուռքի նախարարության հրավերով Սահակյան Դպրաց դաս երգչախումբը մասնակցեց «Կոմիտաս Վարդապետ» փառատոնին:

– Իսկ հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) հետ համագործակցությունն ինչպե՞ս սկսվեց:

– Երկու-երեք տարի առաջ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը ձեռք մեկնեց մեզ, որ միանանք: Պոլսահայ ոսկերիչներս ոչ թե ձեռքը, այլ թևը բռնել  ցանկացանք: Մեզ համար շատ կարևոր է այս միասնությունը, որը նպաստում է մեր գործի առաջխաղացմանը: Երևանում կազմակերպվող «Երևան շոու» ամենամյա ցուցադրությունները յուրատեսակ տոն են հայ ոսկերիչների համար, քով-քովի գալու շատ լավ հնարավորություն:

Այս պատճառով շատ գոհ ենք, որ Սփյուռքի նախարարությունը ևս, զանազան փառատոնների, ծրագրերի շնորհիվ, Հայաստանում քով-քովի գալու հնարավորություններ է ստեղծում: Հայրենիքի նմանօրինակ գործունեությունների շնորհիվ դրսում ապրող հայերս կարծես զգում ենք մեր մոր տաքությունը, իր ձեռքը մեզ վրա:

Այդ պատճառով ցուցահանդեսից բացի ուրիշ շատ մեծ, ավելի կարևոր իմաստներ է պարունակում նման հավաքները:

-Առաջի՞ն անգամ եք մասնակցում ցուցահանդեսին:

– Ոչ, երկրորդ անգամ է: Տարեցտարի ավելի շատ թվով պոլսահայ ոսսկերիչներ են մասնակցում: Անցյալ տարի մասնակիցները 20-ն էին, այս տարի` 28-ը, թեև Հայաստան ենք ժամանել մոտ 80 հոգիանոց խմբով:

Հուսանք, որ հաջորդ տարի «Երևան շոուին» ավելի մեծ թվով պոլսահայ ոսկերիչներ կմասնակցեն:

Նաև այստեղ լինել կցանկանանք, որովեհտև մեր անվան տուրքն է սա և մեր պարտավորվածությունը: Եթե մեր հայրենիքում նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվում և մեզ հրավիրում են, մենք պետք է առաջինն այստեղ լինենք:

– Երգն ու ոսկերչությունն ինչպե՞ս եք համատեղում:

– Երգը մեր հոգևոր կյանքի մի մասն է, իսկ ոսկերչությունն իմ կյանքի գործն է: Առավոտյան բոլորս մեր գործին ենք գնում, երեկոներն էլ հավաքվում ու սկսում ենք երգել:

Երգչախումբը պոլսահայերիս համար քով-քովի գալու, և որն ամենակարևորն է` երիտասարդներին համախմբելու և միավորելու ա է:

Այս ամենի «մեղավորը» դարձյալ մեր գենն է: Ամենուր ցանկանում ենք մեր տեսակն ապրեցնել, նեցուկ կանգնել, ժառանգել, այդ պատճառով մեզ համար կարևոր է հոգևոր կյանքը:

Հայը միայն հայ լինելով, իր ամենօրյա կյանքով չի սահմանափակվում, հայ լինելը ենթադրում է որոշակի գիտակցություն, իր լեզուն, մշակույթն ու պատմությունը սովորելու, պահպանելու և այն սերունդներին փոխանցելու կարողություն: Համատեղ ջանքերի շնորհիվ միայն մենք կկարողանանք ապրեցնել այն ամենն ինչ ունենք: Ուրիշ ճար չունենք: Եթե մենք մոռանանք, ո՞վ պիտի հիշի…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Ղուկաս1Ղուկաս2

Scroll Up